Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ԵԴ/0453/01/20
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ/0453/01/20
- Դիմող / մեղադրյալ
- Գոռ Խալաթյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 19.07.2024
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
12 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 8. Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում
- Հոդված 19. Հանցագործության տեսակները
- Հոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 311. Կաշառք ստանալը
- Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը
- Հոդված 324. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը
- Հոդված 445. Պաշտոնեական կեղծիքը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/0453/01/20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
Նախագահող դատավոր՝ Դ.Հարությունյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր` Կ.Ամիրյան
Դատավորներ՝ Մ․Մակյան
Ա․Հովհաննիսյան
2024 թվականի հուլիսի 19-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Գոռ Յուրիկի Խալաթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է թիվ 62224419 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի 2020 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ Գոռ Յուրիկի Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Գ.Խալաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2020 թվականի մայիսի 18-ին քրեական գործը` ըստ մեղադրանքի Գոռ Յուրիկի Խալաթյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան), և 2020 թվականի մայիսի 22-ին ընդունվել է դատավոր Դ.Հարությունյանի վարույթ:
2․ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի մայիսի 2-ի որոշմամբ Գոռ Խալաթյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է և գործի վարույթը կարճվել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։
3. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Մուրադյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը 2024 թվականի մարտի 12-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի մայիսի 2-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ, 9-րդ և 83-րդ հոդվածներով նախատեսված պահանջները, այն է՝ սխալ է մեկնաբանվել և գնահատվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելուն առնչվող ՀՀ քրեական օրենսգրքում առկա կարգավորումները, որի արդյունքում, առանց իրավաչափ հիմքի, Գոռ Խալաթյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, որով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի էական խախտում:
5.1. Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտով քննարկվող նյութական նորմերին տրված սխալ մեկնաբանությունների և վերլուծությունների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, հաշվի առնելով, որ կոնկրետ դեպքում առկա է անհրաժեշտություն ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ, 9-րդ և 83-րդ հոդվածներով կարգավորվող իրավահարաբերություններին տալու այնպիսի մեկնաբանություն, որը կհամապատասխանեն քրեական օրենսգրքով պաշտպանվող հասարակական հարաբերությունների բնույթին: Մասնավորապես, այն կարող է էական և ուղղորդող նշանակություն ունենալ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու ժամկետները ճիշտ հաշվարկելու, տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու և միատեսակ մոտեցում ցուցաբերելու առումով:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 12-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Գոռ Յուրիկի Խալաթյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ նա. «2019 թվականին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր վարույթում 2019թ. մայիսի 21-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի դեպքի վերաբերյալ նախապատրաստած նյութերով անձնական շահագրգռվածությունից ելնելով ոչնչացրել է «Արմենիա» ԲԿ-ում կազմված, ավտովթարի մասնակից՝ վարորդ Խաչատուր Արասխանյանի ոչ սթափ լինելու վերաբերյալ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող զննության թիվ 451 արձանագրությունը և նույն դրդումներով կազմել ու նյութերին է կցել Խաչատուր Արասխանյանի սթափ լինելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ։ Այսպես՝
2019թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Գոռ Խալաթյանին է հանձնարարվել 2019թ. մայիսի 21-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում Նորիկ Մանուկյանի կողմից վարած «Վազ 2103» մակնիշի 21 US 618 համարանիշի և Խաչատուր Արասխանյանի վարած «Մերսեդես մակնիշի, 35 XF 287 համարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը: Նշված վարույթի ընթացքում Գոռ Խալաթյանի հանձնարարությամբ 2019 թվականի մայիսի 21-ին «Արմենիա» ԲԿ-ի սուր թունավորումների բաժանմունքի վարիչ Միքայել Գաբրիելյանի կողմից ստուգվել է ավտովարորդ Խաչատուր Արասխանյանի սթափության վիճակը, որի արդյունքում կազմվել է սթափության վիճակի զննության վերաբերյալ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող թիվ 451 արձանագրությունը, համաձայն որի՝ Խաչատուր Արասխանյանի արտաշնչած օդի մեջ հայտնաբերվել է 0.45 մգ/լ ալկոհոլ, իսկ կազմված արձանագրությունը հանձնվել է տեսուչ Գոռ Խալաթյանին: Վերջինս տեղեկանալով, որ Խաչատուր Արասխանյանը 2018թ-ի նոյեմբերի 29-ին տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար ենթարկվել է վարչական տույժի և իր կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելն արձանագրելու պարագայում նա «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն մեկ տարի ժամկետով պետք է զրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ընդառաջելով ոչ սթափ լինելու փաստը չարձանագրելու Խաչատուր Արասխանյանի և նրա ընկեր Արթուր Բախշինյանի խնդրանքին, վերջիններիս օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, ոչնչացրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող Խաչատուր Արասխանյանի սթափության վիճակի զննության թիվ 451 արձանագրությունը: Դրանից հետո նշված անձնական դրդումներով իր մոտ գտնվող սթափության վիճակը զննելու սարքավորումով անձամբ ինքն է արտաշնչել և ստուգել իր իսկ սթափությունը, որից հետո նյութերին է կցել ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող Խաչատուր Արասխանյանի սթափությունն իր կողմից ստուգելու և վերջինիս սթափ լինելու մասին վկայող պաշտոնեական կեղծ փաստաթուղթ: (…)»:
8․ Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի մայիսի 2-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը փաստում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին, մասնավորապես՝ նոր օրենքով նույնպես նախատեսված է պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանցակազմը, այսինքն՝ հոդվածի դիսպոզիցիայում չեն կատարվել այնպիսի փոփոխություններ, որոնք վերացնում են արարքի հանցավորությունը, հետևաբար՝ այդ հարցի համատեքստում նոր քրեական օրենքին հետադարձ ուժ տալու անհրաժեշտություն չի առաջանում:
Միաժամանակ հարկ է արձանագրել, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի սանկցիան նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, այնինչ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի սանկցիան նախատեսում է տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակում` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Այլ խոսքով՝ Դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի չափի վերին շեմն ավելի նվազ է, քան նույն արարքի համար 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի չափի վերին շեմը, ուստի հաշվի առնելով, որ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան ենթադրյալ արարք կատարած անձանց վրա, սույն դեպքում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը քննության առնելիս, որպես 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար պատժի վերին շեմ պետք է հիմք ընդունել 2021 թվականի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի չափի վերին շեմը՝ առավելագույնը երկու տարի ժամկետը։
Այսպիսով՝ վերոհիշյալ իրավանորմերի համալիր վերլուծությունից կարելի է կատարել հետևյալ եզրահանգումները, մասնավորապես,
ա) 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված հանցագործությունները դասվում են ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին,
բ) եթե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված հանցագործությունները կատարելու պահից անցել է երկու տարի, ապա քրեական գործով վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման, եթե վաղեմության ժամկետն ընդհատված կամ կասեցված չի եղել,
գ) վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործով վարույթը ենթակա չէ կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման, եթե դրա դեմ առարկում է ամբաստանյալը (կասկածյալ/ամբաստանյալ):
Տվյալ պարագայում ամբաստանյալ Գ.Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին), այսինքն` վերջինիս մեղսագրվում է ոչ մեծ ծանրության հանցագործություններ, նրան մեղսագրվող ենթադրյալ արարքներն ավարտված համարելու օրվանից` 2019 թվականի մայիս ամսից, անցել է երկու տարուց ավելի ժամանակ, նրան առաջադրված մեղադրանքով առկա չէ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, վաղեմության ժամկետը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերով կասեցված կամ ընդհատված չի եղել (հիմք դատվածության վերաբերյալ տեղեկություններ պարունակող Ձև 8 տեղեկանք), ինչպես նաև այն, որ վերջինս ցանկանում է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և թիվ ԵԴ/0453/01/20 քրեական գործի վարույթը կարճվի:
Այսպիսով՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գոռ Յուրիկի Խալաթյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին) քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման և թիվ ԵԴ/0453/01/20 քրեական գործի վարույթը կարճման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: (...)»։
9. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(…) 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Գ․Խալաթյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Այսպես․
Գոռ Խալաթյանին վերագրվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ժամանակ և համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որով նախատեսված պատժատեսակ է նաև ազատազրկումը՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Այսինքն, Գոռ Խալաթյանին վերագրվող այդ արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննության առարկա դեպքի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը՝ հետևյալ հիմնավորմամբ․
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին, որը հանդես է գալիս որպես պատիժը մեղմացնող օրենք և ունի հետադարձ ուժ։
Միաժամանակ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, որի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն ոչ մեծ ծանրության հանցանքների համար 5 տարի է, ինչը ամբաստանյալի համար առավել խիստ և անբարենպաստ կարգավորում է, քան 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին համապատասխանեցման արդյունքում այդ հոդվածների ծանրությանը համարժեք՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մեծ ծանրության հանցանքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների վերաբերյալ կարգավորումները, քանի որ տվյալ օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ոչ մեծ ծանրության հանցանքների համար 2 տարի է։
Այսինքն, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը՝ պատիժը մեղմացնելու առումով հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող, միաժամանակ այդ արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով՝ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ փոխկապակցվածությամբ, պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, հետևաբար, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով ձևակերպված՝ «սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան» (այսինքն, մեղմացնող մասով կիրառելով այդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խստացնող մասով այդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումները) պայմանի կիրառմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը։
Ընդ որում, Վերաքննիչ դատարանը վերոնշյալ դատողություններին հանգելիս հաշվի է առնում նաև Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 10-ի` Միշա Մուրադյանի վերաբերյալ թիվ ԵԴ/1424/01/21 որոշման տրամաբանությունն առ այն, որ պատժի ինստիտուտը հանդիսանում է ավելի մեծ ինստիտուտի, այն է՝ քրեական պատասխանատվության, բաղադրատարր։
Այսպիսով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Գոռ Խալաթյանին վերագրված արարքը համապատասխանում է 2021 թվականին մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին և որի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետները 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն համապատասխանաբար 2 տարի է՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Գոռ Խալաթյանին վերագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ։
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի վերլուծությունները, որոնց վերաբերյալ Վերաքննիչ դատարանը տվել է իր համաձայնությունը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն իրենց համակցության մեջ ներառում են վերաքննիչ բողոքի բոլոր այն փաստարկների պատասխանները, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող էին ողջամիտ կասկած հարուցել Առաջին ատյանի դատարանի որոշման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ներկայացված բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնել անփոփոխ։(…)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ ամբաստանյալ Գ.Խալաթյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով։
11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։
(...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
11.1. ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ հոդվածներով ամրագրված երաշխիքը, որը նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք է, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ է գրավում, որը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։
Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։
Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով։
12․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր։
13․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։
Ուստի, ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի, քննարկվող դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։
14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- ամբաստանյալ Գ.Խալաթյանին, ի թիվս այլնի, վերագրվել է պաշտոնեական կեղծիքի կատարում, որը նախաքննության մարմնի կողմից որակվել է արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Գ․Խալաթյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով վերագրվող արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որը նույն օրենսգրքի համաձայն, համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները ենթակա են հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով,
- Վերաքննիչ դատարանը, վերլուծելով ՀՀ նախկին և ներկա քրեական օրենսգրքերի վերաբերելի նորմերը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, Գ․Խալաթյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ․Խալաթյանին վերագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական նշված կարգավորումը վերջինիս համար բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի ՀՀ գործող քրեական օրենսգրքով ոչ մեծ ծանրության հանցանքի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետ է հանդիսանում հինգ տարին, միևնույն ժամանակ Գ․Խալաթյանի կողմից ենթադրյալ հանցավոր արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը հանդիսացել է միջին ծանրության հանցագործություն, որի վաղեմության ժամկետը, ըստ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, նույնպես սահմանվել է հինգ տարի։ Այլ կերպ, թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս Գ․Խալաթյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի։
Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց հինգ տարի անցած չլինելու պայմաններում Գ.Խալաթյանը ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքների կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է։
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ ամբաստանյալ Գ․Խալաթյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։
17. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք ամբաստանյալ Գ․Խալաթյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` ՀՀ նախկին քրեական օրենսգրքով միջին ծանրության հանցագործության համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
18․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման դադարեցման հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշման մեջ՝ արձանագրելով, որ թեև 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»։
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ․Խալաթյանը իրեն մեղսագրվող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարել է 2019 թվականի մայիսին, հետևաբար Գ․Խալաթյանին մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է ավելի քան 5 տարի:
20. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:
Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում։
Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է։
21․ Սույն որոշման 18-րդ և 20-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով 19-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ․Խալաթյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2024 թվականի մայիսի 21-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել: Հետևաբար, Գ․Խալաթյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է և վերջինս ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման:
22. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Սակայն, նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացքում ի հայտ է եկել քրեական հետապնդումը բացառող նոր հանգամանք, այն է՝ քրեական գործով անցել են ամբաստանյալ Գ․Խալաթյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված վաղեմության ժամկետները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ և 385-386-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Գոռ Յուրիկի Խալաթյանի վերաբերյալ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 12-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
