Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ԵԴ/0924/13/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ/0924/13/22
Դիմող / մեղադրյալ
Թաժդին Ավդալյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
26.12.2024
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
13 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/0924/13/22 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Կ․Ֆարխոյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Կ․Ամիրյան դատավորներ` Ս․Մարաբյան Մ․Մակյան 2024 թվականի դեկտեմբերի 26-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Թաժդին Մուրազի Ավդալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի թիվ ԵԱՔԴ/0220/01/15 դատավճռով Թաժդին Մուրազի Ավդալյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկման ձևով՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավում լրացուցիչ պատժի նշանակման, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկման ձևով՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով Թ․Ավդալյանի նկատմամբ հանցանքների համակցությամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկման ձևով՝ 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավում լրացուցիչ պատժի նշանակման: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի պահանջով Թ․Ավդալյանի նկատմամբ 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է 2015 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2018 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում կալանքի տակ պահվելու 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 6 (վեց) օր ժամկետը, նրան թողնվել է կրելու ազատազրկման ձևով նշանակված պատժից 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս 24 (քսանչորս) օր, պատժի կրման ժամկետի սկիզբը հաշվվել է այն փաստացի կրելու համար արգելանքի վերցնելու օրվանից: Ամբաստանյալ Թ․Ավդալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` գրավը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: 1․1․ Վերաքննիչ դատարանի 2022 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ և Վճռաբեկ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ այն մտել է օրինական ուժի մեջ։ 2. 2022 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) ստացվել է Թ․Ավդալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճռով հաստատված հանցանքը և իր նկատմամբ նշանակված պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) համապատասխանեցնելու մասին։ 3․ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճռով Թ․Ավդալյանի ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հաստատված արարքը համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հաստատված արարքը համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին։ Դատապարտյալ Թ․Ավդալյանի միջնորդությունը՝ իր նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանեցնելու մասին, մերժվել է։ 4. Թ․Ավդալյանի պաշտպան Հ․Սուքիասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը մասնակի բեկանվել է։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճռով հաստատած Թ․Ավդալյանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարված արարքը համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և նշանակված ազատազրկման ձևով 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով պատիժը թողնվել է անփոփոխ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճռով հաստատած Թ․Ավդալյանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարված արարքը համապատասխանեցվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասին և նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Հանցանքների համակցությամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նշանակված ազատազրկման ձևով 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով պատժին մասնակի գումարվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 10 (տասը) ամիսը և պատիժ է նշանակվել 6 (վեց) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումը։ Կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ ենթակետը, որպես պատիժ նշանակված 6 (վեց) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումը կրճատվել է կիսով չափով և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս ժամկետով։ Նշանակված վերջնական պատժին հաշվակցվել է 2015 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2018 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում արգելանքի տակ պահելու 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 6 (վեց) օր ժամկետը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո և դրա հիման վրա 2022 թվականի նոյեմբերի 16-ից հետո Թ․Ավդալյանի՝ անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ 3 (երեք) ամիս 6 (վեց) օրը, ընդհանուր՝ 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս 12 (տասներկու) օր, և Թ․Ավդալյանն ազատվել է նշանակված պատժի կրումից՝ պատիժը փաստացի կրած լինելու հիմքով։ 5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի նորմի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Մասնավորապես բողոքաբերը փաստել է, որ վիճարկվող որոշմամբ խախտվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված պահանջը, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել և գնահատվել կաշառք տալու առարկայի չափի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում առկա կարգավորումները, որի արդյունքում առանց իրավաչափ հիմքի մասնակիորեն բեկանվել է Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի էական խախտում։ Ըստ բողոքաբերի՝ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափը պետք է հաշվարկել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ հոդվածով սահմանված չափերի համատեքստում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճռով հաստատված Թ․Ավդալյանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարված արարքը պետք է համապատասխանեցվեր ոչ թե՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասին, այլ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին (խոշոր չափերով կաշառք տալու փորձին), որպիսի հետևության իրավաչափորեն հանգել է Առաջին ատյանի դատարանը։ Բողոքաբերը նաև փաստել է, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քրեական օրենսգրքի վերաբերելի նորմի միատեսակ կիրառության ապահովելու տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բողոքարկվող դատական ակտով նյութական նորմին տրված նեղ մեկնաբանության արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից արհեստականորեն ստեղծվել է «օրենքի բաց»: Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտով քննարկվող նյութական նորմերին տրված սխալ մեկնաբանությունների և վերլուծությունների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, առկա է անհրաժեշտություն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով կարգավորվող իրավահարաբերության տալ այնպիսի մեկնաբանություն, որը կհամապատասխանի քրեական օրենսգրքով պաշտպանվող հասարակական հարաբերությունների բնույթին: Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված նորմի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ, որով Թ.Ավդալյանն անհիմն կերպով ազատվել է նշանակված պատժի կրումից՝ պատիժը փաստացի կրած լինելու հիմքով, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը: 6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է մասնակի՝ Թ.Ավդալյանի արարքը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանեցնելու և պատժի կրումից ազատելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ կամ վարույթը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճռով Թ.Ավդալյանը դատապարտվել է այն արարքների կատարման համար, որ․ «(...) նա յուրացրել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը և փորձել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ: Այսպես` Թաժդին Ավդալյանն իր հետ սիրային կապի մեջ գտնվող Գրետա Արայիկի Գևորգյանի հետ 01.04.2014թ. կազմած թիվ 3 հանձնման-ընդունման ակտով օժտվել է իրեն ի պահ հանձնված թվով 174 գլուխ տարբեր քաշերի խոշոր և մանր եղջերավոր անասունները Նուբարաշենի խճուղուն հարակից տարածքում գտնվող անասնագոմում ժամանակավորապես պահելու լիազորությամբ: 2014 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Թաժդին Ավդալյանն իրեն վստահված՝ Գրետա Գևորգյանին պատկանող և իրեն ի պահ հանձնված թվով 174 գլուխ անասունները վաճառել է քննությամբ չպարզված տարբեր անձանց` այդ կերպ յուրացնելու եղանակով հափշտակել Գ.Գևորգյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 50.087.000 ՀՀ դրամ արժողության անասունները: Այնուհետև, Թաժդին Ավդալյանը 2015 թվականի հունվարի վերջերին տեղեկացել է, որ իր ծանոթ՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Եղիկ Եփրեմյանը Գարիկ Ալեքսանյանի միջոցով ծանոթացել և մտերիմ հարաբերություններ է հաստատել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հետ: Անտեղյակ լինելով, որ իրականում վերջինիս անունից խաբեությամբ Եղիկ Եփրեմյանին հեռախոսակապով ներկայացել և մտերմիկ զրույցներ է վարել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հովիկ Բաբայանը, Թաժդին Ավդալյանը դիմել է Եղիկ Եփրեմյանին՝ իր վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ 12812814 քրեական գործի ընթացքը բարձրաստիճան պաշտոնյայի միջամտությամբ իր օգտին լուծելու խնդրանքով: Թաժդին Ավդալյանը Եղիկ Եփրեմյանից հավաստիացել է, որ «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը» կաշառք ստանալու դիմաց իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կմիջամտի քրեական գործի նախաքննությանը՝ կապահովի առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման հատկանիշներով իր վերաբերյալ քննվող հիշյալ քրեական գործով վարույթի կարճումը, դրանով նաև՝ իր անվամբ գույքն արգելանքից ազատելը: Օգտագործելով ստեղծված հնարավորությունը, Թաժդին Ավդալյանը Եղիկ Եփրեմյանի միջնորդությամբ «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին» կաշառք տալու դիտավորությամբ, քննությամբ չպարզված օրերին, Եղիկ Եփրեմյանին է տվել առանձնապես խոշոր չափերով՝ 2.380.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար: Իր հերթին՝ Եղիկ Եփրեմյանը նշված գումարը մաս-մաս՝ 2015 թվականի հունվարի 29-ին և դրան հաջորդող երկու տարբեր օրերի ընթացքում Երևան քաղաքի Եղ.Թադևոսյան 3 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակում և Մուրացանի փողոցում գործող զինվորական հոսպիտալի մոտ, փոխանցել է «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» մտերիմ Գարիկ Ալեքսանյանին: Սակայն հանցագործությունը՝ Եղիկ Եփրեմյանի միջնորդությամբ Թաժդին Ավդալյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, վերջինիս կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած Հովիկ Բաբայանն ու Գարիկ Ալեքսանյանը կաշառքի գումարը խաբեությամբ հափշտակել են։ (…)»: 8․ Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով դատապարտյալ Թ․Ավդալյանի միջնորդությունը՝ դատավճռով հաստատված հանցանքը և նշանակված պատիժը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու վերաբերյալ, 2022 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվեց, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքները կատարելու համար Թաժդին Մուրազի Ավդալյանի նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկում 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավում լրացուցիչ պատժի նշանակման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով սույն դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարած հանցագործություններից յուրաքանչյուրի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով Թաժդին Մուրազի Ավդալյանի նկատմամբ հանցանքների համակցությամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավում լրացուցիչ պատժի նշանակման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի պահանջով Թաժդին Մուրազի Ավդալյանի նկատմամբ 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է սույն գործով վերջինիս կողմից 2015 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2018 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում կալանքի տակ պահվելու 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 6 (վեց) օր ժամկետը, նրան թողնվել է կրելու ազատազրկման ձևով նշանակված պատժից 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս 24 (քսանչորս) օր, պատժի կրման ժամկետի սկիզբը հաշվվել է այն փաստացի կրելու համար արգելանքի վերցնելու օրվանից Մասնավորապես՝ Թ.Ավդալյանը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու հանցափորձի և առանձնապես խոշոր չափերի յուրացման համար: Թաժդին Ավդալյանը 2.380.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել, որը վերջինիս կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել: 05.05.2021 թվականին ընդունված և 01.07.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի: Հետևաբար Թ.Ավդալյանի կողմից կատարված արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում 2-5 տարի ժամկետով, իսկ 09.04.2021 թվականի դատավճռի համաձայն՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով պատիժ էր նշանակվել ազատազրկման ձևով 3 (երեք) տարի ժամկետով: 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը քրեական պատասխանատվություն է սահմանում առանձնապես խոշոր չափերի վստահված գույքի հափշտակության համար, որը համապատասխանում է արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, որով Թ.Ավդալյանի նկատմամբ 09.04.2021 թվականի դատավճռով պատիժ էր նշանակվել 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի սանկցիան նախատեսում է պատիժ՝ չորսից ութ տարի ժամկետով: Հետևաբար, դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Թաժդին Ավդալյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքները համընկնում են 01.07.2022 թվականին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքներին: Մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով որոշման մեջ հաստատված հանգամանքները` Դատարանը գտնում է, որ դատապարտյալ Թ.Ավդալյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործող ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված պատիժն ավելի խիստ չեն 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված 01.07.2022 թվականին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված սանկցիայով սահմանված առավելագույն ժամկետից: Միևնույն ժամանակ 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն․ «Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է դիտավորությամբ կատարված ծանր հանցանք, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 15 տարին»։ Այսինքն դատարանն այս կանոնի համատեքստում հանցանքների համար նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով՝ միջին ծանրության և ծանր հանցանքների կատարման համար որպես պատիժ իրավասու է նշանակել մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում, իսկ տվյալ դեպքում դատապարտյալի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժաչափը չի գերազանցում գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված ազատազրկման ձևով պատժի առավելագույն չափը։ (...)»։ 9. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2021 թվականի ապրիլի 9-ի թիվ ԵԱՔԴ/0220/01/15 դատավճռով հաստատած Թաժդին Մուրազի Ավդալյանի կողմից 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարված արարքը պետք է համապատասխանեցնել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և նշանակված ազատազրկման ձևով 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով պատիժը պետք է թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով պատժի նպատակների իրագործման օրենսդրի պահանջը: (…) Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով մի կողմից այն, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը չի սահմանում, թե որն է կաշառք տալու առանձնապես խոշոր չափը, այսինքն՝ քննարկման առարկա դեպքում տեղի է ունեցել արարքի մասնակի ապաքրեականացում, մյուս կողմից այն, որ ի տարբերություն 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ նախատեսված է նաև տուգանքը, ուստի Վերաքննիչ դատարանը, վերոնշյալ նորմերի լույսի ներքո գտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի թիվ ԵԱՔԴ/0220/01/15 դատավճռով հաստատած Թաժդին Մուրազի Ավդալյանի կողմից 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարված արարքը պետք է համապատասխանեցնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասին և դատապարտյալ Թաժդին Մուրազի Ավդալյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով նշանակել ազատազրկման ձևով պատիժ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ հաշվի առնելով պատժի նպատակների իրագործման օրենսդրի պահանջը: Ամփոփելով սույն որոշման 7.1 և 7.2-րդ կետերում կատարված վերլուծությունը և ղեկավարվելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հանցանքների համակցությամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նշանակված ազատազրկման ձևով 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով պատժին պետք է մասնակի գումարել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 10 (տասը) ամիսը և պատիժ նշանակել 6 (վեց) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումը։ (…) Վերոնշյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ ենթակետը և Թաժդին Ավդալյանի նկատմամբ որպես պատիժ նշանակված 6 (վեց) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումը կրճատել կիսով չափով և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս ժամկետով։ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ 1. 2015 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2018 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում դատապարտյալ Թաժդին Ավդալյանը 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 6 (վեց) օր գտնվել է արգելանքի տակ, 2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի թիվ ԵԱՔԴ/0220/01/15 դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո և դրա հիման վրա 2022 թվականի նոյեմբերի 16-ից հետո դատապարտյալ Թաժդին Ավդալյանը 3 (երեք) ամիս 6 (վեց) օր գտնվել է անազատության մեջ։ Վերոնշյալ երկու ենթակետերում նշված անազատության մեջ գտնված լինելու ժամանակահատվածների հանրագումարի արդյունքում պարզ է դառնում, որ դատապարտյալ Թաժդին Ավդալյանը 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս 12 (տասներկու) օր գտնվել է անազատության մեջ։ Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշանակված վերջնական պատժին (3 (երեք) տարի 2 (երկու) ամիս) պետք է հաշվակցել 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս 12 (տասներկու) օրը, որպիսի պայմաններում էլ Թաժդին Մուրազի Ավդալյանին պետք է ազատել նշանակված պատժի կրումից՝ պատիժը փաստացի կրած լինելու հիմքով: Ինչ վերաբերում է հատուկ վերանայման բողոքի փաստարկին առ այն, որ «Այսպիսով, 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը ուժի մեջ մտնելու օրվա՝ 2022 թվականի հուլիսի 01-ի դրությամբ, Թաժդին Ավդալյանի նկատմամբ կայացված եզրափակիչ դատավարական ակտը (դատավճիռը) օրինական ուժի մեջ մտած չի եղել: Թ.Ավդալյանի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2022 թվականի նոյեմբերի 03-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելու օրը: Այսպիսով, Թ.Ավդալյանի նկատմամբ ենթակա էին կիրառման ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, որը Դատարանի կողմից չի կիրառվել»՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Թաժդին Ավդալյանի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2022 թվականի նոյեմբերի 3-ին, իսկ կատարված հանցանքները և դրանց համար նշանակված պատիժները նոր օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտք է եղել 2022 թվականի նոյեմբերի 11-ին, որպիսի պայմաններում Թաժդին Ավդալյանի վերաբերյալ դատավճիռն արդեն օրինական ուժ ստացած է եղել, ուստի Առաջին ատյանի դատարանի հետևություններն այդ մասով հիմնավոր են։(…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ Թ․Ավդալյանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարված արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին և Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ Թ․Ավդալյանի նշված արարքը համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասին։ 11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել։ (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել: 2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է։ 3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»։ Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում՝ ընդգծելով, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր, որը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է: Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով, ինչը ենթադրում է, որ անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար։ Անդրադառնալով դատական մեկնաբանության սահմաններին և օրենսդրական բացի հաղթահարման հիմնախնդրին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: «Խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ։ Դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել (և սահմանվում են) դրանցից վերացարկված։ Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք նորմերում օգտագործելով «խոշոր չափ» և/ կամ «առանձնապես խոշոր չափ» եզրույթները՝ օրենսդիրը միաժամանակ հստակ սահմանել է, թե կոնկրետ առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Հակառակ դեպքում իրավակիրառ մարմնի կողմից քննարկվող հասկացությունների կիրառումը կհանգեցնի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման, քանի որ գործի հանգամանքներով պայմանավորված չլինելու դեպքում բացակայում են իրավակիրառ մարմնի, այդ թվում՝ դատարանի կողմից այդ հասկացությունների բովանդակությունը որոշելու օբյեկտիվ չափանիշները։ 11․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. (…) 17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի. (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ (…)։ 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` (…) 2) խոշոր չափերով կամ (…)։ 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ (…) 2) առանձնապես խոշոր չափերով` (…)»։ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած կամ պատիժ կրող անձանց նկատմամբ կամ այն անձանց նկատմամբ, որոնք կրել են պատիժը, սակայն ունեն դատվածություն, նշանակված, կիրառվող կամ կիրառված պատժի ժամկետը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առավել խիստ պատժատեսակից` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները:»։ 12․ Վճռաբեկ դատարանը Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշմամբ, անդրադառնալով գործող քրեական օրենսգրքում կաշառք տալու հանցակազմի որպես ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանք նախատեսված խոշոր և առանձնապես խոշոր չափերով կատարված արարքին քրեաիրավական գնահատական տալու հարցին, արձանագրել է, որ «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների պարագայում գործ ունենք չափելի երևույթների հետ, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որևէ մեկի հետ։ Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական և չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին։ Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն օրենսդրորեն բացահայտված չեն և առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով։ 12․1․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ ընդհանուր առմամբ հետադարձության սկզբունքը մարմնավորված է այն կանոնի մեջ, որ, եթե արարքի կատարման պահին գործող քրեական օրենքի և դրանից հետո ընդունված քրեական օրենքի միջև առկա են տարբերություններ, դատարանը պետք է կիրառի այն օրենքը, որի դրույթներն ավելի բարենպաստ են անձի համար՝ հաշվի առնելով, բնականաբար, քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու գործող քրեական օրենսդրության առանձնահատկությունները: Ուստի, նպատակ ունենալով իրավակիրառական պրակտիկայում բացառելու հետադարձությամբ քրեական օրենքի անհիմն տարածելու կամ անհիմն չտարածելու դեպքերը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել քննարկել այն չափորոշիչները, որոնց օգնությամբ իրավակիրառողը պետք է առաջնորդվի քրեաիրավական կոնկրետ իրավահարաբերությունների նկատմամբ նոր քրեական օրենքի կիրառելիության հարցում։ Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, հետադարձությամբ փոփոխված քրեական օրենքի տարածման սահմանները պարզելու համար անհրաժեշտ է օգտագործել համադրման և վերլուծության մեթոդները, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն կտան պարզելու, թե փոփոխված քրեական օրենքը հանցանք կատարած անձի համար բարենպաստ իրավական հետևանք առաջացնում է, թե ոչ։ Թեև նշվածը չի ենթադրում համեմատության համապարփակ չափանիշներ, այդուհանդերձ, կարելի է եզրահանգել, որ պահանջվում է կոնկրետ իրավահարաբերությունը կանոնակարգող դրույթների համակարգային համեմատում, ինչի միջոցով հնարավոր կլինի որոշել՝ արդյո՞ք փոփոխված օրենսդրությունը, ի տարբերություն արարքը կատարելու պահին գործող օրենսդրության, անձի համար բարենպաստ հետևանքներ առաջացնում է, թե ոչ։ 12․2․ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ արարքի պատժելիությունը մեղմացնող և անձի վիճակը այլ կերպ բարելավող օրենսդրության հետադարձությունը սահմանափակված է այն պայմաններում, երբ անձի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, քանի որ նման պայմաններում դատական ակտերի վերանայումը կասկածի տակ կդնի իրավական որոշակիության սկզբունքի առանցքային բաղադրատարրերից մեկը՝ դատական ակտերի կայունության կամ res judicata սկզբունքը։ Ընդ որում, կարևոր է ընդգծել, որ պատիժը մեղմացնող կամ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կարող է դիտարկվել որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու հիմք, եթե այն կոնկրետ իրավիճակում անվերապահորեն մեղմացնում է դատավճռով անձի նկատմամբ նշանակված պատիժը կամ այլ կերպ բարելավում է անձի վիճակը, որպիսի պայմաններում դատական ակտը չվերանայելը կհանգեցնի օրինականության սկզբունքի ոտնահարման։ Այլ կերպ՝ դրանք այն «էական և անհաղթահարելի» հանգամանքներն են, որոնց պարագայում միայն արդարացի կլինի իրավական որոշակիության սկզբունքից շեղումը։ Այսպես, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի կարգավորումների վերլուծությունից բխում է, որ եթե մինչև եզրափակիչ դատավարական ակտի օրինական ուժի մեջ մտնելն արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, ապա եզրափակիչ դատավարական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, իսկ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե նշանակված պատիժն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից։ 13․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի թիվ ԵԱՔԴ/0220/01/15 դատավճռով Թ․Ավդալյանը դատապարտվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու հանցափորձի համար և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկման ձևով՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավում լրացուցիչ պատժի նշանակման, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկման ձևով՝ 3 (երեք) տարի ժամկետով։ - Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ դատապարտյալ Թ․Ավդալյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքները համընկնում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքներին, իսկ դատապարտյալի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժաչափը չի գերազանցում ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված ազատազրկման ձևով պատժի առավելագույն չափը։ - Վերաքննիչ դատարանը մասնակի բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը, հաշվի առնելով մի կողմից այն, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը չի սահմանում, թե որն է կաշառք տալու առանձնապես խոշոր չափը, այսինքն՝ տեղի է ունեցել արարքի մասնակի ապաքրեականացում, մյուս կողմից այն, որ ի տարբերություն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ նախատեսված է նաև տուգանքը, գտել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճռով հաստատած Թ․Ավդալյանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարված արարքը պետք է համապատասխանեցնել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասին։ 14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12․2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Թ․Ավդալյանի կողմից կատարված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը համապատասխանեցնելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, թույլ է տվել սխալ, մասնավորապես՝ չի գնահատել ՀՀ գործող քրեական օրենսգրքով կաշառք տալու չափերի սահմանման մասով օրենսդրական բացի առկայությունը։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է ՀՀ գործող քրեական օրենսգրքով կաշառք տալու չափերի սահմանման օրենսդրական բացի առկայությունը, սակայն դատապարտյալ Թ․Ավդալյանի կողմից կատարված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը համապատասխանեցնելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասին, դուրս է եկել քրեական օրենքին հետադարձ ուժ տալու, ինչպես նաև արարքի և պատժի նոր օրենքին համապատասխանեցնելու շրջանակից և փաստացի վերաորակել է դատապարտյալի կողմից կատարված արարքը։ 15․ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ դատապարտյալ Թ․Ավդալյանի կողմից կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանեցվել է նույն օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասին, մինչդեռ դատապարտյալ Թ․Ավդալյանի կողմից կատարված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը պետք է համապատասխանեցվեր ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածին, այն է՝ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով ՀՀ գործող քրեական օրենսգրքով կաշառք տալու չափերի սահմանման մասով օրենսդրական բացի առկայությունը, պետք է գնահատման ենթարկեր դատապարտյալ Թ․Ավդալյանի կողմից կատարված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի կաշառք տալու փորձի հասարակ հանցակազմին՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանեցնելու հարցը։ 16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունն առ այն, որ դատապարտյալ Թ․Ավդալյանի կողմից կատարված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին և Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Թ․Ավդալյանի կողմից կատարված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է նույն օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասին, իրավաչափ չեն։ 17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի նոյեմբերի 25-ի և Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումները բեկանելու և վարույթը, ըստ առարկայական ընդդատության, ՀՀ հակակոռուպցիոն դատարան նոր քննության փոխանցելու համար։ Նոր քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, պետք է քննության առնի դատապարտյալ Թ․Ավդալյանի միջնորդությունը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Թիվ ԵԴ/0924/13/22 վարույթով Թաժդին Մուրազի Ավդալյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի նոյեմբերի 25-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումները բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ