Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ԵԴ/0203/09/22
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ/0203/09/22
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 26.02.2024
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
5 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 245. Գաղտնի քննչական գործողության արձանագրությունը
- Հոդված 291. Ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների շրջանակը
- Հոդված 293. Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը և դրա արդյունքում կայացվող որոշումները
- Հոդված 362. Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/0203/09/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ա․Մաթևոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Մ․Մելքոնյան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ս․ՄԱՐԱԲՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
2024 թվականի փետրվարի 26-ին քաղաք Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԵԴ/0203/09/22 գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը․
1․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչությունում 2022 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է թիվ 62241322 քրեական վարույթը։
2․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության ՀԿԳ քննիչ Ա․Գեղամյանը (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության կատարման ժամկետը երկարաձգելու մասին։
3. Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության կատարման ժամկետը երկարաձգելու մասին Նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը մերժվել է:
4․ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կ.Սերոբյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել անփոփոխ։
5․ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մարտի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
6․1․ Բողոքաբերը, մասնավորապես, գտել է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված՝ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքն այդ գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության մեջ նշելու պահանջը, որն ըստ բողոքաբերի՝ չի ենթադրում անպայմանորեն գաղտնի քննչական գործողության ընթացքի և արդյունքների մասին արձանագրությունների ներկայացում, այլ բավարար է համապատասխան տեղեկատվություն այն մասին, թե ինչ արդյունքներ են եղել նախորդող ժամանակահատվածում կատարված գաղտնի քննչական գործողությունների ընթացքում։
6․2․ Բողոքաբերի պնդմամբ՝ նկատի ունենալով, որ հնարավոր են դեպքեր, երբ այդ գործողությունների ընթացքում որևէ արդյունք ստացված չլինի, բավարար է այդ մասին նշում կատարելը։
7. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը․
8․ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու մասին Նախաքննության մարմնի միջնորդության համաձայն՝ «2022 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում, այն է՝ 2022 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ ԱԱԾ 5-րդ դեպարտամենտի 4-րդ բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Ա.Գրիգորյանի՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ԿՀ ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից առերևույթ հանցանք՝ կաշառք ստանալու վերաբերյալ հաղորդումը, համաձայն որի՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ՔԿՀ ստորաբաժանման պաշտոնատար անձը կաշառքի գումարի դիմաց խոստացել է կազմակերպել ՀՀ ԱՆ ՔԿԾ «Արմավիր» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Ռոման Ղևոնդյանի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու գործընթացը:
Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում 2022 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62241322 քրեական վարույթը։
Նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննված ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Ռոման Ղևոնդյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2020 թվականի դեկտեմբերից գտնվում է «Արմավիր» ՔԿ հիմնարկում, որտեղ գտնվելու ընթացքում իր առողջական խնդիրների հետ կապված պարբերաբար շփում է ունեցել «ՀՀ ԱՆ քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ՔԿՀ ստորաբաժանման պետ Գևորգ Կարապետի Գեժոյանի հետ: 2022 թվականի հուլիս ամսին Գևորգ Գեժոյանին խնդրել է կազմակերպել իր պատժի կրումից վաղակետ ազատման գործընթացը՝ հիվանդության պատճառով: Վերջինս հայտնել է, որ այդ գործընթացը կարող է կազմակերպել գումարի դիմաց, հստակ գումարի չափ չի նշել, սակայն հայտնել է, որ գործընթացը կազմակերպելու համար կպահանջվի առնվազն 1500 ԱՄՆ դոլար գումար, ապա 2022 թվականի օգոստոսի 19-ին Գևորգ Գեժոյանը՝ կազմակերպել է իր հետազոտությունները ՔԿ հիմնարկից դուրս, որոնց պատասխանները ստանալուց հետո, պետք է հայտնի, թե ինչ եղանակով և որքան գումարով կկազամակերպի պատժի կրումից ազատվելու գործընթացը:
Ռոման Ղևոնդյանի կինը՝ որպես վկա հարցաքննված Վերժինե Խաչատրյանը հայտնել է, որ 2022 թվականի օգոստոսի սկզբին Ռոմանի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ տեղեկացել է, որ նա պայմանավորվել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի բուժծառայության ղեկավարի հետ, որ վերջինս գումարով կազմակերպի Ռոմանի պատժից վաղակետ ազատվելու գործընթացը: Ռոմանը հայտնել է նաև, որ դեռ պետք է կատարվեն որոշակի գործողություններ, որից հետո այդ բժիշկը ստույգ կասի գումարի չափը, ապա նշել, որ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կասի, թե որտեղ պետք է հանդիպի բժիշկին և փոխանցի գումարը: Ռոմանը գումարի ստույգ չափ չի հայտնել, սակայն ասել է, որ այդ գումարը պետք է տալ բժշկին, որ վերջինս կազմակերպի իր պատժից ազատվելու գործընթացը։
(…):
Նախաքննության ընթացքում միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ «կաշառք տալու նմանակում», «ներքին դիտում», «արտաքին դիտում» և «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու մասին, որոնք բավարարվել են դատարանի կողմից և գաղտնի քննչական գործողությունների կատարումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացվել է գրություն այն մասին, որ թիվ 62241322 քրեական վարույթի շրջանակներում իրականացվող գաղտնի քննչական գործողությունների արդյունքում դեռևս գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ չեն ստացվել: Միաժամանակ, օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հնարավոր է ս/թ նոյեմբերի 3-ին հանդիպում կայանա Ռ.Ղևոնդյանի և Գ.Գեժոյանի միջև, որի ընթացքում վերջիններս քննարկելու են կաշառքի գումարի դիմաց առողջական խնդիրների հիմքով Ռ.Ղևոնդյանին պատժի հետագա կրումից ժամկետից շուտ ազատ արձակման գործընթացի վերաբերյալ մանրամասներ։
(…)։
Քրեական վարույթն իրականացնող մարմինը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ վերը նշվածում առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր, և որ «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության արդյունքում կարող են ձեռք բերվել սույն վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցներ, մասնավորապես՝ Գևորգ Գեժոյանի կողմից Ռոման Ղևոնդյանից կաշառք պահանջելու հանգամանքը հաստատող կամ հերքող ապացույցներ, կաշառքի պահանջը` հաստատվելու դեպքում՝ դրա շուրջ բանակցությունների, ինչպես նաև կաշառքի առարկայի փոխանցման փաստը հաստատող կամ հերքող ապացույցներ, կաշառքի առարկայի փոխանցման ժամանակ ստացողի հետագա գործողությունների կամ մտադրությունների մասին վկայող ապացույցներ, հնարավոր հանցակիցների առկայության, նրանց առնչությունը տվյալ հանցանքին հաստատվող կամ հերքող ապացույցներ։ Ընդ որում, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողությունն այն գործողությունն է, որի ընթացքում հնարավոր է օբյեկտիվ և հավաստի ապացույց ստանալ կաշառքի առարկան փոխանցելու, հեռախոսային խոսակցությունների միջոցով պայմանավորվածություններ ձեռք բերելու, փոխանցման վայրը և այլ կարևոր հանգամանքներ պարզելու վերաբերյալ, հատկապես, որ խոսքը վերաբերում է ապագայում կատարվող ենթադրյալ իրադարձությանը, ուստի տվյալ դեպքում այլ եղանակով այդ ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է (…)»։
9․ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման համաձայն՝ «(…) Մեջբերված իրավանորմերի համատեքստում դիտարկելով գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդությունն ու միջնորդության հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները՝ Դատարանն արձանագրում է, որ պահպանված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292 հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված պայմանները,
Մասնավորապես՝
-գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդությունը չի պարունակում գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը։
Դատարանը հարկ է համարում նշել, որ միջնորդությանը կցված է ոչ թե գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը, այլ գաղտնի քննչական գործողության բացասական արդյունքի վերաբերյալ՝ Դատարանին գնահատելու հնարավորություն չընձեռող տեղեկություններ պարունակող գրություն։
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այդ գրությունը պարունակում է հակասական տվյալներ։ Մասնավորապես՝ գրությամբ հայտնվում է, որ թիվ 62241322 քրեական վարույթի շրջանակներում իրականացվող գաղտնի քննչական գործողությունների արդյունքում դեռևս վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ չեն ստացվել։ Միևնույն ժամանակ նշվում է, որ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հնարավոր է սույն թվականի նոյեմբերի 3-ին հանդիպում կայանա Ռ.Ղևոնդյանի և Գ.Գեժոյանի միջև, որի ընթացքում վերջինները քննարկելու են կաշառքի հետ կապված հարցեր։
Նման պայմաններում Դատարանի համար առհասարակ անհասկանալի է, թե իրականացվող գաղտնի քննչական գործողությունից դուրս ինչպիսի օպերատիվ միջոցառումներ են իրականացվել, որոնց արդյունքում, ինչպես պարզ է դառնում գրությունից, ձեռք են բերվել քրեական վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ, որոնք սակայն հնարավոր չի եղել ստանալ գաղտնի քննչական գործողության իրականացման երկամսյա ժամկետում, և ինչու այդ ենթադրյալ միջոցառման արդյունքը չի կցվել քննիչի հարուցած միջնորդությանը:
Այսպիսով,
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանն արձանագրում է, որ պահպանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված պայմանը, հետևաբար գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը պետք է մերժել(…)»։
10․ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ արձանագրել է․ «(…) Վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 01.07.2022 թվականից ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգիրքը մինչդատական ակտերի վիճարկման վարույթի համար սահմանել է համապատասխան վարույթի հարուցման նախնական ընթացակարգ, որի հարուցումը դատարանի որոշմամբ մերժվում է, եթե ներկայացված բողոքը չի համապատասխանում օրենսգրքով սահմանված մի շարք պայմանների: Օրենսդիրը գաղտնի քննչական գործողությունների իրականացման ժամկետի երկարաձգման համար նախատեսել է լրացուցիչ չափանիշներ, մասնավորապես գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը պետք է պարունակի՝ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը:
Այս համատեքստում, հաշվի առնելով, որ տվյալ գաղտնի քննչական գործողությունը կապված է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման հետ, Վերաքննիչ դատարանը անհրաժեշտ է համարում արձանագրել, որ այդ գործողության կատարմանը պետք է ներկայացվեն խիստ պահանջներ, հակառակ պարագայում՝ այն կարող է հանգեցնել միջամտության համաչափության սկզբունքի խախտման: Վերոգրյալ փաստական հանգամանքների, ինչպես նաև հատուկ վերանայման բողոքի և այն հաստատող փաստերի սահմաններում գնահատման ենթարկելով, Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կատարվել է ներկայացված միջնորդության հիման վրա վարույթ հարուցելու հարցի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, իսկ ներկայացված միջնորդությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված պահանջը պահպանված չլինելու է վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված են և բխում են ներկայացված նյութերի համակցությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնորդությանը կից չի ներկայացվել թիվ 62241322 քրեական վարույթի շրջանակներում իրականացվող գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է գաղտնի քննչական գործողության արձանագրությունը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով գաղտնի քննչական գործողության ընթացքն ու արդյունքներն արձանագրում է այն կատարող պաշտոնատար անձը, իսկ բողոքաբերի կողմից չեն նշվել և վկայակոչվել միջնորդության քննության կապակցությամբ այնպիսի էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ, որոնք ողջամտորեն հիմք կտային հետևություններ անելու՝ Առաջին ատյանի դատարանի կողմից արված իրավաչափ հետևությունների անհիմն լինելու վերաբերյալ, հետևաբար նման պայմաններում հատուկ վերանայման բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննիչի միջնորդությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունն իրավաչափ է, և Բողոքաբերի պնդումները բավարար չեն նշված հետևությունները չեզոքացնելու և Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու համար, հետևաբար ՀՀ Գլխավոր դատախազության ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կ.Սերոբյանի հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի 27.10.2022 թվականի որոշումը՝ թողնել անփոփոխ(…)»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․
11․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք «Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացնելու պայմանը պահպանված չլինելու հիմքով գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին ստորադաս դատարանների հետևությունները։
12․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝
«1. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝
(…)
3) գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը»:
Նույն օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա:
2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝
1) իրավասու դատարանի անվանումը.
2) քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը.
3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն.
4) վարույթի համարը.
5) այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել.
6) միջնորդվող ապացուցողական գործողությունը, ինչպես նաև դրա կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետները.
7) միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը.
8) գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդության դեպքում` գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը.
9) այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը.
10) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը։
(…)
9. Ապացուցողական գործողություն կատարելու միջնորդությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդությունն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը դատարանը կայացնում է համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում:
(…)
11. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված որևէ պայման։ Վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար»:
Նույն օրենսգրքի 293-րդ հոդվածի համաձայն՝
«3․ Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) միջնորդությունը մերժելու մասին.
2) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին.
3) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող գաղտնի քննչական գործողության կատարման ժամանակը երկարաձգելու մասին։
(…)»:
13. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության կատարման ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցման համար ներկայացվող պահանջներին, Գևորգ Գեժոյանի վերաբերյալ գործով արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս դրանք բաժանել երկու խմբի՝
1) միջնորդությանը ներկայացվող ձևական պահանջներ, որոնք սահմանված են քննարկվող հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ, 10-րդ կետերով, և ներառում են միջնորդություն հարուցած անձի, միջնորդությունը քննող դատարանի և միջնորդության տեխնիկական վավերապայմանների վերաբերյալ տվյալներ․
2) միջնորդությանը ներկայացվող բովանդակային պահանջներ, որոնք սահմանված են նույն հոդվածի 7-9-րդ կետերով։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրն ապացուցողական գործողությունների կատարման երաշխիքների շրջանակում նախատեսել է դատարանի կողմից միջնորդության քննության երկու տարբեր փուլեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները: Այդ փուլերից առաջինը ենթադրում է քննիչի կողմից ներկայացված միջնորդության՝ քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին զուտ ձևական առումով համապատասխանության ստուգում: Այս փուլի նախատեսումը նպատակ ունի ապահովելու որոշակի զտման մեխանիզմ և բացառելու օրենքով նախատեսված պարտադիր պայմաններին չհամապատասխանող և օրենքով նախատեսված ամբողջական տվյալները չպարունակող միջնորդությունների ըստ էության քննությունը դատարանի կողմից, որն արդեն քննարկվող փուլերից երկրորդի խնդիրն է: Այլ կերպ՝ այս փուլում միջնորդությանը ներկայացվող թե ձևական և թե բովանդակային պահանջների պահպանված լինելը պետք է քննարկվի համապատասխան վավերապայմանների և միջնորդության մեջ անհրաժեշտ բովանդակային տվյալների զուտ առկայության տեսանկյունից: Եվ միայն երկրորդ կամ հարուցված վարույթի փուլում միջնորդության բովանդակային քննարկման արդյունքում դատարանն այն ըստ էության բավարարելու կամ մերժելու մասին որոշում պետք է կայացնի: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 7-9-րդ կետերով սահմանված պահանջների՝ բովանդակային տեսանկյունից քննարկումը պետք է կատարվի ոչ թե քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլի, այլ արդեն իսկ հարուցված վարույթի շրջանակներում ներկայացված միջնորդության հիմնավորվածության քննարկման շրջանակներում։
14․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու մասին Նախաքննության մարմնի միջնորդության մեջ որպես գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունք նշվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված գրությունը, որի համաձայն՝ թիվ 62241322 քրեական վարույթի շրջանակներում իրականացվող գաղտնի քննչական գործողությունների արդյունքում դեռևս գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ չեն ստացվել։
- Առաջին ատյանի դատարանը «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացրել՝ գտնելով, որ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված պահանջն այն պատճառաբանությամբ, որ միջնորդության մեջ նշված գրությունը ինքնին չի կարող դիտարկվել որպես գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունք, և որ այդ գրությունն իր մեջ պարունակում է հակասական տեղեկություններ.
- Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի հիմնավորումները բխում են կիրառելի իրավանորմերից, դրանք ամբողջությամբ ընդունելի է համարել և Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ։
15. Սույն որոշման 12-րդ կետում վկայակոչված իրավադրույթների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով Գևորգ Գեժոյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացված չլինելու պատճառաբանությամբ «Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, անտեսել են այն հանգամանքը, որ ներկայացված միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլում դատարանը պետք է գնահատի միջնորդության՝ բացառապես ձևական առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանությունը և եթե միջնորդության մեջ ձևական առումով ներկայացվել է կոնկրետ դեպքում՝ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքի վերաբերյալ տվյալ, դատարանը պետք է կայացնի քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելու մասին որոշում։ Փոխարենը` Առաջին ատյանի դատարանն իրականացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված գրության՝ որպես իրականացված «Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության արդյունքի բովանդակային վերլուծություն, փաստացի իրականացնելով միջնորդության հիմնավորվածության ստուգում, ինչը, սակայն, պետք է քննության առարկա դարձվեր հարուցված վարույթի շրջանակում:
16․ Միաժամանակ, զարգացնելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները և անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 6․2․-րդ կետում ներկայացված փաստարկին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։
Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդյունքի տեսակը կարող է կախված լինել կոնկրետ գաղտնի քննչական գործողության տեսակով պայմանավորված կիրառման առանձնահատկություններից։ Մասնավորապես՝ հնարավոր են դեպքեր, երբ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել ձեռք բերել քննության համար նշանակություն ունեցող տվյալներ, օրինակ՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում սահմանադրական իրավունքի միջամտության ենթարկված անձը չի օգտագործել բջջային հեռախոսահամարը, կամ «Ներքին դիտում» գաղտնի քննչական գործողության կատարման ամբողջ ընթացքում անձը բացակայել է գաղտնի քննչական գործողության կատարման վայրից և այլն։ Բացի այդ, հնարավոր են դեպքեր, երբ օբյեկտիվ պատճառներից ելնելով առհասարակ հնարավոր չի եղել իրականացնել գաղտնի քննչական գործողությունները, մասնավորապես՝ տեղի է ունեցել հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների խափանում, կամ առհասարակ հնարավոր չի եղել համապատասխան վայրում տեղադրել նշված միջոցները և այլն։
Ընդ որում, կախված գաղտնի քննչական գործողության կատարման առանձնահատկություններից, դրանց կատարման ժամկետի երկարաձգման միջնորդությանը կից նշված գործողությունների կատարման արդյունքները կարող են ներկայացվել ինչպես դրանք ամրագրող արձանագրությունների, այնպես էլ դրանց ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ պարունակող ցանկացած փաստաթղթի տեսքով։
17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, Նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլում բովանդակային քննարկման առարկա դարձնելով ներկայացված գրության՝ որպես գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունք դիտարկելու հարցը, չեն պահպանել դատավարական տվյալ փուլի շրջանակներում դատարանի կողմից քննարկման ենթակա հարցերի շրջանակի վերաբերյալ օրենսդրի պահանջը։
18. Հետևաբար, ստորադաս դատարանների հետևությունները «Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացնելու պայմանը պահպանված չլինելու հիմքով գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին՝ հիմնավոր չեն։
19․ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է վճռաբեկ բողոքը բավարարելու, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն ըստ առարկայական ընդդատության, ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության, փոխանցելու մասին փոխարինող դատական ակտ կայացնելու համար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է վերացնի արձանագրված խախտումները և «Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցը քննարկելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ հանգի համապատասխան հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 34-րդ, 361-363-րդ, 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Թիվ ԵԴ/0203/09/22 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս․ՄԱՐԱԲՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
