Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ2/0003/01/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ2/0003/01/23
Դիմող / մեղադրյալ
Արմեն Սանթրոսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
15.07.2024
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
12 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ2/0003/01/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Գ․Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր` Մ․Մակյան 2024 թվականի հուլիսի 15-ին քաղաք Երևանում ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Արմեն Վովայի Սանթրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի փետրվարի 22-ին ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ըստ առարկայական ընդդատության ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ուղարկվել թիվ 69112821 ՏԴ/0203/01/21  քրեական գործն ըստ մեղադրանքի՝  Արմեն Վովայի Սանթրոսյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով 2 դրվագ և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Գոհար Հրանտի Դավթյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, և Արմենակ Արարատի Հովհաննիսյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ 2. Գործի դատաքննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 23–ի որոշմամբ պաշտպան Կ․Կիրակոսյանի  միջնորդությունը բավարարվել է մասնակի, և մեղադրյալ Ա․Սանթրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ 3. ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Հ․Մաշադյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 11-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 23-ի որոշումը թողնվել է անփոփոխ։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ 4․1․ Դավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներակայցվել։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 11-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, այդ որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ` նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Ի հիմնավորում վերը նշված փաստարկի՝ բողոքաբերը մասնավորապես նշել է, որ ինչպես 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 83-րդ հոդվածով, այնպես էլ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների ուժով Ա․Սանթրոսյանի արարքը համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որը հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցանք և վաղեմության ժամկետը հինգ տարի է: Մինչդեռ ստորադաս դատարանները, Ա․Սանթրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս, հիմք են ընդունել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված ոչ մեծ ծանրության հանցագործության վաղեմության ժամկետը՝ երկու տարին, անտեսելով այն հանգամանքը, որ հանցանքի կատարման պահին վերջինիս արարքը հանդիսացել է ոչ թե ոչ մեծ, այլ միջին ծանրության հանցանք, որի վաղեմության ժամկետն արարքի կատարման պահին գործող օրենքով եղել է հինգ տարի: 5․1․ Ըստ բողոքաբերի՝ Ա․Սանթրոսյանի վիճակը բարելավող օրենքին հետադարձ ուժ տալով՝ ստորադաս դատարնները ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթների խախտմամբ միաժամանակ կրկնակի հետադարձ ուժ են տվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթներին՝ անտեսելով այն հանգամանքը, որ արարքի կատարման պահին գործող օրենքով վերջինիս արարքը հանդիսացել է միջին ծանրության հանցագործություն, որոնց վաղեմության ժամկետը հինգ տարի է: 6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 28-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. 2021 թվականի հոկտեմբերի 25-ին կազմված մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա․Սանթրոսյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ․ «(…) Իրավապահ մարմինների կողմից` Դիլիջան համայնքին պատկանող և համայնքապետարանի հաշվեկշռում ընդգրկված «TLB-825-RM» մակնիշի 24-27 LS հաշվառման համարանիշի էքսկավատորն Արմեն Սանթրոսյանի կողմից անհատույց «Դրուժբաշին» ԱԿ-ի նախագահ Վարդան Մուկուչյանին հանձնելու հանգամանքը բացահայտվելուց հետո, համայնքի գույքն առանց փաստաթղթային ձևակերպման Վ.Մուկուչյանին հանձնելու փաստը թաքցնելու դիտավորությամբ, 2019 թվականի սեպտեմբերի 30-ին հեռախոսազանգի միջոցով նախնական համաձայնության գալով «Դրուժբաշին» արտադրական կոոպերատիվի նախագահ Վարդան Մուկուչյանի հետ, հետին ամսաթվով՝ 2019թ. սեպտեմբերի 27-ի թվագրմամբ, կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող պայմանգիր՝ իբր 2019 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 02-ը «TLB-825-RM» մակնիշի` 24-27 LS հաշվառման համարանիշի էքսկավատորը նշված կոոպերատիվին օրեկան 25.000 ՀՀ դրամով վարձակալության հանձնելու վերաբերյալ:(...)»: 8. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքը դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների տեսակին, այն համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որը դասակարգվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների տեսակին։ Հիմք ընդունելով քրեական օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, առ այն, որ արարքի պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, ուստի Արմեն Վովայի Սանթրոսյանի նկատմամբ կիրառելի է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատժով պայմանավորված օրենսդրական կարգավորումները.։(...) Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության լույսի ներքո քննարկելով ներկայացված միջնորդությունը, ինչպես նաև հիմք ընդունելով գործում առկա փաստական հանգամանքները, Դատարանն գտնում է, որ ամբաստանյալ Արմեն Սանթրոսյանի պաշտպան Կարեն Կիրակոսյանի միջնորդությունն ենթակա է բավարարման մասնակի, այն է՝ (...) Արմեն Վովայի Սանթրոսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին/ հարուցված քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, դադարեցնելու մասին ներկայացված միջնորդությունը հիմնավոր է, ենթակա է բավարարման, այսինքն անհրաժեշտ է Արմեն Վովայի Սանթրոսյանի նկատմամբ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասին/ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով /1998 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով/(...)»։ 9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, իր որոշմամբ փաստել է. «(...) 2003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Արմեն Սանթրոսյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ՝ վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը՝ մինչդեռ նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հաշվարկվում էր անձի կողմից կատարած հանցանքն ավարտվելու օրվանից մինչև գործով կայացված վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վաղեմության առումով կիրառելի են 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթները՝ որոնք առավել բարենպաստ են ամբաստանյալի համար։ Անդրադառնալով Բողոքաբերի այն փաստարկին, որ՝ « (…) Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթների խախտմամբ միաժամանակ կրկնակի հետադարձ ուժ է տվել նախկին քրեական օրենսգրքի դրույթներին՝ անտեսելով այն հանգամանքը, որ արարքի կատարման պահին գործող օրենքով Ա.Սանթրոսյանի արարքը հանդիսացել է միջին ծանրության հանցագործություն, որի վաղեմության ժամկետը 5 տարի է (…)», Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ հետադարձ ուժ ունի ոչ միայն պատիժը, այլև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը։ Այլ կերպ՝ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ նորմը պետք է դիտարկել նույն հոդվածի 6-րդ մասում սահմանված կանոնի հետ համակցված՝ հաշվի առնելով, որ հետադարձ ուժ ունի նաև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը, քանի որ պատժի հարցերը կազմում են պատասխանատվության միայն մի մասը, հետևաբար՝ քրեական պատասխանատվությունը և պատիժը միմյանց հետ հարաբերակցվում են՝ ամբողջի (պատասխանատվություն) և մասի (պատիժ) համատեքստում: Ինչ վերաբերում է Բողոքաբերի այն պնդմանը, որ նախկին քրեական օրենսգրքի դրույթներին հետադարձ ուժ է տրվել կրկնակի, ապա նշվածն անհիմն է, քանի որ օրենսդրությամբ առկա չէ որևէ սահմանափակում, թե քանի անգամ է թույլատրելի առավել մեղմ կանոնի կիրառումը, ուստի, պետք է արձանագրել, որ այս առումով բողոքում բերված փաստարկը նույնպես իրավաչափ չէ։ (...)»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք մեղադրյալ Ա․Սանթրոսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: 2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի: 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (...) 4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։ (...) 6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»: 11․1․ ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ հոդվածներով ամրագրված երաշխիքը, որը նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք է, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ է գրավում, որը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձութամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով։ 12․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր։ 13․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։ Ուստի, ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի, քննարկվող դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։ 14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․ - մեղադրյալ Ա․Սանթրոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով այն ենթադրյալ արարքի կատարման համար, որ վերջինս 2019 թվականի սեպտեմբերի 30-ին հեռախոսազանգի միջոցով նախնական համաձայնության գալով «Դրուժբաշին» արտադրական կոոպերատիվի նախագահ Վարդան Մուկուչյանի հետ, հետին ամսաթվով՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ի թվագրմամբ, կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող պայմանգիր, - Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ Ա․Սանթրոսյանի կողմից քննարկվող հանցագործությունը կատարվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում, և հիմք ընդունելով քրեական օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, Ա․Սանթրոսյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատժով պայմանավորված օրենսդրական կարգավորումները և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում տվյալ օրենսգրքով ոչ մեծ ծանրության հանցագործության համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետները նախատեսող նորմերը, - Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գրոծող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Ա․Սանթրոսյանի նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վաղեմության ժամկետն անցնելու առումով մեղադրյալ Ա․Սանթրոսյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ ոչ մեծ ծանրության հանցանքների վերաբերյալ վաղեմության ժամկետների համար սահմանված կարգավորումները, քանի որ դրանք առավել բարենպաստ են վերջինիս համար։ 15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա․Սանթրոսյանին մեղսագրվող պաշտոնեական կեղծիք կատարելը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ հիշյալ օրենսդրական դրույթների փոփոխությունները Ա․Սանթրոսյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումն առ այն, որ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով, ինչպես գործող քրեաիրավական օրենքով ոչ մեծ ծանրության, այնպես էլ՝ նախկին քրեական օրենսդրությամբ միջին ծանրության հանցագործությունների համար, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է հինգ տարի։ Այլ կերպ, թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Ա․Սանթրոսյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի։ Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ չորս տարի անց մեղադրյալ Ա․Սանթրոսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը։ 16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Ա․Սանթրոսյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։ 17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա․Սանթրոսյանի պաշտպան Կ․Կիրակոսյանի  միջնորդությունը պետք է մերժել։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Արմեն Վովայի Սանթրոսյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցոն դատարանի 2024 թվականի հունվարի 23–ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 11-ի որոշումը բեկանել և պաշտպան Կ․Կիրակոսյանի  միջնորդությունը մերժել։ 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Դատավորներ՝ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Ս.ՉԻՉՈՅԱՆ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ