Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ԿԴ/0054/01/22
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԿԴ/0054/01/22
- Դիմող / մեղադրյալ
- Նարեկ Մկրտչյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 28.08.2024
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
9 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 3. Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Հոդված 19. Հանցագործության տեսակները
- Հոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը
- Հոդված 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԿԴ/0054/01/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
Նախագահող դատավոր՝ Վ.Սարգսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր` Ա.Հովհաննիսյան
Դատավորներ՝ Ա․Նահապետյան
Կ․Ամիրյան
2024 թվականի օգոստոսի 28-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Նարեկ Ստեփանի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի փետրվարի 24-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 58161221 քրեական գործն ըստ մեղադրանքի Նարեկ Ստեփանի Մկրտչյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, և մյուսների։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ Նարեկ Մկրտչյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվել են, և քրեական գործի վարույթը կարճվել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
3․ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գ․Մադոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 3-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ և 83-րդ հոդվածներով սահմանված իրավադրույթների խախտում, մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման:
5.1. Բողոքաբերը գտել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից բխում է, որ քանի դեռ օրենքով նախատեսված չէ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու հնարավորություն, իրավակիրառողը չի կարող նշված նորմերին տալ հետադարձ ուժ, քանի որ օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսել է այն անհրաժեշտ պայմանը, որի դեպքում կարող է կիրառվել նշված հետադարձության կանոնը:
5․2․ Բողոք բերած անձը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը սույն քրեական գործով կայացված որոշմամբ, իսկ Վերաքննիչ դատարանը՝ վերահաստատելով նշված որոշումը՝ մի դեպքում հետադարձ ուժ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված՝ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող իրավադրույթին, իսկ մյուս դեպքում, ըստ էության, կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, այն դեպքում, երբ ամբաստանյալի կողմից կատարված արարքները երբևէ չեն համապատասխանել և չէին կարող համապատասխանել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործությանը: Մասնավորապես ստորադաս դատարանները հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող օրենքը համարել են պատիժը մեղմացնող օրենսդրություն, մինչդեռ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները ոչ մի առնչություն չունեն պատժի խստացման և մեղմացման հետ, դրանք պատժատեսակ և պատժաչափ նախատեսող նորմեր չեն և չեն կարող համարվել պատիժը մեղմացնող։ Այլ հարց է, որ դրանց կիրառման պայմաններում անձի վիճակն այլ կերպ կարող է բարելավվել:
5․3․ Ըստ բողոքաբերի՝ Ն․Մկրտչյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող հանցագործության համար և՛ նախկին, և՛ գործող օրենսդրություններով նախատեսված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները նույնն են՝ 10 (տասը) տարի, հետևաբար սույն դեպքում հետադարձության խնդիր առհասարակ չի կարող առաջանալ։
6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Նարեկ Ստեփանի Մկրտչյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, ի թիվս այլ հոդվածների, 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար․ «(...) Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի՝ 24 օր տևողությամբ հերթական ամենամյա արձակուրդ մեկնելու կապակցությամբ, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանը համայնքապետի 2015թ. հուլիսի 23-ին արձակած թիվ 12 կարգադրության համաձայն՝ 2015թ. հուլիսի 29-ից ժամանակավորապես ստանձնել է համայնքի ղեկավարի լիազորությունները և օժտվել տեղական ինքնակառավարման մարմնում ժամանակավորապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով։ Նարեկ Մկրտչյանը, նշված ժամանակահատվածում հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում ժամանակավորապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածների ուժով լիազորված լինելով համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի սեփականություն հանդիսացող գույքը, ներկայացնելու համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը, իրավասու լինելով իր իրավասության շրջանակում ընդունելու որոշումներ, կազմելու արձանագրություններ և արձակելու կարգադրություններ, առանձնապես խոշոր չափերի նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառելու, հողամասի մեկնարկային գնի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տրամադրելու արդյունքում առանձնապես խոշոր չափերի գույքային օգուտ ստանալու դիտավորությամբ, 2015թ. հուլիս-օգոստոս ամիսներին Երևան քաղաքի բնակիչ Լևոն Վաղարշակի Գլումյանի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքում վերջինիցս տեղեկություններ ստանալով նրա հորեղբոր՝ Նշան Լևոնի Կուլումեանի կողմից Քասախ համայնքում հողատարածք ձեռք բերելու մտադրության մասին, առաջարկել է 5․739․840 ՀՀ դրամին համարժեք 12․000 ԱՄՆ դոլարով գնել համայնքային սեփականություն հանդիսացող Ե․Չարենց 6-րդ փողոցի թիվ 19-րդ հասցեում գտնվող 07-065-0759-0002 կադաստրային ծածկագրով 0.08 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը, թաքցնելով տեղեկությունն այն մասին, որ նշված հողամասի աճուրդ-վաճառքի մեկնարկային գինը 1.990.560 ՀՀ դրամ է։ Ստանալով Նշան Լևոնի Կուլումեանի և վերջինիս լիազորված անձ, եղբորորդի Լևոն Վաղարշակի Գլումյանի համաձայնությունը՝ իր նախանշած արժեքով հողամասը ձեռք բերելու վերաբերյալ, 2015թ․ օգոստոսին, քննությամբ չպարզված օրը, պահանջել և Քասախի համայնքապետարանում Նշան Կուլումեանից ստացել է 5․739․840 ՀՀ դրամին համարժեք 12․000 ԱՄՆ դոլար գումար։ Այնուհետև Նարեկ Մկրտչյանը 2015 թվականի օգոստոսի 11-ին կայացրել է թիվ 195 որոշումը՝ 07-065-0759-0002 կադաստրային ծածկագրով 0.08 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու վերաբերյալ։ Ապա, Քասախի համայնքապետարանի՝ ի դեմս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանի կողմից լիազորված անձ Գարուշ Սիմոնյանի և Նշան Լևոնի Կուլումեանի լիազորված անձ Լևոն Վաղարշակի Գլումյանի միջև 2015թ. օգոստոսի 11-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Ե․Չարենցի 6-րդ փողոցի թիվ 19-րդ հասցեի հողատարածքը Նշան Կուլումեանին վաճառելու վերաբերյալ պայմանագրերը։ Արդյունքում Քասախ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը կեղծ տեղեկություններ տրամադրելով 07-065-0759-0002 կադաստրային ծածկագրով 0.08 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի արժեքի վերաբերյալ, վերջինիցս պահանջել և ստացել է 5․739․840 ՀՀ դրամին համարժեք 12․000 ԱՄՆ դոլար գումար, մինչդեռ՝ դրանց օտարման վերաբերյալ փաստաթղթերում արժեքը նշվել է 1.990.560 ՀՀ դրամ:
Այսպիսով, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանի կողմից Քասախ համայնքի ղեկավարի պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած՝ 3.749.280 ՀՀ դրամի էական վնաս: (…)»։
8․ Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի ապրիլի 3-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համատեքստում քննարկման առարկա դարձնել մեղադրյալ Նարեկ Ստեփանի Մկրտչյանին մեղսագրված արարքի՝ /ըստ մեղադրանքի 2015թ.-ի օգոստոս ամսին կատարած/ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի կիրառելիության հարցը:
(...) Դատարանն արձանագրում է, որ առկա են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի կարգով համապատասխանեցում կատարելու հիմքերը, քանի որ նշված հոդվածի բովանդակությունից պարզ է դառնում, որ համապատասխանեցում պետք է իրականացվի, եթե դրա արդյունքում տեղի է ունենալու անձի վիճակի բարելավվում:
Իսկ տվյալ դեպքում տեղի է ունենում Նարեկ Մկրտչյանի վիճակի բարելավվում: Ուստի, Նարեկ Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին:
(...) Դատարանն արձանագրում է, որ Նարեկ Մկրտչյանի նկատմամբ պետք է կիրառվի նրան մեղսագրված արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումները, քանի որ գործող քրեական օրենսգրքով վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասով ավելի խիստ պայմաններ են նախատեսվել, որը հետադարձ ուժ չունի։
Դատարանն արձանագրում է, որ Նարեկ Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է /2021թ. մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին/ մեղսագրվող արարքը կատարել է 2015 թվականի օգոստոս ամսին: Ամբաստանյալ Նարեկ Մկրտչյանին մեղսագրված արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք: Վերը նշված ենթադրյալ արարքի կատարումից հետո վաղեմության ժամկետները չեն ընդհատվել և չեն կասեցվել:
(...) Դատարանը, նկատի ունենալով, որ ամբաստանյալներ Նարեկ Մկրտչյանին (․․․) վերագրվող միջին ծանրության և ծանր հանցանքներն ավարտված համարելու օրվանից անցել են ավելի քան տաս տարի, ամբաստանյալները տվել են իրենց համաձայնությունը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իրենց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին, ինչպես նաև սույն քրեական գործի նյութերում բացակայում են այն սահմանափակումները, որոնք կարող են արգելք հանդիսանալ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու համար, գտնում է, որ (...) քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով և սույն քրեական գործի վարույթը պետք է կարճել:(...)»։
9. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(…) 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավադրույթի առնչությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ հիշյալ նորմի բովանդակությունից հետևում է, որ հետադարձ ուժ ունի ոչ միայն պատիժը, այլև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը։ Այլ կերպ՝ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ նորմը պետք է դիտարկել նույն հոդվածի 6-րդ մասում սահմանված կանոնի հետ համակցված՝ հաշվի առնելով, որ հետադարձ ուժ ունի նաև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը։ Ընդ որում, հարկ է նկատել, որ «պատասխանատվություն» եզրույթը շատ ավելի լայն և համընդգրկուն երևույթ է, և պատժի հարցերը դրա միայն մի մասն են կազմում։ Այլ կերպ՝ քրեական պատասխանատվությունը և պատիժը միմյանց հետ հարաբերակցվում են՝ որպես ամբողջի (պատասխանատվություն) և մասի (պատիժ):
(…) Հաշվի առնելով նաև նախորդ կետում արձանագրվածը՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ 2003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացնող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Նարեկ Մկրտչյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։
Վերոգրյալի հետ մեկտեղ նկատի ունենալով, որ ամբաստանյալ Նարեկ Մկրտչյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 18․04․2003, ՀՕ-528-Ն) 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը համապատասխանում է դրա հասարակ տեսակի հատկանիշներին (տե՛ս սույն որոշման 5․3․1․-րդ կետը), ինչը թե՛ 2003, թե՛ 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերով դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչպես նաև 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա հաշվի առնելով, որ պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ն․Մկրտչյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում բողոքաբերի, ըստ էության, այն դիտարկումները, որ Առաջին ատյանի դատարանը ճիշտ չի կիրառել նյութական օրենքը՝ թույլ տալով դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող դատական սխալ։
(…) Ամփոփելով ողջ վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը համապատասխան դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի դատախազ Գ․Մադոյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտը (դրա անհստակությունը մեկնաբանելու մասին 05․06․2023 թվականի որոշումը) պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ շարադրված հիմնավորումները։ (…)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալ Ն․Մկրտչյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։
(...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
11.1. ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում դատարանը՝ որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։
Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։
Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով։
12․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր։
13․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Նախ, անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցակազմում օրենսդրի կողմից կատարվել են որոշակի փոփոխություններ, մասնավորապես նախկին օրենսդրական կարգավորումների համաձայն՝ նշված հանցագործությամբ պատճառված նյութական և ոչ նյութական վնասը կրում էին գնահատողական բնույթ և պետք է կոնկրետ դեպքում գնահատվեին վարույթն իրականացնող մարմնի կողմից, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պատճառված գույքային վնասի վերաբերյալ հստակ կարգավորումներ է նախատեսում՝ ամրագրելով, որ հասարակ պաշտոնեական լիազորությունների չարաշահման պարագայում ենթադրյալ պատճառված գույքային վնաս է հանդիսանում խոշոր չափերի վնասը, որը նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ հանդիսանում է 5 (հինգ) միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը։
Այսպես՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր։ Իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի։
Ուստի ստացվում է, որ օրենսդրական դիրքորոշման փոփոխության հետևանքով խոշոր չափերի գույքային վնաս հասցրած պաշտոնեական լիազորությունների չարաշահումը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ խնդրո առարկա արարքը կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է տասը տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։
14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- ամբաստանյալ Ն.Մկրտչյանին, ի թիվս այլնի, վերագրվել է պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելու եղանակով պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որի հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած՝ 3.749.280 ՀՀ դրամի էական վնաս, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ն․Մկրտչյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով վերագրվող ենթադրյալ արարքը, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ գործող քրեական օրենսգրքի համաձայն, համարվում է միջին ծանրության հանցագործություն։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով,
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Ն․Մկրտչյանի նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետն անցնելու առումով ամբաստանյալ Ն․Մկրտչյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթները, քանի որ դրանք առավել բարենպաստ են նրա համար։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ն․Մկրտչյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին, որը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական դրույթների փոփոխությունները Ն․Մկրտչյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը․ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ինչպես գործող քրեաիրավական օրենքով միջին ծանրության, այնպես էլ՝ նախկին քրեական օրենսդրությամբ ծանր հանցագործությունների համար անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի։
Այլ կերպ՝ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս ամբաստանյալ Ն․Մկրտչյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։
Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ ութ տարի անց ամբաստանյալ Ն․Մկրտչյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը։
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ ամբաստանյալ Ն․Մկրտչյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի ապրիլի 3-ի դատավճիռը մասնակի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ն․Մկրտչյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասով, և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը բեկանելու և վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան նոր քննության փոխանցելու համար։
18․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի Ն․Մկրտչյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքի մասով քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԿԴ/0054/01/22 քրեական գործով Նարեկ Ստեփանի Մկրտչյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ապրիլի 3-ի որոշումը մասնակի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Նարեկ Ստեփանի Մկրտչյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասով, և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
