Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ1/0037/01/23
- Գործի համարը
- ՀԿԴ1/0037/01/23
- Դիմող / մեղադրյալ
- Արտաշես ԵգորյանԱիդա ՄարտիրոսյանՇողիկ ԱնտոնյանԱրաքսի ՀարությունյանԱնժելա Ազատյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 30.04.2025
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
11 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 6. Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Հոդված 9. Դատավարական ակտի հատկանիշները և պարտադիրությունը
- Հոդված 12. Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
- Հոդված 13. Քրեական վարույթի կարճման հիմքերը
- Հոդված 15. Վարույթի հանրայնությունը
- Հոդված 24. Վարույթի ողջամիտ ժամկետը
- Հոդված 37. Վերադաս դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում
- Հոդված 362. Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ1/0037/01/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Մ․Մոսինյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Կ․Ամիրյան
դատավորներ՝ Ա․Մարտիրոսյան
Ա․Հովհաննիսյան
2025 թվականի ապրիլի 30-ին քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ1/0037/01/23 քրեական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1․ 2020 թվականի հունիսի 30-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 312․1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58213420 քրեական գործը։
2020 թվականի հուլիսի 2-ին Արտաշես Եգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։
2020 թվականի հուլիսի 6-ին Աիդա Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։
2020 թվականի հուլիսի 6-ին Շողիկ Անտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
2020 թվականի հուլիսի 6-ին Արաքսի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
2020 թվականի հուլիսի 6-ին Անժելա Ազատյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
2020 թվականի հուլիսի 24-ին թիվ 58213420 քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթ։
2023 թվականի ապրիլի 27-ին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա․Ազատյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և հաջորդ օրը նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
2023 թվականի ապրիլի 27-ին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա․Մարտիրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և հաջորդ օրը նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
2023 թվականի ապրիլի 27-ին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա․Եգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և հաջորդ օրը նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։
2023 թվականի ապրիլի 27-ին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Շ․Անտոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և հաջորդ օրը նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
2023 թվականի ապրիլի 27-ին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա․Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և հաջորդ օրը նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
2. 2023 թվականի օգոստոսի 21-ին Շիրակի մարզի դատախազ Ա․Չիչոյանի կողմից մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունները բավարարվել են և մեղադրյալներ Ա․Եգորյանի, Ա․Ազատյանի, Ա․Մարտիրոսյանի, Ա․Հարությունյանի և Շ․Անտոյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետները երկարաձգվել են երկու ամիս ժամկետով` մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը։
3․ 2023 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 58213420 քրեական վարույթը, որին շնորհվել է ՀԿԴ1/0037/01/23 համարը։
Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ ստանձնվել է թիվ ՀԿԴ1/0037/01/23 քրեական գործի վարույթը և նշանակվել է նախնական դատալսումներ։
2024 թվականի հուլիսի 9-ին՝ նախնական դատալսումների ընթացքում, Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Ա․Եգորյանի պաշտպան Ա․Հայրապետյանի, մեղադրյալ Ա․Ազատյանի պաշտպան Ռ․Մովսիսյանի, մեղադրյալ Ա․Հարությունյանի պաշտպան Հ․Ղարաքեշիշյանի, մեղադրյալ Ա․Մարտիրոսյանի պաշտպան Հ․Հարությունյանի և մեղադրյալ Շ․Անտոնյանի պաշտպան Մ․Մուրադյանի միջնորդությունները բավարարվել են, մեղադրյալ Ա․Եգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, մեղադրյալ Ա․Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեղադրյալ Ա․Ազատյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեղադրյալ Շ․Անտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեղադրյալ Ա․Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրացած լինելու հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է՝ վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:
4. Շիրակի մարզի դատախազության դատախազ Թ․Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ։
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանը, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
5.1.Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել մեղադրյալ Ա․Եգորյանի պաշտպան Ա․Հայրապետյանը։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթով ճիշտ որոշում կայացնելու վրա, քանի որ արդարադատության շահի դրսևորման և դրա պահանջի առկայության, ինչպես նաև դեպքի բացառիկության վերաբերյալ բավարար տվյալների առկայության պայմաններում մեղադրյալներ Ա․Եգորյանի, Շ․Անտոնյանի, Ա․Ազատյանի, Ա․Հարությունյանի, Ա․Մարտիրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին վերադաս դատախազի 2023 թվականի օգոստոսի 21-ի որոշումները քրեադատավարական օրենքով չնախատեսված ընթացակարգով և անհիմն եղանակով ճանաչել է ոչ իրավաչափ, որի հետևանքով մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել և քրեական գործով վարույթը կարճվել է:
6․1․ Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելը վերադաս դատախազի բացառիկ և հայեցողական լիազորությունն է, և վերադաս դատախազը, իր բացառիկ լիազորությունից օգտվելիս, ինքն է գնահատում «արդարադատության շահ»-ի առկայությունը և քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու անհրաժեշտությունը։ Հետևաբար դատարանը, բովանդակային առումով չի կարող կրկնակի գնահատման ենթարկել գնահատողական բնույթ կրող հանգամանքները և որոշել, թե վերադաս դատախազի կողմից իր նշված լիազորությունից օգտվելն արդյոք եղել է բացառիկ կամ արդյոք դա է պահանջել արդարադատության շահը, թե ոչ։ Հակառակ մոտեցման դեպքում, օրենսդիրը դրա համար կսահմաներ բողոքարկման ընթացակարգեր, մինչդեռ վերադաս դատախազի վերը նշված որոշումը ենթակա չէ արտադատական կամ դատական կարգով ոչ անմիջական, ոչ էլ հետագա բողոքարկման։ Բողոքաբերի կարծիքով՝ նախնական դատալսումների ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված որոշման կայացումը կարող է հիմնավորված համարվել այն դեպքում, երբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքն առնվազն ակնհայտ է վարույթի պրոֆեսիոնալ մասնակցի համար։ Տվյալ դեպքում նախաքննություն իրականացրած քննիչի կողմից դրսևորվել է բավարար ջանասիրություն՝ ենթադրյալ հանցանքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ, իսկ վերադաս դատախազի կողմից հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնելու պահին դեռևս սպառված չեն եղել վարույթի նյութերը դատարան հանձնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները, հետևաբար՝ վերադաս դատախազի կողմից նշված որոշման կայացումը հետապնդել է իրավաչափ նպատակ՝ մեղադրանքի կողմի համար իր վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու հարցում:
Բողոքաբերը փաստել է, որ դատարանները, քրեական գործի քննության ընթացքում, իրավասու են ձևական առումով պարզել՝ արդյոք անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, արդյոք մինչև վարույթի նյութերը դատարան հանձնելը քրեական հետապնդման առավելագույն ժամկետները չեն լրացել կամ արդյոք դրանք օրինական ընթացակարգով՝ համապատասխան հսկող դատախազի միջնորդության հիման վրա վերադաս դատախազի կողմից երկարաձգվել են, թե ոչ։
6․2․ Անդրադառնալով «Քրեական հետապնդման առավելագույն ժամկետ» օրենսդրական ձևակերպման նշանակությանը, բողոքաբերը նշել է, որ նշված ձևակերպումը ողջամտորեն վերաբերելի է քրեական հետապնդման ժամկետների երկարաձգման բոլոր հնարավորությունների սպառմանը՝ այդ թվում, նաև վերադաս դատախազին տրված, այսինքն՝ առավելագույն բառը կիրառելի է այն դեպքերում, երբ այլևս ժամկետի երկարաձգման որևէ հնարավորություն չկա, որպիսի պայմաններում քրեական հետապնդման ժամկետների զուտ թվաբանական պահպանվածությունն արդեն իսկ սույն հարցը դուրս է բերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածով սահմանված՝ քննարկման ենթակա հարցի իրավական տիրույթից: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման առավելագույն ժամկետը 2023 թվականի օգոստոս ամսին երկարաձգվել է երկու ամսով, ուստի մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման առավելագույն ժամկետը չի լրացել։ Այսինքն, քրեական հետապնդման առավելագույն ժամկետը փաստացի սպառված չի եղել և վարույթը ժամանակին մուտքագրվել է դատարան (հանձնվել է դատարանին), ինչը նշանակում է, որ առկա իրավահարաբերությունը չի կարող գնահատվել դատաքննություն իրականացնող դատարանի կողմից՝ նախնական դատալսումների ընթացքում։
6․3․ Բողոքաբերը նշել է, որ դատարանը, քրեական գործի քննության ընթացքում, ավելին՝ դատաքննության տվյալ փուլում իրավասու չէ անդրադառնալ և գնահատել մինչդատական վարույթում քննիչի կողմից դրսևորած ջանասիրությանը։ Բողոքաբերի պնդմամբ՝ եթե Վճռաբեկ դատարանը գտնի, որ այնուամենայնիվ դատարանը օժտված էր հիշյալ դեպքում քրեական հետապնդումը դադարեցնելու օրենսդրական հնարավորությամբ, ակնհայտ է, որ դատարանը որևէ կերպ չէր կարող առանց ապացույցի հետազոտման, գնահատման ենթարկելու առնվազն «արդարադատության շահի» առկայության կամ բացակայության հանգամանքը: Բողոքաբերի պնդմամբ՝ դատարանը, մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս, ակնհայտորեն չի բավարարվել միայն քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին վերադաս դատախազի որոշման ուսումնասիրությամբ և կայացրած որոշումը պատճառաբանելու համար հարկադրված է եղել անդրադառնալ նաև քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներին:
Բացի այդ, բողոքաբերը փաստարկել է, որ քրեական վարույթով վերադաս դատախազի «Քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին» որոշման կայացման հիմքում դրված հանգամանքները՝ մեղադրական եզրակացություն կազմելու, վարույթի նյութերին վարույթի մասնակիցներին ծանոթացնելու անհրաժեշտությունը, ակնհայտորեն բավարարում են ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի մայիսի 1-ի ՍԴՈ-1729 որոշմամբ արտահայտված «Արդարադատության շահ»-ի գնահատման համար անհրաժեշտ չափորոշիչներին՝ նկատի ունենալով նաև այն, որ տվյալ դեպքում վերադաս դատախազը քրեադատավարական իր հայեցողական լիազորությունններն իրացնելիս առաջին հերթին գործել է ոչ միայն իրավունքի շահերից, այլև ղեկավարվել է շոշափելիորեն ավելի մեծ հանրային շահի պաշտպանությունն ապահովելու, քրեական վարույթի ընթացքում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը երաշխավորելու նպատակով, ինչպիսիք են վարույթի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, քրեական պատժի և պատասխանատվության անխուսափելիության ապահովումը:
7․ Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը և վարույթը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները և պահանջը.
8. Մեղադրյալ Ա․Եգորյանի պաշտպան Ա․Հայրապետյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ բողոքաբերի կողմից ներկայացված հիմնավորումները իրավաչափ չեն, իսկ ստորադաս դատարանները կայացրել են օրինական և պատճառաբանված որոշումներ, քրեական գործով առկա են եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 315-րդ հոդվածի կարգով Ա․Եգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառող հիմք։ Պաշտպանի պնդմամբ՝ բողոքաբերի այն մոտեցումը, որ վերադաս դատախազը կարող է կայացնել որևէ որոշում միայն այն պատճառով, որ ձևական առումով լիազորված է այդ որոշումը կայացնելու, և առավել ևս, որ վերադաս դատախազը իր կողմից կայացված որոշումը որևէ կերպ պատճառաբանելու պարտավորություն չունի, վերադաս դատախազին անվերահսկելի կամայականություններ գործելու անսահման հնարավորություն է ընձեռում։ Պաշտպան Ա․Հայրապետյանի պնդմամբ՝ նման մոտեցումը վտանգում է իրավական պետության գաղափարը, և հնարավորություն է տալիս վարույթի հանրային մասնակիցներին ուղղակիորեն շրջանցելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքը:
8․1․ Բացի այդ, պաշտպանը նշել է, որ օրենսդրի կողմից հանրային քրեական հետապնդման ժամկետների սահմանումը նպատակ է հետապնդել բացառել ողջամիտ ժամկետներում արդար դատաքննություն ունենալու իրավունքի կամայական և չհիմնավորված միջամտությունները, ուստի օրենսդիրը ոչ միայն սահմանել է առավելագույն ժամկետներ, այլ նաև նախատեսել է այն իրավական հետևանքները, որոնք վրա են հասնում օրենսդրական պահանջի չպահպանման համար՝ նախատեսելով քրեական հետապնդումը բացառող այնպիսի հիմք, ինչպիսին է քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրանալու դեպքում դատախազի կողմից այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը դատարան չհանձնելը:
Պաշտպանի կարծիքով՝ եթե քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու մասին վերադաս դատախազի որոշումը անմիջական բողոքարկման ենթակա որոշում չէ, ապա դա չի նշանակում, որ դրա վիճարկումը վարույթի որևէ փուլում հնարավոր չէ և այն կայացման պահից դառնում է անվիճարկելի: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում որևէ արգելք՝ դատաքննության ընթացքում դրա վիճարկման համար: Բացի այդ՝ եթե պաշտպանության կողմի դատավարական մրցակիցը հնարավորություն ունի կայացնելու մեղադրյալի իրավունքներին միջամտող որոշում, ապա նման որոշման իրավաչափության վիճարկման հնարավորություն մեղադրյալին առհասարակ չտալը հակասում է նաև մրցակցային դատավարության սկզբունքին՝ խախտելով նաև վարույթի հանրայնության սկզբունքը։
8․2․ Պաշտպանը փաստարկել է, որ դատարանը, պաշտպանության կողմի միջնորդությունը բավարարելիս և Ա․Եգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս, սոսկ չի ելել այն փաստից, որ վերադաս դատախազի համապատասխան որոշմամբ չկա հիմնավորում արդարադատության շահի և բացառիկության մասին, այլ մանրամասնորեն վերլուծել և գնահատել է ութամսյա ժամկետում վարույթի նյութերը դատարան չհանձնելու իրավաչափությունը, արդարադատության շահի և բացառիկության բացակայությունը՝ անկախ վերադաս դատախազի որոշման հիմնավորումներից, որակից և այլն:
Վերոնշյալի լույսի ներքո պաշտպանը նշել է, որ սույն քրեական վարույթով Ա․Եգորյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետները սկսել են հոսել 2023թ-ի հունվարի 01-ից, որը եղել է ութ ամիս և լրացել 2023թ-ի օգոստոսի 31-ին, սակայն քրեական վարույթում բացակայում են ինչպես օրենքին համապատասխան կազմված դատավարական ակտը՝ քրեական հետապնդման ժամկետը երկարացնելու մասին, այնպես էլ՝ քրեական հետապնդման ժամկետը երկարացնելու թույլատրելի հիմքերը:
Պաշտպանը նշել է, որ որպես արդարադատության շահ և բացառիկ դեպք չեն կարող մեկնաբանվել այն իրավիճակները, երբ քրեական հետապնդման ժամկետների երկարաձգման անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել նախաքննական մարմնի ոչ պատշաճ ջանասիրությամբ, վարույթային գործողությունների կատարման անհարկի ձգձգումներով կամ կրկնություններով։ Ակնհայտ է, որ քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման բացառիկության մասին անհնար է խոսել այն դեպքերում, երբ նախաքննության մարմնի կողմից դրսևորած անընդունելի անգործությունն է մեկնաբանվում որպես բացառիկ դեպք, այնինչ՝ քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման բացառիկության մասին կարելի է խոսել այն դեպքերում, երբ նախաքննության մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրության պայմաններում առկա է անհրաժեշտություն կատարել կամ շարունակել ապացուցողական և վարութային գործողությունները: Մասնավոր մասնակիցներին նյութերին ծանոթացնելը նույնպես ակնհայտորեն որևէ առնչություն չունի քրեական հետապնդման ժամկետները երկու ամսով երկարաձգելու անհրաժեշտության հետ:
9. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ա․Հայրապետյանը խնդրել է ամբողջությամբ մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ արձանագրել է. «(․ ․ ․) [Դ]ատարանը գտնում է, որ քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման անհրաժեշտության գնահատումը վերապահված է վերադաս դատախազին, սակայն նման գնահատումը պետք է համապատասխանի օրինականության, օբյեկտիվության, հիմնավորվածության և համաչափության (անհատականացման) չափանիշներին։
Հակառակ դեպքում՝ հայեցողությունը կվերածվի անպատասխանատու կամայականության՝ վտանգելով իրավական պետության հիմքերը։ Այս չափանիշների պահպանվածության գնահատումն էլ կազմում է քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման իրավաչափության դատական ստուգման սահմանները։ Այլ խոսքով՝ ք[ն]նարկվող հարցի գնահատման տեսանկյունից դատարանն իրավասու է միջամտել այն դեպքերում, երբ վերադաս դատախազի կողմից իր հայեցողական լիազորության իրականացումը ակնհայտ չի համապատասխանի դրան առաջադրվող չափանիշներին՝ խախտելով անձի իրավունքները։
4.2 Սույն դեպքում վերադաս դատախազի՝ 2023 թվականի օգոստոսի 21-ի նույնաբովանդակ որոշումներով Արտաշես Եգորյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Անժելա Ազատյանի, Շողիկ Անտոնյանի, Աիդա Մարտիրոսյանի և Արաքսի Հարությունյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարացվել է երկու ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը։ Որպես քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման հիմք դիտարկվել է հետևյալը. «(...) 2023 թվականի օգոստոսի 11-ին Շիրակի մարզի դատախազությունում ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի պարտականությունները կատարողի գրությունն առ այն, որ թիվ 58213420 քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցվել է վարույթի մասնավոր մասնակիցներին և հայտնել վարույթի նյութերին նրանց ծանոթանալու տեղը, ժամանակը, հաջորդականությունը, միաժամանակ սկսվել է մեղադրական եզրակացության կազմումը և հաշվի առնելով, որ մեղադրյալներ Արտաշես Ալբերտի Եգորյանի, Աիդա Արսենի Մարտիրոսյանի, Սիլվա Արտավազդի Ղափլանյանի, Անժելա Պավելի Ազատյանի, Արաքսի Խաչիկի Հարությունյանի և Շողիկ Հակոբի Անտոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցված ծանր հանցանքների մեղադրանքով, որոնց ժամկետը ութ ամիս է, ուստի նման պայմաններում արդարադատության շահի պահանջով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել քրեական հետապնդման ժամկետները:
Նկատի ունենալով, որ Արտաշես Ալբերտի Եգորյանի, Աիդա Արսենի Մարտիրոսյանի, Սիլվա Արտավազդի Ղափլանյանի, Անժելա Պավելի Ազատյանի, Արաքսի Խաչիկի Հարությունյանի և Շողիկ Հակոբի Անտոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցված ծանր հանցանքի մեղադրանքներով, որոնց հանրային քրեական հետապնդման ժամկետը ութ ամիս է, հաշվի առնելով նաև, որ նշված անձինք մեղադրյալի կարգավիճակ ստացել են մինչև 2023 թվականի հունվարի 1-ը և նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 483-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սահմանված քրեական հետապնդման ժամկետներն սկսում են հաշվարկվել 2023 թվականի հունվարի 1-ից ուստի նման պայմաններում արդարադատության շահի պահանջով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել քրեական հետապնդման ժամկետները:
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 192-րդ հոդվածի 2-րդ մասով, նկատի ունենալով դեպքի բացառիկությունը և հաշվի առնելով արդարադատության շահի պահանջը, Շիրակի մարզի դատախազության դատախազ Ա.Նիկողոսյանի կողմից 21.08.2023 թվականին միջնորդություն է ներկայացվել մեղադրյալ Արտաշես Ալբերտի Եգորյանի նկատմամբ ծանր հանցանքի մեղադրանքով հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:
Ուսումնասիրելով միջնորդությունը և քրեական վարույթի նյութերը գտնում եմ, որ այն հիմնավոր է և ենթակա է բավարարման (...)»:
4.3 Վերը շարադրվածի լույսի ներքո Դատարանն արձանագրում է հետևյալը.
- 2023 թվականի օգոստոսի 10-ին, այսինքն՝ մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ութամսյա ժամկետը լրանալուց 21 օր առաջ, վարույթն իրականացնող քննիչը վարույթի մասնակիցներին ծանուցել է նախաքննության ավարտի մասին, տուժողներին տեղեկացրել է, որ քրեական վարույթի նյութերին կարող են ծանոթանալ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, իսկ մեղադրյալներին և վերջիններիս պաշտպաններին՝ 2023 թվականի հոկտեմբերի 09-ին և 10-ին:
- Վարույթի մասնակիցներին նախաքննության ավարտի մասին ծանուցելու հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 11-ին, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի պարտականությունները կատարող Ա.Դարբինյանը գրություն է հասցեագրել Շիրակի մարզի դատախազ Ա.Չիչոյանին՝ խնդրելով քննարկել Արտաշես Եգորյանի, Շողիկ Անտոնյանի, Անժելա Ազատյանի, Աիդա Մարտիրոսյանի, Արաքսի Հարությունյանի և Սիլվա Ղափլանյանի հանրային քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու նպատակահարմարության հարցը:
- Վերադաս դատախազի կողմից 2023 թվականի օգոստոսի 21-ին մեղադրյալների նկատմամբ ծանր հանցանքի մեղադրանքով հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելուց հետո որևէ ապացուցողական գործողություն չի կատարվել:
- Տուժող Անի Հարությունյանը վարույթի նյութերին ծանոթացել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, տուժող Անի Նազարյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին հեռախոսազանգի ընթացքում տեղեկացրել է, որ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և չի ցանկանում ծանոթանալ քրեական վարույթի նյութերին:
- Մեղադրյալ Արտաշես Եգորյանին և վերջինիս պաշտպան Ա. Հայրապետյանին քրեական վարույթի նյութերը ծանոթանալու համար ներկայացվել են 2023 թվականի հոկտեմբերի 09-ին, վերջիններս խնդրել են նյութերին ծանոթանալու համար տրամադրել 2-օրյա ժամկետ:
- Մեղադրյալ Աիդա Մարտիրոսյանը և վերջինիս պաշտպան Հ.Հարությունյանը, մեղադրյալ Շողիկ Անտոնյանը և վերջինիս պաշտպան Մ.Մուրադյանը քրեական վարույթի նյութերին ծանոթացել են 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, մեղադրյալ Անժելա Ազատյանը և վերջինիս պաշտպան Ռ.Մովսիսյանը՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ին, մեղադրյալ Արաքսի Հարությունյանը և վերջինիս պաշտպան Հ.Ղարաքեշիշյանը՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, իսկ մեղադրյալ Ս.Ղափլանյանը և վերջինիս պաշտպան Ս.Խաչատրյանը՝ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին:
-Վարույթի մասնակիցների կողմից քրեական վարույթի նյութերին ծանոթանալը տևել է ընդհանուր 6 օր, իսկ մեղադրական եզրակացությունը կազմվել է մեկ օրվա ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին:
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ նախաքննության ավարտի մասին վարույթի մասնակիցներին ծանուցելուց հետո վարույթն իրականացնող քննիչին անհրաժեշտ է եղել 6 օր՝ քրեական վարույթի նյութերին վարույթի մասնակիցներին ծանոթացնելու և մեղադրական եզրակացությունը կազմելու համար, մինչդեռ վերջինս վարույթի մասնավոր մասնակիցներին տեղեկացրել է, որ վարույթի նյութերին կարող են ծանոթանալ միայն 2 ամիս անց՝ առանց հիմնավորելու նման ժամանակային խզման պատճառները: Նման ժամկետների սահմանման պատճառների վերաբերյալ որևէ հիմնավորում առկա չէ նաև վերադաս դատախազի որոշման մեջ:
Այն պայմաններում, երբ մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետներն ավարտվում էին 2023 թվականի օգոստոսի 31-ին, իսկ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ մեղադրողին պետք է հանձնված լինեին այդ ժամկետից առնվազն 15 օր առաջ, վարույթն իրականացնող քննիչը, 2023 թվականի օգոստոսի 10-ին վարույթի մասնակիցներին ծանուցելով նախաքննության ավարտի մասին, ողջամտորեն բավարար ժամանակ է ունեցել այդ ընթացքում վարույթի մասնակիցներին ծանոթացնել քրեական վարույթի նյութերին և կազմել մեղադրական եզրակացությունը:
Վերը շարադրվածի լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը՝ Դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշմամբ որևէ փաստարկ ներկայացված չէ արդարադատության շահի դրս[և]որման և դրա պահանջի առկայության, ինչպես նաև բացառիկ դեպքի առկայության վերաբերյալ (խախտվել է հայեցողական լիազորության իրականացման հիմնավորվածության չափանիշը), իսկ ավարտված նախաքննության պայմաններում քրեական հետապնդման ժամկետի երկարաձգումն ըստ էության պայմանավորվել է բացառապես վարույթի մասնավոր մասնակիցներին վարույթի նյութերին ծանոթացնելու և մեղադրական եզրակացության կազմման անհրաժեշտությամբ, ինչը սակայն փաստացի տևել է ընդամենը 6 օր: Ընդ որում, Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործը (քրեական վարույթը) հարուցվել է (նախաձեռնվել է) դեռևս 2020 թվականի հունիսի 30-ին և տևել է 3 տարուց ավել, իսկ մինչև նախաքննության ավարտ հայտարարելը վերջին վարութային գործողությունները կատարվել են 2023 թվականի հուլիսի 15-ին:
Նման պայմաններում քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման հիմքում դրված հիմնավորումները Դատարանի գնահատմամբ ակնհայտորեն և ողջամտորեն չեն համապատասխանում բացառիկության, առավել ևս՝ արդարադատության շահով թելադրված լինելու չափանիշներին (խախտվել են հայեցողական լիազորության իրականացման հիմնավորվածության և համաչափության (անհատականացման) չափանիշները):
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալների նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու մասին որոշում կայացնելուց հետո չեն կատարվել այնպիսի գործողություններ, որոնք կարող էին ողջամտորեն արդարացնել քրեական հետապնդման ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալներ Արտաշես Եգորյանի, Աիդա Մարտիրոսյանի, Շողիկ Անտոնյանի, Արաքսի Հարությունյանի և Անժելա Ազատյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելն ակնհայտորեն թելադրված չէ եղել արդարադատության շահի պահանջով։ Այլ խոսքով՝ մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու իրավական հիմքերը բացակայել են։ Հետևաբար վերադաս դատախազի՝ 2023 թվականի օգոստոսի 21-ի որոշումներն իրավաչափ չեն և հանգեցրել են մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետների խախտման:
Այս համատեքստում անդրադառնալով հանրային մեղադրողի այն դիրքորոշմանը, որ Դատարանը նախնական դատալսումների ընթացքում այս հարցին անդրադառնալ չի կարող քանի դեռ ապացույցներ չեն հետազոտվել, Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու վերաբերյալ վերադաս դատախազի համապատասխան որոշումներից հետո որևէ ապացուցողական գործողություն չի կատարվել, որևէ ապացույց ձեռք չի բերվել, որպեսզի Դատարանն անհրաժեշտություն ունենա հետազոտել տվյալ ապացույցն ու գնահատել դրա նշանակությունն ընդհանուր վարույթի տեսանկյունից:
Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որպես մինչդատական վարույթում քրեական հետապնդման ժամկետների խախտման հետևանք նախատեսում է քրեական հետապնդման դադարեցում՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արտաշես Եգորյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, մեղադրյալ Աիդա Մարտիրոսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեղադրյալ Անժելա Ազատյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեղադրյալ Շողիկ Անտոնյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեղադրյալ Արաքսի Հարությունյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով։
Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ առկա է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ քրեական գործի վարույթը կարճելու հիմք։
4.4 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ վերացվում են տվյալ մեղադրյալի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցները, իսկ վարույթը կարճելու դեպքում` նաև այլ անձանց նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցները: Վարույթը կարճելու մասին որոշմամբ լուծվում է նաև իրեղեն ապացույցների տնօրինման հարցը:
Քննարկելով խափանման միջոցի հարցը՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալների նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը պետք է վերացնել:
Անդրադառնալով իրեղեն ապացույցների տնօրինման հարցին՝ Դատարանը գտնում է, որ քրեական վարույթով իրեղեն ապացույց ճանաչված 100.000 ՀՀ դրամ գումարը պետք է վերադարձնել օրինական տիրապետողին, իսկ Ադամ Հարթենյանի անվամբ լրացված դիմումը և արտավարութային ապացույց ճանաչված փաստաթղթերը՝ պահել քրեական գործի հետ (…)»:
11. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է. «(…) Անձին մեղադրելով հանցանքի կատարման մեջ՝ պետությունը հնարավորություն է ստանում քրեական վարույթի ընթացքում տևական ժամանակով սահմանափակել նրա իրավունքները և ազատությունները։ Որպես դրան հակակշիռ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանել է հարուցված քրեական հետապնդման համար ժամկետային սահմանափակումներ՝ ելնելով մեղսագրվող արարքի ծանրության աստիճանից: Նշված կանոնը ուղղված է մի կողմից մինչդատական վարույթն իրականացնող մարմնի՝ ողջամիտ ժամկետում գործի քննությունն ավարտելու պարտականության կատարման ապահովմանը, մյուս կողմից՝ երաշխավորում է, որ մինչդատական վարույթում անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը անհիմն երկար չի տևի: Որպես վերոնշյալի ապահովման միջոց՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրանալու և դրա ընթացքում դատախազի կողմից վարույթի նյութերը դատարանին չհանձնելու դեպքում հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ Ընդ որում, քրեական հետապնդումը բացառող այս հանգամանքը ռեաբիլիտացնող է, ինչը նշանակում է, որ մեղադրյալը կարող է քաղաքացիական դատավարության կարգով պետությունից հատուցում և իրավունքների վերականգնում պահանջել։
Հարկ է նկատել, որ քրեական հետապնդման ժամկետի երկարաձգումը ոչ թե կանոն, այլ խիստ բացառություն է։ Հիշյալ բացառության կիրառման պայմանը՝ արդարադատության շահի պահանջի, իսկ հիմքը՝ բացառիկ դեպքի առկայությունն է։
Քրեական վարույթի բնույթից և առանձնահատկություններից ելնելով՝ դրանում մշտապես ներգրավված են լինում բազմաբնույթ և բազմաստիճան շահեր, այդ թվում՝ մրցակցող։ Ընդ որում՝ հանրային և մասնավոր շահերի մրցակցությունից զատ, որոշ դեպքերում առկա են լինում նաև մրցակցող մասնավոր շահեր (օրինակ՝ մեղադրյալի և տուժողի)։ Այս բարդ կապերով փոխկապված շահերի պատշաճ հավասարակշռումը կազմում է «արդարադատության շահ» հասկացության բովանդակությունը քրեական դատավարությունում։ Հիշյալ հավասարակշռումը պետք է իրականացվի այն հաշվառմամբ, որպեսզի ապահովվի քրեական դատավարության նպատակը, այն է՝ անձի իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված՝ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետ կարգի սահմանումը։ Վերջինը իրավունքի գերակայության սկզբունքի ամրագրումն է քրեական դատավարությունում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Իրավունքի գերակայության սկզբունքը» վերնագրված թիվ 1594 (2007) բանաձևում Օրենքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը (այսուհետ` նաև Վենետիկյան հանձնաժողով), վերլուծության ենթարկելով «իրավունքի գերակայություն» հասկացությունը, որպես դրա համաձայնեցված սահմանում առաջարկում է դիտարկել սահմանումն այն մասին, որ բոլոր անձինք և մարմինները, անկախ հանրային կամ մասնավոր լինելու հանգամանքից, պետք է սահմանափակված լինեն և իրավունք ունենան ի շահ իրենց օգտագործելու հրապարակայնորեն ընդունված, որպես կանոն ապագայում ուժի մեջ մտնող և դատարանում հրապարակայնորեն կիրառվող օրենքները։ Միևնույն ժամանակ, որպես իրավունքի գերակայության տարրեր առանձնացվել են.
- օրինականությունը,
- իրավական որոշակիությունը,
- կամայականությունների արգելքը,
- դատարանի մատչելիությունը,
- մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը,
- խտրականության արգելքը,
- բոլորի հավասարությունը օրենքի առջև (տե՛ս European Commission For Democracy Through Law (Venice Commission), Report On The Rule Of Law, Strasbourg, 4 April 2011, CDL-AD(2011)003rev, կետ 35)։
Այսինքն, արդարադատության շահի պահանջի գնահատումը պետք է իրականացվի վերոնշյալ տարրերի հաշվառմամբ։ Ընդ որում, նորմի կիրառելիության համար իրավասու մարմինը պարտավոր է հիմնավորել կոնկրետ իրավիճակում դրա առկայությունը։ Այլ խոսքով՝ քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման հարցը որոշելիս վերադաս դատախազը պարտավոր է հիմնավորել մեղադրյալի իրավունքների սահմանափակման անհրաժեշտությունը դրան գերակշռող այլ շահերի պաշտպանության օրինաչափ պահանջով։ Ընդ որում՝ այդ հիմնավորումը չի կարող պայմանավորված լինել բացառապես մրցակցող հանրային շահի և/կամ տուժողի շահի առկայությամբ, քանի որ առնվազն հանրային շահի առկայությունը քրեական վարույթի պարտադիր տարրն է, ինչպիսի պայմաններում «արդարադատության շահ» պայմանի նախատեսումը կբովանդակազրկվի։ Նույն իրավիճակը կառաջանա նաև այն դեպքում, երբ հիմք ընդունվի բացառապես հանցանքի ծանրության աստիճանը, քանի որ հենց այդ չափանիշից ելնելով էլ օրենսդիրը հետապնդման ժամկետի երկարացման հարցում համապատասխան տարբերակում է նախատեսել։ Քննարկվող հիմնավորումը պետք է պարունակի համապատասխան փաստարկներ առ այն, որ մեղադրյալի իրավունքները չսահմանափակելն անխուսափելիորեն կհանգեցնի դրա հետ մրցակցող այլ շահերի անհամաչափ սահմանափակման։
Միևնույն ժամանակ արդարադատության շահի առկայությունից զատ պետք է հիմնավորվի նաև բացառիկ դեպքի առկայությունը։ Յուրաքանչյուր դեպքում քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը բացառիկ գնահատելու տեսանկյունից էական նշանակություն ունեն գործի քննության ծավալը և բարդությունը, վարույթին ներգրավված անձանց քանակը և դրանցով պայմանավորված նախաքննության մարմնի կողմից ցուցաբերված պատշաճ ջանասիրությունը, նախաքննության ընթացքի վրա ազդող արտակարգ հանգամանքների առկայությունը: Այսպես, քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման բացառիկության մասին կարելի է խոսել այն դեպքերում, երբ նախաքննության մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրության պայմաններում առկա է անհրաժեշտություն կատարել կամ շարունակել ապացուցողական և վարութային գործողությունները:
Նման բացառիկ դեպքերը կարող են պայմանավորված լինել ինչպես վարութային հանգամանքներով, մասնավորապես՝ անձին ներկայացված կոնկրետ մեղադրանքի աննախադեպ մեծ ծավալով և բարդությամբ, այնպես էլ նախաքննության ընթացքի վրա ազդող արտաքին գործոններով, օրինակ՝ երկրում հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ։ Քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման օբյեկտիվ անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև այն ժամանակ, երբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացվել է, իսկ օրենքով սահմանված ժամկետն ակնհայտ անբավարար է հետապնդումը շարունակելու և հիմնավոր որոշում կայացնելու համար։ Նույն անհրաժեշտությունը կարող է առաջանալ, երբ քրեական հետապնդումով իրականացվող վարույթից անջատվում է նոր վարույթ։
Քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման բացառիկության գնահատման համատեքստում որոշիչ նշանակություն ունի հետապնդման ժամկետի ընթացքում վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում քննելու նպատակով իրավասու մարմինների կողմից դրսևորած դատավարական վարքագիծը: Հանրային շահի գերակայության հարցը կարող է քննարկման առարկա դարձվել բացառապես այն դեպքում, երբ պետությունը դրսևորում է բարեխիղճ և իրավաչափ վարքագիծ՝ դրա ապահովման տեսանկյունից։ Հակառակ մեկնաբանումը կհակասի միջազգային հանրաճանաչ այն սկզբունքին, ըստ որի՝ պետության թերացումները չեն կարող վերացվել անձի իրավունքների հաշվին։
Այլ կերպ ասած՝ արդարադատության շահից ելնելով անձի սահմանադրական իրավունքները, որպես կանոն, կարող են սահմանափակվել այնքան ժամանակ, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը բարեխիղճ և պատշաճ քննություն է կատարում գործի հանգամանքների պարզման ուղղությամբ։
Վերոշարադրված իրավական դիրքորոշումներից աներկբա երևում է, որ «արդարադատության շահի» և «բացառիկ դեպքի» չափանիշներն ինքնին գնահատողական բնույթի են, հետևաբար դրանց առկայությունը որոշելիս իրավասու մարմինն օժտված է հայեցողության որոշակի շրջանակով, սակայն պետք է գնահատվի այնպես, որ չբովանդակազրկվի քննարկվող կառուցակարգը և վերադաս դատախազի լիազորության հայեցողական բնույթը։
Վերոնշյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը հիմնազուրկ է համարում վերաքննիչ բողոքում նշված այն դատողությունը, որ արդարադատության շահի և բացառիկության վերաբերյալ հիմնավորում ներկայացնելու պահանջ և անհրաժեշտություն առկա չէ։
6․2 Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև հանրային քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման իրավաչափությունը դատարանի կողմից ստուգելու հնարավորությանը և սահմաններին։
Այսպես․
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքը, այն է՝ լրացել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, և դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան, քրեական հետապնդումը բացառող հանգամանք է, որն էլ հիմք է հանդիսանում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերի մեջ մտնող՝ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական գործի վարույթը կարճելու հարցի շրջանակներում դատարանները քննության ու գնահատման առարկա դարձնեն հանրային քրեական հետապնդման առավելագույն ժամկետի խախտմամբ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնած լինելու պայմաններում քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը։ Ընդ որում, անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված՝ «լրացել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, և դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան» ձևակերպմանն իրավակիրառ պրակտիկայում չպետք է այնպիսի մեկնաբանություն տրվի, որ դա վերաբերում է միայն հանրային քրեական հետապնդման հիմնական առավելագույն ժամկետին։ Օրենսդրական նշյալ կարգավորումը ենթակա է նպատակային մեկնաբանման, ըստ որի քրեական հետապնդումը բացառող հանգամանք է նաև այն իրավիճակը, երբ վերադաս դատախազի կողմից հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելը որակվի ոչ իրավաչափ, որի դեպքում կստացվի, որ հանրային քրեական հետապնդման հիմնական առավելագույն ժամկետն ավարտվել է, իսկ դատախազը այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան։ Նման մոտեցումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ոչ իրավաչափ կերպով հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու բացասական հետևանքը չի կարող կրել մեղադրյալը։ Ավելին, հակառակ մոտեցման դեպքում կարող է առաջանալ կամայականության վտանգ, քանի որ կստացվի, որ անկախ նրանից, թե հանրային քրեական հետապնդման ժամկետի երկարաձգումը եղել է իրավաչափ, թե՝ ոչ, միևնույնն է, դատարանը պետք է շարունակի գործի քննությունը, ինչը չի կարող բխել ոչ կողմերի մրցակցության և ոչ էլ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի էությունից։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ վերադաս դատախազի իրավասության բացառիկությունը չի տարածվում դատարանի կողմից վերադաս դատախազի որոշման իրավաչափության ստուգման իրավասության վրա, այլ ունի այն իմաստը, որ այդ լիազորությունը վերապահված չէ ոչ միայն վարույթն իրականացնող մարմնին, այլ անգամ հսկող դատախազին։ Այլ կերպ ասած, հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու վերադաս դատախազի լիազորության բացառիկությունը վերաբերում է հանրային իրավասու պաշտոնատար անձանց շրջանակում վերադաս դատախազի առանձնահատուկ դերի շեշտադրմանը՝ բացառելու համար քննիչի կամ հսկող դատախազի կողմից այդպիսի լիազորության առկայությունը։
Ավելին, հակառակ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում հարց է առաջանում, թե դատախազի բացառիկ իրավասության և հայեցողության մեջ գտնվող այնպիսի հարցեր, ինչպիսիք են քրեական հետապնդում չհարուցելը կամ քրեական հետապնդումը դադարեցնելը, ինչպես է ՀՀ քրեական դատավարության 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որպես մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակում բողոքարկման ենթակա վարութային ակտ։
Վերոգրյալը ևս վկայում է, որ դատախազի հայեցողությունը չի կարող չունենալ որևէ սահման, ինչը նշանակում է, որ եթե օրենսդրական կարգավորման մեկնաբանության արդյունքը հանգեցնում է այնպիսի մտահանգման, որ դատախազի լիազորության բացառիկությունը տարածվում է նաև դատարանի կողմից դրա իրավաչափության ստուգման ու գնահատման ենթարկելու իրավունքի բացակայության վրա, իսկ դատախազի լիազորության հայեցողությունը իրավաչափ սահմաններ չունի, ապա այդպիսի մեկնաբանությունը չի կարող տեղ գտնել իրավակիրառ պրակտիկայում, քանի որ այն կհակասի նշյալ հարաբերությունների կարգավորմանն ուղղված օրենսդրի կամքին և քրեադատավարական մի շարք սկզբունքների էությանը։
Ինչ վերաբերում է հանրային քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման իրավաչափությունը դատարանի կողմից ստուգելու սահմանների հարցին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը․
(․ ․ ․)
[Ք]րեական հետապնդման ժամկետի երկարաձգման անհրաժեշտության գնահատումը վերապահված է վերադաս դատախազին, սակայն նման գնահատումը պետք է համապատասխանի օրինականության, օբյեկտիվության, հիմնավորվածության և համաչափության (անհատականացման) չափանիշներին։
Հակառակ դեպքում՝ հայեցողությունը կվերածվի անպատասխանատու կամայականության՝ վտանգելով իրավական պետության հիմքերը։ Այս չափանիշների պահպանվածության գնահատումն էլ կազմում է քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման իրավաչափության դատական ստուգման սահմանները։
Այլ խոսքով՝ քննարկվող հարցի գնահատման տեսանկյունից դատարանն իրավասու է միջամտել այն դեպքերում, երբ վերադաս դատախազի կողմից իր հայեցողական լիազորության իրականացումը ակնհայտ չի համապատասխանի դրան առաջադրվող չափանիշներին՝ խախտելով անձի իրավունքները։
Վերոգրյալի լույսի ներքո անհիմն է Բողոքաբերի կողմից ներկայացված փաստարկն առ այն, որ «(․ ․ ․) վերադաս դատախազը, իր բացառիկ լիազորությունից օգտվելիս, ինքն է գնահատում ու որոշում քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու անհրաժեշտությունը և դրա հիմքում դրված հանգամանքների առկայությունը։ Հետևաբար դատարանը, բովանդակային առումով չի կարող գնահատել, թե վերադաս դատախազի կողմից իր նշված լիազորությունից օգտվելն արդյոք եղել է բացառիկ կամ արդյոք դա է պահանջել արդարադատության շահը, թե ոչ։ Այլ խոսքով՝ դատարանը չի կարող գնահատել վերադաս դատախազի կողմից իր բացառիկ և հայեցողական իրավունքից օգտվելու հիմնավորվածությունը։ (․ ․ ․) տվյալ դեպքում ՀՀ Հակակոռուպցիոն քրեական դատարանը իրավունք չի ունեցել անդրադառնալ վերադաս դատախազի կողմից հանրային քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու որոշման հիմնավորվածությանը։»։
7. Ողջ վերոգրյալի հիման վրա անդրադառնալով սույն գործի նյութերին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ.
- քննության առարկա դեպքում հանրային քրեական հետապնդման ժամկետները սկսել են հոսել 2023 թվականի հունվարի մեկից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալի դատավարական կարգավիճակ մեղադրյալները ստացել են մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման ժամկետները գործում են 2023 թվականի հունվարի 1-ից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած անձանց համար: Մինչ այդ մեղադրյալի կարգավիճակ ստացած անձանց նկատմամբ սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման ժամկետներն սկսում են հաշվարկվել 2023 թվականի հունվարի 1-ից։»։
- Հանրային քրեական հետապնդման ժամկետը քննության առարկա դեպքում ութ ամիս է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալներին վերագրվում է ծանր հանցագործություն,
- 2023 թվականի օգոստոսի 10-ին, այսինքն՝ մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ութամսյա ժամկետը լրանալուց 21 օր առաջ, վարույթն իրականացնող քննիչը վարույթի մասնակիցներին ծանուցել է նախաքննության ավարտի մասին, տուժողներին տեղեկացրել է, որ քրեական վարույթի նյութերին կարող են ծանոթանալ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, իսկ մեղադրյալներին և վերջիններիս պաշտպաններին՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին և 10-ին:
- Վարույթի մասնակիցներին նախաքննության ավարտի մասին ծանուցելու հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 11-ին, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի պարտականությունները կատարող Ա.Դարբինյանը գրություն է հասցեագրել Շիրակի մարզի դատախազ Ա. Չիչոյանին՝ խնդրելով քննարկել Արտաշես Եգորյանի, Շողիկ Անտոնյանի, Անժելա Ազատյանի, Աիդա Մարտիրոսյանի, Արաքսի Հարությունյանի և Սիլվա Ղափլանյանի հանրային քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու նպատակահարմարության հարցը:
- Վերադաս դատախազի՝ 2023 թվականի օգոստոսի 21-ի նույնաբովանդակ որոշումներով Արտաշես Եգորյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Անժելա Ազատյանի, Շողիկ Անտոնյանի, Աիդա Մարտիրոսյանի և Արաքսի Հարությունյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարացվել է երկու ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը։ Որպես քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման հիմք դիտարկվել է հետևյալը. «(...) 2023 թվականի օգոստոսի 11-ին Շիրակի մարզի դատախազությունում ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի պարտականությունները կատարողի գրությունն առ այն, որ թիվ 58213420 քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցվել է վարույթի մասնավոր մասնակիցներին և հայտնել վարույթի նյութերին նրանց ծանոթանալու տեղը, ժամանակը, հաջորդականությունը, միաժամանակ սկսվել է մեղադրական եզրակացության կազմումը և հաշվի առնելով, որ մեղադրյալներ Արտաշես Ալբերտի Եգորյանի, Աիդա Արսենի Մարտիրոսյանի, Սիլվա Արտավազդի Ղափլանյանի, Անժելա Պավելի Ազատյանի, Արաքսի Խաչիկի Հարությունյանի և Շողիկ Հակոբի Անտոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցված ծանր հանցանքների մեղադրանքով, որոնց ժամկետը ութ ամիս է, ուստի նման պայմաններում արդարադատության շահի պահանջով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել քրեական հետապնդման ժամկետները:
Նկատի ունենալով, որ Արտաշես Ալբերտի Եգորյանի, Աիդա Արսենի Մարտիրոսյանի, Սիլվա Արտավազդի Ղափլանյանի, Անժելա Պավելի Ազատյանի, Արաքսի Խաչիկի Հարությունյանի և Շողիկ Հակոբի Անտոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցված ծանր հանցանքի մեղադրանքներով, որոնց հանրային քրեական հետապնդման ժամկետը ութ ամիս է, հաշվի առնելով նաև, որ նշված անձինք մեղադրյալի կարգավիճակ ստացել են մինչև 2023 թվականի հունվարի 1-ը և նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 483-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սահմանված քրեական հետապնդման ժամկետներն սկսում են հաշվարկվել 2023 թվականի հունվարի 1-ից ուստի նման պայմաններում արդարադատության շահի պահանջով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել քրեական հետապնդման ժամկետները:
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 192-րդ հոդվածի 2-րդ մասով, նկատի ունենալով դեպքի բացառիկությունը և հաշվի առնելով արդարադատության շահի պահանջը, Շիրակի մարզի դատախազության դատախազ Ա.Նիկողոսյանի կողմից 21.08.2023 թվականին միջնորդություն է ներկայացվել մեղադրյալ Արտաշես Ալբերտի Եգորյանի նկատմամբ ծանր հանցանքի մեղադրանքով հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:
Ուսումնասիրելով միջնորդությունը և քրեական վարույթի նյութերը գտնում եմ, որ այն հիմնավոր է և ենթակա է բավարարման (...)»:
- Վերադաս դատախազի կողմից 2023 թվականի օգոստոսի 21-ին մեղադրյալների նկատմամբ ծանր հանցանքի մեղադրանքով հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելուց հետո որևէ ապացուցողական գործողություն չի կատարվել:
- Տուժող Անի Հարությունյանը վարույթի նյութերին ծանոթացել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, տուժող Անի Նազարյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին հեռախոսազանգի ընթացքում տեղեկացրել է, որ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և չի ցանկանում ծանոթանալ քրեական վարույթի նյութերին:
- Մեղադրյալ Արտաշես Եգորյանին և վերջինիս պաշտպան Ա. Հայրապետյանին քրեական վարույթի նյութերը ծանոթանալու համար ներկայացվել են 2023 թվականի հոկտեմբերի 9-ին, վերջիններս խնդրել են նյութերին ծանոթանալու համար տրամադրել 2-օրյա ժամկետ:
- Մեղադրյալ Աիդա Մարտիրոսյանը և վերջինիս պաշտպան Հ.Հարությունյանը, մեղադրյալ Շողիկ Անտոնյանը և վերջինիս պաշտպան Մ. Մուրադյանը քրեական վարույթի նյութերին ծանոթացել են 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, մեղադրյալ Անժելա Ազատյանը և վերջինիս պաշտպան Ռ. Մովսիսյանը՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ին, մեղադրյալ Արաքսի Հարությունյանը և վերջինիս պաշտպան Հ.Ղարաքեշիշյանը՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, իսկ մեղադրյալ Ս. Ղափլանյանը և վերջինիս պաշտպան Ս.Խաչատրյանը՝ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին:
-Վարույթի մասնակիցների կողմից քրեական վարույթի նյութերին ծանոթանալը տևել է ընդհանուր 6 օր, իսկ մեղադրական եզրակացությունը կազմվել է մեկ օրվա ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին:
(․ ․ ․)
Ընդհանրացնելով՝ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Դատարանի այն եզրահանգմանը, որ մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետները երկու ամիս ժամկետով երկարաձգելու իրավաչափ անհրաժեշտություն առկա չի եղել՝ հաշվի առնելով, ի թիվս այլնի, այն, որ՝
-վերադաս դատախազի որոշումներով որպես հանրային քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման հիմնավորում նշված մեղադրական եզրակացություն կազմելը, վարույթի նյութերին վարույթի մասնավոր մասնակիցներին ծանոթացնելու անհրաժեշտությունը և արարքի ծանրությունն ինքնին չեն կարող բավարար հիմք լինել հանրային քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դրանք բոլոր քրեական վարույթներին բնորոշ տարրեր են և չեն կարող վկայել առանձնահատուկ իրավիճակի կամ դեպքի մասին,
- մեղադրյալների նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու մասին որոշումներ կայացվելուց հետո չի կատարվել որևէ քննչական գործողություն,
- քննիչը վարույթի մասնավոր մասնակիցներին տեղեկացրել է նախաքննության ավարտի մասին և նշել, որ վարույթի նյութերին կարող են ծանոթանալ միայն 2 ամիս անց՝ առանց հիմնավորելու նման ժամանակային խզման պատճառները՝ այն դեպքում, երբ նախաքննության ավարտի մասին վարույթի մասնակիցներին ծանուցելուց հետո վարույթն իրականացնող քննիչին անհրաժեշտ է եղել 6 օր՝ քրեական վարույթի նյութերին վարույթի մասնակիցներին ծանոթացնելու և մեղադրական եզրակացությունը կազմելու համար,
- քննիչը վարույթի մասնավոր մասնակիցներին քրեական վարույթի նյութերին ծանոթանալու մասին տեղեկացրել է 2023 թվականի օգոստոսի 10-ին՝ նշելով՝ որ տուժողները 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, իսկ մեղադրյալները և վերջիններիս պաշտպանները՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին և 10-ին կարող են ծանոթանալ քրեական վարույթի նյութերին, մինչդեռ 2023 թվականի օգոստոսի 10-ին հանրային քրեական հետապնդման ժամկետները դեռևս երկարաձգված չէին։ Վերադաս դատախազի կողմից մեղադրյալների նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու որոշումը կայացվել է 2023 թվականի օգոստոսի 21-ին, որպիսի պայմաններում քննիչն իրավասու չէր առանց այդ որոշման առկայության քրեական վարույթի նյութերին ծանոթացման օր նշանակեր այդ պահի դրությամբ առկա քրեական հետապնդման ժամկետներից դուրս ժամկետում,
- քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումներում որևէ փաստարկ ներկայացված չէ արդարադատության շահի դրսևորման և բացառիկ դեպքի առկայության վերաբերյալ։
9․ Ինչ վերաբերում է Բողոքաբերի կողմից ներկայացված փաստարկին առ այն, որ․ «Միևնույն ժամանակ, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ դատարանն իրավասու է ստուգել վերադաս դատախազի կողմից իր բացառիկ իրավասության շրջանակներում կայացված հանրային քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու մասին որոշման հիմնավորվածությունը, ապա հարկ է արձանագրել, որ քրեական վարույթից երևում է, որ դրա համար եղել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անհրաժեշտ հիմքերը։»՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական վարույթի նյութերին ծանոթանալը, հաշվի առնելով նաև սույն որոշման 8-րդ կետում առկա հանգամանքներն ու սույն որոշման 6.1-րդ և 6․2-րդ կետերում առկա դիրքորոշումները, չի բավարարում օրենսդրական պարտադիր պահանջն առ այն, որ պետք է առկա լինի բացառիկ դեպք և արդարադատության շահ:
Անդրադառնալով նրան, որ տվյալ քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ վիճարկվող որոշման կայացումը պայմանավորված է եղել տվյալ վարույթի բարդությամբ, մեծածավալությամբ (քրեական գործը բաղկացած է 14 հատորից) նշված վարույթով անցնող անձանց բազմաքանակությամբ՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ անգամ նման հանգամանքների առկայության դեպքում սույն որոշման վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վերադաս դատախազի որոշումները եղել են ոչ իրավաչափ։ Ավելին, վերադաս դատախազի որոշումները վարույթի բարդության, մեծածավալության, վարույթով անցնող անձանց բազմաքանակության վերաբերյալ հիմնավորումներ չեն պարունակում, իսկ վերաքննիչ բողոքի միջոցով հնարավոր չէ լրացնել վերադաս դատախազի այդ որոշումների պատճառաբանությունները։ Նույն հիմնավորմամբ Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ նաև այն փաստարկը, որ դատավարության մասնակիցների վարքագիծը կարող էր այլ լիներ, որի պատճառով վարույթի ավարտը կարող էր ձգձգվել։ Ավելին, այդ փաստարկը կրկին ոչ միայն չի բխում վերադաս դատախազի որոշումներից, այլև խնդիրը կայանում է նրանում, որ նման իրավիճակ քննության առարկա դեպքում չի եղել։ Այսինքն, այդ փաստարկի ողջամտությունը բովանդակային քննարկման առարկա կարող էր դառնար այն դեպքում, երբ նախ այն արտացոլված լիներ վերադաս դատախազի որոշումներում, երկրորդ՝ դատավարության մասնակիցների վարքագծի, մասնավորապես, միջնորդությունների ներկայացման հետևանքով առաջանար հանրային քրեական հետապնդման հիմնական ժամկետի ավարտման իրական վտանգ, որի դեպքում նոր այդ ժամկետները երկարաձգվեին, այլ ոչ թե ենթադրություն կատարվի, որ գուցե այդպիսի միջնորդություններ ներկայացվեին։
10. Անդրադառնալով Բողոքաբերի կողմից ներկայացված փաստարկին առ այն, որ «Գտնում եմ, որ նախնական դատալսումների ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված որոշման կայացումը կարող է հիմնավորված համարվել այն դեպքում, երբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքն առնվազն ակնհայտ է վարույթի պրոֆեսիոնալ մասնակցի համար՝ առանց տվյալ ապացույցի բովանդակային հետազոտման և այլ ապացույցների հետ համադրության, մնացած դեպքերում տվյալ՝ նախնական դատական նիստի փուլում առանց պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ապացույցների հետազոտման դատարանը գնահատական է տալիս ապացույցների վերաբերելիությանը, պիտանիությանը, դրանց վարույթի ելքի համար նշանակությանը, (ինչպես սույն դեպքում նշում է, որ հիմնական ապացույցները հավաքվել են մինչև երկարաձգման որոշման կայացումը), այլ խոսքով՝ դրանց տալիս է նախապես հաստատված ապացույցի ուժ, մինչդեռ մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները դատարանի համար ունեն նախնական և օժանդակ նշանակություն, ուստի առանց պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտման` դրանց չի կարող հաստատված ապացույցի ուժ տրվել»՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետի համաձայն ապացույցը փաստի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ստացված տվյալ է, որի հիման վրա քննիչը, դատախազը, դատարանը պարզում են ապացուցման ենթակա հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի համաձայն վարութային ակտը «քրեական վարույթի ընթացքում դատարանի կամ վարույթի հանրային մասնակցի` ի պաշտոնե կատարած գործողություն, դրսևորած անգործություն կամ կայացրած դատավարական ակտ.» է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի համաձայն վարութային գործողությունը «տվյալ վարույթի շրջանակներում իրավասու դատարանի, վարույթի հանրային մասնակցի կողմից կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նրանց հանձնարարությամբ ի պաշտոնե կատարվող գործողություն» է։
(…)
Քննարկման առարկա դարձնելով այն հարցադրումը, թե արդյոք առանց ապացույցների հետազոտման Դատարանն իրավասու էր նման որոշում կայացներ՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այդ հարցին բովանդակային հնարավոր էր անդրադառնալ այն դեպքում, երբ հավաստվեր, որ քննության առարկա դեպքում խոսքը վերաբերել է ապացույցներին, մինչդեռ վերոնշյալ եզրույթների բովանդակության լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման մասին վերադաս դատախազի որոշումը և դրա հիմքում ընկած միջնորդությունը և մյուս փաստաթղթերը չեն հանդիսանում քրեական գործով ձեռք բերված ապացույցներ։
Այսինքն, վերադաս դատախազի կողմից կայացված հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու որոշումների իրավաչափության ստուգման գործընթացում Դատարանը որևէ ապացույց բովանդակային հետազոտման չի ենթարկել, այլ գնահատման է ենթարկել համապատասխան վարութային ակտերը, որոնք քրեադատավարական օրենսդրության իմաստով ապացույց չեն հանդիսանում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանն փաստում է, որ նախնական դատալսումների ընթացքում վերադաս դատախազի կողմից կայացված հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու որոշումների իրավաչափությունը ստուգելու և այն ոչ իրավաչափ ճանաչելու արդյունքում մեղադրյալների նկատմամբ իրականացված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու, իսկ արդյունքում վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելով, չի խախտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ նախատեսված՝ «երբ դա հնարավոր է առանց ապացույցների հետազոտման» պահանջը։
11․ Ինչ վերաբերում է ներկայացված փաստարկին առ այն, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ նախնական դատալսումների ընթացքում դատարանը պետք է անդրադառնա հոդվածում նշված հարցերին և դատարանը արդեն իսկ քննարկած է եղել քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական վարույթը կարճելու հարցը անցել է մյուս հարցերի քննարկմանը՝ խափանման միջոցի, համաձայնեցված վարույթ և արագացված հատուկ կարգ կիրառելու հարցին: Վիճարկվող որոշումը կայացնելով դատարանը, ըստ էության խախտել է ՀՀ քրեական դատավարության 311-րդ հոդվածի պահանջը՝ սահմանված հաջորդականությամբ հիշյալ հարցերը քննարկելու մասին, անհիմն վերադարձել է նախորդ հարցին և կայացրել է նշված որոշումը, ինչն անթույլատրելի է, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ուստի օրինական չէ:»՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերից յուրաքանչյուրին ըստ հերթականության անդրադառնալը չի բացառում դատաքննության նույն փուլում նախորդ հարցին անդրադառնալու հնարավորությունը, հետևաբար, ներկայացված փաստարկը հիմնավոր չէ։
12․ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ներկայացված բողոքը պետք է մերժել, իսկ Դատարանի որոշումը՝ թողնել անփոփոխ (…)»:
12. Վերաքննիչ դատարանի դատավոր Ա․Մարտիրոսյանը Վերաքննիչ դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման կապակցությամբ մնացել է հատուկ կարծիքի՝ գտնելով, որ որքան էլ «արդարադատության շահ» կամ «բացառիկ դեպք» հասկացություններն ունենան գնահատողական բնույթ, ամեն դեպքում, կոնկրետ վարութային ակտի կայացման կապակցությամբ արդարադատության շահի գերակա չլինելը պետք է հիմնավորվի փաստարկման առավել բարձր շեմով, որը հատուկ չէ նախնական դատալսումների փուլին, որտեղ առանցքային նշանակություն ունեցող հարցերը քննարկվում են առերևույթի տեսանկյունից։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13․ Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելն արդյո՞ք հանդիսանում է վերադաս դատախազի բացառիկ լիազորությունը, և արդյո՞ք դրա իրավաչափությունը ենթակա է դատական ստուգման։
14․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մինչդատական վարույթում հանրային քրեական հետապնդումն այն հարուցելու պահից չի կարող տևել ավելի, քան`
1) երեք ամիս` ոչ մեծ ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով.
2) հինգ ամիս` միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով.
3) ութ ամիս` ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով.
4) տասն ամիս` առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով։
2. Բացառիկ դեպքերում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, վերադաս դատախազը հսկող դատախազի միջնորդությամբ իրավասու է երկարաձգելու ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով հանրային քրեական հետապնդման ժամկետները՝ առավելագույնը մեկ ամսով, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով քրեական հետապնդման ժամկետները՝ առավելագույնը երկու ամսով (․ ․ ․) »։
14․1․ ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1729 որոշմամբ արձանագրել է, որ հանրային շահերի, այդ թվում՝ արդարադատության շահի վերջնական շահառուն հանրությունն է, իսկ հանրային շահի հետապնդման պատասխանատուն՝ հանրային իշխանությունը, որին Սահմանադիրն օժտել է հանրային շահերի ապահովման և պաշտպանության սահմանադրական բացառիկ առաքելությամբ։ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով թվարկված հանրային շահերը, այդ թվում՝ արդարադատության շահը, ունեն պետաիրավական հույժ կարևորություն։ «արդարադատության շահ» հասկացությունը բազմաշերտ և բազմաբնույթ է. արդարադատության շահեր պարունակող հասարակական հարաբերությունների կոնկրետ, սպառիչ շրջանակը կանխատեսելը և բացարձակ հստակությամբ որոշակիացնելը գործնականում անհնար է։ Համապատասխանաբար՝ գործի քննության ընթացքում կարող են ի հայտ գալ այնպիսի հանգամանքներ, որոնք այս կամ այն կերպ կարող են հանգեցնել արդարադատության շահի վտանգմանը, և յուրաքանչյուր դեպքում ենթադրյալ վտանգի աղբյուրն ու արդարադատության շահերի թիրախավորման դրսևորումները կարող են լինել բազմապիսի և բազմաբնույթ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այդպիսի հանգամանքների շրջանակի սպառիչ որոշակիացումը հանրային շահերի ձևավորման և իմաստավորման հարափոփոխ գործընթացի համատեքստում թեպետ նպատակահարմար է, սակայն օրենսդրական քաղաքականության տեսանկյունից՝ անհնար։
14․2․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված իրավական կարգավորումների առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է մինչդատական վարույթում անձի նկատմամբ քրեական հետապնդման իրականացման ժամկետներ, որն ուղղված է ողջամիտ ժամկետում վարույթն ավարտելու իրավաչափ նպատակի ապահովմանը։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը նախատեսել է քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու կառուցակարգ։ Այսպես, օրենսդիրը՝ որպես քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության պայման, նախատեսել է արդարադատության շահի պահանջով պայմանավորված բացառիկ դեպքի առկայությունը։ Այսինքն՝ քրեադատավարական իմաստով հանրային քրեական հետապնդման ժամկետները պահպանելը հանդիսանում է կանոն, իսկ դրա ժամկետը երկարաձգելը՝ կանոնից բացառություն։ Հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու իրավասությամբ օրենսդիրը օժտել է վերադաս դատախազին, սակայն վերջինս նշված լիազորությունը կարող է օգտագործել միայն մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից համապատասխան միջնորդություն ներկայացնելու դեպքում։
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային քրեական հետապնդման ժամկետի երկարաձգումը հանդիսանում է վերադաս դատախազի բացառիկ լիազորությունը, այնքանով, որքանով մինչդատական վարույթում անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման լիազորությունը պատվիրակվել է միայն նշված սուբյեկտին։ Մինչդեռ, նշված լիազորությունը չի կրում բացարձակ բնույթ, քանի որ այն գործադրելու համար անհրաժեշտ են հատուկ վավերապայմաններ (արդարադատության շահի պահանջով պայմանավորված բացառիկ դեպքի առկայություն), ինչպես նաև այն կարող է իրականացվել միայն մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից համապատասխան միջնորդություն ներկայացնելու դեպքում։ Նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես վերադաս դատախազի կողմից քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու գնահատողական բնույթ կրող պայմանի՝ արդարադատության շահի պահանջով պայմանավորված բացառիկ դեպքի առկայությունը հիմնավորելու պարտականությունը սահմանելը, քրեական հետապնդման ենթարկված անձանց իրավունքներին և իրավաչափ շահերին վնաս պատճառելու հնարավորությունը բացառելու համար ինքնին իրավական երաշխիքներ է ստեղծում գործի դատաքննության ընթացքում դատարանի կողմից նշված որոշման հետագա դատական ստուգման համար։ Այլ կերպ՝ նկատի ունենալով, որ դատարանը՝ որպես արդարադատության երաշխավոր, փաստացի պարտավոր է վերհանել մինչդատական քրեական վարույթի ընթացքում թույլ տրված խախտումները և դրանք արժանացնել համապատասխան իրավական գնահատականի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերադաս դատախազի կողմից կայացված հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին որոշման իրավաչափությունը ենթակա է հետագա դատական ստուգման այնքանով, որքանով այն առնչվում է անձի իրավունքներին և իրավաչափ շահերին:
15․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշմամբ որևէ փաստարկ ներկայացված չէ արդարադատության շահի դրսևորման և դրա պահանջի առկայության, ինչպես նաև բացառիկ դեպքի առկայության վերաբերյալ (խախտվել է հայեցողական լիազորության իրականացման հիմնավորվածության չափանիշը),
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, գտել է, որ հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու վերադաս դատախազի լիազորությունը բացառիկ չէ, և դատարանը դատական քննության փուլում իրավասու է գնահատել նշված որոշմամբ արձանագրված երկարաձգման բացառիկությունը և արդարադատության շահի առկայությունը։ Դատախազի հայեցողությունը չի կարող չունենալ որևէ սահման, ինչը նշանակում է, որ եթե օրենսդրական կարգավորման մեկնաբանության արդյունքը հանգեցնում է այնպիսի մտահանգման, որ դատախազի լիազորության բացառիկությունը տարածվում է նաև դատարանի կողմից դրա իրավաչափության ստուգման ու գնահատման ենթարկելու իրավունքի բացակայության վրա, իսկ դատախազի լիազորության հայեցողությունը իրավաչափ սահմաններ չունի, ապա այդպիսի մեկնաբանությունը չի կարող տեղ գտնել իրավակիրառ պրակտիկայում, քանի որ այն կհակասի նշյալ հարաբերությունների կարգավորմանն ուղղված օրենսդրի կամքին և քրեադատավարական մի շարք սկզբունքների էությանը։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-14․2․-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացառիկ լիազորություն չի նշանակում դատական վերահսկողության առարկա չհանդիսանալու արտոնություն, ուստի դատարանը դատական քննության փուլում իրավասու է գնահատել նշված որոշմամբ արձանագրված արդարադատության շահի պահանջով պայմանավորված բացառիկ դեպքի առկայությունը։ Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերադաս դատախազի՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշման իրավաչափությանն անդրադառնալու հնարավորության մասով ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ են:
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք նախնական դատալսումների փուլում մեղադրյալներ Ա․Եգորյանի, Ա․Մարտիրոսյանի, Ա․Ազատյանի, Շ․Անտոնյանի, Ա․Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրացած լինելու հիմքով դադարեցնելու, ինչպես նաև քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
18. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (…) ողջամիտ ժամկետում (…) դատաքննության իրավունք»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատավարական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը կարող են հերքվել միայն պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դրա ստուգման արդյունքով»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նախաքննությունը և դատաքննությունը պետք է ավարտվեն ողջամիտ ժամկետում: Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր իրավասության սահմաններում դրսևորել պատշաճ ջանասիրություն վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար:
2. Մեղադրյալն ունի ողջամիտ ժամկետում դատարանի առջև կանգնելու իրավունք (․ ․ ․) »:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նախնական դատալսումների ընթացքում սույն հոդվածով սահմանված հաջորդականությամբ դատարանը քննարկման առարկա է դարձնում՝
1) ինքնաբացարկի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու հարցը.
2) վարույթի ընդդատության հարցը.
3) քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հարցը.
4) մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը.
5) գույքային հայց հարուցված լինելու դեպքում` գույքային պատասխանող ճանաչելու հարցը.
6) միջնորդության դեպքում` համաձայնեցման վարույթ կամ համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու հարցը.
7) հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը.
8) ապացույցների թույլատրելիության հարցը.
9) այլ վերաբերելի հարցեր»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-14-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանքի առկայության դեպքում, երբ դա հնարավոր է առանց ապացույցների հետազոտման, դատարանը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքը վերաբերում է մեղադրյալներից մեկին, ապա քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ՝ առանց վարույթը կարճելու»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(․ ․ ․)
3) առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ այլ դատական ակտ.
4) առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի չվերացված որոշում, բացառությամբ սույն մասի 9-րդ կետով նախատեսված դեպքի.
5) անձն անձեռնմխելիության ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության.
6) իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում ենթադրյալ հանցանք կատարած անձին չի զրկել անձեռնմխելիությունից.
7) լրացել է սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, և դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան.
8) վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա.
9) վարույթով քրեական հետապնդումն իրականացվել է հանրային կարգով, մինչդեռ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան` քրեական հետապնդումը պետք է իրականացվեր միայն մասնավոր կարգով.
10) անձը մահացել է.
11) անձն արարքի կատարման պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.
12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.
13) անձը համաներմամբ ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.
14) անձին մեղսագրվող արարքն ապաքրեականացվել է»։
18․1․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է Առաջին ատյանի դատարանում գործի քննության երեք միմյանց հաջորդող փուլեր, որոնցից յուրաքանչյուրն ունի հստակ նշանակություն։ Դրանցից առաջինը նախնական դատալսումների փուլն է, որի հիմնական նպատակն է ապահովել դատական վարույթի սահուն և անխափան ընթացքը։ Նախնական դատալսումների փուլի ընթացքում դատարանի կողմից քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք կոչված են ապահովելու որոշակի «զտիչ» մեխանիզմ, բացառելով «քննության հեռանկար» չունեցող գործերով ըստ էության (բովանդակային) քննությունը։ Օրենսդիրը նախատեսել է նախնական դատալսումների ընթացքում անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորություն, սահմանելով որոշակի բացառություններ։ Այսպես՝ անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը նախնական դատալսումների ընթացքում դադարեցնելու համար օրենսդիրն առանձնացրել է երկու համապարտադիր պայմաններ, որոնց միաժամանակյա առկայության դեպքում է միայն հնարավոր դադարեցնել անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, մասնավորապես՝
ա) գործում պետք է առկա լինի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-14-րդ կետերով նախատեսված քրեական հետապնդումը բացառող հանգամանք,
բ) դրա առկայությունը պետք է հաստատվի առանց ապացուցողական զանգվածի հետազոտման։
Վերոգրյալը նշանակում է, որ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունը պետք է լինի այնքան ակնհայտ և հիմնավորված, որ ապացույցների համակցությամբ այն հիմնավորելու անհրաժեշտությունը բացակայի։
19․ Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ քրեական հետապնդման ենթարկելու առավելագույն ժամկետը լրանալու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդման դադադեցմանը։ Այսպես՝ վերաբերելի կարգավորման վերլուծությունից ակնհայտ է, որ նշված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս, գնահատման ենթակա են երկու պայմանների առկայությունը, այն է․
ա) արդյո՞ք լրացել է անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը,
բ) արդյո՞ք դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան։
Վերոնշյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության հաստատումն անվերապահորեն հանգեցնում է անձի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով հանրային քրեական հետապնդման դադարեցմանը։
19․1․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ եթե գործում առկա է քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրանալը կասկածի տակ դնող ոչ ակնհայտ և վիճելի փաստակազմ, ապա քրեական հետապնդումը բացառող նշված հանգամանքի առկայության գնահատումը և համապատասխանաբար՝ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակահարմարության ու անհրաժեշտության հարցը քննության պետք է առնվի ավելի ուշ փուլում՝ հիմնական դատալսումների ընթացքում, ապացույցների հետազոտման և համապատասխան վերլուծության համատեքստում։ Այսինքն՝ քրեական հետապնդումը բացառող հիմքի առկայության վերաբերյալ կասկածների հնարավոր փարատումը պետք է հիմնված լինի առավել բարձր ապացուցողական չափանիշների վրա, ինչը նախնական դատալսումներին կարգավորման առարկային հատուկ չէ։ Հակառակ մոտեցումը կհանգեցնի առաջին ատյանի դատարանում գործի քննության փուլերի միախառնման, այսինքն՝ նախնական դատալսումների փուլում դատարանը, սահմանված հարցերի քննարկման ընթացքում, կսկսի թափանցել հիմնական դատալսումների կարգավորման դաշտ։
19․2․ Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հնարավոր են նաև դեպքեր, երբ ձևական առումով քրեական հետապնդման ենթարկելու իրավաչափության պայմանները ապահովված են, այսինքն՝ քրեական հետապնդման առավելագույն ժամկետը չի լրացել, իսկ վարույթի նյութերը սահմանված ժամկետում հանձնվել են դատարան, սակայն առկա է հանրային քրեական հետապնդման իրավաչափության վրա անմիջականորեն ազդող հանգամանքներ, մասնավորապես՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին որոշումը կայացվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, կամ այդ ժամկետը լրանալու և դրա երկարաձգման վերադաս դատախազի որոշման կայացման միջև առկա է «ակնհայտ» ժամանակային խզում և այլն։ Վերջինի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հնարավոր են դեպքեր, երբ, օրինակ՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը փաստացի լրացել է ամսվա 24-րդ օրը, իսկ հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին որոշումը կայացվել է նույն ամսվա 24-րդ օրից հետո։ Տվյալ դեպքում հանրային քրեական հետապնդման ժամկետը լրանալու և դրա երկարաձգման որոշման կայացման միջև ակնհայտ ժամանակային խզման առկայությունն անմիջականորեն բխեցնում է նշված որոշման իրավական նշանակության կորստին, ինչն ուղղակիորեն հանգեցնում է հանրային քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրանալու հիմքով անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցմանը։
20․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- 2023 թվականի օգոստոսի 21-ին վերադաս դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալներ Ա․Եգորյանի, Ա․Մարտիրոսյանի, Ս․Ղափլանյանի, Ա․Ազատյանի, Ա․Հարությունյանի և Շ․Անտոնյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետները 2 ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը։
- Վարույթի նյութերը դատարան են ստացվել 2023 թվականի հոկտեմբերի 24-ին։
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշմամբ որևէ փաստարկ ներկայացված չէ արդարադատության շահի դրսևորման և դրա պահանջի առկայության, ինչպես նաև բացառիկ դեպքի առկայության վերաբերյալ, իսկ ավարտված նախաքննության պայմաններում քրեական հետապնդման ժամկետի երկարաձգումն ըստ էության պայմանավորվել է բացառապես վարույթի մասնավոր մասնակիցներին վարույթի նյութերին ծանոթացնելու և մեղադրական եզրակացության կազմման անհրաժեշտությամբ, ինչը սակայն փաստացի տևել է ընդամենը 6 օր։ Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու վերաբերյալ վերադաս դատախազի համապատասխան որոշումներից հետո որևէ ապացուցողական գործողություն չի կատարվել, որևէ ապացույց ձեռք չի բերվել, որպեսզի Դատարանն անհրաժեշտություն ունենա հետազոտել տվյալ ապացույցն ու գնահատել դրա նշանակությունն ընդհանուր վարույթի տեսանկյունից,
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ էության, իր համաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի հետևություններին։
21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 18-19․2․-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված քրեական հետապնդումը բացառող հիմքի առկայությունը։ Մասնավորապես՝ ստորադաս դատարանները դատական ակտերի պատճառաբանությունների հիմքում դրել են այն հանգամանքը, որ խախտվել է հայեցողական լիազորության իրականացման հիմնավորվածության չափանիշը, քանի որ մեղադրյալներ Ա․Եգորյանի, Ա․Մարտիրոսյանի, Ա․Ազատյանի, Ա․Հարությունյանի և Շ․Անտոնյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին վերադաս դատախազի որոշմամբ որևէ փաստարկ ներկայացված չէ արդարադատության շահի դրսևորման և դրա պահանջի առկայության, ինչպես նաև բացառիկ դեպքի առկայության վերաբերյալ, մինչդեռ սույն դեպքում նշված որոշմամբ դատավարական ակտի պատճառաբանվածության չափանիշի խախտման փաստը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի հանդիսանում այն աստիճան ակնհայտ և անվիճելի, որպեսզի քրեական գործով նախնական դատալսումների փուլում՝ առանց ապացուցների հետազոտման, այն հաստատվի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք հանդիսանա։ Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում դատավարական ակտի պատճառաբանվածության չափանիշի խախտման փաստը պետք է հաստատվի առավել բարձր հիմնավորվածության չափանիշի համապատասխանող փաստակազմով, որը հատուկ չէ նախնական դատալսումների փուլին և դրա ընթացքում քննարկվող հարցերի առարկային։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելիս, պետք է գնահատման ենթարկեին, թե արդյոք անցել է մեղադրյալներին քրեական հետապնդման ենթարկելու առավելագույն ժամկետը, և արդյոք այդ ժամկետում դատախազի կողմից քրեական գործը չի հանձնվել դատարան, մինչդեռ նշված դեպքում քրեական հետապնդման առավելագույն ժամկետ է հանդիսացել 2023 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ քրեական գործը դատարան է ստացվել նույն թվականի հոկտեմբերի 24-ին՝ այսինքն սահմանված ժամկետի պահպանմամբ։
22․ Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով ամրագրված վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործը ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է գործի հանգամանքների համակողմանի քննարկման և գնահատման արդյունքում հանգի համապատասխան հետևության։
23․ Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում ներկայացված մյուս փաստարկներին ու դատողություններին, ապա հարկ է արձանագրել, որ սույն որոշմամբ վերը շարադրված իրավական դիրքորոշումներն ու վերլուծություններն իրենց համակցության մեջ արդեն իսկ ամբողջությամբ ներառում են դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մոտեցումներն ու բարձրացված հարցերի պատասխանները, ուստի դրանց լրացուցիչ առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՀԿԴ1/0037/01/23 քրեական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 9-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
