Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0267/01/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0267/01/23
Դիմող / մեղադրյալ
Ալինա ԱվետիսյանՆելլի Պապյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
24.12.2024
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
16 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0267/01/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, Նախագահող դատավոր՝ Մ.Մոսինյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, Նախագահող դատավոր` Կ.Ամիրյան 2024 թվականի դեկտեմբերի 24-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Ալինա Սմեյիլի Ավետիսյանի և Նելլի Ղարիբի Պապյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի հունիսի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի օգոստոսի 19-ին թիվ 58231319 քրեական գործն ըստ մեղադրանքի Ալինա Սմեյիլի Ավետիսյանի` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Նելլի Ղարիբի Պապյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ 1․1․ 2020 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ թիվ ԵԴ/0890/01/20 քրեական գործն ընդունվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Գրիգորյանի վարույթ և 2020 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ նշանակվել է դատական քննության։ 1․2․ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Գրիգորյանը թիվ ԵԴ/0890/01/20 քրեական գործով հայտնել է ինքնաբացարկ։ 1․3․ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ թիվ ԵԴ/0890/01/20 քրեական գործն ընդունվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Մարգարյանի վարույթ և 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ նշանակվել է դատական քննության։ 1․4․ Հաշվի առնելով ՀՀ Նախագահի՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ի թիվ ՆՀ-354-Ա հրամանագրով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու հանգամանքը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վ. Մարգարյանը 2023 թվականի նոյեմբերի 16-ին վերամակագրման նպատակով թիվ ԵԴ/0890/01/20 քրեական գործը ներկայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահին։ 1․5․ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ թիվ ԵԴ/0890/01/20 քրեական գործն ընդունվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գ. Գասպարյանի վարույթ։ 1․6․ 2023 թվականի նոյեմբերի 27-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ թիվ ԵԴ/0890/01/20 քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ 1․7․ 2023 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ ԵԴ/0890/01/20 քրեական գործը, որին շնորհվել է թիվ ՀԿԴ/0267/01/23 համարը։ 2. Գործի դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ պաշտպաններ Ե․Սարգսյանի և Ր․Ասլանյանի միջնորդությունները բավարարվել են, և ամբաստանյալ Ա․Ավետիսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ամբաստանյալ Ն․Պապյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումները դադարեցվել են՝ արարքներում հանցակազմի բացակայության հիմքով։ 3. ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա․ Դանիելյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշումը թողնվել է անփոփոխ։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ 4․1․ Ամբաստանյալ Ա․Ավետիսյանը ներկայացրել է հատուկ վերանայման բողոքի պատասխան։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 8-րդ, 9-րդ, 42-րդ հոդվածներով նախատեսված նորմերը՝ թույլ տալով դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ կիրառել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտմանը, քանի որ չի ապահովվել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը: 5․1․ Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ կաշառք տալու հանցակազմը որակյալ դարձնող հանցագործության առարկայի չափերի փոփոխության արդյունքում տեղի է ունեցել փոփոխություն, որի արդյունքում Ալինա Ավետիսյանի և Նելլի Պապյանի արարքները ենթակա են որակման ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասով, որը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, այն դեպքում, երբ այդ արարքը կատարելու պահին գործող օրենսգրքով այն դասվել է ծանր հանցագործությունների շարքին: Միևնույն ժամանակ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումներով քրեորեն հետապնդելի են միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստությունը, իսկ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների նախապատրաստությունը քրեորեն հետապնդելի արարք չի համարվել: Մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքի պայմաններում քրեորեն հետապնդելի են բոլոր տեսակի հանցագործությունների նախապատրաստությունները, այդ թվում՝ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների նախապատրաստությունները: Բողոքաբերը գտել է, որ վերոգրյալ պայմաններում, թե Առաջին ատյանի դատարանը և թե Վերաքննիչ դատարանը հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքի և փոփոխված քրեական օրենքի համեմատությունը պետք է իրականացնեին ոչ թե in abstracto՝ համեմատելով հանցանքի սահմանումները, այլ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները՝ օգտագործելով in concreto համեմատության մեթոդը։ Բողոքաբերը նշել է, որ տվյալ իրավիճակում կաշառք տալու հանցակազմը որակյալ դարձնող հանցագործության առարկայի չափերի փոփոխության արդյունքում նախկին օրենսգրքով չավարտված հանցագործության՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության համար քրեական պատասխանատվություն նախատեսված լինելու կանոնները համեմատելով նոր օրենքով բոլոր տեսակի հանցագործության նախապատրաստության համար քրեական պատասխանատվություն նախատեսված լինելու կանոնների հետ, կարող ենք արձանագրել, որ թեև հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն երկու դեպքում էլ արարքը համարվում է քրեորեն հետապնդելի: 5․2․ Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշման հիմնավորումները հակասում են այլ՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 և Հայրապետ Սեփոյանի վերաբերյալ 2024 թվականի հունիսի 14-ի թիվ ԿԴ1/0059/01/16 գործերով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումներում արձանագրված հիմնավորումներին: 6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 6-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման բողոքի պատասխանի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. 7․ Ամբաստանյալ Ա․Ավետիսյանը նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու նախապատրաստությունը ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, միևնույն ժամանակ մեղսագրված հանցագործության կատարման ժամանակ գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքով միջին ծանրության հանցագործության նախապատրաստությունը հանցագործություն չի համարվել։ Ուստի օրենսդրության հետադարձ ուժի կիրառման և ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության չափանիշները սահմանող՝ վերը հիշատակված իրավակարգավորումների ուժով՝ նշվածը բացարձակ հիմք է հանդիսացել իր նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու համար, քանի որ ընդունված նոր օրենսդրական իրավակարգավորումը լրիվ վերացնում է մեղսագրված արարքի հանցավորությունը։ 7.1. Ամբաստանյալ Ա․Ավետիսյանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդունմամբ լրիվ վերացվել է իրեն մեղսագրված արարքի հանցավորությունը, այսինքն՝ առկա է արարքի լրիվ ապաքրեականացում, իսկ հակառակ մեկնաբանման պարագայում խախտվելու է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված դրույթը, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները՝ հետադարձ ուժ չունեն, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով ընդունված՝ միջին ծանրության հանցագործության նախապատրաստության հանցակազմի պատժելիությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձանց համար առաջացնում է անբարենպաստ հետևանքներ, ուստի նրանց իրավական վիճակը վատթարացնող նշանակություն ունի և նրանց նկատմամբ չի կարող կիրառվել, սակայն դրա չկիրառումը որևէ կերպ չի կարող նույնացվել՝ նախկին՝ քրեական օրենսգրքի դրույթներին «կրկնակի հետադարձ ուժ տալու» հետ։ Բացի այդ, բողոքի պատասխան ներկայացրած անձը գտել է, որ բողոքում վկայակոչված Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԱՔԴ/0196/01/17 և թիվ ԿԴ1/0059/01/16 գործերով արտահայտած իրավական դիրքորոշումները սույն գործով կիրառելի չեն։ 8․ Վերոգրյալի հիման վրա բողոքի պատասխան ներկայացրած անձը խնդրել է բերված բողոքը մերժել և Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հունիսի 6-ի որոշումը թողնել անփոփոխ։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 9. 2020 թվականի հուլիսի 29-ին Ալինա Սմեյիլի Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն արարքների համար, որ «[Ն]ա ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Նելլի Պապյանի հետ նախնական համաձայնությամբ, ըստ 08.04.2019թ. և 21.06.2019թ. կնքված պայմանագրերի մատուցելով ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կարեն Պետրոսյանին իրավաբանական ծառայություններ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ ձեռք բերելով և դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելով, դրդել են դատապարտյալին իրավասու պաշտոնատար անձին տալ առանձնապես խոշոր չափերի կաշառք, որպիսի գործողություններն ավարտին չեն հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, մասնավորապես՝ 2019 թվականի հոկտեմբերի 23-ին քրեակատարողական հիմնարկում հիշյալ դատապարտյալի հետ տեսակցության ժամանակ առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու միջոցով՝ գիտակցելով իրենց ծառայողական լիազորությունների շրջանակում հիշյալ խոստումը կատարելու անհնարինության մասին: Ստանալով Կարեն Պետրոսյանի համաձայնությունը, Նելլի Պապյանը 2019 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:45-ին, Երևան քաղաքի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գործող «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում, ՀՀ ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, հանդիպելով դատապարտյալի ուղարկած անձին, ստացել է պահանջված առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար գումարը և խարդախությամբ՝ Ալինա Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով հափշտակել են այն։ (…)»: 9․1․ 2020 թվականի հուլիսի 29-ին Նելլի Ղարիբի Պապյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ այն արարքների համար, որ «[Ն]ա ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Ալինա Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ, ըստ 08.04.2019թ. և 21.06.2019թ. կնքված պայմանագրերի մատուցելով ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կարեն Պետրոսյանին իրավաբանական ծառայություններ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ ձեռք բերելով և դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելով, դրդել են դատապարտյալին իրավասու պաշտոնատար անձին տալ առանձնապես խոշոր չափերի կաշառք, որպիսի գործողություններն ավարտին չեն հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, մասնավորապես՝ 2019 թվականի հոկտեմբերի 23-ին քրեակատարողական հիմնարկում հիշյալ դատապարտյալի հետ տեսակցության ժամանակ առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու միջոցով՝ գիտակցելով իրենց ծառայողական լիազորությունների շրջանակում հիշյալ խոստումը կատարելու անհնարինության մասին: Ստանալով Կարեն Պետրոսյանի համաձայնությունը, Նելլի Պապյանը 2019 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:45-ին, Երևան քաղաքի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գործող «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում, ՀՀ ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, հանդիպելով դատապարտյալի ուղարկած անձին, ստացել է պահանջված առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար գումարը և խարդախությամբ՝ Ալինա Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով հափշտակել են այն։(…)»։ 10․ Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի ապրիլի 11-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Վերոշարադրյալ իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ թեև գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով որպես կաշառք տալու հանցակազմի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներ են նախատեսված խոշոր չափը և առանձնապես խոշոր չափը, սակայն օրենսդրի կողմից չի սահմանվել, թե հանցակազմի առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Մասնավորապես, գործող ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով կաշառք տալու հանցակազմի մասով որևէ չափ սահմանված չէ, իսկ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված չափերը վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին, քանի որ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափ» եզրույթը որևէ կերպ չի կարող նույնացվել կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի հետ: Այսպիսով, Դատարանը փաստում է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված չէ կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափը, իսկ նշված օրենսդրական բացը չի կարող հաղթահարվել դատական մեկնաբանման միջոցով։ Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով խոշոր չափ և առանձնապես խոշոր չափ հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելն օրենսդրական բաց է, ուստի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար դրանք անձին մեղսագրվել չեն կարող։ (․․․) Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավանորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դատարանն արձանագրում է, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ալինա Սմեյիլի Ավետիսյանին և Նելլի Ղարիբի Պապյանին, ի թիվս այլնի, մեղադրանք է առաջադրվել նաև 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 43-436-րդ հոդվածի 1-ին մասին։ Դատարանն արձանագրում է նաև, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը, նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, իսկ միջին ծանրության արարքի նախապատրաստությունը արարքը կատարելու պահին գործած՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն չի համարվում չավարտված հանցագործություն։ Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Ալինա Ավետիսյանին և Նելլի Պապյանին վերագրվող միջին ծանրության հանցանքի նախապատրաստությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավակարգավորման համաձայն չի համարվում չավարտված հանցագործություն, հետևաբար չի պարունակում հանցակազմ, և այդ մասով ամբաստանյալներ Ալինա Ավետիսյանի և Նելլի Պապյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ (...)»։ 11. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(…) Անդրադառնալով բողոքով բարձրացված իրավական հարցադրմանն առ այն, թե իրավաչափ է արդյոք Ալինա Ավետիսյանի և Նելլի Պապյանի նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդման դադարեցումը՝ Վերաքննիչ դատարանն այս մասով ևս իր համաձայնությունն է հայտնում Դատարանի հետևություններին առ այն, որ «Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավանորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դատարանն արձանագրում է, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ալինա Սմեյիլի Ավետիսյանին և Նելլի Ղարիբի Պապյանին, ի թիվս այլնի, մեղադրանք է առաջադրվել նաև 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 43-436-րդ հոդվածի 1-ին մասին: Դատարանն արձանագրում է նաև, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը, նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, իսկ միջին ծանրության արարքի նախապատրաստությունը արարքը կատարելու պահին գործած՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն չի համարվում չավարտված հանցագործություն: Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Ալինա Ավետիսյանին և Նելլի Պապյանին վերագրվող միջին ծանրության հանցանքի նախապատրաստությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավակարգավորման համաձայն չի համարվում չավարտված հանցագործություն, հետևաբար չի պարունակում հանցակազմ, և այդ մասով ամբաստանյալներ Ալինա Ավետիսյանի և Նելլի Պապյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը սույն դեպքում, ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, արարքի հանցավորությունը սահմանող է, այսինքն՝ հանդես, է գալիս որպես անձի վիճակը վատթարացնող օրենք, հետևաբար՝ կիրառելի չէ Ա. Ավետիսյանի և Ն. Պապյանի նկատմամբ: Ընդ որում, սույն դեպքում խոսք չի կարող գնալ օրենքին կրկնակի հետադարձ ուժ տալու մասին, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով ձևակերպված՝ «սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան» (այսինքն, մեղմացնող մասով կիրառելով այդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խստացնող մասով այդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումները) պայմանի կիրառմամբ օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը վերոնշյալ դատողություններին հանգելիս հաշվի է առնում նաև Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 10-ի՝ Միշա Մուրադյանի վերաբերյալ թիվ ԵԴ/1424/01/21 որոշման տրամաբանությունն առ այն, որ պատժի ինստիտուտը հանդիսանում է ավելի մեծ ինստիտուտի, այն է՝ քրեական պատասխանատվության, բաղադրատարր: Այսպիսով, ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելիս առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներով՝ Դատարանը գործել է իրավաչափ: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Դատարանի վերլուծությունները, որոնց վերաբերյալ Վերաքննիչ դատարանը տվել է իր համաձայնությունը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն իրենց համակցության մեջ ներառում են հատուկ վերանայման բողոքի բոլոր այն փաստարկների պատասխանները, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող էին ողջամիտ կասկած հարուցել Դատարանի որոշման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ: (…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 12․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալներ Ն․Պապյանին և Ա․Ավետիսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 43-436-րդ հոդվածի 1-ին մասին։ 13․ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել։ (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել: 2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է։ 3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»։ Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում՝ ընդգծելով, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր, որը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է: Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով, ինչը ենթադրում է, որ անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար։ Անդրադառնալով դատական մեկնաբանության սահմաններին և օրենսդրական բացի հաղթահարման հիմնախնդրին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: «Խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ։ Դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել (և սահմանվում են) դրանցից վերացարկված։ Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք նորմերում օգտագործելով «խոշոր չափ» և/ կամ «առանձնապես խոշոր չափ» եզրույթները՝ օրենսդիրը միաժամանակ հստակ սահմանել է, թե կոնկրետ առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Հակառակ դեպքում իրավակիրառ մարմնի կողմից քննարկվող հասկացությունների կիրառումը կհանգեցնի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման, քանի որ գործի հանգամանքներով պայմանավորված չլինելու դեպքում բացակայում են իրավակիրառ մարմնի, այդ թվում՝ դատարանի կողմից այդ հասկացությունների բովանդակությունը որոշելու օբյեկտիվ չափանիշները։ 14․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. (…) 17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի. (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ (…)։ 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` (…) 2) խոշոր չափերով կամ (…)։ 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ (…) 2) առանձնապես խոշոր չափերով` (…)»։ 15․ Վճռաբեկ դատարանը, Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով գործող քրեական օրենսգրքում կաշառք տալու հանցակազմի՝ որպես ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանք նախատեսված խոշոր և առանձնապես խոշոր չափերով կատարված արարքներին քրեաիրավական գնահատական տալու հարցին, արձանագրել է, որ «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների պարագայում գործ ունենք չափելի երևույթների հետ, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որևէ մեկի հետ։ Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական և չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին։ Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն օրենսդրորեն բացահայտված չեն, և առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով։ 16․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ - Ն․Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքի համար, որ նա ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Ալինա Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ ձեռք բերելով և դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելով, դրդել են դատապարտյալին իրավասու պաշտոնատար անձին տալ առանձնապես խոշոր չափերի՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք, որպիսի գործողություններն ավարտին չեն հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով։ Իսկ Ա․Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքի համար, որ նա ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Նելլի Պապյանի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ ձեռք բերելով և դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելով, դրդել են դատապարտյալին իրավասու պաշտոնատար անձին տալ առանձնապես խոշոր չափերի՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք, որպիսի գործողություններն ավարտին չեն հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, - Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով խոշոր չափ և առանձնապես խոշոր չափ հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելն օրենսդրական բաց է, ուստի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար դրանք անձին մեղսագրվել չեն կարող։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալներ Ն․Պապյանին և Ա․Ավետիսյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 43-436-րդ հոդվածի 1-ին մասին, - Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի այն հետևությունների հետ, որ ամբաստանյալներ Ն․Պապյանին և Ա․Ավետիսյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 43-436-րդ հոդվածի 1-ին մասին։ 17․ Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալներ Ն․Պապյանին և Ա․Ավետիսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 43-436-րդ հոդվածի 1-ին մասին, իրավաչափ են։ 18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալներ Ա․Ավետիսյանի և Ն․Պապյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 19. ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: 2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի: 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (...) 4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։ (...) 6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Չավարտված հանցագործություն են համարվում հանցափորձը և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստությունը: (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Հանցագործության նախապատրաստությունը և հանցափորձը համարվում են չավարտված հանցագործություններ։ (…)»: 19.1. ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում դատարանը՝ որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով։ 20․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ ընդհանուր առմամբ հետադարձության սկզբունքը մարմնավորված է այն կանոնի մեջ, որ, եթե արարքի կատարման պահին գործող քրեական օրենքի և դրանից հետո ընդունված քրեական օրենքի միջև առկա են տարբերություններ, դատարանը պետք է կիրառի այն օրենքը, որի դրույթներն ավելի բարենպաստ են անձի համար՝ հաշվի առնելով, բնականաբար, քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու գործող քրեական օրենսդրության առանձնահատկությունները: Ուստի, նպատակ ունենալով իրավակիրառական պրակտիկայում բացառելու հետադարձությամբ քրեական օրենքի անհիմն տարածելու կամ անհիմն չտարածելու դեպքերը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել քննարկել այն չափորոշիչները, որոնց օգնությամբ իրավակիրառողը պետք է առաջնորդվի քրեաիրավական կոնկրետ իրավահարաբերությունների նկատմամբ նոր քրեական օրենքի կիրառելիության հարցում։ Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, հետադարձությամբ փոփոխված քրեական օրենքի տարածման սահմանները պարզելու համար անհրաժեշտ է օգտագործել համադրման և վերլուծության մեթոդները, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն կտան պարզելու, թե փոփոխված քրեական օրենքը հանցանք կատարած անձի համար բարենպաստ իրավական հետևանք առաջացնում է, թե ոչ։ Թեև նշվածը չի ենթադրում համեմատության համապարփակ չափանիշներ, այդուհանդերձ, կարելի է եզրահանգել, որ պահանջվում է կոնկրետ իրավահարաբերությունը կանոնակարգող դրույթների համակարգային համեմատում, ինչի միջոցով հնարավոր կլինի որոշել՝ արդյո՞ք փոփոխված օրենսդրությունը, ի տարբերություն արարքը կատարելու պահին գործող օրենսդրության, անձի համար բարենպաստ հետևանքներ առաջացնում է, թե ոչ։ 21․ Նախորդ կետում մեջբերված՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներն անձանց մեղսագրված լինելու պայմաններում ՀՀ գործող քրեական օրենսգրքով արարքի ծանրության փոփոխության արդյունքում միջին ծանրության հանցանքի նախապատրաստության պարագայում արարքում հանցակազմի առկայության խնդրին։ Այսպես՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստությունը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր ծանր հանցագործությունների շարքին, որոնց նախապատրաստությունը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն համարվում է չավարտված հանցագործություն և առաջացնում է քրեական պատասխանատվություն։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 43-436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի կարգավորումներից բխում է, որ օրենսդիրը չավարտված հանցանք է համարում ցանկացած ծանրության հանցանքի նախապատրաստությունը։ Ուստի ստացվում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև արարքը դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն հանցանքի նախապատրաստությունը չավարտված հանցագործություն որակելու տեսանկյունից ՀՀ գործող քրեական օրենսգիրքը սահմանել է ավելի խիստ մոտեցում՝ չավարտված հանցագործություն համարելով ոչ միայն ծանր և առանձնապես ծանր հանցանքների նախապատրաստությունը, այլ նաև ոչ մեծ և միջին ծանրության հանցանքներինը։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքների տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի փաստացի արարքը պատժելի է համարվում նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքով։ Այլ խոսքով՝ նշված հանցանքների տեսակի փոփոխության հետևանքով արարքը չի դադարել քրեորեն պատժելի համարվել։ 22․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալներին մեղսագրվող ՀՀ գործող քրեական օրենսգրքի 43-436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը, նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, իսկ միջին ծանրության արարքի նախապատրաստությունը արարքը կատարելու պահին գործած՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն չի համարվում չավարտված հանցագործություն։ Ուստի Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալներ Ա․Ավետիսյանին և Ն․Պապյանին վերագրվող միջին ծանրության հանցանքի նախապատրաստությունը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավակարգավորման համաձայն՝ չի համարվում չավարտված հանցագործություն, հետևաբար չի պարունակում հանցակազմ, և այդ մասով նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, - Վերաքննիչ դատարանը, վերլուծելով ՀՀ նախկին և ներկա քրեական օրենսգրքերի վերաբերելի նորմերը, գտել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքն արարքի հանցավորությունը սահմանող է, այսինքն՝ հանդես է գալիս որպես անձի վիճակը վատթարացնող օրենք, հետևաբար՝ կիրառելի չէ Ա.Ավետիսյանի և Ն.Պապյանի նկատմամբ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելիս առաջնորդվելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթներով՝ Առաջին ատյանի դատարանը գործել է իրավաչափ: 23. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 19-21-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Ա․Ավետիսյանին և Ն․Պապյանին մեղսագրվող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքները թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ չավարտված հանցագործություններին վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ հիշյալ օրենսդրական դրույթների փոփոխությունները ամբաստանյալների համար բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում, քանզի ՀՀ գործող քրեական օրենսգիրքը՝ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, հանցանքի նախապատրաստության չավարտված հանցագործություն հանդիսանալը չի կապում հանցանքի ծանրության հետ։ Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքները ՀՀ գործող օրենսգրքով քրեորեն պատժելի համարվելու պայմաններում ամբաստանյալներ Ա․Ավետիսյանը և Ն․Պապյանը ազատվել են քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքների կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն՝ մեղսագրող արարքը համարվում է քրեորեն պատժելի։ 24․ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից Միշա Մուրադյանի գործով արձանագրված իրավական դիրքորոշումները վկայակոչելուն, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, քանի որ, ինչպես նշվել է սույն որոշման նախորդ կետերում, քննարկվող իրավիճակում առկա չէ քրեական պատասխանատվության մեղմացման կամ վերացման հարց, ուստի Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները չեն կարող կիրառելի լինել սույն դեպքում։ 25. Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ ամբաստանյալներ Ա․Ավետիսյանի և Ն․Պապյանի նկատմամբ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս հանցակազմի առկայությունը ենթակա է գնահատման արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ միջին ծանրության հանցագործության նախապատրաստության համար քրեական պատասխանատվության կանոնների լույսի ներքո, իրավաչափ չէ։ 26. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատավարական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ 27․ Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, պաշտպաններ Ե․Սարգսյանի և Ր․Ասլանյանի միջնորդությունները պետք է մերժել։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Առաջին ատյանի դատարանը պետք է ըստ էության քննության առնի Ա․Ավետիսյանի և Ն․Պապյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Թիվ ՀԿԴ/0267/01/23 քրեական գործով Ալինա Սմեյիլի Ավետիսյանի և Նելլի Ղարիբի Պապյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի ապրիլի 11-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հունիսի 6-ի որոշումը բեկանել, պաշտպաններ Ե․Սարգսյանի և Ր․Ասլանյանի միջնորդությունները մերժել։ 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ