Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ԵԴ/0763/11/19

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ/0763/11/19
Դիմող / մեղադրյալ
Դավիթ Գրիգորյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
29.03.2024

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/0763/11/19 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Նախագահող դատավոր՝ Ա.Ազարյան 2024 թվականի մարտի 29-ին քաղաք Երևանում ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԵԴ/0763/11/19 վարույթով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Հ․Ասլանյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի հունիսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 62219119 քրեական գործը: 2019 թվականի հուլիսի 16-ին նախաքննության մարմնի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակից և դատական նիստերի թիվ 7 դահլիճից կատարվել է առգրավում: 2019 թվականի հուլիսի 30-ին Դավիթ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով։ 2019 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Դ․Գրիգորյանի պաշտպան Գ․Մելիքյանի կողմից ներկայացված բողոքը, որով միջնորդել է վերացնել դատավոր Դ․Գրիգորյանի իրավունքների և օրինական շահերի էական խախտումները, կատարված խուզարկությունն ու առգրավումը ճանաչել ապօրինի, դրանց արդյունքում ձեռբերված ապացույցները ճանաչել անթույլատրելի և իրավական գնահատական տալ քննիչի, ոստիկանության համապատասխան ծառայողների արարքներին։ 2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ մեղադրյալ Դ․Գրիգորյանի պաշտպան Գ․Մելիքյանի բողոքը բավարարվել է՝ արձանագրելով Դ․Գրիգորյանի իրավունքների խախտման փաստը։ 3. ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա․ԱՖանդյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ։ 4. Վերաքննիչ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Հ․Ասլանյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2021 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ 2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։ Վճռաբեկ դատարանի 2024 թվականի մարտի 13-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Բողոքաբերը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով առգրավում և խուզարկություն կատարելու քննչական գործողությունների ընթացքում կատարված գործողությունների ոչ իրավաչափ լինելը, քողարկված ձևով անդրադարձել է ձեռք բերված ապացույցների թույլատրելիության հարցին, որի իրավասությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով տվյալ բողոքի քննարկման փուլում չի ունեցել, իսկ Վերաքննիչ դատարանը այն համարել է իրավաչափ: Բողոքաբերը գտել է նաև, որ մինչդատական վարույթի ընթացքում վարույթն իրականացնող քննիչի կամ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից կատարված քննչական գործողության կատարման կարգի խախտման փաստը չհաստատելու դեպքում՝ դրա հետագա քննարկումը կարող է կատարվել բացառապես քրեական գործն ըստ էության դատարանում քննելու ընթացքում, ուստի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններում դատարանն իրավասու չէ արձանագրել այդ փաստը՝ այլ կերպ՝ քննչական գործողության կատարման կարգի ենթադրյալ խախտումը դուրս է մինչդատական վարույթի դատական վերահսկողության շրջանակներից, քանի որ այդպիսի գործողության իրավաչափությունը գնահատելուն ուղղված դատողություններ կատարելու արդյունքում իրավունքի խախտում արձանագրելու դեպքում՝ այդ արձանագրությունը կդառնա մեղադրանքի հիմքում օգտագործման ոչ ենթակա ապացույց, քանի որ դրանով կփաստվի պաշտպանության իրավունքի խախտում, իսկ իրավաչափ համարվելու դեպքում՝ քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ ձեռք բերված ապացույց, ինչպիսի հարցերին այս փուլում դատարանը գնահատականներ տալու իրավասություն չունի, քանի որ ապացույցի օգտագործման թույլատրելիության հարցը կարող է որոշել միայն վարույթն իրականացնող մարմինը: 6․ Անդրադառնալով վարույթն իրականացնող քննիչի գործողությունների ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի հետևություններին՝ բողոքաբերը նշել է, որ օրենսդիրը խուզարկության և առգրավման պարտադիր մասնակիցներ է համարում այն անձանց, ովքեր որոշակի «իրավասություն» ունեն խուզարկության կամ առգրավման վայրում և կարող են ապահովել քրեադատավարական օրենքի պահանջն առ այն, որ ի սկզբանե քննիչն առաջարկում է կամովին հանձնել առգրավման ենթակա առարկաները և կամովին չհանձնելու դեպքում կատարվում է խուզարկություն կամ առարկաներն առգրավվում են հարկադիր կարգով: Դրանք այն անձինք են, ում մոտ կատարվում է խուզարկությունը կամ նրանց ընտանիքի անդամները, բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները, իսկ ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, զորամասերին պատկանող շինություններում խուզարկության դեպքում՝ դրանց ներկայացուցիչները: Նշված անձանց էլ խուզարկություն և առգրավում կատարելու մասին որոշումները պետք է տրամադրվեն ծանոթացման համար: Տվյալ դեպքում 2019 թվականի հուլիսի 16-ին առգրավումը կատարվել է ոչ թե դատավոր Դ․Գրիգորյանի մոտ, այլ առգրավվել են պետական գույք հանդիսացող՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին պատկանող համակարգիչները, ուստի առգրավում կատարելու մասին քննիչի որոշումը ծանոթացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի պատասխանատու Է․Արզաքանյանին, ում ներկայությամբ էլ կատարվել է քննչական գործողությունը, հետևաբար, դատարանի այն փաստարկը, որ առգրավումը կատարվել է առանց դատավոր Դ․Գրիգորյանի մասնակցության, ինչի արդյունքում խախտվել է քրեադատավարական օրենքի պահանջը, հիմնավոր չէ: Բացի այդ բողոքի հեղինակը նշել է, որ թե´ առգրավում և թե´ խուզարկություն քննչական գործողությունների կատարման ժամանակ դատավոր Դ․Գրիգորյանը գտնվել է արձակուրդում, սակայն խուզարկության կատարման ժամանակ, գտնվելով դատարանում, ցանկություն է հայտնել մասնակցելու քննչական գործողությանը, ինչը քննիչի կողմից թույլատրվել է, նրան ծանոթացվել է խուզարկություն կատարելու մասին դատարանի որոշումը, ինչից հետո վերջինս մասնակցել է քննչական գործողության կատարմանը՝ իրացնելով նաև դիտողություններ և հայտարարություններ անելու իր իրավունքը: 7․ Բողոքաբերը գտել է, որ ծառայողական աշխատասենյակը հանդիսանում է բնակարան քրեադատավարական և ոչ թե սահմանադրաիրավական կամ քրեաիրավական հասկացության բաղադրիչը: Ծառայողական աշխատասենյակը դատավարական իմաստով բնակարան է համարվում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանում կարող են գտնվել անձի մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություններ և այդ նկատառմամբ էլ ծառայողական աշխատասենյակում խուզարկությունը կարող է կատարվել բացառապես դատարանի թույլտվությամբ: Մյուս կողմից՝ ծառայողական աշխատասենյակի անձեռնմխելիության այդօրինակ երաշխավորումը չի նշանակում, որ այնտեղ անձի մուտքը հանրային շահով պայմանավորված արգելելը սահմանափակում է նրա բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը և առաջ բերում դրա պաշտպանության նույն ընթացակարգերը կիրառելու հնարավորություն, ինչպիսին առկա է մարդու բնակարանի անձեռնմխելիության խախտման դեպքում՝ դրա քրեաիրավական իմաստով: Նշվածից ելնելով՝ բողոքաբերը փաստարկել է, որ քննիչի կողմից առգրավում կատարելուց հետո Դ․Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը կնիքելու միջոցով վերջինիս մուտքն իր աշխատասենյակ չթույլատրելով նրա բնակարանի անձեռնմխելիության իրավունքը խախտում առկա չէ: 8․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը՝ բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունն, գրեթե նույնությամբ շարադրել է Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները և առհասարակ չի անդրադարձել դրանց դեմ վերաքննիչ բողոքում ներկայացված հիմնավորումներին, ինչի արդյունքում կայացրել է չպատճառաբանված դատական ակտ: 9. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի և Վերաքննիչ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումները և կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով պաշտպանի բողոքը: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 10. Դ․Գրիգորյանի պաշտպան Գ․Մելիքյանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի պահանջի համաձայն՝«(...) Խնդրում եմ բողոքը ճանաչել հիմնավորված և որոշում կայացնել թիվ 62219119 քրեական գործով առգրավում կատարելու որոշմամբ, դատավորի աշխատասենյակը կնիքելով և առանց դատարանի որոշման նիստերի քարտուղարի աշխատասենյակում խուզարկություն կատարելու ապօրինի գործողություններով՝ Դավիթ Գրիգորյանի բնակարանի անձեռնմխելիության և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը ճանաչելու և դրանց վերաբերյալ բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազի 15․08․2019 թվականի որոշմամբ, Դավիթ Գրիգորյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնելու մասին։(...)»։ 11. Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման համաձայն՝«(...) Տվյալ դեպքում խախտվել են Դավիթ Գրիգորյանի արդյունավետ պաշտպանության իրավունքը, քանի որ վարույթն իրականացնող մարմինը մուտք գործելով վերջինիս աշխատասենյակ, արգելել է նրան մասնակից լինել առգրավման գործողությանը և Դավիթ Գրիգորյանին չի ծանոթացրել առգրավման որոշմանը: Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինն առգրավման գործողությանն մասնակից է դարձրել մեկ այլ անձի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի պատասխանատու Է.Արզաքանյանին, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված հոդվածների համաձայն՝ քննիչը պարտավոր էր առգրավման գործողությանը մասնակից դարձնել այն անձին, ում պատկանող գույքը ենթակա էր առգրավման, տվյալ դեպքում՝ դատավոր Դ.Գրիգորյանին: Ավելին քննիչը կարող էր հարկադիր կարգով առգրավել առգրավման ենթակա գույքը միայն Դավիթ Գրիգորյանի կողմից այն կամովին չհանձնելու դեպքում։ Դատարանն արձանագրում է նաև, որ անձի աշխատասենյակում կատարվող առգրավումը նրա մասնավոր կյանքին միջամտող քննչական գործողություն է, իսկ քրեադատավարական օրենքի տրամաբանությունից ելնելով՝ աշխատասենյակը հավասարազոր է բնակարանին: Իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը՝ անձի ներկայության կամ մասնակցության ապահովման անմիջական պարտականություն կրում է քննչական գործողություն կատարողը, իսկ տվյալ դեպքում այս պահանջի ապահովումն առավել առանձնահատուկ է, քանի որ խոսքն անձեռնմխելիության իրավունքից օգտվող դատավորի աշխատասենյակում կատարվող գործողության մասին է: (...) Հաշվի առնելով, որ հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ.Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված վերոհիշյալ գործողություններով խախտվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրք 12-րդ հոդվածով նախատեսված՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, ինչն էլ հանգեցրել է բողոքաբերի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի սահմանափակմանը: Դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019 թվականի հուլիսի 16-ի թիվ ԵԴ/1725/07/19 որոշումը բեկանվել է, և մերժվել է ՀՀ ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Խ.Մեժլումյանի՝ խուզարկության թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը: (...) Դատարանն արձանագրում է, որ թեև Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունն իրականացնելու պահի դրությամբ Դավիթ Գրիգորյանը ձևական /փաստաթղթային/ առումով չի ունեցել ոչ կասկածյալի, ոչ մեղադրյալի կագավիճակ, սակայն բովանդակային /գործնական/ առումով ունեցել է այդպիսին: Հետևաբար փաստաբան Գեորգի Մելիքյանը Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու պահի դրությամբ ունեցել է պաշտպանի քրեադատավարական կարգավիճակ։ Հետևաբար վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր ապահովել փաստաբան Գեորգի Մելիքյանին մասնակցությունը խուզարկությանը: Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարվող խուզարկության կատարմանը փաստաբան Գեորգի Մելիքյանի մասնակցությունը չթույլատրելը հանգեցրել է Դավիթ Գրիգորյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի խախտմանը: (...)»։ 12. Վերաքննիչ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դատական գործի նյութերի ուսումնասիրությամբ առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ տվյալ դեպքում խախտվել են Դավիթ Գրիգորյանի արդյունավետ պաշտպանության իրավունքը, քանի որ վարույթն իրականացնող մարմինը մուտք գործելով վերջինիս աշխատասենյակ, արգելել է նրան մասնակից լինել առգրավման գործողությանը և Դավիթ Գրիգորյանին չի ծանոթացրել առգրավման որոշմանը: Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինն առգրավման գործողությանն մասնակից է դարձրել մեկ այլ անձի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի պատասխանատու Է.Արզաքանյանին, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված հոդվածների համաձայն՝ քննիչը պարտավոր էր առգրավման գործողությանը մասնակից դարձնել այն անձին, ում պատկանող գույքը ենթակա էր առգրավման, տվյալ դեպքում՝ դատավոր Դ.Գրիգորյանին: Ավելին, Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ քննիչը կարող էր հարկադիր կարգով առգրավել առգրավման ենթակա գույքը միայն Դավիթ Գրիգորյանի կողմից կամովին չհանձնելու դեպքում: Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է նաև, որ անձի աշխատասենյակում կատարվող առգրավումը նրա մասնավոր կյանքին միջամտող քննչական գործողություն է, իսկ քրեադատավարական օրենքի տրամաբանությունից լնելով՝ աշխատասենյակը հավասարազոր է բնակարանին: Իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը անձի ներկայության կամ մասնակցության ապահովման անմիջական պարտականություն կրում է քննչական գործողություն կատարողը, իսկ տվյալ դեպքում այս պահանջի ապահովումն առավել առանձնահատուկ է, քանի որ խոսքն անձեռնմխելիության իրավունքից օգտվող դատավորի աշխատասենյակում կատարվող գործողության մասին է: (...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ խուզարկությանը մասնակցելու իրավունք ունի, ի թիվս այլոց, կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանը: Ընդ որում, փաստաբանը ձեռք է բերում պաշտպանի քրեադատավարական կարգավիճակ միայն, եթե պաշտպանում է կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի շահերը:Սակայն, մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների վերլուծության հիման վրա Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ խուզարկություն կատարելն առավել մեծ ծավալով է միջամտում անձի մասնավոր կյանքին և փաստացի պարունակում է քրեական հետապնդման տարրեր, ուստի տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ Դավիթ Գրիգորյանը քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ մատնանշվել է որպես հանցանք կատարողի, ապա նա իրավունք է ձեռք բերում օգտվելու որոշակի դատավարական երաշխիքներից, այդ թվում պաշտպանության իրավունքից: Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ թեև Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունն իրականացնելու պահի դրությամբ Դավիթ Գրիգորյանը ձևական /փաստաթղթային/ առումով չի ունեցել ոչ կասկածյալի, ոչ մեղադրյալի կագավիճակ, սակայն բովանդակային /գործնական/ առումով ունեցել է այդպիսին: Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ փաստաբան Գեորգի Մելիքյանը Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու պահի դրությամբ ունեցել է պաշտպանի քրեադատավարական կարգավիճակ, ուստի՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր ապահովել փաստաբան Գեորգի Մելիքյանին մասնակցությունը խուզարկությանը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարվող խուզարկության կատարմանը փաստաբան Գեորգի Մելիքյանի մասնակցությունը չթույլատրելը հանգեցրել է Դավիթ Գրիգորյանի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի խախտմանը: (...) Վերոգրյալի հիման վրա դատական ստուգման ենթարկելով վիճարկվող որոշումը, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ առաջին ատյանի դատարանը, քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ ստուգելով բողոքարկված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը և արձանագրելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Խ.Մեժլումյանն արգելելով Դավիթ Գրիգորյանին մասնակից լինել առգրավման գործողությանը, թույլ է տվել վերջինիս արդյունավետ պաշտպանության իրավունքի խախտում, ինչպես նաև՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Խ.Մեժլումյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն կատարելով, այսինքն՝ 2019թ. հուլիսի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը կնիքելով, սահմանափակել է Դավիթ Գրիգորյանի իրավունքը մուտք գործել իր աշխատասենյակ, իսկ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարվող խուզարկության կատարմանը փաստաբան Գեորգի Մելիքյանի մասնակցությունը չթույլատրելը հանգեցրել է Դավիթ Գրիգորյանի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի խախտմանը, ըստ էության հանգել է իրավաչափ հետևության, որը բխում է սույն գործի փաստական տվյալներից և գործող օրենսդրության պահանջներից՝ արդյունքում կայացնելով օրինական դատական ակտ: (...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ որ առաջին ատյանի դատարանը բողոքը բավարարելու և անձի իրավունքների խախտում արձանագրելու արդյունքում թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ և ըստ էության կայացրել է ճիշտ լուծող, օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, որը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան: Այսինքն, տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանն ըստ էության կայացրել է օրինական, հիմնավորված, ինչպես նաև պատճառաբանված որոշում: Հետևաբար վերաքննիչ բողոքում նշված փաստարկներն անհիմն են և չեն բխում առաջին ատյանի դատարանին ներկայացված նյութերից։(...)» ։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Դ.Գրիգորյանի պաշտպան Գ.Մելիքյանի կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա։ 14․  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատարանի լիազորություններն են, մասնավորապես` 1) (…) օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «1.Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: 2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում։ (…)»: 15. Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկայի շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշումներով ամրագրել է հետևյալ սկզբունքը․ գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման։ Ավելին, Վճռաբեկ դատարանն իր կողմից ձևավորած վերոգրյալ ընդհանուր կանոնի կենսագործման շրջանակներում արձանագրել է նաև, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը) դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար։ 15․1․Նշված դիրքորոշումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված ex post factum դատական վերահսկողության կիրառման չափանիշներին: Մասնավորապես, Եվրոպական դատարանը ex post factum դատական վերահսկողության եզրույթի ներքո դիտարկում է, ոչ միայն մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կառուցակարգը, այլ նաև քրեական գործի ըստ էության քննության շրջանակներում ապացուցողական գործունեության իրավաչափության գնահատումը (extensive ex post factum judicial control): Այլ կերպ՝ ex post factum համալիր դատական վերահսկողությունն ի զորու է ամբողջապես վերացնել ապացուցողական գործողության ընթացակարգային թերությունները: 16․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - Առաջին ատյանի դատարանը՝ պաշտպանի բողոքի հիման վրա իրականացնելով առգրավում և խուզարկություն քննչական գործողությունների ընթացքում դրանց կատարման կարգի պահպանման հետ կապված քննիչ Խ․Մեջլումյանի գործողությունների օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում եզրահանգել է, որ դրանով խախտվել են մեղադրյալ Դ․Գրիգորյանի իրավունքներն ու օրինական շահերը: - Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը բողոքը բավարարելու և անձի իրավունքների խախտում արձանագրելու արդյունքում թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ և ըստ էության կայացրել է ճիշտ լուծող, օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ: 17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15.1.-րդ կետերում վկայակոչված իրավակարգավորմների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ըստ էության քննության առնելով մեղադրյալ Դ.Գրիգորյանի պաշտպան Գ.Մելիքյանի բողոքը, դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության լիազորության շրջանակներից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվող իրավական պաշտպանությունը, մասնավորապես, խուզարկություն և առգրավում քննչական գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ բարձրացված հարցերն անմիջապես կապված են նախաքննության փուլում գտնվող քրեական գործով ապացուցողական գործունեության իրավաչափության գնահատման հետ, ուստի այդ հարցերը կարող են քննության առարկա դարձվել բացառապես քրեական գործի ըստ էության քննության շրջանակներում, հակառակ պարագայում կարող է խախտվել մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության և քրեական գործի դատական քննության գործառութային տարանջատման սկզբունքը։ 18․ Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, իրավաչափ չէ։ 19. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտեր կայացնելիս, թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 6-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածներով նախատեսված օրինականության սկզբունքի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ, 358-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով մեղադրյալ Դ.Գրիգորյանի պաշտպան Գ.Մելիքյանի բողոքը պետք է մերժել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս կողմից հայցվող իրավական պաշտպանությունը չի հանդիսանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա: 20․ Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 6-8-րդ կետերում նշված փաստարկներին, ապա նման պայմաններում, երբ արդեն իսկ առկա են բողոքարկվող դատական ակտը բեկանելու իրավական հիմքերը՝ Վճռաբեկ դատարանը առարկայազուրկ է համարում դրանց անդրադառնալը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Թիվ ԵԴ/0763/11/19 վարույթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը և այն անփոփոխ թողմելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը բեկանել և փոփոխել։ 2. Մեղադրյալ Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գ․Մելիքյանի բողոքը մերժել։ 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ս.ՉԻՉՈՅԱՆ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ