Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ԵԴ/0597/01/20
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ/0597/01/20
- Դիմող / մեղադրյալ
- Արման Մելքոնյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 26.08.2025
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
8 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/0597/01/20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Հ.Մանուկյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Մակյան
դատավորներ՝ Ա.Մարտիրոսյան
Ժ.Մելիքսեթյան
2025 թվականի օգոստոսի 26-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արման Կարլենի Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ ամբաստանյալ Արման Կարլենի Մելքոնյանի պաշտպան Հ.Սուքիասյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի հունվարի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 34-38-312-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 62200920 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2020 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ Արման Կարլենի Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության մարմնի նույն օրվա այլ որոշումներով Ա.Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, և ժամանակավոր դադարեցվել է վերջինիս պաշտոնավարությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի բաժանմունքի պետի պաշտոնում։
Նախաքննության մարմնի 2020 թվականի մարտի 2-ի որոշմամբ Սմբատ Օհանյանը ճանաչվել է տուժող։
Նախաքննության մարմնի 2020 թվականի մայիսի 23-ի որոշմամբ թիվ 62200920 քրեական գործով մեղադրյալ Ա.Մելքոնյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում՝ ստանալով թիվ 62212920 համարը։
2020 թվականի հունիսի 15-ին թիվ 62212920 քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 29-ի դատավճռով Ա.Մելքոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ճանաչվել է անմեղ և արդարացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Ա.Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Դատախազ Մ.Անտոնյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունիսի 26-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 29-ի դատավճիռը բեկանել է և գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հունիսի 26-ի որոշման վերաբերյալ դատական կազմի դատավոր Մ.Մակյանը հայտնել է հատուկ կարծիք։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ա.Մելքոնյանի պաշտպան Հ.Սուքիասյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել լուրջ դատական սխալ, որը խաթարում է արդարադատության բուն էությունը։
Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշմամբ դատողություններ է արել երկու հանցակազմերի վերաբերյալ՝ առանց հստակեցնելու, թե դրանցից որի առկայությունն է պարզված համարում, բացի այդ որոշումից չի հասկացվում, թե նոր քննության ինչ ծավալ է սահմանվել։
5.1. Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը, համադրելով ներկայացված վերաքննիչ բողոքի հիմնավորումներն ու վիճարկվող դատական ակտի պատճառաբանական մասը, եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից և իր դատական ակտը հիմնավորել է այնպիսի փաստարկումներով, որոնք ներկայացված չեն եղել վերաքննիչ բողոքում:
5.2. Բացի այդ, բողոքաբերը, շարադրելով և վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Վարդանյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԿԴ3/0013/01/18 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստել է, որ տվյալ դեպքում Ա.Մելքոնյանին մեղսագրվող արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ համարվող հանրորեն վտանգավոր հետևանքը՝ պատճառված էական վնասը, ինչը վերաբերելի իրավական և փաստական հիմքերով արձանագրել է նաև Առաջին ատյանի դատարանը։
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հունիսի 26-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 29-ի դատավճռին։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արման Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ. «(…)[Նա], հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, անցել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչի արդյունքում պետության օրինական շահերին և անձի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել:
Այսպես՝
Արման Մելքոնյանը, 2005թ. հուլիսի 6-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, ընդգրկված լինելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործող պահեստազորում և զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է հաստատել «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» աչքի կլինիկա ՓԲ ընկերության բաժնեմասերի գերակշիռ մասի սեփականատեր, տնօրեն Ալեքսանդր Սերգեյի Մալայանի հետ: Աշխատանքային և անձնական շփումներում տեղեկանալով, որ Ալեքսանդր Մալայանը դժգոհություններ է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի ֆինանսական գծով տեղակալ, նշված ընկերության բաժնեմասերի ավելի քան 20 տոկոսի սեփականատեր Սմբատ Օհանյանի աշխատանքից, իր ծառայություններն է առաջարկել հիվանդանոցի՝ վերջինիս վերահսկողության տակ գտնվող ֆինանսատնտեսական գործունեությունը ստուգելու և դրա արդյունքում նրան այդ աշխատանքների ղեկավարումից հեռացնելու հարցում, որպիսի հանգամանքները քննարկել է Ալեքսանդր Մալայանի հետ: 2019թ. փետրվարի վերջին և մարտի 15-ին Արման Մելքոնյանը, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի բաժանմունքի պետի պաշտոնը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, նյութական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եղել իր լիազորություններից, մասնավորապես՝ Ալեքսանդր Մալայանի հետ ունեցած քննարկումների ընթացքում Ա.Մելքոնյանը իրազեկել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մտադրվել է նվազեցնել հիվանդանոցին պետական պատվերով մատուցվող ծառայությունների համար նախատեսված հատկացումները (գումարը), ոչ ձեռնտու քայլեր են կատարել զորակոչի կազմակերպման ժամանակ, արդեն իսկ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկան զրկվել է համավճարային սկզբունքով բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունից, որպիսի հարցերը լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպել, որպեսզի Սմբատ Օհանյանը կաշառք տա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին։ Արման Մելքոնյանը հավաստիացրել է, որ այդ դեպքում Սմբատ Օհանյանի և Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի, նրանք կազատազրկվեն և ռեալ հնարավորություն կունենա ձեռք բերել հիվանդանոցի բաժնետոմսերի՝ Սմբատ Օհանյանի մասնաբաժինը, որը հավասարապես կբաժանվի իր և Ալեքսանդր Մալայանի միջև։ 2019թ. մարտի 15-ին Ալեքսանդր Մալայանի աշխատասենյակում հերթական խոսակցության ընթացքում Արման Մելքոնյանը, ներկայացնելով, որ պաշտոնատար անձին կաշառք տալը հիվանդանոցի համար անցանկալի հետևանքներից խուսափելու արդյունավետ տարբերակ է, Ալեքսանդր Մալայանի մոտ վճռականություն է հարուցել համոզելու եղանակով դրդել Սմբատ Օհանյանին կաշառք տալ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալին, և Ալեքսանդր Մալայանը առաջիկա աշխատանքային օրը Սմբատ Օհանյանի հետ հանդիպելու և ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու պատրաստակամություն է հայտնել: Սմբատ Օհանյանը հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները դիտելիս պատահաբար տեղեկացել է Արման Մելքոնյանի և Ալեքսանդր Մալայանի միջև ձեռք բերված պայմանավորվածության և իր համար վտանգավոր հնարավոր հետևանքների մասին: Արման Մելքոնյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ 2019թ. մարտի 18-ին Ալեքսանդր Մալայանն իր մոտ է կանչել Սմբատ Օհանյանին և առաջարկել գնալ Արսեն Դավթյանի մոտ, սակայն, Սմբատ Օհանյանն արդեն իսկ տեղեկացված լինելով Արման Մելքոնյանի վերը նշված մտադրության մասին, հրաժարվել է կատարել Ալեքսանդր Մալայանի պահանջը, իսկ որոշ ժամանակ անց Արման Մելքոնյանի գործողությունների մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար պաշտոնատար անձին:
Արդյունքում պաշտոնատար անձ՝ Արման Մելքոնյանի վերոհիշյալ գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ հեղինակազրկվել է պետական կառավարման մարմնի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարի համբավը, առաջացել է Սմբատ Օհանյանի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու իրական վտանգ»:
8. Ամբաստանյալ Արման Մելքոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ իրենք Արսեն Դավթյանի հետ կապված օպերատիվ միջոցառումներ են իրականացրել, որին զուգահեռ ինքն էլ օպերատիվ զրույցների ձևով աշխատանքներ է տարել Ա.Մալայանի հետ։ Զրույցների ընթացքում վերջինս իրեն պատմել է կլինիկայում առաջացած ֆինանսական խնդիրների մասին։ Ինքն ասել է, որ Ա.Մալայանը գնա նախարարի կամ փոխնախարարի մոտ, իսկ վերջինս պատասխանել է, որ փոխնախարարին նորմալ չի ճանաչում և չի կարող գնալ։ Ա.Մալայանն ասել է, որ իր տեղակալ Սմբատն է այդ հարցերով զբաղվում, և նա մոտիկ է Ա.Դավթյանի հետ, ինքն էլ ասել է՝ եթե մոտիկ է, ճանաչում է, թող գնա։ Ինչ վերաբերում է Ս.Օհանյանին պատկանող հիվանդանոցի մասնաբաժնին տիրանալուն, ապա ինքը նման նպատակ երբեք չի ունեցել, ավելին՝ չի պատկերացնում, թե դա ինչպես կարող էր անել: Իր համար անհասկանալի է նաև, թե որտեղից է գործի մեջ հայտնվել բաժնեմասը «խլելու» արտահայտությունը: Եթե հիմք է ընդունվել տեսաձայնագրությունը, ապա այնտեղ «բաժնեմասը խլելու» մասին խոսք չկա, դրանում խոսվում է «բաժնեմասից հրաժարվելու» մասին, իսկ այդ արտահայտությունն արվել է այն համատեքստում, որ եթե իրոք Ս.Օհանյանն իր ակցիաները ձեռք է բերել անօրինական ճանապարհով, ապա նա պետք է հրաժարվի դրանցից հօգուտ պետության, քանի որ խոսք է գնացել նաև սեփականաշնորհման ժամանակ ակցիաների անօրինական ձեռքբերման մասին: Անդրադառնալով «պակետիկով» գնալուն՝ Ա.Մելքոնյանը նշել է, որ «պակետիկ»-ի մեջ պետք է լիներ ոչ թե գումար, այլ ձայնագրող տեխնիկական միջոց։ Ա.Մալայանը «պակետիկ»-ի մասին խոսակցությունը չէր կարող հասկանալ որպես կաշառքի գումար, քանի որ իրենք փողի մասին ընդհանրապես խոսակցություն չեն ունեցել, ձայնագրությամբ էլ ասվում է, որ առանց ավելորդությունների։ Ինքը նկատի է ունեցել Ս.Օհանյանի կողմից Ա.Դավթյանին ընդամենը բանավոր խնդրանքի ձևով «ժեստ անելը»։ Եթե Ս.Օհանյանը համաձայնություն կտար գնալու, ապա իր ղեկավարության թույլտվությունը ստանալուց հետո Ա.Մալայանին և Ս.Օհանյանին կբացատրեր։ Ա.Մալայանը Ս.Օհանյանին պետք է ասեր, որ նա գնար Ա.Դավթյանի հետ զրուցեր իրենց ֆինանսական վիճակի վերաբերյալ, որից հետո Ա.Մալայանն իրենց տեղյակ պետք է պահեր, որ զրուցել է, նա գնում է մոտը։
9. Տուժող Սմբատ Օհանյանը դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ արձակուրդից եկել է կլինիկա աշխատանքի, թերթել է կլինիկայի տեսաձայնագրման համակարգը և նկատել, որ Ա.Մալայանի աշխատասենյակը ևս ներառված է դրա մեջ: Իր աշխատակիցներից մեկը հայտնել է, որ Ա.Մալայանի ընդունարանի ներսում է եղել, երբ մի մարդ է ներս մտել, որից անմիջապես հետո Ա.Մալայանն աշխատակցին դուրս է հրավիրել։ Իր համար հետաքրքիր է եղել, թե այդ ով է: Միացրել է տեսագրությունը և լսել, որ խոսակցությունը գնում է իր անվան վերաբերյալ, իր մասին խոսել են հայհոյանքներով: Պարզել է, որ այդ անձնավորությունն ազգային անվտանգության ծառայության աշխատակից է: Իմանալով նրա պաշտոնը՝ մարդ է գտել այդ ժամանակվա ազգային անվտանգության ծառայության տնօրենի մոտ և ասել, որ ցանկանում է անձամբ նրա հետ խոսել, հանդիպում են նշանակել «Անի» հյուրանոցի սրճարանում, բայց հանդիպմանը եկել է Միքայել Համբարձումյանը, ում ինքը ճանաչել է: Ինքը նրան այդ ամեն ինչը բացատրել է, որ տվյալ անձնավորությունն Ա.Մալայանի սենյակում հայհոյանքներ է տվել իր հասցեին, հետո «փայ»-ի մասին են խոսել, ասել է, որ փոքր փաթեթով տանի առողջապահության փոխնախարար Ա.Դավթյանին բան տա: Երկուշաբթի օրն Ա.Մալայանը զանգել և իրեն կանչել է իր աշխատասենյակ ու առաջարկել, որ գնա Արսեն Թորոսյանի մոտ, նրան գումար առաջարկի իրենց բյուջեի համար: Ինքը պատասխանել է, որ նա է տնօրենը և կյանքում շատ փորձ ունի, նրան ավելի շատ են հարգում և ճանաչում, թող նա գնա: Ինքն ազգային անվտանգության ծառայությանն իրազեկել է, որ նրանց աշխատակիցն այդպիսի «հարամ» բաներ է արել։ Հետո ինքը ժողով է հրավիրել աչքի հիվանդանոցում, որին ներկա են գտնվել Ալեքսան Սերգեյիչը, նրա երկու աղջիկները և ութ բաժանմունքների վարիչները: Բոլորի ներկայությամբ ինքն ասել է մանրամասն, թե ինչ է արել Ա.Մալայանը, իսկ վերջինս ներողություն է խնդրել իր արածների համար՝ ասելով, որ իրեն վախեցրել և համոզել են: Հետագայում Ա.Մելքոնյանը նույնպես իր արածներն ընդունել է և հայհոյանքի համար ներողություն խնդրել՝ ասելով, որ մնացածն օպերատիվ ծառայություն է եղել, սակայն ԱԱԾ-ի գրության համաձայն՝ այդ ժամանակահատվածում «Մալայան» կենտրոնում օպերատիվ ծառայություններ նախատեսված չեն եղել, ինչը նշանակում է, որ նա ինքնակամ եկել և խորհրդակցել Ա.Մալայանի հետ։
Հետագայում հանդիպել է նաև Արսեն Թորոսյանին և պատմել եղելությունը, ով էլ ներկայացրել է հաղորդումը։
9.1. Ս.Օհանյանը նախաքննության ընթացքում, ի թիվս այլնի, ցուցմունք է տվել այն մասին, որ իր կողմից առողջապահության փոխնախարարին տրվելիք գումարի չափի մասին բացարձակ խոսակցություն չի եղել։ Մարտի 15-ին կայացած խոսակցության մեջ փողի չափի մասին խոսք չկա, նա ասել է, որ պակետիկով գնա ու խոսի։ Մալայանը նույնպես իրեն գումարի չափ չի ասել, հենց սկսել է խոսել, որ գնա Արսեն Դավթյանի մոտ, ինքը նրան պատասխանել է ու թույլ չի տվել, որ շարունակի: Եթե տեսաձայնագրությունը պատահաբար չդիտեր, ապա նույն պատասխանը կտար, նրան կասեր, որ հենց նա էլ գնա, պրոֆեսոր մարդ է, բոլորն էլ նրան ճանաչում են, նա պետք է գնա:
10. Վկա Ալեքսանդր Մալայանը նախաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ իր տեղակալ Ս.Օհանյանն իրեն թերագնահատել է որպես տնօրենի, այդ պատճառով իր և Սմբատի հարաբերություններում որոշակի լարվածություն է եղել: Ս.Օհանյանն իրեն հեռու է պահել իր անմիջական գործերից, որը կապված է եղել հիվանդանոցի ֆինանսատնտեսական աշխատանքների հետ, ինչն իրեն դուր չի եկել: Իր մտահոգությունների մասին կիսվել է Ա.Մելքոնյանի հետ, նա իրեն ներկայացել է որպես մեծ կարողությունների տեր մարդու, որ կարող է շատ հարցեր լուծել առողջապահության նախարարությունում: Ա.Մելքոնյանն իրեն առաջարկել է մի սխեմա, ըստ որի՝ ինքը Սմբատին ուղարկի առողջապահության նախարարի տեղակալ Ա.Դավթյանի մոտ, որպեսզի նա բարեխոսի և իրենց հիվանդանոցի ֆինանսավորումը բարելավվի, այսինքն՝ նա ինչ-որ բան տար փոխնախարարին: Ինքն Արմանի ասածները չի կատարել, որովհետև ինքը դեմ է եղել այդ սկզբունքին և մեթոդին: Գումարի չափի մասին որևէ խոսք չի եղել, միգուցե նվեր, չի կարող ասել: Նման բան չեն քննարկել: Ա.Մելքոնյանի ասածները չի արել ու Ս.Օհանյանին չի ասել, որ նա «պակետիկով» գնա փոխնախարար Ա.Դավթյանի մոտ: Չի հիշում, թե կոնկրետ քանի օր առաջ մի թեթև խոսակցություն իրենց միջև եղել է, Արմանը պարզապես ասել է, որ Սմբատին ուղարկի Ա.Դավթյանի հետ բարեխոսելու, սակայն առարկայական, բովանդակային քննարկում այդ օրն է եղել: Ինքը Սմբատին ասել է, որ գնա Ա.Դավթյանի մոտ բարեխոսելու, բայց դա արել է ոչ թե Ա.Մելքոնյանի հետ խոսելուց հետո, այլ դրանից առաջ:
Ա.Մելքոնյանն իրեն ասել է նաև, որ ցանկանում է Սմբատին նստեցնել ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում, որպեսզի հնարավորություն ստանա խլելու հիվանդանոցի նրա մասնաբաժինը: Ասել է, բայց նրա ասածներն իրականությունից շատ հեռու են եղել, որովհետև հասկանալի չէ, թե ինչպես էր խլելու այդ մարդու ունեցվածքը: Ա.Մելքոնյանն ասել է, որ Սմբատի «փայ»-ի կեսը նրան, կեսն իրեն։
11. Տեսաձայնագրություններ պարունակող էլեկտրոնային կրիչի զննության մասին 2020 թվականի հունվարի 18-ի արձանագրության համաձայն՝ «(…) Ա.Մելքոնյան- Արա, էդ հայհոյանք..., արա դե ինձ չես լսում էլի,
Ա.Մալայան-ինչի չեմ լսում, ասա ի՞նչ էս ուզում
Ա.Մելքոնյան-արա, դրան կանչի, ասա հայհոյանք, մեր գործերը լավ չեն, դու էլ կանչի իրան ուրիշ բան արա, ոչ թե մուտիտ /հավանաբար/ ես անում, այլ ասա մեր գործերը լավ չեն հայհոյանք,
Ա.Մալայան-ի՞նչ գործեր,
Ա.Մելքոնյան- ասա մեր նախարարությունը հայհոյանք, համավճարից զրկեց, պրիզիվ ուզումա չտա, սեպտեմբերին տալու .../չի հասկացվում/, … պետք չի էլի ... /չի հասկացվում/: Ասա ուզում են մեզ պետպատվերից զրկեն, պոչեր են նախապատրաստում …. /չի հասկացվում/, արա իդի տը էտըմու սվայեմու դրուգու մի հատ դելըյ կակոյ տը պրիդել,
Ա.Մալայան-հա հա, տի իմեեշ վիդու էտը՞,
Ա.Մելքոնյան-այ ցավդ տանեմ, դաժե վապրոս նե վ տոմ շտո տիպը բուդետ վապրոս րեշոն, պատոմ, էտը չիստը ժեստ դոբրոյ վոլի դելայեշ էլի: Իձյոշ, օն իդձյոտ ս պակետիկըմ /արտահայտությունն անելու պահին Ա.Մելքոնյանը ձեռքերի մատներով զրուցակցին ծրարի պատկեր է ցույց տվել/, եսլի կանեշնը օն սագլասիտցա էլ: Կարողա կայնի ասի ես չեմ կարա տենց բան անեմ: Դու էլ ասա հայհոյանք, բա դու էլ ինչի համար էս ըտե, եթե էտ հարցն էլ չես կարում լուծես: Ասենք եթե վաղը մեզ դնեն պետպատվերից զրկեն, քո հիվանդանոցնա, նախարարությունը, ո՞վա դրա պատասխանատուն, դո՞ւ, թե՞ Սմբատը (...)։
(...) Ա.Մելքոնյան- արա, ասա գնա կամ Գարուշին կամ Դավթյան Արսենին, Դավթյան Արսենին էլ կարա, առնչվողա էլի /հավանաբար/, թող մի հատ ժեստ անի։
(...) Ա.Մելքոնյան- … /չի հասկացվում/ խնդրում եմ էլի հիմա կանչի
Ա.Մալայան- վաղը
Ա.Մելքոնյան- հիմա կանչի
Ա.Մալայան- վաղը չէ, երկուշաբթի առավոտ
Ա.Մելքոնյան- ասա խոսալու բան կա, ասա նախարարությունը … /չի հասկացվում/ տարբերվի էլի … /չի հասկացվում/,
Ա.Մալայան-չէ դէ ընդե … /չի հասկացվում/ (...) ։
(…) Ա.Մելքոնյան- ես պտի մեխանիզմ ճարեմ, որ հայհոյանք իրա փայից հրաժարվի
Ա.Մալայան- մենք խոսել ենք դրա մասին
Ա.Մելքոնյան- ամենաճիշտը էտ ա, թե չէ ոնց քցում բռնում եմ, դու ստուգիր, բան արիր, մեկա ինքը խոչընդոտ ա լինելու (…)»։
11.1. Տեսաձայնագրառման փորձաքննության թիվ 20-0117 եզրակացության համաձայն՝ տուժող Ս.Օհանյանի կողմից քննությանը ներկայացված և փորձաքննությանը տրամադրված հիշողության կրիչում առկա ֆայլերում մոնտաժման հատկանիշներ չեն հայտնաբերվել: Եզրակացությանը կցված հավելվածներում արձանագրված տվյալները համադրելով քրեական գործով ձեռք բերված տվյալների հետ՝ պարզվել է, որ Ա.Մելքոնյանն Ա.Մալայանի հետ ունեցած խոսակցության ընթացքում Ա.Մալայանին ասել է, որ նա Ս.Օհանյանին կանչի, ասի որ իրենց գործերը լավ չեն, քանի որ նախարարությունն իրենց որոշ բաներից զրկել է, ցանկանում են նաև պետպատվերից զրկել, շատ վատ են իրենց վերաբերվում, և ասի, որ վերջինս ծրարով գնա և առաջարկություն անի: Ա.Մելքոնյանն ասել է նաև, որ Ա.Մալայանը Սմբատին կանչի և ասի, որ հարցեր կան, որ նա պետք է լուծի, գնա Դավթյան Արսենի մոտ և մի հատ «ժեստ» անի ու ասի, որ իրենց հիվանդանոցը լավ նայի։ Ա.Մելքոնյանն ասել է նաև, որ ինչպես «գցում բռնում է», ինքը պետք է մեխանիզմ գտնի և այնպես անեն, որ Սմբատն իր «փայից» հրաժարվի:
12. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունվարի 29-ի դատավճռով արձանագրել է. «(…) Դատարանը նախ հարկ է համարում նշել, որ տվյալ գործով ներկայացված նյութերի համալիր վերլուծության արդյունքում հնարավոր է եզրահանգել, որ սույն դեպքում կարող է առավելագույնը խոսք գնալ մեղադրանքով նշված չավարտված հանցագործության մասին։ Նման դիրքորոշում արտահայտելիս Դատարանը հաշվի է առնում սույն գործով ինչպես վկաների (տուժողի) կողմից հայտնած տվյալները, այնպես էլ գործով ձեռք բերված մյուս ապացույցները՝ այդ թվում նաև տեսագրությունը և դրա վերաբերյալ կատարված համապատասխան քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալները։ Այս կապակցությամբ մասնավորապես հարկ է նկատել, որ վերը թվարկված ապացույցներն առավելագույնը կարող են վկայել այն մասին, որ Արման Մելքոնյանը Ալեքսանդր Մալայանին առաջարկել է, որպեսզի վերջինիս էլ իր հերթին Սմբատ Օհանյանին առաջարկի, որ նա գնա ՀՀ առողջապահության փոխնախարարի մոտ «ժեստ» անի իրենց բուժհաստատության օգտին որոշակի գործողություններ կատարելու նպատակով։ Մինչդեռ, ներկայացված նյութերում առկա չէ այնպիսի տեղեկություններ, թե մասնավորապես «ժեստ» ասվածը իրենից ինչ է ենթադրել կամ եթե գումարի մասին է խոսքը գնացել, ապա ինչ ծավալի գումարի, ով պետք է տար այդ գումարը և այլն։ …)
[Տուժող Սմբատ Օհանյանի, տեսաձայնագրություններ պարունակող էլեկտրոնային կրիչի զննության մասին 2020 թվականի հունվարի 18-ի արձանագրության և տեսաձայնագրառման փորձաքննության թիվ 20-0117 եզրակացության] համալիր վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ որևէ տեղ չի հիշատակվում կաշառք տալու մասով կոնկրետացված գործողությունների մասին։ Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ նույնիսկ ըստ վկա Ալեքսանդր Մալայանի՝ նախ իր համար ընդունելի չի եղել Արման Մելքոնյանի առաջարկը, բացի այդ էլ ինքը այն իրատեսական չի համարել։ (...)
Ամփոփելով ասվածը՝ Դատարանը գտնում է, որ սույն դեպքում ներկայացված փաստերը չեն կարող հիմնավոր կասկածից վեր մակարդակով վկայել ավարտված հանցագործության մասին։ (...)
Միաժամանակ անդրադառնալով Արման Կարլենի Մելքոնյանին առաջադրված մեղադրանքին և գործով ձեռք բերված փաստերը գնահատելով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԿԴ3/0013/01/18 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Դատարանը փաստում է, որ սույն դեպքում գործով ձեռք բերված ապացույցների ամբողջական հետազոտման արդյունքում հնարավոր է եզրահանգել Արման Մելքոնյանի կողմից որոշակի ոչ իրավաչափ առաջարկ կատարելու մասին։ Այսինքն՝ այն, որ Արման Մելքոնյանը Ալեքսանդր Մալայանին ոչ իրավաչափորեն առաջարկ է ներկայացրել Սմբատ Օհանյանին փոխնախարարի մոտ ուղարկելու (...) առումով։ Սակայն հարկ է նշել, որ գործով չեն ներկայացվել այնպիսի բավարար փաստարկներ, թե տվյալ առաջարկը ինչպիսի էական վնաս է առաջացրել։ Ընդ որում, այդ առաջարկի մասին դատողություններ կատարելիս Դատարանը հաշվի է առնում այդ կապակցությամբ արդեն իսկ վերը նշված պատճառաբանությունները և եզրահանգումները։ Մինչդեռ, սույն գործով կոնկրետ որևէ համապատասխան դատավարական փաստաթղթերում չի պատճառաբանվել և հիմնավորվել վնասը որպես էական հանդիսանալու հանգամանքը։ Քանի որ սույն դեպքում Արման Մելքոնյանի կողմից որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից դրսևորած ոչ իրավաչափ յուրաքանչյուր գործողություն կարող է ինքնին վտանգել տվյալ կառույցի հեղինակությունը, սակայն դա դեռևս չի կարող վկայել առաջացրած էական վնասի մասին։
Անդրադառնալով մեղադրանքի ծավալում նշված՝ Սմբատ Օհանյանի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու իրական վտանգին, ապա այս առումով նախ հարկ է նշել, որ վկայակոչած նախադեպային դիրքորոշմամբ արձանագրված է, որ քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանրորեն վտանգավոր հետևանքը՝ էական վնասը, այլ ոչ թե դրա առաջացման վտանգ ստեղծելը: Հետևաբար, հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացման վտանգ ստեղծելը չի կարող գնահատվել որպես էական վնաս (թե՛ գույքային և թե՛ ոչ գույքային): (…) Մինչդեռ, սույն դեպքում ակնհայտ է, որ փաստացի որևէ վտանգավոր հետևանք տուժողի նկատմամբ չի առաջացել Արման Մելքոնյանի գործողությունների արդյունքում։ Ավելին՝ այս առումով ուշադրության է արժանի հենց մեղադրանքում ներառված այն ծավալը, որ Սմբատ Օհանյանը հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները դիտելիս պատահաբար տեղեկացել է Արման Մելքոնյանի և Ալեքսանդր Մալայանի միջև ձեռք բերված պայմանավորվածության և իր համար վտանգավոր հնարավոր հետևանքների մասին, հրաժարվել է կատարել Ալեքսանդր Մալայանի պահանջը։ Ընդ որում, այս կապակցությամբ հարկ է նշել նաև այն, որ սույն գործով հանցագործության մասին հաղորդումը տուժողի կողմից չի ներկայացվել։ (…) [Գործով ձեռք բերված (…) ապացույցներից ակնհայտ է (…), որ տուժող Սմբատ Օհանյանի վրդովմունքն առավելապես կայացել է Արման Մելքոնյանի կողմից իր հասցեին հայհոյանքներ հասցնելու պատճառով, քանի որ իրեն առաջարկվել է հաղորդում ներկայացնել, սակայն ինքը հրաժարվել է և նույնիսկ ՀՀ առողջապահության նախարարին առաջարկել է, որ եթե նա խնդիր ունի, ապա նա դիմի։
Հետևաբար, ասվածի պայմաններում Դատարանը եզրահանգում է, որ սույն գործով չի հիմնավորվում 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող՝ հանրորեն վտանգավոր հետևանքը։
Միևնույն ժամանակ Դատարանը վերը թվարկված ապացույցների պայմաններում գալիս է այն եզրահանգման, որ սույն դեպքում առավելապես խոսքը վերաբերվում է հանցագործության նախապատրաստության մասին, քանի որ ներկայացված ապացույցներից ողջամտորեն բխում է, որ հանցագործության օբյեկտիվ կողմին ուղղված գործողություն փաստացի չի սկսվել, այլ միայն որոշակի քննարկումներ և առաջարկներ է եղել, սակայն կոնկրետ իրատեսական որևէ գործողություն փաստացի չի սկսվել, առավել ևս այն դեպքում, երբ տուժող Սմբատ Օհանյանը, արդեն իսկ տեղեկացված լինելով տեսագրության մասին, միանգամից հրաժարվել է այդ առաջարկը ընդունելուց։ Մինչդեռ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի իմաստով հանցագործությունների նախապատրաստությունը կարող է լինել միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների առկայության դեպքում։ Ասվածի հետ միաժամանակ հարկ է փաստել, որ Արման Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով ենթադրյալ արարքի կատարումը նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին։
Այլ կերպ՝ համադրելով սույն քրեական գործով հետազոտված ապացույցները վկայակոչած իրավանորմերի հետ, դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ Դատարանը փաստում է, որ սույն քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ Արման Կարլենի Մելքոնյանը կատարել է իրեն մեղսագրված` 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը: (…)»:
13. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը վարույթով հրապարակված և հետազոտված ապացույցների վերլուծությունն իրականացրել է միմյանցից անջատ և ինքնավար գնահատման հիման վրա, մինչդեռ (…) նշված ապացույցները պետք է գնահատել դրանց համակցությամբ, որի արդյունքում միայն կատարել համապատասխան եզրահանգումներ։ (…)
(…) Վիճարկվող դատական ակտով շեշտադրվել է այն հանգամանքը, որ տուժողն առհասարակ հաղորդում չի ներկայացրել և ի վերջո քրեական գործը հարուցվել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հաղորդման հիման վրա։ (…) Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ ենթադրյալ հանցագործությունից տուժած անձի հաղորդում չներկայացնելը՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, դեռևս չի խոսում ենթադրյալ հանցագործության դեպքի բացակայության կամ անձի գործողություններում հակաօրինականության բացակայության մասին։
Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով փաստվում է, որ տուժողը, հիրավի, գիտակցում է ունեցել, որ Արման Մելքոնյանը և Ալեքսանդր Մալայանը քննարկումներ են իրականացրել այն մասին, որ «ինքը տանի, կաշառք տա առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին, որ Արման Մելքոնյանն իրեն նստեցնի անվտանգության ծառայության մեկուսարանում և խլի իր բաժնեմասը»։ (…)
Վերաքննիչ դատարանի համար հատկանշական է նաև, որ խոսակցությունից հետո Մալայանը մեծ զղջում է հայտնել, ինչն ընդգծել է նաև իր ցուցմունքներով՝ հայտնելով, որ ինքը գիտակցել է, որ Արման Մելքոնայնն իրեն ճիշտ բան չի առաջարկել և իրենք սխալ են վարվում, սխալ ուղի են բռնել՝ խնդիրը լուծելու։ Առհասարակ, գնահատման առարկա չի դարձվել այն փաստական տվյալը, որ, ըստ ցուցմունքների, հիվանդանոցում կայացած ժողովի ժամանակ Սմբատ Օհանյանի կողմից Ալեքսանդր Մալայանի գործողությունների մասին բարձրաձայնելուց հետո Մալայանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը չի ցանկացել, այլ ելք չի ունեցել և իրեն ստիպել են ու վախեցրել։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի համար էր ներողություն խնդրում Ալեքսանդր Մալայանը, ինչու էր հայտնում, որ իրեն ստիպել են և վախեցրել, կամ, որ ինքը հասկացել է, որ սխալ բան են անում և ընտրված ուղին իր համար ընդունելի չէ, եթե Արման Մելքոնյանի հետ վարվող խոսակցություններում քննարկման էությունը չի կայացել Սմբատ Օհանյանին փոխնախարարին կաշառք տալու առաջարկ անելու վերաբերյալ։
(…) Հարկ է նկատել նաև, որ ԱԱԾ որևէ ստորաբաժանումից, որևէ ղեկավարից տվյալ չի ստացվել այն մասին, որ Արման Մելքոնյանը գործել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում, որտեղ դիտարկվել է նաև Սմբատ Օհանյանի դերակատարությունը, սակայն Մալայանի և Սմբատ Օհանյանի խոսակցությունը՝ փոխնախարարի մոտ գնալու առաջարկի մասին, կայացել է։ (…)
Բացի այդ, տուժողն իր ցուցմունքներով պնդել է, որ Արման Մելքոնյանը նպատակ է հետապնդել իր «փայաբաժինը» խլելու, ինչը թեև ամբաստանյալը հերքել է իր ցուցմունքներով, սակայն այդ մասին փաստել է ինչպես Ալեքսանդր Մալայանն իր նախաքննական ցուցմունքում (…) այնպես էլ այդ նպատակի մասին է փաստում տեսագրության արձանագրության մեջ կատարված «Ա.Մելքոնյան- ես պտի մեխանիզմ ճարեմ, որ [հայհոյանք] իրա փայից հրաժարվի» արտահայտությունը, որպիսի հանգամանքներին ևս գնահատական առհասարակ չի տրվել։
(…) Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ տեսանելի է համարում Արման Մելքոնյանի հետ ունեցած զրույցների արդյունքում Ալեքսանդր Մալայանի մոտ առաջացած վճռականությունը, որը հանգեցրել է Սմբատ Օհանյանի հետ ակնկալվող խոսակցության վարմանը։ Ուստի, եթե Սմբատ Օհանյանի իրազեկվածության համատեքստում հնարավոր չէ կանխորոշել, թե ինչ ընթացք կունենար վերջինի և Մալայանի խոսակցությունը, եթե տուժողը տեսաձայնագրությանը ծանոթ չլիներ, ապա Արման Մելքոնյանի պարագայում կարելի է փաստել, որ վերջինի կողմից կատարված ենթադրյալ գործողությունները որոշակի առումով հասել են դրված նպատակին, քանի որ, թեև Ալեքսանդր Մալայանը ինչպես տեսագրությունների զննության արձանագրություններում, այնպես էլ ցուցմունքներում բազմիցս նշել է, որ տարբերակն իր համար ընդունելի չէ, սակայն ի վերջո Սմբատ Օհանյանին կանչել է՝ խոսակցության։ Այս առումով նաև ուշագրավ է, որ տեսագրությունների զննություններից պարզ է դառնում, որ իր առաջարկը ներկայացնելիս Արման Մելքոնյանը մի քանի անգամ նշում է, որ Մալայանը իրեն չի լսում, ապա ցուցում է տալիս, թե Մալայանը ինչ պետք է ասի Սմբատ Օհանյանին և ի վերջո, անգամ ակնկալվող խոսակցության վարման օրվա վերաբերյալ ևս Արման Մելքոնյանը սկսում է խնդրել Ալեքսանդր Մալայանին՝ ոչ թե երկուշաբթի Սմբատ Օհանյանին կանչել խոսելու, այլ հենց այդ պահին։ Ավելին, ուշագրավ է այն հանգամանքը, որ Արման Մելքոնյանը խոսակցությունը սկսում է նախարարության կողմից Մալայանի անվան ակնաբուժական կլինիկային ֆինանսավորումից զրկելու վերաբերյալ տեղեկատվության փոխանցմամբ և կլինիկայի տնօրենի՝ Ալեքսանդր Մալայանի մոտ հիվանդանոցի վիճակի ծայրահեղ ծանր լինելու իմիտացիա է ստեղծում, որն առավել նպաստավոր պայման պետք է դառնար՝ կլինիկայի հիմնադիրի մեջ վճռականություն առաջացնելու։ (…)»:
14. Վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Մակյանը վերոնշյալ որոշման վերաբերյալ հայտնել է հատուկ կարծիք՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է արել առ այն, որ ամբաստանյալ Ա.Մելքոնյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
15. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Մելքոնյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանի հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք ամբաստանյալ Ա.Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները։
17. ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»։
17.1. Մեջբերված հոդվածի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը նյութական է, և դրա օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ են հանրորեն վտանգավոր հետևանքները: Քննարկվող հանցակազմի դեպքում այդպիսի հետևանք է համարվում անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառված էական վնասը, որը կարող է դրսևորվել ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային վնասի ձևով: Այդպիսի վնաս կարող են համարվել մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարումը, իշխանության մարմինների հեղինակազրկումը, նրանց գործունեության խաթարումը, հասարակական կարգի խախտումը և այլն: Ընդ որում՝ եթե գույքային վնասի դեպքում օրենքով նախատեսված է որոշակի շեմ՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը, ապա ոչ գույքային վնասի էական կամ ոչ էական լինելու հանգամանքը պետք է յուրաքանչյուր գործով գնահատվի իրավակիրառողի կողմից՝ հաշվի առնելով տվյալ գործի հանգամանքները՝ այդ թվում քաղաքացիներին, կազմակերպություններին, հասարակությանը կամ պետությանը հասցված բարոյական վնասի ծանրությունը, տուժողների քանակը, խախտված իրավունքների ու ազատությունների կարևորությունը, դրանց խախտման աստիճանը, հիմնարկության, կազմակերպության կամ ձեռնարկության նորմալ գործունեության խաթարման աստիճանը և այլն:
17.2. Սահմանադրական դատարանն իր որոշումներում և Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես կարևոր են համարել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ օրենքում առկա գնահատողական բնույթ կրող եզրույթները կամ ձևակերպումներն իրենց մեկնաբանությունն ու հստակեցումն են ստանում դատարանի կողմից կոնկրետ գործի հանգամանքների հաշվառմամբ և գնահատվում են դատարանի իրավակիրառ հայեցողության լիազորությունների իրականացման շրջանակներում, որը պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված։
17.3. Վճռաբեկ դատարանը, պաշտոնեական անփութության հանցակազմի շրջանակներում անդրադառնալով օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող էական վնասի մեկնաբանմանը, Արմեն Վարդանյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ անձի ոչ իրավաչափ արարքի արդյունքում անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառված վնասի առկայությունը դեռևս բավարար չէ հանցակազմի առկայությունը հավաստելու համար. անհրաժեշտ է, որպեսզի պատճառված վնասը լինի էական։
Պաշտոնեական անփութություն հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանրորեն վտանգավոր հետևանքը՝ էական վնասը, այլ ոչ թե դրա առաջացման վտանգ ստեղծելը: Հետևաբար, հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացման վտանգ ստեղծելը չի կարող գնահատվել որպես էական վնաս (թե՛ գույքային և թե՛ ոչ գույքային): Անհրաժեշտ է հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացման վտանգ ստեղծելը տարբերակել հանրորեն վտանգավոր հետևանքի փաստացի առաջացումից: Վտանգ ստեղծելը հանդիսանում է հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացմանը նախորդող փուլ, այնուամենայնիվ, որոշակի հանգամանքներով պայմանավորված, վտանգի ստեղծմանը կարող է չհաջորդել հետևանքի փաստացի առաջացումը։ Բացի այդ քննարկվող հանցակազմի առումով նշանակություն չունի, թե հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացումն ում կողմից է կանխվել` ոչ իրավաչափ արարք կատարած անձի, թե մեկ այլ անձի կողմից։
Պաշտոնատար անձի ցանկացած ոչ իրավաչափ արարքի արդյունքում հանրային իշխանության մարմինների, դրանց կազմակերպությունների հեղինակությանը պատճառվում է որոշակի վնաս, սակայն նշյալն ինքնին, այլ փաստացի հետևանքների բացակայության պայմաններում, չի կարող քննարկվող հանցակազմի իմաստով դիտարկվել որպես էական վնաս: Հակառակ պարագայում կիմաստազրկվի քննարկվող հանցակազմի բուն էությունը, քանզի պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ցանկացած դեպք կդիտարկվի որպես պաշտոնեական անփութություն։ Ոչ գույքային վնասի գնահատողական բնույթը հաշվի առնելով՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է համապատասխան դատավարական փաստաթղթերում պատճառաբանել և հիմնավորել վնասը որպես էական գնահատելու հանգամանքը:
18. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 17-17.3-րդ կետերում վկայակոչված իրավանորմը և շարադրված վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտոնեական լիազորությունների անցման հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող՝ անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառված ոչ գույքային վնասը որպես էական գնահատելը կախված է գործի կոնկրետ հանգամանքներից, և յուրաքանչյուր դեպքում անձին մեղսագրված արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայությունը հավաստելու համար պետք է փաստել ոչ միայն էական վնասի առկայությունը, այլև այն, թե տվյալ գործով կոնկրետ ինչում է վերջինս դրսևորվել։ Այլ կերպ՝ դատական ակտ կայացնելիս դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է կատարի գործի կոնկրետ հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրություն՝ էական վնասի առկայության կամ բացակայության փաստը պատճառաբանված եզրահանգումների տեսքով արձանագրելու համար։
19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»:
Նույն օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:
Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
19.1. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով։
19.2. Անդրադառնալով դատական ակտի պատճառաբանվածության խնդրին՝ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին:
20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Ա.Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, անցել է իր պաշտոնեական լիազորությունները, պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ հեղինակազրկվել է պետական կառավարման մարմնի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարի համբավը, առաջացել է Ս.Օհանյանի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու իրական վտանգ,
- Առաջին ատյանի դատարանը, Ա.Մելքոնյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելով, արձանագրել է, որ սույն դեպքում կարող է առավելագույնը խոսք գնալ մեղադրանքով նշված չավարտված հանցագործության մասին։ Ըստ Առաջին ատյանի դատարանի՝ գործով ձեռք բերված ապացույցների ամբողջական հետազոտման արդյունքում հնարավոր է եզրահանգել Ա.Մելքոնյանի կողմից որոշակի ոչ իրավաչափ առաջարկ կատարելու մասին, սակայն գործով չեն ներկայացվել այնպիսի բավարար փաստարկներ, թե տվյալ առաջարկն ինչպիսի էական վնաս է առաջացրել։ Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ Ա.Մելքոնյանի գործողությունների արդյունքում տուժողի նկատմամբ փաստացի որևէ վտանգավոր հետևանք չի առաջացել:
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ սույն գործով չի պատճառաբանվել և հիմնավորվել նաև վնասը որպես էական հանդիսանալու հանգամանքը. Ա.Մելքոնյանի՝ որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակցի դրսևորած ոչ իրավաչափ յուրաքանչյուր գործողություն կարող է ինքնին վտանգել տվյալ կառույցի հեղինակությունը, սակայն դա դեռևս չի կարող վկայել առաջացրած վնասի էական լինելու մասին։
Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ սույն գործով չի հիմնավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող՝ հանրորեն վտանգավոր հետևանքը,
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է, որ ստորադաս դատարանը վարույթով հրապարակված և հետազոտված ապացույցների վերլուծությունն իրականացրել է միմյանցից անջատ և ինքնավար գնահատման հիման վրա, մինչդեռ դրանք պետք է գնահատեր համակցության մեջ։ Վերաքննիչ դատարանը, գնահատելով սույն գործում առկա ապացույցները, գտել է, որ Ա.Մելքոնյանի հետ ունեցած զրույցների արդյունքում Ա.Մալայանի մոտ առաջացել է վճռականություն, որը հանգեցրել է Ս.Օհանյանի հետ ակնկալվող խոսակցության վարմանը: Այլ կերպ՝ Ա.Մելքոնյանի կողմից կատարված ենթադրյալ գործողությունները որոշակի առումով հասել են դրված նպատակին, քանի որ թեև Ա․Մալայանն ինչպես տեսագրությունների զննության արձանագրություններում, այնպես էլ ցուցմունքներում բազմիցս նշել է, որ տարբերակն իր համար ընդունելի չէ, սակայն ի վերջո Ս.Օհանյանին կանչել է խոսակցության։
21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 8-11.1-րդ կետում վկայակոչված ապացույցների և 17-19.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա ապացույցների համակցությունը, ինչպես նաև պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ կազմող հանրորեն վտանգավոր հետևանքների` պատճառված էական վնասի առկայության կամ բացակայության հարցը:
Այսպես՝ Ա.Մելքոնյանին առաջադրված մեղադրանքի փաստական նկարագրի համաձայն՝ ամբաստանյալի գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ հեղինակազրկվել է պետական կառավարման մարմնի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարի համբավը, առաջացել է Ս.Օհանյանի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու իրական վտանգ, մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի փաստական նկարագրում նշված հանրորեն վտանգավոր հետևանքների՝ պետական կառավարման մարմնի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարի համբավի հեղինակազրկման և Ս.Օհանյանի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու իրական վտանգ առաջացած լինելու վերաբերյալ բավարար փաստական տվյալներ սույն քրեական գործով չեն ներկայացվել, ավելին՝ Ա.Մելքոնյանի կողմից ենթադրաբար որոշակի ոչ իրավաչափ գործողություններ կատարելը, որոնք դրսևորվել են Ա.Մալայանի հետ խոսակցությունների ընթացքում հնչեցված արտահայտություններով, չեն կարող համարվել այնպիսի հետևանքներ, որոնք կարող են բավարար լինել պետության և անձի իրավունքներին ու օրինական շահերին պատճառված վնասը ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով էական դիտելու համար։ Այլ կերպ՝ սույն գործով ձեռք բերված ապացույցների՝ իրենց համակցության մեջ վերլուծությունը վկայում է, որ սույն գործի փաստական հանգամանքներով չի հիմնավորվում, թե Ա.Մելքոնյանի գործողությունների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարի համբավի հեղինակազրկումը կոնկրետ ինչպես կամ ինչում է արտահայտվել: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների համակցված ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Ա.Մելքոնյանը, զբաղեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման բաժանմունքի պետի պաշտոնը, իր լիազորություների (օպերատիվ-հետախուզական աշխատանքների կատարման) իրականացմամբ պայմանավորված Ա.Մալայանի հետ գտնվել է աշխատանքային փոխհարաբերությունների մեջ և վերջինիս աշխատասենյակում նրանց միջև կայացած զրույցներից մեկի ժամանակ, երբ Ա.Մալայանը խոսել է իր տեղակալ Ս.Օհանյանի մասին, առաջարկ է ներկայացրել կազմակերպելու Ս.Օհանյանի և առողջապահության նախարարի այդ ժամանակվա տեղակալ Ա.Դավթյանի հանդիպումը՝ ասելով «թող գնա մի հատ ժեստ անի»: Նույն խոսակցության ընթացքում Ա.Մելքոնյանի կողմից հնչեցվել են հայհոյանքներ Ս.Օհանյանի հասցին և կատարվել է հետևյալ արտահայտությունը՝ «ես պտի մեխանիզմ ճարեմ, որ [Ս.Օհանյանը] իրա փայից հրաժարվի»։ Նշված խոսակցությունը տուժող Ս.Օհանյանին հայտնի է դարձել, երբ վերջինս պատահականորեն ուսումնասիրել է «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա» ՓԲ ընկերությունում տեղադրված տեսախցիկները, որին հաջորդել է Ա.Մելքոնյանի կողմից հնչեցված հայհոյանքների համար «պատասխան» պահանջելուն ուղղված քայլեր կատարելը: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանն իրավաչափորեն արձանագրել է, որ «ներկայացված նյութերում առկա չեն այնպիսի տեղեկություններ, թե մասնավորապես «ժեստ» ասվածն իրենից ինչ է ենթադրել», և որ «սույն դեպքում գործով ձեռք բերված ապացույցների ամբողջական հետազոտման արդյունքում հնարավոր է եզրահանգել Ա.Մելքոնյանի կողմից որոշակի ոչ իրավաչափ առաջարկ կատարելու մասին, սակայն գործով չեն ներկայացվել այնպիսի բավարար փաստարկներ, թե տվյալ առաջարկն ինչպիսի էական վնաս է առաջացրել»: Միևնույն ժամանակ անդրադառնալով մեղադրանքի ծավալում նշված՝ Ս.Օհանյանի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու իրական վտանգին, Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն նշել է, որ «տուժող Ս․Օհանյանի վրդովմունքն առավելապես կայացել է Ա.Մելքոնյանի կողմից իր հասցեին հայհոյանքներ հասցնելու պատճառով, ուստի Ա.Մելքոնյանի գործողությունների արդյունքում տուժողի նկատմամբ փաստացի որևէ վտանգավոր հետևանք չի առաջացել»։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Ա.Մելքոնյանի հետ ունեցած զրույցների արդյունքում Ա.Մալայանի մոտ առաջացել է վճռականություն՝ Ս.Օհանյանին համոզելու կաշառք տալ, ուստի, եթե Ս.Օհանյանի իրազեկվածության համատեքստում հնարավոր չէ կանխորոշել, թե ինչ ընթացք կունենար վերջինի և Ա.Մալայանի խոսակցությունը, եթե տուժողը տեսաձայնագրությանը ծանոթ չլիներ, ապա Ա.Մելքոնյանի պարագայում կարելի է փաստել, որ վերջինի կողմից կատարված ենթադրյալ գործողությունները որոշակի առումով հասել են դրված նպատակի, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատողությունները չեն բխում քրեական վարույթով ձեռք բերված և սույն որոշման 8-11.1-րդ կետերում վկայակոչված ապացույցներից և կրում են ենթադրական բնույթ։
22. Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` ամբաստանյալ Ա.Մելքոնյանին անմեղ ճանաչելու մասով բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, կայացրել է չհիմնավորված դատական ակտ: Մինչդեռ, դատական ակտում տեղ գտած դատողությունները պետք է կառուցվեն տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, համակողմանի վերլուծության ենթարկված, որոշակի և համոզիչ հետևությունների վրա։
23. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկելով ՀՀ հակակոռուպցիոն դատարան նոր քննության, թույլ է տվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի և 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են վարույթի ելքի վրա։ Այսինքն, թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում և նույն օրենսգրքի 376-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հունիսի 26-ի որոշումը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։ Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 29-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը բողոքաբերի՝ սույն որոշման 5-րդ և 5.1-րդ կետերում բարձրացրած փաստարկներին անդրադառնալն համարում է առարկայազուրկ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արման Կարլենի Մելքոնյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունիսի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի հունվարի 29-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
