Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԱԴԴ/0014/11/09

Գործի համարը
ԵԱԴԴ/0014/11/09
Դիմող / մեղադրյալ
Հայարփի Աթոյան Միշայի
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
23.07.2010
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
7 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

ՀՀ Սահմանադրություն

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԱԴԴ/0014/11/09 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետությա ն վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԵԱԴԴ/0014/11/09 Նախագահող դատավոր՝ Ե.Դարբինյան Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 2010 թվականի հուլիսի 23-ին ք. Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի փետրվարի 22-ի որոշման դեմ Հայարփի Միշայի Աթոյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2009 թվականի նոյեմբերի 7-ին Ջավահիր Դավթյանը ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում խանութից, որտեղ ինքն աշխատում է որպես վաճառող, երկու անչափահաս երեխա փորձել են գողանալ մեկ տաբատ և սրբիչ, սակայն ինքը նկատել և խափանել է հանցագործությունը: 2. 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Ջ.Դավթյանի հաղորդման հիման վրա կազմված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել: 3. Վերը նշված որոշումը 2009 թվականի դեկտեմբերի 17-ին անչափահասների մայրը` Հայարփի Աթոյանը բողոքարկել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (Այսուհետ` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով փոփոխել 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և քրեական գործի հարուցումը մերժել` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: 2009 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանը մերժել է Հ.Աթոյանի բողոքը: 4. Հ.Աթոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ, իսկ Հ.Աթոյանի վերաքննիչ բողոքը` մերժել: Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 22-ի որոշման դեմ 2010 թվականի մարտի 12-ին Հ.Աթոյանը վճռաբեկ բողոք է բերել: 5. 2010 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձրել է` թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանելով 15-օրյա ժամկետ: Հ.Աթոյանը 2010 թվականի մայիսի 6-ին կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մայիսի 25-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») վարույթ է ընդունվել: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 6. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ հաստատված է համարվել, որ 2009 թվականի նոյեմբերի 7-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան 184/1 հասցեում գտնվող հագուստի խանութից Սուսաննա Գրիգորյանը, ծնված 1997 թվականին, փորձել է գաղտնի հափշտակել 15.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ կանացի տաբատ, իսկ վերջինիս եղբայրը` անչափահաս Նարեկ Գրիգորյանը, ծնված 2000 թվականին, փորձել է գաղտնի հափշտակել 2.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ սրբիչ, սակայն վերջիններիս կամքից անկախ հանգամանքներում արարքը ավարտին չի հասցվել, քանի որ նրանք բռնվել են խանութի աշխատակիցների կողմից (տե՛ս քրեական գործ, էջ 3): 7. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ` Սուսաննա Անդրանիկի Գրիգորյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, սակայն, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գողության համար քրեական պատասխանատվության ենթակա է անձը, ում 14 տարին լրացել է մինչև հանցանք կատարելը, իսկ Ս.Գրիգորյանը ծնվել է 1997 թվականին և գողություն կատարելու պահին եղել է 12 տարեկան, այսինքն` տվյալ հանցակազմի սուբյեկտ չի հանդիսացել, իսկ Ն.Գրիգորյանի արարքը թեև ձևականորեն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, սակայն հափշտակված գույքի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, բացի այդ Գ.Գրիգորյանը 9 տարեկան է և նույնպես չի հանդիսանում վերը նշված հանցակազմի սուբյեկտ, Ջավահիր Դավթյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերվ քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս քրեական գործ, էջ 3): 8. Վիճարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշման հիմքերը` անչափահասներ Ս.Գրիգորյանի և Ն.Գրիգորյանի օրինական ներկայացուցիչ Հայարփի Աթոյանը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարան` խնդրելով փոփոխել 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և քրեական գործի հարուցումը մերժել` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, այսինքն` քրեական գործի հարուցումը մերժել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Իր պահանջը բողոքաբերը հիմնավորել է նրանով, որ վերոնշյալ որոշման արդյունքում խախտվել է իր երեխաների` ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, քանի որ վերջիններս հաշվառման են վերցվում և նրանց նկատմամբ սահմանվում է հսկողություն (տե՛ս քրեական գործ, էջ 2): 9. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Հ.Աթոյանի կողմից քննիչի որոշման դեմ բողոքը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության 185-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ, այն ժամկետանց է, իսկ նրա պահանջը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից: Դատարանի դիրքորոշման համաձայն` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքը կարող էր ներկայացվել ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված մեկամսյա ժամկետում, այլ նույն օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված ժամկետում, քանի որ 185-րդ հոդվածում ընդհանուր կանոնից նախատեսված է բացառություն, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` իրավական ակտում հակասություն չի համարվում ընդհանուր նորմից բացառության սահմանումը: Առաջին ատյանի դատարանը պարզաբանել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառմամբ քրեական գործի հարուցման մերժումը չի կարող որևէ անբարենպաստ հետևանք առաջացնել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ: Ավելին` ՀՀ Սահմանադրության 41-րդ և ՀՀ քրեական դատավարության 18-րդ հոդվածների համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով (տե՛ս քրեական գործ, էջ 36): 10. Առաջին ատյանի դատարանում գործը քննվել է անչափահասների և նրանց օրինական ներկայացուցիչ Հ.Աթոյանի բացակայությամբ, թեև առկա է վերջինիս դիմումը` դատական նիստին իր և փաստաբանի մասնակցությունը ապահովելու համար գործի քննությունը հետաձգելու մասին (տե՛ս քրեական գործ, էջ 26): 11. Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում Հ.Աթոյանը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը և փոփոխել 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները և քրեական գործի հարուցումը մերժել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս քրեական գործ, 42-43 էջեր): 12. Վերաքննիչ դատարանը մերժել է Հ.Աթոյանի բողոքը և, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասը, վերահաստատել է Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն այն մասին, որ Հ.Աթոյանի բողոքը ժամկետանց է, իսկ նրա պահանջը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից (տե՛ս քրեական գործ, էջ 71): 13. Ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանը չեն պարզել վիճարկվող որոշման հետևանքով անչափահաս երեխաների իրավունքների հնարավոր խախտման փաստի առկայությունը կամ բացակայությունը: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում. 14. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես` սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը և չեն կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման: 15. Ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանի դատական ակտում որևէ կերպ չի հիմնավորվել, թե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքի փոփոխումը ինչու է դուրս մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից: Բացի այդ, բողոքի հեղինակը շարունակել է պնդել, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման արդյունքում խախտվել է իր երեխաների` ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով երաշխավորված ազատության և անձեռնմխելիության իրավունքը, քանի որ նշված որոշման հետևանքով իր երեխաները ոստիկանության համապատասխան բաժնում պետք է վերցվեն հաշվառման և վերջիններիս նկատմամբ պետք է սահմանվի հսկողություն: Բողոքաբերը փաստարկել է, որ իր երեխաների՝ Սուսաննա և Նարեկ Գրիգորյանների արարքներում ոչ թե գողության հանցակազմն է բացակայել, այլ առհասարակ բացակայել է գողության դեպքը: Ուստի քրեական գործի հարուցումը պետք է մերժվեր ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ և 9-րդ կետերով, այլ նույն հոդվածի 1-ին կետով («բացակայում է հանցագործության դեպքը»): 16. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 22-ի որոշումը և փոփոխել քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և քրեական գործի հարուցումը մերժել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. I. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերով քրեական գործով վարույթի կարճումը և քրեական հետապնդման դադարեցումը: 17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված` քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող ո՞ր հիմքով է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և արդարացվե՞լ են արդյոք անչափահասներ Սուսաննա և Նարեկ Գրիգորյանները, թե ոչ: 18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (2) արարքի մեջ հանցակազմ չկա»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, ...»: 19. Նախորդ կետում մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերը, որպես վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հիմքեր, էապես տարբերվում են միմյանցից իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական և բարոյական հետևանքներով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը դասվում է քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման «արդարացնող» հիմքերի խմբին: Նշված հիմքով գործի վարույթը կարճելիս և քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս հիմքերով քրեական հետապնդման դադարեցումը միշտ ենթադրում է մեղադրյալի լիովին արդարացում, այսինքն` այս հիմքով արդարացված անձին ոչ ոք իրավունք չունի ներկայացնելու իրավական և (կամ) բարոյական բնույթի որևէ պահանջ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ընդգրկված է քրեական գործով վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման «ոչ արդարացնող» հիմքերի շարքում: Նման հիմքերով վարույթի կարճման դեպքում փաստվում է, որ անձի կատարած արարքն իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ, սակայն օրենքով սահմանված պայմանների առկայության պարագայում քննչական մարմինները նրան ազատում են քրեական պատասխանատվությունից: 20. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքը նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքից առանձնացնելը ենթադրում է, որ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ) քրեական գործով վարույթը պետք է կարճվի և անձի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, եթե նրա արարքում բացակայում են հանցակազմի տարրը կամ տարրերը: Նշված կանոնից բացառություն է այն դեպքը, երբ հանցակազմի բացակայությունը պայմանավորված է բացառապես հանցանք կատարած անձի` քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելով: Վերջին դեպքում քրեական գործով վարույթը պետք է կարճվի և անձի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով՝ առանց վկայակոչելու 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ: Այլ կերպ՝ եթե հանցագործության կատարման պահին անձը չի հասել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված` քրեական պատասխանատվության տարիքին, իսկ հանցակազմի մյուս բոլոր տարրերը և հատկանիշներն առկա են, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և ոչ թե նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: 21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Ջ.Դավթյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ` հիմք ընդունելով այն, որ անչափահաս Ս.Գրիգորյանը հանցագործության կատարման պահին եղել է 12 տարեկան, այսինքն` տվյալ հանցակազմի սուբյեկտ չի հանդիսացել, իսկ անչափահաս Ն.Գրիգորյանի արարքը թեև ձևականորեն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, սակայն հափշտակված գույքի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, բացի այդ Գ.Գրիգորյանը 9 տարեկան է և նույնպես չի հանդիսանում վերը նշված հանցակազմի սուբյեկտ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): 22. Սույն որոշման 20-րդ կետում առկա իրավական դատողությունների և սույն որոշման 21-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների համադրման և վերլուծության արդյունքում առերևույթ ակնհայտ է դառնում, որ 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով (արարքում հանցակազմի բացակայություն), որը, ինչպես նշվեց վերևում, քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման «արդարացնող» հիմք է և բացառում է այս հիմքով արդարացված անձի վրա իրավական կամ բարոյական բնույթի որևէ պահանջ դնելը: Սակայն նույն որոշման մեջ նշվել է, որ անչափահասներ Ս.Գրիգորյանը և Ն.Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված գողության հանցակազմի սուբյեկտ չեն: Որոշման մեջ առկա այս ձևակերպումը ենթադրում է, որ սույն քրեական գործի հարուցումը մերժելու հիմք է հանդիսացել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, որը, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, քրեական գործով վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման «ոչ արդարացնող» հիմք է և չի բացառում անձի վրա որոշակի իրավական կամ բարոյական բնույթի պարտականություններ դնելը: Վերոշարադրյալ դատողությունների լույսի ներքո ինչպես բողոքաբերին, այնպես էլ նրա անչափահաս երեխաններին կարող է անհասկանալի մնալ, թե սույն գործով ինչ հիմքով է մերժվել քրեական գործի հարուցումը՝ «արդարացնո՞ղ», թե «ոչ արդարացնող», որը նրանց համար կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել: 23. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անչափահասների նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու հիմքի հստակեցումն առաջին հերթին կարևոր է նրանց իրավունքների, մասնավորապես, բողոքաբերի կողմից մատնանշված ազատության և անձեռնմխելիության իրավունքի (ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդված) ապահովման նկատառումով: Մինչդեռ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ո՛չ Առաջին ատյանի դատարանը և ո՛չ էլ Վերաքննիչ դատարանը չեն պարզել վիճարկվող որոշման հետևանքով անչափահաս երեխաների իրավունքների հնարավոր խախտման փաստի առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս, սույն որոշման 13-րդ կետը): Վճռաբեկ դատարանի այս դիրքորոշումը ներպետական օրենսդրության պահանջներից բացի, հիմնված է «Երեխաների իրավունքների մասին» Նյու-Յորքի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1992թ. հունիսի 1-ին) 3-րդ հոդվածի 1-ին մասի վրա, որի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը: Նույն հոդվածի 2-րդ մասը մասնակից պետություններին պարտավորեցնում է երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ, նկատի ունենալով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկվում են համապատասխան բոլոր օրենսդրական ու վարչական միջոցները: 24. Անդրադառնալով սույն որոշման 10-րդ կետում արձանագրված այն հանգամանքին, որ Առաջին ատյանի դատարանում գործը քննվել է անչափահասների և նրանց օրինական ներկայացուցիչ Հ.Աթոյանի բացակայությամբ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իր սեփական հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Ընդ որում, երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն: Կոնվենցիայի նշված հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ այդ նպատակով երեխային, մասնավորապես, հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ ունկնդրվել թե անմիջականորեն, թե իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով, ազգային օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով: Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանում դատաքննությանն անհրաժեշտ էր ապահովել երեխաների և վերջիններիս ներկայացուցչի մասնակցությունը: II. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման ժամկետները 25. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների եզրահանգումն այն մասին, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետում, այլ ոչ թե 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում: 26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ` «Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում»: 27. Մեջբերված իրավական դրույթերի վերլուծությունից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանցում առկա է ուղղակի հակասություն. առաջին դրույթը սահմանում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման յոթնօրյա ժամկետ, իսկ երկրորդը` մեկամսյա: 28. Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «(...) Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, (...)»: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը գործում է օրենսգրքի սկզբնական խմբագրությամբ (ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 12-ին), մինչդեռ 185-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-93-Ն օրենքի խմբագրությամբ (ուժի մեջ է մտել 2007թ. ապրիլի 7-ին): «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կոլիզիոն կանոնի կիրառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննության առարկա հարաբերությունների նկատմամբ պետք է գործի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կանոնը՝ որպես ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտ: 29. Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական (...) մարմինները ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ-իրավական ակտը կամ դրա մասը:» Սույն որոշման 28-րդ կետում շարադրված Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը բխում է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կոլիզիոն կանոնից, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բողոքարկման մեկամսյա ժամկետը քաղաքացիների համար ավելի նախընտրելի է, քան 185-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետը: 30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի և թե Վերաքննիչ դառարանի որոշումներով Հ.Աթոյանի բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ քննիչի որոշման դեմ բողոքը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ և ժամկետանց է (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): 31. Սույն որոշման 28-29-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն որոշման 30-րդ կետում շարադրված փաստական հանգամանքերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների եզրահանգումն այն մասին, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետում, իրավաչափ չէ: III. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակները. 32. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի եզրակացությունն այն մասին, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքը փոխելու պահանջը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից: 33. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: (…)»: 34. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները նշել են, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքը փոխելը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից (տե՛ս սույն որոշման 9-րդ և 12-րդ կետերը): 35. Սույն որոշման 33-րդ կետում մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դատարանն իրավասու չէ փոփոխել նախնական քննության մարմնի որոշումները: Սակայն դրա փոխարեն, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդյունքում դատարանն իրավասու է պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու անձի իրավունքների և ազատությունների խախտումը կամ մերժել ներկայացված բողոքը: Թեև բողոքաբերը ստորադաս դատարաններին ներկայացրել էր քննիչի որոշման փոփոխման պահանջ, որը բավարարվել չէր կարող, այնուհանդերձ դա Վերաքննիչ դատարանին հիմք չէր տալիս քննարկվող հարցը համարելու դատական վերահսկողության շրջանակից դուրս: Դատական վերահսկողության շրջանակը բնութագրում է դատական վերահսկողության ոլորտը՝ մինչդատական վարույթի այն ակտերը, որոնք ենթակա են դատական վերահսկողության, և ոչ թե բողոքաբերի պահանջը: Եթե բողոքը վերաբերում է դատական վերահսկողության շրջանակի մեջ մտնող որոշմանը, գործողությանը կամ անգործությանը, եթե բողոքարկման իրավական ընթացակարգերը պահպանված են և եթե դատական վերահսկողություն իրականացնող դատարանը իրավաչափ է համարում բողոքաբերի հիմնավորումները, ապա բողոքը չի կարող մերժվել միայն այն պատճառով, որ բողոքի պահանջը ձևական առումով բավարարել հնարավոր չէ: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակից դուրս չէ: 36. Քննության առարկա հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև դատական վերահսկողության շրջանակի հարցին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կիրառության շրջանակի և, համապատասխանաբար, հետագա դատական վերահսկողության ոլորտի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորքշում է հայտնել Վ.Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշման մեջ: Համաձայն այդ որոշման. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ դատական վերահսկողության առարկա կարող են լինել հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների բոլոր այն որոշումները և գործողությունները, որոնք խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը: (...)» (Տե՛ս Վալերի Գրիգորյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008թ. հուլիսի 25-ի ԵԿԴ/0031/11/08 որոշման 12-րդ կետը): 37. Սույն գործի փաստերից երևում է, որ քննիչի որոշմամբ հաստատված է ճանաչվել Սուսաննա և Նարեկ Գրիգորյանների արարքներում գողության հանցակազմի որոշ տարրերի և հատկանիշների առկայությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Մինչդեռ բողոքաբերը փաստարկում է, որ Սուսաննա և Նարեկ Գրիգորյաններն առհասարակ գողություն չեն կատարել, ոչ էլ դիտավորություն են ունեցել կատարելու գողություն: 38. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործության դեպքի բացակայությունն արդարացվածի համար քրեական հետապնդման դադարեցման առավել բարենպաստ հիմք է, քան որևէ այլ հիմք: Ուստի այն դեպքում, երբ վարութային որոշմամբ ճանաչվել է անձի արարքում հանցակազմի բացակայությունը, ապա արդարացվածի օրինական շահերի շրջանակում է պահանջել, որ դրա փոխարեն ճանաչվի հանցագործության դեպքի բացակայությունը: Այս առումով, դատական վերահսկողություն իրականացնող դատարանը պետք է ուսումնասիրի ինչպես տվյալ որոշումն ընդունած քրեական հետապնդման մարմնի, այնպես էլ բողոքաբերի հիմնավորումները և «ապացույցների գերակշռության» չափանիշով հանգի համապատասխան հետևության: 39. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման 17-38-րդ կետերում շարադրված իրավական հիմնավորումները հիմք են Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 22-ի որոշումները բեկանելու համար: 40. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշման դեմ անչափահասների օրինական ներկայացուցիչ Հայարփի Միշայի Աթոյանի դիմումը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 22-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ