Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ԱՎԴ/0127/01/19

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԱՎԴ/0127/01/19
Դիմող / մեղադրյալ
Գուրգեն ԱսլանյանՎահան Ալիխանյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
27.06.2025

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԱՎԴ/0127/01/19 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Հ․Պետրոսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Ժ․Մելիքսեթյան դատավորներ՝ Մ․Մակյան Ա․Հովհաննիսյան 2025 թվականի հունիսի 27-ին քաղաք Երևանում ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս․ՉԻՉՈՅԱՆԻ Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԱՎԴ/0127/01/19 քրեական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման դեմ հիմնարար խախտման հիմքով Գ․Ասլանյանի և Վ․Ալիխանյանի բացառիկ վերանայման բողոքները, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1․ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով, ի թիվս այլնի, Գ․Ասլանյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ, և նա ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: 1․1․ Նույն դատավճռով Վ․Ալիխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) նախատեսված հանցանքներ կատարելու մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առաջին դրվագով, Վ․Ալիխանյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, իսկ երկրորդ դրվագով՝ դատապարտվել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով, և 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետով ազատվել նշանակված պատժից: 1․2․ Նույն դատավճռով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սաֆարյանի (այսուհետ նաև՝ հանրային մեղադրող) ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Մ․Ավետիսյանից, Վ․Անտոնյանից և Վ․Ալիխանյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 6.253.645 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս, իսկ մնացած մասով հայցադիմումը թողնվել է առանց քննության: ՀՀ գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին վճարված ընդհանուր 3.200.000 ՀՀ դրամն ուղղվել է քրեական գործով քաղաքացիական հայցի հատուցմանը: 2. Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատավճռի դեմ հանրային մեղադրողի կողմից բերվել է վերաքննիչ բողոք (քաղաքացիական հայցը մասնակի բավարարելու և ամբաստանյալ Մ.Ավետիսյանի պատժի մասով), որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2024 թվականի մայիսի 15-ի որոշմամբ ըստ առարկայական ընդդատության փոխանցվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)։ 2․1․ Հանրային մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը որոշակի` քաղաքացիական հայցի և Մ.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով փոփոխվել է և, ի թիվս այլնի, որոշվել է Մ․Ավետիսյանից, Գ․Ասլանյանից և Վ․Ալիխանյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 3.959.940 (երեք միլիոն ինը հարյուր հիսունինը հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում: 3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ բացառիկ վերանայման բողոքներ են բերել Գ․Ասլանյան և Վ․Ալիխանյանը, որոնց հիման վրա Վճռաբեկ դատարանը 2025 թվականի ապրիլի 30-ին որոշում է կայացրել հիմնարար խախտման հիմքով Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման բացառիկ վերանայման վարույթ հարուցելու և այն գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին։ Բացառիկ վերանայման բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Բացառիկ վերանայման բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 4. Գ․Ասլանյանի բողոքի փաստարկները և պահանջը. 4.1. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը վարույթը ոչ իրավաչափորեն իրականացրել է իր բացակայությամբ, որի արդյունքում խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և ՀՀ Սահմանադրության 63-րդ, 67-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության և մեղադրանքից պաշտպանվելու իրավունքները։ 4.2. Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանում վարույթն իրականացվել է բանավոր ընթացակարգով, և դատական վերանայման արդյունքով կայացված դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվել է դատական նիստում, սակայն նշված ակտն օրենքով սահմանված ժամկետում չի ուղարկվել իրեն։ Բողոքաբերն ընդգծել է, որ իր իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն առնչվող վերոնշյալ դատական ակտի մասին տեղեկացել է 2025 թվականի փետրվարի 6-ին, երբ գործով մյուս մեղադրյալ Մ․Ավետիսյանը հեռախոսազանգով հայտնել է, որ քրեական գործով կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել դատախազի կողմից, որը մասնակի բավարարվել է: 4.3. Բողոքաբերը նշել է, որ 2025 թվականի փետրվարի 10-ին դիմում է ուղարկել Վերաքննիչ դատարան և խնդրել է իրեն տրամադրել Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը, սակայն դիմումին ի պատասխան Վերաքննիչ դատարանը 2025 թվականի փետրվարի 17-ի գրությամբ հայտնել է, որ քրեական գործի նյութերն ուղարկվել են Առաջին ատյանի դատարան, և վերոնշյալ որոշման պատճենը ստանալու վերաբերյալ դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Առաջին ատյանի դատարան: Իր կողմից ներկայացված դիմումի հիման վրա 2025 թվականի մարտի 6-ին Առաջին ատյանի դատարանից ստացել է Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման պատճենը։ 4.4. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ չի ծանուցվել նաև 2024 թվականի հունիսի 6-ին, հուլիսի 9-ին, օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 18-ին, հոկտեմբերի 15-ին, հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 18-ին նշանակված և հետաձգված դատական նիստերի մասին, ինչպես նաև իրեն չեն ուղարկվել վարույթի ընթացքում կայացված միջանկյալ դատական ակտերը։ 5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը և բեկանված մասով վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։ 6. Վ․Ալիխանյանի բողոքի փաստարկները և պահանջը. 6.1. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը վարույթը ոչ իրավաչափորեն իրականացրել է իր բացակայությամբ, որի արդյունքում խախտվել են իր՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 63-րդ և 67-րդ հոդվածներով ամրագրված արդար դատաքննության և մեղադրանքից պաշտպանվելու իրավունքները։ 6.2. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանում վարույթն իրականացվել է բանավոր ընթացակարգով, և դատական վերանայման արդյունքով կայացված դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվել է դատական նիստում, սակայն նշված ակտն օրենքով սահմանված ժամկետում չի ուղարկվել իրեն։ Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող վերոնշյալ դատական ակտը ստացել է 2025 թվականի մարտի 6-ին՝ Առաջին ատյանի դատարանից։ 6․3․ Բողոքի հեղինակը միաժամանակ նշել է, որ Վերաքննիչ դատարանում իր իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն առնչվող վերոնշյալ դատական ակտի մասին տեղեկացել է 2025 թվականի փետրվարի 06-ին, երբ գործով մյուս մեղադրյալ Մ․Ավետիսյանը հեռախոսազանգով հայտնել է, որ Առաջին ատյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել դատախազի կողմից և այն մասնակի բավարարվել է: 6.4. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ չի ծանուցվել նաև 2024 թվականի հունիսի 6-ին, հուլիսի 9-ին, օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 18-ին, հոկտեմբերի 15-ին, հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 18-ին նշանակված և հետաձգված դատական նիստերի մասին, ինչպես նաև իրեն չեն ուղարկվել վարույթի ընթացքում կայացված միջանկյալ դատական ակտերը։ 7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը և բեկանված մասով վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։ Բացառիկ վերանայման բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Դատարանը քննության առնելով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Ահարոն Սաֆարյանի հայցադիմումը՝ ամբաստանյալներ Մարտին Սուրենի Ավետիսյանից, Գուրգեն Սամվելի Ասլանյանից, Վահան Նապոլեոնի Ալիխանյանից և Վարսիկ Բաբկենի Անտոնյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս 3.959.940 ՀՀ դրամ բռնագանձելու և Մարտին Սուրենի Ավետիսյանից, Վահան Նապոլեոնի Ալիխանյանից և Վարսիկ Բաբկենի Անտոնյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս 6.253.645 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի վերաբերյալ քաղաքացիական հայցը, հետազոտելով հայցապահանջի հիմքերը, գտնում է, որ հայցապահանջը պետք է բավարարել մասնակի հետևյալ պատճառաբանությամբ: (…) Դատարանը արձանագրում է, որ Արարատի մարզի դատախազությունը ընդդեմ Մարտին Սուրենի Ավետիսյանի, Վահան Նապոլեոնի Ալիխանյանի և Վարսիկ Բաբկենի Անտոնյանի՝ ներկայացրել է 6.253.645 ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայց՝ որպես Հայաստանի Հանրապետությանը հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի գումար: Ուստի Դատարանը, նկատի ունենալով, որ վերը նշված պատճառաբանություններով հաստատվել է ամբաստանյալներ Մարտին Սուրենի Ավետիսյանի, Վահան Նապոլեոնի Ալիխանյանի և Վարսիկ Բաբկենի Անտոնյանի կողմից վերը նշված արարքները կատարելը, և որ Հայաստանի Հանրապետության բյուջեին վնաս է հասցվել՝ այն վերականգնելու առումով, ինչպես նաև այն, որ դրանց միջև առկա է անմիջական պատճառահետևանքային կապ, գտնում է, որ Մարտին Սուրենի Ավետիսյանից, Վահան Նապոլեոնի Ալիխանյանից և Վարսիկ Բաբկենի Անտոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բյուջեի համապարտության կարգով պետք է բռնագանձել 6.253.645 (վեց միլիոն երկու հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի փոխհատուցում: Հայցադիմումը մնացած մասով թողնել առանց քննության: ՀՀ գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին Մարտին Սուրենի Ավետիսյանի կողմից վճարված 3.200.000 ՀՀ դրամը պետք է ուղղել սույն գործով քաղաքացիական հայցի հատուցմանը (…)»: 9․ Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ հանրային մեղադրողի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ և նշանակվել է դատական նիստ 2024 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին։ Հիշյալ որոշման օրինակներն ուղարկվել են Առաջին ատյանի դատարան, հանրային մեղադրողին, մեղադրյալ Մ․Ավետիսյանին, վերջինիս պաշտպանին, ինչպես նաև տուժողի ներկայացուցիչներին։ 9․1․ Վերաքննիչ դատարանում հերթական դատական նիստերը նշանակվել և հետաձգվել են 2024 թվականի հուլիսի 9-ին, օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 18-ին, հոկտեմբերի 15-ին, հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 18-ին, որոնց վերաբերյալ ծանուցագրերն ուղարկվել են հանրային մեղադրողին, մեղադրյալ Մ․Ավետիսյանին, վերջինիս պաշտպանին, ինչպես նաև տուժողի ներկայացուցիչներին։ 10. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն. «(…) Ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում գնահատման ենթարկելով սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից վատնման եղանակով 3.959.940 (երեք միլիոն ինը հարյուր հիսունինը հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելու դրվագով քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու եզրահանգումը ոչ միայն չի բխում քրեական գործի նյութերից, այլև հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավակարգավորումների համակարգային միասնությանը: (...) Վերոնշյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն քրեական գործի շրջանակներում ներկայացված քաղաքացիական հայցի հետ՝ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը. - Առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատվել է ինչպես 3.959.940 (երեք միլիոն ինը հարյուր հիսունինը հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամի չափով, այնպես էլ 6.253.645 (վեց միլիոն երկու հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամի չափով տուժողին պատճառված վնասը, ինչպես նաև հաստատվել է վնաս պատճառող Մարտին Ավետիսյանի մեղքի առկայությունը և վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված 18.04.2003թ. ՀՕ-528-Ն) 314-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված 05.05.2021թ. ՀՕ-199-Ն) 445-րդ հոդվածի 1-ին մասին և երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված 18.04.2003թ. ՀՕ-528-Ն) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որից 1-ին դրվագը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված 05.05.2021թ. ՀՕ-199-Ն) 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին, 2-րդ դրվագը՝ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված 05.05.2021թ. ՀՕ-199-Ն) 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, - վնաս պատճառող Մարտին Ավետիսյանի հանցագործությամբ արտահայտված գործողության և վրա հասած վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունն ինքնին հաստատվում է սույն քրեական գործի դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներով։ Նման պարագայում, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ փաստական հանգամանքները, արձանագրում է, որ Արարատի մարզի դատախազության դատախազ Ա.Սաֆարյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցով բռնագանձման ենթակա 3.959.940 (երեք միլիոն ինը հարյուր հիսունինը հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ գումարը ևս հանդիսանում է Մ.Ավետիսյանի կողմից կատարված հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս, որպիսի պայմաններում, ներկայացված վերաքննիչ բողոքը քաղաքացիական հայցի մասով պետք է բավարարել և Մարտին Ավետիսյանից, Գուրգեն Ասլանյանից և Վահան Ալիխանյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության բյուջեի բռնագանձել 3.959.940 (երեք միլիոն ինը հարյուր հիսունինը հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս (…)»: 11․ Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, հանրային մեղադրողին, մեղադրյալ Մ․Ավետիսյանին, վերջինիս պաշտպանին, ինչպես նաև Մասիսի համայնքապետարան։ 12․ Գ.Ասլանյանը և Վ.Ալիխանյանը դատական ակտի պատճենն իրենց կողմից ներկայացված դիմումների հիման վրա ստացել են Առաջին ատյանի դատարանից 2025 թվականի մարտի 6-ին։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է.  արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից Գ.Ասլանյանին և Վ.Ալիխանյանին նշանակված դատական նիստերի տեղի և ժամանակի մասին չծանուցելու և վարույթը եզրափակող դատական ակտը չուղարկելու արդյունքում թույլ է տրվել այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը: 14. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (․ ․ ․) 3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները. ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը (․ ․ ․)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «1.Դատարանում վարույթն իրականացվում է կողմերի հավասարության և մրցակցության հիման վրա: (…) 2. Մեղադրանքը և պաշտպանությունը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր անձինք: Դատարանն ապահովում է դատական նիստին կողմերի մասնակցության իրավունքը: 3. Դատարանը, պահպանելով անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է բոլոր ապացույցները ներկայացնելու և համակողմանի հետազոտելու համար անհրաժեշտ պայմաններ: (…) 4. Դատարանում կողմերն օժտված են իրենց դիրքորոշումը ներկայացնելու և պաշտպանելու հավասար հնարավորություններով: (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մեղադրյալը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի՝ (․ ․ ․) 25) դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ստանալու պատշաճ ծանուցում. 26) ներկա լինելու առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերին, մասնակցելու ապացույցների հետազոտմանը, հանդես գալու բացման խոսքով, եզրափակիչ ելույթով և եզրափակիչ հայտարարությամբ. (․ ․ ․) 29) տեղեկացվելու վարույթի այլ մասնակցի կողմից բերված և իր շահերին առնչվող վերանայման բողոքի մասին, դրա վերաբերյալ ներկայացնելու պատասխան. 30) դատական նիստում կարծիք հայտնելու վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների և հայտարարությունների վերաբերյալ (․ ․ ․)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատաքննություն նշանակելու մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է տվյալ վարույթի մասնակիցներին»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վերաքննության արդյունքով կայացված դատական ակտը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է տվյալ վարույթի մասնակիցներին»։ 15. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով դատավարության կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքներին, արձանագրել է, որ քրեական գործերով մրցակցային դատաքննության իրավունքը նշանակում է, որ և´ մեղադրանքի, և´ պաշտպանության կողմերին պետք է տրվի հնարավորություն ծանոթանալու միմյանց ներկայացրած փաստարկներին և ներկայացնելու իրենց դիտողությունները միմյանց փաստարկների վերաբերյալ։ Մրցակցային դատավարության կարևոր բաղադրատարրերից է նաև դատավարության կողմերի հավասարությունը։ Կողմերի հավասարությունը, ըստ Եվրոպական դատարանի մեկնաբանության, նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմի պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ՝ ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ։ 15.1. Հիմք ընդունելով արդար դատաքննության իրավունքն ամրագրող վերոգրյալ միջազգային և ներպետական իրավանորմերը՝ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է։ Այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին։ Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ մի կողմը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին: Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ առանց կողմերի հավասար տեղեկացվածության` դատական քննությունը նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում։ Այլ խոսքով` ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս Վերաքննիչ դատարանը, պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ։ Այսպիսով, դատական քննությանը մասնակցելը կողմերի` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Գործի քննությանը մասնակցելու կողմերի իրավունքը դատարանն ապահովում է գործի քննության տեղի և ժամանակի մասին նրանց պատշաճ կերպով ծանուցելու միջոցով։ Այլ կերպ` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պարտավոր է բողոքը քննելու օրվա և ժամի մասին նախապես իրազեկել ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմերին։ 16․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․ - Առաջին ատյանի դատարանը, ի թիվս այլնի, մասնակի բավարարել է հանրային մեղադրողի քաղաքացիական հայցը` Մ․Ավետիսյանից, Վ․Անտոնյանից և Վ․Ալիխանյանից համապարտության կարգով 6.253.645 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձելու մասով, իսկ մնացած մասով հայցադիմումը թողնվել է առանց քննության, - Վերաքննիչ դատարանի կողմից հանրային մեղադրողի բողոքը վարույթ ընդունելու, ինչպես նաև հետագայում նշանակված և հետաձգված թվով յոթ դատական նիստերի տեղի և ժամանակի մասին մեղադրյալներ Գ.Ասլանյանը և Վ.Ալիխանյանը չեն ծանուցվել, - Վերաքննիչ դատարանում նշանակված և հետաձգված թվով յոթ դատական նիստերի մասին ծանուցվել են մեղադրյալ Մ․Ավետիսյանը, վերջինիս պաշտպանը, տուժողի ներկայացուցիչները, ինչպես նաև հանրային մեղադրողը, - Վերաքննիչ դատարանը, մասնակի փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է, որ ներկայացված քաղաքացիական հայցով բռնագանձման ենթակա 3.959.940 (երեք միլիոն ինը հարյուր հիսունինը հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ գումարը ևս հանդիսանում է Մ.Ավետիսյանի կողմից կատարված հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս, որպիսի պայմաններում ներկայացված վերաքննիչ բողոքը քաղաքացիական հայցի մասով պետք է բավարարել և Մ․Ավետիսյանից, Գ․Ասլանյանից ու Վ․Ալիխանյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության բյուջեի բռնագանձել 3.959.940 (երեք միլիոն ինը հարյուր հիսունինը հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս։ - Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման օրինակներն ուղարկվել են միայն Առաջին ատյանի դատարան, հանրային մեղադրողին, մեղադրյալ Մ․Ավետիսյանին, վերջինիս պաշտպանին, ինչպես նաև Մասիսի համայնքապետարան, իսկ մեղադրյալներ Գ.Ասլանյանը և Վ.Ալիխանյանը դատական ակտի պատճենը հետագայում իրենց կողմից ներկայացված դիմումների հիման վրա ստացել են Առաջին ատյանի դատարանից։ 17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15․1․-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը՝ քննության առնելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ հանրային մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքը, պատշաճ գնահատման չի ենթարկել այն հանգամանքը, որ բողոքի առարկան անմիջականորեն առնչվել է ոչ միայն Վերաքննիչ դատարանում վարույթի ընթացքում ծանուցված հանրային և մասնավոր մասնակիցների, այլ նաև Առաջին ատյանի դատարանում վարույթի մասնավոր մասնակիցներ հանդիսացած Վ․Ալիխանյանի և Գ․Ասլանյանի իրավունքներին ու օրինական շահերին։ Մասնավորապես՝ ի թիվս այլնի, բերված բողոքի առարկան է հանդիսացել նաև առանց քննության թողնված մասով քաղաքացիական հայցը, որը ներառել է Մ․Ավետիսյանից, Վ․Ալիխանյանից և Գ․Ասլանյանից համապարտության կարգով 3.959.940 (երեք միլիոն ինը հարյուր հիսունինը հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջ։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հանրային մասնակցի վերաքննիչ բողոքի կապակցությամբ իրականացվող վարույթի վերաբերյալ պատշաճ կարգով չի իրազեկել վարույթի մասնավոր մասնակիցներ Վ․Ալիխանյանին և Գ․Ասլանյանին, այն է՝ վերջիններիս չեն ուղարկվել Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատալսումներ նշանակելու մասին որոշման օրինակները, ինչպես նաև վարույթի ընթացքում նշանակված և հետաձգված թվով յոթ դատական նիստերի մասին ծանուցագրերը, որի արդյունքում վերջիններս զրկվել են բերված բողոքի հիմքերի և հիմնավորումների առնչությամբ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից և բողոք ներկայացրած կողմի, այսինքն՝ վարույթի հանրային մասնակցի համեմատությամբ հայտնվել են ակնհայտ ոչ բարենպաստ իրավիճակում, Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանում վարույթի ընթացքում չի ապահովվել կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը։ 18․ Վերոնշյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Գ․Ասլանյանին և Վ․Ալիխանյանին չեն ուղարկվել նաև վարույթը եզրափակող դատական ակտի օրինակները, ինչն անհամաչափորեն զրկել է վերջիններիս իրացնելու արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, Գ.Ասլանյանին և Վ.Ալիխանյանին նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին չծանուցելով, ինչպես նաև վարույթը եզրափակող դատական ակտը չուղարկելով, թույլ է տվել մրցակցության սկզբունքի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման: 19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Գ.Ասլանյանին և Վ.Ալիխանյանին նշանակված դատական նիստերի տեղի և ժամանակի մասին չծանուցելու, ինչպես նաև վարույթը եզրափակող դատական ակտը չուղարկելու արդյունքում թույլ է տրվել այնպիսի հիմնարար խախտում, ինչի հետևանքով ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը: 20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմնարար խախտում, ինչը, նույն օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը վերանայելու, այն մասնակի՝ քաղաքացիական հայցի մասով բեկանելու և վարույթը բեկանված մասով նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումները, պետք է քաղաքացիական հայցի մասով քննության առարկա դարձնի Արարատի մարզի դատախազության դատախազ Ա․Սաֆարյանի վերաքննիչ բողոքը և հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Թիվ ԱՎԴ/0127/01/19 քրեական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը հիմնարար խախտման հիմքով վերանայել: 2․ Բացառիկ վերանայման արդյունքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը մասնակի` քաղաքացիական հայցի մասով, բեկանել և բեկանված մասով վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Ս․ՉԻՉՈՅԱՆ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ