Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական
ԵԴ/29235/02/18
- Գործի համարը
- ԵԴ/29235/02/18
- Հայցվոր
- Դարիկո Դալլաքյան
- Պատասխանող
- «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 11.11.2024
- Քաղաքացիական դատավարություն
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29235/02/18
դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29235/02/18
Նախագահող դատավոր`
Դատավորներ՝ Ս․ Թորոսյան
Ն․ Մարգարյան
Լ․ Հովհաննիսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է․ ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս․ ՄԵՂՐՅԱՆ
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ
Վ․ ՔՈՉԱՐՅԱՆ
2024 թվականի նոյեմբերի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով Դարիկո Դալլաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Դարիկո Դալլաքյանի հայցի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձինք «ԸՆԴՏԱՆԻՔ» շինարարական սպառողական կոոպերատիվի (այսուհետ՝ Ընկերություն) և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի (այսուհետ՝ Կառավարիչ)՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Դարիկո Դալլաքյանը պահանջել է 11.07.2013 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի թիվ Ե42Ի108ա պայմանագրի (այսուհետ՝ Հիփոթեքի պայմանագիր) նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանք, այն է՝ դադարած համարել գրավը։
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.06.2022 թվականի որոշմամբ Դարիկո Դալլաքյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Դատավոր Ս. Թորոսյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դարիկո Դալլաքյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 1-ին, 3-րդ և 10-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 5-րդ կետը, 234-րդ ու 305-րդ հոդվածները, 306-րդ հոդվածի 2-րդ կետը, 436-րդ հոդվածի 1-ին կետը, 437-րդ հոդվածի 4-րդ կետը և 438-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածներն ու 381-րդ հոդվածի 1-ին մասը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հիփոթեքի պայմանագիրն առոչինչ գործարք է, քանի որ կնքվել է դրա համար օրենքով սահմանված պահանջի խախտմամբ, մասնավորապես՝ Հիփոթեքի պայմանագրով սահմանված չեն հիփոթեքով ապահովված պարտավորության էությունը, չափը և կատարման ժամկետը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հիփոթեքի պայմանագիրը և 17.05.2013 թվականի թիվ 357Ա երաշխավորության պայմանագիրը (այսուհետ՝ Երաշխավորության պայմանագիր) վերաբերում են տարբեր գործարքների։ Մասնավորապես՝ երաշխավորության պայմանագրով Ընկերությունն ստանձնել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա Բանկի կողմից գնորդին տրամադրված վարկերը վերադարձնելու պարտավորություն, մինչդեռ Հիփոթեքի պայմանագրով ստանձնել է Բանկի և անշարժ գույքի գնորդների միջև կնքված կամ կնքվող հիփոթեքային վարկի պայմանագրերի ու նույն պայմանագրի կողմերի միջև կնքված Երաշխավորության պայմանագրի կատարումը: Ընդ որում, Երաշխավորության պայմանագրով նախատեսված չէ ինչպես Հիփոթեքի պայմանագրի՝ երաշխավորի ստանձնած պարտավորությունների ապահովման միջոց լինելը, այնպես էլ նման պայմանագրի՝ հետագայում կնքելու հնարավորությունը։ Հիփոթեքի պայմանագրի կնքումից նշված կետը չի լրացվել, ինչը վկայում է Հիփոթեքի և Երաշխավորության պայմանագրերի միջև կապի բացակայության մասին։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ինքը չի մասնակցել 17.05.2013 թվականի թիվ 357 համագործակցության պայմանագրի և Երաշխավորության պայմանագրի կնքմանը, նշված պայմանագրերն ունեն տարբեր սուբյեկտային կազմ ու վերաբերում են տարբեր առարկաների, ուստի չեն կարող միմյանց անբաժանելի մաս կազմել, ընդունվել որպես մեկ ամբողջական փաստաթուղթ կամ լրացնել միմյանց, իսկ այդ մասին Հիփոթեքի պայմանագրում առկա դրույթը չի կարող պայմանագրի կողմերի համար որևէ հետևանք առաջացնել։
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հիփոթեքի պայմանագրում ապահովված պարտավորության չափի կապակցությամբ առկա է անորոշ դրույթ, և նշված չէ ապահովված պարտավորության չափը, որը սերտորեն կապված է դրա էության հետ, այսինքն՝ բացակայում է նաև պարտավորության էությունը։ Հիփոթեքի պայմանագրի 1.1 կետից բխում է, որ դրանով ապահովվում են այնպիսի պարտավորություններ, որոնք դեռևս առկա չեն տվյալ պահին, այսինքն՝ բացակայում է պարտավորությունը, որի համար կնքվում է պայմանագիրը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Հիփոթեքի պայմանագրում բացակայում է նաև պարտավորության կատարման ժամկետը՝ որոշակի ամսաթիվ կամ անխուսափելիորեն վրա հասնող որևէ իրադարձություն, իսկ Երաշխավորության պայմանագիրը հղում է կատարում մի շարք այլ վարկային պայմանագրերի, բայց պարզ չէ, թե նշված պայմանագրերը, երբ կկնքվեն կամ ինչ ժամկետով։
Բացի այդ, առկա չեն հետագայում կնքվելիք վարկային պայմանագրերի գները, ուստի պարզ չէ նաև պարտավորության չափը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանն իրավունք չուներ դուրս գալու իր կողմից ընտրված իրավական հիմքերի շրջանակից, մինչդեռ վկայակոչել է շինծու գործարքի հետ կապված իրավակարգավորումներ։
Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա չէ Դատարանի վճիռն անվերապահ բեկանելու հիմք, մինչդեռ անտեսել է, որ Դատարանը թվարկել է որոշակի նորմեր և գործի փաստերը, սակայն վերլուծություն ու գործի փաստերի՝ կիրառելի իրավական նորմերի հետ համադրում չի իրականացրել։ Այսինքն՝ Դատարանի վճիռը չի համապատասխանում օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջներին, մինչդեռ Վերաքննիչ դատարանը լրացուցիչ պատճառաբանել է այն։
Վերաքննիչ դատարանի որոշումը ևս օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 30.06.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության։
2․1․ Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ թե՛ Դատարանի վճիռն ու թե՛ Վերաքննիչ դատարանի որոշումը համապատասխանում են օրենքով նախատեսված պահանջներին, կայացվել են գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա։
Տվյալ դեպքում Հիփոթեքի պայմանագրով չեն նախատեսվել օրենքին հակասող պայմաններ, իսկ գումարի չափը, պարտավորության կատարման և գործողության ժամկետները նշված են, ուստի անհիմն է այդ պայմանագրի առոչինչ լինելու մասին բողոք բերած անձի փաստարկը։
Բացի այդ, օրինական է նաև Հիփոթեքի պայմանագրով նախատեսված այն դրույթը, որ այն գործում է մինչև վարկային պարտավորության ամբողջական կատարումը, քանի որ գրավի պայմանագիրը չի կարող դադարել առանց պարտավորության կատարման։
Վերաքննիչ դատարանն իր լիազորությունների շրջանակներում կարող է մերժել վերաքննիչ բողոքը՝ լրացուցիչ պատճառաբանելով դատարանի վճիռը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
Բանկի և Ընկերության միջև 17.05.2013 թվականին կնքված համագործակցության թիվ 357 պայմանագրի (այսուհետ՝ Համագործակցության պայմանագիր)՝
1.1 կետի համաձայն՝ Բանկը հայտնել է «իր պատրաստակամությունը սույն պայմանագրով սահմանված կարգով և իր ներքին կանոնակարգերին, ընթացակարգերին և սակագներին համապատասխան 500.000 ԱՄՆ դոլար սահմանաչափով հիփոթեքային վարկեր (այսուհետ՝ Վարկ) տրամադրել Ընկերության կողմից ք. Երևան, Ջրվեժ, Մայակ, թաղ. 77/3-77/40, ք. Երևան, Վիլնյուսի 13/6, ք. Երևան, Քոչինյան 19/8, Կոտայքի մարզ, Ջրվեժ, 2-րդ հատված, 1/11-1/35 հասցեներում կառուցված բնակարանների (այսուհետ՝ Անշարժ գույք) գնորդներին (այսուհետ՝ Գնորդ)՝ Ընկերության և Գնորդի միջև կնքված և կնքվելիք Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերով Գնորդի ստանձնած՝ անշարժ գույքի վաճառքի գնի վճարման պարտավորությունները կատարելու համար»,
2.8 կետի համաձայն՝ Բանկը (…) Վարկ է տրամադրում Ընկերության և Գնորդի միջև կնքված առուվաճառքի նախնական պայմանագրի հիման վրա,
2.9 կետի համաձայն՝ նույն Պայմանագրի 2.8. կետով նախատեսված Վարկը տրամադրելիս, որպես Գնորդի կողմից ստանձնած վարկային պարտավորության կատարման ապահովման միջոց՝ ընդունել է երաշխավորությունը, և «ք.Երևան, Շենգավիթ, Բայդուկովի փողոց, բնակելի տուն N31, Արմավիրի մարզ, գ. Մերձավան, 1-ին փող., բնակելի տուն թիվ 14, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13-րդ փողոց, տաղավարներ թիվ 3 և ք. Ծաղկաձոր, Կեչառեցու փող., 68 շենք, բն. 23 հասցեներում գտնվող անշարժ գույքերի գրավը, իսկ վկայականն ստանալուց հետո՝ ձեռք բերվող անշարժ գույքի գրավը»,
2.10 կետի համաձայն՝ «Ընկերության կողմից երաշխավորության պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովվել է ք. Երևան, Շենգավիթ, Բայդուկովի փող., բնակելի տուն N31, Արմավիրի մարզ, գ. Մերձավան, 1-ին փող., բնակելի տուն թիվ 14, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13-րդ փող., տաղավար թիվ 3 և ք. Ծաղկաձոր, Կեչարեցու փող., 68 շենք, բն. 23 հասցեներում գտնվող անշարժ գույքերի գրավով» (հատոր 1-ին, գ.թ. 12-18).
Բանկի և Ընկերության միջև 11.07.․2013 թվականին կնքված համագործակցության պայմանագրում լրացումներ կատարելու մասին թիվ 357 լրացուցիչ համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 1-ին կետով կողմերը որոշել են լրացնել Համագործակցության պայմանագրի 2.9 և 2.10 կետերն ու դրանք շարադրել հետևյալ բառերով՝
«2.9 սույն պայմանագրի 2.8 կետով նախատեսված վարկը տրամադրելիս, որպես գնորդի կողմից ստանձնած վարկային պարտավորության կատարման ապահովման միջոց ընդունվում է Ընկերության երաշխավորությունը և ք. Երևան, Շենգավիթ, Բայդուկովի փողոց, բնակելի տուն N31, Արմավիրի մարզ, գ. Մերձավան, 1-ին փող., բնակելի տուն թիվ 14, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13-րդ փողոց, տաղավարներ թիվ 3 և ք. Ծաղկաձոր Կեչարիս փող., 68 շենք, բն. 23, ք. Երևան, «Ավան» համայնքի 4 փող., 3 նրբ. թիվ 30 հասցեում գտնվող անշարժ գույքերի գրավը, իսկ Վկայականը ստանալուց հետո՝ ձեռք բերվող անշարժ գույքի գրավը»,
«2.10 Ընկերության կողմից երաշխավորության պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովում է ք. Երևան, Շենգավիթ, Բայդուկովի փողոց, բնակելի տուն N31, Արմավիրի մարզ, գ. Մերձավան, 1-ին փող., բնակելի տուն թիվ 14, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13-րդ փողոց, տաղավարներ թիվ 3 և ք. Ծաղկաձոր, Կեչարիս փող., 68 շենք, բն. 23, ք. Երևան, «Ավան» համայնքի 4 փող., 3-րդ նրբ., թիվ հասցեում գտնվող անշարժ գույքերի գրավը, իսկ Վկայականը ստանալուց հետո՝ ձեռք բերվող անշարժ գույքի գրավը»։
Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն՝ այն հանդիսանում է Համագործակցության պայմանագրի անբաժանելի մասը (հատոր 1-ին, գ.թ. 19, 20).
Բանկի՝ որպես պարտատիրոջ, և Ընկերության՝ որպես երաշխավորի, միջև 17.05.2013 թվականին կնքված Երաշխավորության պայմանագրի՝
1.1 կետով երաշխավորը երաշխավորել է Համագործակցության պայմանագրի շրջանակներում անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա Բանկի կողմից գնորդին տրամադրված վարկերի վերադարձն ամբողջ ծավալով,
1.2 կետի համաձայն՝ Համագործակցության պայմանագրի շրջանակներում կնքված/կնքվելիք հիփոթեքային վարկի պայմանագրերի անբաժանելի մաս հանդիսացող երաշխավորության պայմանագիրը/երը հանդիսացել են նույն պայմանագրի շրջանակներում տրամադրված (հատոր 1-ին, գ.թ. 21-24).
Բանկի՝ որպես գրավառուի, Դարիկո Դալլաքյանի և Ռաֆիկ Պետրոսյանի՝ երկուսը միասին՝ որպես գրավատուի, Ընկերության՝ որպես պարտապանի միջև կնքված Հիփոթեքի պայմանագրի՝
1.1 կետի համաձայն՝ նույն պայմանագիրը հանդիսանում է կողմերի միջև 17.05.2013 թվականին կնքված թիվ 357 Համագործակցության պայմանագրի և Համաձայնագրի, դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով 17.05.2013 թվականին կնքված թիվ 357Ա Երաշխավորության պայմանագրի անբաժանելի մասը, որոնց համաձայն՝ Ընկերությունը պարտավորվել է Համագործակցության պայմանագրի շրջանակներում Բանկի և անշարժ գույքի գնորդների միջև կնքված կամ կնքվող հիփոթեքային վարկի պայմանագրերի ու Երաշխավորության պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարել գնորդներին տրամադրված վարկերի վերադարձը ամբողջ ծավալով,
1.2 կետի համաձայն՝ նույն պայմանագրի 1.1 կետով նշված վարկային պայմանագրով գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավատուն գրավ է դնում սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Ավան համայնքի 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 30 հասցեում գտնվող 635,1 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, 427,6 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասը,
1.3 կետի համաձայն՝ պայմանագրով ապահովվում է հիմնական պարտավորության պահանջն այն ծավալով, որն առկա է փաստացի բավարարման պահին, (...),
5.1 կետի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման, նոտարական կարգով վավերացման և լիազոր մարմնի կողմից նույն պայմանագրի ուժով ծագած իրավունքը գրանցելու պահից ու գործում է մինչև նույն պայմանագրի 1.1 կետում նշված վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների ամբողջական կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 25-28).
ի պատասխան Դարիկո Դալլաքյանի դիմումի՝ Ընկերության նախագահը 28.11.2018 թվականի գրությամբ նրան տրամադրել է Համագործակցության և Երաշխավորության պայմանագրերի օրինակները (հատոր 1-ին, գ․թ․ 29-32).
18.09.2020 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ Դատարանը հայցվոր Դարիկո Դալլաքյանի վրա է դրել Հիփոթեքի պայմանագրով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածով սահմանված պահանջները պահպանված չլինելու՝ իր վկայակոչած փաստն ապացուցելու պարտականությունը (հատոր 2-րդ, գ.թ. 1-5):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերահաստատել գործին մասնակցող անձանց կողմից իրենց պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն ապացուցելու ընդհանուր կանոնի վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
Անդրադառնալով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը բխում է քաղաքացիական դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքից ու իր տրամաբանությամբ հանգում է հետևյալին. քաղաքացիական գործերով դատարան դիմող սուբյեկտը (հայցվորը կամ դիմողը) պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, քանի որ այդ փաստերի հետ են իրավունքի նորմերը կապում որոշակի իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը կամ դադարումը, իսկ եթե պատասխանողը չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, ապա նա պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը (տե´ս Շուշանիկ Գեղամյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ԵԴ/9457/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար (տե՛ս 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական կարգով պահանջներ կամ առարկություններ ներկայացնող անձը կրում է ոչ միայն դրանց հիմքում որոշակի փաստեր դնելու (վկայակոչելու), այլև այդ փաստերը հաստատող ապացույցներ ներկայացնելու պարտականություն, ինչը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը նրա համար առաջացնում է անբարենպաստ հետևանքներ: Այսինքն՝ ապացուցելու պարտականությունը դիտարկվում է որպես պահանջների և առարկությունների հիմքում ընկած ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի առկայությունը կամ բացակայությունը հաստատող ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտություն, ինչն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:
Այս տեսանկյունից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրվել է այն ընդհանուր սկզբունքը, որ փաստ վկայակոչող կողմն ինքը պետք է ապացուցի դրա գոյությունը, որը բխում է մրցակցային բնույթ ունեցող մասնավոր-իրավական հարաբերությունների էությունից: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը ենթադրում է հայցի հիմքի և առարկությունների հիմքի փաստերի բացակայության մասին ենթադրություն, որի ուժով փաստը համարվում է գոյություն չունեցող, քանի դեռ այն ապացուցված չէ օրենքով սահմանված միջոցներով ու կանոններով (տե´ս «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Սուրեն Հայրապետյանի թիվ ՍԴ2/0881/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20․02․2024 թվականի որոշումը):
Անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանի կողմից իր ներքին համոզմունքի հիման վրա ապացույցների գնահատման միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքված լինելու, ինչպես նաև վիճելի լինելու հարցը: Գործի քննության ընթացքում գործով ներկայացված ապացույցները դատարանի կողմից ենթակա են հետազոտման դրանց առանձին-առանձին և իրենց համակցությամբ ստուգելու, դրանց միջև հակասությունների վեր հանման ու ապացույցների ամբողջական համակարգ ստեղծելու միջոցով (տե՛ս Աննա Պողոսյանն ընդդեմ Գևորգ Սարգսյանի, Մխիթար Սարգսյանի, Ալվարդ Սաֆարյանի թիվ ԱՐԱԴ/2261/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2023 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են նրան, որ բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս «Արսուգրիգ» ՍՊԸ-ն ընդդեմ Ա/Ձ Տիգրան Զալինյանի թիվ ԵԱՔԴ/3111/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ բոլոր այն դեպքերում, երբ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար կամ այդպիսիք, բացառությամբ կողմերի ցուցմունքների, ընդհանրապես բացակայում են, այսինքն՝ երբ բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, գործով վերջնական որոշում կայացնելու ուղենիշը դրա բացասական հետևանքներն այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմի վրա դնելու կանոնն է, ինչը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտներին, ովքեր պետք է կրեն նման իրավիճակի անբարենպաստ հետևանքները (տե՛ս Մոնիկա Մարտիրոսյանն ընդդեմ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի թիվ ԱՐԴ/3808/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանին վերագրել է նաև Դատարանի 11.03.2022 թվականի վճիռն անվերապահ բեկանելու հիմքի առկայության պայմաններում այդ լիազորությունը չկիրառելու և դրա փոխարեն վճիռը պատճառաբանելու, ինչպես նաև օրինական, հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ չկայացնելու խախտումներ՝ Վճռաբեկ դատարանը նախ անհրաժեշտ է համարում գնահատել դատավարական այդ խախտումների վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկները։
Անդրադառնալով Դատարանի 11.03.2022 թվականի վճռի պատճառաբանված չլինելու մասին բողոք բերած անձի փաստարկին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(…) վճռի պատճառաբանական մասը պարունակում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք Դատարանը վերաբերելի է համարել, Դատարանի եզրակացությունը ապացուցման ենթակա փաստերի չապացուցված լինելու վերաբերյալ, ընդ որում ապացուցման ենթակա փաստերը` ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի շարադրմամբ, և նշմամբ այն մասին, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա, սահմանվել են Դատարանի 18.09.2020 թվականին կայացված՝ «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ: Վճռի պատճառաբանական մասը պարունակում է Դատարանի եզրահանգումը` Դարիկո Դալլաքյանի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ և գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ պատճառաբանությունը, որի պայմաններում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, վճիռը չի կարող գնահատվել որպես չպատճառաբանված՝ պատճառաբանական մաս չունեցող»։
Բողոքի նշված փաստարկի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե արդյո՞ք դատարանը պատշաճորեն կատարել է դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության և պատճառաբանվածության հարցին։ Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի վճիռը պետք է պարտադիր կազմված լինի նաև պատճառաբանական մասից։ Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետում բովանդակային առումով սահմանել է այն պարտադիր պահանջները, որոնց պետք է համապատասխանի վճռի պատճառաբանական մասը: Այսինքն՝ միայն այդ պահանջները պահպանված լինելու պայմաններում կարող է առաջին ատյանի դատարանի վճիռը համարվել պատճառաբանված, քանի որ միայն այդ դեպքում կարող են վճռից երևալ փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքն ու դրանից բխող եզրահանգումները:
Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե որևէ վճիռ ամբողջությամբ չի համապատասխանում վերը նշված պարտադիր պայմաններին, այդ թվում նաև՝ դատարանն ընդհանրապես չի կատարել վճռի պատճառաբանական մասը կազմելիս օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունները, ապա միայն նման վճիռը կարող է գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով չպատճառաբանված (տե՛ս Նելլի Միքայելյանն ընդդեմ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի թիվ ՎԴ/7104/05/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2021 թվականի որոշումը)։
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատճառաբանական մաս չունենալու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հիմքով դատական ակտն անվերապահ ենթակա է բեկանման այն դեպքերում, եթե վճռի պատճառաբանական մասն ամբողջությամբ չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասով ներկայացվող պայմաններին, այսինքն՝ դատարանն ընդհանրապես չի կատարել վճռի պատճառաբանական մասը կազմելիս օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունները: Մինչդեռ նշված պարտականությունը մասամբ կատարելու, այսինքն՝ վճիռը թերի պատճառաբանելու, կամ գործն ըստ էության ճիշտ լուծելու, բայց վճիռը սխալ հիմնավորելու կամ պատճառաբանելու դեպքերում վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարող է հիմնավորել կամ պատճառաբանել անփոփոխ թողնված վճիռը։
Տվյալ դեպքում Դատարանը 11.03.2022 թվականի վճռի պատճառաբանական մասը կազմելիս կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասով իր վրա դրված պարտականությունները, որպիսի հետևության հանգել է Վերաքննիչ դատարանը, ուստի բացակայել է դատական ակտն անվերապահ բեկանելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված հիմքը։ Եթե անգամ Վերաքննիչ դատարանը հիմնավորել կամ պատճառաբանել է Դատարանի 11.03.2022 թվականի վճիռը, ապա իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վերապահված իր լիազորությունը՝ Դատարանի վճիռը անփոփոխ թողնելու արդյունքում կայացնելով գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տրված լինելու մասին բողոքում նշված փաստարկը հիմնավորված չի կարող համարվել։
Շինծու գործարքի վերաբերյալ կարգավորումներ վկայակոչելու, այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները մեջբերելու պայմաններում Դատարանի կողմից հայցի հիմքերի շրջանակից դուրս գալու կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(…) թեև Դատարանի կողմից կայացված վճռի պատճառաբանական մասում վկայակոչվել են հայցի առարկային ոչ վերաբերելի իրավանորմեր և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, Դատարանի կողմից ըստ էության ճիշտ է լուծվել կողմերի միջև ծագած վեճը, որպիսի հանգամանքը հիմնավորվում է Դատարանի կողմից ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելով, ինչպես նաև վճռում, ի թիվս ոչ վերաբերելի իրավանորմերի և իրավական դիրքորոշումների, նաև սույն գործի նկատմամբ կիրառելի իրավանորմերի վկայակոչմամբ, ուստի (…) բողոք բերող անձի փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ Դատարանի 11.03.2022 թվականի վճռի բեկանման համար, քանի որ բեկանելով բողոքարկվող դատական ակտը, Վերաքննիչ դատարանը կխախտեր գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտի՝ ձևական նկատառումներով բեկանման արգելքը»։
Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Դատարանի կողմից գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը ձևական նկատառումներով բեկանման ենթակա չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրակացությունը՝ նկատի ունենալով, որ շինծու գործարքի վերաբերյալ իրավանորմեր վկայակոչելուն և այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները մեջբերելուն զուգահեռ Դատարանը վկայակոչել է նաև կիրառելի իրավանորմերն ու դրանց համատեքստում վերլուծել սույն գործի փաստերը՝ հանգելով հայցվորի պահանջի հիմնավոր չլինելու մասին հետևության։
Եթե անգամ ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասի՝ վճռի պատճառաբանական մասը պարունակում է գործով ոչ կիրառելի իրավունքի վերաբերյալ վերլուծություն, ապա դատավարական այդ նորմի խախտումը նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարող է դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ, եթե հանգեցրել կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման, որը տվյալ դեպքում առկա չէ։ Ուստի բողոք բերած անձի այս փաստարկը ևս հիմնավորված չի համարվում։
Շարադրվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 30.06.2022 թվականի որոշումը բավարարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածով վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացվող որոշմանը ներկայացվող պահանջներին, իսկ բողոք բերած անձը չի նշել, թե Վերաքննիչ դատարանը նշված հոդվածով սահմանված ո՞ր պահանջի խախտում է թույլ տվել, որը հիմք է դատական ակտի օրինականության, հիմնավորվածության կամ պատճառաբանվածության տեսանկյունից խախտում արձանագրելու համար։
Անդրադառնալով Հիփոթեքի պայմանագրով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածով նախատեսված՝ ապահովված պարտավորության էությունը, չափը և կատարման ժամկետը նշված չլինելու մասին բողոք բերած անձի փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխով կարգավորվում է գրավի իրավունքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Գրավի պայմանագիրը և դրա ձևը» վերտառությամբ 234-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավի պայմանագրում պետք է նշվեն կողմերի անունները (անվանումները) և բնակության վայրերը (գտնվելու վայրերը), գրավի առարկան, գրավով ապահովված պարտավորության էությունը, չափն ու կատարման ժամկետը։ (...)
Նույն հոդվածի 4-րդ կետում օրենսդիրը սահմանել է, որ նույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 4-րդ կետի վկայակոչմամբ պնդելով, որ Հիփոթեքի պայմանագիրն առոչինչ է. որպես հայցի փաստական հիմք հայցվորը նշել է, որ դրանով չեն սահմանվել ապահովված պարտավորության էությունը, չափը և կատարման ժամկետը։
Հայցադիմումին կցվել են Համագործակցության պայմանագիրը, Համաձայնագիրը, Երաշխավորության և Հիփոթեքի պայմանագրերը։
18.09.2020 թվականի որոշմամբ Դատարանը հայցվոր Դարիկո Դալլաքյանի վրա է դրել Հիփոթեքի պայմանագրով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածով սահմանված պահանջները պահպանված չլինելու փաստն ապացուցելու պարտականությունը, իսկ 11.03.2022 թվականի վճռով հայցը մերժել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ՝ պատճառաբանելով, որ «(…) Հայցվորը չի ապացուցել իր կողմից ներկայացված պահանջի հիմքում ընկած հանգամանքը, որի բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը»։
Վերոշարադրյալի կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(…) վիճարկվող պայմանագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ (մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածով) գրավի պայմանագրի ձևին և բովանդակությանը առաջադրվող իմպերատիվ պահանջներին, իսկ սույն գործի քննությամբ Դատարանի կողմից ապացուցման պարտականության ճիշտ բաշխման պայմաններում, Հայցվորի կողմից չի ներկայացվել հակառակը հաստատող որևէ ապացույց և/կամ հիմնավոր փաստարկ, որպիսի պայմաններում Հայցվորի կողմից չի ապացուցվել իր իսկ կողմից վկայակոչված՝ վիճարկվող պայմանագրի առոչնչության հատկանիշների առկայությունը, (…)»։
Հիփոթեքի պայմանագիրը հետազոտելու, այն Համագործակցության պայմանագրի, Համաձայնագրի և Երաշխավորության պայմանագրի հետ իրենց համակցության մեջ գնահատելու արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները հանգել են իրավաչափ հետևության՝ հետևյալ պատճառաբանությամբ։
Անշարժ գույքի գրավով ապահովված պարտավորության էությունը, այսինքն՝ դրա առարկան, բովանդակությունը և ծավալը, սահմանվել են Հիփոթեքի պայմանագրի 1.1 կետով, որը, հղում կատարելով նույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող Համագործակցության ու Երաշխավորության պայմանագրերին, 1.2 կետի հետ միասին հանգում է հետևյալին.Դարիկո Դալլաքյանը և Ռաֆիկ Պետրոսյանը՝ որպես գրավատու, իրենց սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ավան համայնքի 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 30 հասցեում գտնվող 635,1 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան և 427,6 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասի գրավով ապահովել են Համագործակցության պայմանագրի շրջանակում Բանկի ու անշարժ գույքի գնորդների միջև կնքված կամ կնքվելիք վարկային պայմանագրերի հիման վրա Բանկի կողմից գնորդներին տրամադրված վարկերի վերադարձն ամբողջ ծավալով։ Ավելին՝ Հիփոթեքի պայմանագրի 1.3 կետով սահմանվել է գրավով ապահովված պարտավորության չափի, այսինքն՝ պահանջի ծավալի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածին համապատասխան կարգավորում, որի համաձայն՝ հիմնական պարտավորության պահանջն անշարժ գույքի գրավով ապահովվում է այն ծավալով, որն առկա է փաստացի բավարարման պահին։
Ինչ վերաբերում է ապահովված պարտավորության կատարման ժամկետին, ապա Վերաքննիչ դատարանը Հիփոթեքի պայմանագրի 5.1 կետի վկայակոչմամբ իրավացիորեն արձանագրել է, որ «պայմանագիրը գործում է մինչև վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների ամբողջական կատարումը», քանի որ «գրավի պայմանագրի գործողության ժամկետը և դրա դադարումն անմիջականորեն կապված է վարկային պարտավորության կատարման հետ»։ Հիփոթեքի պայմանագրով ապահովվել է վարկային պայմանագրով ստանձնած պարտավորության կատարումը, հետևաբար կատարման հիմքով հիմնական այդ պարտավորության դադարման դեպքում դադարում է նաև գրավը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն։
Նշվածի լույսի ներքո իրավաչափ է ստորադաս դատարանների այն եզրակացությունը, որ հայցվոր Դարիկո Դալլաքյանը պատշաճ չի կատարել Հիփոթեքի պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ կնքված լինելու՝ իր պահանջի հիմքում դրված փաստն ապացուցելու պարտականությունը, քանի որ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործում առկա՝ հայցվորի ներկայացրած ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնացել դրա առկայությունը, որից բխող անբարենպաստ հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով պետք է կրեր հայցվորը։
Համագործակցության և Երաշխավորության պայմանագրերի՝ կողմ չհանդիսանալու մասին բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը նույնպես հիմնավորված չի համարում, քանի որ բողոք բերած անձը՝ որպես գրավատու, իրավունքներ ու պարտականություններ ստանձնել է միայն Հիփոթեքի պայմանագրով, իսկ ապահովված պարտավորության առարկան սահմանվել է նույն պայմանագրի 1.1 կետով, որը պարունակել է հղում դրա անբաժանելի մասը կազմող՝ Համագործակցության և Երաշխավորության պայմանագրերին, իսկ բողոք բերած անձը նշված պայմանագրերը պահանջելու ու դրանց ծանոթանալու հնարավորությունից զրկված չի եղել, որից, ընդ որում, հետագայում օգտվել է (տե՛ս փաստ 5)։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երաշխավորության և Հիփոթեքի պայմանագրերի առարկաները տարբեր լինելու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը նույնպես հիմք չէ վիճարկվող պայմանագրի առոչինչ լինելու մասին հետևության հանգելու համար, քանի որ դրանք պարտավորության կատարումն ապահովող տարբեր եղանակների կապակցությամբ կնքված գործարքներ են, ուստի տարբեր է նաև կարգավորվող իրավահարաբերությունների բնույթը։ Այդուհանդերձ Երաշխավորության պայմանագրի 1.2 և Հիփոթեքի պայմանագրի 1.1 կետերից հետևում է, որ դրանք՝ Համագործակցության պայմանագրի հետ միասին, միմյանց անբաժանելի մասն են կազմում ու իրար փոխկապակցված են այնքանով, որքանով ապահովվում են նույն պարտավորության՝ անշարժ գույքի գնորդներին տրամադրված վարկերի վերադարձն ամբողջ ծավալով։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերը նշված պատճառաբանություններով:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 30.06.2022 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի 11.03.2022 թվականի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով։
Տվյալ դեպքում Դարիկո Դալլաքյանը վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարել է 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար։ Ուստի, Դարիկո Դալլաքյանի վճռաբեկ բողոքը մերժվելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Զեկուցող
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս․ ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Վ․ ՔՈՉԱՐՅԱՆ
