Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

1016102012 Մ-2356/22

Գործի համարը
1016102012 Մ-2356/22
Դիմող / մեղադրյալ
Սարգիս Զազյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
03.11.2023
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
1 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
1016102012 Մ-2356/22 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Նախագահող դատավոր` Լ.Հովհաննիսյան 3 նոյեմբերի 2023 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Սարգիս Ռազմիկի Զազյանի ներկայացուցիչ Ժ․Ղարագյոզյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունն ու թույլատրվել՝ 2 (երկու) ամիս ժամկետով Սարգիս Ռազմիկի Զազյանի նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում: 2․ Սարգիս Զազյանի ներկայացուցիչ Ժ․Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի ապրիլի 22-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը բեկանելու և Ս․Զազյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը մերժելու մասին։ 3․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և 2023 թվականի մայիսի 23-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, ստորադաս դատարանի կիրառած դատավարական նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Այսպես, բողոքաբերն անդրադառնալով այն դեպքերին, երբ վարույթի ընթացքում դատարանի որոշման հիման վրա սահմանափակվում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը՝ արձանագրել է, որ ընթացակարգային առանձնահատկությամբ պայմանավորված, օրենսդրորեն ամրագրված չէ միջոցառումը թույլատրող դատական ակտը շահագրգիռ անձին տրամադրելու դատարանի վարութային պարտականություն, միևնույն ժամանակ, բացակայում է դատական ակտը վերջինիս հասու դարձնելու հստակ ընթացակարգ։ Խնդրո առարկա հարցով իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը հանգում է նրան, որ շահագրգիռ անձը, տեղեկանալով իր նկատմամբ իրականացված միջոցառման մասին, այն թույլատրող դատական ակտն ստանալու և բողոքարկելու նպատակով դիմում է վարույթն իրականացնող մարմնին ու ստանալով այն՝ տասնօրյա ժամկետում ներկայացնում բողոք։ Ըստ բողոքի հեղինակի՝ այդպիսի իրավակիրառ պրակտիկան կարող է առաջացնել իրավունքի չարաշահում՝ նկատի ունենալով, որ շահագրգիռ անձի իրազեկված լինելու պահը կարող է չհամընկնել դատարանի որոշումը պահանջելու ժամանակի հետ։ Տվյալ դեպքում, Վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցած դատախազը փաստարկել է, որ Ժ․Ղարագյոզյանը, դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 22-ին բողոքարկելով Ս․Զազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտը, ծանոթացել է հիմնավոր կասկածի հիմքում դրված հեռախոսային հաղորդակցության վերահսկման արձանագրություններին, և որպես արդյունք՝ տեղեկացել է իր պաշտպանյալի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացված լինելու մասին։ Արդյունքում, դատախազը եզրահանգել է, որ տեղեկանալուց շուրջ չորս ամիս անց դատական ակտը ստանալու նպատակով վարույթն իրականացնող մարմնին դիմելն իրավունքի չարաշահում է, որը դրսևորվել է հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ չձեռնարկելով։ Վերը շարադրված դիրքորոշման լույսի ներքո՝ բողոք բերած անձը նշել է, որ վերոգրյալ փաստարկումն առնվազն պետք է հիմք հանդիսանար բողոքարկման ժամկետի պահպանման հարցը քննարկելու համար, մինչդեռ Վերաքննիչ դատարանն այն քննարկման առարկա չի դարձրել։ 4․1․ Բողոքաբերն անդրադարձել է նաև Ս․Զազյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդության առնչությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին։ 5․ Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 22-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմանը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 6․ Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերում առկա է՝ - Ս․Զազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 30-ի որոշման պատճենը, համաձայն որի՝ «(․․․) Ս․Զազյանին մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքը հիմնավորվել է քրեական գործով ձեռք բերված հետևյալ փաստական տվյալներով` (․․․) [գ]աղտնալսումները զննելու մասին արձանագրություններով, համաձայն որոնց Դ․Զիրոյանը, Ա․Սարգսյանը, Վ․Քարիմյանը և Ս․Զազյանը հեռախոսազրույցների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերում (․․․): (․․․) Դատարանը գտնում է, որ քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված նյութերը, այդ թվում՝ (․․․) գաղտնալսումները զննելու մասին արձանագրությունները, (․․․) բավարար են արձանագրելու, որ առկա է մեղադրյալ Ս․Զազյանի կողմից իրեն մեղսագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը»։ Ըստ դատական ակտի ներածական մասի՝ խափանման միջոց կիրառելու մասին միջնորդության քննությունն իրականացվել է պաշտպանի բացակայությամբ, - քրեական հետապնդման մարմնին հասցեագրված՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ով թվագրված դիմումի պատճենը՝ Ս․Զազյանի վերաբերյալ քրեական գործով վարույթին փաստաբաններ Է․Ալեքսանյանին և Ժ․Ղարագյոզյանին որպես Ս․Զազյանի պաշտպան ներգրավելու խնդրանքով, - կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման դեմ՝ 2021 թվականի սեպտեմբերի 22-ին դատարան մուտքագրված՝ Ս․Զազյանի պաշտպան Ժ․Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքի պատճենը, համաձայն որի՝ «Վերաքննիչ դատարանի ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ (․․․) բողոքարկվող որոշման մեջ հիմնավոր կասկածի հիմքում դրվել են այնպիսի ապացույցներ, որոնք առկա են եղել նախկինում և որոնց առկա լինելու պայմաններում Ս․Զազյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է (․․․)»։ Նույն բողոքով մեջբերում է կատարվել վիճարկվող դատական ակտից, - փաստաբան Ժ․Ղարագյոզյանի կողմից քրեական հետապնդման մարմնին հասցեագրված՝ 2022 թվականի հունվարի 13-ով թվագրված դիմումի պատճենը, որի համաձայն՝ «Պաշտպանական կողմին և Դատարանին տրամադրված՝ Ս․Զազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն հարուցելու մասին որոշմանը կից նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ Ս․Զազյանի նկատմամբ իրականացվել է «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» ՕՀՄ։ (․․․) [Ու]ստի խնդրում եմ (․․․) տրամադրել պաշտպանյալիս նկատմամբ իրականացված բոլոր, այդ թվում «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» ՕՀՄ անցկացնելը թույլատրելու մասին դատական ակտերը»։ 7. Ժ․Ղարագյոզյանը սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքում Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման ստացման օր է նշել 2022 թվականի փետրվարի 8-ը, իսկ բողոքը դատարան է մուտքագրվել 2022 թվականի փետրվարի 18-ին։ 8․ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 21-ի դատական նիստի արձանագրության համաձայն՝ վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցած դատախազն առարկելով ներկայացված բողոքի դեմ, քննարկման առարկա է դարձրել ներկայացուցիչ Ժ․Ղարագյոզյանի կողմից դատական վերանայման բողոք բերելու ժամկետի պահպանման հարցը, ըստ էության նշելով, որ Ս․Զազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Ժ․Ղարագյոզյանին հայտնի է դարձել Ս․Զազյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկման արձանագրություններով հիմնավոր կասկածը հաստատված լինելը։ Նման պայմաններում օպերատիվ-հետախուզական միջոցառումը թույլատրող դատական ակտը ստանալու նպատակով 2023 թվականի հունվարի 13-ին դիմում ներկայացնելը և դատական վերանայման բողոք բերելն իրավունքի չարաշահում է։ 9․ Վերաքննիչ դատարանը, Ս․Զազյանի ներկայացուցչի բողոքը բավարարելով և համապատասխան միջնորդությունը մերժելով, իր որոշմամբ արձանագրել է, որ «(․․․) Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա՝ հանգեցնելով Ս․Զազյանի հաղորդակցության ազատության և գաղտնիության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակման»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի` օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին որոշման դեմ դիմող Ս․Զազյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքն ըստ էության քննության առնելը: 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 284-րդ հոդվածի համաձայն՝ «1. (․․․) [Հ]եռախոսային խոսակցությունների (․․․) գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառում[ը], բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ: (․․․) 4. Միջնորդությունը քննարկում է դատավորը միանձնյա: Միջնորդության քննարկմանը միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը մասնակցում է դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի նախաձեռնությամբ: (․․․): 5. (․․․) Օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով դատավորը կարող է համապատասխան պաշտոնատար անձից պահանջել բացատրություններ և լրացուցիչ նյութեր: 6. Հարցի քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու` թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Համապատասխան նյութերը դատարանը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին (․․․)։ Մեջբերված դատավարական նորմի բովանդակությունից հետևում է, որ հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օպերատիվ-հետախուզական միջոցառման վերաբերյալ միջնորդություներով վարույթն իրականացվում է միանձնյա, դռնփակ դատական նիստում` վարույթը նախաձեռնած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, և օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով, դատավորը կարող է համապատասխան պաշտոնատար անձից պահանջել բացատրություններ ու լրացուցիչ նյութեր։ Միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին: Նշվածի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաղորդակցության գաղտնիության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի առանձնահատկությամբ պայմանավորված միջնորդության քննարկման արդյունքներով կայացվող դատական ակտը տրամադրվում է բացառապես նախաձեռնող մարմնին։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հաղորդակցության գաղտնիության իրավունքի սահմանափակման նման ընթացակարգն օբյեկտիվորեն և ողջամտորեն արդարացված է, քանի որ կոչված է ապահովելու համապատասխան միջոցառման անցկացման օրինականությունը, գաղտնիությունն ու արագությունը տվյալ դեպքում հանրային շահի պաշտպանության տեսանկյունից։ Այդուհանդերձ, շահագրգիռ անձանց համար հասանելի է վերադասության կարգով օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող դատական ակտի իրավաչափությունը վիճարկելու՝ իրավական պաշտպանության միջոցը։ 10․1․ Վճռաբեկ դատարանը, դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում մշտապես ընդգծել է, որ ինքնին իրավական պաշտպանության արդյունավետության չափանիշը փոխկապակցված է նաև այդ պաշտպանությունը հայցողի կողմից սահմանված ժամկետների պահպանման հետ։ Այս առումով հատկանշական է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումը բողոքարկման իրավունքի իրացման ժամկետային սահմանափակումների կիրառման առնչությամբ։ Այսպես, Եվրոպական դատարանը Neshev v. Bulgaria գործով ընդունել է, որ ժամկետները սկզբունքորեն իրավաչափ դատավարական սահմանափակումներ են դատարան դիմելու համար, միաժամանակ նշելով, որ դրանց մեկնաբանությունը՝ առանց վարույթների հատուկ հատկանիշները հաշվի առնելու, կարող է հանգեցնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի խախտման։ Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը հաստատել է, որ սահմանված ժամկետից ուշ բողոք ներկայացնելով, որը հանգեցնում է էական ժամանակ անց սովորական բողոք ներկայացնելուն այնպիսի պատճառներով, որոնք հատկապես համոզիչ չեն թվում, կարող է հանգեցնել իրավական որոշակիության և դատարան դիմելու իրավունքների խախտման։ 11․ Վերահսկողության գաղտնի միջոցառումների դեպքում, դատական պաշտպանության իրավունքից օգտվելիս, խնդրո հարցի համատեքստում, հեռախոսային հաղորդակցության վերահսկումը թույլատրող դատական ակտի բողոքարկման ժամկետի պահպանման գնահատման առարկան բաղկացած է Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի հիմքում ընկած թեստից՝ կազմված հետևյալ հարցերից. ա) երբ է անձին հասանելի եղել դատական ակտը կամ անձը հաստատապես տեղյակ է եղել դրա առկայության մասին, բ) արդյո՞ք դատական ակտը ստանալու իրավունքն իրացնելիս անձը գործել է բարեխղճորեն, գ) արդյո՞ք վարույթն իրականացնող մարմինը խոչընդոտել է դատական ակտը ստանալու կամ դրան ծանոթանալու անձի իրավունքի իրացմանը։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերոնշյալ հարցերի քննարկման արդյունքում դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է պարզի, թե երբ է փաստացի ծագել վիճարկվող որոշմանը ծանոթանալու անձի իրավունքը և արդյո՞ք վերջինս ողջամիտ ժամկետում ծանոթացել է այդ դատական ակտին։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ դատական ակտին ծանոթանալու հնարավորության առաջացման ու փաստացի ծանոթացման միջև առկա ժամանակային խզումն առերևույթ թվում է ոչ ողջամիտ, անձի՝ դատական պաշտպանության իրավունքի անհամաչափ սահմանափակումից խուսափելու նպատակով, դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի ժամանակային նման խզման պատճառները։ 11․1․ Վերոնշյալ առաջին չափանիշի առումով կարևոր է նկատի ունենալ, որ դատական ակտի հասանելի կամ դրա առկայության մասին հաստատապես տեղյակ լինելու պահը կարող է բազմատեսակ դրսևորումներ ունենալ, այդպիսին կարող են համարվել, ի թիվս այլնի, կատարման ենթակա քննչական և դատավարական գործողություններին, այդ թվում՝ հարկադրանքի միջոցի կիրառման վարույթին մասնակցելը կամ նախաքննության ավարտը։ Միևնույն ժամանակ, վարութային գործողության կատարման անհրաժեշտությամբ հեռախոսային հաղորդակցության վերահսկման փաստի բացահայտումը ենթադրում է, որ համապատասխան միջնորդության դեպքում շահագրգիռ անձին պետք է հնարավորություն տրվի ծանոթանալու օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող դատական ակտին՝ նրա դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու համար: Հիշյալ վերջին երկու չափանիշներից բխում է, որ կողմերն իրենց իրավունքներից պետք է օգտվեն և պարտականությունները կատարեն բարեխղճորեն, ինչն էլ իր հերթին օբյեկտիվորեն առաջացնում է միջոցներ ձեռնարկելու պարտականություն։ Այսինքն՝ շահագրգիռ անձը կամ վարույթի համապատասխան մասնակիցը պետք է գործեն բարեխղճորեն։ Այս հարցի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ բարեխղճության պահանջից ուղղակիորեն բխող է դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման իրավաչափության այն հիմքը, երբ բողոք բերելու իրավունք ունեցող համապատասխան դատավարության մասնակիցն անբարեխղճորեն է օգտվում վիճարկվող դատական ակտը ստանալու իրավունքից։ Կոնկրետ իրավիճակում խնդրո առարկա դատական ակտի բողոքարկման ժամկետի մեկնարկն անձի կողմից փաստացի ստանալու պահից հաշվելու դեպքում չի ապահովվի դատական պաշտպանության հիմնարար իրավական արժեքը հակակշռող հանրային շահի կենսագործումը, և դատական ակտի վերադասության կարգով բողոքարկման համար կսահմանվի անորոշ ժամկետ։ Միևնույն ժամանակ, բարեխղճության պահանջի գնահատման առումով կարևոր է, որ իրավակիրառ պրակտիկայում այդ չափանիշի կիրառելիությունը և դրա հնարավոր հաղթահարումը չմեկնաբանվի չափազանց ձևականացված (excessive formalism), այսինքն, շահագրգիռ անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի անհամաչափ սահմանափակում թույլ չտալու համար վարույթի հանրային մասնակցի գործողությունները և բողոքաբերի վարքագիծը պետք է գնահատել ողջամտության սահմաններում։ Մյուս կողմից էլ, հարկ է նկատել, որ շահագրգիռ անձինք իրենց բողոքը ներկայացնելիս պետք է հիմնավորեն բարեխղճորեն գործած լինելը, որը պետք է ունենա որոշակի փաստական հիմք և կոնկրետ դրսևորում՝ հնարավորություն տալով դատարանին ողջամտության սահմաններում գնահատելու դատական ակտն ուշ հասանելի լինելու պատճառի ու դատական ակտի վիճարկման հնարավորության հարաբերակցությունը։ 12․ Այսպիսով, ամփոփելով կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կպարզվի, որ վարույթի հանրային մասնակիցը գործել է բարեխղճորեն և որոշման պատճենը համապատասխան դատավարության մասնակցին ուշ հասանելի լինելը պայմանավորված է եղել բողոքաբերի վարքագծով, օրինակ՝ վերջինս անբարեխղճորեն է օգտվել վիճարկվող դատական ակտին ծանոթանալու իր իրավունքից, ապա այդ հանգամանքը կարող է բողոքն ըստ էության չքննելու հիմք հանդիսանալ։ Մինչդեռ այն դեպքերում, երբ կհաստատվի, որ վիճարկվող դատական ակտին ծանոթանալու իրավունքի առաջացման ու այդ իրավունքի փաստացի իրացման միջև առկա ժամկետը պայմանավորված է բողոք բերելու իրավունք ունեցող համապատասխան դատավարության մասնակցի կամքից անկախ և օբյեկտիվ պատճառներով, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ բողոքն ըստ էության չքննարկելու կամ այդ հիմքով մերժելու համար, այդ դեպքում բողոքն իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվի ժամկետում բերված։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման մեկնաբանությամբ կենսագործվում է զսպումների և հակակշիռների մեխանիզմ, որով հնարավոր է ապահովել հանրային ու մասնավոր շահերի հավասարակշիռ պաշտպանություն։ Մասնավորապես՝ նման կառուցակարգի իրավական նշանակությունն ուղղված է երաշխավորելու մի կողմից իրավական պաշտպանություն հայցող անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, մյուս կողմից՝ արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին։ 13․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ թույլատրվել է 2 (երկու) ամիս ժամկետով Ս․Զազյանի նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում, - Ս․Զազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության պայմանը՝ հիմնավոր կասկածի առկայությունը, ի թիվս այլնի, հաստատվել է Ս․Զազյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկման արձանագրություններով։ Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դատական ակտին հաջորդող ժամանակահատվածում՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ից սկսած, Ժ․Ղարագյոզյանը ստանձնել է Ս․Զազյանի պաշտպանությունը, իսկ այդ դատական ակտի դեմ 2021 թվականի սեպտեմբերի 22-ին դատարան մուտքագրված վերաքննիչ բողոքում Ժ․Ղարագյոզյանն անդրադարձել և քննարկման առարկա է դարձրել հիմնավոր կասկածի առկայության մասին ստորադաս դատարանի եզրահանգման հիմքում դրված փաստակազմը, - 2022 թվականի հունվարի 13-ին Ժ․Ղարագյոզյանը դիմել է վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով տրամադրել Ս․Զազյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը, - 2022 թվականի փետրվարի 8-ին Ժ․Ղարագյոզյանը ստացել է Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշումը, իսկ նույն թվականի փետրվարի 18-ին Վերաքննիչ դատարան է մուտքագրվել Ս․Զազյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող հիշյալ ակտի դեմ Ժ․Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքը, - Դատական նիստի ընթացքում, բողոքի քննությանը մասնակցած դատախազը փաստարկել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման դատական վերանայման ընթացքում Ժ․Ղարագյոզյանին հայտնի է դարձել Ս․Զազյանի ազատության իրավունքի սահմանափակման հիմքում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների դրված լինելու փաստը, ուստի այդ պահից տևական ժամանակ անց համապատասխան դատական ակտը ստանալու համար վարույթն իրականացնող մարմնին դիմելը, ըստ այդմ՝ վերաքննիչ բողոք ներկայացնելն իրավունքի չարաշահում է, - Վերաքննիչ դատարանը քննության առնելով Ժ․Ղարագյոզյանի բողոքը` 2022 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ բավարարել է այն և բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը` մերժելով օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը։ 14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքների և սույն որոշման 10-րդ կետում շարադրված իրավական վերլուծության հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանն իրավական գնահատման չի ենթարկել Ժ․Ղարագյոզյանի կողմից դատական վերանայման բողոք ներկայացնելու ժամկետի պահպանման առնչությամբ բողոքի քննությանը մասնակցած դատախազի դիրքորոշումը՝ չապահովելով դատական պաշտպանության հիմնարար իրավական արժեքին հակակշռող հանրային շահի կենսագործումը։ Այսպես, հաշվի առնելով գործում առկա փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի դեմ ներկայացված՝ Ժ․Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքի բովանդակությունը հիմք է ողջամտորեն եզրահանգելու, որ վերաքննիչ բողոք ներկայացնելիս, վերջինին հայտնի է եղել, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման շրջանակներում վերահսկվել ու վերծանվել է Ս․Զազյանի՝ այլ անձանց հետ ունեցած խոսակցությունը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ողջամտորեն նշվածը բավարար էր, որպեսզի Ժ․Ղարագյոզյանը, առնվազն 2021 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ, հաստատապես գիտակցեր դատական ակտի հիման վրա Ս.Զազյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկման փաստը, բողոքարկման իրավունքի իրացման գործընթացում միջոցներ ձեռնարկեր միջամտությունը թույլատրող դատական ակտը ստանալու համար և կանխատեսեր, որ այդպիսի միջոցներ չձեռնարկելու արդյունքում կարող է զրկվել բողոքարկման իր իրավունքից։ Նման պայմաններում գնահատելով դատական ակտը ստանալու համար միայն 2022 թվականի հունվարի 13-ին դիմում ներկայացված լինելու պատճառը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նյութերում առկա չէ որևէ տեղեկատվություն, որը կարող է հիմք ծառայել արձանագրելու, որ Ժ․Ղարագյոզյանը գործել է բարեխղճորեն և դատական ակտը ստանալու համար շուրջ երեք ամիս անց դիմում ներկայացնելը պայմանավորված է եղել օբյեկտիվ պատճառներով։ Ընդ որում, Ժ․Ղարագյոզյանի կողմից վերաքննիչ բողոքում նույնպես չի ներկայացվել փաստական որևէ տվյալ և չի հիմնավորվել, որ ինքը բարեխղճորեն է օգտվել Առաջին ատյանի դատարանի դատական ակտին ծանոթանալու իր իրավունքից, իսկ դատական ակտը տևական ժամանակ անց ստանալու իրավունքի իրացումը պայմանավորված է եղել իր կամքից անկախ և օբյեկտիվ պատճառներով։ Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումը թույլատրող դատական ակտին ծանոթանալու և այն ստանալու հնարավորությունը Ժ․Ղարագյոզյանի համար գործնականում առաջացել է առնվազն 2021 թվականի սեպտեմբերի 22-ին, իրավունքի ծագման և այն փաստացի իրացնելու միջև առկա ժամկետը պայմանավորված չէ օբյեկտիվ պատճառներով, իսկ իրավասու մարմնին՝ որոշման պատճենը ստանալու համար ավելի վաղ չդիմելը՝ Ժ․Ղարագյոզյանի վարութային ոչ բարեխիղճ վարքագծի արտաքին դրսևորում է։ 14․1․ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ քրեական հետապնդման մարմնին հասցեագրված դիմումում նշված պնդումն առ այն, որ Ս․Զազյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկման մասին Ժ․Ղարագյոզյանը տեղեկացել է պաշտպանության կողմին հանձնված՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությանը կից նյութերի ուսումնասիրության արդյունքում, հերքվում է Ժ․Ղարագյոզյանի կողմից ներկայացված համապատասխան վերաքննիչ բողոքի բովանդակությամբ։ Ընդ որում, նշված բողոքով ոչ միայն քննարկման առարկա է դարձվել հիմնավոր կասկածի առկայության մասին եզրահանգման հիմքում դատարանի կողմից դրված փաստակազմը, այլև մեջբերում է կատարվել վիճարկվող դատական ակտից։ Նշվածը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, բավարար է հաստատված համարելու, որ Ժ․Ղարագյոզյանը բողոքարկելով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտը, ծանոթ է եղել դրա բովանդակությանը, որը հստակ տեղեկատվություն է պարունակել Ս․Զազյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկումը թույլատրված լինելու մասին։ Այսինքն՝ նախքան պաշտպանության կողմին հիշյալ նյութերը հանձնելը, Ժ․Ղարագյոզյանը հաստատապես տեղյակ է եղել, որ Ս․Զազյանի հեռախոսային խոսակցության վերահսկումը դատարանի որոշմամբ թույլատրվել է։ Նշվածի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ժ․Ղարագյոզյանի վերը նշված պնդումն արժանահավատ գնահատելու դեպքում ևս դատական ակտին ծանոթանալու հնարավորության առաջացման և փաստացի իրացման միջև առկա ժամկետը ողջամիտ չէ։ 15․ Վերոգրյալի պայմաններում, գնահատելով, թե արդյոք պահպանված է ողջամիտ հավասարակշռությունը մի կողմից՝ դատարանի մատչելիության իրավունքի, մյուս կողմից՝ իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման պահանջների միջև, Վճռաբեկ դատարանն իրավական որոշակիության պահանջի խախտում է դիտարկում Ս․Զազյանի ներկայացուցիչ Ժ․Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքն ըստ էության քննության առնելն այն պարագայում, երբ վերջինս, 2021 թվականի սեպտեմբերի 22-ին հաստատապես տեղյակ լինելով Ս․Զազյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկումը թույլատրված լինելու մասին, միջամտությունը թույլատրող դատական ակտը ստանալու համար միջոցներ է ձեռնարկել միայն 2022 թվականի հունվարի 13-ին, իսկ բողոքարկման համար հաշվարկվող ժամկետի սկիզբ է դիտարկվել դատական ակտը ստանալու օրը։ Վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է դիմող Ս․Զազյանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը ներկայացուցիչ Ժ․Ղարագյոզյանի կողմից այդ իրավունքից ոչ բարեխղճորեն օգտվելու հանգամանքով։ Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի` օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին որոշման դեմ դիմող Ս․Զազյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից ըստ էության քննության առնելն իրավաչափ չէ։ Վերոգրյալի հաշվառմամբ, բողոքաբերի՝ սույն որոշման 4․1-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալը Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում։ 16․ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Սարգիս Ռազմիկի Զազյանի ներկայացուցիչ Ժ․Ղարագյոզյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 22-ի որոշումը բեկանել՝ Սարգիս Ռազմիկի Զազյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ