Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական
ԵԴ/21668/02/20
- Գործի համարը
- ԵԴ/21668/02/20
- Հայցվոր
- Դանիել Իոաննիսյան
- Պատասխանող
- Գևորգ Պետրոսյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 10.06.2024
- Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21668/02/20
դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21668/02/20
Նախագահող դատավոր` Ս․ Թորոսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող
զեկուցող
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս․ ՄԵՂՐՅԱՆ
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ
2024 թվականի հունիսի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գևորգ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07․10․2022 թվականի որոշման դեմ` ըստ Դանիել Իոաննիսյանի հայցի ընդդեմ Գևորգ Պետրոսյանի և երրորդ անձ «ՇԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)` պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Դանիել Իոաննիսյանը պահանջել է Գևորգ Պետրոսյանից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես իր պատվին և արժանապատվությանը վիրավորանք հասցնելու համար դրամական փոխհատուցում, ինչպես նաև Գևորգ Պետրոսյանին պարտավորեցնել Ընկերությանը պատկանող «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից՝ Ընկերությանը պատկանող 5-րդ ալիք հեռուստաընկերության www.youtube.am կայքի էջում` մեկ ամիս տևողությամբ, բոլորի համար հասանելի կարգավիճակով (ռեժիմով` public), հարապարակելով իրենից ներողություն խնդրելու վերաբերյալ տեսանյութ՝ հրապարակելով հետևյալ հայտարարությունը. «ՀՀ ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանս ներողություն եմ խնդրում Դանիել Իոաննիսյանից՝ նրան հասցեագրված վիրավորանքի համար։
Ես՝ ՀՀ ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանս, 24.06.2020թ.-ին 5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ տվածս հարցազրույցի 15-րդ րոպե 35 վայրկյանից սկսած վիրավորական բնույթի արտահայտություն և խոսքեր եմ օգտագործել` ուղղված Դանիել Իոաննիսյանի հասցեին, որով վիրավորել եմ նրա պատիվն ու արժանապատվությունը: Ուստի սույնով հրապարակային կարգով ներողություն եմ խնդրում Դանիել Իոաննիսյանից»։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 20․05․2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «1․1 պարտավորեցնել է Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանին «ՇԱՐԿ» ՍՊ Ընկերությանը պատկանող «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվոր Դանիել Արայի Իոաննիսյանից՝ «ՇԱՐԿ» ՍՊ Ընկերությանը պատկանող 5-րդ ալիք հեռուստաընկերության www.youtube.am կայքի էջում` մեկ ամիս տևողությամբ, բոլորի համար հասանելի կարգավիճակով (ռեժիմով` public)՝ հրապարակելով հայցվորից ներողություն խնդրելու վերաբերյալ տեսանյութ` հրապարակելով հետևյալ հայտարարությունը. Ներողություն խնդրելու մասին հայտարարության տեքստ` «ՀՀ ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանս ներողություն եմ խնդրում Դանիել Իոաննիսյանից՝ նրան հասցեագրված վիրավորանքի համար.
«Ես՝ ՀՀ ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանս, 24.06.2020թ.-ին 5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ տվածս հարցազրույցի 15-րդ րոպե 35 վայրկյանից սկսած վիրավորական բնույթի արտահայտություն և խոսքեր եմ օգտագործել` ուղղված Դանիել Իոաննիսյանի հասցեին, որով վիրավորել եմ նրա պատիվն ու արժանապատվությունը: Ուստի սույնով հրապարակային կարգով ներողություն եմ խնդրում Դանիել Իոաննիսյանից»։
1․2 Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանից հօգուտ Դանիել Արայի Իոաննիսյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի միջոցով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:
1․3 Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանից հօգուտ Դանիել Արայի Իոաննիսյանի՝ որպես վիրավորանքի միջոցով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում՝ 700.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով պահանջը մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07․10․2022 թվականի որոշմամբ Գևորգ Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20․05․2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Պետրոսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ, 297-րդ, 302-րդ, 379-րդ և 381-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրենից որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման հետևանքով 1․000․000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջն անհիմն է, քանի որ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը վճռաբեկ բողոքում նշված պատճառաբանությունների հիմքով չի արատավորվել և դրա արդյունքում վնաս չի պատճառվել, հետևաբար չի կարող գումարային փոխհատուցման խնդիր առաջանալ։
Վերաքննիչ դատարանի որոշումն անօրինական է, քանի որ հաշվի չի առնվել Դատարանի կողմից վճռաբեկ բողոքում նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով վճիռ կայացված լինելու փաստը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը խախտել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու արգելքը սահմանող նորմերը, քանի որ սույն գործն ընդհանրապես չէր կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, առավել ևս, երբ ներկայացված է փոխհատուցման նյութական պահանջ և դա այն պատճառով, որ նման գործերն ունեն բարդ փաստակազմ ու ապացուցման մի շարք բարդություններ (առանձնահատկություններ):
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանի վճռի պատճառաբանական մասում չեն շարադրվել Դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են Դատարանի հետևությունները, մինչդեռ հայցը բավարարվել է մասնակիորեն։ Եթե հայցը բավարարվում է մասնակիորեն, ապա դրանից տրամաբանորեն բխում է, որ Դատարանն ամբողջությամբ չի ընդունել Դանիել Իոաննիսյանի փաստարկները, այլ դրանք ընդունել է միայն մասամբ, իսկ նման պայմաններում Դատարանն արդեն պարտավոր է իր դատական ակտում բացահայտել, թե Դանիել Իոաննիսյանի որ փաստարկներն է ընդունել և որոնք ոչ, ուստի նման պայմաններում Դանիել Իոաննիսյանի փաստարկները մեխանիկորեն չեն կարող դառնալ Դատարանի պատճառաբանություն:
Վերաքննիչ դատարանը հանգել է այն սխալ եզրահանգմանը, որ եթե ինքը հայցի դեմ չի առարկել, պատասխան չի ներկայացրել, նիստերին էլ չի ներկայացել, ապա Դատարանն իրավունք ուներ գործը քննելու պարզեցված վարույթի կարգով: Այս հետևությունն անհիմն է և չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի ու պարզեցված վարույթը կարգավորող մյուս նորմերի պահանջներից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը պետք է պարզեր վիրավորանք հասցրած անձի գույքային դրությունը, իսկ դա պարզելու համար անհրաժեշտ էր իրենից պահանջել գույքային դրության վերաբերյալ համապատասխան ապացույցներ: Սույն պարագայում, եթե Դատարանը որոշել է բացի ներողության ձևը սահմանելուց կիրառել նաև նյութական փոխհատուցում, ապա նրա համար պետք է ակնհայտ լիներ, որ փոխհատուցման չափ սահմանելիս պետք է հիմնվի որոշակի ապացույցների վրա, իսկ եթե նյութական իրավունքի նորմի պահանջի համաձայն՝ առկա էր ապացույցներ պահանջելու անհրաժեշտութուն, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ այդ հիմքով ևս գործը չէր կարող քննվել պարզեցված վարույթի կարգով: Վերաքննիչ դատարանն օրենքի սխալ մեկնաբանությամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «ապացույցներ պահանջել» արտահայտության տակ պետք է հասկանալ միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված՝ կողմի միջնորդությամբ այլ անձի մոտ գտնվող ապացույցներ պահանջելու դեպքերը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանի վճիռը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ, 193-րդ և 302-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև իրավական որոշակիության վերաբերյալ Եվրոպական դատարանի ու ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին և Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի այդ հիմքին ու հիմնավորմանը չի անդրադարձել՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Գևորգ Պետրոսյանի և երրորդ անձ Ընկերության՝ 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում վճարել ու լրատվության միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին (հատոր 1-ին, գ․թ․ 5-16)․
2) Դատարանի 16․10․2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 2-րդ, գ․թ․ 7)․
3) Գևորգ Պետրոսյանը գործի քննության ընթացքում Դատարանում հայցադիմումի պատասխան, դիրքորոշում կամ առարկություն չի ներկայացրել, ինչպես նաև չի մասնակցել դատական նիստերին․
4) 24․01․2022 թվականին Դատարանը, պատճառաբանելով նաև, որ «մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ հայցի դեմ չի առարկել կամ հակընդդեմ հայց չի ներկայացրել», առանձին ակտի ձևով որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին՝ դրա մեջ նաև նշելով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը (հատոր 2-րդ, գ․թ․ 91, 92)․
5) Դատարանի 31.01.2022 թվականի թիվ Ե-21290 գրության համաձայն՝ գործին մասնակցող անձինք տեղեկացվել են, որ սույն գործով վճիռը հրապարակվելու է 26.04.2022 թվականին, միաժամանակ պարզաբանվել է վերը նշված որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին։ Գևորգ Պետրոսյանը, 10.02.2022 թվականին ստանալով նշված գրությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածում նշված գործողություններից որևէ մեկը չի կատարել (հատոր 2-րդ, գ․թ․ 101, 104)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու թույլատրելիության առանձնահատկություններին։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն գլխի դրույթներով:
Մինչև 07․01․2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝
1) առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ.
2) մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց.
3) հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝
1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.
3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը.
4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.
5) ներկայացվել է խմբային հայց.
6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
Մինչև 07․01․2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռի պատճառաբանական մասը պարունակում է նշում հայցվորի փաստարկները դատարանի պատճառաբանություն համարելու վերաբերյալ, ինչպես նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ դատարանի պատճառաբանությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռի պատճառաբանական մասը պարունակում է դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, հղում այն օրենքներին և այլ իրավական ակտերին, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս, ինչպես նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ դատարանի պատճառաբանությունը, եթե՝
1) գործի քննության ընթացքում հայցի դեմ ներկայացվել է առարկություն.
2) հայցը բավարարվել է մասնակի.
3) հայցը մերժվել է:
Վերը նշված իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է, որ պարզեցված վարույթի կարգով կարող են քննվել ոչ միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասում նշված պահանջների վերաբերյալ գործերը, այլ նաև այն գործերը, որոնցով պատասխանողի կողմից սահմանված ժամկետում չի ներկայացվել ինչպես հայցի դեմ առարկություն, այնպես էլ՝ հակընդդեմ հայց։ Նշված կանոնից բացառություն են կազմում այն գործերը, որոնց քննությունը պարզեցված վարույթի կարգով արգելված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով։
Ընդ որում, վերը նշված կարգավորումը՝ կապված պատասխանողի կողմից սահմանված ժամկետում հայցի դեմ առարկություն և հակընդդեմ հայց չներկայացվելու հիմքով պարզեցված վարույթ կիրառելու հետ, նպատակ է հետապնդում ապահովելու գործին մասնակցող անձանց կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական և ապացուցողական նյութի ներկայացումը լրիվ ծավալով ու այնպիսի ժամկետներում, որոնք դատարանին թույլ կտան սեղմ ժամկետում կայացնել եզրափակիչ դատական ակտ: Սահմանված դատավարական սանկցիան, իր հերթին, էապես նպաստում է կողմերի դատավարական կարգապահության աստիճանի բարձրացմանը և նվազագույնի է հասցնում կողմերի՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստեր վկայակոչելու ու դրանք հաստատող ապացույցներ ներկայացնելու իրավունքների չարաշահման հնարավորությունը: Բացի այդ, սահմանված ժամկետում ներկայացված փաստական և ապացուցողական նյութի վերլուծությունը դատարանին հնարավորություն է տալիս լրացված դատավարական նյութի հիման վրա ևս մեկ անգամ ստուգելու պարզեցված վարույթի կարգով տվյալ գործը քննելու թույլատրելիությունը:
Օրենսդիրը, տեղայնացնելով միջազգային իրավակիրառ պրակտիկայում մշակված վերոնշյալ սկզբունքները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված որոշակի պայմանների առկայության, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու համար արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության դեպքում սահմանել է, որ դատարաններն իրավասու են հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ միաժամանակ գործով կիրառել պարզեցված վարույթի ընթացակարգը՝ նույն որոշմամբ նշանակելով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը և գրավոր պարզաբանելով գործին մասնակցող անձանց՝ որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների ու չկատարելու հետևանքների մասին: Միաժամանակ օրենսդիրը, հաշվի առնելով պարզեցված վարույթի իրականացման առանձնահատկությունները, սահմանել է նման ընթացակարգով քննվող գործերով գործին մասնակցող անձանց կողմից միջնորդությունների, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցների ներկայացման հատուկ ժամկետ՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Օրենսդիրը, նկատի ունենալով պարզեցված վարույթի կարգով գործերի քննության ինստիտուտի առանձնահատկությունները, հաշվի առնելով պարզեցված վարույթի մասին կանոնների կիրառման փորձը, վերը նշված հիմքով պարզեցված վարույթ կիրառելու դեպքում սահմանել է պարզեցված վարույթի կարգով կայացվող վճռի պատճառաբանվածությանը ներկայացվող խիստ նվազեցված պահանջներ, ինչը կոչված է ապահովելու գործով պարզեցված վարույթի կիրառմամբ հետապնդվող մի շարք նպատակների, այդ թվում՝ արդարադատության մատչելիության և արդյունավետության աստիճանը բարձրացնելու, դատական պաշտպանության ծախսատարությունն ու ժամանակատարությունը նվազեցնելու և առաջին ատյանի դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու հարցի լուծումը՝ միաժամանակ երաշխավորելով կողմերի դատավարական իրավունքների իրացման համար պատշաճ պայմանների ստեղծումը:
Նման կարգավորմամբ, ըստ էության, վերը նշված հիմքով պարզեցված վարույթի կարգով քննվող գործերով կայացվող վճիռների նկատմամբ սահմանվել է պատճառաբանվածության «նվազագույն» չափանիշ, որի դեպքում այլևս պարտադիր չէ պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասի 1-6-րդ կետերով վճռի պատճառաբանական մասին առաջադրվող պահանջները։ Այս դեպքում դատարանի վրա ընդամենը դրված է պարտականություն՝ հայցն ամբողջությամբ բավարարելիս վճռի նկարագրական մասը շարադրելուց հետո դրա պատճառաբանական մասում նշել հայցվորի փաստարկները դատարանի պատճառաբանություն համարելու, ինչպես նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ։
Վերոնշյալ ընդհանուր կանոնից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ՝
1) գործի քննության ընթացքում հայցի դեմ ներկայացվել է առարկություն.
2) հայցը բավարարվել է մասնակի.
3) հայցը մերժվել է:
Միաժամանակ սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում գործին մասնակցող անձանց հավասարության և մրցակցության սկզբունքների համատեքստում անդրադառնալ իրենց դատավարական իրավունքներից օգտվելու ու դատավարական պարտականությունները կատարելու բարեխղճության պայմանին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց կապակցությամբ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել է դիրքորոշում հայտնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձևավորվել է նախադեպային դիրքորոշում այն մասին, որ լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը և մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ, ու միայն դատարանի առջև հավասարության սկզբունքի իրացման պայմաններում է հնարավոր ապահովել մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը։ Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության և հավասարության սկզբունքներ, իր վճիռներում հետևողականորեն բացահայտել է այդ սկզբունքների բովանդակությունը, որի համաձայն` «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցներն այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով Եվրոպական դատարանի 17.10.1993 թվականի վճիռը, կետ 30-35, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):
Եվրոպական դատարանն արտահայտել է նաև այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 12.02.1985 թվականի վճիռը, կետ 28): Մրցակցային դատավարության իրավունքը պետք է դրսևորվի բավարար պայմաններում. քննության կողմը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու դատարան ներկայացված ապացույցին, ինչպես նաև հնարավորություն ունենա ներկայացնելու դրա թույլատրելիության և վերաբերելիության վերաբերյալ մեկնաբանություններ պատշաճ ձևով ու պատշաճ ժամանակահատվածում (տե՛ս Krčmář-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործով Եվրոպական դատարանի 03.06.2000 թվականի վճիռը, կետ 42, Immeubles Groupe Kosser-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 21.03.2002 թվականի վճիռը, կետ 26)՝ անհրաժեշտության դեպքում ստանալով լրացուցիչ ժամանակ (տե՛ս Yvon-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 24.07.2003 թվականի վճիռը, կետ 39)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը, որը հանդիսանում է արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը, պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելու ապացույցներ այնպես, որ կողմերից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա (տե՛ս Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» փակ բաժնետիրական ընկերությունը և «Դավիթ Երթուղային Տաքսի» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Ալբերտ Հակոբյանի թիվ 3-346 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):
Վերահաստատելով իրավահավասարության և մրցակցության սկզբունքների մասին նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը ենթադրում է, որ կողմերն ունեն հավասար հնարավորություններ դատարան դիմելիս և խախտված իրավունքների պաշտպանության մեթոդներն ու միջոցներ ընտրելիս: Այսինքն՝ քաղաքացիական դատավարության ընթացակարգում կողմերը միմյանց նկատմամբ որևէ առավելություն չունեն: Միաժամանակ իրավահավասարության սկզբունքն օրենսդրորեն ամրագրելը դեռևս չի կարող բավարար լինել, եթե գործնականում դատարանի կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում այդ սկզբունքի իրականացումն ապահովելու նպատակով: Ուստի դատարանն արդարադատություն իրականացնելիս որևէ կողմի առավելություն տալու իրավասությամբ օժտված չէ և պետք է բացառի կողմնակալությունը կամ իրեն կողմնակալության մեջ կասկածելու հնարավորությունը (տե՛ս «Արմլեվլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ Գևորգ Պողոսյանի թիվ ԵԴ/2430/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մասնակցող անձանց՝ հավասար պայմաններում իրենց գործը ներկայացնելու իրավունքը դիտարկելով որպես հավասարության և մրցակցության սկզբունքների բաղադրատարր՝ օրենսդիրը միաժամանակ վերջիններիս վրա դրել է իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու ու դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականություն, որը ենթադրում է ոչ միայն սեփական դատավարական վարքագծի հանդեպ շրջահայաց և հետևողական ներքին վերաբերմունք, այլ նաև դրա տեսանելի արտաքին դրսևորում՝ դատավարական գործողություններն օրենքով կամ դատարանի սահմանած ժամկետներում պարտաճանաչ կատարելու, գործի քննության բնականոն ընթացքն ապահովելուն ու ողջամիտ ժամկետում ավարտելուն աջակցելու, ինչպես նաև դատավարությունն անհիմն ձգձգելուց խուսափելու միջոցով։ Վերոշարադրյալից հետևում է, որ դատարանի կողմից դատավարական իրավունքի իրականացման իրական հնարավորությունն ապահովված լինելու պայմաններում գործին մասնակցող անձի կողմից իրեն վերապահված իրավունքներից չօգտվելու կամ անբարեխղճորեն օգտվելու բացասական հետևանքը պետք է կրի այդ անձը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ապացուցում է իրենից անկախ պատճառներով դրանից օգտվելու անհնարինությունը։ Ընդ որում, բարեխղճության պայմանի կարևորությունը քաղաքացիական դատավարությունում ընդգծվում է նաև դատավարության մյուս կողմի իրավունքների տեսանկյունից, քանի որ ողջամիտ ժամկետում դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքները հավասարապես երաշխավորված են նաև նրա համար։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատաքննության մասնակիցներից յուրաքանչյուրն ինքը պետք է շահագրգռված լինի իր իրավունքների պաշտպանությամբ և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ավարտվելու հարցում ու չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կխոչընդոտեն գործի քննության բնականոն ընթացքը և կձգձգեն դատավարությունը: Հակառակ պարագայում կստացվի, որ կողմերից մեկը, ունենալով անսահմանափակ իրավունքներ, պաշտպանության գործող կառուցակարգը կօգտագործի ի վնաս մյուս կողմի` խախտելով վերջինիս իրավունքներն ու օրինական շահերը, ինչը կհակասի արդարադատության բուն էությանը և դատավարության նպատակին, քանի որ դատավարությունը կոչված է վերականգնելու ու պաշտպանելու մարդու իրավունքները և օրինական շահերը (տե՛ս Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանն ընդդեմ Ստյոպա Հովհաննիսյանի թիվ ՍԴ2/0196/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում անձի արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների լիարժեք իրացման համատեքստում արժևորելով լսված լինելու ու գործում առկա բոլոր փաստաթղթերի առնչությամբ դիրքորոշում հայտնելու հնարավորությունն ապահովելու, հավասարության և մրցակցության սկզբունքների պահանջների պահպանմամբ գործը քննելու կարևորությունը, միաժամանակ հիմք ընդունելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Գևորգ Պետրոսյանը զրկված չլինելով օգտվել օրենսդրությամբ սահմանված իր իրավունքների իրացման հնարավորությունից, Դատարանում գործի քննության ժամանակ իր դատավարական իրավունքներից բարեխղճորեն չի օգտվել, որը ենթադրում է ոչ միայն սեփական դատավարական վարքագծի հանդեպ շրջահայաց և հետևողական ներքին վերաբերմունք, այլ նաև դրա տեսանելի արտաքին դրսևորում՝ դատավարական գործողություններն օրենքով կամ դատարանի սահմանած ժամկետներում պարտաճանաչ կատարելու, գործի քննության բնականոն ընթացքն ապահովելուն ու ողջամիտ ժամկետում ավարտելուն աջակցելու, ինչպես նաև դատավարությունն անհիմն ձգձգելուց խուսափելու միջոցով։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Գևորգ Պետրոսյանի և երրորդ անձ Ընկերության՝ 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում վճարել ու լրատվության միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին։
Դատարանի 16․10․2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Գևորգ Պետրոսյանը գործի քննության ընթացքում Դատարանում հայցադիմումի պատասխան, դիրքորոշում կամ առարկություն չի ներկայացրել, ինչպես նաև չի մասնակցել դատական նիստերին։
24․01․2022 թվականին Դատարանը, պատճառաբանելով նաև, որ «մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ հայցի դեմ չի առարկել կամ հակընդդեմ հայց չի ներկայացրել», առանձին ակտի ձևով որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին՝ դրա մեջ նաև նշելով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը։
Դատարանի 31.01.2022 թվականի թիվ Ե-21290 գրության համաձայն՝ գործին մասնակցող անձինք տեղեկացվել են, որ սույն գործով վճիռը հրապարակվելու է 26.04.2022 թվականին, միաժամանակ պարզաբանվել է վերը նշված որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին։ Գևորգ Պետրոսյանը, 10.02.2022 թվականին ստանալով նշված գրությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածում նշված գործողություններից որևէ մեկը չի կատարել։
Դատարանը, արձանագրելով, որ «գործը քննելով պարզեցված վարույթի կարգով հիմք ընդունելով նշված իրավակարգավորումը և հայցվորի փաստարկները՝ ներկայացված ապացույցների հիմքով, համարում է հաստատված և այն համարում է դատարանի պատճառաբանություն», գտել է, որ «հայցը՝ Դանիել Արայի Իոաննիսյանի ընդդեմ Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանի, երրորդ անձ` «ՇԱՐԿ» ՍՊ ընկերություն` ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հիմնավոր է և ենթակա բավարարման»։
Դատարանը նշել է նաև, որ «անդրադառնալով պատասխանատվության միջոցի ընտրության հարցին՝ այն է՝ «Պատասխանող Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանից հօգուտ Հայցվոր Դանիել Արայի Իոաննիսյանի բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես Հայցվորի պատվին և արժանապատվությանը վիրավորանք հասցնելու համար դրամական փոխհատուցում» և անդրադառնալով պատասխանատվության միջոցի՝ վիրավորանքի և փոխհատուցման չափը սահմանելու հարցին, և միաժամանակ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի իրավական մեկնաբանությունները, գտնում է, որ վիրավորանքի կամ զրպարտության համար անձի համբավին ու արժանապատվությանը պատճառված վնասը սահմանվող փոխհատուցումը չպետք է դիտել որպես տույժի կամ տուգանքի ձևով սահմանվող պատիժ, ընդհակառակը՝ փոխհատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնել վիրավորանքի եղանակը և տարածման շրջանակը, ինչպես նաև վիրավորողի գույքային դրությունը, ընդ որում, գույքային դրությունը հաշվի առնելու պահանջը, մասնավորապես, ենթադրում է. հաշվի առնել պատասխանողի եկամուտների չափը, թույլ չտալ պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար, այդ նպատակով է, որ օրենսդրի կողմից ոչ թե փոխհատուցման որևէ որոշակի չափ է սահմանվել, այլ նախատեսվել է մինչև որոշակի մեծություն, որպեսզի գործի հանգամանքներից ելնելով դատարանը կոնկրետացնի փոխհատուցում կիրառելու ենթակա չափը, հատկանշական է, որ փոխհատուցման չափը որոշում է դատարանը՝ ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից, այդ թվում՝ վիրավորանքի եղանակից և տարածման շրջանակից, ինչպես նաև վիրավորողի գույքային դրությունից, փոխհատուցման, ինչպես և՝ գույքային վնասի հատուցման հարցը դատարանը քննում է բացառապես այն անձի պահանջով, ում պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել է, փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի չի առնում վիրավորանքի հետևանքով անձին պատճառված գույքային վնասը:
Նկատի ունենալով վերոնշյալը և կրկին կարևորելով վիրավորանքի համար սահմանված վնասի փոխհատուցման նշանակությունը՝ որպես պատասխանատվության միջոց՝ Դատարանը գտնում է, որ վիրավորանքի փոխհատուցման չափը պետք է լինի ողջամտորեն համաչափ՝ անձի պատվին, արժանապատվությանը հասցված վնասի համեմատ, և կոնկրետ վիրավորողի գույքային դրությունից ելնելով դատական կարգով նյութական փոխհատուցման չափի սահմանման դեպքում պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ իր մեծությամբ այն չհանգեցնի մեղավոր անձի սնանկության կամ էականորեն չխաթարի նրա բնականոն գործունեությունը, ընդ որում, դրամական փոխհատուցման չափ սահմանելիս նախ և առաջ պետք է հաշվի առնել, թե ինչ միջոցով կամ եղանակով է կատարվել վիրավորանքը և ապա վերջիններիս տարածման շրջանակը: Գնահատման առարկա պետք է դառնա օգտագործված միջոցի կամ եղանակի` տեղեկատվության արագ և համընդհանուր տարածման հարցը: Ամփոփելով նշվածը և Դատարանը հաշվի առնելով մի կողմից վիրավորանքի եղանակը, տարածման շրջանակը, մյուս կողմից հաշվի առնելով, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց վիրավորողի գույքային դրության վերաբերյալ, ավելին, Դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ նյութական փոխահատուցման չափը չվիճարկելը դեռևս բավարար չէ այն առավելագույն չափով սահմանելու մասին հայցը բավարարելու համար, քանի որ նյութական փոխհատուցումը վիրավորանքի պարագայում չի կարող հետապնդել անձի հարստացման նպատակ, այլ այն ուղղված է խախտված իրավունքների վերականգմանը, հատուցման ենթակա փոխհատուցման գումարի չափը պետք է ողջամիտ հավասարակշռության մեջ գտնվի միաժամանակ կիրառման ենթակա պատասխանատվության այլ միջոցի և հայցվորի խախտված իրավունքների ու դրա հետևանքների հետ, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որ արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը և նյութական փոխհատուցումը պետք է նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար, որպիսի պայմաններում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ Պատասխանողի դեմ ներկայացված փոխհատուցման պահանջը հիմնավորված է մասնակի և ենթակա է բավարարման մասնակի, այն է՝ պատասխանող՝ Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանից հօգուտ հայցվոր՝ Դանիել Արայի Իոաննիսյանի պետք է բռնագանձել վիրավորանքի համար՝ որպես նյութական փոխհատուցում՝ 300.000 ՀՀ դրամ՝ ելնելով արդարացի և ողջամիտ հավասարակշռման սկզբունքից, իսկ մնացած մասը՝ ենթակա է մերժման վերը նշված պատճառաբանությունների հիմքով»։
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Դատարանն իրավամբ գործը քննել է պարզեցված վարույթի կարգով, քանի որ պատասխանողը առաջին ատյանի Դատարանում գործի քննության ընթացքում հայցադիմումի վերաբերյալ դիրքորոշում և (կամ) առարկություններ չի ներկայացրել, որպիսի պայմաններում Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարման ենթակա գնահատելու պայմաններում, իրավասու էր հայցի բավարարված մասով լրացուցիչ չպատճառաբանել դատական ակտը՝ դրանում նշելով միայն, որ հայցվորի փաստարկները համարվում են դատարանի պատճառաբանությունը, իսկ հայցի մասնակի մերժման մասով պարտավոր էր դատական ակտի պատճառաբանական մասում նշել դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, հղում այն օրենքներին և այլ իրավական ակտերին, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս, ինչպես նաև ներկայացրել է դատական ծախսերի բաշխման մասով պատճառաբանություններ, ինչն ամբողջությամբ իրավաչափ է և բխում է գործող քաղաքացիադատավարական օրենսդրությունից», գտել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ և 302-րդ հոդվածների խախտումներ վերագրող բողոքի փաստարկներն ամբողջովին հիմնազուրկ են և մերժման ենթակա, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ կետի հնարավոր խախտման մասին փաստարկները վերաքննության օբյեկտ լինել չեն կարող»:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու է նյութական փոխհատուցման չափը սահմանել 300.000 ՀՀ դրամ, նշել է, որ «բողոքարկված դատական ակտի բովանդակությունից հետևում է, որ Դատարանը նման եզրահանգում կատարելիս, հիմք է ընդունել Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի իրավական մեկնաբանությունները: Մասնավորապես Դատարանը հաշվի է առել, որ վիրավորանքի փոխհատուցման չափը պետք է լինի ողջամտորեն համաչափ՝ անձի պատվին, արժանապատվությանը հասցված վնասի համեմատ, և կոնկրետ վիրավորողի գույքային դրությունից ելնելով դատական կարգով նյութական փոխհատուցման չափն իր մեծությամբ չհանգեցնի մեղավոր անձի սնանկության կամ էականորեն չխաթարի նրա բնականոն գործունեությունը, չանտեսելով նաև վիրավորանքի կատարաման միջոցներն ու եղանակները: Ի վերջո հաշվի առնելով մի կողմից վիրավորանքի եղանակը, տարածման շրջանակը, մյուս կողմից հաշվի առնելով, որ վիրավորողի գույքային դրության վերաբերյալ ապացույցի բացակայությունը, Դատարանն իրավամբ արձանագրել է, որ նյութական փոխահատուցման չափը չվիճարկելը դեռևս բավարար չէ այն առավելագույն չափով սահմանելու մասին հայցը բավարարելու համար, քանի որ նյութական փոխհատուցումը վիրավորանքի պարագայում չի կարող հետապնդել անձի հարստացման նպատակ, այլ այն ուղղված է խախտված իրավունքների վերականգմանը, հատուցման ենթակա փոխհատուցման գումարի չափը պետք է ողջամիտ հավասարակշռության մեջ գտնվի միաժամանակ կիրառման ենթակա պատասխանատվության այլ միջոցի և հայցվորի խախտված իրավունքների ու դրա հետևանքների հետ»։
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր են, քանի որ բխում են ինչպես վերը նշված նորմերի և դրանց վերաբերյալ վերլուծությունների բովանդակությունից, այնպես էլ սույն գործի փաստական հանգամանքներից հետևյալ պատճառաբանությամբ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, 24․01․2022 թվականին որոշում կայացնելով գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, հիմք է ընդունել պատասխանող Գևորգ Պետրոսյանի կողմից հայցի դեմ չառարկելու, ինչպես նաև հակընդդեմ հայց ներկայացրած չլինելու հանգամանքները։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում բացակայել են նույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու արգելք հանդիսացող հանգամանքները, որի պայմաններում վերը նշված որոշումը բխել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից։
Ավելին՝ պատասխանող Գևորգ Պետրոսյանը, 10.02.2022 թվականին ստանալով վերը նշված բովանդակությամբ թիվ Ե-21290 գրությունը և Դատարանի 24․01․2022 թվականի «Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշումը, գրության մեջ նշված ժամկետներում չի կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածում նշված գործողություններից որևէ մեկը, այսինքն՝ չի օգտվել օրենսդրի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով իրեն վերապահված իրավունքներն իրացնելու հնարավորությունից։
Նման պայմաններում, հիմք ընդունելով վերը նշված դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելիս իրավասու էր բավարարված հայցապահանջի մասով լրացուցիչ չպատճառաբանել դատական ակտը՝ բավարարվելով միայն նրանով, որ վճռի պատճառաբանական մասում նշեր հայցվորի փաստարկները դատարանի պատճառաբանություն համարելու, ինչպես նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու մասին, իսկ մերժված հայցապահանջի մասով պարտավոր էր դատական ակտի պատճառաբանական մասում նշել իր կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են իր հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, հղում այն օրենքներին և այլ իրավական ակտերին, որոնցով ինքը ղեկավարվել է վճիռ կայացնելիս, ինչպես նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված պահանջները պահպանված լինելու առումով Դատարանի 20․05․2022 թվականի վճիռը ևս համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի պահանջներին, որպիսի իրավաչափ եզրահանգման է եկել Վերաքննիչ դատարանը։
Անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Դատարանի կողմից իր գույքային դրությունը պարզած չլինելու հանգամանքը, որը հնարավոր էր՝ իրենից դրա վերաբերյալ ապացույց պահանջելու արդյունքում, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Գևորգ Պետրոսյանը այդ առումով ևս որևէ առարկություն հայցի դեմ չի ներկայացրել, որևէ դիրքորոշում չի հայտնել, այնուամենայնիվ Դատարանն այդ մասով եզրահանգում կատարելիս, հիմք է ընդունել Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև հաշվի է առել, որ վիրավորանքի համար փոխհատուցման չափը պետք է լինի ողջամտորեն համաչափ՝ անձի պատվին, արժանապատվությանը հասցված վնասի համեմատ՝ արդյունքում հայցվորի պահանջը 1․000․000 ՀՀ դրամի փոխարեն բավարարելով 300․000 ՀՀ դրամի չափով։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ։ Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը՝ սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ բողոք բերած անձը վճարել է վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ Վճռաբեկ դատարան պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ պետք է լուծված համարել նաև այդ հարցը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07․10․2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2․ Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Զեկուցող
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս․ ՄԵՂՐՅԱՆ
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ
