Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0055/01/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0055/01/22
Դիմող / մեղադրյալ
Մարիամ ՀարությունյանՀասմիկ Մուրադյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
29.08.2024
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
17 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0055/01/22 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, Նախագահող դատավոր՝ Ա.Գրիգորյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, Նախագահող դատավոր` Կ․Ամիրյան Դատավորներ՝ Մ.Մակյան Ա․Հովհաննիսյան 2024 թվականի օգոստոսի 29-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Մարիամ Վաչագանի Հարությունյանի և Հասմիկ Սամվելի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի փետրվարի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի հունիսի 30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել թիվ 58213419 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Մարիամ Վաչագանի Հարությունյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով, և Հասմիկ Սամվելի Մուրադյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ թիվ 58213419 քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) ։ 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ Մարիամ Հարությունյանին և Հասմիկ Մուրադյանին առաջադրված մեղադրանքներով քրեական հետապնդումը դադարեցվել է, և քրեական գործի վարույթը կարճվել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ 3․ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հ․Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2024 թվականի փետրվարի 21-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ վերադարձվել է՝ սահմանվելով 10-օրյա ժամկետ այն շտկելու համար։ 4․1 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը 2024 թվականի ապրիլի 17-ին կրկին բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի մայիսի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ 4․2 Մեղադրյալներ Մ․Հարությունյանի և Հ․Մուրադյանի պաշտպան Ա․Հարությունյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել նյութական օրենքը, այն է՝ կիրառել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, որը ենթակա էր կիրառման։ Բացի այդ՝ կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը՝ թույլ տալով նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: 5.1. Բողոք բերած անձը նշել է, որ օրենքով նախատեսված չէ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու հնարավորություն, իրավակիրառողը չի կարող նշված նորմերին տալ հետադարձ ուժ, քանի որ օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսել է այն անհրաժեշտ պայմանը, որի դեպքում կարող է կիրառվել նշված հետադարձության կանոնը: Իսկ ստորադաս դատարանները մի դեպքում հետադարձ ուժ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող օրենքին, իսկ մյուս դեպքում, ըստ էության, կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սահմանում է միջին ծանրության հանցագործության համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները (քրեաիրավական հետևանքներ), այն դեպքում, երբ մեղադրյալների կողմից կատարված արարքները երբևէ չեն համապատասխանել և չէին կարող համապատասխանել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործությանը: 5․2 Բողոքաբերը փաստել է, որ Մարիամ Հարությունյանը և Հասմիկ Մուրադյանը քրեական նախկին օրենսդրության գործողության պայմաններում կատարել են համապատասխանաբար՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ, որոնց համար սահմանված է եղել քրեական պատասխանատվության վաղեմության 10 տարվա ժամկետ: Միևնույն ժամանակ, Մարիամ Հարությունյանի և Հասմիկ Մուրադյանի կողմից կատարված արարքները ՀՀ գործող քրեական օրենսգրքի պայմաններում համապատասխանում են համապատասխանաբար՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներին, որոնց համար նույնպես սահմանված է քրեական պատասխանատվության վաղեմության 10 տարվա ժամկետ: 6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը․ 7․ Մեղադրյալներ Մ․Հարությունյանի և Հ․Մուրադյանի պաշտպան Ա․Հարությունյանը նշել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասը համարվում է անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրություն, այսինքն՝ այն չի կարող ունենալ հետադարձ ուժ, հետևաբար վարույթով քննարկման ենթակա իրավահարաբերությունում կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի իրավադրույթները, որոնք կիրառվել են դատարանների կողմից։ 7․1․ Պաշտպան Ա․Հարությունյանը գտել է, որ բողոքաբերի այն պնդումները, որ մեղադրյալների նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված վաղեմության ժամկետները, չեն բխում ՀՀ քրեական օրենսդրության տրամաբանությունից և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներից։ 8․ Վերոգրյալի հիման վրա բողոքի պատասխան ներկայացրած անձը խնդրել է բերված բողոքը մերժել և Վերաքննիչ դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնել անփոփոխ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 9. Մարիամ Վաչագանի Հարությունյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ․ «[Ն]ա, 1999 թվականի հունվարի 2-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ը հանդիսանալով ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործած «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր ադմինիստրատորը՝ հանդիսատեսի ընդունում և սպասարկում ստորաբաժանման ղեկավարը, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, աշխատանքային պայմանագրի համաձայն՝ ի թիվս այլ պարտականությունների, իրավասու լինելով կատարել գործատուի կողմից իր վրա դրված պարտականությունները, մասնավորապես՝ հսկողություն իրականացնել իր ենթակայության տակ աշխատող ադմինիստրատորի և հսկիչների աշխատանքային գործունեության նկատմամբ, առանձնապես խոշոր չափերով պետական դրամական միջոցները շարունակաբար վատնելու եղանակով հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, 2011 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, իր դստեր` «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հանդիսատեսի ընդունում և սպասարկում ստորաբաժանումում որպես հսկիչ ձևակերպված Հասմիկ Սամվելի Մուրադյանի կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու և գործառութային պարտականությունները չիրականացնելու պայմաններում, վատնել է նշված կազմակերպությանը հատկացված պետական միջոցները, այն է` իր դստեր աշխատանքի չհաճախելու հանգամանքը թաքցնելու և վերջինիս լրացուցիչ եկամուտներ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս կազմել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել նշված տարիներին իր դստեր՝ Հասմիկ Մուրադյանի կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը՝ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր»-ը շրջանառության մեջ դնելով` դրանք ներկայացվել են վճարման, որի արդյունքում Հասմիկ Մուրադյանի անվամբ՝ չաշխատած տարիներին՝ 2011 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիս ամիսը ներառյալ, որպես աշխատավարձ և այլ վճարներ, կազմակերպության բյուջեից անհիմն հաշվարկվել, դուրս է գրվել և Հասմիկ Մուրադյանին է վճարվել ընդհանուր 4.278.577 ՀՀ դրամ գումարը, ինչի արդյունքում, Հասմիկ Մուրադյանի օժանդակությամբ՝ Մարիամ Հարությունյանի կողմից վատնման եղանակով հափշտակվել՝ ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով իր դստերը՝ Հասմիկ Մուրադյանին է հանձնվել «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի բյուջեից ելքագրված ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերի` 4.278.577 ՀՀ դրամ գումարը (…)»: 10․ Հասմիկ Սամվելի Մուրադյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար, որ. «[Ն]ա օժանդակել է Մարիամ Հարությունյանի կողմից «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման եղանակով հափշտակությանը: Այսպես, Հասմիկ Սամվելի Մուրադյանը իր մոր՝ Մարիամ Վաչագանի Հարությունյանի խնդրանքով և միջնորդությամբ, «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս.Դավթյանի կողմից 09.09.2011թ. թիվ 17 հրամանով նշանակվել է Մարիամ Հարությունյանի կողմից ղեկավարվող՝ հիշյալ կազմակերպության կազմում գործող հանդիսատեսի ընդունում և սպասարկում ստորաբաժանումում՝ որպես հսկիչ և մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մոր՝ Մարիամ Հարությունյանի՝ իր անմիջական ղեկավարն հանդիսանալու հանգամանքից, նրա թողտվությամբ և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ, փաստացի աշխատանքի չի հաճախել և չի կատարել իր՝ 09.09.2011թ. կնքված աշխատանքային թիվ 1139 պայմանագրով սահմանված գործառութային պարտականությունները, սակայն նշված ժամանակահատվածում ստացել է համապատասխան վարձատրությունը՝ վճարային տեղեկագրերը ստորագրելու միջոցով` կանխիկ և բանկային փոխանցումների եղանակով: Իսկ վերջինիս մայրը՝ Մարիամ Հարությունյանը, հանդիսանալով «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր ադմինիստրատորը՝ հանդիսատեսի ընդունում և սպասարկում ստորաբաժանման ղեկավարը, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, իրավասու լինելով կատարել գործատուի կողմից իր վրա դրված պարտականությունները, մասնավորապես՝ հսկողություն իրականացնել իր ենթակա աշխատակիցների՝ այդ թվում հսկիչների աշխատանքային գործունեության նկատմամբ, վերը նշված՝ 2011 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, իր դստեր` Հասմիկ Սամվելի Մուրադյանի կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու և գործառութային պարտականությունները չիրականացնելու պայմաններում, վատնել է նշված կազմակերպությանը հատկացված պետական միջոցները, այն է` իր դստեր աշխատանքի չհաճախելու հանգամանքը թաքցնելու և վերջինիս լրացուցիչ եկամուտներ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս կազմել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել նշված տարիներին իր դստեր՝ Հասմիկ Մուրադյանի կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը՝ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր»-ը շրջանառության մեջ դնելով` դրանք ներկայացվել են վճարման, որի արդյունքում Հասմիկ Մուրադյանի անվամբ՝ չաշխատած տարիներին որպես աշխատավարձ և այլ վճարներ, կազմակերպության բյուջեից անհիմն հաշվարկվել, դուրս է գրվել և Հասմիկ Մուրադյանին է վճարվել ընդհանուր 4.278.577 ՀՀ դրամ գումարը: Այսինքն՝ Հասմիկ Սամվելի Մուրադյանը, փաստացի աշխատանքի չհաճախելով, բայց վճարային տեղեկագրերը ստորագրելով՝ առձեռն և բանկային փոխանցումների միջոցով ստացել և տնօրինել է որպես աշխատավարձ ու այլ վճարներ իր անվամբ հաշվարկված և դուրս գրված ընդհանուր 4.278.577 ՀՀ դրամ գումարը՝ այդ կերպ օժանդակելով Մարիամ Հարությունյանի կողմից «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի բյուջեից ելքագրված ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերի` 4.278.577 ՀՀ դրամ գումարը դիտավորությամբ վատման եղանակով հափշտակությանը(…)»: 11․ Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի օգոստոսի 23-ի դատական ակտում արձանագրել է. «(...) Հիմք ընդունելով (…) [ա]յն, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, որը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ Բացի այդ, հաշվի առնելով այն, որ Մարիամ Հարությունյանին և Հասմիկ Մուրադյանին մեղսագրվում են արարքներ, որոնք կատարվել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ժամանակ, նշված՝ Մարիամ Հարությունյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված արարքների համար 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում, համապատասխանաբար՝ երկուսից հինգ տարի ժամկետով և առավելագույնը երկու տարի ժամկետով, իսկ Հասմիկ Մուրադյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում, երկուսից հինգ տարի ժամկետով, այսինքն Մարիամ Հարությունյանին՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրվող արարքները դասվում են ոչ մեծ և միջին ծանրության, իսկ Հասմիկ Մուրադյանին 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրվող արարքը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, ուստի այդ հիմքով Դատարանն արձանագրում է, որ տվյալ պայմաններում կիրառելի են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները։ Բացի այդ Դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա մեղադրյալներ Մարիամ Հարությունյանի և Հասմիկ Մուրադյանի դատվածության վերաբերյալ ձև 8 տեղեկանքների համաձայն, վերջիններիս դատվածություն ունենալու վերաբերյալ տվյալներ առկա չեն, ուստի վաղեմության ժամկետների ընթացքն ընդհատելու հիմքերը բացակայում են։ Ինչ վերաբերում է հանրային մեղադրողի փաստարկներին, ապա Դատարանն արձանագրում է, որ ըստ մեղադրյալներին ներկայացված մեղադրանքների, վերջիններիս մեղսագրվում են արարքներ, որոնք ավարտվել են 2018 թվականի հունիսին՝ այսինքն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ընթացքում, ուստի տվյալ դեպքում վաղեմության ժամկետների հարցը լուծելիս կիրառելի են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի իրավակարգավորումները, որպիսի պայմաններում Դատարանը գտնում է, որ հանրային մեղադրողի վերը նշված փաստարկներն անհիմն են: Վերոգրյալի հիման վրա և հաշվի առնելով մեղադրյալների համաձայնությունը` ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, ինչպես նաև վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու արգելքների բացակայությունը՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալներ Մարիամ Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին), իսկ Հասմիկ Մուրադյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և նույն հոդվածի 4-րդ մասի հիմքերով՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ:(...)»։ 12. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(…) 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալներ Մ․Հարությունյանի և Հ․Մուրադյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Այսպես․ Մարիամ Հարությունյանին վերագրվում են արարքներ, որոնք կատարվել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ժամանակ և վերջինիս վերագրվող արարքները համապատասխանում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին և 445-րդ հոդվածի 1-ին մասին, որոնցով նախատեսված պատժատեսակներ են նաև ազատազրկումը, համապատասխանաբար, առավելագույնը 5 և 2 տարի ժամկետներով։ Այսինքն, Մարիամ Հարությունյանին վերագրվող արարքները համապատասխանաբար դասվում են միջին և ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին։ Հասմիկ Մուրադյանին վերագրվում է արարք, որը կատարվել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ժամանակ և վերջինիս վերագրվող արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որով նախատեսված պատժատեսակ է նաև ազատազրկումը՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։ Այսինքն, Հասմիկ Մուրադյանին վերագրվող արարքը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննության առարկա դեպքի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը՝ հետևյալ հիմնավորմամբ․ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները համապատասխանաբար համապատասխանում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներին, որոնք հանդես են գալիս որպես պատիժը մեղմացնող օրենք և ունեն հետադարձ ուժ։ Միաժամանակ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները համապատասխանաբար դասվում են միջին և ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի կետերի համաձայն ոչ մեծ ծանրության հանցանքների համար 5, իսկ միջին ծանրության հանցանքների համար՝ 10 տարի է, ինչը մեղադրյալների համար առավել խիստ և անբարենպաստ կարգավորում է, քան 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքին և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին համապատասխանեցման արդյունքում այդ հոդվածների ծանրությանը համարժեք՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի միջին և ոչ մեծ ծանրության հանցանքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների վերաբերյալ կարգավորումները, քանի որ տվյալ օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն ոչ մեծ ծանրության հանցանքների համար 2, իսկ միջին ծանրության հանցանքների համար՝ 5 տարի է։ Այսինքն, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և 445-րդ հոդվածի 1-ին մասը՝ պատիժը մեղմացնելու առումով հանդիսանում են պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող, միաժամանակ այդ արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով՝ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հետ փոխկապակցվածությամբ, պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, հետևաբար, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով ձևակերպված՝ «սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան» (այսինքն, մեղմացնող մասով կիրառելով այդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խստացնող մասով այդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումները) պայմանի կիրառմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և 445-րդ հոդվածի 1-ին մասը հետադարձ ուժ ունեն միայն այն մասով, որով մեղմացնում են պատասխանատվությունը։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանը վերոնշյալ դատողություններին հանգելիս հաշվի է առնում նաև Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 10-ի` Միշա Մուրադյանի վերաբերյալ թիվ ԵԴ/1424/01/21 որոշման տրամաբանությունն առ այն, որ պատժի ինստիտուտը հանդիսանում է ավելի մեծ ինստիտուտի, այն է՝ քրեական պատասխանատվության, բաղադրատարր։ Այսպիսով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեղադրյալներ Մարիամ Հարությունյանին և Հասմիկ Մուրադյանին վերագրված արարքները համապատասխանում են 2021 թվականին մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին և 445-րդ հոդվածի 1-ին մասին, որոնք դասվում են համապատասխանաբար՝ միջին և ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին և որոնց համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետները 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ համապատասխանաբար 5 և 2 տարի է, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը, Մարիամ Հարությունյանին և Հասմիկ Մուրադյանին վերագրված արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ։(…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալներ Մ․Հարությունյանի և Հ․Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 14. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: 2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի: 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (...) 4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։ (...) 6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»: 14.1. ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունքներ են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը՝ որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով։ 15․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր։ 16․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Նախ, անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանության հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հափշտակության չափերի սահմանումներում օրենսդրի կողմից կատարվել են որոշակի փոփոխություններ, մասնավորապես ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանվել է, որ հափշտակված գույքի խոշոր չափ է համարվում 5 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարը/արժեքը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը/արժեքը։ Այսպես՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումների լույսի ներքո նույն օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված արարքը հանդիսանում էր առանձնապես խոշոր չափերով կատարված, երբ հանցագործության առարկան գերազանցում էր արարքի կատարման պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի գումարի/արժեքի (3.000.000 ՀՀ դրամ գումարի/արժեքի) չափը։ Նշված հանցանքը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն դասվում էր ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր։ Իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի։ Ուստի ստացվում է, որ օրենսդրական փոփոխության հետևանքով 5 մլն դրամը չգերազանցող գումարի չափով վատնումը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ խնդրո առարկա արարքը կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է տասը տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։ 17․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - մեղադրյալ Մ.Հարությունյանին վերագրվել է 4.278.577 ՀՀ դրամ գումարի չափով վատնում և պաշտոնեական կեղծիքի կատարում, իսկ մեղադրյալ Հ․Մուրադյանին 4.278.577 ՀՀ դրամ գումարի չափով վատնման օժանդակություն։ Մեղադրական եզրակացությամբ վերագրվող արարքները որակվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ համապատասխանաբար 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, - Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ Մ․Հարությունյանին վերագրվող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ արարքները համապատասխանում են՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի՝ համապատասխանաբար 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին և 445-րդ հոդվածի 1-ին մասին, իսկ մեղադրյալ Հ․Մուրադյանին վերագրվող արարքը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որոնք, նույն օրենսգրքի համաձայն, համարվում են միջին և ոչ մեծ ծանրության հանցագործություններ։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները ենթակա են հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին և ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, - Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալներ Մ․Հարությունյանի և Հ․Մուրադյանի նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետների հաշվարկի մասով կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ միջին և ոչ մեծ ծանրության հանցագործությունների վերաբերյալ դրույթները, քանի որ դրանք առավել բարենպաստ են մեղադրյալների համար։ 18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալներ Մ․Հարությունյանին և Հ․Մուրադյանին մեղսագրվող հանցանքները՝ 4.278.577 ՀՀ դրամ գումարի չափով վատնումը և 4.278.577 ՀՀ դրամ գումարի չափով վատնման օժանդակությունը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել են միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական դրույթների փոփոխությունները մեղադրյալներ Մ․Հարությունյանի և Հ․Մուրադյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը․ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով, ինչպես գործող քրեաիրավական օրենքով միջին ծանրության, այնպես էլ՝ նախկին քրեական օրենսդրությամբ ծանր հանցագործությունների համար, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի։ Այլ կերպ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալներ Մ․Հարությունյանին և Հ․Մուրադյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։ Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքները կատարելուց շուրջ հինգ տարի անց մեղադրյալներ Մ․Հարությունյանն ու Հ․Մուրադյանն ազատվել են քրեական պատասխանատվությունից այն դեպքում, երբ և՛ վերագրվող ենթադրյալ արարքների կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն՝ այդ արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը։ 19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալներ Մ․Հարությունյանի և Հ․Մուրադյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։ 20․ Միևնույն ժամանակ, անդրադառնալով մեղադրյալ Մարիամ Հարությունյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով քրեական հետապնդման դադարեցման իրավաչափության հարցին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես այդ արարքի կատարման պահին գործող, այնպես էլ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը սահմանում են վերոգրյալ արարքի վաղեմության հինգ տարվա ժամկետ, որն Առաջին ատյանի դատարանի կողմից դատական ակտ կայացնելու օրվա դրությամբ արդեն իսկ եղել է լրացած, ուստի ստորադաս դատարանները թեև սխալ են մեկնաբանել ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի դրույթները, սակայն մեղադրյալ Մ․Հարությունյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով մեղսագրվող արարքի համար քրեական հետապնդումը դադարեցնելու հարցում հանգել են իրավաչափ եզրահանգման։ 21․ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից Միշա Մուրադյանի գործով արձանագրված իրավական դիրքորոշումները վկայակոչելուն, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, քանի որ, ինչպես նշվել է սույն որոշման նախորդ կետերում, քննարկվող իրավիճակում առկա չէ քրեական պատասխանատվության մեղմացման կամ վերացման հարց, ուստի Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները չեն կարող կիրառելի լինել սույն դեպքում։ 22. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով մեղադրյալներ Մարիամ Հարությունյանին և Հասմիկ Մուրադյանին վերագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքների մասով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշումը մասնակի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Մարիամ Հարությունյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Հասմիկ Մուրադյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումները դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասով, և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը բեկանելու և վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ 23․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի Մարիամ Վաչագանի Հարությունյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և Հասմիկ Սամվելի Մուրադյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Թիվ ՀԿԴ/0055/01/22 քրեական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշումը մասնակի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Մարիամ Վաչագանի Հարությունյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Հասմիկ Սամվելի Մուրադյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասով, և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ 2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ