Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0042/01/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0042/01/23
Դիմող / մեղադրյալ
Կարինե Թադևոսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
27.08.2024

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0042/01/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, Նախագահող դատավոր՝ Տ.Դավթյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, Նախագահող դատավոր` Ա․Հովհաննիսյան Դատավորներ՝ Ա․Նահապետյան Մ.Մակյան 2024 թվականի օգոստոսի 27-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Կարինե Սերյոժայի Թադևոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի մարտի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի մարտի 24-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 62214123 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Կարինե Սերյոժայի Թադևոսյանի՝ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 4 դրվագ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ Կարինե Թադևոսյանին առաջադրված մեղադրանքներով քրեական հետապնդումը դադարեցվել է, և քրեական գործի վարույթը կարճվել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ 3․ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2024 թվականի մարտի 18-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մայիսի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ և 83-րդ հոդվածներով սահմանված իրավադրույթների պահանջները, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ են մեկնաբանվել և գնահատվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելուն առնչվող օրենսդրական կարգավորումները, ինչի արդյունքում առանց իրավաչափ հիմքի Կ․Թադևոսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, որով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում: 5.1. Բողոք բերած անձը նշել է, որ Կ․Թադևոսյանի կատարած արարքներին հետադարձ ուժ տալու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վերջինիս արարքները համապատասխանել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որի դեպքում Կ․Թադևոսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը հինգ տարի է, որը դեռևս չի անցել: Մինչդեռ Կ․Թադևոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս հիմք է ընդունվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված՝ ոչ մեծ ծանրության հանցագործության վաղեմության ժամկետի հաշվարկը սահմանող կարգավորումը, որպիսի պայմաններում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ հանցանքի կատարման պահին Կ․Թադևոսյանի արարքը հանդիսացել է ոչ թե ոչ մեծ ծանրության, այլ՝ միջին ծանրության հանցանք, որի վաղեմության ժամկետը կատարման պահին գործող օրենքով եղել է հինգ տարի: 6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 18-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Կարինե Թադևոսյանին չորս դրվագով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքների կատարման համար, որ․ «[Ն]ա զբաղեցնելով «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենի պաշտոնը և հանդիսանալով պետական մարմնի կազմակերպությունում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Ռեբեկա Գրիգորյանի և Ալեքսան Ջաբրելյանի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք: Բացի այդ, Կարինե Թադևոսյանը, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով պետական մարմնի կազմակերպությունում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Ռեբեկա Գրիգորյանի և Լուսիկ Մանուկյանի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք: Դրանից բացի, Կարինե Թադևոսյանը, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով պետական մարմնի կազմակերպությունում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Ռեբեկա Գրիգորյանի և Լուսիկ Մանուկյանի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք: Բացի այդ, Կարինե Թադևոսյանը, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով պետական մարմնի կազմակերպությունում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Ռեբեկա Գրիգորյանի և Մարիամ Արամյանի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք: Այսպես, Ալեքսան Ջաբրելյանը, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ փաստացի պատվաստվել, 2021 թվականի ընթացքում՝ քննությամբ չպարզված օրը, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայի մատենավար Ռեբեկա Գրիգորյանի հետ ունեցած մտերիմ հարաբերություններից ելնելով՝ դիմել է վերջինիս՝ խնդրելով իր և իր ներկայացրած անձանց՝ Սամվել Զիլֆուղարյանի, Նարինե Պապոյանի, Գևորգ Խաչատրյանի, Գայանե Խաչատրյանի, Արմինե Խաչատրյանի, Արթուր Սաֆարյանի, Անահիտ Մարգարյանի, Սերինե Ջաբրելյանի, Հակոբ Ջաբրելյանի և Սեդրակ Ջաբրելյանի համար առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման գումարի դիմաց ստանալ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ: Ռեբեկա Գրիգորյանը Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ Կարինե Թադևոսյանի հետ ունեցած ազգակցական, մտերմական կապի առկայությամբ պայմանավորված, օգտագործելով վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցություն ունենալու հնարավորությունը, Ալեքսան Ջաբրելյանի և վերջինիս ներկայացրած անձանց՝ Սամվել Զիլֆուղարյանի, Նարինե Պապոյանի, Գևորգ Խաչատրյանի, Գայանե Խաչատրյանի, Արմինե Խաչատրյանի, Արթուր Սաֆարյանի, Անահիտ Մարգարյանի, Սերինե Ջաբրելյանի, Հակոբ Ջաբրելյանի և Սեդրակ Ջաբրելյանի օգտին Կարինե Թադևոսյանի կողմից ապօրինի գործողություններ կատարելու՝ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 2020-Լ հրամանով հաստատված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ (տեղեկանք) ձեռք բերելու համար շահադիտական՝ գումարն իրեն պահելու շահից ելնելով, օգտագործել է այդ իրական ազդեցությունը և ընդունել Ալեքսան Ջաբրելյանի կողմից խոշոր չափերով՝ 330.000 ՀՀ դրամ տալու առաջարկը, որից հետո քննությամբ չպարզված օրը նրանից անձամբ ստացել է նշված գումարը, ինչպես նաև Ալեքսան Ջաբրելայանի և վերջինիս ներկայացրած անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Այնուհետև, Ռեբեկա Գրիգորյանը փաստաթղթերը փոխանցել է Կարինե Թադևոսյանին և համոզելու եղանակով խնդրել Ալեքսան Ջաբրելյանի և նրա ներկայացրած անձանց տրամադրել պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ (տեղեկանք): Կարինե Թադևոսյանը, ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի 19-րդ կետի համաձայն՝ պատասխանատու լինելով կանխարգելիչ պատվաստումների պատշաճ իրականացման համար, Ալեքսան Ջաբրելյանի և Ռեբեկա Գրիգորյանի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, մասնավորապես՝ վերջինիս չմերժելու անձնական այլ դրդումներով իր լիազորությունների շրջանակում առանց Ալեքսան Ջաբրելյանի, Սամվել Զիլֆուղարյանի, Նարինե Պապոյանի, Գևորգ Խաչատրյանի, Գայանե Խաչատրյանի, Արմինե Խաչատրյանի, Արթուր Սաֆարյանի, Անահիտ Մարգարյանի, Սերինե Ջաբրելյանի, Հակոբ Ջաբրելյանի և Սեդրակ Ջաբրելյանի փաստացի պատվաստման, 2021 թվականի հոկտեմբերի 2-ին վերջիններիս անձնական տվյալները նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Սոնիկ Հարությունյանի միջոցով գրանցել է պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտերում և պատվաստումների գրանցամատյանում՝ դրանցում մտցնելով իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբրև հիշյալ անձանց նույն օրը ներարկվել են AB0014 սերիայի «Աստրա Զենեկա» պատվաստանյութի առաջին 0.5 մգ դեղաչափը: Դրանից հետո Ալեքսան Ջաբրելյանի, Սամվել Զիլֆուղարյանի, Նարինե Պապոյանի, Գևորգ Խաչատրյանի, Գայանե Խաչատրյանի, Արմինե Խաչատրյանի, Արթուր Սաֆարյանի, Անահիտ Մարգարյանի, Սերինե Ջաբրելյանի, Հակոբ Ջաբրելյանի և Սեդրակ Ջաբրելյանի անվամբ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները Կարինե Թադևոսյանի պահանջով ՊՈԱԿ-ի օպերատորի կողմից մուտքագրվել են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ, ինչի արդյունքում նրանց անձնական տվյալներով ինքնաշխատ եղանակով կազմվել են պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող պաշտոնեական կեղծ փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ: (…): Բացի այդ, Լուսիկ Մանուկյանը, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ փաստացի պատվաստվել, 2021 թվականի հոկտեմբերի սկզբին՝ քննությամբ չպարզված օրը, իր Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 105-3ա հասցեում գտնվող հագուստի խանութ այցելած «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայի աշխատակից Ռեբեկա Գրիգորյանին զրույցի ընթացքում տեղեկացրել է գումարի դիմաց առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ձեռք բերելու իր մտադրության մասին: Ռեբեկա Գրիգորյանը Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ Կարինե Թադևոսյանի հետ ունեցած ազգակցական, մտերմական կապի առկայությամբ պայմանավորված, օգտագործելով վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցություն ունենալու հնարավորությունը, Լուսիկ Մանուկյանի օգտին Կարինե Թադևոսյանի կողմից ապօրինի գործողություններ կատարելու՝ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 2020-Լ հրամանով հաստատված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ձեռք բերելու համար շահադիտական՝ գումարն իրեն պահելու շահից ելնելով, օգտագործել է այդ իրական ազդեցությունը և ընդունել Լուսիկ Մանուկյանից 20.000 ՀՀ դրամ տալու առաջարկը, որից հետո քննությամբ չպարզված օրը նրանից անձամբ ստացել է նշված գումարը: Այնուհետև, Ռեբեկա Գրիգորյանը համոզելու եղանակով Կարինե Թադևոսյանին խնդրել է Լուսիկ Մանուկյանին տրամադրել պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք): Կարինե Թադևոսյանը, ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի 19-րդ կետի համաձայն՝ պատասխանատու լինելով կանխարգելիչ պատվաստումների պատշաճ իրականացման համար, Լուսիկ Մանուկյանի և Ռեբեկա Գրիգորյանի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, մասնավորապես՝ վերջինիս չմերժելու անձնական այլ դրդումներով իր լիազորությունների շրջանակում առանց Լուսիկ Մանուկյանի փաստացի պատվաստման 2021 թվականի հոկտեմբերի 8-ին նրա անձնական տվյալները նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Սոնիկ Հարությունյանի միջոցով գրանցել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող պատվաստումների գրանցամատյանում՝ դրանում մտցնելով իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբրև Լուսիկ Մանուկյանին նույն օրը ներարկվել է 21087 սերիայի «Աստրա Զենեկա» պատվաստանյութի առաջին 0.5 մգ դեղաչափը: Դրանից հետո Լուսիկ Մանուկյանի անվամբ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները Կարինե Թադևոսյանի պահանջով ՊՈԱԿ-ի օպերատորի կողմից մուտքագրվել են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ, ինչի արդյունքում Լուսիկ Մանուկյանի անձնական տվյալներով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող պաշտոնեական կեղծ փաստաթուղթ՝ սերտիֆիկատ: Կարինե Թադևոսյանը նաև անձամբ կազմել է Լուսիկ Մանուկյանի անվամբ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2021 թվականի ապրիլի 2-ի թիվ 1094-Ա հրամանով հաստատված «COVID-19»-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող ձև 2 քարտը և այն վերջինիս հանձնելու համար փոխանցել է Ռեբեկա Գրիգորյանին, ինչից հետո Ռեբեկա Գրիգորյանը Լուսիկ Մանուկյանի հագուստի խանութ նրան փոխանցել է հիշյալ քարտը: (…): Դրանից բացի, Լուսիկ Մանուկյանը 2021 թվականի հոկտեմբերի 8-ից հետո՝ քննությամբ չպարզված օրը, իր անվամբ պատվաստված լինելու վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթուղթը՝ սերտիֆիկատը, Ռեբեկա Գրիգորյանից ստանալուց հետո՝ համոզվելով, որ հնարավոր է Ռեբեկա Գրիգորյանից գումարի դիմաց առանց փաստացի պատվաստման ստանալ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ, կրկին դիմել է Ռեբեկա Գրիգորյանին իր կողմից ներկայացված անձի՝ որդու՝ Արման Գևորգյանի համար, 20.000 ՀՀ դրամի դիմաց ՀՀ առողջապահության նախարարի՝ 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 2020-Լ հրամանով հաստատված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ստանալու խնդրանքով: Ռեբեկա Գրիգորյանը Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Կարինե Թադևոսյանի հետ ունեցած ազգակցական, մտերմական կապի առկայությամբ պայմանավորված, օգտագործելով վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցություն ունենալու հնարավորությունը, Լուսիկ Մանուկյանի ներկայացրած անձի՝ Արման Գևորգյանի օգտին Կարինե Թադևոսյանի կողմից ապօրինի գործողություններ կատարելու՝ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 2020-Լ հրամանով հաստատված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ձեռք բերելու համար շահադիտական՝ գումարն իրեն պահելու շահից ելնելով, օգտագործել է այդ իրական ազդեցությունը և ընդունել Լուսիկ Մանուկյանից 20.000 ՀՀ դրամ տալու առաջարկը և նույն պահին նրանից անձամբ ստացել նշված գումարը: Այնուհետև, Ռեբեկա Գրիգորյանը համոզելու եղանակով Կարինե Թադևոսյանին խնդրել է Արման Գևորգյանին տրամադրել պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք): Կարինե Թադևոսյանը, ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի 19-րդ կետի համաձայն՝ պատասխանատու լինելով կանխարգելիչ պատվաստումների պատշաճ իրականացման համար, Լուսիկ Մանուկյանի և Ռեբեկա Գրիգորյանի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, մասնավորապես՝ վերջինիս չմերժելու անձնական այլ դրդումներով իր լիազորությունների շրջանակում 2021 թվականի հոկտեմբերի 15-ին առանց Արման Գևորգյանի փաստացի պատվաստման նրա անձնական տվյալները նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Սոնիկ Հարությունյանի միջոցով գրանցել է պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում և պատվաստումների գրանցամատյանում՝ դրանցում մտցնելով իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբրև Արման Գևորգյանին նշված օրը ներարկվել է 21087 սերիայի «Աստրա Զենեկա» պատվաստանյութի առաջին 0.5 մգ դեղաչափը: Դրանից հետո Արման Գևորգյանի անվամբ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները Կարինե Թադևոսյանի պահանջով ՊՈԱԿ-ի օպերատորի կողմից մուտքագրվել են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ, ինչի արդյունքում Արման Գևորգյանի անձնական տվյալներով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող պաշտոնեական կեղծ փաստաթուղթ՝ սերտիֆիկատ: (…): Բացի այդ, Մարիամ Արամյանը, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ փաստացի պատվաստվել, 2021 թվականի հոկտեմբերի 5-ին «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայում հանդիպել է իր մտերիմ, նույն ընկերության մատենավար Ռեբեկա Գրիգորյանին՝ խնդրելով իր համար գումարի դիմաց առանց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ փաստացի պատվաստման ստանալ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ: Ռեբեկա Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել այդ հարցում Մարիամ Արամյանին օգնել՝ պահանջելով անձը հաստատող փաստաթուղթ: Մի քանի օր անց Ռեբեկա Գրիգորյանը, այցելելով Մարիամ Արամյանին պատկանող Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի 64 ա հասցեում գտնվող «Արաքս» հագուստի խանութ, Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ Կարինե Թադևոսյանի հետ ունեցած ազգակցական, մտերմական կապի առկայությամբ պայմանավորված, օգտագործելով վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցություն ունենալու հնարավորությունը, Մարիամ Արամյանի օգտին Կարինե Թադևոսյանի կողմից ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 2020-Լ հրամանով հաստատված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ձեռք բերելու համար շահադիտական՝ գումարն իրեն պահելու շահից ելնելով, օգտագործել է այդ իրական ազդեցությունը և ընդունել Մարիամ Արամյանի 50.000 ՀՀ դրամ տալու առաջարկը՝ վերցնելով հիշյալ գումարն ու Մ.Արամյանի անձնագրի պատճենը: Այնուհետև, Ռեբեկա Գրիգորյանը Մարիամ Արամյանի անձնագրի պատճենը փոխանցել է Կարինե Թադևոսյանին և համոզելու եղանակով խնդրել՝ Մարիամ Արամյանին տրամդրել պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք): Կարինե Թադևոսյանը, ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի 19-րդ կետի համաձայն՝ պատասխանատու լինելով կանխարգելիչ պատվաստումների պատշաճ իրականացման համար, Մարիամ Արամյանի և Ռեբեկա Գրիգորյանի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, մասնավորապես՝ վերջինիս չմերժելու անձնական այլ դրդումներով իր լիազորությունների շրջանակում 2021 թվականի հոկտեմբերի 15-ին առանց Մարիամ Արամյանի փաստացի պատվաստման նրա անձնական տվյալները նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Սոնիկ Հարությունյանի միջոցով գրանցել է պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում և պատվաստումների գրանցամատյանում՝ դրանցում մտցնելով իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբրև Մարիամ Արամյանին նույն օրը ներարկվել է I-530821 սերիայի «Sputnik-v-I» պատվաստանյութի առաջին 0.5 մգ դեղաչափը: Դրանից հետո Մարիամ Արամյանի անվամբ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները Կարինե Թադևոսյանի պահանջով ՊՈԱԿ-ի օպերատորի կողմից մուտքագրվել է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ, ինչի արդյունքում Մարիամ Արամյանի անձնական տվյալներով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող պաշտոնեական կեղծ փաստաթուղթ՝ սերտիֆիկատ: Կարինե Թադևոսյանը նաև անձամբ կազմել է Մարիամ Արամյանի անվամբ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2021 թվականի ապրիլի 2-ի թիվ 1094-Ա հրամանով հաստատված «COVID-19»-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող ձև 2 քարտը և այն վերջինիս հանձնելու նպատակով փոխանցել է Ռեբեկա Գրիգորյանին, իսկ վերջինս հետագայում Մ.Արամյանին է փոխանցել հիշյալ քարտը (...)»: 8․ Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 23-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ կատարված օրենսդրական փոփոխությունները՝ հանցագործություններն ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի դասակարգելու տեսանկյունից, կիրառելի են մեղադրյալ Կարինե Թադևոսյանի նկատմամբ, սակայն վաղեմության ժամկետների հաշվարկման մասով՝ կիրառելի չեն, քանի որ գործող ՀՀ քրեական օրենսգիրքն այդ մասով վատթարացնում է անձի իրավական վիճակը: Այսպես՝ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314–րդ հոդվածի 1–ին մասը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասին։ Նշված օրենսդրական փոփոխությունը կիրառելի է Կարինե Թադևոսյանի նկատմամբ, քանի որ ՀՀ քրեական նոր օրենսգրքով մեղսագրվող արարքի համար սահմանված պատիժը մեղմացվել է, այն է՝ նախկին օրենսգիրքը մեղսագրվող արարքների համար որպես պատիժ էր նախատեսում ազատազրում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և հանդիսանում էր միջին ծանրության հանցագործություն, իսկ նոր օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով և հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցանք։ Այսինքն՝ Կարինե Թադևոսյանի կողմից ենթադրյալ կատարված արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին և այդ մասով 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգիրքն ունի հետադարձ ուժ, քանի որ բարելավում է անձի վիճակը՝ պատիժը մեղմացնում է և ըստ այդմ՝ փոխում է (թեթևացնում է) նաև կատարած արարքների ծանրության աստիճանը։ Միաժամանակ, Դատարանը ցանկանում է արձանագրել, որ ինչպես արդեն իսկ նշվել է նախկին ՀՀ քրեական օրենսգրքի պայմաններում արարքը, ըստ հանրային վտանգավորության աստիճանի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների թվին, իսկ ՀՀ քրեական նոր օրենսգրքով արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, ինչից ակնհայտ է, որ նոր օրենսգիրքը հանդիսանում է պատիժը մեղմացնող, ուստի այդ մասով պետք է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքին հետադարձ ուժ տրվի։ Կարինե Թադևոսյանն իրեն մեղսագրվող արարքներից վերջինը կատարել է 2021 թվականի հոկտեմբերի 15–ին, իսկ մեղսագրվող արարքը կատարելու պահին գործել է 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը, որով ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետ սահմանվում էր 2 տարի։ Հաշվի առնելով այն, որ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող օրենքով, իսկ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի հետադարձության կանոնների համաձայն՝ նոր օրենսգիրքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ արարքի հանցավորությունը վերացնում է, պատիժը մեղմացնում կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավվում և նկատի ունենալով, որ տվյալ պարագայում նոր օրենսդրությունը պատիժը մեղմացնում է, ուստի Կարինե Թադևոսյանի նկատմամբ կիրառելի է 2021 թվականի հուլիսի 1–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը։ Այսինքն՝ Կարինե Թադևոսյանին մեղսագրվող արարքները համապատասխանում են և ենթակա են իրավական գնահատման 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով, որն ըստ ծանրության աստիճանի՝ հանդսիանում է ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Դատարանը, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ բացակայում են վաղեմության ժամկետի կասեցման, ընդհատման հիմքերը և նկատի ունենալով, որ մեղադրյալ Կարինե Թադևոսյանին մեղսագրվող ոչ մեծ ծանրության հանցանքներն ավարտված համարելու օրվանից (2021 թվականի հոկտեմբերի 2–ից, 8–ից, 15–ից, 15–ից) անցել է 2 տարի, իսկ արարքների կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգիրքը ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետը սահմանում էր 2 տարի, գտնում է, որ Կարինե Թադևոսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314–րդ հոդվածի 1–ին մասով /4 դրվագ/ հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, իսկ թիվ ՀԿԴ/0042/01/23 քրեական գործի վարույթը՝ կարճվի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12–րդ հոդվածի 1–ին մասի 12–րդ կետով նախատեսված՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ (...)»։ 9. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(…) 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավադրույթի առնչությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ հիշյալ նորմի բովանդակությունից հետևում է, որ հետադարձ ուժ ունի ոչ միայն պատիժը, այլև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը։ Այլ կերպ՝ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ նորմը պետք է դիտարկել նույն հոդվածի 6-րդ մասում սահմանված կանոնի հետ համակցված՝ հաշվի առնելով, որ հետադարձ ուժ ունի նաև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը և հակառակը՝ պատասխանատվությունը միաժամանակ խստացնող օրենքը չունի հետադարձ ուժ։ Վերաքննիչ դատարանի սույն դիտարկումը հիմնված է Վճռաբեկ դատարանի ձևավորած հետևյալ նախադեպային իրավական դիրքորոշման վրա․ «(․․․) Թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում խոսք է գնում պատիժը մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու մասին, այնուամենայնիվ, նույն հոդվածի 6-րդ մասում օրենսդիրն օգտագործում է «պատասխանատվություն» եզրույթը՝ ընդգծելով, որ պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեջբերված նորմերը փոխլրացնում են միմյանց և արտահայտում են օրենսդրի կամքը՝ դրանք մեկնաբանելու համակցված կերպով, այն է՝ պատժի մեղմացման շրջանակներում դիտարկելով նաև պատասխանատվության մեղմացումը և հակառակը (․․․)» (տե՛ս թիվ ԵԴ/1424/01/21 գործով Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշման 20-րդ կետը)։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ նույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը փաստել է նաև, ի թիվս այլնի, հետևյալը․ «(․․․) Քրեական պատասխանատվությունը բարդ և բազմաբովանդակ երևույթ է, որի էության, բովանդակության և ծավալների առումով դոկտրինալ աղբյուրներում մինչ այժմ միասնական ընդունված որևէ սահմանում առկա չէ։ Միևնույն ժամանակ, կարելի է փաստել, որ քրեական պատասխանատվությունը ծագում է հանցանք կատարելու փաստով և ենթադրում է անձի պարտականությունը՝ կրելու պատասխանատվություն իր կատարած հանցանքի համար, արտահայտվում է պետության կողմից անձի արարքին տրվող բացասական գնահատականով և, որպես կանոն, եզրափակվում դատարանի դատավճռով անձի նկատմամբ քրեական պատժի նշանակմամբ։ Վերոնշյալից հետևում է, որ քրեական պատասխանատվությունը շատ ավելի լայն երևույթ է և իր մեջ, ի թիվս այլնի, ներառում է նաև հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվող պատիժը, այլ կերպ՝ քրեական պատասխանատվությունը և պատիժը հարաբերակցվում են որպես ամբողջ և մաս։ Ընդ որում, թեև քրեական պատասխանատվության իրագործման հիմնական ձևը հենց քրեական պատիժն է, այնուամենայնիվ, շատ դեպքերում քրեական պատասխանատվությունը կարող է իրագործվել՝ առանց վերոնշյալ փուլին հասնելու, օրինակ՝ քրեական պատասխանատվությունից ազատում նախատեսող նորմերի կենսագործման արդյունքում, մինչդեռ պատիժը քրեական պատասխանատվության սահմաններից դուրս գոյություն ունենալ չի կարող։ (․․․)»։ (…) Սույն որոշման նախորդ կետում արված արձանագրումների հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ 2003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ (…) Վերը շարադրված վերլուծությունը համադրելով սույն վարույթի փաստերի հետ և բողոքի հիմքերի ու դրանք հիմնավորող փաստարկների սահմաններում դատական ստուգման ենթարկելով վիճարկվող որոշման իրավաչափությունը՝ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Հակակոռուպցիոն դատարանի այն դատողությանը, որ տվյալ դեպքում մեղադրյալ Կ․Թադևոսյանին մեղսագրված արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցել են։ Այլ կերպ՝ հաշվի առնելով 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների 1-ին մասերը, ըստ որոնց՝ արարքի ինչպես հանցավորությունը և պատժելիությունը, այնպես էլ քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, իսկ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի, նկատի ունենալով նաև նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված քրեաիրավական նորմի, այդ թվում՝ դրանում ամրագրված «պատասխանատվություն» եզրույթի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած և սույն որոշման 5․2․1․-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վերաքննիչ դատարանը ընդունելի չի համարում բողոքաբերի, ըստ էության, այն դիտարկումները, որ Առաջին ատյանի դատարանը տվյալ դեպքում ճիշտ չի կիրառել նյութական օրենքը։ Այլ խոսքով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Կարինե Թադևոսյանին մեղսագրված արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ։(…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Կարինե Թադևոսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: 2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի: 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (...) 4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։ (...) 6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»: 11.1. ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով։ 12․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ, անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր։ 13․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։ Ուստի ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։ 14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - մեղադրյալ Կ.Թադևոսյանին վերագրվել է չորս դրվագ պաշտոնեական կեղծիքի կատարում, որոնք կատարվել են 2021 թվականի ընթացքում։ Մեղադրական եզրակացությամբ վերագրվող արարքները որակվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (չորս դրվագ) , - Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալին վերագրվող ենթադրյալ արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որը, նույն օրենսգրքի համաձայն, համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները ենթակա են հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, - Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Կ․Թադևոսյանի նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետն անցնելու առումով մեղադրյալի նկատմամբ կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթները, քանի որ դրանք առավել բարենպաստ են նրա համար։ 15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Կ․Թադևոսյանին մեղսագրվող պաշտոնեական կեղծիք կատարելը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական դրույթների փոփոխությունները մեղադրյալ Կ․Թադևոսյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը․ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով, ինչպես գործող քրեաիրավական օրենքով ոչ մեծ ծանրության, այնպես էլ՝ նախկին քրեական օրենսդրությամբ միջին ծանրության հանցագործությունների համար, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է հինգ տարի։ Այլ կերպ՝ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Կ․Թադևոսյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի։ Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ երկու տարի անց մեղադրյալ Կ․Թադևոսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը։ 16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Կ․Թադևոսյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։ 17․ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից Միշա Մուրադյանի գործով արձանագրված իրավական դիրքորոշումները վկայակոչելուն, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, քանի որ, ինչպես նշվել է սույն որոշման նախորդ կետերում, քննարկվող իրավիճակում առկա չէ քրեական պատասխանատվության մեղմացման կամ վերացման հարց, ուստի Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները չեն կարող կիրառելի լինել սույն դեպքում։ 17. Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումը, և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 18-ի որոշումը բեկանելու և վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան նոր քննության փոխանցելու համար։ 18․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի Կ․Թադևոսյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Թիվ ՀԿԴ/0042/01/23 քրեական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ի քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը, և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 18-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ 2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ