Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՏԴ/0013/15/22
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՏԴ/0013/15/22
- Դիմող / մեղադրյալ
- Սմբատ Թովմասյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 23.04.2024
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
7 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՏԴ/0013/15/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Տավուշի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանի որոշում,
Նախագահող դատավոր՝ Ա․Մարտիրոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում,
Նախագահող դատավոր՝ Կ․Մարդանյան
Դատավորներ՝ Ն․Հովակիմյան
Ռ․Բարսեղյան
2024 թվականի ապրիլի 23-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Սմբատ Միսակի Թովմասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունվարի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի հուլիսի 3-ի դատավճռով Ս․Թովմասյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 314-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված՝ 200․000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ Ա․Սիմոնյանի միջնորդությունը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ մերժվել է։
2․ Տավուշի մարզի դատախազության դատախազ Հ․Աղասարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի հունվարի 26-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը թողնելով անփոփոխ։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
3․1․ Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, մասնավորապես՝ սխալ են մեկնաբանվել և կիրառվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 8-րդ, 9-րդ, 59-րդ հոդվածների, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 28-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Շիրին Ջանգոյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2017 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին։
Ի հիմնավորում վերոշարադրյալի՝ բողոքաբերը փաստարկել է, որ «հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով» դրույթը դատապարտյալ Ս․Թովմասյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ վերջինիս կողմից հանցանքը կատարելու պահին (2019 թվականի փետրվարի 25-ին) գործող կարգի համաձայն` անձի վիճակը բարելավող օրենսդրության հետադարձ ուժի հարցում սահմանափակումներ նախատեսված չեն եղել։ Հետևաբար, դատապարտյալի նկատմամբ կիրառելի է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնը, համաձայն որի՝ «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
5․ Բողոքաբերը նշել է, որ թեև տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգ ՀՀ նախկին քրեական օրենսգրքով սահմանված չի եղել, սակայն նշված կարգավորումն անհրաժեշտ է դիտարկել որպես հանցանք կատարած անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք՝ նկատի ունենալով նաև, որ տվյալ ընթացակարգը դուրս է պատիժների համակարգից և ինքնին պատժատեսակ չի համարվում։ Բողոքաբերի պնդմամբ՝ քանի որ ՀՀ քրեական օրենսգրքով տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն այլևս հանրային աշխատանքներով չի փոխարինվում, իրավակիրառողին այլ տարբերակ չի մնում, քան հանրային աշխատանքների փոխարեն նշանակել ազատազրկում՝ նկատի ունենալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները։ Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նոր ընթացակարգն անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք է, քանի որ ինքնին այլընտրանք է դառնում ազատության իրավունքի սահմանափակմանը, ինչն ավելի մեծ արժեք է։
5․1․ Բողոքի հեղինակն ընդգծել է նաև, որ եթե իրավակիրառողը՝ տվյալ դեպքում դատարանը, այն դիրքորոշմանն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ պայմաններն անձի իրավական վիճակը բարելավող են, և ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն հանրային աշխատանքներով փոխարինելու իրավակարգավորումներն այլևս չեն գործում, ապա այս համատեքստում ևս դատարանը պետք է կիրառեր նոր քրեական օրենսգրքով նախատեսված ընթացակարգը և տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու որոշում կայացներ․ այն չկիրառելով՝ դատարանը հարկադրված է լինելու ազատազրկման ձևով պատիժ նշանակել՝ հիմք ընդունելով այն, որ հանրային աշխատանքներով փոխարինելու կառուցակարգն այլևս չի գործում։
6․ Բողոքաբերը փաստարկել է նաև, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը որպես անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրությունում այս փոփոխության կատարումը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը։
7. Արդյունքում բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի նոյեմբերի 18–ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 26-ի որոշումը բեկանել՝ կայացնելով փոխարինող դատական ակտ, այն է՝ բավարարել Ս․Թովմասյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) [2022] թվականի հուլիսի 1- ից գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, մասնավորապես տուգանքը չվճարելու դեպքում, այն բռնագանձելու ինստիտուտը, չի կարող կիրառվել դատապարտյալ Սմբատ Միսակի Թովմասյանի վրա, քանի որ վերջինիս կողմից հանցանք կատարելու պահին գործող քրեական օրենսգրքով տուգանքը չվճարելու դեպքում այն փոխարինվել է հանրային աշխատանքներով: Դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի սահմանափակումը որևէ դեպքում չի կարող դիտվել անձի վիճակը բարելավող՝ անձի աշխատանքային իրավունքի սահմանափակման համեմատ։
Դատապարտյալ Սմբատ Միսակի Թովմասյանը 2020 թվականի հուլիսի 03-ի դատավճռով դատապարտվելով 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ տուգանքի, ունեցել է արդարացված ակնկալիք, այն չվճարելու դեպքում հանրային աշխատանքներով տուգանքը փոխարինվելու ասպեկտով, քանի որ հանցանք կատարելու և դատապարտվելու ժամանակ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները եղել են այդպիսին և գույքի բռնագանձման ինստիտուտ նախատեսված չի եղել։ Ավելին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային բաժնի կողմից դատապարտյալ Սմբատ Թովմասյանի կողմից տուգանքը չմուծելու պարագայում ավելի քան 1 տարի որևէ միջնորդությոն չի ներկայացվել դատարան՝ պատժի կատարման հետ կապված, իսկ 2022թ. հուլիսի 1-ից հետո ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի իրավակարգավորումների պայմաններում նոր միայն միջնորդություն է ներկայացրել դատարան, այսինքն նշված քրեական օրենսգրքի դրույթները հետադարձության կարգով կիրառել է դատապարտյալի նկատմամբ, ինչը Դատարանը գտնում է անընդունելի, քանի որ այն վատթարացնում է դատապարտյալի վիճակը։ Ներկա պահին դատապարտյալ Սմբատ Միսակի Թովմասյանի նկատմամբ նշանակված տուգանքը չմուծելու դեպքում 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքը բռնագանձելու կարգավորումները վատթարացնում են անձի վիճակը, իսկ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը` հետադարձ ուժ չունի:
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետի կողմից ներկայացված միջնորդությունը՝ թիվ ՏԴ/0158/01/19 քրեական գործով 2020 թվականի հուլիսի 03-ի դատավճռով դատապարտյալ Սմբատ Միսակի Թովմասյանից 200.000 /երկու հարյուր հազարի դրամ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ, ենթակա մերժման՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ (…)»:
9. Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գույքի բռնագանձումը թեև պատժատեսակ չէ (այն ներառված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված պատժի տեսակների ցանկում), սակայն այն բովանդակային առումով պարունակում է պատժի տարրեր, քանի որ այն նույնպես պետության անունից և բացառապես դատարանի կողմից կիրառվող հարկադրանքի միջոց է, որը թույլ է տալիս դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում հօգուտ պետության հարկադրաբար և անհատույց կերպով վերցնել համարժեք գույքը, զրկել նրան այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից: 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի ուսումնասիրությունից երևում է, որ գույքի բռնագանձումը կիրառվում է դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի՝ տուգանքի փոխարեն, այսինքն՝ օրենսդիրը դրա կիրառումը դիտարկում է որպես պատժին փոխարինող հարկադրանքի համարժեք միջոց:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կիրառման պարագայում տուգանքի գումարը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում դատապարտյալը կարող էր իրավաչափորեն կանխատեսել, որ տուգանքի չվճարած մասը կարող է փոխարինվել կամ փոխարինվելու է հանրային աշխատանքներով և հանցագործության կատարման պահից պետության հետ ծագած քրեաիրավական հարաբերությունները կարող են ավարտվել հանրային աշխատանքները կրելով, այլ ոչ թե իրեն պատկանող գույքը բռնագանձելով կամ ազատազրկում պատիժը կրելով։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տուգանքի վճարումից խուսափող դատապարտյալի գույքն անհատույց և հարկադրաբար վերցնելու իրավակարգավորումն ըստ էության քրեաիրավական նոր ինստիտուտ է, որի կիրառումը թեև դատապարտյալների պատիժը չի խստացնում, սակայն վատթարացնում է այն դատապարտյալի իրավական վիճակը, ովքեր մինչ այդ կարգավորման ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտվել են տուգանքի, դրա գումարը չեն վճարել և առկա են բավարար փաստական տվյալներ այն մասին, որ նրանք (չարամտորեն) խուսափում են տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում էոր դատապարտյալի նկատմամբ նշանակված տուգանքին համարժեք գույքի բռնագանձման վերաբերյալ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածը Սմբատ Թովմասյանի վիճակը վատթարացնող նորմ է:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող քրեաիրավական նոր կարգավորումը (ինստիտուտը) և դրա կատարումն ապահովող քրեակատարողական նորմերը դատապարտյալ Սմբատ Թովմասյանի նկատմամբ կիրառելի չեն, Առաջին ատյանի դատարանը, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ Անդրանիկ Սիմոնյանի միջնորդությունը մերժելով, թույլ չի տվել դատական սխալ՝ քրեական օրենքի խախտում, որը ազդել կամ կարող էր ազդել վարույթի ելքի վրա, ուստի՝ Դատախազի ներկայացրած բողոքը պետք է մերժել՝ վիճարկվող դատական ակտը թողնելով անփոփոխ (…)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետևությունները։
11. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`
1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,
2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
(…)
11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
12․ Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախևառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ։ Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է բռնագանձվող գույքի և տուգանքի չափի միջև համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:
Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում։
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով։ Հետևաբար, մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի։ Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ։
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը մերժել է Ս․Թովմասյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ Ա․Սիմոնյանի միջնորդությունը՝ ընդգծելով, որ նոր կարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, ուստի հետադարձ ուժ ունենալ չի կարող։
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ նշելով, որ նոր իրավակարգավորումները չեն կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ գույքի բռնագանձումը և ազատազրկումն առավել խիստ քրեաիրավական ներգործության միջոցներ են, քան նախկին իրավակարգավորումներով նախատեսված հանրային աշխատանքներ պատժատեսակը:
14․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների համատեքստում, ինչպես նաև վերահաստատելով Գարուն Ասրյանի վերաբերյալ գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ։ Այլ կերպ՝ բռնագանձման ինստիտուտի կիրառմամբ, անձի նկատմամբ դատարանի դատավճռով նշանակված տուգանքն այլ՝ ավելի խիստ պատժատեսակով չի փոխարինվում, քանի որ բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և դուրս է պատժի համակարգից։ Ընդհակառակը, դրա կիրառմամբ դատապարտյալի պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացվում է։
15․ Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։
16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հունվարի 26-ի որոշումը բեկանելու և վարույթը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության փոխանցելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ Ա․Սիմոնյանի միջնորդությունը և հանգի համապատասխան հետևության՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դատապարտյալ Սմբատ Միսակի Թովմասյանի վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի հունվարի 26-ի որոշումները բեկանել և վարույթը փոխանցել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
