Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ1/0019/01/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ1/0019/01/22
Դիմող / մեղադրյալ
Արմեն Մարտիրոսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
23.06.2025
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
4 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ1/0019/01/22 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Մ․Մոսինյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Ժ․Մելիքսեթյան դատավորներ՝ Մ․Մակյան Ա․Հովհաննիսյան 2025 թվականի հունիսի 23-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշման դեմ ամբաստանյալ Արմեն Ռուբիկի Մարտիրոսյանի պաշտպաններ Գ․Գալիկյանի և Ն․Շելելենկյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի փետրվարի 13-ի դատավճռով ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Նույն դատավճռով ամբաստանյալ Կ․Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և դրվագներից յուրաքանչյուրով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելով՝ ամբաստանյալ Կ․Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: Նույն դատավճռով ամբաստանյալ Ա․Սողբաթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով: 2․ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա․Նշանյանի, ամբաստանյալ Ա․Սողբաթյանի պաշտպան Լ․Ղազարյանի, ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանի պաշտպաններ Գ․Գալիկյանի և Ն․Շելելենկյանի ու ամբաստանյալ Կ․Հովհաննիսյանի պաշտպան Ա․Հայրապետյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը որոշակի՝ Կ․Հովհաննիսյանի և Ա․Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատիժների մասով, բեկանվել և փոփոխվել է. ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, իսկ Կ․Հովհաննիսյանի նկատմամբ 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է նրա՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ներառյալ անազատության մեջ գտնվելու 2 (երկու) օր ժամկետը՝ թողնվելով կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 տասնմեկ ամիս 28 (քսանութ) օր ժամկետով: Միևնույն ժամանակ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով երկու դրվագ հանցավոր արարքներից յուրաքանչյուրի համար Կ․Հովհաննիսյանի նկատմամբ որպես լրացուցիչ պատիժ է սահմանվել՝ հանրային ծառայության ոլորտում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ յուրաքանչյուր դրվագով 1 (մեկ) տարի ժամկետով։ Նշանակված լրացուցիչ և հիմնական պատիժները լրիվ գումարելու միջոցով Կ․Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 տասնմեկ ամիս 28 (քսանութ) օր ժամկետով՝ զրկելով հանրային ծառայության ոլորտում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 (երկու) տարի ժամկետով: Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։ 3․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանի պաշտպաններ Գ․Գալիկյանի և Ն․Շելելենկյանի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի հունիսի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում. 4. Բողոքաբերները գտել են, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավոր և պատճառաբանված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Մասնավորապես, բողոքաբերները նշել են, որ քրեական գործի քննությամբ չի հիմնավորվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ Ա․Մարտիրոսյանի մեղավորությունը, ավելին՝ ապացուցվել է վերջինիս անմեղությունը, ինչի արդյունքում Առաջին ատյանի դատարանը պետք է ոչ թե վերաորակեր ամբաստանյալին մեղսագրվող արարքը և մեղավոր ճանաչեր նրան, այլ կայացներ արդարացման դատավճիռ։ Ըստ բողոքաբերների՝ ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերում առկա չէ որևէ փաստարկ, որով կհիմնավորվեր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարքն Ա․Մարտիրոսյանի կողմից կատարված լինելու հանգամանքը։ Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից Ա․Մարտիրոսյանին մեղսագրվող հանցավոր արարքի իրավական որակման վերաբերյալ կատարված եզրահանգումներին՝ բողոքաբերները փաստարկել են, որ Առաջին ատյանի դատարանը դրանք կատարել է իրարամերժ փաստական հանգամանքների առկայության պայմաններում։ Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանն Ա․Մարտիրոսյանի մեղավորության վերաբերյալ արտահայտված դիրքորոշման հիմքում դրել է այնպիսի ապացույցներ, որոնք թե՛ առանձին-առանձին գնահատելու արդյունքում և թե՛ իրենց ամբողջության մեջ չեն վկայում Ա․Մարտիրոսյանի կողմից ինչպես ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման, այնպես էլ՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մասին։ 5. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ ճանաչել և հռչակել Ա․Մարտիրոսյանի անմեղությունը նրան մեղսագրվող հանցանքի կատարման մեջ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 6. Ա․Մարտիրոսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ․ «(...) [Ն]ա պաշտոնատար անձին՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի /ՀՀ ՊՆ 43893 զորամաս/ պետի տեղակալ, մայոր Կարո Արարատի Հովհաննիսյանին, խոստացել և տրամադրել է խոշոր չափերով կաշառք՝ վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար, ինչն արտահայտվել է հետևյալում. ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի պետի տեղակալ Կարո Արարատի Հովհաննիսյանը 2020 թվականի գարնանը Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Ռուբիկի Մարտիրոսյանից պահանջել է կաշառք՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նրա օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի /ՀՀ ՊՆ 43893 զորամաս/ քրեական հետախուզության խմբի պետի պաշտոնում նշանակվելուն նպաստելու համար: Արմեն Մարտիրոսյանը տվել է իր համաձայնությունը, որից հետո պայմանավորվել են կաշառքի գումարը փոխանցել ծառայության նշանակվելուց հետո: 2020թ. ապրիլի 17-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանի թիվ 371-Ա հրամանով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետ, որից հետո՝ 2020թ. ապրիլի 17-ին՝ ժամը 20:49-ին, Արմեն Մարտիրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Կարո Հովհաննիսյանի հետ և պայմանավորվել հանդիպել վերջինիս բնակության՝ Գյումրիի քաղաքի Լալայան փողոցի 139/2 շենքի մոտ, րոպեներ անց Արմեն Մարտիրոսյանը պայմանավորվածության համաձայն հանդիպել է Կարո Հովհաննիսյանին և կաշառքի առարկա հանդիսացող խոշոր չափերով 967.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցել է նրան: (...)»։ 7․ Առաջին ատյանի դատարանն իր՝ 2024 թվականի փետրվարի 13-ին կայացված դատավճռով փաստել է հետևյալը․ «(...) Արմեն Մարտիրոսյանի կողմից իր օգտին գործողությունների կատարման, այն է՝ ՀՀ ՊՆ 43893 զորամասի քրեական հետախուզության խմբի պետի պաշտոնում իր նշանակմանը նպաստելու համար պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ ՊՆ 43893 զորամասի հրամանատարի տեղակալ Կարո Հովհաննիսյանին կաշառք խոստանալը և տալը հաստատվում է վկա Էմիլ Պետրոսյանի ցուցմունքով, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող Ա. Աղաջանյանի՝ 2020 թվականի ապրիլի 17-ի թիվ 371-Ա հրամանով, Արմեն Մարտիրոսյանի և Կարո Հովհաննիսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարներով իրականացված «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները զննության ենթարկելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 09-ին կազմված արձանագրությամբ, համապատասխան հեռախոսային խոսակցությունները աուդիո ֆայլերը պարունակող լազերային սկավառակներով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկից ստացված, Արմեն Մարտիրոսյանի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի զննության մասին 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կազմված արձանագրությամբ։ Ինչ վերաբերում է ամբաստանյալներ Կարո Հովհաննիսյանի, Արմեն Սողբաթյանի և Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև վկա Վանուհի Գասպարյանի դատաքննական ցուցմունքներին, ապա Դատարանը դրանք արժանահավատ չի համարում՝ հաշվի առնելով, որ դրանցով ներկայացված տեղեկությունները հակասում են ոչ միայն իրար, այլև սույն քրեական գործով ձեռք բերված և դատաքննության ընթացքում հետազոտված մյուս ապացույցներին: Մասնավորապես, Դատարանի գնահատմամբ մտացածին են վկա Վանուհի Գասպարյանի և ամբաստանյալ Արմեն Սողբաթյանի հայտնած այն տեղեկությունները, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից տույժերը զիջելու մասին որոշում կայացնելուց դեռևս 2 ամիս առաջ այդ բանկում ունեցած վարկային պարտավորությունը մարելու համար «Կամուրջ» ՈւՎԿ-ից վարկ են ստացել, 2020 թվականի հունիսի 25-ին վերջիններիս միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում Արմեն Սողբաթյանի պնդումը, որ այդ օրը պետք է անպայման գումարը տա, վերաբերել է հունիսի 29-ին Վանուհի Գասպարյանի քրոջ ծննդյան օրը մեքենայի գումարը ոմն Հրաչին փոխանցելուն: Դատարանի գնահատմամբ անարժանահավատ է նաև ամբաստանյալ Արմեն Սողբաթյանի այն պնդումը, որ նախաքննության ընթացքում որպես կասկածյալ հարցաքննվելիս ենթարկվել է հոգեբանական ճնշման, ցուցմունքում նշված տեղեկությունները գրել է քննիչը, իսկ ինքն առանց կարդալու ստորագրել է, քանի որ վերջինս այդ ցուցմունքով հայտնել է այնպիսի տեղեկություններ, որոնք չէին կարող վարույթն իրականացնող քննիչին հայտնի լինել, օրինակ, որ վարչություն գնալիս Կարո Հովհաննիսյանն Արմեն Սողբաթյանին տվել է ավտոմեքենայի պետհամարանիշ Սամվել Բունիաթյանին փոխանցելու համար, վերջինս Կարո Հովհաննիսյանին տվել է ոչ թե 1.500 ԱՄՆ դոլար, այլ 500 ԱՄՆ դոլար և այլն: Կարո Հովհաննիսյանի դատաքննական ցուցմունքով հայտնած այն տեղեկությունը, որ ինքը դեմ է եղել Արմեն Մարտիրոսյանի նշանակմանը, հակասում է վկա Գագիկ Գինոսյանի դատաքննական ցուցմունքին, որով վերջինս հայտնել է, որ Արմեն Մարտիրոսյանի նշանակումը քննարկել է Կարո Հովհաննիսյանի հետ, և նա կողմ է եղել: Ինչ վերաբերում է Կարո Հովհաննիսյանի պնդմանը, որ Արմեն Մարտիրոսյանի և Արմեն Սողբաթյանի նշանակման հարցերն իր հետ չեն քննարկվել, ապա այն հակասում է ինչպես վկա Գագիկ Գինոսյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներով, այնպես էլ վկա Էմիլ Պողոսյանի դատաքննական ցուցմունքներով հայտնած տեղեկություններին: Մտացածին են նաև Կարո Հովհաննիսյանի այն պնդումները, որ Գագիկ Գինոսյանը տեղյակ է եղել Արմեն Սողբաթյանի նշանակման մասին, սակայն իրեն խնդրել է դրա մասին Սողբաթյանին չասել, ինչով պայմանավորված էլ ինքը հեռախոսային խոսակցության ընթացքում Արմեն Սողբաթյանին հորդորել է նշանակման մասին տեղեկացնել նաև Գագիկ Գինոսյանին: Ընդ որում, Դատարանում հարցաքննվելիս Կարո Հովհաննիսյանը նախ հայտնեց, որ տեղյակ չէ, թե Գագիկ Գինոսյանը տեղյակ եղել է արդյոք Արմեն Սողբաթյանի նշանակման մասին, թե ոչ, այնուհետև պնդեց, որ տեղյակ է եղել: Դատարանի գնահատմամբ մտացածին են նաև Արմեն Մարտիրոսյանի ցուցմունքով հայտնած տեղեկություններն այն մասին, որ իր և հոր հեռախոսային խոսակցությունները վերաբերում են ավտոմեքենա գնելու նպատակով գումարը ոմն Կարոյին տալուն, որը պետք է մաքսազերծեր ավտոմեքենան, գումարը փոխանցել է այդ անձին, ում հետ ծանոթացել էր նույն օրը առավոտյան, բանավոր պայմանավորվածության հիման վրա, հետագայում համաձայնության չեն եկել և մեքենան չի գնել: Ոմն Կարոյին փոխանցելու նպատակով դրամը դոլարի փոխակերպելը, այդ մասին հոր հետ հեռախոսային խոսակցություններ ունենալը, ոմն Կարոյին հանդիպելը և գումարը փոխանցելը, ըստ Արմեն Մարտիրոսյանի ցուցմունքի, պարզապես համնկել են այդ նույն ժամանակահատվածում Կարո Հովհաննիսյանին հանդիպելուն, ինչը Դատարանի գնահատմամբ արժանահավատ չէ: 4.4 Անդրադառնալով ամբաստանյալներին մեղսագրվող արարքների իրավական որակումներին՝ Դատարանն արձանագրում է, որ (…)։ Ինչ վերաբերում է Կարո Հովհաննիսյանի՝ Արմեն Մարտիրոսյանից կաշառք ստանալու դրվագին, ապա Դատարանը փաստում է, որ ըստ Կարո Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի՝ վերջինս Արմեն Մարտիրոսյանից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով՝ 967.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ սույն քրեական գործով ձեռք բերված և դատաքննության ընթացքում հետազոտված՝ Կարո Հովհաննիսյանի և Արմեն Մարտիրոսյանի մեղադրանքների հիմքում դրված ապացույցներով չի հաստատվում այդ հանգամանքը, ուստի Կարո Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: (…)»։ 8. Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշման համաձայն․«(…) [Ա]ռաջին ատյանի դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, դրանք գնահատել է վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում մեղադրյալներ Արմեն Սողբաթյանին ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված 18.04.2003թ. ՀՕ-528-Ն) 312-րդ հոդվածի 1-ին մասով, Արմեն Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված 18.04.2003թ. ՀՕ-528-Ն) 312-րդ հոդվածի 1-ին մասով և Կարո Հովհաննիսյանին 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված 18.04.2003թ. ՀՕ-528-Ն) 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարելու մեջ մեղավոր ճանաչելու հարցում հանգել է իրավաչափ եզրահանգման։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանն իր համապատասխան հետևությունները կառուցել է քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների՝ խորը և բազմաբովանդակ վերլուծության ու դրանց բարեխիղճ գնահատման վրա: Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը կատարել է հետազոտված ապացույցների պատշաճ իրավական վերլուծություն և արդյունքում հիմնավորված եզրահանգման է եկել այն մասին, որ Արմեն Մարտիրոսյանի և Արմեն Սողբաթյանի կողմից կաշառք տալը, իսկ Կարո Հովհաննիսյանի կողմից կաշառք ստանալն ապացուցված է, ապացուցված է նրանց մեղավորությունը տվյալ հանցանքները կատարելու մեջ: Առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծությունները և դրանց հիման վրա կատարած եզրահանգումն ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար, ուստի, դրանց չհամաձայնելու բավարար հիմքեր օբյեկտիվորեն առկա չեն: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը հնարավորություն է տալիս անհրաժեշտ ու բավարար խորությամբ պարզելու ապացուցման առարկայի բոլոր տարրերը և հիմնավորված հետևության հանգելու՝ մեղադրյալներ Ա.Սողբաթյանի, Ա.Մարտիրոսյանի և Կ.Հովհաննիսյանի մեղավորության մասին, ինչն Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ կերպով կատարվել է: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալներ՝ Արմեն Մարտիրոսյանի և Արմեն Սողբաթյանի կողմից կաշառք տալը, իսկ Կարո Հովհաննիսյանի կողմից կաշառք ստանալը, այն է՝ Կ.Հովհաննիսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Արմեն Սամվելի Սողբաթյանի և Արմեն Ռուբիկի Մարտիրոսյանի օգտին գործողություններ կատարելուն՝ ՀՀ ՊՆ 43893 զորամասի՝ համապատասխանաբար գործավարության պետի և քրեական հետախուզության խմբի պետի պաշտոններում նրանց նշանակվելուն նպաստելու համար նրանցից որպես կաշառք գումարներ պահանջելը և ստանալը, այդ հանցանքների օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի հատկանիշների առկայությունը հիմնավորվում է քրեական գործով ձեռքբերված և Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ: Այսպես՝ (…) Արմեն Ռուբիկի Մարտիրոսյանի կաշառք տալու հանցակազմում վերջինիս մեղավորությունն ապացուցվում է վկա Էմիլ Պետրոսյանի ցուցմունքով, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող Ա.Աղաջանյանի՝ 2020 թվականի ապրիլի 17-ի՝ թիվ 371-Ա հրամանով, Արմեն Մարտիրոսյանի և Կարո Հովհաննիսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարներով իրականացված «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները զննության ենթարկելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 9-ին կազմված արձանագրությամբ, համապատասխան հեռախոսային խոսակցությունները՝ աուդիո ֆայլերը, պարունակող լազերային սկավառակներով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկից ստացված Արմեն Մարտիրոսյանի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի զննության մասին 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կազմված արձանագրությամբ։ Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ առկա չեն հիմքեր չհամաձայնելու քրեական գործով հետազոտված ապացույցների պատշաճ վերլուծության և օբյեկտիվ գնահատման արդյունքում Առաջին ատյանի դատարանի կողմից արված դատողությունների հետ, որոնք Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ իրավաչափ են։ (…) Անդրադառնալով Պաշտպանների կողմից վերաքննիչ բողոքներով ներկայացված այն դիրքորոշմանը, որ Առաջին ատյանի դատարանը, դատավճիռը կայացնելիս պատշաճ հետազոտման չի ենթարկել գործում առկա ապացույցները և մեղադրական դատավճիռը կայացրել է առանց ուղղակի և բավարար ապացույցների՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ապացույցները բավարարության տեսանկյունից գնահատվում են իրենց համակցության մեջ, այլ ոչ թե մեկը մյուսից անջատ, առանձնացված կերպով, այլ կերպ՝ ընդունելի չի կարող համարվել հետազոտված ապացույցների զանգվածից վերցված առանձին փաստական տվյալները։ Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ դատավճռի հիմքում դրված ցուցմունքների արժանահավատության մասին է վկայում նաև այն, որ դրանք ձեռք են բերվել ինչպես գործով անցնող վկաների ցուցմունքներով և այլ վերաբերելի և թույլատրելի ապացույցներով, այնպես էլ մեղադրյալների ցուցմունքներով, որոնք թեև իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն հայտնել են գործի համար էական նշանակություն ունեցող այնպիսի փաստական հանգամանքներ, տեղեկություններ, որոնք ձեռք են բերվել նաև քրեական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում հրապարակված և հետազոտված թույլատրելի և վերաբերելի այլ ապացույցներով, որպիսի հանգամանքը հաշվի առնելով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով և պատշաճ գնահատման ենթարկելով ապացույցները, դրանք գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցները դրանց համակցության մեջ, հանգել է իրավաչափ հետևության։ Վերաքննիչ դատարանը փաստում է նաև, որ դատավճռի հիմքում դրված համապատասխան ապացույցները անարժանահավատ կամ անթույլատրելի դիտելու վերաբերյալ որևէ այնպիսի էական, ծանրակշիռ փաստարկ, որը կարող էր հիմք ծառայել արձանագրելու, որ մեղադրյալների մեղավորության հարցի տեսանկյունից Առաջին ատյանի դատարանի կողմից տվյալ դեպքում թույլ է տրվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, առկա չէ, ուստի, բողոքներում ներկայացված պնդումները ապացույցների բավարարության, ինչպես նաև թույլատրելիության վերաբերյալ անհիմն են։ (…)»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 10. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Մարտիրոսյանի մեղքը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ հաստատված է, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են վկա Է․Պետրոսյանի ցուցմունքով, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող Ա.Աղաջանյանի՝ 2020 թվականի ապրիլի 17-ի՝ թիվ 371-Ա հրամանով, Ա․Մարտիրոսյանի և Կ․Հովհաննիսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարներով իրականացված «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները զննության ենթարկելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 9-ի արձանագրությամբ, համապատասխան հեռախոսային խոսակցությունները աուդիո ֆայլերը պարունակող լազերային սկավառակներով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկից ստացված Ա․Մարտիրոսյանի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի զննության մասին 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կազմված արձանագրությամբ։ Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են։ 11․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք և կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում՝ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը: 11․1․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: 11․2․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը»: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. (…) 2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանք կատարելու օրվանից. (…) 2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…) 3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից (…)»: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձևով կաշառք տալը, իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»։ Քրեական վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները սահմանող քրեադատավարական օրենսդրության վերաբերելի կարգավորումների վերլուծությունից երևում է, որ դրանցում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ քրեական վարույթը՝ կարճման: 11․3․ Վճռաբեկ դատարանը Արամ Սարգսյանի վերաբերյալ գործով որոշման մեջ, արձանագրել է, որ թեև քրեական հետապնդումը բացառող հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերում է քրեական հետապնդումը բացառող հիմքերից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման։ 12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է հետևյալը․ - Ա․Մարտիրոսյանն իրեն մեղսագրվող հանցանքը, որը նախաքննության մարմնի կողմից որակվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարել է 2020 թվականի ապրիլի 17-ին, - Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի փետրվարի 13-ի դատավճռով Ա․Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, - Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը, որոշակի, այդ թվում՝ Ա․Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով, բեկանվել և փոփոխվել է․ ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, - Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանի պաշտպաններ Գ․Գալիկյանի և Ն․Շելելենկյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել դատական վարույթի գրավոր ընթացակարգ։ 13. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 11․2-11․3․-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարումն ավարտվել է 2020 թվականի ապրիլի 17-ին, իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2025 թվականի ապրիլի 17-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել, հետևաբար Ա․Մարտիրոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ 14. Հիշյալ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ Ա․Մարտիրոսյանն արդեն իսկ իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իրավունքը։ Այլ խոսքով՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Ա․Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ նա արդեն իսկ հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար պարտավոր չէ անձից լրացուցիչ ճշտել, թե նա չի առարկում արդյոք, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ 15․ Հետևաբար նկատի ունենալով, որ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, այն է՝ քրեական գործով անցել է ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշումը մասնակի՝ Ա․Մարտիրոսյանի մասով, պետք է բեկանել և փոփոխել՝ ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնել։ Անդրադառնալով ամբաստանյալ Ա․Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհրաժեշտ է վերացնել: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ և 386-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Թիվ ՀԿԴ1/0019/01/22 քրեական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշումը մասնակի՝ ամբաստանյալ Արմեն Ռուբիկի Մարտիրոսյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել և փոփոխել։ 2. Արմեն Ռուբիկի Մարտիրոսյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: 3․ Արմեն Ռուբիկի Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացնել։ 4․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու պահից: Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Ս.ՉԻՉՈՅԱՆ