Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Վարչական

ՎԴ/3400/05/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՎԴ/3400/05/22
Հայցվոր
Դավիթ Թովմասյան
Պատասխանող
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայություն
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
07.03.2025
Վարչական դատավարություն
Հատուկ կարծիք
PDF DOC

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3400/05/22 դատարանի որոշում 2025թ. Վարչական գործ թիվ ՎԴ/3400/05/22 Նախագահող դատավոր` Դատավորներ՝ Ա․ Հարությունյան Ռ․ Խանդանյան Հ․ Այվազյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող զեկուցող Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ Ք․ ՄԿՈՅԱՆ 2025 թվականի մարտի 07-ին գրավոր ընթացակարգով քննելով Դավիթ Թովմասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29․12․2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Դավիթ Թովմասյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ 23․02․2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 8180112625 որոշումը և 29․03․2022 թվականի «Վարչական ակտերն անփոփոխ թողնելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Դավիթ Թովմասյանը պահանջել է անվավեր ճանաչել 23․02․2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 8180112625 որոշումը և 29․03․2022 թվականի «Վարչական ակտերն անփոփոխ թողնելու վերաբերյալ» որոշումը։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ․ Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 16․05․2023 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29․12․2023 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքն ամողջությամբ բավարարվել է՝ Դատարանի 16․05․2023 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Թովմասյանը (ներկայացուցիչ՝ Կարեն Առաքելյան)։ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ Սահմանադրության 66-րդ, 75-րդ և 81-րդ հոդվածները, «Վարչարարության հիմքունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 43-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները, 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Սույն գործով վիճելի է հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը վարելու փաստը, ինչը նաև արտացոլվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում կատարված հետևյալ գրառմամբ՝ «Ես տ/մ վարորդը չեմ»: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցը հայցվորի կողմից միջամտող վարչական ակտում նշված ժամանակահատվածում վարած լինելու միակ ծանրակշիռ ապացույցը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն է, քանի որ մյուս ապացույցը՝ սթափության վիճակի զննության արձանագրությունը, որևէ կերպ չի կարող հանդիսանալ նշված փաստի ապացուցման համար թույլատրելի և վերաբերելի ապացույց, քանի որ դրանով օբեկտիվորեն անհնար է պարզել, թե արդյոք սթափության վիճակի զննության ենթարկված անձը վարել է տրանսպորտային միջոցը, թե՝ ոչ: Վերաքննիչ դատարանը, հայցվորի վրա դնելով իր անմեղությունն ապացուցելու պարտականությունը, թույլ է տվել դատական սխալ։ Այն է՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ անձը չի ներկայացրել որևէ փաստ, որով կհիմնավորվեր իր կողմից մեքենան վարած չլինելու հանգամանքը։ Վերաքննիչ դատարանի փաստարկն առ այն, որ տրանսպորտային միջոցի վարորդ չլինելու հանգամանքը ենթակա է ապացուցման հայցվորի կողմից, խախտում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը։ Բողոքարկվող դատական ակտով չի պահպանվել նախկինում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշմամբ սահմանված պրակտիկան առ այն, որ խախտման փաստը պետք է հիմնավորվի նաև համապատախսան տեխնիկական միջոցներով ձեռք բերված ապացույցներով, որոնցից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունից զատ կարող էր, ի թիվս այլնի, լինել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով կատարված տեսաձայնագրությունը կամ լուսանկարը, որով կապացուցվեր սույն գործով վիճարկվող փաստը՝ հայցվորի կողմից միջամտող վարչական ակտում նշված ժամանակահատվածում տրանսպորտային միջոցը վարելու փաստը, որը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հանդիսանում է վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստ, և որի ապացուցման պարտականությունը դրված է վարչական մարմնի վրա։ Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29․12․2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 16․05․2023 թվականի վճռին։ 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը. 1) Ծառայության պարեկը 23.02.2022 թվականին ժամը 01:25-ին կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որում նշվել է. «Տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը: Վկա՝ Հարություն Տիգրանի Պողոսյան 06155»: Որպես խախտված իրավանորմ արձանագրության մեջ նշված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը: Արձանագրության մեջ վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը տողում առկա է նշում՝ «Ես մեքենայի վարորդը չեմ» (հատոր 2-րդ, գ. թ. 5)․ 2) Ծառայության կողմից 23.02.2022 թվականին կայացվել է թիվ 8180112625 որոշումը, որով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Դավիթ Թովմասյանը զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով (հատոր 2-րդ, գ. թ. 5)․ 3) Տեխնիկական միջոցով կազմված (տպագրված) վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության համաձայն՝ թիվ 91100564 համարի սարքով, թիվ 02705 զննման համարով 23.02.2022 թվականին ժամը 01:16:18-ին կատարվել է սթափության ստուգում, որով Դավիթ Թովմասյանի արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0.586 մգ/լ (հատոր 2-րդ, գ. թ. 6)․ 4) Ծառայության պետի 29.03.2022 թվականի որոշմամբ Ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 23.02.2022 թվականին կայացված թիվ 8180112625 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վարչական բողոքը՝ առանց բավարարման (հատոր 1-ին, գ. թ. 34-37)։ 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 43-րդ հոդվածների, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով. Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ինչ ապացույցների համակցությամբ կարող է հաստատվել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու վարչական իրավախախտման փաստը։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով: Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար: ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմին՝ արձանագրել է, որ ներկայացված տվյալների, տեղեկությունների հավաստիության վերաբերյալ սկզբունքից ելնելով` քանի դեռ նշված տվյալներն ու տեղեկությունները` դրանք հիմնավորելու նպատակով ներկայացված ապացույցները, չեն հերքվել ծանրակշիռ, յուրաքանչյուր ապացույցին համարժեք հակառակ ապացույցով` չեն կարող դիտարկվել ոչ արժանահավատ։ Հետևաբար վարչական մարմինը պետք է հստակ հիմնավորի, թե ինչու դրանք արժանահավատ չեն, և ինչու է առավելությունը տրվում մեկ այլ ապացույցի (տե'ս, «Գլոբալափարալ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի թիվ ՎԴ/10261/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2022 թվականի որոշումը): «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում: Անդրադառնալով վերոգրյալ իրավակարգավորման վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում արձանագրել է, որ օրենսդիրը հստակ ամրագրել է վարչական վարույթում ապացուցման պարտականության կանոնները՝ սահմանելով, որ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում անձի համար բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է տվյալ անձը, իսկ անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը: Միևնույն ժամանակ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է այն ապացույցների շրջանակը, որոնց միջոցով անձը և վարչական մարմինը կարող են կատարել ապացուցման իրենց պարտականությունը: Ընդ որում, վարչական վարույթի ընթացքում հետազոտվել և գնահատվել կարող են միայն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված և օրենքին համապատասխանող ապացույցները: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ անձի կողմից ապացուցման իր պարտականությունը չկատարելու որևէ բացասական հետևանք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը չի սահմանել: Նշված օրենքով բացասական հետևանք չի սահմանվել նաև վարչական մարմնի կողմից իր պարտականությունը չկատարելու համար, այդուհանդերձ, վարչական մարմնի վրա օրենսդիրը դրել է գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու ուղղությամբ անհրաժեշտ ու համարժեք միջոցները ձեռնարկելու պարտականություն, քանի որ հենց վարչական մարմինն է կրում հիմնավորված և իրավաչափ վարչական ակտ ընդունելու պարտականությունը: Այսինքն՝ վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի եզրափակման և վարչական ակտ ընդունելու համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ ու համարժեք միջոցներ՝ իր գործողությունները որևէ կերպ չպայմանավորելով անձի կողմից ապացուցման պարտականությունը չկատարելու հանգամանքով: Ավելին՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում (հոդված 10-րդ), որպես վարչական մարմինների հետ հարաբերություններում վարչական վարույթի մասնակցի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք, ամրագրվել է հավաստիության կանխավարկածի սկզբունքը, համաձայն որի՝ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով: Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար (տե՛ս, «ԱՄՈԿԱ ԳԼԱՍ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7522/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը): Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում ամրագրված վերոգրյալ երաշխիքներից բացի, համանման երաշխիք է ամրագրվել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։ Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 43-րդ հոդվածների և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կարգավորումներով օրենսդիրը երաշխավորել է, որ - վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել, - անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում, - անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթում անձի հակաիրավական, մեղավոր վարքագիծ ցուցաբերած լինելու ապացուցման բեռը դրված է վարչական մարմնի վրա, - վիճարկման հայցով ապացուցման բեռը դրված է վարչական մարմնի վրա, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով, և եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավակարգավորումների ուժով տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու վարչական իրավախախտման փաստի ապացուցման պարտականությունը (բեռը) ինչպես վարչական վարույթի, այնպես էլ ՀՀ վարչական դատարանում վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում կրում է վարչական մարմինը, հետևաբար վերջինս պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ փաստը հաստատող անհերքելի ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։ Ընդ որում, երբ ենթադրյալ իրավախախտում կատարած անձը վիճարկում է իրավախախտումն իր կողմից կատարված լինելու հանգամանքը՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ գրառում կատարելով այն մասին, որ տրանսպորտային միջոցն ինքը չի վարել, ապա անձի ներկայացրած այդ տեղեկությունը համարվում է հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը` ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վարչական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի ներկայացրած, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex օfficiօ) սկզբունքի իրագործման պայմաներում ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար: Ըստ այդմ՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս, Սիրանուշ Վարդանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0634/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանի իրավական դիրքրոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Դավիթ Թովմասյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 23․02․2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 8180112625 որոշումը և 29․03․2022 թվականի «Վարչական ակտերն անփոփոխ թողնելու վերաբերյալ» որոշումն այն հիմքով, որ ինքը չի վարել տրանսպորտային միջոցը։ Դատարանը հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ վարչական վարույթում առկա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը բավարար չէր տրանսպորտային միջոց վարելու հանգամանքը հաստատված համարելու համար, մինչդեռ նշված իրավաբանական նշանակություն ունեցող փաստի առկայությունը պարտադիր պայման էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման համար: Արդյունքում՝ Դատարանը գտել է, որ վիճելի է մնում հայցվորի կողմից իրավախախտում կատարելու, մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու փաստը, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի առաջին մասի իմաստով դրա բացասական հետևանքները պետք է կրի Ծառայությունը։ Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ բավարարել է Ծառայության վերաքննիչ բողոքը՝ Դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանել և փոփոխել է՝ հայցը մերժել է։ Վերաքննիչ դատարանը մասնավորապես արձանագրել է հետևյալը․ «սույն դեպքում հայցվորը չի վիճարկել, որ եղել է ոչ սթափ, այլ պնդել է, որ տրանսպորտային միջոցի վարորդը ինքը չէ: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշված փաստարկը հիմնավորելու համար հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացահայտված չէ, թե հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը չվարելու պայմաններում ինչ կերպ Ոստիկանության պարեկային ծառայությունը կարող էր նույնականացներ հայցվորին, արձանագրությունում նշեր անձնական տվյալներ և կազմեր համապատասխան արձանագրություն, այնուհետև՝ որոշում: Հարց է ծագում, եթե հայցվորը չէր վարում տրանսպորտային միջոցը, ինչու պետք է ներկայանար և ներկայացներ համապատասխան փաստաթղթեր, որոնց միջոցով պարեկը նույնացրել է անձին, անցներ համապատասխան զննության: Նշված հանգամանքը համակցության մեջ գնահատելով պատասխանողի կողմից ներկայացված վարչական վարույթի այլ նյութերով, Վերաքննիչ դատարանը անհիմն է համարում ՀՀ վարչական դատարանի եզրահանգումն առ այն, որ վիճելի է մնում հայցվորի կողմից իրավախախտում կատարելու, մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու փաստը: (․․․)։ Տվյալ դեպքում հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորեր վարչական իրավախախտումն այլ անձի կողմից կատարված լինելու հանգամանքը, վերջինս միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունում նշել է, որ ինքը չի եղել վարորդը: Մինչդեռ, հայցվորի կողմից չի ներկայացվել տեղեկություններ, թե ով է վարել իրավախախտման կատարման պահին: Ուստի հայցվորի վկայակոչած փաստարկը բավարար չէ փաստելու, որ նշված իրավախախտումը կատարվել է այլ անձի կողմից: Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից մեքենան ոչ սթափ վիճակում վարելու փաստը հաստատվում է գործում առկա փաստաթղթերով, մասնավորապես՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ արձանագրությամբ»։ Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» կետի համաձայն՝ վարորդին արգելվում է՝ տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում (...) մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, որպես վարչական իրավախախտում, նկարագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասում, որն առաջ է բերում նույն հոդվածի սանկցիայի շրջանակներում վարչական պատասխանատվություն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման հիմքով անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով զրկելու վերաբերյալ վարչական ակտ կայացնելու համար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անհրաժեշտ է ապացուցել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝ - վարչական պատասխանատվության ենթարկվող անձը վարել է տրասպորտային միջոցը, - վարչական պատասխանատվության ենթարկվող անձը տրասպորտային միջոցը վարելիս եղել է ոչ սթափ վիճակում (արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը)։ Թվարկված երկու պայմանների միաժամանակյա առկայությունը պարտադիր է իրավախախտման փաստը հաստատված համարելու համար, ուստի նշված երկու հանգամանքները հիմնավորող բավարար ապացույցների առկայության դեպքում է միայն հնարավոր անձի նկատմամբ կիրառել պատժիչ սանկցիա՝ նրան զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սանկցիայի շրջանակներում վարչական պատասխանատվության ենթարկելու համար Ծառայությունը պարտավոր էր անհերքելի ապացույցներով հիմնավորել, որ վերջինս վարել է տրանսպորտային միջոցը՝ գտնվելով ոչ սթափ վիճակում։ Նման ապացույց կարող էր հանդիսանալ հսկողական տեսախցիկով արված տեսանյութը, որի պարունակությունը թույլ կտար ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք հայցվորն է վարել մեքենան։ Ընդ որում՝ մեքենան հայցվորի կողմից վարելու փաստը չհաստատվելու պարագայում հայցվորի ոչ սթափ վիճակում գտնվելու հանգամանքն ինքնին դառնում է ոչ էական, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված արարքը վարչական իրավախախտում որակելու համար պարտադիր է վերը նշված երկու պայմանների միաժամանակյա առկայությունը։ Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայության պարեկը 23.02.2022 թվականին ժամը 01:25-ին կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որում նշվել է. «Տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը: Վկա՝ Հարություն Տիգրանի Պողոսյան 06155»: Որպես խախտված իրավանորմ արձանագրության մեջ նշված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը: Արձանագրության մեջ վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը տողում առկա է նշում՝ «Ես մեքենայի վարորդը չեմ»։ Ծառայության կողմից 23.02.2022 թվականին կայացվել է թիվ 8180112625 որոշումը, որով Դավիթ Թովմասյանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով։ Տեխնիկական միջոցով կազմված (տպագրված) վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության համաձայն՝ թիվ 91100564 համարի սարքով, թիվ 02705 զննման համարով 23.02.2022 թվականին ժամը 01:16:18-ին կատարվել է սթափության ստուգում, որով Դավիթ Թովմասյանի արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0.586 մգ/լ։ Ծառայության պետի 29.03.2022 թվականի որոշմամբ պարեկային ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 23.02.2022 թվականին կայացված թիվ 8180112625 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վարչական բողոքը՝ առանց բավարարման։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (…): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ (...): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն` մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով (...): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը՝ (...) (2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (...): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում, արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության (...): «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ փաստել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները: Դրանցից են՝ յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը:  Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում ապացույցներ են համարվում այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հաստատում են գործի հանգամանքները, վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Սակայն ցանկացած փաստական տվյալ չէ, որ կարող է համարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ապացույց: Փաստական տվյալները կարող են համարվել ապացույց, եթե առաջին՝ բովանդակում են տվյալներ վարչական իրավախախտման կամ դրա բացակայության մասին, տվյալ անձի մեղավորության կամ անմեղության մասին, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին, և երկրորդ՝ այդ փաստական տվյալների բացահայտման, հավաքագրման և ձևակերպման գործընթացները պետք է համապատասխանեն օրենսդրության պահանջներին: Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզելու գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, գտել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել՝ կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ և ղեկավարվելով օրենքով՝ գնահատի գործով ձեռք բերված ապացույցները: Վերը նշվածն իրականացնելու համար համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս պետք է պատշաճ ձևով լուծի նաև հետևյալ հարցը՝ արդյո՞ք օրենքին համապատասխան են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է՝ դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք: Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները: Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում: (․․․)։ Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ թեև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը հանդիսանում է ապացույցի ինքնուրույն տեսակ, այդուհանդերձ այն ենթակա է գնահատման վարչական իրավախախտման առկայության փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ ապացույցների համակցության և բավարարության համատեքստում (տե՛ս, Արծրուն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6527/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19․11․2021 թվականի որոշումը): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում նույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (...) (ժը) սահմանում է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը (...): «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (...) (ժա) իրականացնում է ճանապարհապարեկային ծառայություն՝ որպես կանոն, շրջիկ պարեկության եղանակով. (...): «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է նույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը և օրենքով սահմանված կարգով արձանագրելով խախտումը` թույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, բացառությամբ նույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ» և «ժզ» կետերով նախատեսված դեպքերի: ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 1769-Ն որոշման 1-ին կետով սահմանվել է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի: Նույն հավելվածով սահմանված «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման» կարգի 12-րդ կետի համաձայն՝ պարեկային ավտոմոբիլները (մոտոցիկլետները) պետք է կահավորված լինեն հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված սարքավորումներով, բորտհամակարգչով, իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով (արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ և այլն), կապի միջոցներով, լուսարձակով, մահակով, կրակմարիչով, մինչբժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պայուսակով, ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան տեխնիկական միջոցներով ու ճանապարհային նշաններով: Ճանապարհային նշանների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով: Ծառայություն իրականացնող պարեկային ավտոմոբիլում (մոտոցիկլետի վրա) տեղադրված տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը և երթևեկության ուղղությունը ցույց տվող սարքավորումը և (կամ) ճանապարհապարեկային ծառայության իրականացման հսկողական տեսախցիկը պետք է միացվեն ծառայության դուրս գալու պահից և չանջատվեն (հսկողական տեսախցիկը` բացառությամբ ընդմիջման ժամանակի) մինչև ծառայության ավարտից հետո շարային ստորաբաժանում վերադառնալը: Եթե ծառայության ընթացքում այդ սարքերը շարքից դուրս են գալիս, ապա կարգախմբի ավագը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղեկացնել շարային ստորաբաժանման հերթապահին կամ հրամանատարին և հրամանատարի ցուցումով վերադառնալ շարային ստորաբաժանում` տեխնիկական թերությունները վերացնելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքով սահմանվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողի տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պարտավորությունն այն դեպքերում, երբ ակնհայտ կամ տեխնիկական միջոցերի օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները: Նշված դեպքում ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը և օրենքով սահմանված կարգով արձանագրել խախտումը: Միևնույն ժամանակ՝ ՀՀ կառավարության թիվ 1769-Ն որոշմամբ սահմանված «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման» կարգի համաձայն՝ պարեկային ավտոմոբիլները պետք է կահավորված լինեն իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով (արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ և այլն), ընդ որում, ճանապարհապարեկային ծառայության իրականացման հսկողական տեսախցիկը պետք է միացվի ծառայության դուրս գալու պահից և չանջատվի մինչև ծառայության ավարտից հետո շարային ստորաբաժանում վերադառնալը, իսկ շարքից դուրս գալու դեպքում պետք է անհապաղ տեղեկացվեն շարային ստորաբաժանման հերթապահը կամ հրամանատարը և հրամանատարի ցուցումով վերադառնան շարային ստորաբաժանում` տեխնիկական թերությունները վերացնելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարեկային ավտոմոբիլները իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով (արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ և այլն) կահավորելու պահանջն ինքնանպատակ չէ, և երբ ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պարտականությունից զատ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի վարչական իրավախախտման փաստը իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով արձանագրելու համար: Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը ենթադրյալ իրավախախտում կատարած անձը ստորագրել է` առանց որևէ առարկության վկայակոչման, վարչական իրավախախտման փաստը հաստատված համարելու համար բավարար հիմք չէ (տե՛ս, Արծրուն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6527/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19․11․2021 թվականի որոշումը): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է` վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա (...): ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե'ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Ծառայությունը, կրելով 23․02․2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 8180112625 որոշման կայացման համար հիմք ծառայած փաստերի ապացուցման պարտականությունը, Դատարան է ներկայացրել միայն վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ արձանագրությունը և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը տողում առկա է նշում՝ «Ես մեքենայի վարորդը չեմ»։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական իրախախտումների վերաբերյալ արձանագրության՝ վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը տողում առկա նշումը՝ «Ես մեքենայի վարորդը չեմ» վիճելի է դարձնում տրանսպորտային միջոցը Դավիթ Թովմասյանի կողմից վարելու փաստը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում հավաստիության կանխավարկածի սկզբունքից բխում է, որ սույն գործով Ծառայությունն էր պարտավոր ապացուցել, որ Դավիթ Թովմասյանը վարել է տրանսպորտային միջոցը՝ գտնվելով ոչ սթափ վիճակում, որպիսի պարտականությունը, սակայն, վերջինս չի կատարել: Մասնավորապես՝ թեև առկա են վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի՝ Դավիթ Թովմասյանը գտնվել է ոչ սթափ վիճակում և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի՝ Դավիթ Թովմասյանը տրանսպորտային միջոցը վարել է՝ գտնվելով ոչ սթափ վիճակում, այդուհանդերձ նշվածը բավարար չէր կարող լինել վերջինիս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտում վերագրելու համար, քանի որ տրանսպորտային միջոցը Դավիթ Թովմասյանի կողմից վարելու փաստը հաստատող բավարար համակցությամբ ապացույցներ գործում առկա չեն։ Ավելին, ինչպես վերը նշվեց, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության՝ վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը տողում Դավիթ Թովմասյանը կատարել է գրառում «Ես մեքենայի վարորդը չեմ», որպիսի տեղեկությունը բոլոր դեպքերում պետք է համարվեր հավաստի, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել։ Հաշվի առնելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ Դատարանը իրականացրել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն և ապացույցների համադրված գնահատման արդյունքում հաստատված չի համարել հայցվորին վերագրված իրավախախտման փաստը, այն է՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը և Ծառայության 23․02․2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 8180112625 որոշումն իրավացիորեն գնահատել է ոչ իրավաչափ՝ անվավեր ճանաչելով այն, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են, ի թիվս այլնի, նաև դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դավիթ Թովմասյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 30.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դավիթ Թովմասյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա է հատուցման Ծառայության կողմից: Ինչ վերաբերում է Դատարանում հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումարին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, որով լուծվել է նաև հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի հարցն ու պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձվել է 10․000 ՀՀ դրամ։ Միաժամանակ, վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի կազմում ներառել է նաև ներկայացուցիչների վճարները: Սույն գործում առկա է Դավիթ Թովմասյանի (Պատվիրատու) և «ԼԻԴԵՐ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ի (Կատարող) միջև 11․04․2022 թվականին կնքված «Իրավաբնական ծառայությունների մատուցման մասին» պայմանագիր (հատոր 1-ին, գ․ թ․ 45-48), որի 1․1․ և 4․ կետերով սահմանվել է, որ Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի հաշվին մատուցել հետևյալ իրավաբանական ծառայություննեը․ Ծառայության կողմից կայացված թիվ 8180112624, թիվ 8180112625, թիվ 8180112626, թիվ 8180112627 վարչական ակտերի հիմքով ծագած իրավահարաբերություններում ներկայացնել Պատվիատուի իրավունքներն ու օրինական շահերը, հանդես գալ որպես լիազորված ներկայացուցիչ (․․․) ՀՀ դատական բոլոր ատյաններում՝ ընդհանուր իրավասության, վարչական, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում՝ (․․․) այդ թվում՝ հայցադիմումըը կազմելու, (․․․), դատական ակտը բողոքարկելու, (․․․) և դատավարական այլ գործողություններ։ Կողմերի համաձանությամբ պայմանագրի գին է սահմանվել 100․000 ՀՀ դրամը։ Սույն գործում առկա է նաև «ԼԻԴԵՐ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից 26․05․2022 թվականին տրված տեղեկանք, որը տրվել է առ այն, որ Կարեն Առաքելյանը 11․04․2022 թվականից մինչ օրս աշխատում է «ԼԻԴԵՐ ԸՆԴ ԿՈ» ՍՊ ընկերությունում՝ որպես իրավաբան (հատոր 1-ին, գ․ թ․ 49), որով հաստատվում է, որ Կարեն Առաքելյանը հանդիսանում է «ԼԻԴԵՐ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ի աշխատակից և իրականացնում է Դավիթ Թովմասյանի ներկայացուցչությունը սույն վարչական գործով։ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության և բռնագանձման հարցերին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե'ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը): Վերը նշված դիրքորոշման լույսի ներքո հաշվի առնելով սույն գործով ներկայացուցչի կատարած աշխատանքի ծավալը՝ Վերաքննիչ դատարանում դատական նիստին մասնակցությունը, վճռաբեկ բողոքը կազմելն ու ներկայացնելը, գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը) և այն համադրելով գործում առկա` Դավիթ Թովմասյանի և «ԼԻԴԵՐ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ի միջև 11․04․2022 թվականին կնքված «Իրավաբնական ծառայությունների մատուցման մասին» պայմանագրով սահմանված վճարման ենթակա գումարի չափի հետ, և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սույն գործը վերաբերում է պայմանագրի առարկա հանդիսացող միայն թիվ 8180112625 վարչական ակտին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ողջամիտ է պատասխանողից հօգուտ Դավիթ Թովմասյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում գործի քննության հետ կապված փաստաբանական վճարի խելամիտ վարձատրության հատուցման ենթակա գումար: Ինչ վերաբերում է Դատարանում գործի քննության հետ կապված ներկայացուցչի վարձատրությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, որով լուծվել է նաև այլ դատական ծախսերի հարցն ու պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձվել է 20․000 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից ներկայացուցչին վճարված գումար, և 560 ՀՀ դրամ՝ որպես փոստային ծախս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29․12․2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 16․05․2023 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով։ 2. ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությանից հօգուտ Դավիթ Թովմասյանի բռնագանձել 30․000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությանից հօգուտ Դավիթ Թովմասյանի բռնագանձել 20․000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում և ՀՀ վճռաբեկ դատարանում ներկայացուցչի վճարի հատուցման ենթակա գումար։ 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող Զեկուցող Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ Ք․ ՄԿՈՅԱՆ