Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ԵԴ/0206/09/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ/0206/09/22
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
14.09.2023

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/0206/09/22 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԵԴ/0206/09/22 Նախագահող դատավոր՝ Լ.Հովհաննիսյան ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ 2023 թվականի սեպտեմբերի 14-ին քաղաք Երևանում գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԵԴ/0206/09/22 գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը․ 1․ 2022 թվականի հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել ներքին դիտում գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության ՀԿԳ քննիչ Ա․Գեղամյանի (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) միջնորդությունը։ Նույն օրը որոշում է կայացվել վարույթ հարուցելը մերժելու մասին: 2․ Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կ.Սերոբյանը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել, որը Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ։ 3․ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը․ 4․ Ներքին դիտում գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու մասին Նախաքննության մարմնի միջնորդության համաձայն՝ «2022 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում, այն է՝ 2022 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ ԱԱԾ 5-րդ դեպարտամենտի 4-րդ բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Ա.Գրիգորյանի՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ԿՀ ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից առերևույթ հանցանք՝ կաշառք ստանալու վերաբերյալ հաղորդումը, համաձայն որի՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ՔԿՀ ստորաբաժանման պաշտոնատար անձը կաշառքի գումարի դիմաց խոստացել է կազմակերպել ՀՀ ԱՆ ՔԿԾ «Արմավիր» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Ռոման Ղևոնդյանի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու գործընթացը: Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում 2022 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62241322 քրեական վարույթը։ Նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննված ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Ռոման Ղևոնդյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2020 թվականի դեկտեմբերից գտնվում է «Արմավիր» ՔԿ հիմնարկում, որտեղ գտնվելու ընթացքում իր առողջական խնդիրների հետ կապված պարբերաբար շփում է ունեցել «ՀՀ ԱՆ քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ՔԿՀ ստորաբաժանման պետ Գևորգ Կարապետի Գեժոյանի հետ: 2022 թվականի հուլիս ամսին Գևորգ Գեժոյանին խնդրել է կազմակերպել իր պատժի կրումից վաղակետ ազատման գործընթացը՝ հիվանդության պատճառով: Վերջինս հայտնել է, որ այդ գործընթացը կարող է կազմակերպել գումարի դիմաց, հստակ գումարի չափ չի նշել, սակայն հայտնել է, որ գործընթացը կազմակերպելու համար կպահանջվի առնվազն 1500 ԱՄՆ դոլար գումար, ապա 2022 թվականի օգոստոսի 19-ին Գևորգ Գեժոյանը՝ կազմակերպել է իր հետազոտությունները ՔԿ հիմնարկից դուրս, որոնց պատասխանները ստանալուց հետո, պետք է հայտնի, թե ինչ եղանակով և որքան գումարով կկազամակերպի պատժի կրումից ազատվելու գործընթացը: Ռոման Ղևոնդյանի կինը՝ որպես վկա հարցաքննված Վերժինե Խաչատրյանը հայտնել է, որ 2022 թվականի օգոստոսի սկզբին Ռոմանի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ տեղեկացել է, որ նա պայմանավորվել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի բուժծառայության ղեկավարի հետ, որ վերջինս գումարով կազմակերպի Ռոմանի պատժից վաղակետ ազատվելու գործընթացը: Ռոմանը հայտնել է նաև, որ դեռ պետք է կատարվեն որոշակի գործողություններ, որից հետո այդ բժիշկը ստույգ կասի գումարի չափը, ապա նշել, որ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կասի, թե որտեղ պետք է հանդիպի բժիշկին և փոխանցի գումարը: Ռոմանը գումարի ստույգ չափ չի հայտնել, սակայն ասել է, որ այդ գումարը պետք է տալ բժշկին, որ վերջինս կազմակերպի իր պատժից ազատվելու գործընթացը։ (…): Նախաքննության ընթացքում միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ «կաշառք տալու նմանակում», «ներքին դիտում», «արտաքին դիտում» և «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու մասին, որոնք բավարարվել են դատարանի կողմից և գաղտնի քննչական գործողությունների կատարումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացվել է գրություն այն մասին, որ թիվ 62241322 քրեական վարույթի շրջանակներում իրականացվող գաղտնի քննչական գործողությունների արդյունքում դեռևս գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ չեն ստացվել: Միաժամանակ, օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հնարավոր է ս/թ նոյեմբերի 3-ին հանդիպում կայանա Ռ.Ղևոնդյանի և Գ.Գեժոյանի միջև, որի ընթացքում վերջիններս քննարկելու են կաշառքի գումարի դիմաց առողջական խնդիրների հիմքով Ռ.Ղևոնդյանին պատժի հետագա կրումից ժամկետից շուտ ազատ արձակման գործընթացի վերաբերյալ մանրամասներ։ (…)։ Քրեական վարույթն իրականացնող մարմինը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ վերը նշվածում առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր, և որ «ներքին դիտում» գաղտնի քննչական գործողության արդյունքում հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց Գևորգ Գեժոյանին բնակարանում հետևելու կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը վերահսկելու միջոցով կամ էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ կարող են ձեռք բերվել սույն վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցներ, մասնավորապես՝ Գևորգ Գեժոյանի կողմից Ռոման Ղևոնդյանից կաշառք պահանջելու հանգամանքը հաստատող կամ հերքող ապացույցներ, կաշառքի պահանջը` հաստատվելու դեպքում՝ դրա շուրջ բանակցությունների, ինչպես նաև կաշառքի առարկայի փոխանցման փաստը հաստատող կամ հերքող ապացույցներ, կաշառքի առարկայի փոխանցման ժամանակ ստացողի հետագա գործողությունների կամ մտադրությունների մասին վկայող ապացույցներ, հնարավոր հանցակիցների առկայության, նրանց առնչությունը տվյալ հանցանքին հաստատվող կամ հերքող ապացույցներ։ Ընդ որում, ներքին դիտում գաղտնի քննչական գործողությունը այն եզակի գործողություներից է, որի ընթացքում հնարավոր է օբյեկտիվ և հավաստի ապացույց ստանալ կաշառքի առարկան փոխանցելու, փոխանցման վայրը պարզելու, փոխանցման գործընթացը վերահսկելու և ամրագրելու վերաբերյալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ապագայում կատարվող ենթադրյալ իրադարձությանը, ուստի տվյալ դեպքում այլ եղանակով այդ ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է (…)»։ 5․ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանն արձանագրում է, որ դատարան չի ներկայացվել գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը։ Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ստացված թիվ 7/4/3-5621 գրությանը` Դատարանը հարկ է համարում նշել, որ այդ փաստաթուղթն ինքնին չի կարող դիտարկվել որպես գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունք, բացի այդ, այդ գրությունն իր մեջ պարունակում է հակասական տեղեկություններ, մասնավորապես՝ առաջին պարբերությամբ փաստվում է, որ գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ չեն ստացվել, սակայն հաջորդ պարբերությամբ փաստվում է, որ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ «հնարավոր է ս․թ․ նոյեմբերի 3-ին հանդիպում կայանա Ռ. Ղևոնդյանի և Գ. Գեժոյանի միջև, որի ընթացքում վերջիններս քննարկելու են կաշառքի գումարի դիմաց առողջական խնդիրների հիմքով Ռ.Ղևոնդյանին պատժի հետագա կրումից ժամկետից շուտ ազատ արձակման գործընթացի վերաբերյալ մանրամասներ»։ Միևնույն ժամանակ, անհասկանալի է այն հանգամանքը, որ ըստ ներկայացված միջնորդության՝ սույն վարույթով իրականացվել են «ներքին դիտում», «արտաքին դիտում», «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը» և «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողությունները, և եթե այդ գործողությունների արդյուքում վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ չեն ստացվել, ապա ինչպիսի գործողությունների արդյունքում են ստացվել վերը նշված օպերատիվ տվյալները։ Վերոգրյալը հաշվի առնելով, Դատարանը փաստում է, որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված պահանջները, ինչը նույն հոդվածի 11-րդ մասի մեկնաբանությամբ հանդիսանում է վարույթի հարուցումը հիմնավորված մերժելու հիմք (…)»։ 6․ Վերաքննիչ դատարանն իր` 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ արձանագրել է․ «(…) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո, գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար։ Անդրադառնալով հատուկ վերանայման բողոքում նշված այն դիքորոշմանը, որ հնարավոր են դեպքեր, երբ գաղտնի քննչական գործողությունների ընթացքում որևէ արդյունք ստացված չլինի, որպիսի պայմաններում բավարար է այդ մասին նշում կատարելը, որն էլ սույն դեպքում տեղի է ունեցել, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում քննիչի միջնորդությամբ առկա չէ որևէ ակնարկ գաղտնի քննչական գործողության արդյունքի առկայության կամ դրա անարդյունավետ լինելու վերաբերյալ, որպիսի պայմաններում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8– րդ կետով սահմանված պահանջը: Վերաքննիչ դատարանը նաև հարկ է համարում նկատել, որ գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման վարույթի հարուցումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար (…)»: Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 7. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Բողոքաբերը, մասնավորապես, գտել է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված՝ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքն այդ գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության մեջ նշելու պահանջը, որը, բողոքաբերի գնահատմամբ, չի ենթադրում անպայմանորեն գաղտնի քննչական գործողության ընթացքի և արդյունքների մասին արձանագրությունների ներկայացում։ 7.1. Բողոքաբերն իր անհամաձայնությունն է հայտնել նաև ստորադաս դատարանների այն հետևությանը, որ գաղտնի քննչական գործողության կատարման արդյունքում ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ ստացված չլինելու պարագայում անհայտ է, թե ինչ գործողությունների արդյունքում են ստացվել օպերատիվ մյուս տեղեկությունները՝ փաստելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացի գաղտնի քննչական գործողություններից հետաքննության մարմինն ունի նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն։ 8. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․ 9․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը համապատասխան միջնորդության մեջ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացնելու պայմանը պահպանված չլինելու հիմքով մերժելու մասին որոշում կայացնելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար։ 10․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները ներքին դիտում գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացնելու պայմանը պահպանված չլինելու հիմքով գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին։ 11․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝ (…) 3) գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:»: Նույն օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝  «1. Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա: 2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝ 1) իրավասու դատարանի անվանումը. 2) քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը. 3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն. 4) վարույթի համարը. 5) այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել. 6) միջնորդվող ապացուցողական գործողությունը, ինչպես նաև դրա կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետները. 7) միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը. 8) գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդության դեպքում` գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը. 9) այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը. 10) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը։ (…) 9. Ապացուցողական գործողություն կատարելու միջնորդությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդությունն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը դատարանը կայացնում է համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում: (…) 11. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված որևէ պայման։ Վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի համաձայն՝ «3․ Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը. 1) միջնորդությունը մերժելու մասին. 2) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին. 3) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող գաղտնի քննչական գործողության կատարման ժամանակը երկարաձգելու մասին։ (…)»: 12. Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության, կոնկրետ դեպքում ներքին դիտման ժամկետը երկարաձգելու վարույթ հարուցելու հիմքը քննիչի միջորդությունն է, որին ներկայացվող պահանջները հստակ սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշյալ պահանջների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս դրանք բաժանել երկու խմբի՝ 1) միջնորդությանը ներկայացվող ձևական պահանջներ, որոնք սահմանված են քննարկվող հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ, 10-րդ կետերով, և ներառում են միջնորդություն հարուցած անձի, միջնորդությունը քննող դատարանի և միջնորդության տեխնիկական վավերապայմանների վերաբերյալ տվյալներ․ 2) միջնորդությանը ներկայացվող բովանդակային պահանջներ, որոնք սահմանված են նույն հոդվածի 7-9-րդ կետերով։ 12.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրն ապացուցողական գործողությունների կատարման երաշխիքների շրջանակում նախատեսել է դատարանի կողմից միջնորդության քննության երկու տարբեր փուլեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները: Այդ փուլերից առաջինը ենթադրում է քննիչի կողմից ներկայացված միջնորդության՝ քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին զուտ ձևական առումով համապատասխանության ստուգում: Այս փուլի նախատեսումը նպատակ ունի ապահովելու որոշակի զտման մեխանիզմ և բացառելու օրենքով նախատեսված պարտադիր պայմաններին չհամապատասխանող և օրենքով նախատեսված ամբողջական տվյալները չպարունակող միջնորդությունների ըստ էության քննությունը դատարանի կողմից, որն արդեն քննարկվող փուլերից երկրորդի խնդիրն է: Այլ կերպ՝ այս փուլում միջնորդությանը ներկայացվող թե ձևական և թե բովանդակային պահանջների պահպանված լինելը պետք է քննարկվի համապատասխան վավերապայմանների և միջնորդության մեջ անհրաժեշտ բովանդակային տվյալների զուտ առկայության տեսանկյունից: Եվ միայն երկրորդ կամ հարուցված վարույթի փուլում միջնորդության բովանդակային քննարկման արդյունքում դատարանն այն ըստ էության բավարարելու կամ մերժելու մասին որոշում պետք է կայացնի: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 7-9-րդ կետերով սահմանված պահանջների՝ բովանդակային տեսանկյունից քննարկումը պետք է կատարվի ոչ թե քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլի, այլ արդեն իսկ հարուցված վարույթի շրջանակներում ներկայացված միջնորդության հիմնավորվածության քննարկման շրջանակներում։ 13․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - ներքին դիտում գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու մասին Նախաքննության մարմնի միջնորդության մեջ որպես գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունք նշվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված գրությունը, որի համաձայն՝ թիվ 62241322 քրեական վարույթի շրջանակներում իրականացվող գաղտնի քննչական գործողությունների արդյունքում դեռևս գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ չեն ստացվել. - Առաջին ատյանի դատարանը ներքին դիտում գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացրել՝ գտնելով, որ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված պահանջն այն պատճառաբանությամբ, որ միջնորդության մեջ նշված գրությունը ինքնին չի կարող դիտարկվել որպես գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունք, և որ այդ գրությունն իր մեջ պարունակում է հակասական տեղեկություններ. - Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի հիմնավորումները բխում են կիրառելի իրավանորմերից, դրանք ամբողջությամբ ընդունելի է համարել և Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ։ 14. Նախորդ կետում վկայակոչված փաստերը գնահատելով սույն որոշման 11-րդ կետում վկայակոչված իրավադրույթների և 12-12.1-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացված չլինելու պատճառաբանությամբ ներքին դիտում գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, անտեսել են այն հանգամանքը, որ ներկայացված միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլում դատարանը պետք է գնահատի միջնորդության՝ բացառապես ձևական առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանությունը և եթե միջնորդության մեջ ձևական առումով ներկայացվել է կոնկրետ դեպքում՝ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքի վերաբերյալ տվյալ, դատարանը պետք է կայացնի քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելու մասին որոշում։ Փոխարենը` Առաջին ատյանի դատարանն իրականացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված գրության՝ որպես իրականացված ներքին դիտում գաղտնի քննչական գործողության արդյունքի բովանդակային վերլուծություն՝ փաստացի իրականացնելով միջնորդության հիմնավորվածության ստուգում, ինչը, սակայն, պետք է քննության առարկա դարձվեր հարուցված վարույթի շրջանակում: 15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլում բովանդակային քննարկման առարկա դարձնելով ներկայացված գրության՝ որպես գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունք դիտարկելու հարցը, չեն պահպանել դատավարական տվյալ փուլի շրջանակներում դատարանի կողմից քննարկման ենթակա հարցերի շրջանակի վերաբերյալ օրենսդրի պահանջը։ Հետևաբար, ստորադաս դատարանների հետևությունները ներքին դիտում գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացնելու պայմանը պահպանված չլինելու հիմքով գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին հիմնավոր չեն։ 18․ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանրայնության սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն՝ ըստ առարկայական ընդդատության, ՀՀ հակակոռուպցիոն դատարան նոր քննության փոխանցելու մասին փոխարինող դատական ակտ կայացնելու համար։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է վերացնի արձանագրված խախտումները և ներքին դիտում գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցը քննարկելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ հանգի համապատասխան հետևության։ Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 7.1-րդ կետերում ներկայացված փաստարկներին, ապա դրանք ենթակա են քննարկման գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու հարուցված վարույթի շրջանակում, ուստի Վճռաբեկ դատարանը զրկված է դրանց անդրադառնալու հնարավորությունից: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 34-րդ, 361-363-րդ, 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ