Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԿԴ/0081/11/09

Գործի համարը
ԵԿԴ/0081/11/09
Դիմող / մեղադրյալ
Լաուրա Զարյան Գարեգինի
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
12.02.2010
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
14 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

ՀՀ Սահմանադրություն

ՀՀ Քրեական օրենսգիրք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԿԴ/0081/11/09 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0081/11/09 Նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 2010 թվականի փետրվարի 12-ին Երևան քաղաքում դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշման դեմ, Պ Ա Ր Զ Ե Ց 1.Գործի դատավարական նախապատմությունը 1. 2007 թվականի փետրվարի 9-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում հարուցվել է թիվ 16202307 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2007 թվականի հունվարի 17-ին Ժորա Հարությունյանի կողմից Լաուրա Գարեգինի Զարյանին առևանգելու դեպքի առթիվ: Նախաքննության մարմինը 2007 թվականի մայիսի 9-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և Ժորա, Էդմոնդ, Կարեն Հարությունյանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: 2007 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու որոշումը վերացնելու և նախաքննությունը շարունակելու մասին: Ժ.Հարությունյանի և նրա պաշտպան Կ.Գրիգորյանի բողոքի քննության արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2008 թվականի հունվարի 21-ին որոշում է կայացրել բողոքը հիմնավորված ճանաչելու և դատախազի որոշումը վերացնելու մասին: 2. 2008 թվականի օգոստոսի 14-ին Լ.Զարյանի դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման վերանայման հարցի պարզաբանման նպատակով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին: ՀՀ գլխավոր դատախազի 2009 թվականի հունվարի 26-ի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին 2007 թվականի մայիսի 9-ի որոշումը վերացվել է, և նախաքննությունը շարունակելու նպատակով գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչություն: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2009 թվականի մարտի 23-ին որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին: Տուժող Լ.Զարյանի բողոքի քննության արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հունիսի 12-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու և թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ 2009 թվականի մարտի 23-ի որոշումը վերացնելու մասին: 3. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2009 թվականի օգոստոսի 11-ին կրկին որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու և Ժորա, Էդմոնդ, Կարեն Հարությունյանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Վերոգրյալ որոշումը Լ.Զարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին, որը 2009 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ մերժվել է: 2009 թվականի հոկտեմբերի 7-ին Լ.Զարյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան), որը դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է: 4. Լ.Զարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի նոյեմբերի 17-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը բեկանելու մասին: Նախաքննության մարմնի 2009 թվականի օգոստոսի 11-ի և դատախազի 2009 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումները վերացվել են, և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել է վերսկսել թիվ 16202307 քրեական գործով կարճված վարույթը: 5. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Վճռաբեկ դատարանը 2010 թվականի հունվարի 15-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»): Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը 6. Սույն գործով Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ բովանդակությամբ. «Քրեական գործով տուժող Լաուրա Գարեգինի Զարյանի վերաքննիչ բողոքը բավարարել: «Բողոքը քննության առնելու մասին» Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. հոկտեմբերի 22-ի որոշումը բեկանել` «Քրեական հետապնդում չիրականացնելու ու քրեական գործով վարույթը կարճելու մասին» ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ ՔՎ բաժնի պետ Ա.Այվազյանի 11.08.2009թ. և «Տուժողի բողոքը մերժելու մասին» ՀՀ Գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերի վարչության պետի տեղակալ Ա.Դավթյանի 03.09.2009թ. որոշումները վերացնել և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերսկսելու թիվ 16202307 քրեական գործով կարճված վարույթը: (…)»: 3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. 7. Բողոքաբերը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի էական խախտում, որն արտահայտվել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 18-րդ, 23-րդ, 290-րդ, 385-րդ, 393-395-րդ հոդվածների սխալ կիրառմամբ և ազդել է գործի ելքի վրա: 8. Բողոքի հեղինակը նշում է, որ դատարանն իրավասու չէ որոշում կայացնել նախաքննության մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին, հետևաբար Վերաքննիչ դատարանը, նման որոշում կայացնելով, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից: Ի հիմնավորումն ասվածի` բողոքի հեղինակը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու իրավունք է վերապահել բացառապես դատախազին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանել է, որ նշված որոշման դեմ բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է անում այն մասին, որ Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին, թույլ է տվել ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված օրինականության սկզբունքի խախտում: 9. Բողոքի հեղինակը նշում է նաև, որ Վերաքննիչ դատարանն ակնհայտորեն հանդես է եկել մեղադրանքի կողմում` խախտելով քրեադատավարական օրենքով երաշխավորված անմեղության կանխավարկածի և մրցակցության սկզբունքները, իր պատճառաբանությունները հիմնավորել է օրենքի պահանջներից և քրեական գործի նյութերից չբխող հանգամանքներով: Ըստ բողոքաբերի` քրեական վարույթն իրականացնող մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ Լ.Զարյանի որևէ իրավունք կամ ազատություն չի խախտվել, հետևաբար հիշատակված որոշումը վերացնելու հիմքերը բացակայել են: 10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրում է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմանը: 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. տուժող Լ.Զարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իրավասո՞ւ էր արդյոք որոշում կայացնել նախաքննության մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը և դրա դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումը վերացնելու մասին: 12. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Պետական (…) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (…)»: 13. Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը մինչդատական վարույթում անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է և դատախազական հսկողության հետ համատեղ կոչված է ապահովելու նախաքննության մարմնի գործողությունների ու որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը: Մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողությունը, սակայն, դատախազական հսկողության համեմատ ունի իր խնդիրներով պայմանավորված առանձնահատկություններ, որոնք իրենց հերթին պայմանավորում են վերահսկողության օբյեկտի (առարկայի), վերահսկողության իրականացման ընթացակարգի (դատավարական ձևի), ընդունվող որոշումների և դրանց իրավական նշանակության տարբերությունները: Մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության և դատարանի վերահսկողության շրջանակներում քննվող բողոքների արդյունքում խախտված իրավունքների վերականգնման ձևերն ու եղանակները տարբեր են: Համապատասխան բողոքի քննության արդյունքում դատարանն անձի խախտված իրավունքը և ազատությունը վերականգնում է ոչ թե մինչդատական վարույթն իրականացնող մարմնին դատավարական որոշակի գործողություններ կատարելու ցուցում տալով կամ նրանց որոշումները վերացնելով, ինչպես առկա է դատախազական հսկողության պարագայում (տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը), այլ թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելով: Նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշման մեջ: 14. Սույն գործով Վերաքննիչ դատարանը, տուժող Լ.Զարյանի վերաքննիչ բողոքը ճանաչելով հիմնավորված, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի խախտմամբ որոշում է կայացրել մինչդատական վարույթն իրականացնող մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը և դրա դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումը վերացնելու մասին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), այսինքն` կայացրել է ՀՀ քրեադատավարական օրենքով չնախատեսված դատական ակտ: 15. Հիմք ընդունելով սույն որոշման 13-րդ և 14-րդ կետերում շարադրված դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ նախաքննության մարմնի և տուժողի բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումները վերացնելու մասին, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը: 16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (…)»: Վերոնշյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել բողոքում բարձրացված և սույն որոշման 9-րդ կետում շարադրված՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկները: 17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Տուժող Լաուրա Գարեգինի Զարյանի բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Դատավորներ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ