Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0131/01/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0131/01/22
Դիմող / մեղադրյալ
Արայիկ ՀակոբյանՎարդան Մարտիրոսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
27.08.2024

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0131/01/22 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, Նախագահող դատավոր՝ Տ.Դավթյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, Նախագահող դատավոր` Մ.Մակյան Դատավորներ՝ Կ․Ամիրյան Ա․Հովհաննիսյան 2024 թվականի օգոստոսի 27-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Արայիկ Վրեժի Հակոբյանի և Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի մարտի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 58234622 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արայիկ Վրեժի Հակոբյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1–ին մասով /2 դրվագ/։ 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ Արայիկ Հակոբյանին և Վարդան Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքներով քրեական հետապնդումը դադարեցվել է, և քրեական գործի վարույթը կարճվել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ 3․ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ Ն․Բարսեղյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2024 թվականի մարտի 5-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մայիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ և 83-րդ հոդվածներով սահմանված իրավադրույթների պահանջները, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ են մեկնաբանվել և գնահատվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելուն առնչվող օրենսդրական կարգավորումները, ինչի արդյունքում առանց իրավաչափ հիմքի Արայիկ Հակոբյանը և Վարդան Մարտիրոսյանն ազատվել են քրեական պատասխանատվությունից, որով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում: 5.1. Բողոք բերած անձը նշել է, որ Ա.Հակոբյանի և Վ.Մարտիրոսյանի կատարած արարքներին հետադարձ ուժ տալու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի կիրառման ուժով վերջիններիս արարքները համապատասխանել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որի դեպքում Ա․Հակոբյանին և Վ․Մարտիրոսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը հինգ տարի է, որը դեռևս չի անցել: Մինչդեռ Ա․Հակոբյանի և Վ․Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս հիմք է ընդունվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված՝ ոչ մեծ ծանրության հանցագործության վաղեմության ժամկետի հաշվարկը սահմանող կարգավորումը, որպիսի պայմաններում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ հանցանքի կատարման պահին Ա․Հակոբյանի և Վ․Մարտիրոսյանի կատարած արարքը հանդիսացել է ոչ թե ոչ մեծ ծանրության, այլ միջին ծանրության հանցանք, որի վաղեմության ժամկետը կատարման պահին գործող օրենքով եղել է հինգ տարի: 6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 5-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի նկատմամբ երկու դրվագով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ․ «(...) [Ն]ա 2020 թվականի օգոստոսի 21-ից, զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի (այսուհետ՝ Հիմնարկ) անվտանգության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2021 թվականի սեպտեմբերի 9-ին խմբի կազմում, Արայիկ Հակոբյանի հետ նախնական հանցավոր համաձայնությամբ, անձնական այլ դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ կատարել է պաշտոնեական կեղծիք՝ կազմելով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող 2021 թվականի սեպտեմբերի 9 թվագրությամբ «Ոչ նախատեսված խուզարկություն կատարելու մասին» ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող արձանագրություն, ապա նույն բաժնի գլխավոր մասնագետ Գրիգոր Գոգորյանի հետ նախնական հանցավոր համաձայնությամբ, անձնական այլ դրդումներով և խմբային շահերից ելնելով, կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող 2021 թվականի սեպտեմբերի 9 թվագրությամբ «Դատապարտյալի /կալանավորված անձի/ կողմից ներքին կանոնակարգը խախտելու վերաբերյալ» ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող արձանագրություն (...)»: 8․ Արայիկ Վրեժի Հակոբյանի նկատմամբ երկու դրվագով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ․ «(...) [Ն]ա 2020 թվականի հուլիսի 22-ից, զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2021 թվականի սեպտեմբերի 9-ին կատարել է պաշտոնեական կեղծիքներ, այն է՝ անձնական այլ դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ Վարդան Մարտիրոսյանի հետ նախնական համաձայնությամբ կազմել է 2021 թվականի սեպտեմբերի 9 թվագրությամբ՝ «Ոչ նախատեսված խուզարկություն կատարելու մասին» պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող արձանագրություն, բացի այդ՝ անձնական այլ դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ կազմել է 2021 թվականի սեպտեմբերի 9 թվագրությամբ հիմնարկի պետին հասցեագրված ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող զեկուցագիր, այնուհետև՝ դրդել է նույն բաժնի գլխավոր մասնագետ Գրիգոր Գոգորյանին կատարել կեղծիք և կազմել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ 2021 թվականի սեպտեմբերի 9 թվագրությամբ «Դատապարտյալի /կալանավորված անձի/ կողմից ներքին կանոնակարգը խախտելու վերաբերյալ» ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող արձանագրություն (...)»։ 9․ Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի նոյեմբերի 13-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը գտնում է, որ Արայիկ Հակոբյանին և Վարդան Մարտիրոսյանին մեղսագրվող հանցանքները համապատասխանում են գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին։ (...) Սույն քրեական գործով Արայիկ Վրեժի Հակոբյանին և Վարդան Գրիգորի Մարտիրոսյանին մեղսագրվող ենթադրյալ արարքները կատարվել են 2021 թվականի սեպտեմբերի 9-ին։ Դատարանն արձանագրում է, որ 2022 թվականի հուլիսի 1–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է 5 տարի, իսկ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ 2 տարի։ (...) Վերոգրյալի արդյունքում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ կատարված օրենսդրական փոփոխությունները՝ հանցագործություններն ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի դասակարգելու տեսանկյունից, կիրառելի են մեղադրյալներ Արայիկ Վրեժի Հակոբյանի և Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի նկատմամբ, սակայն վաղեմության ժամկետների հաշվարկման մասով՝ կիրառելի չեն, քանի որ գործող ՀՀ քրեական օրենսգիրքն այդ մասով վատթարացնում է անձի իրավական վիճակը: Այսպես՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին։ Նշված օրենսդրական փոփոխությունը կիրառելի է Արայիկ Վրեժի Հակոբյանի և Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի նկատմամբ, քանի որ ՀՀ քրեական նոր օրենսգիրքով մեղսագրվող արարքի համար սահմանված պատիժը մեղմացվել է, այն է՝ նախկին օրենսգիրքը մեղսագրվող արարքների համար որպես պատիժ էր նախատեսում ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և հանդիսանում էր միջին ծանրության հանցագործություն, իսկ նոր օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով և հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցանք։ Այսինքն՝ Արայիկ Վրեժի Հակոբյանի և Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի կողմից ենթադրյալ կատարված արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին և այդ մասով 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգիրքն ունի հետադարձ ուժ, քանի որ բարելավում է անձի վիճակը՝ պատիժը մեղմացնում է և ըստ այդմ՝ փոխում է (թեթևացնում է) նաև կատարած արարքների ծանրության աստիճանը։ Միաժամանակ, Դատարանը ցանկանում է արձանագրել, որ ինչպես արդեն իսկ նշվել է՝ նախկին ՀՀ քրեական օրենսգրքի պայմաններում արարքը, ըստ հանրային վտանգավորության աստիճանի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների թվին, իսկ ՀՀ քրեական նոր օրենսգրքով արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, ինչից ակնհայտ է, որ նոր օրենսգիրքը հանդիսանում է պատիժը մեղմացնող, ուստի այդ մասով 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքին պետք է տալ հետադարձ ուժ։ Արայիկ Վրեժի Հակոբյանը և Վարդան Գրիգորի Մարտիրոսյանն իրենց մեղսագրվող արարքները ենթադրաբար կատարել են 2021 թվականի սեպտեմբերի 9-ին, իսկ մեղսագրվող արարքը կատարելու պահին գործել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը, որով ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետ սահմանվում էր 2 տարի։ Հաշվի առնելով այն, որ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող օրենքով, իսկ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի հետադարձության կանոնների համաձայն՝ նոր օրենսգիրքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ արարքի հանցավորությունը վերացնում է, պատիժը մեղմացնում կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավվում և նկատի ունենալով, որ տվյալ պարագայում նոր օրենսդրությունը պատիժը մեղմացնում է, ուստի Արայիկ Վրեժի Հակոբյանի և Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի նկատմամբ կիրառելի է 2021 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը։ Այսինքն՝ Արայիկ Վրեժի Հակոբյանին և Վարդան Գրիգորի Մարտիրոսյանին մեղսագրվող արարքները համապատասխանում են և ենթակա են իրավական գնահատման 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով, որն ըստ ծանրության աստիճանի՝ հանդսիանում է ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Դատարանը, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ բացակայում են վաղեմության ժամկետի կասեցման, ընդհատման հիմքերը և նկատի ունենալով, որ մեղադրյալներ Արայիկ Վրեժի Հակոբյանին և Վարդան Գրիգորի Մարտիրոսյանին մեղսագրվող ոչ մեծ ծանրության հանցանքներն ավարտված համարելու օրվանից (2021 թվականի սեպտեմբերի 9-ից) անցել է 2 տարի, իսկ արարքների կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգիրքը ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետը սահմանում էր 2 տարի, գտնում է, որ Արայիկ Վրեժի Հակոբյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1–ին մասով /2 դրվագ/ հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, իսկ թիվ ՀԿԴ/0131/01/22 քրեական գործի վարույթը՝ կարճվի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ (...)»։ 10. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական, իրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալների նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ՝ վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը՝ մինչդեռ նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հաշվարկվում էր անձի կողմից կատարած հանցանքն ավարտվելու օրվանից մինչև գործով կայացված վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վաղեմության առումով կիրառելի են 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթները՝ որոնք առավել բարենպաստ են մեղադրյալների համար։ Անդրադառնալով Բողոքաբերի այն փաստարկին, որ հանցանքի կատարման պահին Արայիկ Հակոբյանի և Վարդան Մարտիրոսյանի կատարած արարքները հանդիսացել են ոչ թե ոչ մեծ ծանրության, այլ միջին ծանրության հանցանքներ, որոնց վաղեմության ժամկետը արարքների կատարման պահին գործող օրենքով եղել է 5 տարի, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ հետադարձ ուժ ունի ոչ միայն պատիժը, այլև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը։ Այլ կերպ՝ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ նորմը պետք է դիտարկել նույն հոդվածի 6-րդ մասում սահմանված կանոնի հետ համակցված՝ հաշվի առնելով, որ հետադարձ ուժ ունի նաև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը, քանի որ պատժի հարցերը կազմում են պատասխանատվության միայն մի մասը, հետևաբար՝ քրեական պատասխանատվությունը և պատիժը միմյանց հետ հարաբերակցվում են՝ ամբողջի (պատասխանատվություն) և մասի (պատիժ) համատեքստում: Ինչ վերաբերում է Բողոքաբերի այն պնդմանը, որ նախկին քրեական օրենսգրքի դրույթներին հետադարձ ուժ է տրվել կրկնակի, ապա նշվածն անհիմն է, քանի որ օրենսդրությամբ առկա չէ որևէ սահմանափակում, թե քանի անգամ է թույլատրելի առավել մեղմ կանոնի կիրառումը, ուստի, պետք է արձանագրել, որ այս առումով բողոքում բերված փաստարկը նույնպես իրավաչափ չէ։ Ամփոփելով վերագրյալը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման մեջ տեղ գտած հետևությունները հիմնավոր են և բխում են գործի նյութերից։ Բողոքարկված դատական ակտն օրինական է, ուստի այն բեկանելու և փոփոխելու հիմքեր առկա չեն։ Ավելին, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ բողոքարկվող որոշմամբ պահպանված է հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը՝ հետևաբար վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման: (…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալներ Ա․Հակոբյանի և Վ․Մարտիրոսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 12. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: 2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի: 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (...) 4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։ (...) 6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»: 12.1. ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ է գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով։ 13․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր։ 14․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։ Ուստի ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի, քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։ 15․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - մեղադրյալ Վ.Մարտիրոսյանին վերագրվել է երկու դրվագ պաշտոնեական կեղծիքի կատարում, իսկ մեղադրյալ Ա․Հակոբյանին՝ երկու դրվագ պաշտոնեական կեղծիքի կատարում, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դրդրչություն։ Մեղադրական եզրակացությամբ վերագրվող արարքները որակվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ համապատասխանաբար 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով ու 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, - Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալներին վերագրվող ենթադրյալ արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որը նույն օրենսգրքի համաձայն, համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները ենթակա են հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, - Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալներ Ա․Հակոբյանի և Վ․Մարտիրոսյանի նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետն անցնելու առումով մեղադրյալների նկատմամբ կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթները, քանի որ դրանք առավել բարենպաստ են նրանց համար։ 16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալներ Ա․Հակոբյանին և Վ․Մարտիրոսյանին մեղսագրվող պաշտոնեական կեղծիք կատարելը և պաշտոնեական կեղծիք կատարելու դրդչությունը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական դրույթների փոփոխությունները մեղադրյալներ Ա․Հակոբյանի և Վ․Մարտիրոսյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը․ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով, ինչպես գործող քրեաիրավական օրենքով ոչ մեծ ծանրության, այնպես էլ՝ նախկին քրեական օրենսդրությամբ միջին ծանրության հանցագործությունների համար, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է հինգ տարի։ Այլ կերպ՝ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալներ Ա․Հակոբյանին և Վ․Մարտիրոսյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի։ Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ երկու տարի անց մեղադրյալներ Ա․Հակոբյանը ու Վ․Մարտիրոսյանն ազատվել են քրեական պատասխանատվությունից այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքների կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, այդ արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը։ 17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալներ Ա․Հակոբյանի և Վ․Մարտիրոսյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։ 18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը, և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 5-ի որոշումը բեկանելու և վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան նոր քննության փոխանցելու համար։ 19․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի Ա․Հակոբյանի և Վ․Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Թիվ ՀԿԴ/0131/01/22 քրեական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 5-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ 2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ