Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ2/0001/01/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ2/0001/01/23
- Դիմող / մեղադրյալ
- Հարություն Մանուչարյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 16.12.2024
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
12 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 19. Հանցագործության տեսակները
- Հոդված 38. Հանցակիցների տեսակները
- Հոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը
- Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը
- Հոդված 325. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը
- Հոդված 445. Պաշտոնեական կեղծիքը
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ2/0001/01/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Գ․Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր` Ա․Նահապետյան
2024 թվականի դեկտեմբերի 16-ին քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Հարություն Կալինի Մանուչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի փետրվարի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ստացվել թիվ 62204323 քրեական գործն ըստ մեղադրանքի Հարություն Կալինի Մանուչարյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), Անուշավան Հարությունի Մանուչարյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) և 325-րդ հոդվածի 1-ին մասով։
2. Գործի դատաքննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20–ի որոշմամբ պաշտպան Ա․Թամրազյանի միջնորդությունը բավարարվել է և մեղադրյալ Հ․Մանուչարյանի նկատմամբ երկու դրվագ` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, իսկ նույն օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցի լուծումը հետաձգվել է՝ մինչև միջնորդության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար էական հանգամանքների պարզումը։
3. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հ․Բաղդասարյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ այն մերժվել է։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, մասնավորապես՝ կիրառվել է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, ուստի վիճարկվող որոշումը ենթակա է բեկաման։
Բողոքաբերը փաստել է, որ մեղադրյալ Հ․Մանուչարյանին մեղսագրված արարքը կատարելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված է ազատազրկման ձևով ավելի խիստ պատիժ, քան ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով, հետևաբար, ղեկավարվելով նյութական օրենսդրության նորմերի հետադարձ ուժի կիրառման կանոններով՝ որպես պատիժը մեղմացնող օրենք, Հ․Մանուչարյանի կատարած արարքը համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին:
Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակն արձանագրել է, որ անձին մեղսագրված հանցանքի ծանրության աստիճանը որոշող նորմերը և դրանց քրեաիրավական հետևանքները կարգավորվում են հանցանքի կատարման պահին գործող նյութական օրենսդրության նորմերով, իսկ նոր քրեական օրենքով ավելի բարենպաստ կարգավորումների առկայության դեպքում դրանց չի կարող հետադարձ ուժ տրվել այն հիմնավորմամբ, որ դրանք հանդիսանում են հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք: Տվյալ դեպքում մեղադրյալ Հ․Մանուչարյանին մեղսագրված արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը չի դադարում միջին ծանրության հանցանք լինելուց, որի համար որպես քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ է նախատեսված հինգ տարին:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ բողոքաբերն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը պատիժը մեղմացնելու առումով հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող, միաժամանակ այդ արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով՝ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ փոխկապակցվածությամբ, պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, անհիմն է:
6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Մեղադրյալ Հ․Մանուչարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ․ «(…) [Նա], զբաղեցնելով Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով իշխանական լիազորություններով օժտված հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դիտավորությամբ չի կատարել իրավական ակտրերով իր վրա դրված՝ շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինչպես նաև ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձի նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու իր պարտականությունները, ինչպես նաև շահադիտական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք:
Այսպես.
2012 թվականի նոյեմբերի 10-ից Հարություն Մանուչարյանը զբաղեցրել է Բերդի քաղաքապետի, իսկ 2017 թվականի նոյեմբերի 11-ից Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը և, ի թիվս այլ պարտականությունների, կրել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու և կասեցնելու, օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումը ապահովելու, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա առանց թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնող անձի նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու պարտականություններ:
Հարություն Մանուչարյանը, տեղեկացված լինելով որդու՝ Անուշավան Մանուչարյանի կողմից 2015-2016թթ. ընթացքում Բերդ քաղաքի Խորենացու փողոցի 16/6 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց համապատասխան շինարարության թույլտվության ընդհանուր՝ 1088.71 քմ մակերեսով պարսպապատված, հարակից շինություններով եռահարկ առանձնատուն կառուցելու հանգամանքի մասին, շահադիտական շահագրռվածությունից ելնելով, միջոցներ չի ձեռնարկել Անուշավան Մանուչարյանի կողմից ինքնակամ շինարարությունը կասեցնելու, ինչպես նաև նրա նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:
Այնուհետև, 2015-2016թթ. արդեն իսկ իրականացված ինքնակամ կառույցը ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով օրինականացնելու փոխարեն, Հարություն Մանուչարյանի կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2017 թվականի մարտի 13-ին Անուշավան Մանուչարյանին տրամադրվել է բովանդակությունն աղավաղված պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ բնակելի տուն կառուցելու թիվ 02 շինարարության թույլտվությունը, որում, ի թիվս այլ տվյալների, ձևականորեն ներառել է արդեն իսկ կառուցված բնակելի տան շինարարական աշխատանքներն իրականացնելու ժամկետները, նախագծային փաստաթղթերի և անհրաժեշտ պայմանների վերաբերյալ տվյալներ, իսկ դրանից հետո, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամների հետ նախապես ձեռք բերված համաձայնությամբ, 2019 թվականի հոկտեմբերի 15-ին կազմել և տրամադրել են պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը, որում ներառել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականի մայիսի 14-ին և ավարտվել 2019 թվականի հոկտեմբերի 14-ին:
Վերոգրյալ անգործության և պաշտոնեական կեղծիքի միջոցով Անուշավան Մանուչարյանի կողմից իրականացված ինքնակամ կառույցը սահմանված կարգով չի օրինականացվել, որի արդյունքում Բերդ համայնքի բյուջե չի մուտքագրվել քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար՝ բազային տուրքի տասնապատիկի չափով գումարը՝ ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարման ենթակա 1.197.581 ՀՀ դրամը, ինչն էական վնաս է պատճառել Բերդ համայնքի շահերին: (...)»։
8. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն. «(...) Դատարանն արձանագրում է, որ՝
1/ Հարություն Կալինի Մանուչարյանին՝
1.1/ ներկայացված 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքը դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների տեսակին, այն համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որը դասակարգվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների տեսակին։ Հիմք ընդունելով քրեական օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, առ այն, որ արարքի պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, ուստի Հարություն Կալինի Մանուչարյանի նկատմամբ կիրառելի է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատժով պայմանավորված օրենսդրական կարգավորումները, որից հետևում է, որ մեղադրյալ Հարություն Կալինի Մանուչարյանին մեղսագրվում է ենթադրյալ ոչ մեծ ծանրության հանցավոր արարքի կատարում.
1.2/ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրեսնգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75–րդ հոդվածով սահմանված, վաղեմության երկու տարի ժամկետն անցել է և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել.
1.3/ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթն այն մասին՝
«4.Սույն հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը»,
մեղադրյալ Հարություն Մանուչարյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ այն անձի իրավական վիճակը վատթարացնող նորմ է և համաձայն գործող օրենսդրության՝ հետադարձ ուժ չունի.
1.4/ մեղադրյալ Հարություն Մանուչարյանը չի առարկել իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, ավելին միացել է իր պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը.
և գտնում է, որ ամբաստանյալ Հարություն Կալինի Մանուչարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագ/, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով՝ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով (...)» ։
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, փաստել է որ. «(...) [Ք]ննության առարկա դեպքի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը՝ հետևյալ հիմնավորմամբ․
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին, որը հանդես է գալիս որպես պատիժը մեղմացնող օրենք և ունի հետադարձ ուժ։
Միաժամանակ, 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Հարություն Մանուչարյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։
Այսպես․
Հարություն Մանուչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով վերագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, որի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ 5 տարի է, ինչը մեղադրյալի համար առավել խիստ և անբարենպաստ կարգավորում է, քան 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին համապատասխանեցման արդյունքում այդ հոդվածի ծանրությանը համարժեք՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մեծ ծանրության հանցանքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը, որը համաձայն այդ օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ 2 տարի է։
Այսինքն, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը՝ պատիժը մեղմացնելու առումով հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող, միաժամանակ՝ այդ արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով՝ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ փոխկապակցվածությամբ, պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, հետևաբար, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով ձևակերպված՝ «սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան» (այսինքն, մեղմացնող մասով կիրառելով այդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խստացնող մասով այդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումները) պայմանի կիրառմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը։
(...) Վերաքննիչ դատարան ստացված վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հարություն Մանուչարյանը 2017 թվականի մարտի 13-ին Անուշավան Մանուչարյանին տրամադրել է բովանդակությունն աղավաղված պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ բնակելի տուն կառուցելու թիվ 02 շինարարության թույլտվությունը, իսկ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամների հետ նախապես ձեռք բերված համաձայնությամբ, կազմել և տրամադրվել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտված շինարարական օբյեկտի շահագործման վերաբերյալ։ Ասվածից պարզ է դառնում, որ Հարություն Մանուչարյանը իրեն վերագրվող հանցավոր արարքները, որոնք սահմանվում են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասում, կատարել է 2017-2019 թվականներն ընկած ժամանակահատվածում, ուստի, հաշվի առնելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջը՝ հարկ է արձանագրել, որ անցել է մեղադրյալ Հարություն Մանուչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված երկու տարի ժամկետը և վաղեմության ժամկետների ընթացքն ընդհատված չի եղել։
Վերոգրյալ իրավական վերլուծության լույսի ներքո դիտարկելով հատուկ վերանայման բողոքի շրջանակներում բարձրացված իրավական հարցը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթի նյութերում առկա է քրեաիրավական օրենքի հետադարձությամբ կիրառելու իրավաչափ նախադրյալներ, որի վերաբերյալ ստորադաս դատարանը հանգել է ողջամիտ հետևության։
Միաժամանակ, ստորադաս դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթներին, արձանագրել է, որ այն մեղադրյալ Հարություն Մանուչարյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմ է և համաձայն գործող օրենսդրության՝ հետադարձությամբ չի կարող կիրառվել։
Վերոգրյալը հաշվի առնելով և համաձայնություն տալով այս հարցի կապակցությամբ բողոքաբերի ներկայացրած պնդումներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեադատավարական օրենսդրությունն օժտված չէ հետադարձության ուժով, ուստի կիրառվում է դատավարական այն օրենքը, որը գործում է կոնկրետ վարութային գործողության կատարման և դատավարական ակտերի ընդունման պահին։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2021 թվականի քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված այն նորմից չի բխում, որ այն դեպքում, երբ մեղադրյալը, գիտակցելով ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցման հետևանքները, այդպիսի հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը տալիս է համաձայնություն, սակայն միևնույն ժամանակ մեղավորության վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում, ապա վերջին հանգամանքի առկայությունը կարող է մեկնաբանվել՝ որպես առարկության ներկայացում։
Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ «եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը» ձևակերպումը վկայում է, որ մեղսագրված արարքը չկատարելը վերաբերում է առարկության հիմքին, այսինքն՝ վերաբերելի է այն դեպքերի համար, երբ մեղադրյալը առարկություն է ներկայացնում։ Սակայն եթե մեղադրյալը, գիտակցելով ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցման հետևանքները, ընդհանրապես չի առարկում այդ հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, ապա մեղավորության վերաբերյալ դիրքորոշում չհայտնելը չի կարող դիտարկվել՝ որպես առարկության ներկայացում ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, ավելին՝ այդպիսի դիրքորոշումը չի կարող հավասարեցվել նրան, որ մեղադրյալը չի ընդունել իրեն մեղսագրված արարքը կատարած լինելու հանգամանքը։
Չնայած այն հանգամանքին, որ սույն գործով ստորադաս դատարանը ոչ իրավաչափ եզրահանգումներ է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթը Հարություն Մանուչարյանի նկատմամբ կիրառելի չլինելու վերաբերյալ, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալը չի առարկել իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, բավարարել է ներկայացված միջնորդությունը, որպիսի պայմաններում թույլ չի տվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ։ (...)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Հ․Մանուչարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։
(...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
12․ ՀՀ Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը՝ որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։
Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։
Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով։
13․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկ
ելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէ։
14․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, իր՝ մի շարք գործերով կայացված որոշումներով անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքին, արձանագրել է, որ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում, սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։
Ուստի ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի։
Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։
15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- մեղադրյալ Հ․Մանուչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով իշխանական լիազորություններով օժտված հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, (2015-2016թթ․ ընթացքում) դիտավորությամբ չի կատարել իրավական ակտրերով իր վրա դրված՝ շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինչպես նաև ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձի նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու իր պարտականությունները, ինչպես նաև շահադիտական դրդումներով կատարել է երկու դրվագ պաշտոնեական կեղծիք (առաջինն ավարտվել է 2017 թվականի մարտի 13-ին, իսկ մյուսը՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին), որոնք որակվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ),
- Առաջին ատյանի դատարանը նշել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով Հ․Մանուչարյանին մեղսագրվող արարքը դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, այն համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որն էլ իր հերթին դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով Հ․Մանուչարյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների համար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75–րդ հոդվածի 1-ին մասով սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության երկամյա ժամկետները լրացել են, ուստի դրանք պետք է դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով ,
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացնող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Հ․Մանուչարյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կատարել է ոչ իրավաչափ եզրահանգումներ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթը Հ․Մանուչարյանի նկատմամբ կիրառելի լինելու վերաբերյալ, այդուհանդերձ թույլ չի տվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ՝ բավարարելով մեղադրյալ Հ․Մանուչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը։
16. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-14-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Հ․Մանուչարյանին մեղսագրվող հանցանքները թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի դրույթների համաձայն՝ դասվում են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ կատարված օրենսդրական փոփոխությունները Հ․Մանուչարյանի համար վաղեմության ժամկետների հաշվարկման առումով բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես նախկին, այնպես էլ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Հ․Մանուչարյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի։ Նախորդիվ ասվածից հետևում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով գործող քրեաիրավական օրենքով ոչ մեծ ծանրության, իսկ նախկին քրեական օրենսդրությամբ միջին ծանրության հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման առումով սահմանվել է նույնանման ժամկետ՝ հինգ տարի, որի լրանալու դեպքում միայն կարող է դադարեցվել մեղադրյալ Հ․Մանուչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ մեղադրյալ Հ․Մանուչարյանին վերագրվող ենթադրյալ արարքների կատարվելուց դեռևս հինգ տարին չլրացած նա ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ և՛ վերագրվող ենթադրյալ արարքների կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն՝ Հ․Մանուչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է հինգ տարի։
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Հ․Մանուչարյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքների կատարման պահին գործող քրեական օրենքով ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։
17. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Հ․Մանուչարյանին մեղսագրվող հանցանքներից վերջինը՝ պաշտոնեական կեղծիքը, ավարտվել է 2019 թվականի հոկտեմբերի 15-ին, իսկ համաձայն սույն որոշման 14-րդ և 16-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների՝ տվյալ հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ է հանդիսանում 5 տարին, որը լրացել է 2024 թվականի հոկտեմբերի 15-ին: Ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ Հ․Մանուչարյանի նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ․Մանուչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն այլևս անցել է, և նա ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման:
17.1 Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Սակայն, նկատի ունենալով, որ քրեական գործով անցել են մեղադրյալ Հ․Մանուչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված վաղեմության ժամկետները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս․ՉԻՉՈՅԱՆ
