Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ2/0010/01/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ2/0010/01/23
- Դիմող / մեղադրյալ
- Արտակ ՀարությունյանՄեսրոպ Հակոբյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 24.03.2025
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
16 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 3. Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Հոդված 17. Հանցանքի տեսակները
- Հոդված 19. Հանցագործության տեսակները
- Հոդված 38. Հանցակիցների տեսակները
- Հոդված 46. Հանցակիցների տեսակները
- Հոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 175. Ավազակությունը
- Հոդված 179. Յուրացնելը կամ վատնելը
- Հոդված 256. Վստահված գույքը հափշտակելը
- Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը
- Հոդված 445. Պաշտոնեական կեղծիքը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ2/0010/01/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Գ․Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Կ․Ամիրյան
դատավորներ՝ Ա․Նահապետյան
Ա․Հովհաննիսյան
2025 թվականի մարտի 24-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի ապրիլի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի մարտի 6-ի որոշմամբ թիվ ԳԴ3/0003/01/22 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արտակ Ռոբերտի Հարությունյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), Մեսրոպ Մերուժանի Հակոբյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, որին շնորհվել է թիվ ՀԿԴ2/0010/01/23 համարը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ պաշտպաններ Վ․Համբարձումյանի և Լ․Հայրապետյանի միջնորդությունները բավարարվել են՝ ամբաստանյալներ Ա․Հարությունյանին և Մ․Հակոբյանին առաջադրված մեղադրանքներով քրեական հետապնդումները դադարեցվել են, իսկ քրեական գործի վարույթը կարճվել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
2․ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Ա․Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2024 թվականի ապրիլի 16-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հունիսի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ ամբաստանյալ Ա․Հարությունյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ու 445-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) և ամբաստանյալ Մ․Հակոբյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ դադարեցնելու մասին որոշումը, ճիշտ չի կիրառել նյութական օրենքը, այն է՝ կիրառել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը, որոնք ենթակա չէին կիրառման։
Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները մի դեպքում հետադարձ ուժ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված հափշտակության, պատճառված գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող օրենքին, իսկ մյուս դեպքում, ըստ էության, կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սահմանում է միջին ծանրության հանցագործության համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները (քրեաիրավական հետևանքներ), այն դեպքում, երբ մեղադրյալների կողմից կատարված արարքները երբևէ չեն համապատասխանել և չէին կարող համապատասխանել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործությանը:
Բողոքի հեղինակը նաև փաստել է, որ վիճարկվող դատական ակտերում ստորադաս դատարանները մի կողմից հաստատված են համարել Ա․Հարությունյանին և Մ․Հակոբյանին մեղսագրված համապատասխանաբար 3․776․695 և 3․211․408 ՀՀ դրամի հափշտակության կատարումը, մյուս կողմից նշել են, որ հիշյալ հանցագործությունների համար նախատեսված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցել են։
Ի լրումն վերոգրյալի՝ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, դադարեցնելով ամբաստանյալներ Ա․Հարությունյանի և Մ․Հակոբյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները, կիրառելի է համարել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի կարգավորումները, այսինքն՝ առաջնորդվել է հիշյալ օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոնով, մինչդեռ հաշվի առնելով ՀՀ գործող քրեական օրենսգրքին հետադարձ ուժ տալու հանգամանքը՝ պետք է կիրառեր ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով միջին ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետը, որը տասը տարի է:
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ վարույթը փոխանցելով ստորադաս դատարան նոր քննության կամ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Ա.Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) այն բանի համար, որ․ «(…) նա 2016 թվականի հուլիսի 6-ից մինչև 2018 թվականի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածներում, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ուրիշի գույքը յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, հիշյալ ՊՈԱԿ-ում բնակվող բնակիչներին հասանելիք 2.833.900 ՀՀ դրամ արժողության, 1260 կիլոգրամ տավարի ոսկրոտ միսը և 3569 լիտր կաթը, օրինական ճանապարհով օգտագործված ցույց տալու նպատակով, համաձայնության գալով պաշտոնատար անձ չհանդիսացող «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի պահեստապետ Վահագն Սամսոնի Նալբանդյանի և ճաշարանի ավագ խոհարար Արմինե Գևորգի Շաբոյանի հետ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, իրենց ստորագրություններով հաստատել են պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող հաշվապահական փաստաթղթերից ելքի հաշիվ ապրանքագրերի ամենօրյա լրացվող փաստաթղթերը, իբրև 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 17-ը «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում օգտագործվել է 1260 կիլոգրամ տավարի ոսկրոտ միս և 3569 լիտր կաթ, սակայն նշված քանակի և արժողության ապրանքը վաճառել է այլ անձի՝ այդ կերպ հափշտակելով խոշոր չափերի՝ 2.833.900 ՀՀ դրամ գումար:
Այսպես.
Արտակ Հարությունյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ուրիշի գույքը խոշոր չափերով յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, 2017 թվականի հունվար ամսին, մեկ կիլոգրամ տավարի միսը 1500 ՀՀ դրամ գումարով վաճառելու հարցի շուրջ համաձայնության գալով Վարդենիս քաղաքի բնակիչ Ստեփան Զավենի Հակոբյանի հետ, 2017 թվականի հունվարից մինչև 2018 թվականի հուլիս ամիսը հանձնարարել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի պահեստապետ Վահագն Սամսոնի Նալբանդյանին իրենց կազմակերպություն ստացված տավարի մսից յուրաքանչյուր ամիս 70 կիլոգրամ փոխանցել Ստեփան Հակոբյանին, ինչը կատարվել է ինչպես Վահագն Նալբանդյանի, այնպես էլ Արտակ Հարությունյանի կողմից։ Ընդհանուր առմամբ Ստեփան Հակոբյանին 18 ամիսների ընթացքում վաճառվել է շուրջ 1260 կիլոգրամ տավարի ոսկրոտ միս: Արտակ Հարությունյանը կրկին գործելով մեկ միասնական դիտավորությամբ, մեկ լիտր կաթը 120 ՀՀ դրամով վաճառելու հարցի շուրջ համաձայնության գալով գործով չպարզված անձի հետ, 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի օժանդակ անսանաֆերմայից ստացված շուրջ 3569 լիտր կաթը մաս-մաս վաճառել է վերջինիս, այդ կերպ հափշտակել խոշոր չափերի՝ 2.833.900 ՀՀ դրամ գումար, որը տնօրինել է իր հայեցողությամբ։
(…) Բացի այդ, Արտակ Հարությունյանը, 2.833.900 ՀՀ դրամ արժողության, 1260 կիլոգրամ տավարի ոսկրոտ միսը և 3569 լիտր կաթը, օրինական ցույց տալու նպատակով, համաձայնության գալով պաշտոնատար անձ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի պահեստապետ Վահագն Սամսոնի Նալբանդյանի և ճաշարանի ավագ խոհարար Արմինե Գևորգի Շաբոյանի հետ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, իրենց ստորագրություններով՝ հաստատել են պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող հաշվապահական փաստաթղթերից ելքի հաշիվ ապրանքագրերի ամենօրյա լրացվող փաստաթղթերը, իբրև 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 17-ը «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում օգտագործվել է 1260 կիլոգրամ տավարի միս և 3569 լիտր կաթ:
(…) Բացի այդ, Արտակ Հարությունյանը, 2,833,900 ՀՀ դրամ արժողության, 1260 կիլոգրամ տավարի ոսկրոտ միսը և 3569 լիտր կաթը, օրինական ճանապարհով օգտագործված ցույց տալու նպատակով, համաձայնության գալով պաշտոնատար անձ չհանդիսացող «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի պահեստապետ Վահագն Սամսոնի Նալբանդյանի և ճաշարանի ավագ խոհարար Արմինե Գևորգի Շաբոյանի հետ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, իրենց ստորագրություններով հաստատել են պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող հաշվապահական փաստաթղթերից ելքի հաշիվ ապրանքագրերի ամենօրյա լրացվող փաստաթղթերը, իբրև 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 17-ը «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում օգտագործվել է 1260 կիլոգրամ տավարի ոսկրոտ միս և 3569 լիտր կաթ։
(…) Բացի այդ, Արտակ Հարությունյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով, պատասխանատու աշխատակիցների օժանդակությամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել մի շարք պաշտոնեական փաստաթղթերում, որի արդյունքում մի շարք աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններում ստանալով աշխատավարձ տնօրինել են, իսկ Արտակ Հարությունյանն այդ կերպ՝ վատնման եղանակով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը դրսևորվել է հետևյալ կերպ՝
Արտակ Ռոբերտի Հարությունյանը, ուրիշի գույքն առանձնապես խոշոր չափերով, մեկ միասնական դիտավորությամբ վատնելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, 2014 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2015 թվականի ապրիլի 28-ը, այնուհետև 2016 թվականի հուլիսի 6-ից մինչև 2018 թվականի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածներում, հանդիսանալով «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, գիտակցելով, որ ՊՈԱԿ-ի ատամնաբույժ Մեսրոպ Մերուժանի Հակոբյանը, գրադարանավարուհի Սյուզաննա Ռոբերտի Թադևոսյանը, ինչպես նաև ՊՈԱԿ-ի մյուս աշխատակիցներ՝ Նարինե Մարտիկի Հարթենյանը և Արմեն Գուրգենի Խաչատրյանն իրենց աշխատած ժամանակահատվածում, աշխատանքի պատշաճ չեն հաճախում, չեն կատարում իրենց վրա դրված պարտականությունները, վերջիններիս աշխատանքից ազատելու փոխարեն, անձնական այլ դրդումներով, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատակիցների հաճախումների տեղեկագրերում՝ տաբելավարուհի Մարի Միշայի Հովհաննիսյանի օժանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել, իբրև նշված անձինք հաճախել են աշխատանքի, որի արդյունքում Մեսրոպ Մերուժանի Հակոբյանը 2014 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2015 թվականի ապրիլի 28-ը, այնուհետև 2016 թվականի հուլիսի 6-ից մինչև 2018 թվականի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածներում անօրինական չի հաճախել աշխատանքի և նրան է փոխանցվել՝ 3.211.408 ՀՀ դրամ աշխատավարձ, Սյուզաննա Ռոբերտի Թադևոսյանը՝ 2017 թվականի մարտի 16-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածներում, ևս անօրինական չի հաճախել աշխատանքի նրան է փոխանցվել՝ 534.379 ՀՀ դրամ աշխատավարձ, Նարինե Մարտիկի Հարթենյանը 2017 թվականի հունիսի 7-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում անօրինական չի հաճախել աշխատանքի և նրան է փոխանցվել՝ 21.512 ՀՀ դրամ աշխատավարձ և Արմեն Գուրգենի Խաչատրյանը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին և դեկտեմբերի 30-ին անօրինական բացակայել է աշխատանքից և նրան է փոխանցվել՝ 9.396 ՀՀ դրամ աշխատավարձ, որոնք վերջիններս ստացել և տնօրինել են և Արտակ Հարությունյանն այդ կեպ վատնելու եղանակով պետական միջոցներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 3.776.695 ՀՀ դրամ գումար (…)»։
Մ․Հակոբյանը որպես մեղադրյալ է ներգրավվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ․ «(…) նա 2014 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2015 թվականի ապրիլի 28-ը, այնուհետև 2016 թվականի հուլիսի 6-ից մինչև 2018 թվականի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածներում, հանդիսանալով «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի ատամնաբուժ, աշխատանքի չհաճախելու պայմաններում՝ աշխատավարձ ստանալու եղանակով, օժանդակել է նույն ՊՈԱԿ-ի տնօրեն, պաշտոնատար անձ հանդիսացող Արտակ Հարությունյանին առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի վատնման եղանակով հափշտակելուն:
Այսպես, Մեսրոպ Հակոբյանը 2014 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2015 թվականի ապրիլի 28-ը, այնուհետև 2016 թվականի հուլիսի 6-ից մինչև 2018 թվականի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածներում հանդիսանալով «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի ատամնաբուժ, նախապես տեղյակ լինելով, որ կնքված պայմանագրերով պարտավոր է յուրաքանչյուր օր ներկայանալ աշխատանքի և մինչ աշխատանքային օրվա ավարտ չբացակայել աշխատավայրից, աշխատանքի ոչ պատշաճ հաճախելու պայմաններում «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, պաշտոնատար անձ հանդիսացող Արտակ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանդակելու դիտավորությամբ աշխատանքի չի հաճախել, որպիսի պայմաններում Արտակ Հարությունյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատակիցների հաճախումների տեղեկագրերում տաբելավարուհի Մարի Միշայի Հովհաննիսյանի օժանդակությամբ կեղծումներ կատարելով՝ տեղեկագրերում Մեսրոպ Հակոբյանի կողմից աշխատանքի իբրև պատշաճ ներկայանալու մասին կեղծ տեղեկություններ լրացնելով, վերջինս ներկայացրել է, որպես աշխատանքի պատշաճ հաճախած և հիշյալ ժամանակահատվածում իրեն վստահված ՊՈԱԿ-ի միջոցներից հափշտակել է Մ․Հակոբյանին աշխատավարձի տեսքով փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.211.408 ՀՀ դրամ գումարը, որն էլ վերջինս ստացել է ու տնօրինել է»։
7․ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) 1/ ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Հարությունյանին՝
1.1/ առաջադրված 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանքը դասակարգվում է ծանր հանցագործությունների տեսակին, այն համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին, որը դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների տեսակին։ Հիմք ընդունելով քրեական օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, առ այն, որ արարքի պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, ուստի Արտակ Ռոբերտի Հարությունյանի նկատմամբ կիրառելի է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պատժով պայմանավորված օրենսդրական կարգավորումները.
1.2/ առաջադրված 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանքը դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների տեսակին, այն համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին, որը ևս դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների տեսակին.
1.3/ առաջադրված 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքը դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների տեսակին, այն համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որը դասակարգվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների տեսակին։ Հիմք ընդունելով քրեական օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, առ այն, որ արարքի պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, ուստի Արտակ Ռոբերտի Հարությունյանի նկատմամբ կիրառելի է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատժով պայմանավորված օրենսդրական կարգավորումները.
2/ ամբաստանյալ Մեսրոպ Մերուժանի Հակոբյանին առաջադրված 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանքը դասակարգվում է ծանր հանցագործությունների տեսակին, այն համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին, որը դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների տեսակին։ Հիմք ընդունելով քրեական օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, առ այն, որ արարքի պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, ուստի Մեսրոպ Մերուժանի Հակոբյանի նկատմամբ կիրառելի է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պատժով պայմանավորված օրենսդրական կարգավորումները.
և գտնում է, որ՝
1/ թիվ ՀԿԴ2/0010/01/23 քրեական գործով ամբաստանյալ Արտակ Հարությունյանի պաշտպան Վարդան Համբարձումյանի և ամբաստանյալ Մեսրոպ Հակոբյանի պաշտպան Լիլիթ Հայրապետյանի միջնորդությունները հիմնավոր են և այն պետք է բավարարել.
2/ թիվ ՀԿԴ2/0010/01/23 քրեական գործով ամբաստանյալ Արտակ Հարությունյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին, իսկ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը և 445-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին և 314-րդ հոդվածի 1-ին մասին/ հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով /1998 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով/.
3/ թիվ ՀԿԴ2/0010/01/23 քրեական գործով ամբաստանյալ Մեսրոպ Հակոբյանի նկատմամբ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով /համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին/ հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով /1998 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով/.
4/ թիվ ՀԿԴ2/0010/01/23 քրեական գործի վարույթը կարճել՝ վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառվելու հիմքով։ (...)»։
8. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(…) 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալներ Ա․ Հարությունյանի և Մ․ Հակոբյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Այսպես․
Վերաքննիչ դատարանը նախ փաստում է, որ ներկայացված բողոքը վերաբերում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելուն, որի համատեքստում պետք է փաստել, որ Արտակ Հարությունյանին, ի թիվս այլնի, վերագրվում են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքների կատարում, որոնք կատարվել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ժամանակ և վերջինիս վերագրվող արարքները համապատասխանում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին, որով նախատեսված պատժատեսակ է նաև ազատազրկումը՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։ Այսինքն, Արտակ Հարությունյանին վերագրվող նշյալ արարքները դասվում են միջին ծանրության հանցանքների շարքին։
Մեսրոպ Հակոբյանին վերագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք, որը կատարվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ժամանակ և վերջինիս վերագրվող արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին, որով նախատեսված պատժատեսակ է նաև ազատազրկումը՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։ Այսինքն, Մեսրոպ Հակոբյանին վերագրվող արարքը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասը հանդես է գալիս որպես պատիժը մեղմացնող օրենք և ունի հետադարձ ուժ։
Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննության առարկա դեպքի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը՝ հետևյալ հիմնավորմամբ․
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարքները դասվում են միջին ծանրության հանցանքների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն 10 տարի է, ինչն ամբաստանյալների համար առավել խիստ և անբարենպաստ կարգավորում է, քան 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքների՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարքներին համապատասխանեցման արդյունքում դրա ծանրությանը համարժեք՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի միջին ծանրության հանցանքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների վերաբերյալ կարգավորումները, քանի որ տվյալ օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն միջին ծանրության հանցանքների համար վաղեմության ժամկետը 5 տարի է։
Այսինքն, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատիժը մեղմացնելու առումով հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող, միաժամանակ այդ արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով՝ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերի հետ փոխկապակցվածությամբ, պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, հետևաբար, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով ձևակերպված՝ «սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան» (այսինքն, մեղմացնող մասով կիրառելով այդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խստացնող մասով այդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումները) պայմանի կիրառմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը։
Ընդ որում, Վերաքննիչ դատարանը վերոնշյալ դատողություններին հանգելիս հաշվի է առնում նաև Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 10-ի` Միշա Մուրադյանի վերաբերյալ թիվ ԵԴ/1424/01/21 որոշման տրամաբանությունն առ այն, որ պատժի ինստիտուտը հանդիսանում է ավելի մեծ ինստիտուտի, այն է՝ քրեական պատասխանատվության, բաղադրատարր։
8․ Այսպիսով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալներ Արտակ Հարությունյանին և Մեսրոպ Հակոբյանին վերագրված արարքները համապատասխանում են 2021 թվականին մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին, որոնք դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին և որոնց համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետները 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն 5 տարի է՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը, Արտակ Հարությունյանին և Մեսրոպ Հակոբյանին վերագրված արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ։ (…)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալներ Ա.Հարությունյանի և Մ․Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ … 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: …:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
… Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):
Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը) …:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝
պատժվում է … ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) խոշոր չափերով`
…
պատժվում է … ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ «… [Ս]ույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։
(...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ (…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: (…):
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
…
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. …:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի համաձայն՝
«… 2. Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
3) խոշոր չափերով`
պատժվում է … ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: …»։
10.1. ՀՀ Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում դատարանը՝ որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։
Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։
Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով։
11․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէ։
12․ Նախորդ կետում մեջբերված՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է մասնավորապես դիտարկել վստահված գույքի 3.776.695 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելու և վստահված գույքի 3.211.408 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելուն օժանդակելու հանցավոր արարքները։ Այսպես՝ նշված արարքները սույն դեպքում կատարման պահին նախատեսվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, համապատասխանաբար՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնք, համաձայն նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվել են ծանր հանցագործությունների շարքին, և դրանց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ է հանդիսացել տասը տարին։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի համաձայն՝ հափշտակության առանձնապես խոշոր չափ է սահմանված 5 (հինգ) միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը, որի արդյունքում վերը նշված արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի և 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով նախատեսված հանցավոր արարքներին, որոնք դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Դրա հետ մեկտեղ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում, ամրագրել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի։
Ուստի ստացվում է, որ վստահված գույքի 3.776.695 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելը և վստահված գույքի 3.211.408 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելուն օժանդակելը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, այն է՝ վերոհիշյալ հանցավոր արարքների կատարման մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է տասը տարի։
Վերոգրյալից հետևում է, որ տվյալ դեպքում գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ վստահված գույքի 3.776.695 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելը և վստահված գույքի 3.211.408 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելուն օժանդակելը հանցանքները, հանցագործության առարկայի սահմանված չափերի փոփոխությամբ պայմանավորված, ՀՀ գործող քրեական օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու արդյունքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների առումով փոփոխությունների չի ենթարկվել։ Ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։
13․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- ամբաստանյալ Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, ի թիվս այլնի, վստահված գույքի 3.776.695 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելու, իսկ Մ․Հակոբյանին՝ վստահված գույքի 3.211.408 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելուն օժանդակելու համար, որպիսի արարքները նախաքննության մարմնի կողմից որակվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ համապատասխանաբար 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա.Հարությունյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին և համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքին, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Հիմք ընդունելով քրեական օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները՝ Առաջին ատյանի դատարանը եկել է եզրահանգման, որ Ա․Հարությունյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պատժով պայմանավորված օրենսդրական կարգավորումները և առաջնորդվելով արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքով միջին ծանրության հանցագրոծությունների համար նախատեսված վաղեմության ժամկետներով՝ Ա․Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցրել է։
Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Մ․Հակոբյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքին, արձանագրել է, որ այն դասվում է ծանր հանցագործությունների շարքին և համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին, որն իր հերթին դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին և առաջնորդվելով արարքի կատարման պահին միջին ծանրության հանցագրոծությունների համար սահմանված վաղեմության ժամկետներով՝ Մ․Հակոբյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ևս դադարեցրել է և քրեական գործի վարույթը կարճել,
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալներ Ա.Հարությունյանի և Մ․Հակոբյանի նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետն անցնելու առումով ամբաստանյալների նկատմամբ կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթները, քանի որ դրանք առավել բարենպաստ են նրանց համար։
Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ ամբաստանյալներ Ա.Հարությունյանին և Մ․Հակոբյանին վերագրված արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին, որոնք դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին, և որոնց համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետները, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն, 5 տարի է, ուստի Առաջին ատյանի դատարանը, Ա.Հարությունյանին և Մ․Հակոբյանին վերագրված արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի իրավադրույթներով, գործել է իրավաչափ։
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Ա.Հարությունյանին և Մ․Հակոբյանին վերագրվող, համապատասխանաբար՝ վստահված գույքի 3.776.695 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելը և վստահված գույքի 3.211.408 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելուն օժանդակելը կատարման պահին նախատեսված են եղել, համապատասխանաբար՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դասվել են ծանր հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, հիշյալ արարքները թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի դրույթների համաձայն՝ դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ կատարված օրենսդրական փոփոխություններն Ա.Հարությունյանի և Մ․Հակոբյանի համար վաղեմության ժամկետների հաշվարկման առումով բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես նախկին, այնպես էլ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս ամբաստանյալներ Ա.Հարությունյանին և Մ․Հակոբյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել վերը նշված արարքների համար քրեական պատասխանատվությունից, եթե դրանց ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ ամբաստանյալներ Ա.Հարությունյանի և Մ․Հակոբյանի կողմից, համապատասխանաբար՝ վստահված գույքի 3.776.695 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելու և վստահված գույքի 3.211.408 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելուն օժանդակելու մեղադրանքների մասով ենթադրյալ արարքները կատարվելուց հետո դեռևս տասը տարին չլրացած վերջիններս ազատվել են քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ և՛ վերագրվող ենթադրյալ արարքների կատարման ժամանակ, և՛ ներկայումս գործող քրեական օրենքի համաձայն՝ Ա.Հարությունյանին և Մ․Հակոբյանին վերագրվող վերոնշյալ արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է տասը տարի։
15․ Ամփոփելով վերը շարադրվածը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ վստահված գույքի 3.776.695 ՀՀ դրամի չափով հափշտակության դրվագով և Մ․Հակոբյանի նկատմամբ վստահված գույքի 3.211.408 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելուն օժանդակելու մեղադրանքներով քրեական հետապնդումները դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու մասով՝ ստորադաս դատարանները թույլ են տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, հիմք է Ա.Հարությունյանի և Մ․Հակոբյանի նկատմամբ վերը նշված մեղադրանքներով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը՝ բեկանված մասով, Առաջին ատյանի դատարան նոր քննության փոխանցելու համար։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ամբաստանյալներ Ա.Հարությունյանին և Մ․Հակոբյանին առաջադրված վերոնշյալ մեղադրանքների մասով ըստ էության քննության առնի սույն քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։
16․ Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրել է եզրափակիչ դատական ակտ, որով ամբաստանյալներ Ա.Հարությունյանի և Մ․Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները վերացվել են՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալների նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը, որով քրեական գործի քննության սույն փուլում կապահովվի վերջիններիս իրավաչափ վարքագիծը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 386-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի ապրիլի 16-ի որոշումը մասնակի՝ ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Հարությունյանի նկատմամբ վստահված գույքի 3.776.695 ՀՀ դրամի չափով հափշտակության դրվագով և Մեսրոպ Մերուժանի Հակոբյանի նկատմամբ վստահված գույքի 3.211.408 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելուն օժանդակելու մեղադրանքներով քրեական հետապնդումները դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու մասով, բեկանել և այդ մասով վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
2․ Ամբաստանյալներ Արտակ Ռոբերտի Հարությունյանի և Մեսրոպ Մերուժանի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը։
3․ Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։
4․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս․ՉԻՉՈՅԱՆ
