Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ2/0024/01/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ2/0024/01/22
Դիմող / մեղադրյալ
Սամվել Ավետիսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
18.12.2024
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
12 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ2/0024/01/22 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Գ․Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Ա․Նահապետյան 2024 թվականի դեկտեմբերի 18-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Սամվել Անուշավանի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ մեղադրյալ Ս․Ավետիսյանի պաշտպան Ա․Խաչիկյանի միջնորդությունը բավարարվել է, և Ս․Ավետիսյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ 2. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Ա․Հովհաննիսյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հունվարի 26-ի որոշմամբ մերժվել է։ 3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մարտի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 4. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել նյութական օրենքը, այն է՝ կիրառել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման և չի կիրառել նույն հոդվածի 4-րդ մասը, որը ենթակա էր կիրառման։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը կիրառել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 75-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չի կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, որն ազդել է վարույթի ելքի վրա, ուստի վիճարկվող որոշումը ենթակա է բեկանման։ Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները մի դեպքում հետադարձ ուժ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող օրենքին, իսկ մյուս դեպքում, ըստ էության, կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սահմանում է միջին ծանրության հանցագործության քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները, այն դեպքում, երբ մեղադրյալի կողմից կատարված արարքը երբևէ չի համապատասխանել և չէր կարող համապատասխանել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործությանը: Բողոքի հեղինակը փաստել է, որ ստորադաս դատարանները՝ որպես պատիժը մեղմացնող օրենսդրություն, դիտարկել են հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող օրենքը, մինչդեռ այդ չափերը նախատեսող ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները չեն առնչվում պատժի խստացմանը և մեղմացմանը, դրանք պատժատեսակ և պատժաչափ նախատեսող նորմեր չեն և չեն կարող համարվել պատիժը մեղմացնող, այլ հարց է, որ դրանց կիրառման պայմաններում անձի վիճակն այլ կերպ կարող է բարելավվել: Միևնույն ժամանակ, հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները չեն կարող համարվել նաև «արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող» օրենսդրություն, քանի որ սույն քրեական վարույթով մեղադրյալ Ս․Ավետիսյանի կողմից կատարված արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն չի «վերացել», դեռ ավելին՝ ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ հանցավոր ներկայումս գործող քրեական օրենսգրքի պայմաններում ևս: Արդյունքում՝ բողոքաբերն արձանագրել է, որ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները չեն հանդիսանում ո՛չ «արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող», ո՛չ էլ «պատիժը մեղմացնող» օրենսդրություն, սակայն ստորադաս դատարանների կողմից վերը նշված օրենսդրությանը տրվել է հետադարձ ուժ, այն դեպքում, երբ դրա հնարավորությունը նախատեսված չի եղել օրենքով: Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ չի պատճառաբանել, թե ինչու պետք է կիրառվեն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի և ոչ թե ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի իրավակարգավորումները: Բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը՝ առաջնորդվելով հիշյալ օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար նախատեսվող վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոնով, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքին հետադարձ ուժ տալու հանգամանքով պայմանավորված՝ կիրառման ենթակա էր նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով միջին ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետը, որը տասը տարի է: Բողոքաբերն արձանագրել է, որ Ս․Ավետիսյանին մեղսագրվում է արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք, որի համար նախատեսված է եղել քրեական պատասխանատվությունից ազատելու 10 տարվա վաղեմության ժամկետ: Միաժամանակ, Ս․Ավետիսյանի կողմից կատարված արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքին, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվության ենթարկելու նույնական՝ 10 տարվա վաղեմության ժամկետ: 5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 6. 2022 թվականի հունիսի 24-ին Ս․Ավետիսյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ այն հանցավոր արարքի կատարման համար, որ․ «(…) [Նա], տեղյակ լինելով զարմիկի՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի No 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Հրաչիկ Ասատրյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով ՊՈԱԿ-ի առանձնապես խոշոր չափերով գույքը միասնական դիտավորությամբ հափշտակելու մտադրության մասին, այդ կապակցությամբ խոչընդոտները վերացնելով նրան օժանդակել է՝ 2012 թվականին իրեն է դիմել Հրաչիկ Ասատրյանը և խնդրել է իր անձնագիրը և աշխատանքային գրքույկը, որպեսզի դպրոցում գրանցի պահակ և ինքը Հրաչիկ Ասատրյանին է տվել իր անձագիրը և աշխատանքային գրքույկը, որից հետո՝ 2012 թվականի հունվարի 1-ին Հրաչիկ Ասատրյանը թիվ 60 աշխատանքային պայմանագրով, որում ստորագրել է նաև Սամվել Ավետիսյանը՝ «Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում ընդունել է աշխատանքի՝ որպես պահակ, անորոշ ժամկետով և մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում, Սամվել Ավետիսյանն աշխատանքի չի հաճախել և իր պարտականությունները չի կատարել, իսկ այդ ընթացքում Հրաչիկ Ասատրյանի կողմից պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերում մտցվել են աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տվյալներ, որի հիման վրա իր անվամբ դուրս գրված, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության կողմից տրամադրված բանկային քարտերին փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4․787․412 ՀՀ դրամ աշխատավարձը, կանխիկացվել և գումարը յուրացվել է Հրաչիկ Ասատրյանի կողմից՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի No 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ (…)»: 7. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) Դատարանն արձանագրում է, որ՝ 1/ Սամվել Անուշավանի Ավետիսյանին՝ 1.1/ ներկայացված 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանքը դասակարգվում է ծանր հանցագործությունների տեսակին, այն համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որը դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների տեսակին։ Հիմք ընդունելով քրեական օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, առ այն, որ արարքի պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, ուստի Սամվել Անուշավանի Ավետիսյանի նկատմամբ կիրառելի է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված պատժով պայմանավորված օրենսդրական կարգավորումները, որից հետևում է, որ մեղադրյալ Սամվել Անուշավանի Ավետիսյանին մեղսագրվում է ենթադրյալ միջին ծանրության հանցավոր արարքի կատարում. 2/ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75–րդ հոդվածով սահմանված վաղեմության հինգ տարի ժամկետներն անցել է և վաղեմության ժամկետի ընթացքը՝ համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 8 և 9 տեղեկանքների, ընդհատված չի եղել. և գտնում է, որ մեղադրյալ Սամվել Ավետիսյանի պաշտպան Արթուր Խաչիկյանի միջնորդությունը հիմնավոր է, ենթակա է բավարարման, Սամվել Անուշավանի Ավետիսյանի նկատմամբ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին/, հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ (…)»։ 8. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, արձանագրել է հետևյալը․ «(…) [Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելն իմպերատիվ բնույթ է կրում, այսինքն` այն կիրառվում է անկախ իրավակիրառողի հայեցողությունից: Եթե օրենքով սահմանված վաղեմության ժամկետներն անցել են, բացակայում են վաղեմության ժամկետի կիրառումը խոչընդոտող հանգամանքները, ապա իրավակիրառողը պարտավոր է անձին ազատել քրեական պատասխանատվությունից: 5.4. Վերոգրյալի համատեքստում գնահատման ենթարկելով սույն վարույթի փաստական հանգամանքները՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի, որով Սամվել Ավետիսյանին մեղսագրվող՝ 4.787.412 ՀՀ դրամի յուրացումը համարվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, գործող ՀՀ քրեական օրենսգրքով որպես հափշտակության առանձնապես խոշոր չափ սահմանված է 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը։ Այսինքն՝ ի տարբերություն Սամվել Ավետիսյանի արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերջինին մեղսագրվող արարքը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, որը միջին ծանրության հանցագործություն է, հետևաբար դրա համապատասխանեցման և վերաորակման դեպքում մեղադրյալ Սամվել Ավետիսյանի համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում՝ հաշվի առնելով հանցակազմերի համար նախատեսված պատիժների տարբերությունը։ Ուստի հաշվի առնելով մեղադրյալ Սամվել Ավետիսյանին մեղսագրված արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի ապրիլի 18-ի) 75-րդ հոդվածի իրավակարգավորումները և այն, որ մեղադրյալին մեղսագրվող արարքից մինչ օրս անցել է հինգ տարի ու վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չէ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ իրավաչափ է մեղադրյալ Սամվել Ավետիսյանի նկատմամբ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ մեղադրյալ Սամվել Ավետիսյանին մեղսագրված արարքն ըստ դասակարգման միջին ծանրության հանցագործություն համարվելու, այն ենթադրաբար կատարելու պահից հինգ տարի անցած լինելու և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություններ չլինելու, մեղադրյալի առարկության բացակայության ու վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու իմպերատիվ բնույթի պայմաններում Առաջին ատյանի դատարանի՝ սույն որոշման 2.2-րդ կետում մեջբերված պատճառաբանություններն ու եզրահանգումները հիմնավոր են ու իրավաչափ: 5.5. Ինչ վերաբերում է Բողոքաբերի այն փաստարկին, որ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումներն ամբաստանյալ Արման Ապիտոնյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն են, որին կարող էր տրվել հետադարձ ուժ, եթե դա նախատեսված լիներ օրենքով, ապա Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով, որ հափշտակության չափերի փոփոխության արդյունքում փոփոխվում է նաև համապատասխան հոդվածի մասը, և ըստ այդմ՝ մեղմանում են նաև արարքի համար նշանակվող պատժատեսակներն ու պատժաչափերը, գտնում է, որ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները ոչ թե անձի վիճակն այլ կերպ բարելավող, այլ պատիժը մեղմացնող օրենսդրություն են, որին հետադարձ ուժ տալու համար, օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի բացակայության պայմաններում, օրենսդիրը սահմանափակումներ և հատուկ պայմաններ չի նախատեսել։ Հետևաբար Բողոքաբերի պնդումներն այս մասով անհիմն են և չեն բխում վերաբերելի կարգավորումներից։ 5.6. Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը բավարարելով պաշտպան Արթուր Խաչիկյանի միջնորդությունը և դադարեցնելով Սամվել Ավետիսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդումը՝ թույլ չի տվել դատական սխալ, որը կարող է հանգեցնել բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման, փոխարենը՝ ստորադաս դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որպիսի հանգամանքներում դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը ենթակա է մերժման։ (…)»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Ս․Ավետիսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: 2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի: 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (...) 4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։ (...) 6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: … 3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝ 1) առանձնապես խոշոր չափերով …»: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցավորին վստահված, այսինքն՝ նրա տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված գույքի հափշտակությունը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է օրինական հիմքերով այն ստանալուց հետո՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 2. Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 3) խոշոր չափերով` պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: …»։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ … 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: 4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: …: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ (…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը: 4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: (…): ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. (…) 2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. 3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները. … 2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում. 3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. …: 11․ ՀՀ Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով։ 12․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէ։ 13․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ առանձնապես խոշոր չափերով յուրացմանն օժանդակելը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում, սահմանել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի։ Ուստի ստացվում է, որ վերոնշյալ հանցավոր արարքը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ առանձնապես խոշոր չափերով յուրացմանն օժանդակելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է տասը տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացմանն օժանդակելու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված ծանր հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։ 14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․ - մեղադրյալ Ս․Ավետիսյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, տեղյակ լինելով զարմիկի՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի No 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ․Ասատրյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի No 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի առանձնապես խոշոր չափերով գույքը միասնական դիտավորությամբ հափշտակելու մտադրության մասին, այդ կապակցությամբ խոչընդոտները վերացնելով, նրան օժանդակել է, - Առաջին ատյանի դատարանը, փաստելով այն հանգամանքը, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին և այն համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որն էլ իր հերթին հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, հանգել է հետևության, որ մեղադրյալ Ս․Ավետիսյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75–րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության հնգամյա ժամկետն անցել է։ Արդյունքում՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ս․Ավետիսյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, - Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, որով Ս․Ավետիսյանին մեղսագրվող 4.787.412 ՀՀ դրամի յուրացումը համարվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, ՀՀ գործող քրեական օրենսգրքով որպես հափշտակության առանձնապես խոշոր չափ՝ սահմանված է 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը։ Այսինքն՝ ի տարբերություն Ս․Ավետիսյանի արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ վերջինիս մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, որը միջին ծանրության հանցագործություն է, հետևաբար դրա համապատասխանեցման և վերաորակման դեպքում մեղադրյալ Ս․Ավետիսյանի համար ստեղծվում են առավել բարենպաստ պայմաններ՝ հաշվի առնելով հանցակազմերի համար նախատեսված պատիժների տարբերությունը։ Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ իրավաչափ են Առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալ Ս․Ավետիսյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ հետևությունները։ 15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Ս․Ավետիսյանին վերագրվող հանցանքը ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել է միջին ծանրության հանցանքների շարքին, սակայն վաղեմության ժամկետի հաշվարկի առումով օրենսդրական այդ փոփոխությունը բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի թե՛ արարքի կատարման պահին, թե՛ ՀՀ գործող քրեական օրենսգրքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի: Մասնավորապես, արարքի կատարման պահին մեղադրյալ Ս․Ավետիսյանին վերագրվող հանցանքը եղել է ծանր, որի վաղեմության ժամկետը տասը տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում նրան վերագրվող հանցանքը միջին ծանրության է, որի վաղեմության ժամկետը կրկին տասը տարի է: Ուստի թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Ս․Ավետիսյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։ 16. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ մեղադրյալ Ս․Ավետիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, իրավաչափ չեն, քանզի տվյալ դեպքում արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվել է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը իրավաչափ չէ։ 17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հունվարի 26-ի որոշումը բեկանելու համար։ Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ս․Ավետիսյանի պաշտպան Ա․Խաչիկյանի միջնորդությունը պետք է մերժել։ 18․ Վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով սույն որոշմամբ, ինչպես նաև Ռեբեկա Գրիգորյանի գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը պետք է ըստ էության քննության առնի Ս․Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հունվարի 26-ի որոշումը բեկանել և պաշտպան Ա․Խաչիկյանի միջնորդությունը մերժել։ 2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ս․ՉԻՉՈՅԱՆ