Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0233/06/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0233/06/23
- Դիմող / մեղադրյալ
- Վարդան Մամիկոնյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 28.06.2024
- ՀՀ Սահմանադրություն
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Միջազգային փաստաթղթեր
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
9 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 15. Վարույթի հանրայնությունը
- Հոդված 29. Ոչ իրավաչափ վարքագծի արգելքը
- Հոդված 43. Մեղադրյալի իրավունքները և պարտականությունները
- Հոդված 119. Կալանքի ժամկետը
- Հոդված 362. Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը
- Հոդված 396. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու պայմանները
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0233/06/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի
որոշում գործ թիվ ՀԿԴ/0233/06/23
Նախագահող դատավոր՝ Մ․Մակյան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
2024 թվականի հունիսի 28-ին քաղաք Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0233/06/23 գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը․
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության 3-րդ բաժնում 2023 թվականի հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 44-46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 58227323 քրեական վարույթը:
2023 թվականի հուլիսի 6-ին Վարդան Սերգեյի Մամիկոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
2023 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 11։30-ին, Վարդան Մամիկոնյանը ձերբակալվել է ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու հիմքով։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի հուլիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 90154323 քրեական վարույթը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի հուլիսի 10-ին թիվ 90154323 քրեական վարույթը միացվել է թիվ 58227323 քրեական վարույթին և նախաքննությունը շարունակվել թիվ 58227323 քրեական վարույթի համարով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարվել է և թիվ 58227323 քրեական վարույթով մեղադրյալ Վարդան Սերգեյի Մամիկոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։ Կալանքի սկիզբը հաշվվել է մեղադրյալին փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2023 թվականի հուլիսի 6-ից՝ ժամը 11։30-ից։
Մեղադրյալ Վ․Մամիկոնյանի պաշտպաններ Ա․Մելքոնյանի և Էդ․Արամյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 7-ի որոշումը բեկանել է և թիվ 58227323 քրեական վարույթով Վ․Մամիկոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը մերժել, իսկ մեղադրյալ Վ․Մամիկոնյանն անհապաղ ազատ է արձակվել արգելանքից։
2023 թվականի օգոստոսի 29-ին Վ․Մամիկոնյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հինգ դրվագ)։
2023 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչ Բ․Ադամյանի որոշմամբ ազատության մեջ գտնվող մեղադրյալ Վ․Մամիկոնյանը՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով ձերբակալվել է և տարվել քննիչի մոտ։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ քննիչ Բ․Ադամյանի միջնորդությունը բավարարվել է և թիվ 58227323 քրեական վարույթով մեղադրյալ Վ․Մամիկոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ նույն ժամանակահատվածում սահմանափակելով նրա՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը, բացառությամբ մերձավոր ազգականների։ Կալանքի սկիզբը հաշվվել է մեղադրյալին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Մեղադրյալ Վ․Մամիկոնյանի պաշտպաններ Ա․Մելքոնյանի և Էդ․Արամյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի օգոստոսի 30-ի որոշումը թողել է անփոփոխ։
2023 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բ․Ադամյանի կողմից միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան՝ թիվ 58227323 քրեական վարույթով մեղադրյալ Վ․Մամիկոնյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամիս ժամկետով երկարաձգելու վերաբերյալ։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է և թիվ 58227323 քրեական վարույթով մեղադրյալ Վ․Մամիկոնյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 (երկու) ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը, ինչպես նաև սահմանափակվել է նրա՝ այլ անձանց հետ (բացառությամբ՝ մերձավոր ազգականների) հաղորդակցվելու իրավունքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
3. Մեղադրյալ Վ․Մամիկոնյանի պաշտպաններ Ա․Մելքոնյանի և Էդ․Արամյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը մասնակի բեկանվել է, կայացվել դրան փոխարինող դատական ակտ և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բ․Ադամյանի միջնորդությունը բավարարվել է մասնակի՝ մեղադրյալ Վ․Մամիկոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է և վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել տնային կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ դրանում հաշվակցելով նրա՝ կալանքի մեջ գտնվելու ժամկետը: Մեղադրյալ Վ․Մամիկոնյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետի սկիզբը հաշվվել է նրան՝ քաղաք Երևան, Միկոյան փողոց, 5-րդ շենք, 41-րդ բնակարան տեղափոխելու պահից։ Պարտավորեցվել է վերջինիս՝ բնակության վայր տեղափոխվելուց և իր նկատմամբ համապատասխան հատուկ էլեկտրոնային հսկողության միջոցներ կիրառելուց հետո, չլքել իր բնակության տարածքը՝ քաղաք Երևան, Միկոյան փողոց, 5-րդ շենք, 41-րդ բնակարան հասցեն։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հունվարի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը․
Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, պատշաճ ուսումնասիրության առարկա չդարձնելով Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդությունը հիմնավորող նյութերը, վարույթով ձեռք բերված փաստական տվյալները գնահատելով մեկը մյուսից անջատ, ինքնավար կերպով, պատշաճ գնահատման չենթարկելով մեղադրյալ Վ․Մամիկոնյանին մեղսագրվող արարքների բնույթը, կատարման եղանակը, դրա ծանրության և հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև ակնկալվող պատժի խստությունը, մեղադրյալի նկատմամբ այլ գործով գրավ կիրառված լինելու պայմաններում նոր հանցանք կատարելը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ և 116-119-րդ հոդվածներով նախատեսված իրավադրույթների խախտում, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի հանրայնության սկզբունքը, այն է՝ չի ապահովվել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը:
Միևնույն ժամանակ, բողոքաբերը գտել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ կալանքի կիրառման իրավաչափության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների միատեսակ կիրառության ապահովման տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բողոքարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանի հիմնավորումները հակասում են Վահագն Հակոբի Պողոսյանի վերաբերյալ թիվ ԿԴ1/0062/06/12, Արշակ Սարգսի Հակոբյանի վերաբերյալ թիվ ԵԴ/1194/06/21, ինչպես նաև Արմեն Լևոնի Աբրահամյանի վերաբերյալ թիվ ԵԱՆԴ/0030/01/16 գործով Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Այսպիսով, բողոքաբերը գտել է, որ առկա է սույն բողոքը վարույթ ընդունելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պայմանը:
5.1. Բողոքաբերը, փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ, 116-119-րդ հոդվածների խախտումները և դրանց արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի խախտումը հանգեցրել է դատական սխալի՝ քրեադատավարական օրենքի էական խախտման, ուստի՝ վիճարկվող որոշումը ենթակա է բեկանման։
Մասնավորապես բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն առավել մեղմ խափանման միջոցի կիրառմամբ մեղադրյալ Վ․Մամիկոնյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս հաշվի չի առել և պատշաճ վերլուծության չի ենթարկել այն հանգամանքը, որ Վ․Մամիկոնյանին մեղսագրվում է բարձր հանրային վտանգավորություն ունեցող՝ հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հինգ դրվագ առանձնապես ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարում, որոնց համար որպես պատիժ նախատեսված է բացառապես ազատազրկումը՝ յոթից տասներկու տարի ժամկետով, որպիսի պայմաններում պետք է փաստել, որ վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, կանխատեսվող պատժի խստությունն արդեն իսկ բավարար են մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու դեպքում իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու և ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու բարձր հավանականությունը գնահատելու համար։
Ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու բարձր հավանականության մասին է վկայում նաև այն, որ մեղադրյալ Վարդան Մամիկոնյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորակոչային զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժանմունքի պետի պաշտոնը, ի պաշտոնե տիրապետում է զորակոչային ծառայության, բժշկական հանձնաժողովների աշխատանքներին, հետևաբար նաև՝ զորակոչիկների բժշկական հետազոտությունների նրբություններին, որպիսի հանգամանքը բարձրացնում է հավանականությունն առ այն, որ պաշտոնից բխող հեղինակությունն ու կապերն օգտագործելով՝ մեղադրյալը կարող է ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին և ազդեցություն ունենալ զորակոչիկներ Արսեն Աբրահամյանի, Արթուր Եղիազարյանի, Արման Աֆրիկյանի, Արեգ Հովհաննիսյանի և Մոնթե Ավետիսյանի զորակոչման գործընթացի հետ առնչություն ունեցած զինկոմիսարիատի աշխատակիցների և վերջինների բժշկական հետազոտություններն իրականացրած բժիշկների վրա, որպեսզի վերջինները չհայտնեն դեպքի հանգամանքների վերաբերյալ իրենց հայտնի տվյալները կամ տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Այսինքն՝ բողոքաբերը գտել է, որ ակնհայտ է, որ Անդրանիկ Մկրտչյանը միակ անձը չէ, ում վրա մեղադրյալ Վ․Մամիկոնյանը կարող է ապօրինի ազդեցություն գործադրել։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված այն հանգամանքին, որ Անդրանիկ Մկրտչյանը միակ անձն է, որի նկատմամբ մեղադրյալ Մամիկոնյանը կարող է ունենալ ենթադրյալ ազդեցություն, սակայն վերջինն արդեն իսկ հարցաքննված է, և տնային կալանքի կիրառմամբ հնարավոր է ապահովել Վ.Մամիկոնյանի պատշաճ վարքագիծը, ապա նշվածի կապակցությամբ բողոքաբերը փաստել է, որ մեղադրյալ Անդրանիկ Մկրտչյանի հարցաքննված լինելու հանգամանքը ոչ թե վկայում է Վարդան Մամիկոնյանի կողմից վերջինիս նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու հավանականության նվազման և այդ հիմքով այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության մասին, այլ հակառակը՝ նշված հանգամանքով պայմավորված՝ ավելի է բարձրանում Վ.Մամիկոնյանի կողմից Ա.Մկրտչյանի նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը, քանի որ Վ.Մամիկոնյանը, գիտակցելով, որ Ա.Մկրտչյանը ցուցմունքներ է տվել իր դեմ, ամեն կերպ կփորձի անօրինական ազդեցություն գործադրել վերջինի նկատմամբ, որպեսզի Ա.Մկրտչյանը հրաժարվի իր դեմ տրված ցուցմունքներից կամ փոխի դրանց բովանդակությունը՝ հօգուտ Վ.Մամիկոնյանի, ինչի հնարավորությունը տնային կալանքի կիրառման պայմաններում ավելի մեծ է, քան կալանքի։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև մեղադրյալին վերագրվող արարքների կատարման շարժառիթի վերաբերյալ գործով ձեռք բերված փաստական տվյալները, մասնավորապես այն, որ մեղադրյալ Վ․Մամիկոնյանն առանձնապես խոշոր չափի՝ 48.813.716 ՀՀ դրամին համարժեք 125․000 ԱՄՆ դոլար գումար կաշառք է ստացել թվով հինգ զորակոչիկների զինվորական ծառայությունից ազատելու ապօրինի գործողության համար, որպիսի հանգամանքն ակնհայտորեն վկայում է կատարված հանցանքների և մեղադրյալի անձի հանրային վտանգավորության մասին:
Վերոգրյալից բացի՝ բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել նաև այն հանգամանքը, որ քրեական վարույթի նախաքննությունը գտնվում է ապացույցների հավաքման ակտիվ փուլում, դեռևս բացահայտված չեն դեպքի ամբողջական հանգամանքներն ու հանցավոր մեխանիզմին ներգրավված անձանց շրջանակը, հարցաքննված չեն մի շարք վկաներ, ովքեր զորակոչային և բժշկական հանձնաժողովների կազմում անմիջական առնչություն են ունեցել զորակոչիկների բժշկական հետազոտությունների, դրանց արդյունքների արձանագրման, գնահատման և եզրակացությունների տրամադրման հետ, որպիսի պայմաններում ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու և քննությանը խոչընդոտելու ռիսկի նվազման և տնային կալանքի կիրառմամբ նշված ռիսկերը չեզոքացնելու մասին հետևություններն անհիմն են:
Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ վերլուծության չեն ենթարկվել նաև դատարան ներկայացված նյութերը, որոնցում պարունակվող տեղեկատվությունը նույնպես վկայում է սույն գործով մեղադրյալի պատշաճ վարքագիծը միայն խափանման միջոց կալանքի կիրառմամբ ապահովելու հնարավորության մասին: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ եղած նյութերում առկա են մեղադրյալ Վ․Մամիկոնյանի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված ձև 8 և ձև 9 տեղեկանքները, որոնց ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ Վ.Մամիկոնյանի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված թիվ 58203520 քրեական գործով մեղադրյալի նկատմամբ 2020 թվականի ապրիլի 13-ին որպես խափանման միջոց կիրառվել է 5.000.000 ՀՀ դրամ գրավը: Ավելին՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ մեղադրյալին նշված քրեական գործով մեղսագրված է զորակոչիկներից խաբեությամբ գումար հափշտակելու մեղադրանք:
Նշվածից ակնհայտ է, որ մեղադրյալը իր նկատմամբ կիրառված գրավ խափանման միջոցի պայմաններում դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և կատարել է նոր հանցանք, ինչն էլ իր հերթին բարձրացնում է հավանականությունն առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցները, այդ թվում՝ տնային կալանքը, ի զորու չեն ապահովելու մեղադրյալի օրինական վարքագիծը սույն քրեական վարույթի ընթացքում:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ մեղադրյալին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքը դասվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շարքին, որոնք ունեն բարձր լատենտայնություն, և իրավապահ մարմիններից մեծ ջանքեր ու միջոցներ են պահանջվում այս տեսակ հանցագործություններն ամբողջությամբ բացահայտելու, կոռուպցիոն սխեմայի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: Նշված հանցատեսակների հատկանիշներով քննվող քրեական վարույթներով առանձնակի բարդություն է ներկայացնում նաև այն հանգամանքը, որ ինչպես կաշառք տվողը, այնպես էլ կաշառք ստացողը, ընդհանրապես՝ հանցավոր մեխանիզմին ներգրավված անձինք, ունեն սեփական շահեր և շահագրգռված չեն օժանդակելու իրականության բացահայտմանը, որպիսի հանգամանքերը և փաստական տվյալները Վերաքննիչ դատարանի կողմից իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը հանգեցրել են կալանավորման հիմքի նվազման մասին չհիմնավորված եզրահանգման:
Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել մեղադրյալին մեղսագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, քրեական վարույթով դեռևս առանցքային նշանակություն ունեցող հանգամանքեր պարզված չլինելու պայմաններում ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու բարձր հավանականությունը, որոնք ողջամտորեն վկայում են մեղադրյալի օրինական վարքագծի ապահովման տեսանկյունից կալանավորման այլընտրանքի բացակայության մասին:
5.2. Վերոշարադրյալի հիման վրա՝ բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Վ․Մամիկոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հինգ դրվագ) հանրային քրեական հետապնդում է հարուցվել հանրորեն վտանգավոր այն արարքի համար, որ «[Վ]արդան Մամիկոնյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժանմունքի պետ, պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության նշված տարածքային ստորաբաժանումում հաշվառված զորակոչիկներ Արսեն Աբրահամյանի, Արթուր Եղիազարյանի, Արման Աֆրիկյանի, Արեգ Հովհաննիսյանի և Մոնթե Ավետիսյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու և պահեստազորում հաշվառելու համար 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում նրանցից կամ նրանց մերձավոր ազգականներից անձամբ կամ միջնորդի միջոցով որպես կաշառք պահանջել ու յուրաքանչյուրից ստացել է առանձնապես խոշոր չափի 9.762.743,2 ՀՀ դրամին համարժեք 25.000 ԱՄՆ դոլար գումար՝ ընդհանուր 48.813.716 ՀՀ դրամին համարժեք 125.000 ԱՄՆ դոլար գումար։
Այսպես.
2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժնի պետ Վարդան Մամիկոնյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել «Սուրբ Մարիամ» բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Մկրտչյանի հետ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով պաարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու կամ զորակոչից տարկետում ստանալու ցանկություն ունեցող և իրեն դիմած անձանց Անդրանիկ Մկրտչյանի օժանդակությամբ կաշառք ստանալու դիմաց՝ նրանց օգտին իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություններ կատարելու վերաբերյալ։
Վարդան Մամիկոնյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն իրագործելու նպատակով «Սուրբ Մարիամ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժիշկ Անդրանիկ Մկրտչյանը, տեղյակ լինելով, որ իր ծանոթ՝ 2002 թվականի հունվարի 17-ին ծնված Էդգար Հակոբյանի մոտ ախտորոշված է «Արախնոիդալ կիստա 17x20 մմ» հիվանդություն, որը հնարավոր է, որ համապատասխանում է ՀՀ կառավարության 404-Ն որոշման 14-րդ հոդվածի «Բ» կետի (կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատներ) հիվանդությանը և այդ հիմքով զորակոչի ենթակա անձը ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից և հաշվառվում պահեստազորում կամ տրամադրվում է տարկետում, համաձայնություն է ձեռք բերել Էդգար Հակոբյանի հետ իր մատնանշած զորակոչիկների փոխարեն բժշկական հաստատություններում մագնիսառեզոնանսային հետազոտության ենթարկվելու և կեղծ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ։
Միմյանց միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2022 թվականի դեկտյմբերից մինչև 2023 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժնի պետ Վարդան Մամիկոնյանն Անդրանիկ Մկրտչյանին է տրամադրել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումում հաշվառված զորակոչիկներ Արսեն Աբրահամյանի, Արթուր Եղիազարյանի, Արման Աֆրիկյանի, Արեգ Հովհաննիսյանի, Մոնթե Ավետիսյանի և դեռևս չպարզված այլ անձնաց անձնագրերի պատճնները, որոնց հիման վրա Անդրանիկ Մկրտչյանը կամ վերջինիս ցուցումով Սյուզաննա Վիրաբյանը զանգահարել են «էրեբունի», «Նաիրի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ և տվյալ անձանց գրանցել մագնիսառեզոնանսային հետազոտութուների (այսուհետև՝ ՄՌՏ հետազոտության)։
Այնուհետև, Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկ Մկրտչյանի, իսկ վերջինիս միջոցով՝ Նարեկ Ռաֆայելի Հովհաննիսյանի ու Էդգար Աշոտի Հակոբյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Անդրանիկ Մկրտչյանի ցուցումով Նարեկ Հովհաննիսյանն Էդգար Հակոբյանին տեղափոխել է տարբեր բժշկական կենտրոններ, և Էդգար Հակոբյանը 2023 թվականի հունվարի 23-ին «էրեբունի» ԲԿ-ում Մոնթե Ավետիսյանի, 2023 թվականի ապրիլի 29-ին «էրեբունի» ԲԿ-ում Արսեն Աբրահամյանի, 2023 թվականի հունիսի 3-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Արթուր Եղիազարյանի, 2023 թվականի հունիսի 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Արման Աֆրիկյանի և Արեգ Հովհաննիսյանի փոխարեն խաբեությամբ ենթարկվել են մագնիսառեզոնանսային շերտագրության հետազոտության, ինչի արդյունքում հիշյալ զորակոչիկների անձնական տվյալներով կազմվել են պարտադիր ժամկետային ծառայության զորակոչից տարկետման կամ զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք վերապահող ախտորոշումների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ հետազոտությունների ակտեր, որոնք փոխանցվել են պաշտոնատար անձ հանդիսացող Վարդան Մամիկոնյանին։
Վարդան Մամիկոնյանը բովանդակությամբ կեղծ հետազոտության ակտերի ստացումը կազմակերպելու, այդ ակտերը ստանալուց հետո դրանք համապատասխան զորակոչիկների զորակոչային անձնական գործերում ներառելու և այդպիսով իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով նշված զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում ազատելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու ապօրինի գործողության համար, վերը նշված 5 զորակոչիկներից կամ նրանց մերձավոր ազգականներից անձամբ կամ միջնորդի միջոցով որպես կաշառք պահանջել ու յուրաքանչյուրից ստացել է առանձնապես խոշոր չափի 9.762.743,2 ՀՀ դրամին համարժեք 25.000 ԱՍՆ դոլար՝ ընդհանուր 48.813.716 ՀՀ դրամին համարժեք 125.000 ԱՄՆ դոլար գումար (…)»։
7. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը, գնահատելով սույն միջնորդությանը կից ներկայացված նյութերը, գտնում է, որ (1) Վարդան Մամիկոնյանին մեղսագրված ենթադրյալ հանցագործության փաստական հանգամանքները, մասնավորապես՝ դրվագների քանակը (5 դրվագ), (2) ենթադրյալ հանցավոր գործողությունների կատարման բնույթը, դրանց դրսևորման ձևը, կատարման եղանակը, (3) ենթադրյալ հանցագործությունների ծանրության աստիճանը (առանձնապես ծանր), (4) ակնկալվող հնարավոր պատժի խստությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է պատիժ ազատազրկման ձևով՝ յոթից տասներկու տարի ժամկետով), (5) գործով անցնող վկաների և մեղադրյալների հետ Վարդան Մամիկոնյանի փոխհարաբերությունների բնույթը (գործով անցնող անձանցից Անդրանիկ Մկրտչյանի հետ Վարդան Մամիկոնյանը գտնվել է մտերիմ հարաբերությունների, իսկ Արսեն Աբրահամյանի հոր հետ՝ որոշակի կապերի մեջ), (6) մեղադրյալի՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը և դրանով պայմանավորված գործով անցնող անձանց մոտ նրա ունեցած հեղինակությունը բավարար են փաստելու, որ առկա է գործով անցնող անձանց նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու և ապացուցման գործընթացին խոչընդոտելու հիմքը։
Այլ կերպ ասած, վերը նշված հանգամանքների համակցությունը Դատարանին թույլ է տալիս գալու այն եզրահանգման, որ մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցի կիրառումը չի կարող երաշխիք լինել կալանքի համապատասխան հիմքի չեզոքացման համար:
(…)
Միևնույն ժամանակ սույն որոշմամբ շարադրված իրավադրույթների, դրանց վերլուծության արդյունքում ձևավորված դատողությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո Դատարանը հանգում է հետևության, որ այլընտրանքային խափանման միջոցների (այդ թվում՝ գրավի և տնային կալանքի) կիրառման միջոցով ողջամտորեն հնարավոր չէ ապահովել մեղադրյալի հետագա պատշաճ վարքագիծը մինչդատական վարույթի ընթացքում։
Դատարանն արձանագրում է նաև, որ կալանքի տակ որոշակի ժամանակ գտնվելուն զուգահեռ, թեպետ, նվազում է կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառման հիմքերի դրսևորման ողջամիտ հավանականությունը, ինչը, սակայն, առկա փաստական տվյալների պայմաններում միանշանակ պնդել հնարավոր չէ։ Մասնավորապես, թեև մեղադրյալ Վարդան Մամիկոնյանն անազատության մեջ է գտնվում արդեն որոշակի ժամանակահատված, այնուամենայնիվ այդ հանգամանքը չի նվազեցրել կալանավորման՝ վկայակոչված հիմքն այն աստիճան, որպեսզի թույլատրելի ճանաչվի այլընտրանքային խափանման որևէ միջոցի կիրառման հնարավորությունը։ (…)»:
8․ Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանն, ի թիվս այլնի, հաշվի է առնում այն, որ սույն քրեական վարույթով իրականացվում են ապացույցների հավաքում և գնահատում, որի համատեքստում դեռևս անհրաժեշտ է կատարել մի շարք քննչական գործողություններ, վկաների հարցաքննություններ և առերես հարցաքննություններ:
Անդրադառնալով մեղադրյալ Վարդան Մամիկոնյանի կալանավորման նպատակների առկայության կամ բացակայության հարցին՝ Վերաքննիչ դատարանը վերոգրյալ իրավանորմերի և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությամբ փաստում է, որ քննիչի միջնորդությունը բավարարելիս, անդրադառնալով քննիչի կողմից ներկայացված կալանք կիրառելու նպատակներին՝ Առաջին ատյանի դատարանն իրատեսական է համարել վարույթն իրականացնող մարմնի մտավախությունն առ այն, որ մեղադրյալ Վ.Մամիկոնյանը ազատության մեջ գտնվելով կարող է չկատարել որպես մեղադրյալ իր վրա դրված պարտականությունները, մասնավորապես առկա է ողջամիտ ենթադրություն, որ վերջինս կխոչընդոտի քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի կմիջամտի ապացուցման գործընթացին, ինչպես նաև անօրինական ազդեցություն կգործադրի քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն, ըստ էության, պատշաճ գնահատման է ենթարկել մեղադրյալ Վարդան Մամիկոնյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, ինչի հիման վրա էլ գտել է, որ առկա է վերջինիս կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման մտավախությունը:
(…)
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն հետևություններին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը չի կարող չեզոքացվել օրենքով սահմանված որևէ այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ և գտնում, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը բավարարելու մասին որոշում կայացնելիս խախտել է նվազագույնի սկզբունքը։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատողությունն առ այն, որ « (…) կալանքի տակ որոշակի ժամանակ գտնվելուն զուգահեռ, թեպետ, նվազում է կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառման հիմքերի դրսևորման ողջամիտ հավանականությունը, ինչը, սակայն, առկա փաստական տվյալների պայմաններում միանշանակ պնդել հնարավոր չէ։ Մասնավորապես, թեև մեղադրյալ Վարդան Մամիկոնյանն անազատության մեջ է գտնվում արդեն որոշակի ժամանակահատված, այնուամենայնիվ այդ հանգամանքը չի նվազեցրել կալանավորման՝ վկայակոչված հիմքն այն աստիճան, որպեսզի թույլատրելի ճանաչվի այլընտրանքային խափանման որևէ միջոցի կիրառման հնարավորությունը (…)», որևէ կերպ պատճառաբանված չէ։ Ավելին, Առաջին ատյանի դատարանը չի հստակեցրել, թե հատկապես քննության այս փուլում որ հանգամանքների ամբողջությունն է առաջացնում ողջամիտ մտավախություն առ այն, որ բացառապես ամենախիստ խափանման միջոցի՝ կալանքի, պայմաններում է հնարավոր հասնել դրա նպատակներին։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանում միջնորդության քննարկման ժամանակ Վ.Մամիկոնյանն ընդհանուր առմամբ արդեն իսկ մոտ չորս ամիս գտնվել է կալանքի տակ, գործով կատարվել են մի շարք ակտիվ ապացուցողական գործողություններ, հարցաքննվել են առանցքային վկաներ։ Մասնավորապես վկա Անդրանիկ Մկրտչյանը միակ անձն է, որ տվել է ենթադրյալ հանցանքներում Վարդան Մամիկոնյանի առնչության վերաբերյալ մեղադրող ցուցմունքներ և հայտնել, որ պատրաստ է այդ ցուցմունքները պնդել վերջինիս՝ առերես։ Մյուս անձինք, ովքեր որևէ չափով մեղադրող ցուցմունքներ են տվել Վարդան Մամիկոնյանի դեմ, դրանցում հայտնել են, որ այդ հանգամանքների մասին լսել են նույն՝ Անդրանիկ Մկրտչյանից։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերջինս այն միակ անձն է, որի նկատմամբ մեղադրյալ Մամիկոնյանը կարող է ունենալ ենթադրյալ ազդեցություն։ Մինչդեռ, այն պայմաններում, երբ Ա․Մկրտչյանն արդեն իսկ հարցաքննված է, ավելին, տվել է նաև առերես ցուցմունք Վ․Մամիկոնյանի դեմ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ որևէ այլընտրանքային խափանման միջոցի՝ մասնավորապես տնային կալանքի պայմաններում, հնարավոր է ապահովել Վ․Մամիկոնյանի մեկուսացումը հիշյալ անձից, ավելին, այդ կերպ հնարավոր է ապահովել Վ․Մամիկոնյանի պատշաճ վարքագիծը, քանի որ նախ՝ մեղադրյալ Մամիկոնյանն այլևս հնարավորություն չունի ազդելու արդեն իսկ իր դեմ մի քանի անգամ մեղադրական ցուցմունք տված անձի վրա, բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը Առաջին ատյանի դատարան չի ներկայացրել այլ փաստական տվյալ, թե ում կամ ինչ վարութային գործողության վրա ևս կարող է ապօրինի ազդեցություն ունենալ Վ․Մամիկոնյանը։
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ արդեն իսկ վերացել է Վ․Մամիկոնյանին կալանքի տակ պահելու նախկինում եղած անհրաժեշտությունը, պայմանավորված այն բանով, որ նախաքննության ներկա փուլում անհամաչափորեն նվազել են նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հնարավոր ռիսկերը:
(…)
Քննիչի միջնորդությունն ամբողջությամբ բավարարելով և մեղադրյալ Վարդան Մամիկոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելով՝ Առաջին ատյանի դատարանը գործել է նվազագույնի սկզբունքին տրամագծորեն հակառակ տրամաբանությամբ, Վարդան Մամիկոնյանի նկատմամբ ընտրել է ամենախիստ խափանման միջոցը, թեև, Վերաքննիչ դատարանի համոզմամբ, նույն նպատակով կիրառելի էին նաև այլընտրանքային այլ խափանման միջոցները: Ընդ որում, մեղադրյալ Վ.Մամիկոնյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, մասնավորապես՝ արդարադատության խոչընդոտելու ռիսկը (հանգամանքները) Առաջին ատյանի դատարանը եթե, այնուամենայնիվ, դիտարկել է որպես իրական, ապա առկա էր քրեական վարույթի ընթացքում նրա օրինական վարքագիծն առավել պիտանի և համաչափ խափանման միջոցով կամ դրանց համակցությամբ ապահովելու գործիքակազմ, որից, սակայն, Առաջին ատյանի դատարանը չի օգտվել։
(…)
Այսպիսով, հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, ինչպես նաև այն, որ մեղադրյալն ունի բնակության վայր, առաջնորդվելով նաև անձի ազատության սահմանափակման նվազագույնի սկզբունքով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի կիրառմամբ հնարավոր է հասնել հետապնդվող նպատակին, այն է՝ ապահովել մեղադրյալի վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների կատարումը:
Վերոգրյալի հաշվառմամբ և քրեական վարույթով ձեռք բերված նյութերի ուսումնասիրությամբ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Վարդան Մամիկոնյանի վարքագծի կամ նրա անձի վերաբերյալ այնպիսի փաստական տվյալ չի ներկայացվել, որը հնարավորություն կտար ողջամտորեն ենթադրելու, որ կալանավորումից զատ խափանման մյուս միջոցները քրեական վարույթի ընթացքում չեն կարող ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը։
(…)
Հետևաբար, հաշվի առնելով մեղադրյալին մեղսագրվող ենթադրյալ արարքների բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը, մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, վարույթի մասնակիցների հետ մեղադրյալի փոխհարաբերությունների բնույթը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում մեղադրյալ Վարդան Սերգեյի Մամիկոնյանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել տնային կալանք խափանման միջոցի կիրառմամբ՝ զուգորդված այլ անձանց հետ նրա շփումների սահմանափակմամբ։ Այս առումով Վերաքննիչ դատարանը համակարծիք չէ Առաջին ատյանի դատարանի այն հետևության հետ, համաձայն որի՝ Վարդան Սերգեյի Մամիկոնյանին մեղսագրվում են առանձնապես ծանր արարքների կատարում, որն աներկբա հիմք է նրա նկատմամբ ամենախիստ խափանման միջոցը՝ կալանավորումը, կիրառելու համար։ Փաստորեն, Առաջին ատյանի դատարանն, ըստ էության, Վարդան Մամիկոնյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնականում դիտարկել է նրան առաջադրված մեղադրանքների ծանրության, դրվագների քանակի, դրանց հնարավոր կատարման եղանակի, դրանց համար սպասվող պատժի խստության համատեքստում։ Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ անթույլատրելի է անձի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի ընտրությունը միայն այն հիմնավորմամբ, որ նրան մեղսագրված է առանձնապես ծանր հանցագործություն։ Նշված հանգամանքը կարող է ունենալ էական նշանակություն, սակայն պետք է միանշանակ զուգորդված լինի վարույթն իրականացնող մարմնի կողմից կոնկրետ փաստերի վրա հիմնված այլ դատավարական մտավախությունների հետ՝ ինչպիսիք, սակայն, այս դեպքում առկա չեն (…) »։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի կիրառմամբ մեղադրյալ Վ․Մամիկոնյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։
10․ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝
(…)
4) անձին իր ավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(…)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) [Կ]ալանքի ժամկետը երկարաձգելը (…) թույլատրվում [է] միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով»:
Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
(…)
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: (…)»։
Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մինչդատական կալանքի վերաբերյալ հանձնարարականի 9-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքի կիրառման դեպքում դատարանը պետք է քննարկի, թե արդյոք այլընտրանքային միջոցներով կարելի է խուսափել կալանքի կիրառումից:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին ուղղված՝ կալանքի կիրառման, դրա համար անհրաժեշտ պայմանների և չարաշահումներից պաշտպանության երաշխիքների վերաբերյալ հանձնարարականի 4-րդ կետի համաձայն՝ կալանքի ոչ հիմնավոր կիրառումից խուսափելու նպատակով պետք է նախատեսվի այլընտրանքային միջոցների հնարավորինս լայն շրջանակ, առավել քիչ սահմանափակումների կիրառմամբ՝ հաշվի առնելով հանցանքի կատարման մեջ կասկածվողի վարքագիծը:
Նույն հանձնարարականի 7-րդ կետի «c» ենթակետի համաձայն՝ անձը կարող է պահվել կալանքի տակ, եթե փախուստի դիմելու, ծանր հանցանք կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու կամ հասարակական կարգի պահպանությանը լուրջ սպառնալիք ներկայացնելու վերաբերյալ ենթադրությունները չեն կարող փարատվել ալընտրանքային միջոցների կիրառմամբ։
«Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Տոկիոյի կանոններ») 6.1-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքը քրեական դատավարությունում պետք է կիրառվի որպես վերջին միջոց (last resort)՝ հաշվի առնելով նախաքննության խնդիրները, հասարակության և տուժողի պաշտպանությունը։
Նույն կանոնների 6.2-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքի այլընտրանքային միջոցները պետք է կիրառվեն հնարավորինս վաղ փուլում։
11․ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- ներպետական իշխանությունները, անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս, պետք է փնտրեն նաև այլընտրանքային միջոցներ, որոնք թույլ կտան ապահովել տվյալ անձի ներկայությունը դատաքննությանը,
- կալանքը պետք է կիրառվի որպես անձի ազատության իրավունքի սահմանափակման վերջին կամ ծայրահեղ միջոց, երբ այլ միջոցներով հնարավոր չէ լիարժեք երաշխավորել վարույթի պատշաճ ընթացքը,
- կալանքի՝ որպես խիստ միջոցի կիրառումը կարող է արդարացվել, երբ այլ՝ ներգործության ուժով նվազ միջոցների կիրառելիությունը քննարկվել է և որոշվել, որ դրանք բավարար չեն մասնավոր կամ հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու համար, ինչը կարող է պահանջել, որ անձը կալանավորվի,
- մեղադրյալի կողմից վարույթի պատշաճ իրականացմանը խոչընդոտելու վտանգը չի կարող որպես հիմք մատնանշվել վերացական մակարդակում և պետք է հիմնավորված լինի փաստական ապացույցներով։
12. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները:
Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման ու կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ ու պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգության մեջ, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից՝ կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ultima ratio) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը։ Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին՝ այդ համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող ու դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։ Ուստի յուրաքանչյուր դեպքում կալանավորման կիրառման հարցը քննարկելիս ելակետ պետք է ընդունվի հիշյալ նպատակների նվաճման հանգամանքը, և եթե հիշյալ նպատակներին հասնելը հնարավոր է առանց կալանավորում կիրառելու, ապա այն չպետք է կիրառվի, հակառակ դեպքում կխախտվի անձի իրավունքների սահմանափակման և դրա արդյունքում հետապնդվող նպատակի միջև անհրաժեշտ համաչափությունը, որի արդյունքում կալանավորումը կվերածվի պարզապես պատժիչ միջոցի կամ կհետապնդի պատժիչ նպատակներ: Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանի համար ուղենիշ է այն գաղափարը, որ իրավական պետությունում քրեական դատավարության նպատակներին պետք է հասնել ոչ թե ցանկացած, այլ՝ անձի իրավունքների և ազատությունների հնարավորինս քիչ սահմանափակման ճանապարհով, ինչն ուղղակիորեն պայմանավորված է մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հրամայականով։
12․1․ Անդրադառնալով խափանման միջոցի կիրառման հիմքերին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի և դրա հետ փոխկապակցված 18-րդ, 29-րդ, 43-րդ, 118-119-րդ հոդվածների համալիր վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը, խափանման միջոցի հիմքերի առկայության և այն կիրառելու անհրաժեշտության մասին խոսելիս, օգտագործում է «կարող է» ձևակերպումը և դրանով իսկ ընդգծում, որ խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածում թվարկված «մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները» ոչ թե պետք է արդեն տեղի ունեցած լինեն, այլ պետք է լինի ռիսկի առկայություն կամ հավանականություն, որ եթե խափանման միջոց չկիրառվի, ապա դրանք տեղի կունենան: Նշվածը սակայն չի նշանակում, որ երբ արդեն իսկ վերոնշյալ գործողությունները մեղադրյալի կողմից կատարվել են, ապա նրա նկատմամբ ուշացած լինելու պատճառաբանությամբ չպետք է կալանավորում կիրառել, այլ ընդհակառակը՝ այդպիսի դեպքերում կալանավորման կիրառումը կլինի առավել քան հիմնավորված և պատճառաբանված: Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ըստ օրենսդրի տրամաբանության՝ չպետք է թույլատրել, որպեսզի մեղադրյալը դրսևորի ոչ պատշաճ վարքագիծ, իսկ դրանից հետո նրա նկատմամբ քննարկվի կալանավորում կիրառելու հարցը, քանի որ կապված նրանից, թե մեղադրյալն ազատության մեջ մնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված որ գործողություններն է կատարել, խափանման միջոց կալանավորման կիրառումը որոշ դեպքերում կարող է լինել ուշացած։
Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանով է պայմանավորված Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն առ այն, որ խափանման միջոցների օրենքով սահմանված հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը։ Նշվածն ուղենիշ է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կանխավարկածը բացառելու համար և պայման՝ դրա կիրառումը հիմնավորվածության չափանիշին համապատասխանելու համար։ Հետևաբար հենց այդ պատճառով է, որ խափանման միջոց կիրառելուց պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնել դրան դեմ և կողմ բոլոր փաստարկները և միայն դրանից հետո վերջնական եզրահանգում անել դրա կիրառման կամ չկիրառման անհրաժեշտության մասին:
12․2․ Անդրադառնալով խափանման միջոցի տեսակն ընտրելու անհրաժեշտությունը որոշելու չափանիշ հանդիսացող՝ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող հնարավոր հանգամանքների առանձնահատկություններին, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դրանց էական նշանակություն ունենալը և որոշիչ դերը նախևառաջ պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված՝ «մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները» վերաբերելի հիմքեր են բոլոր խափանման միջոցներին, որոշ բացառություններով, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպեսզի իրավասու մարմինը գործնականում հնարավորություն ունենա տարբերակված մոտեցում ցուցաբերել և նույն հիմքերի առկայության պայմաններում պիտանի խափանման միջոցն ընտրելու մասին ճիշտ եզրահանգում կատարել և հիմնավորել դրա անհրաժեշտությունը՝ պետք է հաշվի առնել նաև որոշ հանգամանքներ: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման հանգամանքներ, ի թիվս այլնի, կարող են լինել՝
1) վերագրվող հանցանքի փաստական հանգամանքները, ակնկալվող պատժի ծանրության աստիճանը, ինչպես նաև ազատությունից զրկելուն այլընտրանքային պատիժների առկայությունը,
2) մեղադրյալի անձին ներկայացվող հանգամանքները, մասնավորապես՝ դատվածության առկայությունը (նախկինում կատարած արարքի բնույթը, ծանրության աստիճանը, նշանակված պատժի տեսակը, չափը, պատիժը կրելու/ազատվելու հանգամանքը և այլն), ինչպես նաև անձը բնութագրող հանգամանքները,
3) մեղադրյալի տարիքը, սեռը, առողջական վիճակը, քաղաքացիությունը (ՀՀ քաղաքացի է, երկքաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, ապաստան հայցող անձ կամ փախստական), ուսման պայմանները, եթե սովորում է և այլն,
4) զբաղմունքի տեսակը, հասարակությունում ունեցած սոցիալական դիրքը և դերը, եթե աշխատում է, ապա զբաղեցրած պաշտոնը և դրանից բխող հնարավոր ազդեցությունն օգտագործելու հավանականությունը և այլն,
5) ընտանեկան դրությունը (ամուսնացած, ամուսնալուծված), խնամքին անչափահաս կամ անաշխատունակ անձանց առկայությունը, ընտանեկան ամուր կապերը,
6) բնակության մշտական վայրի առկայությունը, ինչպես նաև բնակության վայրում սոցիալական ամուր կապերը,
7) մեղադրյալի գույքային դրությունը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը, կամ հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքի առկայությունը, դրա չափը, այդ գույքի ծագումը թաքցնելուն ուղղված գործողությունների բնույթը և այլն,
8) մեղադրյալի կյանքին սպառնացող վտանգի առկայությունը,
9) եթե մեղադրյալը նախկինում ենթարկվել է քրեական պատասխանատվության և/կամ պատժի, ապա նրա վարքագիծը նախկինում իրականացվող քրեական վարույթի ընթացքում (թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, պարբերաբար չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի հրավերով, էապես խոչընդոտել է վարույթին և այլն), ինչպես նաև այլ ենթադրյալ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվելու մասին մեկ այլ վարույթի առկայությունը (մինչդատական, դատական),
10) այն հանգամանքները, որոնք բացառում են քրեական հետապնդումը (թույլ են տալիս անձին ազատել քրեական պատասխանատվությունից կամ պատժից) կամ քրեական վարույթը,
11) գործով ներգրավված տուժողի, վկաների, այլ մեղադրյալների հետ փոխհարաբերությունների բնույթը,
12) խափանման միջոց կալանք ընտրված լինելու դեպքում տևողության ողջամտությունը և դրանով պայմանավորված այլ քրեաիրավական նշանակություն ունեցող պայմանները,
13) այլ էական հանգամանքներ:
Հատկանշական է, որ վերոգրյալ հանգամանքները խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի առնելու մասին դրույթներ է պարունակում նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ուղղված՝ Եվրոպայի խորհուրդի նախարարների կոմիտեի «Նախնական կալանք կիրառելու, դրա կիրառման պայմանների և խոշտանգումն ու բռնությունը բացառելու միջոցների մասին» (2006) 13 հանձնարարականը, որի 9-րդ կետի համաձայն՝ [1] Ցանկացած ռիսկի սահմանումը պետք է հիմնվի տվյալ գործի հանգամանքների վրա, սակայն հատուկ ուշադրություն պետք է դարձվի հետևյալին՝ «ա) ենթադրելի հանցագործության բնույթին և լրջությանը, բ) պատիժը, որը կարող է նշանակվել դատապարտման դեպքում, գ) տվյալ անձի տարիքը, առողջական վիճակը, բնավորությունը, ծագումը և անձնական ու սոցիալական հանգամանքները, և մասնավորապես համայնքի հետ նրա ունեցած կապերը, և դ) տվյալ անձի վարքը, հատկապես՝ ինչպես է նա կատարել որևէ պարտականություն, որը կարող է դրված լինել նրա վրա նախորդ քրեական վարույթների ընթացքում: [2] Փաստը, որ տվյալ անձն այն պետության քաղաքացի չէ, որտեղ ենթադրաբար կատարվել է հանցագործությունը, կամ որևէ այլ կապ չունի այդ պետության հետ, ինքնին բավարար չի կարող լինել եզրակացնելու, որ առկա է փախուստի ռիսկ»:
Ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից սահմանված բոլոր խափանման միջոցների համար միասնական հիմքերի պայմաններում՝ պիտանի խափանման միջոցն ընտրելու հարցում էական և որոշիչ կարող են լինել վերոթվարկյալ հանգամանքները, որոնք յուրաքանչյուր դեպքում պետք է պատշաճ վերլուծության և գնահատման արժանան խափանման միջոցի տեսակն ընտրելու անհրաժեշտության մասին հետևություն անելիս: Այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոց կիրառելու հիմքերից որևէ մեկի (մի քանիսի) առկայությունը հաստատելը բավարար է, որպեսզի հաստատվի, որ մեղադրյալի նկատմամբ անհրաժեշտություն կա կիրառելու որևէ խափանման միջոց, իսկ կոնկրետ տեսակն ընտրելու համար արդեն իրավասու մարմնի համար ուղենիշ է վերոգրյալ չափանիշների գնահատումը։
13․ Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով տնային կալանք խափանման միջոցի կիրառման առանձնահատկություններին՝ նախևառաջ հարկ է նկատել, որ այն այլընտրանքային խափանման միջոց է, որն իր խստության աստիճանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված խափանման միջոցների համակարգում գտնվում է կալանքի և վարչական հսկողության միջև: Իբրև այլընտրանք` այն պետք է դիտարկվի որպես արդյունավետ միջոց` հակակշռելու համար մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը՝ նրա տնային կալանքի տակ գտնվելու դեպքում։ Այն դատարանի որոշմամբ նշանակվում է բացառապես մեղադրյալի նկատմամբ, ուղեկցվում է վերջինի անձնական ազատության սահմանափակմամբ, մասնավորապես՝ բնակության վայրը չլքելու պարտականությամբ, նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից, փոստային առաքումից և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու արգելքով, ինչպես նաև որոշակի անձանց հետ շփվելու և նրանց իր բնակության վայրում հյուրընկալելու արգելքով, և որի նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է իրավասու մարմինը՝ հատուկ էլեկտրոնային միջոցներով։
Հատկանշական է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի ուժով տնային կալանքի կիրառման կարգի, ժամկետների և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սահմանված դրույթները։ Այլ կերպ՝ օրենսդիրը կիրառման հիմքերի և պայմանների առումով իրավացիորեն նույնացնում է կալանքն ու տնային կալանքը, որպիսի մոտեցումը ամբողջապես համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշմանը։ Մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ Բուզադջին ընդդեմ Մոլդովայի գործով հստակ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ տնային կալանքի նկատմամբ տարածվում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված երաշխիքները։ Մասնավորապես՝ չնայած այն հանգամանքին, որ տնային կալանքն ավելի քիչ սահմանափակումներ, նվազ անհարմարություններ և տառապանք է առաջացնում անձի համար, քան կալանավորումը քրեակատարողական հիմնարկում, քանի որ կալանավորված անձը ստիպված է ինտեգրվել նոր և որոշ դեպքերում նաև անբարեհաճ միջավայրում, կիսել իր ռեսուրսներն ու գործունեությունը այլ խցակիցների հետ, հետևել կարգապահությանն ու իշխանությունների կողմից ենթարկվել տարբեր աստիճանի վերահսկողության ողջ օրվա ընթացքում, սակայն որևէ տարբերություն չկա ազատազրկման տարբեր տեսակների միջև։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ ազատազրկման աստիճան ու ինտենսիվություն արտահայտությունները՝ որպես Կոնվենցիայի 5-րդ հոդվածի կիրառման չափանիշներ, վերաբերում են բացառապես անձի ազատության իրավունքի սահմանափակմանը, այլ ոչ ազատազրկման վայրերի ներքին ռեժիմի կամ հարմարավետության տարբերություններին։ Սա նշանակում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ըստ էության տնային կալանքի կիրառումը դիտում է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում` տնային կալանքը դիտելով կալանքի համար նախատեսված երաշխիքների լույսի ներքո։
Վերոգրյալի հետ միաժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է ընտրվել միայն այն դեպքում, երբ խափանման մյուս միջոցները չեն կարող ապահովել կամ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և հանրային շահի համարժեք պաշտպանությունը: Այլ կերպ՝ կալանավորումը՝ որպես քրեադատավարական հարկադրանքի վերջին՝ բացառիկ միջոց (ultima ratio), անձի նկատմամբ կարող է ընտրվել միայն այն ժամանակ, երբ այլ խափանման միջոցները թույլ չեն տալիս հասնել հետապնդվող իրավաչափ նպատակներին: Հետևաբար Վճռաբեկ դատարանը հիմք ընդունելով կալանքի և տնային կալանքի նույնացման հայեցակարգը, արձանագրում է, որ անձի իրավունքների և ազատությունների հնարավորինս քիչ սահմանափակման անհրաժեշտության պայմաններում, յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տնային կալանքի կիրառման անհրաժեշտությունը և հնարավորությունը դիտարկել տվյալ վարույթի հանգամանքների պատշաճ գնահատման լույսի ներքո՝ հնարավորություն տալով ապահովելու մեղադրյալի իրավունքների նվազ սահմանափակման և նրա մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Այլ կերպ՝ յուրաքանչյուր դեպքում կալանավորման անհրաժեշտությունը չի կարող վերացական գնահատվել, այլ պետք է հաշվի առնել անձի անձնական հատկանիշները, նրա արժեքները, բնակության վայրի առկայությունը, զբաղվածությունը, ընտանեկան կապերը և բոլոր կապերը երկրի ներսում, որտեղ հետապնդվում է, ինչպես նաև անձի արտասահմանում ունեցած հարաբերությունները, ինչն ուղղակիորեն բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված նախադեպային պրակտիկայից։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանի հայեցողությունը՝ կալանքի և տնային կալանքի կիրառման հարաբերակցության միջև, պետք է հիմնված լինի մեղադրյալի վարքագծի տեսանկյունից դրական և բացասական գործոնների հակակշռման ու հավասարակշռման գաղափարի վրա, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ուղղակիորեն նույնանում է սույն որոշման 12․2-րդ կետում վկայակոչված հանգամանքների և արտահայտված իրավական դիրքորոշումների գնահատման անհրաժեշտության հետ։ Նշված հետևության հանգելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հայեցակարգը, որ խափանման միջոցներ կիրառելու, այդ թվում՝ դրանց տեսակներն ընտրելու, հետագայում դրանք փոխելու մեխանիզմի հիմքում դրված կարևորագույն գաղափարը խափանման միջոցի պիտանիությունն է՝ դրված նպատակին հասնելու տեսանկյունից, իսկ անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս հարկ է առաջնորդվել նվազագույնի սկզբունքով, քանի որ արգելվում է ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը։
14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Վարդան Մամիկոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հինգ դրվագ) հանրային քրեական հետապնդում է հարուցվել հանրորեն վտանգավոր այն արարքի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժանմունքի պետ, պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության նշված տարածքային ստորաբաժանումում հաշվառված զորակոչիկներ Արսեն Աբրահամյանի, Արթուր Եղիազարյանի, Արման Աֆրիկյանի, Արեգ Հովհաննիսյանի և Մոնթե Ավետիսյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու և պահեստազորում հաշվառելու համար 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում նրանցից կամ նրանց մերձավոր ազգականներից անձամբ կամ միջնորդի միջոցով որպես կաշառք պահանջել ու յուրաքանչյուրից ստացել է առանձնապես խոշոր չափի 9.762.743,2 ՀՀ դրամին համարժեք 25.000 ԱՄՆ դոլար գումար՝ ընդհանուր 48.813.716 ՀՀ դրամին համարժեք 125.000 ԱՄՆ դոլար գումար։
- Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ արձանագրել է, որ Վարդան Մամիկոնյանին մեղսագրված ենթադրյալ հանցագործության փաստական հանգամանքները, մասնավորապես՝ դրվագների քանակը (5 դրվագ), ենթադրյալ հանցավոր գործողությունների կատարման բնույթը, դրանց դրսևորման ձևը, կատարման եղանակը, ենթադրյալ հանցագործությունների ծանրության աստիճանը (առանձնապես ծանր), ակնկալվող հնարավոր պատժի խստությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է պատիժ ազատազրկման ձևով՝ յոթից տասներկու տարի ժամկետով), գործով անցնող վկաների և մեղադրյալների հետ Վարդան Մամիկոնյանի փոխհարաբերությունների բնույթը (գործով անցնող անձանցից Անդրանիկ Մկրտչյանի հետ Վարդան Մամիկոնյանը գտնվել է մտերիմ հարաբերությունների, իսկ Արսեն Աբրահամյանի հոր հետ՝ որոշակի կապերի մեջ), մեղադրյալի՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը և դրանով պայմանավորված գործով անցնող անձանց մոտ նրա ունեցած հեղինակությունը բավարար են փաստելու, որ առկա է գործով անցնող անձանց նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու և ապացուցման գործընթացին խոչընդոտելու հիմքը։ Այլ կերպ ասած, վերը նշված հանգամանքների համակցությունը Առաջին ատյանի դատարանին թույլ է տվել գալու այն եզրահանգման, որ մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցի կիրառումը չի կարող երաշխիք լինել կալանքի համապատասխան հիմքի չեզոքացման համար:
- Վերաքննիչ դատարանը 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, ըստ էության, պատշաճ գնահատման է ենթարկել մեղադրյալ Վարդան Մամիկոնյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, ինչի հիման վրա էլ գտել է, որ առկա է վերջինի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման մտավախությունը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի այն հետևություններին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը չի կարող չեզոքացվել օրենքով սահմանված որևէ այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ և գտել է, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը բավարարելու մասին որոշում կայացնելիս խախտել է նվազագույնի սկզբունքը։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանում միջնորդության քննարկման ժամանակ Վ.Մամիկոնյանն ընդհանուր առմամբ արդեն իսկ մոտ չորս ամիս գտնվել է կալանքի տակ, գործով կատարվել են մի շարք ակտիվ ապացուցողական գործողություններ, հարցաքննվել են առանցքային վկաներ։ Մասնավորապես՝ վկա Անդրանիկ Մկրտչյանը միակ անձն է, որ տվել է ենթադրյալ հանցանքներում Վարդան Մամիկոնյանի առնչության վերաբերյալ մեղադրող ցուցմունքներ և հայտնել, որ պատրաստ է այդ ցուցմունքները պնդել վերջինիս՝ առերես։ Մյուս անձինք, ովքեր որևէ չափով մեղադրող ցուցմունքներ են տվել Վարդան Մամիկոնյանի դեմ, դրանցում հայտնել են, որ այդ հանգամանքների մասին լսել են նույն՝ Անդրանիկ Մկրտչյանից։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերջինն այն միակ անձն է, որի նկատմամբ մեղադրյալ Մամիկոնյանը կարող է ունենալ ենթադրյալ ազդեցություն։ Մինչդեռ, այն պայմաններում, երբ Ա․Մկրտչյանն արդեն իսկ հարցաքննված է, ավելին, տվել է նաև առերես ցուցմունք Վ․Մամիկոնյանի դեմ, ուստի որևէ այլընտրանքային խափանման միջոցի՝ մասնավորապես տնային կալանքի պայմաններում, հնարավոր է ապահովել Վ․Մամիկոնյանի մեկուսացումը հիշյալ անձից, ավելին, այդ կերպ հնարավոր է ապահովել Վ․Մամիկոնյանի պատշաճ վարքագիծը, քանի որ նախ՝ մեղադրյալ Մամիկոնյանն այլևս հնարավորություն չունի ազդելու արդեն իսկ իր դեմ մի քանի անգամ մեղադրական ցուցմունք տված անձի վրա, բացի այդ, վարույթն իրականացնող մարմինն Առաջին ատյանի դատարան չի ներկայացրել այլ փաստական տվյալ, թե ում կամ ինչ վարութային գործողության վրա ևս կարող է ապօրինի ազդեցություն ունենալ Վ․Մամիկոնյանը։ Վերոգրյալի հիման վրա, Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ արդեն իսկ վերացել է Վ․Մամիկոնյանին կալանքի տակ պահելու նախկինում եղած անհրաժեշտությունը, պայմանավորված այն բանով, որ նախաքննության ներկա փուլում անհամաչափորեն նվազել են նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հնարավոր ռիսկերը: Արդյունքում, հաշվի առնելով մեղադրյալին մեղսագրվող ենթադրյալ արարքների բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը, մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, վարույթի մասնակիցների հետ մեղադրյալի փոխհարաբերությունների բնույթը, Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն դեպքում մեղադրյալ Վ․Մամիկոնյանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել տնային կալանք խափանման միջոցի կիրառմամբ՝ զուգորդված այլ անձանց հետ նրա շփումների սահմանափակմամբ։
15․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքին այլընտրանք հանդիսացող տնային կալանք խափանման միջոցի կիրառմամբ մեղադրյալ Վ․Մամիկոնյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն գործում առկա մի շարք փաստական հանգամանքներ և իր եզրահանգումները չի կառուցել այդ հանգամանքների համակցված վերլուծության վրա:
Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Վ․Մամիկոնյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի կիրառման արդյունքում չի պահպանել Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները և անտեսել է սույն գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունները, որոնք իրենց համակցության մեջ, բավարար էին Վ․Մամիկոնյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու և նրա նկատմամբ առավել խիստ խափանման միջոց՝ կալանքը կիրառելու համար։
16․ Մասնավորապես, նախևառաջ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման չի ենթարկվել Վ․Մամիկոնյանին մեղսագրվող ենթադրյալ հանցագործությունների կատարման փաստական հանգամանքները և ծանրության աստիճանը (մեղադրյալին մեղսագրվում է 5 դրվագ՝ առանձնապես ծանր հանցանքի կատարում), դրանց բնույթը, դրսևորման ձևի համատեքստում նաև մեղադրյալի դերակատարումը, եղանակը, ծանրության աստիճանը և ակնկալվող հնարավոր պատժի խստությունը (ազատազրկում՝ յոթից տասներկու տարի ժամկետով), գործի բարդությունն ու ծավալները, դատավարության մասնակիցների մեծ քանակը, որոնք առանցքային նշանակություն ունեն մեղադրյալի կողմից գործի քննությանը միջամտելու ռիսկի աստիճանի գնահատման տեսանկյունից, մասնավորապես, հանդիսանում են այնպիսի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք էականորեն բարձրացնում են գործի քննությանը խոչընդոտելու հավանականության ռիսկը՝ հատկապես այն պայմաններում, երբ նախաքննությունը դեռևս գտնվում է ապացույցների ձեռքբերման ակտիվ փուլում և չեն կատարվել մի շարք այլ ապացուցողական գործողություններ։
Միաժամանակ հարկ է նկատել, որ մեղադրյալին մեղսագրվում է բարձր լատենտայնություն ունեցող առանձնապես ծանր հանցագործություն, որն առավել դժվարությամբ բացահայտվող հանցագործություններից է, քանի որ հանցագործության բոլոր մասնակիցների շահերն այստեղ համընկնում են ու միահյուսված են, ուստի, որպես կանոն, չկա որևէ մեկը, ով շահագրգռված կլինի հանցագործության բացահայտման մեջ: Նշված հանգամանքները, գործի նյութերից բխող մյուս հանգամանքների համատեքստում, հանդիսանում են մեղադրյալ Վ․Մամիկոնյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր:
Վերոգրյալի համատեքստում հարկ է ընդգծել, որ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ մեղսագրվող հանցավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը և ակնկալվող պատժի խստությունը, թեև ինքնին բավարար չեն անձի ազատության կանխավարկածը հաղթահարելու համար, սակայն գործի նյութերից բխող մյուս հանգամանքների համատեքստում, հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր, ինչն ուղղակիորեն բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած իրավակիրառ պրակտիկայից (Տե՛ս Մարու իրավունքների եվրոպական դատարանի` Neumeister v. Austria գործով 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, Sopin v. Russia գործով 2012 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 57319/10, կետ 42, Buzadji v. The Republic of Moldova [ՄՊ] գործով 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 23755/07, կետ 90, Gabor Nagy v. Hungary (No. 2) գործով 2017 թվականի ապրիլի 11-ի վճիռը, գանգատ թիվ 73999/14, կետ 70:)։
17․ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել նաև այն հանգամանքը, որ մեղադրյալը, քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս, եղել է պաշտոնատար անձ, մասնավորապես՝ հանդիսացել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բաժանմունքի պետ, ով ի պաշտոնե տիրապետում է զորակոչային ծառայության, բժշկական հանձնաժողովների աշխատանքներին, հետևաբար նաև՝ զորակոչիկների բժշկական հետազոտությունների նրբություններին, որպիսի հանգամանքը դրանից բխող կայուն և լայն սոցիալական կապերի ենթադրյալ առկայության պայմաններում էական ազդեցություն ունի մեղադրյալի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականության աստիճանը գնահատելու համար։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմանբ, էապես բարձր է եղել մեղադրյալ Վ․Մամիկոնյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու և մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ հատկապես այն պայմաններում, երբ քրեական գործով որպես մեղադրյալ և վկա ներգրավված անձինք որոշակի փոխհարաբերությունների, այդ թվում՝ նաև ծառայողական կախվածության մեջ են գտնվել մեղադրյալից։
Այս առումով հատկանշական է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ, ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս առանձնահատուկ դերակատարում ունի նրա` հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները խոչընդոտելու մինչդատական վարույթի բնականոն ընթացքին։ Այդ պատճառով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունելի է համարում անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս նրա ունեցած ազդեցության, այն հանգամանքի գնահատումը, որ անձը ղեկավարում է հիմնարկ, որտեղ շարունակում են աշխատել գործով ներգրավման ենթակա հնարավոր վկաները։ Այդ համատեքստում անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաշվի է առել օրինակ` անձի ոստիկան հանդիսանալու և դրանով պայմանավորված՝ գործով հարցաքննման ենթակա վկաների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը։
18․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևություններին առ այն, որ վկա Ա․Մկրտչյանը միակ անձն է, ով տվել է ենթադրյալ հանցանքներում Վ․Մամիկոնյանի առնչության վերաբերյալ մեղադրող ցուցմունքներ և հայտնել, որ պատրաստ է այդ ցուցմունքները պնդել վերջինին՝ առերես, իսկ մյուս անձինք, ովքեր որևէ չափով մեղադրող ցուցմունքներ են տվել Վ․Մամիկոնյանի դեմ, դրանցում հայտնել են, որ այդ հանգամանքների մասին լսել են նույն՝ Ա․Մկրտչյանից, հետևաբար, վերջինն այն միակ անձն է, որի նկատմամբ մեղադրյալ Վ․Մամիկոնյանը կարող է ունենալ ենթադրյալ ազդեցություն, ապա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մեղադրյալ Վ․Մամիկոնյանն ի պաշտոնե տիրապետում է զորակոչային ծառայության, բժշկական հանձնաժողովների աշխատանքներին, հետևաբար նաև՝ զորակոչիկների բժշկական հետազոտությունների նրբություններին, որպիսի պայմաններում զորակոչիկներ Ա․Աբրահամյանի, Ա․Եղիազարյանի, Ա․Աֆրիկյանի, Ա․Հովհաննիսյանի և Մ․Ավետիսյանի զորակոչման գործընթացի հետ առնչություն ունեցած զինկոմիսարիատի բոլոր աշխատակիցների և վերջինների բժշկական հետազոտություններն իրականացրած բժիշկների հարցաքննված չլինելու պայմաններում մեղադրյալի կողմից պաշտոնից բխող հեղինակությունն ու կապերն օգտագործելով վերջինների վրա ազդեցություն ունենալու և իր համար բարեպաստ ցուցմունքներ տալու հավանականությունը ողջամտորեն բարձր է։ Ավելին՝ հատկանշական է, որ միջնորդության համաձայն՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել տվյալներ, որոնք թեև բավարար չեն կոնկրետ իրավական ընթացակարգեր նախաձեռնելու համար, սակայն ողջամտորեն ենթադրում են, որ Վ․Մամիկոնյանը իրեն մեղսագրվող արարքներից բացի՝ մի շարք այլ զորակոչիկների օգտին ևս կատարել է ապօրինի գործողություններ, որոնք Վճռաբեկ դատարանի գնահատմամբ էական նշանակություն ունեն մեղադրյալի կողմից նախաքննությանը խոչընդոտելու հնարավոր ռիսկերը գնահատելու տեսանկյունից և միաժամանակ ողջամտորեն հիմնավորում են, որ Ա․Մկրտչյանն այն միակ անձը չէ, ում նկատմամբ մեղադրյալ Վ․Մամիկոնյանը կարող է ունենալ ենթադրյալ ազդեցություն։
19․ Միաժամանակ հարկ է նկատել, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել այն առանցքային փաստական տվյալը, որ Վ.Մամիկոնյանի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված թիվ 58203520 քրեական գործով մեղադրյալին մեղսագրվում է համասեռ հանցագործության կատարում, որի շրջանակներում մեղադրյալի նկատմամբ 2020 թվականի ապրիլի 13-ին որպես խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով: Այլ կերպ՝ մեկ այլ վարույթով փաստացի ունենալով ամբաստանյալի կարգավիճակ, վերջինի նկատմամբ կիրառվել է ավելի մեղմ՝ անազատության հետ չկապված խափանման միջոց, որպիսի պայմաններում մեղադրյալը շարունակել է պաշտոնավարել՝ զբաղվելով համասեռ հանցավոր գործունեությամբ, այսինքն՝ առկա է ոչ թե ողջամիտ ենթադրություն, այլ արդեն իսկ գոյություն ունեցող փաստական տվյալ՝ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը էապես բարձր գնահատման համար։
Մինչդեռ, վերոնշյալ ծանրակշիռ փաստական հանգամանքները, որոնք իրենց համակցության մեջ բավարար էին մեղադրյալի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար, համակողմանի և պատշաճ գնահատման չեն ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից, և նշվածն ուշադրության չարժանացնելու արդյունքում, Վերաքննիչ դատարանը տնային կալանքը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելով, հաշվի չի առել, որ կոնկրետ դեպքում այլընտրանքային խափանման միջոցն ի զորու չէ հակակշռելու Վ․Մամիկոնյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը` հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Այլ կերպ, Վերաքննիչ դատարանը համակողմանի գնահատման չի ենթարկել այն, որ Վ․Մամիկոնյանի զբաղեցրած պաշտոնի, գործով անցնող դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու բարձր հավանականության, ինչպես նաև վերջինի կողմից արդեն իսկ փաստացի ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորված լինելու պայմաններում, տնային կալանքը չէր կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, որը կկաշկանդեր նրան դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և կչեզոքացներ նաև նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը։
20․ Ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների վերը նշված առանձնահատկությունները, վարույթի նյութերից բխող մյուս տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել, որ քրեական վարույթի քննության տվյալ փուլում առկա է մեղադրյալ Վ․Մամիկոնյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու բարձր հավանականության շարունակական ռիսկը, ինչը չի կարող չեզոքացվել կալանքին այլընտրանք խափանման միջոց՝ տնային կալանքի կիրառմամբ։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում տնային կալանքը կարող է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Վ․Մամիկոնյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը, հիմնավոր չեն։
21․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն, հաշվի առնելով սույն որոշումը կայացնելու պահին Վ․Մամիկոնյանի՝ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ կիրառված տնային կալանքի տակ գտնվելու ժամկետը լրացած և հետագայում մեկ այլ որոշմամբ երկարաձգված լինելը, ինչպես նաև տնային կալանքի մեկ օրը կալանքի մեկ օրվան հաշվակցելու օրենսդրական կարգավորումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Վարդան Սերգեյի Մամիկոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
