Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ԼԴ/0025/01/22

Գործի համարը
ԼԴ/0025/01/22
Դիմող / մեղադրյալ
Արմեն Պողոսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
05.11.2024

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԼԴ/0025/01/22 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Մ.Հարությունյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Կ․Ամիրյան դատավորներ՝ Ս․Մարաբյան Մ․Մակյան 2024 թվականի նոյեմբերի 5-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Արմեն Յուրայի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1․ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Պողոսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) նախատեսված արարքում, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 250․000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։ 2․ Վերոնշյալ դատական ակտի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Է.Արսենյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 31-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բեկանվել է, ամբաստանյալ Արմեն Յուրայի Պողոսյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ (երկու դրվագ), և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 250․000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 31-ի որոշման վերաբերյալ դատական կազմի դատավոր Կ.Ամիրյանը ներկայացրել է հատուկ կարծիք: 3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի գրավոր ընթացակարգ։ Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում. 4. Բողոքաբերը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, 2022 թվականի նոյեմբերի 25-ին կայացրած դատավճռով Ա.Պողոսյանի նկատմամբ որպես լրացուցիչ պատիժ չնշանակելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, իսկ Վերաքննիչ դատարանը, լրացուցիչ պատժի մասով անփոփոխ թողնելով դատավճիռը, թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ, դատարանները չեն ապահովել կիրառվող օրենսդրության և պետական հակազդեցության համաչափությունը կատարված հանցանքին: Բողոք բերած անձը փաստել է, որ, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայի, որով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը հանդիսանում է լրացուցիչ պատիժ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի կարգավորումների ուժով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է կիրառվել և՛ որպես հիմնական պատիժ, և՛ որպես լրացուցիչ պատիժ: Ավելին՝ որպես լրացուցիչ պատիժ դատարանն այն կարող է նշանակել անկախ այն հանգամանքից, թե որպես հիմնական պատիժ այն սանկցիայում նախատեսված է, թե՝ ոչ: Ըստ բողոքի հեղինակի՝ վերոգրյալ հետևությունների համար հիմք է հանդիսանում ոչ միայն այն, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է կիրառվել և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ պատիժ, այլ նաև այն, որ օրենսդիրն այդ պատժատեսակի համար, կախված նրանից, թե որպես լրացուցիչ պատիժ է այն կիրառվում, թե՝ որպես հիմնական, սահմանել է կիրառման տարբեր պայմաններ, ինչից բխում է, որ եթե անձի նկատմամբ նշանակվել է մեկ հիմնական պատիժ, օրինակ՝ տուգանք, ապա որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նույնպես նշանակվել, սակայն ոչ այն պայմաններով, որոնք նախատեսված են դրա՝ որպես հիմնական պատիժ կիրառվելու դեպքում: Ելնելով վերոգրյալից՝ բողոքաբերը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու դեպքում հիմնական պատժի հետ որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը նշանակելու օրենսդրական արգելք առկա չէ: Բացի այդ, բողոքաբերը պնդել է, որ ամբաստանյալ Ա.Պողոսյանի կողմից կատարված հանցավոր արարքն իր բնույթով կապված է նրա զբաղեցրած պաշտոնի հետ, ուստի Ա.Պողոսյանի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես լրացուցիչ պատիժ, նշանակելով միայն հնարավոր կլինի հասնել պատժի նպատակների իրագործմանը, իսկ վերջինիս «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով հանրային ծառայության պաշտոն և հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ կապահովվի պատժի անհատականացման սկզբունքի արդյունավետ իրացումը և մեղադրյալի կողմից տվյալ բնույթի հանցավոր վարքագիծ դրսևորելու հետագա հնարավոր ռիսկերի չեզոքացումը։ 5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է մասնակի՝ պատժի մասով, բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ի դատավճիռը նշանակված պատժի մասով անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 31-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ, և ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ, բացի նշանակված տուգանք պատժատեսակից, որպես լրացուցիչ պատիժ նշանակել նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 3 (երեք) տարի ժամկետով։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 6. 2022 թվականի փետրվարի 16-ին որոշում է կայացվել Արմեն Յուրայի Պողոսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ. «(...) [Ն]ա, 2016 թվականի հոկտեմբերի 22-ից զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի տեսուչի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կատարել է երկու դրվագ պաշտոնեական կեղծիք, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում։ Այսպես. ՀՀ ոստիկանության պետի 2016 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 2901-Ա հրամանով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ճանապարհապարեկային ծառայության երկրորդ սպայական գումարտակի հինգերորդ սպայական վաշտի երկրորդ սպայական դասակի տեսուչի պաշտոնին նշանակված Արմեն Պողոսյանը «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 209 II 02 հաշվառման համարանիշի, 2556 կողային համարի ծառայողական ավտոմեքենայով 2021 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 09:35-ին, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհահատվածի 2-րդ կիլոմետրի հատվածում տեղակայված անշարժ պահակակետում ծառայություն իրականացնելու ժամանակ, վարչական իրավախախտման փաստն արձանագրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրություն կազմելու և որոշում կայացնելու նպատակով կանգնեցրել է կարմիր լույսերով վերասարքավորված լուսարձակներով «ԲՄՎ» մակնիշի, 36 VF 117 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը և կողքի ուղևորը եղել են չամրակապված, իսկ վերջինիս գրկում, առանց երեխային պահելու համար նախատեսված հարմարանքով կահավորանքի առկայության եղել է նաև անչափահաս երեխա։ Արմեն Պողոսյանը, հայտնաբերած վերոհիշյալ վարչական իրավախախտումների փաստը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածի 1-ին մասով և 124–րդ հոդվածի 10-րդ մասով արձանագրելու և ընդհանուրը՝ 35.000 ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու պարտավորություն ունենալու պայմաններում, ստուգմամբ պարզելով, որ ավտոմեքենայի վարորդը հանդիսանում է ՀՀ ՊՆ N զորամասի աշխատակից Հայկ Սաքանյանը, վերջինիս օգնելու և առավել մեղմ վարչական իրավախախտումներ թույլ տալու վերաբերյալ արձանագրություններ կազմելու անձնական դրդումներից ելնելով` միասնական դիտավորությամբ, փոխարենը կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ վարչական իրավախախտման վերաբերյալ երկու կեղծ արձանագրություններ և որոշումներ: Մասնավորապես, 5.000 ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կազմած առաջին արձանագրությունում և կայացրած թիվ ԱՖ 734857 որոշման մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր ծառայողական ավտոմեքենայում եղած «Բինար» տեսակի արագաչափ սարքի միջոցով արագությունը որոշելու արդյունքում պարզել է, որ Հայկ Սաքանյանը բնակավայրում 5 կմ/ժ-ով գերազանցել է թույլատրելի արագությունը, մինչդեռ ավտոմեքենայում նման սարք տեղադրված չի եղել, իսկ երկրորդ՝ 5.000 ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ արձանագրությունում և ԱՖ 734858 որոշման մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թև իբր վերջինս առանց ազդանշան տալու կատարել է վերադասավորում: Բացի այդ, Արմեն Պողոսյանը «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 209 II 02 հաշվառման համարանիշի, 2556 կողային համարի ծառայողական ավտոմեքենայով 2021 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 09:55-ին, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհահատվածի 2-րդ կիլոմետրի հատվածում տեղակայված անշարժ պահակակետում վարչական իրավախախտման փաստն արձանագրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու մասին համապատասխան արձանագրություն կազմելու նպատակով կանգնեցրել է վարորդի և ուղևորի կողմից չամրակապված «Քրայսլեր» մակնիշի, 81 FN 001 հաշվառման համարանիշի ավտոմեքենան։ Հայտնաբերած վարչական իրավախախտման փաստերը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1233–րդ հոդվածի 1-ին մասով արձանագրելու և ընդհանուրը՝ 20.000 ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու պարտավորություն ունենալու պայմաններում, ստուգմամբ պարզելով, որ ավտոմեքենայի վարորդը հանդիսանում է մոր ազգական Սանդրո Մաղաքյանը, վերջինիս օգնելու և առավել մեղմ վարչական իրավախախտումներ թույլ տալու վերաբերյալ արձանագրություններ կազմելու անձնական դրդումներից ելնելով` փոխարենը միասնական դիտավորությամբ կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ և որոշումներ: Մասնավորապես, կազմած առաջին` 5.000 ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ արձանագրությունում և կայացրած թիվ ԱՖ 734859 որոշման մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր ծառայողական ավտոմեքենայում առկա «Բինար» տեսակի արագաչափ սարքի միջոցով արագությունը որոշելու արդյունքում պարզել է, որ Սանդրո Մաղաքայանը բնակավայրում 5 կմ/ժ-ով գերազանցել է թույլատրելի արագությունը, մինչդեռ արագաչափ սարքը ավտոմեքենայում չի եղել, իսկ երկրորդ՝ 5.000 ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ արձանագրությունում և ԱՖ 734860 որոշման մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թև իբր վերջինս ընթացքի ժամանակ բացել է տրանսպորտային միջոցի դուռը»: (...)»։ 7․ Առաջին ատյանի դատարանն իր՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ի դատավճռում նշել է․ «(...) Դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով գործով ձեռք բերված ապացույցները և դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ գտնում է, որ ապացուցված է, որ ամբաստանյալ Արմեն Յուրայի Պողոսյանը 2016 թվականի հոկտեմբերի 22-ից զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի տեսուչի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կատարել է երկու դրվագ պաշտոնեական կեղծիք (…)։ Արմեն Պողոսյանի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտվում այն, որ -պատիժ նշանակելու պահին նրա խնամքին են գտնվում երեք անչափահաս երեխաները. 04.04.2007թ. ծնված Յուրի Արմենի Պողոսյանը, 14.06.2010թ. ծնված Արման Արմենի Պողոսյանը և 27.09.2022թ. ծնված Անգելինա Արմենի Պողոսյանը, -առաջադրված մեղադրանքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել՝ դեռևս նախաքննության ընթացքում տվել խոստովանական ցուցմունք, զղջացել է իր կատարած արարքի համար (տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մաս` պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված մեղմացնող այլ հանգամանքներ, ինչպես նաև տե՛ս Սերոբ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշման 26-րդ կետը)։ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Արմեն Պողոսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն։ (…) Վերը մեջբերված իրավական նորմերում և դիրքորոշումներում սահմանված չափանիշների համատեքստում գնահատելով մեղադրյալ Արմեն Պողոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, -հանցանքը կատարելուց հետո մեղադրյալի դրսևորած վարքագիծը, -պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը։ Դատարանը նաև հաշվի է առնում անձը բնութագրող հանգամանքները, մասնավորապես այն, որ ամբաստանյալ Արմեն Պողոսյանն ամուսնացած է, նրա խնամքին են երեք անչափահաս երեխաները, նախկինում դատապարտված չի եղել: Վերոգրյալի հաշվառմամբ՝ Դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում սանկցիայով նախատեսված ամենամեղմ պատժատեսակի՝ տուգանքի միջոցով հնարավոր է ապահովել պատժի նպատակների իրացվելիությունը: (…) Վերը շարադրված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով տուգանք պատժատեսակի նվազագույն չափը սկսվում է 340.000 ՀՀ դրամից /ՀՀ նվազագույն աշխատավարձի մասին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 ՀՀ դրամի հնգապատիկ չափ/, իսկ 2003 թվականի քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքի նվազագույն չափը սկսվում է 30.000 ՀՀ դրամից: Բացի այդ 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ամենամեղմ պատժի` տուգանքի սահմանաչափը 200.000 ՀՀ դրամ է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի նվազագույն չափը 340.000 ՀՀ դրամ է /եթե վերջինիս ամսեկան եկամուտը ավել լինի, քան ՀՀ նվազագույն աշխատավարձը` 68.000 ՀՀ դրամ, ապա նվազագույն չափի շեմը ավելի բարձր կլինի/: Իսկ վերը նշված դրույթների համաձայն խստացնող օրենքը կամ դրա մասը հետադարձ ուժ ունենալ չի կարող, հետևաբար Արմեն Պողոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս պետք է առաջնորդվել 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասով տուգանք պատժատեսակը և հատուկ մասով արարքը նախատեսող հոդվածի սանկցիայի սահմանաչափով: Ինչ վերաբերվում է ամբաստանյալի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելուն, ապա Դատարանը այդ կապակցությամբ հարկ է համարում ընդգծել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով լրացուցիչ պատիժները, այդ թվում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը դարձել է հայեցողական, այսինքն նշված լրացուցիչ պատիժ նշանակելը թողնվել է Դատարանի հայեցողությանը: Ի տարբերություն դրա, 18.04.2003թ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների սանկցիաներով լրացուցիչ պատիժ նշանակելը, այդ թվում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, պարտադիր էր: Ուստի Դատարանը գտնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի դրույթները՝ լրացուցիչ պատիժ նշանակելու մասով, Արմեն Պողոսյանի նկատմամբ կիրառելի են այնքանով, որքանով բարելավում են ամբաստանյալի իրավական վիճակը՝այսինքն Դատարանը կարող է և չնշանակել լրացուցիչ պատիժ։ (...)»։ 8. Վերաքննիչ դատարանը, 2023 թվականի մայիսի 31-ին կայացված որոշմամբ մասնակի բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, մասնավորապես նշել է. «(…) Վերաքննիչ դատարանը, համապարփակ վերլուծության ենթարկելով ներկայացված վերաքննիչ բողոքը, վերոգրյալ իրավական նորմերը և դատավարության մասնակիցների դիրքորոշումը, հանգում է այն հետևության, որ սույն գործով առկա է մի իրավիճակ, երբ Ա.Պողոսյանին մեղսագրվող հանցանքների համար պատասխանատվություն սահմանող քրեական օրենքը փոփոխվել է և՛ մեղմացման, և՛ խստացման առումով: Այն որ ամբաստանյալ Ա.Պողոսյանին վերագրված հանցագործությունը նախկինում դասվել է միջին, իսկ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի պայմաններում՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, արդեն վերևում անդրադարձ կատարվել է: Գործող քրեական օրենսգրքով տուգանք պատժատեսակի համար նախատեսված նվազագույն շեմը ամսական եկամտի հնգապատիկն է, ինչը խստացնում է ամբաստանյալ Ա.Պողոսյանին մեղսագրվող հանցանքի պատասխանատվությունը, ուստի, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այս պարագայում պետք է առաջնորդվել 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով արարքը նախատեսող հոդվածի սանկցիայի սահմանաչափով՝ որպես ամբաստանյալ Ա.Պողոսյանի վիճակը բարելավող նորմի: Ա.Պողոսյանին մեղսագրվող արարքի համար նախկին քրեական օրենսգրքով նախատեսվել է պատիժ՝ տուգանքի կամ ազատազրկման ձևով՝ համակցված լրացուցիչ պատժով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով: Այս պահին գործող ՀՀ քրեական օրենսգիրքը Ա.Պողոսյանին մեղսագրված արարքի համար պատիժ է նախատեսում՝ տուգանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կամ ազատության սահմանափակման կամ կարճաժամկետ ազատազրկման կամ ազատազրկման ձևով: Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը վերը շարադրված հետևություններով իրավաչափ է գտել Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակն ու նշանակված տուգանքի չափը և անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, համաձայն որի՝ Բողոքաբերը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ պետք է նշանակվեր նաև լրացուցիչ պատիժ, այն է՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը 3 տարի ժամկետով, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու, հանցավոր արարքի համար սահմանված պատիժը մեղմացնող օրենքին հետադարձ ուժ չտալու, ինչպես նաև՝ դրա գործողությունը մինչև օրենքի փոփոխությունը հանցանք կատարած անձի նկատմամբ չտարածելու դեպքում թույլ կտրվի ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի, 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի, ինչպես նաև մի շարք միջազգային-իրավական ակտերի համապատասխան նորմերի պահանջների խախտում, որի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումներով կստացվի մի իրավիճակ, երբ ամբաստանյալի նկատմամբ կնշանակվի երկու հիմնական պատիժ՝ տուգանք և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, ինչն անթույլատրելի է ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված կանոնի ուժով: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը համակարծիք չէ այս առումով Առաջին ատյանի դատարանի կողմից բերված այն հիմնավորումների հետ, համաձայն որի՝ «(...) Ինչ վերաբերվում է ամբաստանյալի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելուն, ապա Դատարանը այդ կապակցությամբ հարկ է համարում ընդգծել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով լրացուցիչ պատիժները, այդ թվում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը դարձել է հայեցողական, այսինքն նշված լրացուցիչ պատիժ նշանակելը թողնվել է Դատարանի հայեցողությանը: Ի տարբերություն դրա, 18.04.2003թ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների սանկցիաներով լրացուցիչ պատիժ նշանակելը, այդ թվում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, պարտադիր էր: Ուստի Դատարանը գտնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի դրույթները՝ լրացուցիչ պատիժ նշանակելու մասով, Արմեն Պողոսյանի նկատմամբ կիրառելի են այնքանով, որքանով բարելավում են ամբաստանյալի իրավական վիճակը՝ այսինքն Դատարանը կարող է և չնշանակել լրացուցիչ պատիժ։ (...)»։ Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ ամբաստանյալ Արմեն Պողոսյանի նկատմամբ սույն դեպքում լրացուցիչ պատժի նշանակումը ոչ թե գտնվում է դատարանի հայեցողական լիազորությունների սահմաններում, այլ առկա է ուղղակի օրենսդրական արգելք առ այն, որ՝ մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հետևաբար, բողոքը բավարարելու դեպքում կստացվի մի իրավիճակ, երբ անձի նկատմամբ մեկ հանցավոր արարքի կատարման համար կնշանակվի երկու հիմնական պատիժ, ինչն անթույլատրելի է։ Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ եթե անգամ հիմք ընդունվի այն մեկնաբանությունը, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել պատժատեսակը քննարկվող հոդվածի սանկցիայով նախատեսված հիմնական այլ պատժատեսակներից՝ տուգանքից, ազատության սահմանափակումից, կարճաժամկետ ազատազրկումից կամ ազատազրկումից, որևէ մեկի հետ հնարավոր է նշանակել որպես լրացուցիչ պատիժ, ապա այն անհիմն է, քանի որ այն ուղղակիորեն նախատեսված է քննարկվող հոդվածի սանկցիայով որպես հիմնական պատիժ, հետևաբար Օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով լրացուցիչ պատժի վերածվել չի կարող։ (…)»։ 9. Վերաքննիչ դատարանի դատավոր Կ.Ամիրյանը 2023 թվականի մայիսի 31-ին կայացված որոշման վերաբերյալ արտահայտած հատուկ կարծիքով մասնավորապես նշել է. «(…) Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ հակառակ դեպքում ամբաստանյալի նկատմամբ կարող է նշանակվել երկու հիմնական պատիժ, հիմնավոր չէ, քանի որ տվյալ դեպքում հարցը վերաբերում է ոչ թե երկու հիմնական պատժին, այլ մեկ հիմնական և մեկ լրացուցիչ պատիժ նշանակելուն։ Այն հանգամանքը, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է որպես հիմնական պատիժ, ինքնին չի բացառում այդ հոդվածով նախատեսված մյուս հիմնական պատժատեսակներից որևէ մեկի նշանակման դեպքում (տուգանք, ազատության սահմանափակում, կարճաժամկետ ազատազրկում կամ ազատազրկում), ելնելով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր դրույթների կարգավորումներից, մեղադրյալի նկատմամբ նշանակել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես լրացուցիչ պատիժ։ Հակառակ մեկնաբանությունը նախ կհակասի 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներին, քանի որ այդ հոդվածով առկա չէ սահմանափակում առ այն, որ բոլոր այն դեպքերում, երբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի կոնկրետ հոդվածում նախատեսված է որպես հիմնական պատիժ, ապա անձի նկատմամբ չի կարող նշանակվել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ արդեն որպես լրացուցիչ պատիժ։ Երկրորդ՝ նման մոտեցումը կհակասի պատիժ նշանակելու սկզբունքներին, քանի որ անհարկի կսահմանափակի դատարանի հայեցողությունը պատժատեսակներ ընտրելու հարցում, քանի որ կստեղծվի մի իրավիճակ, որ երբ դատարանը մեղադրյալի նկատմամբ նշանակի, մասնավորապես, ազատազրկում կամ տուգանք, չի կարող մեղադրյալին արգելել զբաղեցնել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ զբաղվել որոշակի գործունեությամբ։ Նման իրավիճակը չի բխում օրենսդրի կամքից և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու որպես լրացուցիչ պատժատեսակի՝ օրենսդրի կողմից հետապնդող նպատակից։ Այդպիսի մոտեցումը, ինչպես նշվեց, դատարանին կանգնեցնելու է ոչ իրավաչափ ընտրության առջև․ կամ որպես հիմնական պատիժ նշանակել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կամ որպես հիմնական պատիժ նշանակել այդ հոդվածով նախատեսված որևէ այլ պատժատեսակ՝ սակայն արդեն առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու՝ որպես լրացուցիչ պատժատեսակ նշանակելու հնարավորության։ Իրավակիրառ պրակտիկայում այսպիսի մոտեցումը կարող է հանգեցնել պատիժ նշանակելու սկզբունքների չիրացման և արդյունքում ոչ արդարացի և պատժի նպատակներից չբխող պատժի նշանակման։ (…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 10․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը համապատասխան հոդվածի սանկցիայում որպես հիմնական պատիժ նախատեսված լինելու պարագայում այն որպես լրացուցիչ պատիժ նշանակելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային լինել համանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար։ 10.1․ Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես լրացուցիչ պատիժ, չնշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: 2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։ (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել: 2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է: 3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի: 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (…) 6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը:»: 12․ ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Նշված սահմանադրաիրավական նորմերից են բխում նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածով ամրագրված՝ քրեական օրենսդրության հետադարձ ուժ ունենալու վերաբերյալ կարգավորումները։ Մասնավորապես, հիշյալ հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող իրավանորմերի գործողությունը տարածվում է մինչև այդ իրավանորմի ուժի մեջ մտնելը ծագած հասարակական հարաբերությունների վրա։ Ընդ որում, նույն կարգավորումը գործում է նաև այն դեպքում, երբ նոր օրենքն անձի պատասխանատվությունը մեղմացնում է մասնակիորեն։ Այսինքն՝ նշված պարագայում նոր օրենքը հետադարձ ուժ ունի միայն այնքանով, որքանով մեղմացնում է անձի պատասխանատվությունը, այլապես՝ տվյալ նորմին ամբողջությամբ հետադարձ ուժ տալու դեպքում կխախտվեն ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված երաշխիքները, ինչն անթույլատրելի է։ 13․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է և´ որպես հիմնական, և´ որպես լրացուցիչ պատիժ: (…) 4. Մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հիմնական պատժին սույն օրենսգրքով նախատեսված կարգով և դեպքերում կարող է միացվել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ: (…)»: Նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն՝ «1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է: 2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է երկուսից յոթ տարի ժամկետով՝ դիտավորյալ հանցագործությունների համար, և մեկից հինգ տարի ժամկետով՝ անզգույշ հանցագործությունների համար, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ մեկից երեք տարի ժամկետով: 3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործության բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը: 3.1. Եթե որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես պարտադիր լրացուցիչ պատիժ, սակայն տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով տվյալ պատժի կատարումը հնարավոր չէ հանցանք կատարած անձի` տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու կամ այդ իրավունքից զրկված լինելու պատճառով, ապա պարտադիր լրացուցիչ պատիժը չի նշանակվում: 4. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարգապահական գումարտակում պահելու, կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման հետ միասին որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս լրացուցիչ պատժի ժամկետը տարածվում է հիմնական պատիժը կրելու ամբողջ ժամանակի վրա, ընդ որում, լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը կրելուց հետո: Մնացած դեպքերում լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:»: Նույն օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Տուգանքը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը և զինվորական ծառայության մեջ սահմանափակումը կիրառվում են և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ պատիժներ: 4. Մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հիմնական պատժին կարող է միացվել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ»: Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է: 2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում: 3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ 2-7 տարի ժամկետով: 4. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ 1-3 տարի, իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար՝ 1-5 տարի ժամկետով: 5. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցանքի բնույթից, հնարավոր չի համարում անձի կողմից հետագա ժամանակահատվածում որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելը: (…)»: Նույն օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: (…)»: 14. Ինչպես հետևում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի՝ վերը մեջբերված դրույթներից, պատիժները դասակարգվում են հիմնական և լրացուցիչ պատիժների, ընդ որում, որոշ պատժատեսակներ կարող են կիրառվել թե՛ որպես հիմնական, թե՛ որպես լրացուցիչ պատիժներ: Միևնույն ժամանակ, օրենսդիրը սահմանել է մեկ հանցագործության համար միայն մեկ հիմնական պատիժ նշանակելու իմպերատիվ պահանջ: ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնական և լրացուցիչ պատիժների կիրառման վերաբերյալ կարգավորումներում կատարվել է սկզբունքային փոփոխություն։ Մասնավորապես, եթե նախկին օրենսգիրքն ուղղակիորեն պահանջում էր որոշ տեսակի լրացուցիչ պատիժները (այդ թվում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը) նշանակել միայն Հատուկ մասում ամրագրված լինելու դեպքում, ապա գործող օրենսգիրքը նման պահանջ չի սահմանում՝ լրացուցիչ պատժի տեսակն ընտրելու և նշանակելու նպատակահարմարության գնահատումը թողնելով դատարանի հայեցողությանը: Ընդ որում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի Հատուկ մասը պարունակում էր զգալի թվով հանցակազմեր, որոնց սանկցիան, բացի հիմնական պատժատեսակներից, նախատեսում էր նաև լրացուցիչ պատիժ, որի կիրառումը դատարանի համար պարտադիր էր։ Այնինչ ՀՀ գործող քրեական օրենսգրքի Հատուկ մասում լրացուցիչ պատիժներ ամրագրված չեն: Այս կապակցությամբ օրենսդրի կամքը դրսևորվում է նրանում, որ դատարանը, ղեկավարվելով կատարված արարքի համար համաչափ պատիժ նշանակելու պահանջով, իր հայեցողական լիազորությունների սահմաններում իրավասու լինի նշանակել Ընդհանուր մասում նախատեսված համապատասխան լրացուցիչ պատժատեսակը: 15․ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես նախորդ, այնպես էլ գործող ՀՀ քրեական օրենսգրքերը չեն տարբերակում հիմնական և լրացուցիչ պատիժ նշանակելու սկզբունքները և նպատակները, քանի որ բոլոր դեպքերում պատիժ նշանակելիս դատարանները պարտավոր են առաջնորդվել ՀՀ քրեական օրենսդրության ընդհանուր սկզբունքներով, դրանք են՝ օրինականություն, անձնական պատասխանատվություն, ըստ մեղքի պատասխանատվություն, արդարություն և պատասխանատվության անհատականացում: Ինչ վերաբերում է պատժի նպատակների իրացմանը, ապա անկախ նրանից, թե անձի նկատմամբ նշանակվել է հիմնական պատիժ թե հիմնական և լրացուցիչ պատիժներ համակցված, պատժի նպատակները կարող են իրացվել միայն այն դեպքում, երբ դատարանի կողմից յուրաքանչյուր կոնկրետ գործով, հաշվի առնելով, ի թիվս այլնի, հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցավորի անձը բնութագրող տվյալները և այլն, նշանակվի արդարացի պատիժ՝ հիմնված ներքին համոզմունքի վրա: 16․ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ հանցագործության առանձնահատկություններից ելնելով՝ դատարանը պետք է նշանակի նաև լրացուցիչ պատիժ, եթե գալիս է այն եզրահանգման, որ միայն հիմնական պատիժ նշանակելու դեպքում հնարավոր չէ հասնել պատժի նպատակների իրացմանը, մասնավորապես՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հետագա հանցագործությունների կանխմանը: 17․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան որպես հիմնական պատիժ նախատեսում է տուգանք կամ ազատազրկում պատժատեսակները, որպես պարտադիր լրացուցիչ պատժատեսակ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը: Ընդ որում, վերջինս հավասարապես կիրառելի է հիմնական պատիժներից յուրաքանչյուրի հետ համակցված, թեև այն նախատեսված է ազատազրկում պատժատեսակից հետո: Սանկցիայի նման կառուցվածքը պայմանավորված է օրենսդրական տեխնիկայի առանձնահատկությամբ և յուրաքանչյուր երկընտրելի հիմնական պատժից հետո նույն լրացուցիչ պատժատեսակը դարձյալ չկրկնելու և օրենսգիրքն ավելորդ չծանրաբեռնելու տրամաբանությամբ: Ինչպես արդեն նշվեց, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, որի կարգավորումների համաձայն՝ որոշ լրացուցիչ պատիժներ կարող են նշանակվել բացառապես համապատասխան հոդվածի սանկցիայում ուղղակիորեն նախատեսված լինելու դեպքում, ՀՀ գործող քրեական օրենսգիրքը նման պահանջ չի սահմանում, ինչից հետևում է, որ դատարանն իրավասու է իր հայեցողությամբ նշանակել կամ չնշանակել համապատասխան լրացուցիչ պատիժ։ Այլ կերպ, եթե դատարանը, ուսումնասիրելով վարույթի նյութերը, ներկայացված ապացույցները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցավորի անձը բնութագրող տվյալները և այլն, հանգի այն եզրակացության, որ պատժի նպատակների իրացման համար միայն հիմնական պատիժ նշանակելը բավարար չէ, ապա կարող է նշանակել նաև լրացուցիչ պատիժ՝ յուրաքանչյուր դեպքում հիմնավորելով տվյալ լրացուցիչ պատժի կիրառման անհրաժեշտությունը: Ընդ որում, դատարանին տրված այդ հայեցողական լիազորության որևէ սահմանափակում ՀՀ գործող քրեական օրենսգիրքը չի նախատեսում: 18. Թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածում պատժի տեսակները դասակարգված են այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր հաջորդ պատժատեսակ առավել խիստ է, քան՝ նախորդողը, այնուամենայնիվ, նույն օրենսգրքի 57-րդ հոդվածի կարգավորումներից բխում է, որ բոլոր դեպքերում դատարանն իրավասու է հիմնական պատժի հետ համակցված կիրառել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ՝ անկախ պատժի համակարգում վերջինի զբաղեցրած դիրքից և խստության աստիճանից: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ երբեմն հիմնական պատիժը (օրինակ՝ տուգանքը) կարող է նվազ խիստ լինել լրացուցիչ պատժից (օրինակ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելուց), քանի որ յուրաքանչյուր այնպիսի պատժատեսակի համար, որը կարող է կիրառվել և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ պատիժ, սահմանված են կիրառման տարբեր պայմաններ: Հետևաբար հանցանք կատարած անձի նկատմամբ հիմնական պատիժ նշանակելիս դատարանն իրավասու է նշանակել նաև լրացուցիչ պատիժ՝ անկախ այն հանգամանքից, թե կիրառման ենթակա պատժատեսակը սահմանված է տվյալ հոդվածի սանկցիայով, թե՝ ոչ, և այն առավել խիստ է հիմնական պատժից, թե՝ ոչ։ Վերոգրյալի համատեքստում և վերլուծության ենթարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև հիշյալ հոդվածի սանկցիայում, ի թիվս այլնի, նախատեսված է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես հիմնական պատիժ, այնուամենայնիվ, այդ հանգամանքը դատարանին ոչ միայն չի զրկում այդ պատժատեսակը՝ որպես լրացուցիչ պատիժ, մեկ այլ հիմնական պատժատեսակի հետ համակցված կիրառելու հնարավորությունից, այլև որևէ կերպ չի սահմանափակում դատարանի հայեցողական լիազորությունը պատիժ նշանակելու հարցում։ 19. Անդրադառնալով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակի կիրառման նպատակահարմարությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասը հստակ կարգավորում է, թե որ դեպքում դատարանը կարող է այն նշանակել: Մասնավորապես, հիշյալ պատժատեսակը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցանքի բնույթից, հնարավոր չի համարում անձի կողմից հետագա ժամանակահատվածում որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելը: Վերը նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում արձանագրել է, որ այս պատժատեսակի նպատակներից է` կանխել տվյալ բնույթի հանցագործության հետագա կատարման հավանականությունը, քանի որ այս պատժատեսակը նշանակվում է հատուկ կարգավիճակ ունեցող կամ որոշակի գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։ Այլ կերպ` տվյալ պատժատեսակի կիրառումը բխում է այն հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից, որոնք այս կամ այն առումով կապված են հանցավորի պաշտոնական դիրքի կամ մասնագիտական կամ այլ գործունեության հետ։ Վճռաբեկ դատարանը Գագիկ Գևորգյանի վերաբերյալ գործով 2021 թվականի փետրվարի 19-ի թիվ ԵԴ/1090/01/19 որոշմամբ արձանագրել է, որ․ «(...) [Լ]րացուցիչ պատժատեսակներից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը նախևառաջ ուղղված է հանցագործությունների կանխարգելման նպատակի իրացմանը։ Մասնավորապես, եթե հանցավոր արարքն իր բնույթով կապված է անձի զբաղեցրած պաշտոնի կամ նրա կողմից իրականացվող մասնագիտական կամ այլ գործունեության հետ, ապա վերոնշյալ լրացուցիչ պատժատեսակի նշանակմամբ էականորեն նվազում է հետագայում վերջինիս կողմից նույնաբնույթ հանցանք կատարելու հավանականությունը։ Այլ կերպ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն ունի կանխարգելիչ նշանակություն և նպատակ է հետապնդում կանխելու զբաղեցրած պաշտոնից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց բխող համանման հանցագործությունների կատարման հավանականությունը: (...) [Ո]րպես պարտադիր լրացուցիչ պատիժ նախատեսված լինելու դեպքում օրենսդիրը, հաշվի առնելով կոնկրետ հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, արդեն իսկ օրենսդրորեն ամրագրել է, որ պատժի նպատակներին հասնելու և զբաղեցրած պաշտոնից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց բխող համանման հանցանքների կատարման հավանականությունը կանխելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով անձին զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Այլ կերպ՝ քննարկվող պատժատեսակը որպես պարտադիր լրացուցիչ պատիժ դիտարկելով՝ օրենսդիրը հիմք է ընդունել կոնկրետ հանցագործության բնույթը, ինչպես նաև հետագայում տվյալ անձի կողմից նույնաբնույթ հանցավոր արարքների կատարումը բացառելու անհրաժեշտությունը, այլ ոչ թե տվյալ հանցագործության համար նշանակված հիմնական պատժի տեսակը: (...)»։ Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումներից բխում է, որ դատարանը հանցանք կատարած անձի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես լրացուցիչ պատիժ նշանակելու համար պետք է գա այն եզրահանգման, որ առանց այդ պատժատեսակի կիրառման նվազ հավանական է հետագայում նույնաբնույթ հանցանքների չեզոքացումը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ քննարկվող պատժատեսակի հիմնական նպատակը համանման հանցավոր արարքների հետագա կանխարգելումն է, ինչը որևէ կերպ չի կարող պայմանավորվել դատարանի կողմից անձի նկատմամբ նշանակված հիմնական պատժի տեսակով, բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ պատժատեսակն արդեն իսկ նշանակվել է որպես հիմնական պատիժ։ 20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․ - Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) նախատեսված արարքում, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 250․000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։ Նշված դատավճռի պատճառաբանական մասում Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակը չկիրառելը հիմնավորել է այն հանգամանքով, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված ամենամեղմ պատժատեսակի՝ տուգանքի նշանակման միջոցով հնարավոր է ապահովել պատժի նպատակների իրացվելիությունը: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով անձի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելը թողնվել է դատարանի հայեցողությանը, և դատարանը կարող է և չնշանակել լրացուցիչ պատիժ: - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Է.Արսենյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 31-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է մասնակի: Ամբաստանյալ Արմեն Յուրայի Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ (երկու դրվագ), և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 250․000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակը չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին, արձանագրել է, որ Ա.Պողոսյանի նկատմամբ լրացուցիչ պատժի նշանակումը ոչ թե գտնվում է դատարանի հայեցողական լիազորությունների սահմաններում, այլ առկա է ուղղակի օրենսդրական արգելք առ այն, որ մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հետևաբար, բողոքը բավարարելու դեպքում կստացվի մի իրավիճակ, երբ անձի նկատմամբ մեկ հանցավոր արարքի կատարման համար կնշանակվի երկու հիմնական պատիժ։ 21. Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ, ինչպես արդեն նշվեց, որևէ հոդվածի սանկցիայում, ի թիվս այլնի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես հիմնական պատիժ նախատեսված լինելը որևէ կերպ չի կարող խոչընդոտել դատարանի կողմից այդ պատժատեսակը նաև որպես լրացուցիչ պատիժ նշանակելուն: Հետևաբար Վերաքննիչ դատարանի պնդումն առ այն, որ ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը պատիժը կիրառելու դեպքում նրա նկատմամբ կնշանակվի երկու հիմնական պատիժ, իրավաչափ չէ, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսված չէ որևէ արգելք այդ օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայում ամրագրված և նույն օրենսգրքի Ընդհանուր մասի ուժով և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ նախատեսված պատիժը դատարանի կողմից նաև որպես լրացուցիչ պատիժ նշանակելու համար: 22. Սույն որոշման 20-րդ կետում մեջբերված փաստերը գնահատելով 11-19-րդ և 21-րդ կետերում ներկայացված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով լրացուցիչ պատիժ նշանակելու վերաբերյալ ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան կարգավորումները, թույլ է տվել նյութական օրենքի խախտում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 31-ի որոշումը բեկանելու և վարույթը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան նոր քննության փոխանցելու համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է վերացնի արձանագրված խախտումները, Ա.Պողոսյանի նկատմամբ պատիժ նշանակելու, պատժի նպատակների իրացման նպատակով նաև լրացուցիչ պատիժ նշանակելու նպատակահարմարության հարցերը քննարկելով սույն որոշմամբ, ինչպես նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ հանգի համապատասխան հետևության: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ և 386-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Թիվ ԼԴ/0025/01/22 քրեական գործով ամբաստանյալ Արմեն Յուրայի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 31-ի որոշումը՝ լրացուցիչ պատժի մասով, բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու պահից: Նախագահող` Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Ս.ՉԻՉՈՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ