Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0124/01/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0124/01/23
- Դիմող / մեղադրյալ
- Վլադիմիր Ասատրյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 19.07.2024
- ՀՀ Սահմանադրություն
- Միջազգային փաստաթղթեր
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
11 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0124/01/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր` Ս.Դադոյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Ս.Մարաբյան
2024 թվականի հուլիսի 19-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ս․ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Վլադիմիր Վարդանի Ասատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հոկտեմբերի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հունիսի 13-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Վարդանի Ասատրյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետով, Ալլա Օմարիկի Ջեյրանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Ադիբեկ Հրաչի Հակոբյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Կարինե Թորգոմի Խաչատրյանի՝ 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Գագիկ Արտակի Մկրտչյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով և 44-437-րդ հոդվածի 1-ին մասով։
1.1 Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հունիսի 14-ի որոշմամբ թիվ ՀԿԴ/0124/01/23 քրեական գործն ստանձնվել է վարույթ և նշանակվել է նախնական դատալսումներ։
2․ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ մեղադրյալ Վ․Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով, որի ընթացքում արգելվել է շփումն այլ անձանց հետ, արգելվել է ունենալ հեռախոսային խոսակցություններ, ինչպես նաև արգելվել է ունենալ նամակագրություն, օգտվել հաղորդագրության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց։
3․ Դատախազ Հ․Մանասյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ Առաջին ատյանի դատական ակտը թողնվել է անփոփոխ։
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գխավոր դատախազ Ա․Վարդապետյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
4․ Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ և 116-119-րդ հոդվածներով նախատեսված նորմերը՝ թույլ տալով դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքը և, բացի այդ, Վերաքննիչ դատարանի հիմնավորումները հակասում են Վահագն Հակոբի Պողոսյանի վերաբերյալ թիվ ԿԴ1/0062/06/12, Արշակ Սարգսի Հակոբյանի վերաբերյալ թիվ ԵԴ/1194/06/21, ինչպես նաև Արմեն Լևոնի Աբրահամյանի վերաբերյալ թիվ ԵԱՆԴ/0030/01/16 գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներում արձանագրված հիմնավորումներին:
4․1․ Բողոքաբերը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարքները դասվում են կոռուպցիոն հանցանքների շարքին, որոնց լատենտայնության առավել բարձր աստիճանով պայմանավորված՝ քրեական վարույթի բոլոր հանգամանքներն ու ենթադրյալ կոռուպցիոն սխեմայի ամբողջական բացահայտումը և դրանց հաստատումը պահանջում են առավել մեծ ջանքեր ու միջոցներ՝ հատկապես այն դեպքում, երբ ենթադրյալ հանցանքի` առերևույթ կատարումը կապվում է վարչական լծակներով օժտված պաշտոն զբաղեցրած անձի անվան հետ, ինչը ձևավորում է կասկած, որ անձը կարող է չկատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները, այդ թվում՝ ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:
4․2․ Բողոքաբերը փաստել է, որ սույն գործով հիմնական դատալսումները դեռևս չեն սկսվել և ապացույցները չեն հետազոտվել, չեն հարցաքննվել դատակոչի ցանկում ներառված և Վլադիմիր Ասատրյանի վերաբերյալ մեղադրական բնույթի ցուցմունքներ տված անձինք, որոնց գերակշռող մասը նաև հանդիսանում են Վլադիմիր Ասատրյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված գործընկերները: Ընդ որում, գործով մեղադրյալներից Գագիկ Մկրտչյանը հանդիսանում է Վլադիմիր Ասատրյանի ընկերը, մյուս մեղադրյալների հետ Վլադիմիր Ասատրյանը որոշակի ժամանակահատված գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ: Նշված հանգամանքներն առավել քան վկայում են գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականության մասին, այսինքն՝ դրանք էականորեն բարձրացնում են մեղադրյալի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը։
4․3․ Ըստ բողոքաբերի՝ անընդունելի են Վերաքննիչ դատարանի դատողություններն առ այն, որ այն պայմաններում, երբ քրեական գործով գերակշիռ մաս են կազմում գրավոր ապացույցները՝ արտավարութային փաստաթղթերը, զննության արձանագրությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցները, մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը նվազում է: Գտնում է, որ նման մոտեցմամբ առաջնորդվելու պարագայում կարող է ձևավորվել այնպիսի պրակտիկա, որ մեղադրական բնույթի ցուցմունքներ տված անձի ցուցմունքներն անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրվելիս և/կամ մեղադրական եզրակացությունում շարադրվելիս, այլևս այդ անձի նկատմամբ հիշյալ հիմքով կալանքը` որպես խափանման միջոց, չի կարող կիրառվել և/կամ փաստվել դրա շարունակականության անհրաժեշտությունը։
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։
Հատուկ վերանայման բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները.
6․ Մեղադրյալ Վ․Ասատրյանի պաշտպան Ա․Մանուկյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ դատախազի կողմից ներկայացված բողոքի փաստարկները իրավաչափ և հիմնավոր չեն։
6․1․ Ըստ բողոքի պատասխան ներկայացրած անձի՝ տվյալ դեպքում առկա չեն այնպիսի հանգամանքներ, որոնք կհիմնավորեն Վ․Ասատրյանի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի՝ կալանքի կիրառման իրավաչափությունը։ Մասնավորապես, Վ․Ասատրյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքի փաստական կողմը, բացի այդ, մեղադրանքներն ընդունել են նաև քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակով հանդես եկող մի շարք անձիք։
6․3․ Պաշտպան Ա․Մանուկյանը նշել է նաև, որ Վ․Ասատրյանը չի խախտել իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, առկա չէ նրա կողմից վարույթին ներգրավված այլ անձանց նկատմամբ ազդեցություն գործադրելու և վարույթին խոչընդոտելու վերաբերյալ որևէ ապացույց, հետևաբար կիրառված այլընտրանքային խափանման միջոցի փոփոխման հիմքերն այս մասով ևս բացակայում են։
Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Վլադիմիր Վարդանի Ասատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ «(…) [Ն]ա «ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի մարտի 18-ի թիվ 265-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնը և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով հանդիսանալով ինքնավար պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, տարբեր անձանց օգտին իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2 դրվագով ստացել (պահանջել) է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև կատարել է խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչություն, և պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախության եղանակով հափշտակել է ուրիշի խոշոր չափերով գույքը (…):»:
8․ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը փաստում է, որ սույն քրեական գործի վարույթը ստանձնելիս ամբողջությամբ ուսումնասիրվել է քրեական գործում առկա տվյալները ողջ ծավալով՝ չսահմանափակվելով մեղադրական եզրակացությունում առկա ապացույցների ձևակերպմամբ, ուստի թիվ ՀԿԴ/0124/01/23 քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից Դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Վլադիմիր Ասատրյանի և նույն քրեական գործով, մեղադրյալներ Ալլա Ջեյրանյանի, Ադիբեկ Հակոբյանի, Կարինե Թորգոմի Խաչատրյանի ցուցմունքներում առկա չեն էական հակասություններ, որպիսի պայմաններում անհնար է բարձր գնահատել վերջիններիս նկատմամբ Վ․Ասատրյանի անօրինական ազդեցություն ունենալու հավանականությունը։
Բացի այդ, Դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ Վլադիմիր Ասատրյանն ընդունում է ներկայացված մեղադրանքի փաստական կողմը՝ չհամաձայնելով արարքին տրված իրավական գնահատականներին, որպիսի պայմաններում արձանագրելը, թե կարող է անօրինական ազդեցություն ունենալ մեղադրյալների և վարույթին օժանդակող անձանց վրա, նախաքննության ավարտման փաստով, քրեական գործը դատարանում գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ Դատարանն իրատեսական չի համարում նշված ռիսկի բարձր գնահատումը։
Հարկ է ընդգծել, որ Վլադիմիր Ասատրյանը փաստացի անազատության մեջ է գտնվում 2022 թվականի հոկտեմբերի 13-ից ու անհրաժեշտ է հաշվի առնել նաև մեղադրյալի՝ շուրջ 10 (տաս) ամիս անազատության մեջ գտնվելը, որը ոչ ինքնին, սակայն այլ հանգամանքների հետ հաշվառված նվազեցնում է անձի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու ռիսկը։
(․․․) Դատարանը գնահատման է ենթարկում նաև այն հանգամանքը, որ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի կիրառման պայմաններում, Վլադիմիր Ասատրյանը չի խախտել իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, իսկ ինչ վերաբերում է հանրային մեղադրողի այն դիրքորոշմանը, որ սույն քրեական գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում և Վ․Ասատրյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել վարույթին օժանդակող ու մասնավոր մասնակիցների վրա, ապա Դատարանն արձանագրում է, որ ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը ժամանակի ընթացքում՝ քննությանը զուգահեռ նվազում է և հետագա փուլերում չի կարող գտնվել այն նույն աստիճանի վրա, ինչ նախաքննության սկզբնական՝ ապացույցների հավաքման ակտիվ փուլում։
Քննությանը խոչընդոտելու առումով հարկ է նշել նաև, որ սույն քրեական գործն ունի որոշակի առանձնահատկություններ, ինչով պայմանավորված այդ ռիսկն այնչափ բարձր չէ, որ անձին կալանավորելը հանդիսանա միակ արդարացված միջոցը գործի քննությունը բնականոն հունով շարունակելու համար։
Մասնավորապես՝ սույն քրեական գործով գերակշիռ մաս են կազմում գրավոր ապացույցները՝ արտավարութային փաստաթղթեր, զննության արձանագրություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցներ։
Դատարանը հատկանշական է համարում նաև մյուս մեղադրյալների խոստովանական և նախաքննության ընթացքում պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տալու հանգամանքը, իսկ Վ․Ասատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել են դրա իրավաչափության պայմանները, այն է՝ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով, այսինքն՝ վերացել է մեղադրյալներ Ալլա Ջերյանյանի, Ադիբեկ Հակոբյանի, Կարինե Խաչատրյանի և Գագիկ Մկրտչյանի վրա Վ․Ասատրյանի կողմից հավանական ու անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկայնությունը, որի գնահատման հիմքն է սույն որոշման 1․26․ կետում արձանագրվածը։
Ինչ վերաբերում է վարույթին օժանդակող անձանց, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մեղադրյալի հնարավոր վարքագծի տեսանկյունից դրական և բացասական գործոնների հակակշռման ու հավասարակշռման գաղափարի վրա, քանի որ խափանման միջոցներ կիրառելու, այդ թվում՝ դրանց տեսակներն ընտրելու, հետագայում դրանք փոխելու մեխանիզմի հիմքում դրված կարևոր գաղափարը խափանման միջոցի պիտանիությունն է՝ դրված նպատակին, իսկ գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վիգեն Մեսրոպյանը զբաղեցնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, Արգամ Դալլաքյանը՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչի պաշտոնը, Հակոբ Հակոբկոխյանը զբաղեցնում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի քննիչի պաշտոնը, Ռեմ Ռշտունին զբաղեցնում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնը, իսկ Թամարա Մարտիրոսյանը՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչի պաշտոնը, այսինքն՝ ի պաշտոնե հանդիսանում են վարույթի հանրային մասնակից և հաշվի առնելով նրանց սոցիալ-իրավական զարգացման մակարդակը, Դատարանն առաջնորդվում է այն կանխավարկածով, որ սույն փուլում Վլադիմիր Ասատրյանի կողմից վկաների հիշյալ խմբի վրա անօրինական ազդեցություն ունենալու հավանականությունը բավականին ցածր է, եթե քննարկվի հակառակը, ապա կասկածի տակ է դրվում ՀՀ-ում պետական պաշտոն զբաղեցնող անձանց կոմպետենտությունը։ Միաժամանակ, անդրադառնալով վկաներ Անահիտ Հարությունյանի ու Արտակ Մկոյանի նկատմամբ անօրինական գործողություններով ազդեցություն ունենալուն, ապա Անահիտ Հարությունյանի մասով ազդեցություն ունենալը Դատարանը գնահատում է անիրատեսական, քանի որ Ա․Հարությունյանը հանդիսանում է Ադիբեկ Հակոբյանի կողմից վարած «MERCEDES BENZ GL 500» մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Այնթապ ավտոճանապարհի Այնթապ բնակավայրի 20-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 22-րդ հասցեի դիմաց վրաերթի ենթարկված հանգուցյալ Արմեն Խաչատրյանի այրին, իսկ Արտակ Մկոյանի նկատմամբ ազդեցություն ունենալու հավանականությունը Դատարանի գնահատմամբ նվազ է այն առումով, որ Վլադիմիր Ասատրյանն ընդունում է ներկայացված մեղադրանքի փաստական կողմը։
Իսկ այն հանգամանքը, որ Վլադիմիր Ասատրյանը զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ, ապա այն ինքնին չպետք է մեկնաբանվի ի վնաս անձի, քանի որ կարող է ստեղծվել իրավիճակ, որ յուրաքանչյուր ոք, ով հանդիսացել է պաշտոնատար անձ, պետական կառավարման ոլորտում ունեցել է զբաղեցրած պաշտոն, անվերապահ պետք է կալանքի տակ գտնվի:
Այլ կերպ ասած, նման տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, ցանկացած պաշտոնատար անձ, ում մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում, գործի քննության ընթացքում պետք է լինի արգելանքի կամ շարունակական արգելանքի տակ:
(...) Վերոգրյալ փաստական հանգամանքների հաշվառմամբ, քննարկելով Վլադիմիր Ասատրյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը՝ Դատարանն արձանագրում է հետևյալը․ սույն պարագայում, երբ առկա է բացառապես գործի քննությանն այլ կերպ խոչընդոտելու նվազ ռիսկայնությունը կանխելու անհրաժեշտություն, ապա կալանքը չի կարող դիտվել որպես միակ միջոց, որն ի զորու է ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: Այլ կերպ՝ օրենսդիրը շեշտը դնում է ոչ թե կոնկրետ հանգամանքների վրա, այլ մեղադրյալի հնարավոր վարքագծի տեսանկյունից դրական և բացասական գործոնների հակակշռման և հավասարակշռման գաղափարի վրա։ Մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով Օրենսդիրը հնարավորություն է ընձեռնում նախ կիրառել այն խափանման միջոցը, որն առավել պիտանի կլինի հետապնդվող նպատակին հասնելու համար, ապա վարույթն իրականացնողին իրավասություն է տալիս որոշում կայացնել խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին, եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել կամ վերացել են դրա իրավաչափության պայմանները: Միաժամանակ, Դատարանը հարկ է համարում փաստել, որ չկա որևէ արգելք, օրենսդրական կաշկանդվածություն, որ դատաքննության հետագա փուլերում, մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կամ Դատարանի որոշմամբ դրված պարտականությունները չարամտորեն չկատարելու դեպքում, չի կարող կրկին քննարկվել խափանման միջոց կալանքի կիրառելիության հարցը:
Հակակոռուպցիոն դատարանը, սույն որոշման 3) կետում մատնանշված հանգամանքների գնահատմամբ գալիս է այն եզրահանգման, որ խափանման միջոցի կիրառման նպատակը, թեև առկա է, սակայն այլևս այն աստիճան բարձր չէ, որպիսի պայմաններում այլընտրանքային խափանման միջոցի կիրառումն ի զորու չլինի ապահովելու վերջինիս պատշաճ վարքագիծը:
Այսպիսով՝ Հակակոռուպցիոն դատարանը, հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները, մեղադրյալի անձը բնութագրող և հաշվառման ենթակա հանգամանքները՝ մեղադրյալի նախկինում դատված չլինելը, ընտանիքը, մշտական բնակության վայր ունենալը, խնամքին մեկ անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, քրեական գործի նյութերում առկա՝ Վ․Ասատրյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և դրանց վերաբերյալ փորձագետի թիվ 56/հձ եզրակացությունը (տե´ս քրեական գործի հատոր 11, գ․թ․ 8-11, 19․06․2023թ․, 30․08․2023թ․ դատական նիստերի համառոտագրում) և այլ վերաբերելի տվյալներ, արձանագրում է, որ առկա է խափանման միջոցի կիրառման հիմք, որի պայմաններում Վլադիմիր Ասատրյանի նկատմամբ անհրաժեշտ է ընտրել այլընտրանքային խափանման միջոց, ուստի վերը նշված բոլոր հանգամանքները գնահատելով համակցության մեջ, գտնում է, որ այլընտրանքային խափանման միջոցներից տնային կալանքը կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Անդրադառնալով «Տնային կալանք» խափանման միջոցի կիրառման ժամկետին՝ Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է Վլադիմիր Ասատրյանի նկատմամբ տնային կալանքը կիրառել 3 (երեք) ամիս ժամկետով՝ ապահովելով վարույթի բնականոն ընթացքը։
Արձանագրելով տնային կալանք խափանման միջոցի կիրառման պիտանելիությունը՝ Դատարանն անհրաժեշտ է գտնում արգելել մեղադրյալին իր բնակության վայրում՝ Երևան քաղաքի, Անաստաս Միկոյան փողոցի 2/2 շենքի 69-րդ բնակարան հասցեում, հյուրընկալել ու շփում ունենալ այլ անձանց՝ բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետով նշված անձանց, արգելել ունենալ հեռախոսային խոսակցություններ՝ բացառությամբ շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերում, արգելել մեղադրյալին ունենալ նամակագրություն, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց»:
9․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(…) Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը քննարկելով Վլադիմիր Ասատրյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը՝ արձանագրել է, որ սույն պարագայում, երբ առկա է բացառապես գործի քննությանն այլ կերպ խոչընդոտելու նվազ ռիսկայնությունը կանխելու անհրաժեշտություն, ապա կալանքը չի կարող դիտվել որպես միակ միջոց, որն ի զորու է ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: Այլ կերպ՝ օրենսդիրը շեշտը դնում է ոչ թե կոնկրետ հանգամանքների վրա, այլ մեղադրյալի հնարավոր վարքագծի տեսանկյունից դրական և բացասական գործոնների հակակշռման և հավասարակշռման գաղափարի վրա։ Մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով Օրենսդիրը հնարավորություն է ընձեռնում նախ կիրառել այն խափանման միջոցը, որն առավել պիտանի կլինի հետապնդվող նպատակին հասնելու համար, ապա վարույթն իրականացնողին իրավասություն է տալիս որոշում կայացնել խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին, եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել կամ վերացել են դրա իրավաչափության պայմանները: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ չկա որևէ արգելք, օրենսդրական կաշկանդվածություն, որ դատաքննության հետագա փուլերում, մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կամ Դատարանի որոշմամբ դրված պարտականությունները չարամտորեն չկատարելու դեպքում, չի կարող կրկին քննարկվել խափանման միջոց կալանքի կիրառելիության հարցը: Հետևաբար Առաջին ատյանի դատարանը որոշմամբ նշված հանգամանքների գնահատմամբ եկել է այն եզրահանգման, որ խափանման միջոցի կիրառման նպատակը, թեև առկա է, սակայն այլևս այն աստիճան բարձր չէ, որպիսի պայմաններում այլընտրանքային խափանման միջոցի կիրառումն ի զորու չլինի ապահովելու վերջինիս պատշաճ վարքագիծը, որպիսի մոտեցումն ամբողջությամբ ընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի համար։
Մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ սույն քրեական գործի վարույթը ստանձնելիս ամբողջությամբ ուսումնասիրվել է քրեական գործում առկա տվյալները ողջ ծավալով՝ չսահմանափակվելով մեղադրական եզրակացությունում առկա ապացույցների ձևակերպմամբ, ուստի թիվ ՀԿԴ/0124/01/23 քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ մեղադրյալ Վլադիմիր Ասատրյանի և նույն քրեական գործով, մեղադրյալներ Ալլա Ջեյրանյանի, Ադիբեկ Հակոբյանի, Կարինե Թորգոմի Խաչատրյանի ցուցմունքներում առկա չեն էական հակասություններ, որպիսի պայմաններում անհնար է բարձր գնահատել վերջինների նկատմամբ Վ․Ասատրյանի անօրինական ազդեցություն ունենալու հավանականությունը։ Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Վլադիմիր Ասատրյանն ընդունում է ներկայացված մեղադրանքի փաստական կողմը՝ չհամաձայնելով արարքին տրված իրավական գնահատականներին, որպիսի պայմաններում արձանագրելը, թե կարող է անօրինական ազդեցություն ունենալ մեղադրյալների և վարույթին օժանդակող անձանց վրա, նախաքննության ավարտման փաստով, քրեական գործը դատարանում գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ Առաջին ատյանի դատարանն իրատեսական չի համարել նշված ռիսկի բարձր գնահատումը։ Առաջին ատյանի դատարանը գնահատման է ենթարկել նաև այն հանգամանքը, որ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի կիրառման պայմաններում, Վլադիմիր Ասատրյանը չի խախտել իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, իսկ ինչ վերաբերում է հանրային մեղադրողի այն դիրքորոշմանը, որ սույն քրեական գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում և Վ․Ասատրյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել վարույթին օժանդակող ու մասնավոր մասնակիցների վրա, ապա Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը ժամանակի ընթացքում՝ քննությանը զուգահեռ նվազում է և հետագա փուլերում չի կարող գտնվել այն նույն աստիճանի վրա, ինչ նախաքննության սկզբնական՝ ապացույցների հավաքման ակտիվ փուլում։ Քննությանը խոչընդոտելու առումով հարկ է նշել նաև, որ սույն քրեական գործն ունի որոշակի առանձնահատկություններ, ինչով պայմանավորված այդ ռիսկն այնչափ բարձր չէ, որ անձին կալանավորելը հանդիսանա միակ արդարացված միջոցը գործի քննությունը բնականոն հունով շարունակելու համար։ Մասնավորապես՝ սույն քրեական գործով գերակշիռ մաս են կազմում գրավոր ապացույցները՝ արտավարութային փաստաթղթեր, զննության արձանագրություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցներ։ Առաջին ատյանի դատարանը հատկանշական է համարել նաև մյուս մեղադրյալների խոստովանական և նախաքննության ընթացքում պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տալու հանգամանքը, իսկ Վ․Ասատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել են դրա իրավաչափության պայմանները, այն է՝ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով, այսինքն՝ վերացել է մեղադրյալներ Ալլա Ջերյանյանի, Ադիբեկ Հակոբյանի, Կարինե Խաչատրյանի և Գագիկ Մկրտչյանի վրա Վ․Ասատրյանի կողմից հավանական ու անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկայնությունը, որպիսի դիրորոշումն ամբողջությամբ ընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի համար։
Վերաքննիչ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ, ինչպես նշվեց վերևում, կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է ընտրվել միայն այն դեպքում, երբ խափանման մյուս միջոցները չեն կարող ապահովել կամ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և հանրային շահի համարժեք պաշտպանությունը: Այլ կերպ՝ կալանավորումը՝ որպես քրեադատավարական հարկադրանքի վերջին՝ բացառիկ միջոց (ultima ratio), անձի նկատմամբ կարող է ընտրվել միայն այն ժամանակ, երբ այլ խափանման միջոցները թույլ չեն տալիս հասնել հետապնդվող իրավաչափ նպատակներին: Մինդեռ տվյալ դեպքում, Առաջին ատյանի դատարանը կալանավորման պայմանների և հիմքի թեև նվազ, սակայն առկայությունը հաստատելով, իրավաչափորեն գտել է, որ այլընտրանքային խափանման միջոցներից տնային կալանքը կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Ավելին՝ վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանի համար ուղենիշ է այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ եթե անգամ խոչընդոտելու վերաբերյալ ենթադրությանը հիմնված լինի իրական մտավախությունների վրա, ապա արդարացված է լինում միայն նախաքննության սկզբնական փուլում, իսկ անգամ առանձնահատուկ բարդություն ներկայացնող գործերի դեպքում «խոչընդոտելու» մտավախությունը ժամանակի ընթացքում նվազում է և այլևս չի կարող հիմք հանդիսանալ շարունակական կալանքն արդարացնելու համար, առավել ևս այն դեպքում, երբ կատարվել են ստուգումները և հարցաքննվել են վկաներ։ (…)[Մ]ինչդեռ տվյալ դեպքում Վլադիմիր Ասատրյանը փաստացի անազատության մեջ է գտնվում 2022 թվականի հոկտեմբերի 13-ից, այսինքն շուրջ 10 ամիս, որպիսի հանգամանքը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վկայում է մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու ռիսկի՝ համեմատաբար նվազած լինելու հանգամանքի մասին, հատկապես այն պայմաններում, երբ սույն քրեական գործով գերակշիռ մաս են կազմում գրավոր ապացույցները՝ արտավարութային փաստաթղթեր, զննության արձանագրություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցներ, ավելին՝ Վլադիմիր Ասատրյանի և գործով անցնող անձանց ցուցմունքների միջև էական հակասություններ գրեթե առկա չեն։ Վերաքննիչ դատարանի համար հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Վլադիմիր Ասատրյանն ընդունում է ներկայացված մեղադրանքի փաստական կողմը՝ չհամաձայնելով արարքին տրված իրավական գնահատականներին։ Ավելին՝ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հիմնվում է վարքագծի տեսանկյունից դրական և բացասական գործոնների հակակշռման ու հավասարակշռման գաղափարի վրա, քանի որ խափանման միջոցներ կիրառելու, այդ թվում՝ դրանց տեսակներն ընտրելու, հետագայում դրանք փոխելու մեխանիզմի հիմքում դրված կարևոր գաղափարը խափանման միջոցի պիտանիությունն է՝ դրված նպատակին հասնելու տեսանկյունից, իսկ անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս հարկ է առաջնորդվել նվազագույնի սկզբունքով, քանի որ արգելվում է ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը։
5․12․ Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդումներին, որ մեղադրյալը ենթադրյալ արարքները կատարելու պահին հանդիսացել է պաշտոնատար անձ, Վլադիմիր Ասատրյանի հետ նույն քրեական վարույթով` որպես մեղադրյալներ ներգրավված են այնպիսի անձինք, որոնք որոշակի փոխհարաբերություններ մեջ են գտնվել վերջինի հետ, բացի այդ Վլադիրմիր Ասատրյանին մեղսագրվում է պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործելով ենթադրյալ հանցավոր արարքների կատարում, մասնավորապես՝ մեղադրյալին վերագրվող հանցագործությունների բնույթը, վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ սպառնացող հնարավոր պատժի խստությունը՝ վերջինին վերագրվում է առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց համար պատասխանատվություն է նախատեսված մինչև 12 տարի ազատազրկում, որպիսի հանգամանքները էականորեն բարձրացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը, միաժամանակ համակցության մեջ թույլ են տալիս ողջամիտ դատողություն անելու այն մասին, վարույթի սույն փուլում նրա ոչ պատշաճ վարքագիծը կանխելը հնարավոր է միայն՝ վերջինի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջոցով, Վերաքննիչ դատարանը նախևառաջ ընդգծում է, որ բողոքարկվող որոշմամբ Առաջին ատյանի դատարանը չի բացառել քննարկվող հիմքի առկայությունը, այլ պարզապես իրավաչափորեն արձանագրել է, որ այն քննության տվյալ փուլում նվազ է։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանն անդրադառնալով ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկի առկայության մասին բողոքաբերի մտավախությանը, փաստում է, որ տնային կալանքի դեպքում անձը չի հայտնվում լիարժեք ազատության մեջ, քանի որ այն ևս անձին ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց է, սակայն տնային պայմաններում, հետևաբար տնային կալանքի կիրառումը, հատկապես այն պայմաններում, երբ Առաջին ատյանի դատարանի կողմից արգելվել է մեղադրյալին իր բնակության վայրում՝ Երևան քաղաքի Անաստաս Միկոյան փողոցի 2/2 շենքի 69-րդ բնակարան հասցեում, հյուրընկալել և շփում ունենալ այլ անձանց հետ՝ բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետով նշված անձանց, արգելվել է ունենալ հեռախոսային խոսակցություններ՝ բացառությամբ շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերում, արգելվել է մեղադրյալին ունենալ նամակագրություն, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, կարող է լինել պիտանի և համարժեք խափանման միջոց՝ մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի հավանական ռիսկերը՝ վարույթի տվյալ փուլում չեզոքացնելու համար, հատկապես այն պայմաններում, երբ մեղադրյալի նկատմամբ արդեն իսկ մեկ անգամ կիրառված եղել է տնային կալանքը, և վերջինի կողմից իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները խախտված լինելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ առկա չէ։
Միաժամանակ ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից ներկայացված՝ քրեական վարույթի անջատված մասի վերաբերյալ առկա վկայակոչումներին, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից ուղղակիորեն բխում է, որ խափանման միջոցը կարող է կիրառվել մեղադրյալի կողմից իրեն վերագրվող ենթադրյալ հանցանքի առնչությամբ և դրա առթիվ իրականացվող վարույթի պատշաճ ընթացքն ապահովելու համար, այլ ոչ թե վերացարկված, մինչդեռ տվյալ դեպքում բողոքաբերի կողմից վկայակոչված վարույթներից որևէ մեկով Վլադիմիր Ասատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ (որպիսի հանգամանքը հաստատում է նաև բողոքաբերը՝ իր կողմից ներկայացված բողոքում), ավելին եթե անգամ հարուցված է, ապա այդ վարույթով պետք է քննարկվի նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը, ուստի նշված փաստական հանգամանքներին փաստացի անդրադառնալը և գնահատական տալը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, առարկայազուրկ է:
5.13. Վերաքննիչ դատարանը, միևնույն ժամանակ հաշվի է առնում, մեղադրյալի մոտ ախտորոշված հիվանդությունների քանակը և տեսակը, որոնք թեև չեն համապատասխանում կալանքին խոչընդոտող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդություններին, սակայն բավարար են փաստելու, որ տնային կալանքն առավել մարդասիրական խափանման միջոց է և համապատասխանում է մեղադրյալի առողջական վիճակին, ուստի այն համարժեք է նաև մեղադրյալի առողջական վիճակին:
5.14. Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն՝ Դատական քննության փուլում գտնվող քրեական վարույթներով խափանման միջոց կալանավորման իրավաչափության, այն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու հարցերը քննարկելիս պետք է հաշվի առնել նաև այն, որ Առաջին ատյանի դատարանը հանդես է գալիս որպես վարույթն իրականացնող մարմին, ուստի որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ, հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը (տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արման և Արքա Մադաթյանների վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշման 18.1.-րդ կետը), մինչդեռ սույն դեպքում նման ծանրակշիռ փաստական հանգամանքներ չեն ներկայացվել բողոքաբերի կողմից:
5.15. Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվելով նվազագույնի սկզբունքով, արձանագրում է, որ տվյալ դեպքում հանրային շահը գերակայում է մեղադրյալի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ, սակայն այլընտրանքային խափանման միջոց ընտրված տնային կալանքի կիրառմամբ ևս հնարավոր է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել այնպիսի դատական սխալ, որը կարող է հանգեցնել բողոքարկված դատական ակտի բեկանման, ուստի ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության գործուղված դատախազ Հ․Մանասյանի կողմից ներկայացրած հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնել անփոփոխ։(…)»։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի կիրառմամբ մեղադրյալ Վլադիմիր Ասատրյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
11․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը։»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մեղադրյալը պարտավոր է՝
(…)
3) չխոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի չմիջամտել ապացուցման գործընթացին.
(…)»։
Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…)
2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
(…)
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները:
(…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝
«1. Կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ազատությունից զրկելն է` օրենքով և դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով:
2. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:
3. Եթե մեղադրյալին վերագրվող հանցանքի համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նախատեսված չէ, ապա կալանքը կարող է կիրառվել միայն մեղադրյալի կողմից իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները խախտելու դեպքում:
4. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները: Դատական վարույթում կալանքի կիրառման համար բավարար է դատարանի կողմից նշված պայմանների պատճառաբանված հաստատումը։
(…)»։
12․ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մինչդատական կալանքի վերաբերյալ հանձնարարականի 9-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքի կիրառման դեպքում դատարանը պետք է քննարկի, թե արդյոք այլընտրանքային միջոցներով կարելի է խուսափել կալանքի կիրառումից:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին ուղղված՝ կալանքի կիրառման, դրա համար անհրաժեշտ պայմանների և չարաշահումներից պաշտպանության երաշխիքների վերաբերյալ հանձնարարականի 4-րդ կետի համաձայն՝ կալանքի ոչ հիմնավոր կիրառումից խուսափելու նպատակով պետք է նախատեսվի այլընտրանքային միջոցների հնարավորինս լայն շրջանակ, առավել քիչ սահմանափակումների կիրառմամբ՝ հաշվի առնելով հանցանքի կատարման մեջ կասկածվողի վարքագիծը:
Նույն հանձնարարականի 7-րդ կետի «c» ենթակետի համաձայն՝ անձը կարող է պահվել կալանքի տակ, եթե փախուստի դիմելու, ծանր հանցանք կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու կամ հասարակական կարգի պահպանությանը լուրջ սպառնալիք ներկայացնելու վերաբերյալ ենթադրությունները չեն կարող փարատվել այլընտրանքային միջոցների կիրառմամբ։
«Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Տոկիոյի կանոններ») 6.1-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքը քրեական դատավարությունում պետք է կիրառվի որպես վերջին միջոց (last resort)՝ հաշվի առնելով նախաքննության խնդիրները, հասարակության և տուժողի պաշտպանությունը։
Նույն կանոնների 6.2-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքի այլընտրանքային միջոցները պետք է կիրառվեն հնարավորինս վաղ փուլում։
13․ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- ներպետական իշխանությունները, անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս, պետք է փնտրեն նաև այլընտրանքային միջոցներ, որոնք թույլ կտան ապահովել տվյալ անձի ներկայությունը դատաքննությանը,
- կալանքը պետք է կիրառվի որպես անձի ազատության իրավունքի սահմանափակման վերջին կամ ծայրահեղ միջոց, երբ այլ միջոցներով հնարավոր չէ լիարժեք երաշխավորել վարույթի պատշաճ ընթացքը,
- կալանքի՝ որպես խիստ միջոցի կիրառումը կարող է արդարացվել, երբ այլ՝ ներգործության ուժով նվազ միջոցների կիրառելիությունը քննարկվել է և որոշվել, որ դրանք բավարար չեն մասնավոր կամ հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու համար, ինչը կարող է պահանջել, որ անձը կալանավորվի,
-մեղադրյալի կողմից վարույթի պատշաճ իրականացմանը խոչընդոտելու վտանգը չի կարող որպես հիմք մատնանշվել վերացական մակարդակում և պետք է հիմնավորված լինի փաստական ապացույցներով։
14. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները:
Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման ու կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ ու պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգության մեջ, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից՝ կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ultima ratio) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը։ Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին՝ այդ համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող ու դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։ Ուստի յուրաքանչյուր դեպքում կալանավորման կիրառման հարցը քննարկելիս ելակետ պետք է ընդունվի հիշյալ նպատակների նվաճման հանգամանքը, և եթե հիշյալ նպատակներին հասնելը հնարավոր է առանց կալանավորում կիրառելու, ապա այն չպետք է կիրառվի, հակառակ դեպքում կխախտվի անձի իրավունքների սահմանափակման և դրա արդյունքում հետապնդվող նպատակի միջև անհրաժեշտ համաչափությունը, որի արդյունքում կալանավորումը կվերածվի պարզապես պատժիչ միջոցի կամ կհետապնդի պատժիչ նպատակներ: Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանի համար ուղենիշ է այն գաղափարը, որ իրավական պետությունում քրեական դատավարության նպատակներին պետք է հասնել ոչ թե ցանկացած, այլ՝ անձի իրավունքների և ազատությունների հնարավորինս քիչ սահմանափակման ճանապարհով, ինչն ուղղակիորեն պայմանավորված է մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հրամայականով։
14․1․ Անդրադառնալով խափանման միջոցի կիրառման հիմքերին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի և դրա հետ փոխկապակցված 18-րդ, 29-րդ, 43-րդ, 118-119-րդ հոդվածների համալիր վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը, խափանման միջոցի հիմքերի առկայության և այն կիրառելու անհրաժեշտության մասին խոսելիս, օգտագործում է «կարող է» ձևակերպումը և դրանով իսկ ընդգծում, որ խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածում թվարկված «մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները» ոչ թե պետք է արդեն տեղի ունեցած լինեն, այլ պետք է լինի ռիսկի առկայություն կամ հավանականություն, որ եթե խափանման միջոց չկիրառվի, ապա դրանք տեղի կունենան: Նշվածը սակայն չի նշանակում, որ երբ արդեն իսկ վերոնշյալ գործողությունները մեղադրյալի կողմից կատարվել են, ապա նրա նկատմամբ ուշացած լինելու պատճառաբանությամբ չպետք է կալանավորում կիրառել, այլ ընդհակառակը՝ այդպիսի դեպքերում կալանավորման կիրառումը կլինի առավել քան հիմնավորված և պատճառաբանված: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ըստ օրենսդրի տրամաբանության՝ չպետք է թույլատրել, որպեսզի մեղադրյալը դրսևորի ոչ պատշաճ վարքագիծ, իսկ դրանից հետո նրա նկատմամբ քննարկվի կալանավորում կիրառելու հարցը, քանի որ կապված նրանից, թե մեղադրյալն ազատության մեջ մնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված որ գործողություններն է կատարել, խափանման միջոց կալանավորման կիրառումը որոշ դեպքերում կարող է լինել ուշացած։
Վերոգրյալի լույսի ներքո հարկ է փաստել, որ դրանով է պայմանավորված Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն առ այն, որ խափանման միջոցների օրենքով սահմանված հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որոնցով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը։ Նշվածն ուղենիշ է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կանխավարկածը բացառելու համար և պայման՝ դրա կիրառումը հիմնավորվածության չափանիշին համապատասխանելու համար։ Հետևաբար հենց այդ պատճառով է, որ խափանման միջոց կիրառելուց պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնել դրան դեմ և կողմ բոլոր փաստարկները և միայն դրանից հետո վերջնական եզրահանգում անել դրա կիրառման կամ չկիրառման անհրաժեշտության մասին:
14․2․ Անդրադառնալով խափանման միջոցի տեսակն ընտրելու անհրաժեշտությունը որոշելու չափանիշ հանդիսացող՝ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող հնարավոր հանգամանքների առանձնահատկություններին, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դրանց էական նշանակություն ունենալը և որոշիչ դերը նախևառաջ պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված՝ «մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները» վերաբերելի հիմքեր են բոլոր խափանման միջոցներին, որոշ բացառություններով, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպեսզի իրավասու մարմինը գործնականում հնարավորություն ունենա տարբերակված մոտեցում ցուցաբերել և նույն հիմքերի առկայության պայմաններում պիտանի խափանման միջոցն ընտրելու մասին ճիշտ եզրահանգում կատարել և հիմնավորել դրա անհրաժեշտությունը՝ պետք է հաշվի առնել նաև որոշ հանգամանքներ: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման հանգամանքներ, ի թիվս այլնի, կարող են լինել՝
1) վերագրվող հանցանքի փաստական հանգամանքները, ակնկալվող պատժի ծանրության աստիճանը, ինչպես նաև ազատությունից զրկելուն այլընտրանքային պատիժների առկայությունը,
2) մեղադրյալի անձին ներկայացվող հանգամանքները, մասնավորապես՝ դատվածության առկայությունը (նախկինում կատարած արարքի բնույթը, ծանրության աստիճանը, նշանակված պատժի տեսակը, չափը, պատիժը կրելու/ազատվելու հանգամանքը և այլն), ինչպես նաև անձը բնութագրող հանգամանքները,
3) մեղադրյալի տարիքը, սեռը, առողջական վիճակը, քաղաքացիությունը (ՀՀ քաղաքացի է, երկքաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, ապաստան հայցող անձ կամ փախստական), ուսման պայմանները, եթե սովորում է և այլն,
4) զբաղմունքի տեսակը, հասարակությունում ունեցած սոցիալական դիրքը և դերը, եթե աշխատում է, ապա զբաղեցրած պաշտոնը և դրանից բխող հնարավոր ազդեցությունն օգտագործելու հավանականությունը և այլն,
5) ընտանեկան դրությունը (ամուսնացած, ամուսնալուծված), խնամքին անչափահաս կամ անաշխատունակ անձանց առկայությունը, ընտանեկան ամուր կապերը,
6) բնակության մշտական վայրի առկայությունը, ինչպես նաև բնակության վայրում սոցիալական ամուր կապերը,
7) մեղադրյալի գույքային դրությունը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը, կամ հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքի առկայությունը, դրա չափը, այդ գույքի ծագումը թաքցնելուն ուղղված գործողությունների բնույթը և այլն,
8) մեղադրյալի կյանքին սպառնացող վտանգի առկայությունը,
9) եթե մեղադրյալը նախկինում ենթարկվել է քրեական պատասխանատվության և/կամ պատժի, ապա նրա վարքագիծը նախկինում իրականացվող քրեական վարույթի ընթացքում (թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, պարբերաբար չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի հրավերով, էապես խոչընդոտել է վարույթին և այլն), ինչպես նաև այլ ենթադրյալ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվելու մասին մեկ այլ վարույթի առկայությունը (մինչդատական, դատական),
10) այն հանգամանքները, որոնք բացառում են քրեական հետապնդումը (թույլ են տալիս անձին ազատել քրեական պատասխանատվությունից կամ պատժից) կամ քրեական վարույթը,
11) գործով ներգրավված տուժողի, վկաների, այլ մեղադրյալների հետ փոխհարաբերությունների բնույթը,
12) խափանման միջոց կալանք ընտրված լինելու դեպքում տևողության ողջամտությունը և դրանով պայմանավորված այլ քրեաիրավական նշանակություն ունեցող պայմանները,
13) այլ էական հանգամանքներ:
Հատկանշական է, որ վերոգրյալ հանգամանքները խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի առնելու մասին դրույթներ է պարունակում նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ուղղված՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Նախնական կալանք կիրառելու, դրա կիրառման պայմանների և խոշտանգումն ու բռնությունը բացառելու միջոցների մասին» (2006) 13 հանձնարարականը, որի 9-րդ կետի համաձայն՝ [1] Ցանկացած ռիսկի սահմանումը պետք է հիմնվի տվյալ գործի հանգամանքների վրա, սակայն հատուկ ուշադրություն պետք է դարձվի հետևյալին՝ «ա) ենթադրելի հանցագործության բնույթին և լրջությանը, բ) պատիժը, որը կարող է նշանակվել դատապարտման դեպքում, գ) տվյալ անձի տարիքը, առողջական վիճակը, բնավորությունը, ծագումը և անձնական ու սոցիալական հանգամանքները, և մասնավորապես համայնքի հետ նրա ունեցած կապերը, և դ) տվյալ անձի վարքը, հատկապես՝ ինչպես է նա կատարել որևէ պարտականություն, որը կարող է դրված լինել նրա վրա նախորդ քրեական վարույթների ընթացքում: [2] Փաստը, որ տվյալ անձն այն պետության քաղաքացի չէ, որտեղ ենթադրաբար կատարվել է հանցագործությունը, կամ որևէ այլ կապ չունի այդ պետության հետ, ինքնին բավարար չի կարող լինել եզրակացնելու, որ առկա է փախուստի ռիսկ»:
Ընդհանրացնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից սահմանված բոլոր խափանման միջոցների համար միասնական հիմքերի պայմաններում՝ պիտանի խափանման միջոցն ընտրելու հարցում էական և որոշիչ կարող են լինել վերոթվարկյալ հանգամանքները, որոնք յուրաքանչյուր դեպքում պետք է պատշաճ վերլուծության և գնահատման արժանանան խափանման միջոցի տեսակն ընտրելու անհրաժեշտության մասին հետևություն անելիս: Այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոց կիրառելու հիմքերից որևէ մեկի (մի քանիսի) առկայությունը հաստատելը բավարար է, որպեսզի հաստատվի, որ մեղադրյալի նկատմամբ անհրաժեշտություն կա կիրառելու որևէ խափանման միջոց, իսկ կոնկրետ տեսակն ընտրելու համար արդեն իրավասու մարմնի համար ուղենիշ է վերոգրյալ չափանիշների գնահատումը։
15․ Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով տնային կալանք խափանման միջոցի կիրառման առանձնահատկություններին՝ նախևառաջ հարկ է նկատել, որ այն այլընտրանքային խափանման միջոց է, որն իր խստության աստիճանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված խափանման միջոցների համակարգում գտնվում է կալանքի և վարչական հսկողության միջև: Իբրև այլընտրանք` այն պետք է դիտարկվի որպես արդյունավետ միջոց` հակակշռելու համար մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը՝ նրա տնային կալանքի տակ գտնվելու դեպքում։ Այն դատարանի որոշմամբ նշանակվում է բացառապես մեղադրյալի նկատմամբ, ուղեկցվում է վերջինի անձնական ազատության սահմանափակմամբ, մասնավորապես՝ բնակության վայրը չլքելու պարտականությամբ, նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից, փոստային առաքումից և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու արգելքով, ինչպես նաև որոշակի անձանց հետ շփվելու և նրանց իր բնակության վայրում հյուրընկալելու արգելքով, և որի նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է իրավասու մարմինը՝ հատուկ էլեկտրոնային միջոցներով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ Բուզաջին ընդդեմ Մոլդովայի գործով հստակ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ տնային կալանքի նկատմամբ տարածվում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված երաշխիքները։ Մասնավորապես՝ չնայած այն հանգամանքին, որ տնային կալանքն ավելի քիչ սահմանափակումներ, նվազ անհարմարություններ և տառապանք է առաջացնում անձի համար, քան կալանավորումը քրեակատարողական հիմնարկում, քանի որ կալանավորված անձը ստիպված է ինտեգրվել նոր և որոշ դեպքերում նաև անբարեհաճ միջավայրում, կիսել իր ռեսուրսներն ու գործունեությունը այլ խցակիցների հետ, հետևել կարգապահությանն ու իշխանությունների կողմից ենթարկվել տարբեր աստիճանի վերահսկողության ողջ օրվա ընթացքում, սակայն որևէ տարբերություն չկա ազատազրկման տարբեր տեսակների միջև։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ ազատազրկման աստիճան ու ինտենսիվություն արտահայտությունները՝ որպես Կոնվենցիայի 5-րդ հոդվածի կիրառման չափանիշներ, վերաբերում են բացառապես անձի ազատության իրավունքի սահմանափակմանը, այլ ոչ ազատազրկման վայրերի ներքին ռեժիմի կամ հարմարավետության տարբերություններին։ Սա նշանակում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ըստ էության տնային կալանքի կիրառումը դիտում է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում` տնային կալանքը դիտելով կալանքի համար նախատեսված երաշխիքների լույսի ներքո։
Վերոգրյալի հետ միաժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է ընտրվել միայն այն դեպքում, երբ խափանման մյուս միջոցները չեն կարող ապահովել կամ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և հանրային շահի համարժեք պաշտպանությունը: Այլ կերպ՝ կալանավորումը՝ որպես քրեադատավարական հարկադրանքի վերջին՝ բացառիկ միջոց (ultima ratio), անձի նկատմամբ կարող է ընտրվել միայն այն ժամանակ, երբ այլ խափանման միջոցները թույլ չեն տալիս հասնել հետապնդվող իրավաչափ նպատակներին: Հետևաբար` Վճռաբեկ դատարանը հիմք ընդունելով կալանքի և տնային կալանքի նույնացման հայեցակարգը, արձանագրում է, որ անձի իրավունքների և ազատությունների հնարավորինս քիչ սահմանափակման անհրաժեշտության պայմաններում, յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տնային կալանքի կիրառման անհրաժեշտությունը և հնարավորությունը դիտարկել տվյալ վարույթի հանգամանքների պատշաճ գնահատման լույսի ներքո՝ հնարավորություն տալով ապահովելու մեղադրյալի իրավունքների նվազ սահմանափակման և նրա մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Այլ կերպ՝ յուրաքանչյուր դեպքում կալանավորման անհրաժեշտությունը չի կարող վերացական գնահատվել, այլ պետք է հաշվի առնել անձի անձնական հատկանիշները, նրա արժեքները, բնակության վայրի առկայությունը, զբաղվածությունը, ընտանեկան կապերը և բոլոր կապերը երկրի ներսում, որտեղ հետապնդվում է, ինչպես նաև անձի արտասահմանում ունեցած հարաբերությունները, ինչն ուղղակիորեն բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված նախադեպային պրակտիկայից։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանի հայեցողությունը՝ կալանքի և տնային կալանքի կիրառման հարաբերակցության միջև, պետք է հիմնված լինի մեղադրյալի վարքագծի տեսանկյունից դրական և բացասական գործոնների հակակշռման ու հավասարակշռման գաղափարի վրա, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ուղղակիորեն նույնանում է սույն որոշման 14․2-15-րդ կետերում վկայակոչված հանգամանքների և արտահայտված իրավական դիրքորոշումների գնահատման անհրաժեշտության հետ։ Նշված հետևության հանգելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հայեցակարգը, որ խափանման միջոցներ կիրառելու, այդ թվում՝ դրանց տեսակներն ընտրելու, հետագայում դրանք փոխելու մեխանիզմի հիմքում դրված կարևորագույն գաղափարը խափանման միջոցի պիտանիությունն է՝ դրված նպատակին հասնելու տեսանկյունից, իսկ անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս հարկ է առաջնորդվել նվազագույնի սկզբունքով, քանի որ արգելվում է ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը։
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով Վ․Ասատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին, նշել է, որ մեղադրյալ Վ․Ասատրյանի և նույն քրեական գործով մյուս մեղադրյալների ցուցմունքներում առկա չեն էական հակասություններ, Վ․Ասատրյանն ընդունում է ներկայացված մեղադրանքի փաստական կողմը՝ չհամաձայնելով արարքին տրված իրավական գնահատականներին, վարույթին օժանդակող անձինք ի պաշտոնե հանդիսանում են վարույթի հանրային մասնակից և ունեն բարձր սոցիալ-իրավական զարգացման մակարդակ, քրեական գործով գերակշիռ մաս են կազմում գրավոր ապացույցները՝ արտավարութային փաստաթղթեր, զննության արձանագրություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցներ, որպիսի պայմաններում արձանագրելը, թե առկա է բարձր ռիսկ առ այն, որ Վ․Ասատրյանը քրեական դատաքննության փուլում կարող է անօրինական ազդեցություն ունենալ մեղադրյալների և վարույթին օժանդակող անձանց վրա, իրատեսական չէ։
Առաջին ատյանի դատարանը նշել է նաև, որ Վ․Ասատրյանը փաստացի շուրջ 10 (տաս) ամիս անազատության մեջ գտնվելը, որը ոչ ինքնին, սակայն այլ հանգամանքների հետ հաշվառմամբ նվազեցնում է անձի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու ռիսկը և տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի կիրառման պայմաններում, Վ․Ասատրյանը չի խախտել իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները։ Իսկ այն հանգամանքը, որ Վ․Ասատրյանը զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ, ապա այն ինքնին չպետք է մեկնաբանվի ի վնաս անձի, քանի որ կարող է ստեղծվել իրավիճակ, որ յուրաքանչյուր ոք, ով հանդիսացել է պաշտոնատար անձ, պետական կառավարման ոլորտում ունեցել է զբաղեցրած պաշտոն, անվերապահ պետք է կալանքի տակ գտնվի:
Հաշվի առնելով նշվածը՝ դատարանը եկել է այն եզրահանգման, որ խափանման միջոցի կիրառման նպատակը, թեև առկա է, սակայն այլևս այն աստիճան բարձր չէ, որպիսի պայմաններում այլընտրանքային խափանման միջոցի կիրառումն ի զորու չլինի ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվելով նվազագույնի սկզբունքով, տվյալ դեպքում հանրային շահը գերակայում է մեղադրյալի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ, սակայն այլընտրանքային խափանման միջոց ընտրված տնային կալանքի կիրառմամբ ևս հնարավոր է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
17. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տնային կալանք խափանման միջոցի կիրառմամբ մեղադրյալ Վ.Ասատրյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները իրավաչափ են:
17.1. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է հետևյալ փաստական հանգամանքներով՝
ա) Նախաքննության ընթացքում մեղադրյալ Վ․Ասատրյանը ընդունել է իր կողմից հանցավոր արարքների կատարման փաստը և միայն համաձայն չի եղել դրանց տրված իրավական գնահատականի հետ։ Բացի այդ, նախաքննության ընթացքում ներկայացված մեղադրանքներն ընդունել են մեղադրյալներ Ա․Ջեյրանյանը, Ա․Հակոբյանը, Կ․Խաչատրյանը։ Այսինքն՝ վերացել է վերջիններիս նկատմամբ մեղադրյալ Վ․Ասատրյանի կողմից անօրինական ազդեցություն գործադրելու հավանականության ռիսկը, մասնավորապես այն պարագայում, երբ վարույթը գտնվում է դատաքննության փուլում։ Հետևաբար գործի քննությանը խոչընդոտելու հիշյալ հանգամանքն էականորեն նվազեցնում է ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը, որպիսի պայմաններում էլ այդչափ բարձր չէ նշված ռիսկը, ինչպես նաև արդարացված չէ այն պնդումը, որ քանի դեռ հիմնական դատալսումները չեն սկսվել և հարցաքննված չեն դատակոչի ցանկում նշված անձինք, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց պետք է կիրառել կալանքը։ Միաժամանակ հարկ է նշել նաև, որ Վ․Ասատրյանի նկատմամբ մեկ անգամ արդեն իսկ տնային կալանք կիրառված լինելու պայմաններում փաստական տվյալ ձեռք չի բերվել ընտրված խափանման միջոցի պայմանները վերջինիս կողմից խախտած լինելու մասին։
բ) Դատակոչի ցուցակում ընդգրկված վարույթին օժանդակող անձանց մեծ մասը հանդիսանում են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ դատախազության ներկայացուցիչներ։ Տվյալ պարագայում Վճռաբեկ դատարանն իր համաձայնություն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն դատողության հետ, որ վերջիններս ի պաշտոնե հանդիսանում են վարույթի հանրային մասնակիցներ և հաշվի առնելով նրանց սոցիալ-իրավական զարգացման մակարդակը, պետք է առաջնորդվել այն կանխավարկածով, որ սույն փուլում Վ․Ասատրյանի կողմից վկաների հիշյալ խմբի վրա անօրինական ազդեցություն ունենալու հավանականությունը բավականին ցածր է։ Հակառակը դեպքում՝ կասկածի տակ կդրվի Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն զբաղեցնող անձանց կոմպետենտությունը։
գ) Մեղադրյալ Վ․Ասատրյանը նախկինում դատված չի եղել, ունի մշտական բնակության վայր, խնամքին ունի մեկ անչափահաս երեխա, քրեական գործի նյութերում առկա են նրա առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր առ այն, որ վերջինս ունի հիվանդություններ, սակայն դրանք չեն համապատասխանում կալանքին խոչընդոտող հիվանդությունների կողմնորոշիչ ցանկում ներառված հիվանդություններին։
Տվյալ դեպքում Վ․Ասատրյանի անձը բնութագրող տվյալները ևս, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, կարող են համարվել նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը հակակշռող գործոններ և ի զորու են երաշխավորելու վերջինիս պատշաճ վարքագիծը՝ տնային կալանքի տակ գտնվելու դեպքում։
18․ Վճռաբեկ դատարանը, համադրելով վերը նշված փաստական հանգամանքները բողոքաբերի փաստարկների հետ, արձանագրում է, որ վկայակոչված փաստական հանգամանքների առկայության պայմաններում բացակայում է այնպիսի գործոն, որով պայմանավորված մեղադրյալ Վ․Ասատրյանի նկատմամբ պետք է կիրառվի ամենախիստ խափանման միջոցը։ Այլ կերպ, բողոքաբերի կողմից ներկայացված փաստարկներում առկա չէ այնպիսի հիմնավոր հանգամանք, որը թույլ կտա մեղադրյալի անձնական ազատության սահմանափակման տնային կալանքին բնորոշ աստիճանը ոչ պիտանի համարել նրա իրավաչափ վարքագիծն ապահովելու համար։ Ուստի նման պայմաններում մեղադրյալ Վ․Ասատրյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը հանդիսանում է անհրաժեշտ ու պիտանի, և համապատասխանում է անձի իրավունքների սահմանափակման նվազագույնի սկզբունքի հայեցակարգին։
19. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ մեղադրյալ Վ.Ասատրյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են:
20. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, հանգելով հետևության, որ մեղադրյալ Վ.Ասատրյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ, հանգել են իրավաչափ եզրահանգման, ուստի ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի ներկայացրած հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը՝ թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15- րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Վլադիմիր Վարդանի Ասատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
