Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

24/01.06.2021

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
24/01.06.2021
Դիմող / մեղադրյալ
Գագիկ Պետրոսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
21.03.2024
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
11 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
24/01.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ 2024 թվականի մարտի 21 -ին քաղաք Երևանում գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ 24/01.06.2021 գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի հունիսի 1-ի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա․Հովհաննիսյանի միջնորդությունը՝ Գ․Պետրոսյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին, բավարավել է։ 2. Վերոնշյալ որոշման դեմ Գ․Պետրոսյանի պաշտպաններ Վ․Գևորգյանի և Կ․Ստեփանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, բեկանել Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի հունիսի 1-ի որոշումը՝ մերժելով ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա․Հովհաննիսյանի միջնորդությունը։ 3. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ 3․1․ Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։ 3․2․ 2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։ 3․3․ Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 4. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հուլիսի 15-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։ 4.1. Բողոքի հեղինակը մասնավորապես նշել է, որ Վերաքննիչ դատարանը, նշելով, որ իր տրամադրության ներքո գտնված նյութերում բացակայում է «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը, հանգել է սխալ հետևության, քանի որ հենց դատական ակտում վկայակոչված և Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ գտնված՝ ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ՀԱՄԱԴՊ վարչության ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Մ.Մարգարյանի՝ «Օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկությունների մասին» տեղեկանքի 2021 թվականի հունիսի 1-ի քաղվածքով հիմնավորվում է վերոգրյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, ըստ նշված տեղեկանքի՝ «ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Գագիկ Ալբերտի Պետրոսյանը (ծնված՝ 24.01.1967թ., հաշվառված՝ Արմավիրի մարզ, գ.Ջանֆիդա, 13 փող., 13 տ.) Երևան քաղաքում և ՀՀ մարզերում հնարավոր է ակտիվ գործունեություն է իրականացնում՝ նպատակ ունենալով ընտրողներին գումար տալու կամ հարկադրելու միջոցով կազմակերպել ընտրությունների ժամանակ թեկնածուներից որևէ մեկի կամ կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկի օգտին քվեարկելու գործընթացը: 4.2. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանում պաշտպանների բողոքի քննության ընթացքում դատական նիստին մասնակցող դատախազը բողոքի կապակցությամբ իր առարկությունները ներկայացնելիս պնդել է, որ ներկայացված նյութը, մասնավորապես՝ հետաքննության մարմնի կողմից ներկայացված օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքից կատարված քաղվածքը, հիմնավորում է նման ՕՀՄ իրականացնելու անհրաժեշտությունը և այն առավել քան բավարար է, որպեսզի Վերաքննիչ դատարանը կարողանա գնահատել և ստուգել բողոքարկվող դատական ակտի իրավաչափությունը, մասնավորապես՝ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման անհնարինությունը։ 4.3. Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ վիճարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմը նույնացրել է՝ անտեսելով օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատուկ բնույթը։ Բողոքաբերի համոզմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմերը չեն կարող նույնացվել՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատուկ բնույթը։ Օպերատիվ տեղեկությունները կարող են ստացվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցներից և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանցից, որոնք չեն կարող բացահայտվել։ Բացի այդ, ՀՀ օրենսդրությունը մինչ քրեական գործի հարուցումը հետաքննության մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու և արդեն հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում դատական վերահսկողության առարկա հանդիսացող քննչական գործողություններ կատարելու համար սահմանել է անձի սահմանադրական իրավունքների սահմանափակման տարբեր երաշխիքներ, իրենց առջև դրված խնդիրներով պայմանավորված՝ այդպիսի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը հիմնավորող տարբեր չափանիշներ, մինչդեռ վիճարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանը փորձ է կատարել դրանք գնահատել նույն հարթության մեջ։ 4.4. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, (նախագահող նույն դատավորը) այլ՝ թիվ Բ-3669/20, ԵԴ-21 և ԵԴ-29 գործերով «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին միջնորդությունը Առաջին ատյանի դատարանի կողմից բավարարելու մասին որոշումների դեմ պաշտպանների կողմից ներկայացված բողոքները մերժելով, հետաքննության մարմնի կողմից ներկայացված նույնաբնույթ քաղվածքը բավարար է գնահատել հիմնավորված համարելու այդպիսի օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու հիմքերի և անհրաժեշտության վերաբերյալ՝ արձանագրելով, որ հիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելը հանդիսացել է ծայրահեղ միջոց, որի դեպքում միայն հնարավոր կլիներ ձեռք բերել պահանջվող ապացույցները: 4․5․ Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել և որևէ կերպ չի գնահատել նաև այն հանգամանքը, որ ենթադրյալ ծանր, խիստ լատենտայնություն ունեցող ընտրակաշառքի վերաբերյալ հանցագործության կապակցությամբ ստացված օպերատիվ տեղեկությունը «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-միջոցառման ընթացքում ոչ միայն չի հերքվել, այլ, ինչպես այդ միջոցառմամբ, այնպես էլ արդեն հարուցված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, ինչի արդյունքում ենթադրյալ հանցավոր արարք կատարելու մեջ կասկածվող մյուս անձ Ռուբեն Խաչիկի Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 4․6․ Վերոգրյալից բացի, բողոքաբերը փաստարկել է, որ սույն գործով ինչպես միջնորդություն հարուցած օպերատիվ մարմինը, այնպես էլ դատարանը փաստել են, որ՝ Գ.Պետրոսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերևույթ արարքի կատարման մեջ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դասվում է ծանր հանցագործությունների շարքին, ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ձեռնարկվել են նաև այլ միջոցներ օպերատիվ հարցում», օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» միջոցառումները, սակայն արդյունքում որևէ եղանակով հնարավորություն չի եղել լիարժեք ստուգել ստացված օպերատիվ տեղեկություններ և այդ կապակցությամբ ստանալ փաստական տվյալներ, ուստի դատարանին է ներկայացվել քաղվածք՝ օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին։ Բողոքաբերի պնդմամբ՝ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների նկատմամբ նախնական վերահսկողությունը կանոնակարգող վերաբերելի օրենսդրական կարգավորումներից տեսանելի է, որ դատարանը Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու վերաբերյալ օպերատիվ մարմնի միջնորդության հիմնավորվածությունը ստուգելիս իրավասու է պարզել՝ - միջնորդությունը ներկայացվել է պատշաճ սուբյեկտի կողմից, թե՝ ոչ, - անձը կասկածվում է արդյոք ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, թե՝ ոչ, - այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է, - օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերը։ Ընդ որում, անհրաժեշտ է ևս մեկ անգամ կրկնել, որ այդ հիմքերը իրենց ապացուցողական չափանիշի տեսանկյունից չեն կարող նույնացվել քննչական գործողությունների կատարման փաստական հիմքերի հետ։ Բողոք բերած անձը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը վկայակոչված հանգամանքների ստուգման արդյունքում հանգել է ճիշտ եզրահանգման, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերի ապացուցողական չափանիշի տեսանկյունից ինչպես իր կողմից արդեն իսկ իրավաչափորեն ձևավորած մոտեցումը, այնպես էլ այդ գործունեության առանձնահատուկ բնույթը, դրանք գնահատել է առավել բարձր չափանիշի տեսանկյունից՝ արդյունքում կայացնելով անհիմն, օրենքի պահանջների խախտմամբ որոշում։ 5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հուլիսի 15-ի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի հունիսի 1-ի որոշումը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 6. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հունիսի 10-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. (…) [Ե]լնելով մասնավոր և հանրային շահերի անհրաժեշտ հավասարակշռման անհրաժեշտությունից և նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է, և Գ.Պետրոսյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» միջոցառման անցկացմամբ կարող են ստացվել երկու և ավելի անձի գումար տալու կամ հարկադրելու միջոցով ընտրությունների ժամանակ թեկնածուներից կամ կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկի օգտին քվեարկելու վերաբերյալ հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ, որոնց օգտագործումը կնպաստի ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ենթադրյալ ծանր հանցագործության կանխմանը, դատարանը գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթական է բավարարման (…)»։ 7. Վերաքննիչ դատարանը 2021 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ հետաքննության մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան` «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին: Առաջին ատյանի դատարանին են ներկայացվել այդ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը, որոնք Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը բավարարելուց հետո վերադարձրել է հետաքննության մարմնին: Առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ բողոքարկման արդյունքում Առաջին ատյանի դատարանի կողմից Վերաքննիչ դատարան ուղարկված նյութերում բացակայում են «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը (Առաջին ատյանի դատարանից ստացված նյութերում առկա են հետևյալ փաստաթղթերը` հետաքննության մարմնի ուղեկցական գրությունը, հետաքննության մարմնի որոշումը՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլատվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին, քաղվածք՝ օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկությունների մասին տեղեկանքից և Առաջին ատյանի դատարանի որոշումը): Վերաքննիչ դատարանը քննիչից և դատախազից պահանջել է ներկայացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը, որոնք ներկայացված են եղել Առաջին ատյանի դատարանին, սակայն Վերաքննիչ դատարան որևիցե նյութ չի ներկայացվել: Ընդ որում՝ Վերաքննիչ դատարանը գրություն է ուղարկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա.Հովհաննիսյանին՝ հայտնելով է, որ թիվ 24/01.06.2021 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հունիսի 1-ի որոշման դեմ Գագիկ Պետրոսյանի պաշտպաններ Վաղարշակ Գևորգյանի և Կարեն Ստեփանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննության է նշանակվել 2021 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ին, թիվ 3 դատական նիստերի դահլիճում։ Միաժամանակ խնդրել է, որ Վերաքննիչ դատարան ներկայացնել թիվ 24/01.06.2021 գործով նյութերը՝ թղթային տարբերակով։ Ի պատասխան Վերաքննիչ դատարանի գրության՝ ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ պետ Վ.Վարդանյանը հայտնել է, որ ծառայողական և աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր չէ ապահովել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողի ներկայությունը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում 2021 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ին կայանալիք դատական նիստին։ Միաժամանակ տեղեկացրել է, որ Գագիկ Պետրոսյանի վերաբերյալ գործի նյութերը գաղտնազերծված վիճակում 2021 թվականի հունիսի 11-ին գրությամբ ուղարկվել են ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն, որն էլ տրամադրվել է քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանին չեն ներկայացվել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութեր, ինչը հիմք է այդ օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ իրականացնելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և հետաքննության մարմնի միջնորդությունը մերժելու համար: Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ աշխատակիցների կողմից ներկայացրած օպերատիվ տեղեկանքին, ապա՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ միայն օպերատիվ տեղեկանքը չի կարող հիմք հանդիսանալ անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքը սահմանափակելու համար։ Ընդ որում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը դիվ ԵՇԴ/0073/07/15 քրեական գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ արտահայտելլ է հետևյալ իրավական դիրքորոշումը՝ «(․ ․ ․) հետևում է, որ ստորադաս դատարանները որպես խուզարկություն կատարելու թույլտվություն տալու հիմք են դիտարկել միայն Շենգավիթի բաժնից ստացված վերոնշյալ գրությունը՝ առանց գնահատման ենթարկելու դրանում առկա տվյալները։ Այսպես, ստորադաս դատարաններն անտեսել են հանգամանքներն առ այն, որ օպերատիվ տեղեկությունների փեռքբերումը դասվում է այն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շարքին, որոնք ընդգրկված չեն նախնական դատական վերահսկողության օբյեկտների շրջանակում, դրա արդյունքն ամրագրված է միայն փաստաթղթային ձևով, աղբյուրը բացահայտված չէ։ Գործի նյութերում առկա չեն այլ հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան գնահատել այդ տվյալը, ինչպես նաև բացակայում ն այլ տվյալներ, որոնց հետ համակցությամբ քննարկվող օպերատիվ տվյալը, կարող էր հիմք հանդիսանալ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու համար։ Նման պայմաններում՝ միայն վկայակողչված օպերատիվ տվյալի հիման վրա խուզարկություն կատարելու թույլտվություն տալը բովանդակազրկել է քննարկվող քննչական գործողության նկատմամբ դատական վերահսկողության էությանը այն դարձել է ձևական, իսկ անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը վերացական և պատրանքային, ինչն անթույլատրելի է (…)»։ Իսկ ինչ վերաբերում է պաշտպաններ Վաղարշակ Գևորգյանի և Կարեն Ստեփանյանի վերաքննիչ բողոքում նշված Գագիկ Պետրոսյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու արդյունքում ստացված ապացույցներն՝ անթույլատրելի ճանաչելու պահանջին, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշված հարցը դուրս է սույն վերաքննիչ բողոքի շրջանակներից, իսկ բողոքաբերները զրկված չեն նշված ապացույցի թույլատրելիության հարցը հետագայում դատական քննության «ժամանակ վիճարկելու հնարավորությունից։ Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Գագիկ Պետրոսյանի պաշտպաններ Վաղարշակ Գևորգյանի և Կարեն Ստեփանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակի և բեկանել Առաջին ատյան դատարանի 2021 թվականի հունիսի 1-ի որոշումը` մերժելով հետաքննության մարմնի միջնորդությունը` Գագիկ Պետրոսյանի կողմից օգտագործվող 098-04-22-22 բջջային հեռախոսահամարով՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ Հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ (…)»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Գ․Պետրոսյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ: 9. ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք: 2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք 2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով` օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն է»։ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է (…)»։ Նույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «[Ներքին դիտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում] օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է»: 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 284-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հարցի քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու` թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Համապատասխան նյութերը դատարանը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` «Քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, ինչպես նաև դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատական որոշումների բողոքարկումը և ստուգումը, բացառությամբ սույն օրենսգրքի 289.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի, կատարվում են սույն օրենսգրքի 287 և 288 հոդվածներով նախատեսված կանոններով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութեր, դատարանը որոշում է կայացնում տվյալ խափանման միջոցը վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին»: 9.1. ՀՀ Սահմանադրական դատարանը 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ ՍԴՈ-1526 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, համաձայն որի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշում կայացնելուց հետո առաջին ատյանի դատարանը համապատասխան միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին, չի կարող կողմերին և Վերաքննիչ դատարանին այդ նյութերը չտրամադրելու հիմք հանդիսանալ, և վերոնշյալ դրույթը պետք է ընկալվի և մեկնաբանվի բացառապես այն իմաստով, որ չխաթարվի Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը: ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ շահագրգիռ անձանց համար իրավական պաշտպանության այդպիսի միջոցները հասանելի են միայն միջնորդության քննարկման արդյունքներով կայացված որոշման դատական բողոքարկման շրջանակներում, իսկ այդպիսի բողոքարկումն իրացնելի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287288-րդ հոդվածների նորմերով նախատեսված կարգով, հետևաբար՝ նաև առկա են երաշխիքներ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում։ Մասնավորապես. 1) բողոքն ստանալով՝ վերաքննիչ դատարանն անհապաղ պահանջում է միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը և առաջին ատյանի դատարանի որոշումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 3-րդ մաս), 2) միջոցառման իրականացման օրինականությունը և հիմնավորվածությունը դատարանն ստուգում է դրանք հաստատող նյութերն ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մաս), 3) առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանն ստուգում է դռնփակ դատական նիստում` կողմերի մասնակցությամբ՝ պարզաբանելով նրանց իրավունքները և պարտականությունները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր), 4) դատական ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մաս), 5) այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն միջոցառման իրականացման օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութեր, վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում տվյալ միջոցառումը վերացնելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մաս): 9.2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային որոշումներում բազմիցս նշել է, որ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ որոշումը պետք է լինի պատճառաբանված և հիմնված լինի ներպետական օրենսդրությամբ նախատեսված կոնկրետ իրավական նորմերի վրա։ Բացի այդ, ցանկացած շահագրգիռ անձ պետք է «արդյունավետ» հնարավորություն ունենա այդ որոշումը դատական կարգով բողոքարկելու, քանի որ հեռախոսային գաղտնալսումները հանդիսանում են որպես անձի՝ Կոնվենցիայով նախատեսված նամակագրությունը հարգելու իրավունքի նկատմամբ լուրջ սահմանափակում։ 9.3. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օպերատիվ-հետախուզական միջոցառումների կոնկրետ տեսակն ընտրելիս անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության բնույթին Գոռ Սարգսյանի վերաբերյալ գործով արձանագրել է, որ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում հարկավոր է հաշվի առնել նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ պետության կողմից ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ստանձնած պոզիտիվ և նեգատիվ պարտավորությունները՝ մշտապես պահպանելով հանրային շահի և անհատի շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը։ Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական գործունեության բնույթից ելնելով՝ իրավասու մարմիններն առաջադրված խնդիրները լուծելու նպատակով, համապատասխան միջոցառման տեսակն ընտրելիս և այն իրականացնելիս, անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության դեպքում՝ համաչափության սկզբունքին համահունչ պետք է ապահովեն նաև արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների համարժեք պաշտպանությունը։ Բացի այդ ներպետական օրենսդրությունը նույնպես որոշ խումբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար նախատեսելով լրացուցիչ չափանիշներ` սահմանափակել է դրանք ընտրելու իրավակիրառողի հայեցողության լուսանցքը։ Հաշվի առնելով, որ այդ գործողությունների իրականացմամբ լուրջ միջամտություն է տեղի ունենում անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին՝ օրենսդիրն ամրագրել է, որ այն կարող է իրականացվել բացառապես այն դեպքում, երբ` ա) անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և բ) եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ վերջին չափանիշի ամրագրմամբ օրենսդիրն inter alia սահմանել է, որ նշված միջոցառումը կարող է իրականացվել միայն որպես ծայրահեղ (վերջին) միջոց (last resort), երբ այլընտրանքային եղանակով անհնարին է առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը։ Այսինքն` նշված միջոցառումը ոչ միայն պետք է իրականացվի դրա բնույթին և նպատակային նշանակությանը համապատասխան, այլ նաև այն դեպքում, երբ բացակայում են անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցներ, այդ թվում` քրեական գործով վարույթի շրջանակում քրեական դատավարության օրենսգրքով կոնկրետ տեղեկությունների ձեռքբերման համար նախատեսված միջոցները: 9․4․ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ և բավարար փաստական տվյալների գնահատմանը, Ռուբեն Խլղաթյանի վերաբերյալ գործով արձանագրել է, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքն ինքնին բավարար չէ հաղթահարված համարելու այն նվազագույն շեմը, որն անհրաժեշտ է անձի սահմանադրական և կոնվենցիոնալ իրավունքի սահմանափակման և դրա նկատմամբ միջամտություն իրականացնելու համար։ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը խնդրել է «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցած հետաքննության մարմնին ներկայացնել գործով առկա բոլոր նյութերը՝ թղթային տարբերակով, սակայն Վերաքննիչ դատարանին այդպես էլ չեն ներկայացվել Ռ.Խլղաթյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը, գտել է, որ Վերաքննիչ դատարանը նման պարագայում փաստացի զրկվել է Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու հնարավորությունից, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորման և ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ ՍԴՈ-1526 որոշման մեջ տեղ գտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ հիմք է ներկայացված միջնորդությունը մերժելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ վիճարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմը նույնացրել է՝ անտեսելով օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատուկ բնույթը, արձանագրել է, որ մինչև նախնական քննության սկսվելը անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման համար օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի գործիքակազմը սահմանափակ է՝ ի համեմատ այն իրավիճակների, երբ արդեն իրականացվում է հետաքննություն կամ նախաքննություն, քանի որ դրանց իրականացման ընթացքում գործով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման համար ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված է ավելի լայն գործիքակազմ։ Բացի այդ, մինչև հետաքննություն կամ նախաքննություն իրականացնելը դատարանի թույլտվությամբ կատարվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվում են սակավ տեղեկատվության առկայության պայմաններում, որոնց նպատակն է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը և կանխումը, հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը։ 10. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝ - Առաջին ատյանի դատարանը, թույլատրելով Գ․Պետրոսյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը, արձանագրել է, որ մասնավոր և հանրային շահերի անհրաժեշտ հավասարակշռման անհրաժեշտությունից ելնելով և նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է՝ միջնորդությունը պետք է համարել հիմնավոր։ - Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին դատարանի որոշումը և մերժելով հետաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանին չեն ներկայացվել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութեր։ Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ներկայացրած տեղեկանքին, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ միայն օպերատիվ տեղեկանքը չի կարող հիմք հանդիսանալ անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքը սահմանափակելու համար։ 11. Վերահաստատելով Գոռ Սարգսյանի և Ռուբեն Խլղաթյանի գործերով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, դրանց և սույն որոշման 9-9.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ Գ․Պետրոսյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ, հիմնավոր է։ Վճռաբեկ դատարանի նշված դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքի քաղվածքը բավարար չէ հիմնավորված համարելու Գ․Պետրոսյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու անհրաժեշտությունը, միաժամանակ Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել այլ փաստական տվյալներ, որոնց հետ համակցությամբ հնարավոր կլիներ գնահատել վերոնշյալ քաղվածքի հավաստիությունը։ Այլ կերպ, միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքի քաղվածքն ինքնին բավարար չէ հաղթահարված համարելու այն նվազագույն շեմը, որն անհրաժեշտ է անձի սահմանադրական և կոնվենցիոնալ իրավունքի սահմանափակման և դրա նկատմամբ միջամտություն իրականացնելու համար։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը նման պարագայում փաստացի զրկվել է Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու հնարավորությունից, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորման և ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ ՍԴՈ-1526 որոշման մեջ տեղ գտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո հիմք է ներկայացված միջնորդությունը մերժելու համար։ 12. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանում պաշտպանների բողոքի քննության ընթացքում դատական նիստին մասնակցող դատախազը բողոքի կապակցությամբ իր առարկությունները ներկայացնելիս պնդել է, որ ներկայացված նյութը, մասնավորապես՝ հետաքննության մարմնի կողմից ներկայացված օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքից կատարված քաղվածքը, հիմնավորում է նման ՕՀՄ իրականացնելու անհրաժեշտությունը և այն առավել քան բավարար է, որպեսզի Վերաքննիչ դատարանը կարողանա գնահատել և ստուգել բողոքարկվող դատական ակտի իրավաչափությունը, մասնավորապես՝ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման անհնարինությունը, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքից կատարված քաղվածքը բավարար չէ հիմնավորված համարելու Գ.Պետրոսյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու անհրաժեշտությունը, իսկ Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել այլ փաստական տվյալներ, որոնց հետ համակցությամբ հնարավոր կլիներ գնահատել վերոնշյալ քաղվածքի հավաստիությունը։ 13. Ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկին առ այն, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել և որևէ կերպ չի գնահատել նաև այն հանգամանքը, որ ենթադրյալ ծանր, խիստ լատենտայնություն ունեցող ընտրակաշառքի վերաբերյալ հանցագործության կապակցությամբ ստացված օպերատիվ տեղեկությունը «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-միջոցառման ընթացքում ոչ միայն չի հերքվել, այլ, ինչպես այդ միջոցառմամբ, այնպես էլ արդեն հարուցված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, ինչի արդյունքում ենթադրյալ հանցավոր արարք կատարելու մեջ կասկածվող մյուս անձին՝ Ռ.Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ.Խլղաթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և անգամ անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի միջամտության ենթարկված անմիջական հասցեատիրոջը մեղադրանք առաջադրված լինելու փաստը չի կարող պայմանավորել անձի՝ սահմանադրական և կոնվենցիոնալ իրավունքի համաչափ սահմանափակման կանոնից արդարացի նահանջը: Այլ կերպ ասած՝ անձի իրավունքի միջամտության իրավաչափությունը չպետք է գնահատել հետադարձության կարգով, այսինքն՝ իրավունքի միջամտությունն սկզբնապես (ante factum) լինի առանց բավարար հիմքերի և անհրաժեշտ պայմանների, սակայն արդյունքով պայմանավորված (post factum) հետադարձության կարգով վերածվի իրավաչափ միջամտության: Նման մեկնաբանությունը հակասության մեջ է մտնում իրավունքի գերակայության և անձանց սահմանադրական իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքներին, ինչպես նաև պետության նեգատիվ պարտավորություններին (առանց բավարար հիմքերի և անհրաժեշտության անձի իրավունքների միջամտության արգելքին): Հակառակ դեպքում՝ անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի սահմանափակման արդյունքում քննության համար էական նշանակություն ունեցող տվյալներ ձեռք բերված լինելու յուրաքանչյուր դեպքում, պետք է անտեսել իրականացվող միջամտության ինտենսիվության և մասնավոր շահի միջև արդարացի հավասարակշռության ապահովման անհրաժեշտությունը, այսինքն՝ բողոքաբերի հիշյալ փաստարկն անհիմն է։ 14. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն պնդմանը, որ վիճարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմը նույնացրել է՝ անտեսելով օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատուկ բնույթը։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ մինչև նախնական քննության սկսվելը անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման համար օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի գործիքակազմը սահմանափակ է՝ ի համեմատ այն իրավիճակների, երբ արդեն իրականացվում է հետաքննություն կամ նախաքննություն, քանի որ դրանց իրականացման ընթացքում գործով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման համար ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված է ավելի լայն գործիքակազմ։ Բացի այդ, մինչև հետաքննություն կամ նախաքննություն իրականացնելը դատարանի թույլտվությամբ կատարվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվում են սակավ տեղեկատվության առկայության պայմաններում, որոնց նպատակն է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը և կանխումը, հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ Գ․Պետրոսյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ, հիմնավոր է։ 15. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել դատական այնպիսի սխալ՝ դատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։ Ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հուլիսի 15-ի որոշումը՝ թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը մերժել։ Թիվ 24/01.06.2021 գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի հուլիսի 15-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ