Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0054/01/22
- Գործի համարը
- ՀԿԴ/0054/01/22
- Դիմող / մեղադրյալ
- Սարգիս Գրիգորյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 26.07.2024
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
12 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրության խնդիրները
- Հոդված 4. Օրինականության սկզբունքը
- Հոդված 17. Հանցանքի տեսակները
- Հոդված 19. Հանցագործության տեսակները
- Հոդված 34. Հանցափորձը
- Հոդված 44. Հանցափորձը և դրա տեսակները
- Հոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 312. Կաշառք տալը
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0054/01/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարանի որոշում,
նախագահող դատավոր` Վ.Դոլմազյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ա․Հովհաննիսյան
2024 թվականի հուլիսի 26-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Սարգիս Գևորգի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ ամբաստանյալ Ս․Գրիգորյանի պաշտպան Ա․Մովսիսյանի միջնորդությունը բավարարվել է, Ս․Գրիգորյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
2. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Մուրադյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մարտի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և քրեադատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։ Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) հանցագործությամբ պատճառված վնասի, այդ թվում՝ կաշառք տալու և ստանալու չափերը, բացառությամբ հատուկ մասում նախատեսված դեպքերի, տեղ են գտել ոչ թե կոնկրետ հոդվածներում, այլ ներառվել են հիմնական հասկացությունները սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածում։ Ընդ որում, նախատեսվել են հստակ և կոնկրետ չափեր, որոնք վերաբերելի են քրեական օրենսգրքի հատուկ մասում տեղ գտած բոլոր հանցակազմերին, այդ թվում՝ կաշառք տալուն։
Բողոքաբերն ընդգծել է նաև, որ տվյալ դեպքում հաշվի չի առնվել օրենսդրի նպատակը՝ նկատի ունենալով, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդել հանդիսանալու արդյունավետ միջոց հանցավորության դեմ պայքարի գործում, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի, մինչդեռ նույն օրենսգրքում տեղ գտած կաշառք տալու չափերին առնչվող քրեաիրավական նորմին տալով սխալ մեկնաբանում, Վերաքննիչ դատարանը շեղվել է նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակից, որպիսի մոտեցումը չի բխում նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի կարգավորումներից։ Վերաքննիչ դատարանի դիտարկումն առ այն, որ տվյալ դեպքում առկա է օրենքի բաց, որը չի կարող հաղթահարվել, վերացվել կամ լրացվել դատական մեկնաբանության միջոցով, հիմնավոր չէ, քանի որ «օրենքի ենթադրյալ բացը» դատարանները ստեղծել են օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում տեղ գտած նորմին սահմանափակ, տառացի մեկնաբանում տալով՝ չբացահայտելով այն ընդունող մարմնի նպատակը։
4․1․ Միաժամանակ, վերաբերելի իրավական նորմերի վերլուծության արդյունքում, բողոքաբերը նշել է, որ կաշառք տալու հանցակազմը որակյալ դարձնող հանցագործության առարկայի չափերի փոփոխության հետևանքով տեղի է ունեցել արարքի մասնակի ապաքրեականացում, որի արդյունքում Ս․Գրիգորյանի արարքը ենթակա է որակման ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասով, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, այն դեպքում, երբ այդ արարքը կատարելու պահին գործող օրենսգրքով այն դասվել է ծանր հանցագործությունների շարքին։ Այլ կերպ՝ Ս․Գրիգորյանի արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, որը միջին ծանրության հանցանք է և որի վաղեմության ժամկետը տասը տարի է, մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս հիմք է ընդունել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված միջին ծանրության հանցագործության վաղեմության ժամկետը՝ անտեսելով այն հանգամանքը, որ հանցանքի կատարման պահին Ս․Գրիգորյանի արարքը եղել է ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցանք, որի վաղեմության ժամկետն արարքի կատարման պահին գործող օրենքով եղել է տասը տարի։
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Սարգիս Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ հանցավոր արարքի համար․ «[Ն]ա հորաքրոջ որդու` Արթուր Մինասյանի օժանդակությամբ և Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ փորձել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Ադամյանին՝ վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել։
Այսպես․
ՀՀ ՊՆ Ախուրյանի տարածքային զինվորական կոմիսարիատի զորակոչիկ, Սարգիս Գրիգորյանն առողջական խնդիրների պատճառով 2014-2017 թվականների ընթացքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացություններով ժամկետային զինվորական ծառայությունից ստացել է տարկետումներ, սակայն մտահոգություն է ունեցել, որ իր մոտ առկա առողջական խնդիրների անտեսման հետևանքով 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրեն կարող են զորակոչել ՀՀ զինված ուժեր։ Իր մտահոգությունների մասին Սարգիս Գրիգորյանը տեղեկացրել է հորաքրոջ որդուն՝ Արթուր Մինասյանին, ով հայտնել է պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորության մասին, տեղեկացնելով, որ ընկերը կարող է այդ ոլորտում հարցեր կարգավորել։ Սարգիս Գրիգորյանը մտադրված լինելով կաշառք տալ պաշտոնատար անձի և դրա դիմաց ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից, խնդրել է Արթուր Մինասյանին պարզել, թե որքան գումար է անհրաժեշտ լինելու այդ հարցը լուծելու համար։
Արթուր Մինասյանը 2017 թվականի հոկտեմբերի վերջին դիմել է ընկերոջը՝ Սերգեյ Աղաջանյանին, նրան հայտնել, որ մորեղբոր որդին սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի, նախկինում մի քանի անգամ ստացել է տարկետումներ ու պատրաստ են կաշառք տալ՝ նրան զինվորական ծառայությունից ազատվելու համար։ Սերգեյ Աղաջանյանը, գիտակցելով տվյալ զորակոչիկի գործողությունների բնույթը, ստանձնել է կաշառք տալու և ստանալու հարցում միջնորդի դերակատարությունը, մասնավորապես՝ Արթուր Մինասյանին խոստացել է իր ծանոթների միջոցով օգնել այդ հարցում, ինչից հետո հանդիպել է իր մտերիմ Մանվել Ադամյանին և տեղեկացրել նրան, որ իր ծանոթի որդին սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի և ցանկանում է կաշառքի դիմաց ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից։
Մանվել Ադամյանը, մասնագիտական պարտականությունների կատարման բերումով տիրապետելով զինվորական կոմիսարիատի աշխատանքներին, զորակոչիկների բժշկական հետազոտությունների նրբություններին, ինչպես նաև ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի պահանջներին, և գիտակցելով, որ նախկինում տարկետումներ ստացած զորակոչիկի մոտ առկա սրտի հետ կապված առողջական խնդիրները կարող են հնարավորություն տալ վերջինիս 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից, օգտվելով այդ հանգամանքից, փորձել է կաշառք ստանալու պատրվակով զորակոչիկից խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով 3․381․420 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար գումար և Սերգեյ Աղաջանյանին տեղեկացրել է, որ նշված չափի գումարով կարող է լուծել զորակոչիկին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը։ Սերգեյ Աղաջանյանը գումարի վերաբերյալ պահանջը 2017 թվականի նոյեմբերի 1-ին փոխանցել է Արթուր Մինասյանին, ապա նրա կողմից սակարկելու արդյունքում ավելի պակաս գումար տալու հարցով կրկին խոսել է Մանվել Ադամյանի հետ, ով հայտնել է, որ հարցին կարող է լուծում տալ 2․910․960 ՀՀ դրամին համարժեք 6000 ԱՄՆ դոլարի դիմաց։ Սերգեյ Աղաջանյանը գումարի վերջնական չափը 2017 թվականի նոյեմբերի 6-ին հայտնել է Արթուր Մինասյանին, վերջինս իր հերթին՝ Սարգիս Գրիգորյանին, ով տեղեկանալով պահանջված գումարի վերջնական չափի վերաբերյալ, չի կարողացել առանձնապես խոշոր չափերով՝ 2․910․960 ՀՀ դրամին համարժեք 6000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ նշված չափով գումար չունենալու պատճառով, այսինքն՝ Սարգիս Գրիգորյանը հանցագործությունը՝ Արթուր Մինասյանի և Սերգեյ Աղաջանյանի օժանդակությամբ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով։
Այնուհետև, Սարգիս Գրիգորյանը տարածքային զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրերի հիման վրա անցել է բժշկական հետազոտություններ և կատարված օբյեկտիվ հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «սրտի ռիթմի խանգարում», ինչի հիման վրա ճանաչվել է խաղաղ ժամանակ ոչ պիտանի զինվորական ծառայության համար և հաշվառվել ՀՀ զինված ուժերի պահեստազորում։
Այսպիսով, Սարգիս Գրիգորյանը Արթուր Մինասյանի օժանդակությամբ և Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ փորձել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․910․960 ՀՀ դրամին համարժեք 6000 ԱՄՆ դոլար կաշառք տալ պաշտոնատար անձ հանդիսացող Մանվել Ադամյանին՝ վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար, սակայն, հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, այսինքն, Սարգիս Գրիգորյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարում (…)»:
7. Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը գտնում է, որ սույն գործով ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը քննարկելիս ՀՀ նոր քրեական օրենսգիրքն ունի հետադարձ ուժ, դրա բարելավող դրույթները տարածվում են մինչև դրա ուժի մեջ մտնելը ենթադրաբար հանցանք կատարած Սարգիս Գրիգորյանի վրա։
Դատարանը նաև արձանագրում է, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմի կաշառքի առարկայի չափը սահմանված չէ ՀՀ նոր քրեական օրենսգրքով, սահմանված չէ, թե որն է խոշոր չափը, որը՝ առանձնապես խոշոր չափը, հետևաբար, Դատարանը գտնում է, որ առկա խմբագրությամբ ՀՀ նոր քրեական օրենսգրքով կաշառք տալու ցանկացած դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, տվյալ հանցակազմը որակյալ դարձնող մյուս պայմանների բացակայության դեպքում, արարքը ենթակա է որակման հիշյալ հոդվածի 1-ին մասով։
Դատարանի հիշյալ եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով կամ որևէ այլ նորմով կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի մասին խոսք չկա, ինչից բխում է, որ կաշառք տալու դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, այն կարող է որակվել միայն այդ հանցանքի հասարակ ձևով, եթե իհարկե՝ բացակայում են ՀՀ նոր քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված այդ հանցակազմը որակյալ դարձնող հանգամանքները։
Վերը նշվածը հաշվի առնելով՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքով խոշոր չափերով կամ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու հանցակազմ չկա, ինչից հետևում է, որ այդ համատեքստում, խոշոր չափերով կամ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալն ապաքրեականացվել է։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմի 2-րդ մասով նախատեսված է եղել դրա որակյալ ձևը, այն է՝ կատարվել է խոշոր չափերով, իսկ 3-րդ մասով՝ այն է՝ կատարվել է առանձնապես խոշոր չափերով, կամ կազմակերպված խմբի կողմից:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ նոր քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին, հետևաբար Սարգիս Գրիգորյանին մեղսագրվող արարքը պետք է գնահատել որպես ենթադրաբար կաշառք տալու փորձի հասարակ տեսակ, որը միջին ծանրության հանցանք է:
Դատարանը գտնում է, որ Սարգիս Գրիգորյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը պետք է հաշվել առավելագույնը 2017 թվականի նոյեմբերի 6-ից, հետևաբար, նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել, այսինքն՝ Սարգիս Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը ենթադրաբար կատարելուց հետո անցել է 5 (հինգ) տարուց ավելի ժամանակ, անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նա չի առարկել այդ հիմքով իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելուն, ուստի Սարգիս Գրիգորյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման (…)»։
8. Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 9-ի որոշման համաձայն՝ «(…) 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված կաշառք տալու հանցակազմի պարագայում օրենսդիրը, որպես այդ հանցանքը որակյալ դարձնող հանգամանքներ դիտարկելով «խոշոր չափը» և «առանձնապես խոշոր չափը», միևնույն ժամանակ, օրենսգրքի հատուկ մասում չի նախատեսել, թե խնդրո առարկա հանցակազմի առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Դրա հետ մեկտեղ հարկ է փաստել, որ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում օրենսդիրը սահմանել է հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը, ինչից, սակայն, հետևում է, որ սահմանված այդ չափերը վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին, քանի որ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույք կամ օգուտ չափ» եզրույթը որևէ կերպ չի կարող նույնացվել կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի հետ։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննարկվող նորմը չի սահմանել կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափը։
Վերոգրյալի հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի ձևավորած և վերը մեջբերված նախադեպային իրավական դիրքորոշումները, հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը:
Ընդ որում, պետք է փաստել, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը ուղղակիորեն արգելում է քրեական օրենքի ընդհանուր մասի նորմերի անալոգիայով կիրառումը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը։
Այսպիսով, հաշվի առնելով այն, որ «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ, և դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել դրանցից վերացարկված, նկատի ունենալով նաև, որ քրեական օրենքի տարածական մեկնաբանումը և ընդհանուր մասի նորմերի՝ անձի վիճակի վատթարացման դեպքում անալոգիայով կիրառելը անթույլատրելի է՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելը օրենսդրական բաց է, որի հետևանքով նշյալ օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին (բավարար չափով կանխատեսելի չեն), հետևաբար նաև դրանք անձին մեղադրելու հիմք չեն:
(…) 2003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Ս․ Գրիգորյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։
Վերոգրյալի հետ մեկտեղ նկատի ունենալով, որ ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 18․04․2003, ՀՕ-528-Ն) 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1-ին մասին՝ որպես կաշառք տալու փորձի հասարակ տեսակ (տե՛ս սույն որոշման 5․3․-րդ կետը), ինչը թե՛ 2003, թե՛ 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերով դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչպես նաև 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա հաշվի առնելով, որ պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Սարգիս Գրիգորյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ (…)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափերի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նույնաբնույթ գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Ս․Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1-ին մասին։
10․ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել (…)»։
ՀՀ գործող քրեական օրենսգքրի 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել:
2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է:
3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»:
Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում՝ ընդգծելով, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր, որը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է: Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով, ինչը ենթադրում է, որ անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար։
Անդրադառնալով դատական մեկնաբանության սահմաններին և օրենսդրական բացի հաղթահարման հիմնախնդրին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը:
Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: «Խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ։ Դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել (և սահմանվում են) դրանցից վերացարկված։ Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք նորմերում օգտագործելով «խոշոր չափ» և/ կամ «առանձնապես խոշոր չափ» եզրույթները՝ օրենսդիրը միաժամանակ հստակ սահմանել է, թե կոնկրետ առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Հակառակ դեպքում իրավակիրառ մարմնի կողմից քննարկվող հասկացությունների կիրառումը կհանգեցնի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման, քանի որ գործի հանգամանքներով պայմանավորված չլինելու դեպքում բացակայում են իրավակիրառ մարմնի, այդ թվում՝ դատարանի կողմից այդ հասկացությունների բովանդակությունը որոշելու օբյեկտիվ չափանիշները։
11․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
(…)
17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի (…)»։
Նույն օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝
պատժվում է (…)։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
(…)
2) խոշոր չափերով կամ
(…)
պատժվում է (…)։
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ (…)
2) առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է (…)»:
Ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքով հափշտակության, պատճառված գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը սահմանվում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով՝ օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունների ներքո։ Վերոնշյալ չափերը ընդհանուր են ՀՀ գործող քրեական օրենսգրքի հատուկ մասով սահմանված բոլոր այն հանցակազմերի համար, որոնցում հանցագործության չափերը նախատեսված են որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ կամ հանցակազմը որակյալ կամ առավել որակյալ դարձնող հանգամանք, եթե կոնկրետ հանցակազմի շրջանակում այլ չափ սահմանված չէ (օրինակ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի հոդվածներ 267-ը, 282-ը, 290-ը և այլն)։
11․1․ Անդրադառնալով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմին՝ հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով որպես ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանք նախատեսված են նույն արարքի կատարումը խոշոր և առանձնապես խոշոր չափերով։ «Խոշոր» և «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների պարագայում գործ ունենք չափելի երևույթների հետ, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Մինչդեռ, քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի խոշոր և առանձնապես խոշոր չափերը չեն բացահայտվել։
Այսպես՝ օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որևէ մեկի հետ։ Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական և չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին։
12․ Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն օրենսդրորեն բացահայտված չեն, մասնավորապես՝ սահմանված չէ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի որ չափն է համարվում խոշոր, իսկ որը՝ առանձնապես խոշոր։ Այլ կերպ՝ առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով, քանզի դատական մեկնաբանման շրջանակները խստորեն սահմանափակված են օրինականության սկզբունքով, իսկ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասն արգելում է քրեական օրենքի ընդհանուր մասի նորմերն անալոգիայով կիրառելը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը։
Այսպիսով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, բավարար չափով կանխատեսելի չեն, ուստի չեն կարող անձին դատապարտելու հիմք լինել։
13․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ
- Ս․Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքի համար, որ նա հորաքրոջ որդու` Ա․Մինասյանի օժանդակությամբ և Ս․Աղաջանյանի միջնորդությամբ փորձել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձ հանդիսացող Մ․Ադամյանին՝ վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել,
- Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով կաշառք տալու հանցակազմի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանված չեն, հետևաբար կաշառք տալու ցանկացած դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, հանցակազմը որակյալ դարձնող մյուս պայմանների բացակայության պայմաններում, արարքը ենթակա է որակման հիշյալ հոդվածի 1-ին մասով։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ս․Գրիգորյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին,
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն փաստել է, որ ամբաստանյալ Ս․Գրիգորյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին, հետևաբար Ս․Գրիգորյանին մեղսագրվող արարքը պետք է գնահատել որպես ենթադրաբար կաշառք տալու փորձի հասարակ տեսակ։
14․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Ս․Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1-ին մասին, իրավաչափ են։
Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկներին, որ դատարանները «օրենքի ենթադրյալ բացը» ստեղծել են՝ օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում տեղ գտած նորմին սահմանափակ, տառացի մեկնաբանում տալով և որ տվյալ դեպքում հաշվի չի առնվել օրենսդրի նպատակը՝ նկատի ունենալով, որ ՀՀ նոր քրեական օրենսգիրքը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդել հանդիսանալու արդյունավետ միջոց հանցավորության դեմ պայքարի գործում, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրինականության սկզբունքը և «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնը պահանջում են, որ հանցավոր համարվող արարքները սահմանվեն բացառապես օրենքով և նկարագրվեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով՝ բացառելով դրանց շատ լայն և տարածական մեկնաբանումը։ Վերոնշյալը սահմանադրորեն և միջազգային կոնվենցիաներով ամրագրված հիմնարար սկզբունք է և բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, որից որևէ շեղում և բացառություն նախատեսված չէ՝ նույնիսկ պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ։ Հետևաբար, եթե քրեաիրավական նորմը չի բավարարում «օրենքին» ներկայացվող որակական չափանիշներին, այն չի կարող դրվել անձի դատապարտման հիմքում, որքան էլ որ կատարված արարքը լինի վտանգավոր և, ընդհանուր առմամբ, բխի օրենսդրի նպատակներից։
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները՝ Ս.Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ:
16․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
…
3. Կաշառք տալը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
…
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝
պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
…»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ … 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: …:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ (…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: (…):
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
…
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. …:
16․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր։
17. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 44-436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի։
Ուստի, ստացվում է, որ կաշառք տալու փորձը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ կաշառք տալու փորձի մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է տասը տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ կաշառք տալու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի, քննարկվող դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված ծանր հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Ս.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ս․Գրիգորյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1-ին մասին, որը միջին ծանրության հանցանք է: Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ամբաստանյալի կողմից իրեն մեղսագրվող արարքը ենթադրաբար կատարվելուց հետո անցել է հինգ տարուց ավել ժամանակ, ուստի Ս․Գրիգորյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վաղեմության ժամկետն անցնլու հիմքով,
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ս․Գրիգորյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1-ին մասին, ինչը թե՛ 2003, թե՛ 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերով դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, և գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, Ս․Գրիգորյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ։
19․ Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Ս․Գրիգորյանին վերագրվող հանցանքը ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել է միջին ծանրության հանցանքների շարքին, սակայն վաղեմության ժամկետի հաշվարկի առումով օրենսդրական այդ փոփոխությունը բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի թե՛ արարքի կատարման պահին, թե՛ ՀՀ գործող քրեական օրենսգրքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի:
Մասնավորապես, արարքի կատարման պահին ամբաստանյալին վերագրվող հանցանքը եղել է ծանր, որի վաղեմության ժամկետը տասը տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում ամբաստանյալին վերագրվող հանցանքը միջին ծանրության է, որի վաղեմության ժամկետը կրկին տասը տարի է: Ուստի թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Ս․Գրիգորյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։
20. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ Ս․Գրիգորյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է, իրավաչափ չէ, քանզի տվյալ դեպքում արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվել է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը իրավաչափ չէ։
21. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանելու համար։
Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և հաշվի առնելով, որ թիվ ՀԿԴ/0054/01/22 քրեական գործը դեռևս քննվում է Առաջին ատյանի դատարանում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպան Ա․Մովսիսյանի միջնորդությունը պետք է մերժել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Սարգիս Գևորգի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել և պաշտպան Ա․Մովսիսյանի միջնորդությունը մերժել։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
