Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0024/06/25
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0024/06/25
- Դիմող / մեղադրյալ
- Միքայել Ղիմոյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 02.09.2025
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
9 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0024/06/25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան
նախագահող դատավոր՝ Ս.Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
նախագահող դատավոր՝ Ժ.Մելիքսեթյան
2025 թվականի սեպտեմբերի 2-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0024/06/25 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի մարտի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը․
1. 2024 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 437-րդ հոդվածի 1-ին մասի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի, 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 435-րդ հոդվածի 1-ին մասի և 436-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62277324 քրեական վարույթը։
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մ.Անտոնյանի՝ 2025 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Միքայել Վարազդատի Ղիմոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և երկու դրվագ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նույն թվականի փետրվարի 5-ին նրան մեղադրանք է ներկայացվել։
2. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2025 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Միքայելյանի (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) ներկայացրած միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Մ.Ղիմոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը` 2 (երկու) ամիս ժամկետով։
3. Մեղադրյալ Մ.Ղիմոյանի պաշտպաններ Հ․Անանյանի, Ա.Ղազարյանի, Վ.Զաքարյանի և Ա.Ծերունյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մարտի 10-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է մասնակի, և կիրառված խափանման միջոց կալանքի փոխարեն կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, և գրավը՝ 7.000.000 յոթ միլիոն ՀՀ դրամի չափով։
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
4.1. Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել մեղադրյալ Մ.Ղիմոյանի պաշտպաններ Հ.Անանյանը, Ա.Ղազարյանը և Ա.Ծերունյանը։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանն առավել մեղմ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալ Մ.Ղիմոյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս հաշվի չի առել և պատշաճ վերլուծության չի ենթարկել սույն գործում առկա մի շարք փաստական հանգամանքներ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել այն հանգամանքը, որ սույն քրեական վարույթով քննության առարկա հանդիսացող հանցավոր մեխանիզմին ներգրավված են բազմաթիվ անձինք, ովքեր շահագրգռված չեն քրեական վարույթով պարզման ենթակա հանգամանքների բացահայտմանը, վերջիններից յուրաքանչյուրը կոռուպցիոն գործարքում ունի իր սեփական շահերը, միաժամանակ, նախաքննությունը գտնվում է ապացույցների հավաքման և գնահատման ակտիվ փուլում, ուստի, նախաքննության սույն փուլում նաև վարույթին ներգրավված անձանց հնարավոր շփումներն ու հաղորդակցությունները բացառելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ անհերքելիորեն նպատակահարմար է մեղադրյալի նկատմամբ կիրառել ամենախիստ խափանման միջոցը, այն է՝ կալանքը:
Միաժամանակ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ քննությամբ դեռևս պարզված չէ, թե ինչ եղանակով և ում միջոցով է Մ.Ղիմոյանը կաշառք տվողների օգտին կատարել ապօրինի գործողություններ, արդյոք կաշառքի գումարից այլ պաշտոնատար անձանց մասնաբաժիններ տրվել են, թե ոչ, որպիսի հանգամանքները բավարար են փաստելու, որ Մ.Ղիմոյանը, օգտագործելով իր ունեցած կապերը, պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, կարող է անօրինական ազդեցություն ունենալ վարույթով անցնող անձանց վրա, խոչընդոտել հանցագործության կատարմանը ներգրավված այլ անձանց բացահայտմանը, ազդեցություն ունենալ վերջիններիս վրա ապացույցների հավաքման և ստուգման փուլում, փորձել համոզելու, հարկադրելու կամ այլ անօրինական եղանակով ներգործելու ինչպես իր դեմ վկայած, այնպես էլ հետագայում քննությանը ներգրավման ենթակա անձանց վրա, ովքեր կարող են հայտնել գործով պարզման ենթակա հանգամանքների մասին կարևոր տեղեկություններ:
5.1. Ամփոփելով վերընշվածը՝ բողոքաբերը գտել է, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն չեզոքացնելու Միքայել Ղիմոյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու և իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու ռիսկերը:
6. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2025 թվականի մարտի 10-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։
Հատուկ վերանայման բողոքի պատասխանների հիմնավորումները և պահանջը.
7․ Մեղադրյալ Մ․Ղիմոյանի պաշտպաններ Հ․Անանյանը, Ա․Ղազարյանը և Ա․Ծերունյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքի պատասխան՝ նշելով, որ բողոքն անհիմն է, իսկ Մ․Ղիմոյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքը և գրավը կիրառվել է՝ պահպանելով նվազագույնի սկզբունքով հարկադրանքի միջոց կիրառելու քրեադատավարական պահանջը։ Արդյունքում, Մ․Ղիմոյանի պաշտպաններ Հ․Անանյանը և Ա․Ղազարյանը խնդրել են մերժել ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի բողոքը։
8․ Մեղադրյալ Մ․Ղիմոյանի պաշտպան Ա․Ծերունյանը նշել է, որ բողոքում բերված փաստարկները հիմք չեն Մ․Ղիմոյանի նկատմամբ կալանքը կիրառելու համար։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Միքայել Ղիմոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և երկու դրվագ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ու նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքների համար, որ նա «(…) Զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների օգտին ապօրինի գործողություն կատարելու համար՝ երկու դեպքով ստացել է խոշոր և մեկ դեպքով մանր չափերով կաշառք։
Այսպես,
Միքայել Ղիմոյանը նախկինում աշխատելով «**************» ՍՊ ընկերությունում ճանաչել է նշված ընկերության աշխատակիցներ Արամ Այվազյանին և Ռոբերտ Դարբինյանին:
«***************» ՍՊ ընկերության աշխատակից Արամ Այվազյանը տեղեկանալով, որ «***********» ՍՊ ընկերության բաժնետեր **************** «*********» ՍՊ ընկերության կողմից Երևան քաղաքի ************************ հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատման և ավարտական ակտի ստացման գործընթացքում ունի որոշակի խնդիրներ, 2024 թվականի նոյեմբերի 02-ին՝ ժամը 14։06-ին, տեղեկացրել է ****************, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք վերջինիս ընկերության կողմից Երևան քաղաքի *********** հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատման ընթացքում թույլ տրված խախտումները չարձանագրելու և ավարտական ակտն անխոչընդոտ տրամադրելու ապօրինի գործողության համար որպես կաշառք պահանջել են 5.000.000 ՀՀ դրամ, սակայն ինքը դրան չի համաձայնել և վերջիններիս հետ քննարկումների մեջ է գումարի չափի նվազեցման շուրջ:
Այդ ընթացքում, Արամ Այվազյանը պարբերաբար կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանի հետ և նրանից տեղեկություններ ստացել «*******» ՍՊ ընկերության կողմից Երևան քաղաքի ***************** հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի ավարտական ակտի տրամադրման գործընթացի վերաբերյալ:
2024 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։17-ի սահմաններում, Արամ Այվազյանը Ռոբերտ Դարբինյանից տեղեկանալով, որ հիշյալ գործընթացին ընթացք տալու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար ************* ցանկանում է անձամբ իր հետ հանդիպել, Արամ Այվազյանը պայմանավորվել է Միքայել Ղիմոյանի հետ, որպեսզի վերջինս կազմակերպի իր և Սամվել Ղուկասյանի հանդիպումը, որից հետո 2024 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Արամ Այվազյանն այցելել է **************** հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի 6-րդ հարկում տեղակայված Միքայել Ղիմոյանի աշխատասենյակ, նրանից տեղեկացել, որ Երևան քաղաքի ******** ******* հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին: ***************** հետ հանդիպման ավարտից հետո, Ա.Այվազյանը Միքայել Ղիմոյանին հայտնել, որ խնդրել է **************** *************** հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի ավարտական ակտի տրամադրումը հնարավորինս արագացնել, իսկ վերջինս էլ իր հերթին զանգահարել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետ ************************ և խնդրել վերջինիս արագ ընթացք տալ նշված գործընթացին: Այնուհետև, Արամ Այվազյանը խնդրել է Միքայել Ղիմոյանին, տեսչական մարմնից փաստաթղթերն ստանալուն պես ընթացք տալ և ամեն կերպ աջակցել ավարտական ակտի տրամադրման գործընթացին, ինչին Միքայել Ղիմոյանը համաձայնել է և հավաստիացրել, որ ավարտական ակտի համար անհրաժեշտ փաստաթղթերում առկա շեղումների վրա աչք կփակեն:
Այնուհետև, Ռոբերտ Դարբինյանն ու Արամ Այվազյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի վերջինս հանդիպի ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին հասցեագրված հարցման պատասխանը կատարողին՝ Կ.Ղազելյանի համար դրական բովանդակությամբ պատասխան գրությունն ապահովելու նպատակով։ 2024 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:20-ին, Արամ Այվազյանը զանգահարել է **************************** և տեղեկացրել, որ պայմանավորվածություն է ձեռք բերել ավարտական ակտ տրամադրելու գործընթացը 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ կաշառքի դիմաց կազմակերպելու վերաբերյալ, ինչին ************* տվել է իր համաձայնությունը։
Այնուհետև, 2024 թվականի նոյեմբերի 22–ին, Արամ Այվազյանը Ռ.Դարբինյանին տեղեկացրել է, որ տեսչական մարմնից պահանջված գրությունն անձամբ ինքն է գրել կատարողի փոխարեն՝ դրական բովանդակությամբ, որից հետո Միքայել Ղիմոյանի կողմից կաշառք ստանալու խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելու դիտավորությամբ, 2024 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում, Երևան քաղաքի ******************************** հասցեում գտնվող նորակառույց շենքի առաջին հարկում տեղակայված «**********» ՍՊ ընկերության գրասենյակի դիմաց Ա.Այվազյանն իր կողմից շահագործվող «********» մակնիշի ******** հաշվառման համարանիշի ավտոմեքենայում նախապես պայմանավորվածության համաձայն **************************** ստացել է 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որից 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը Երևան քաղաքի ******************************* հասցում գտնվող «*********» գարեջրատան դիմաց նույն օրը՝ ժամը 11։50-ի սահմաններում, Ռոբերտ Դարբինյանի կողմից շահագործվող «***********************» մակնիշի, ********** հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահում փոխանցել է Ռոբերտ Դարբինյանին, իսկ Միքայել Ղիմոյանի կողմից որպես կաշառք պահանջված գումարը պայմանավորվել են տրամադրել հետագայում:
Այսինքն՝ Միքայել Ղիմոյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Բացի այդ, «**********************» ՍՊ ընկերության բաժնետեր՝ «**************» ՍՊ ընկերության տնօրեն Արման Գունդակչյանն ընկերության կողմից Երևան քաղաքի ************* հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինթույլտվության երկարացման գործընթացն արագ ու անխոչընդոտ կազմակերպելու համար դիմել է «*************» ՍՊ ընկերության աշխատակիցներ Արամ Այվազյանին ու Ռոբերտ Դարբինյանին, ովքեր պատրաստակամություն են հայտնել հիշյալ գործընթացը կազմակերպող պաշտոնատար անձին կաշառք տալու միջոցով ապահովել դրական արդյունք, ինչին ************ համաձայնվել է։
Ա.Այվազյանն ու Ռ.Դարբինյանը 2024 թվականի օգոստոս ամսից գործի ընթացքի մասին պարբերաբար տեղեկություններ են ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանից: Իր հերթին, Ռոբերտ Դարբինյանը 2024 թվականի նոյեմբերի 01-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, Արամ Այվազյանին հայտնել է, որ ********************** հետ նշված գործընթացը կազմակերպելու համար 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ կաշառքի շուրջ ձեռք է բերել պայմանավորվածության և մասին տեղյակ է պահել նաև Միքայել Ղիմոյանին, ով իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նշված գումարից որպես կաշառք պահանջել է 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ, քանի որ վերջինս էլ իր հերթին շինթույլտվության երկարացման հետ կապված որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել և տարբեր հարցեր է համաձայնեցրել նշված գործընթացով զբաղվող այլ՝ քննությամբ դեռևս չպարզված պաշտոնատար անձանց հետ:
Պաշտոնատար անձ Միքայել Ղիմոյանի կողմից կաշառք ստանալուն խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելու դիտավորությամբ, Ռոբերտ Դարբինյանը, 2024 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, իր փաստացի բնակության վայրի՝ Երևան քաղաքի **************** հասցեի մոտակայքում ******************** պաշտոնատար անձին որպես կաշառք փոխանցելու նպատակով ստացել է պայմանավորված 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը, որից հետո 2024 թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, «***************» ՍՊ ընկերության Երևան քաղաքի ****************************** շենքի թիվ *** աշխատասենյակում Արամ Այվազյանի ներկայությամբ Ռոբերտ Դարբինյանը նշված գումարից 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամն առանձնացրել է գրասենյակի ընթացիկ ծախսերի համար, իսկ մնացած 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամը բաժանել երեք հավասար մասերի՝ յուրաքանչյուրին 1.340.000 (մեկ միլիոն երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ: 2024 թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Երևան քաղաքի ************ հասցեում գտնվող «*******» ռեստորանում Ռոբերտ Դարբինյանն Արամ Այվազյանի ներկայությամբ Միքայել Ղիմոյանին է տվել ********************* որպես կաշառք ստացված 1.340.000 (մեկ միլիոն երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամը՝ պարզաբանելով, որ ստացած գումարից մոտ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամն առանձնացրել է գրասենյակի ընթացիկ ծախսերի համար, ինչի արդյունքում էլ ձևավորվել է նշված գումարը, ինչին Միքայել Ղիմոյանը տվել է իր համաձայնությունն ու ստացել գումարը:
Այսինքն՝ Միքայել Ղիմոյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Բացի այդ, Երևան քաղաքի ********************************* հասցեներում գտնվող՝ *************************************** պատկանող արտադրական նշանակության ինքնակամ կառույցների շինարարական թույլտվության գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար ************************************* 2024 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, Երևան քաղաքի ****************************** շենքի թիվ *** աշխատասենյակում Ռոբերտ Դարբինյանին և Արամ Այվազյանին է փոխանցել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումար:
Ռոբերտ Դարբինյանն ու Արամ Այվազյանը նշված գործընթացը կազմակերպելու նպատակով դիմել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանին և խոստացել նրա կողմից աջակցություն ցուցաբերելու դիմաց տալ կաշառք, ինչին Միքայել Ղիմոյանը համաձայնել է և ընդունել առաջարկը։
Ռոբերտ Դարբինյանը 2024 թվականի դեկտեմբերի 26–ին Միքայել Ղիմոյանից տեղեկանալով, որ քաղաքապետարանի կողմից **************************** հասցեներում գտնվող՝ *************************** պատկանող արտադրական նշանակության ինքնակամ կառույցների շինարարական թույլտվության տրամադրման նպատակով հարցում է ուղարկվել ՀՀ քաղաքաշինության, հրդեհային անվտանգության տեսչական մարմին, Արամ Այվազյանի հետ պայմանավորվել է, որպեսզի անհապաղ հանդիպի Միքայել Ղիմոյանին, և վերջինիս փոխանցի 400 հազար ՀՀ դրամ: Դրանից հետո, Միքայել Ղիմոյանի կողմից իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու դիմաց, «************» ՍՊ ընկերության բաժնետեր ************ և *********************** վերցրած գումարներից առանձնացրած ընդհանուր 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամը նույն օրը Երևան քաղաքի **************** հասցեում գտնվող ******** ռեստորանային համալիրում որպես կաշառք տրամադրել է Միքայել Ղիմոյանին: (…)»։
10. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը գտնում է, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերով (…) առկա են այնպիսի փաստեր կամ տեղեկություններ, որոնք անաչառ դիտորդին կհամոզեն, որ տվյալ անձը կարող է կատարած լինել իրավախախտում, իսկ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու, հանցակազմի առկայության կամ քրեաիրավական ճիշտ որակման համար անհրաժեշտ է բավարար ապացույցների ամբողջություն, ինչն արդեն իսկ ավելի բարձր ապացուցողական չափանիշ է և սույն միջնորդության քննության ընթացքում չի կարող քննարկվել, այն կարող է քննարկվել այն դեպքում, երբ գործն արդեն իսկ կգտնվի Դատարանի վարույթում:
(...) Ինչ վերաբերում է միջնորդությամբ ներկայացված՝ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կալանք կիրառելուն, ապա Դատարանը նշված հիմքի առկայությունը իրատեսական է համարում։
Դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Միքայել Ղիմոյանի տևական ժամանակ զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը, այսինքն ողջամտորեն ենթադրելի է, որ անձն ունի կայուն կապեր և ձևավորված հեղինակություն, մասնավորապես՝ տվյալ վարչության աշխատակիցների շրջանում, ուստի նման պայմաներում գործով անցնող անձանց վրա ազդեցություն գործելու հավանականությունը բավական բարձր է։
Ավելին՝ ըստ քննիչի կողմից ներկայացված միջնորդության համաձայն գործին առնչվող, սակայն դեռևս չբացահայտված անձինք կան, ուստի անհրաժեշտ է պարզել յուրաքանչյուրի ինքնությունը և հանցավոր սխեմայում ունեցած դերակատարությունը, որի պայմաններում անձի պատշաճ վարքագծի ապահովման համար անհարժեշտ է կալանք խափանման միջոցի կիրառումը։
Դատարանը վարույթի նյութերն ուսումնասիրելիս և գնահատելիս հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ վարույթը գտնվում է սկզբնական, ակտիվ դատավարական գործողությունների փուլում, ինչով պայմանավորված դեռևս անհրաժեշտ է կատարել քննչական և վարութային այլ գործողություններ, ինչպես նաև անհրաժեշտ է պարզել որոշ անձանց ինքնություններ և հարցաքննել նրանց, իսկ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը։
Դատարանի դիրքորոշումը պայմանավորված է ինչպես մեղսագրվող արարքների բնույթով, հանրային վտանգավորության աստիճանով, ենթադրյալ կատարման եղանակով, այնպես էլ ընդհանուր քրեական վարույթին հնարավոր մասնակցություն ունեցած անձանց շրջանակով:
Ավելին՝ Դատարանի համար ընդունելի է այն դիրքորոշումը, որ Միքայել Ղիմոյանը, օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունը, ինչպես նաև աշխատանքի ընթացքում ձևավորած սոցիալական կապերը, կարող է բացասական ազդեցություն գործադրել վարույթով անցնող անձանց վրա՝ համոզելու, խնդրելու, հարկադրելու կամ այլ եղանակով ապօրինի ներգործություն ունենալ վերջիններիս և նրանց մասնակցությամբ իրականացվելիք քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքների վրա, այդ կերպ՝ խոչընդոտելով վարույթի քննությանը՝ ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:
(…) Վերը նշվածը հաշվի առնելով Դատարանն արձանագրում է, որ պաշտպանական կողմից միջնորդված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը՝ համակցված գրավի հետ, չեն կարող բավարար երաշխիք հանդիսանալ և չեզոքացնել հնարավոր ռիսկերը և զսպող խթան հանդիսանալ մեղադրյալի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
(…) Դատարանը որպես մեղադրյալի անձը բնութագրող և հաշվառման ենթակա հանգամանքներ է գնահատում մեղադրյալի հաշվառման և մշտական բնակության վայր ունենալը, նախկինում դատապարտված չլինելը, ընտանիք և երեք անչափահաս երեխա, ինչպես նաև հիվանդ մայր ունենալը, սակայն գտնում է, որ դրանք, վերը նշված հիմնավորումներով պայմանավորված, սույն փուլում մեղադրյալի պատշաճ վարքագիծը հակակշռող գործոններ հանդիսանալ չեն կարող, ուստի այլընտրանքային խափանման միջոցի/միջոցների կիրառումն անթույլատրելի է:
Այլ խոսքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված հիմքերի վերաբերյալ կանխատեսական ենթադրությունները չեզոքացնելու նպատակով այլընտրանքային խափանման միջոցները, սույն փուլում չեն կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, որոնք զերծ կպահեն նրան ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելուց և որոնք կչեզոքացնեն նաև նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը։ (…)»։
11․ Վերաքննիչ դատարանը, մասնակի բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն գործի նյութերում առկա տվյալների համակցության մեջ գնահատման ենթարկելու պարագայում հաստատվում է մեղադրյալ Մ.Ղիմոյանի և նրան վերագրվող հանցագործությունների հետ օբյեկտիվ կապը, այլ կերպ՝ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված է վերաբերելի փաստական տվյալների բավարար ամբողջությամբ։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանին ներկայացված տեղեկություններն ու ապացույցներն առերևույթ բավարար են եղել հաստատված համարելու, որ վարույթի քննության տվյալ փուլում մեղադրյալն առնչություն ունի իրեն մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքների կատարմանը։ Վերաքննիչ դատարանն իր վերոգրյալ հետևությունները կառուցել է Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտում վկայակոչված ապացույցների և փաստական տվյալների համակարգային գնահատման և փոխկապակցված ուսումնասիրության արդյունքում։
(…) Վերը նշված իրավակարգավորումների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով մեղադրյալ Մ.Ղիմոյանի խափանման միջոցի հարցին և վերլուծելով սույն գործում առկա փաստական տվյալները՝ Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալի նկատմամբ կալանք խափանման միջոցի կիրառումը պայմանավորել է վերջինիս կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ իրատեսական համարելով մեղադրյալի կողմից վարույթին խոչընդոտելու հավանականությունը, ներառյալ՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու ձևով:
Վերաքննիչ դատարանը ևս փաստում է, որ քննության տվյալ փուլում չի բացառվում որոշակի հավանականությունն առ այն, որ մնալով ազատության մեջ մեղադրյալ Միքայել Ղիմոյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը: Սակայն Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությանը կից չեն ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ և հիմնավորումներ, որոնք կանխորոշում են մեղադրյալ Մ.Ղիմոյանի անձնական ազատությանը միջամտող առավել ինտենսիվ, ամենախիստ խափանման միջոց հանդիսացող կալանքի՝ որպես դատավարական ծայրահեղ միջոցի կիրառման անհրաժեշտությունը, ուստի, Վերաքննիչ դատարանը գալիս է եզրահանգման, որ Միքայել Ղիմոյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել քրեադատավարական ներգործության այլ միջոցներով, մասնավորապես՝ տնային կալանք և գրավ խափանման միջոցների համակցված կիրառմամբ:
Վերաքննիչ դատարանի հիշյալ դիրքորոշումը հիմնված է նաև այն պատճառաբանության վրա, որ վարույթն իրականացնող մարմինը, անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս, պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չպետք է ընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը, իսկ քննարկվող դեպքում Վերաքննիչ դատարանի համոզմամբ էական նշանակություն ունեն այն հանգամանքները, որ սույն քրեական վարույթը նախաձեռնված է եղել դեռևս 2024 թվականի սեպտեմբերին, մեղադրյալին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված են մեծամասամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալներ, այսինքն՝ նշված տվյալներն ամրագրվել են տեխնիկական միջոցների կիրառմամբ, որոնք ունեն օբյեկտիվության և արժանահավատության ավելի բարձր չափանիշ, և որոնց վրա մեղադրյալ Մ.Ղիմոյանի կողմից հնարավոր միջամտության ռիսկն էականորեն ցածր է: Բացի այդ, նշվածի համատեքստում գնահատելով մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես այն, որ վերջինս նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր, բնութագրվում է դրական, ունի որոշակի առողջական խնդիրներ, խնամքին են գտնվում թոշակառու մայրը, անչափահաս զավակը, ինչպես նաև չափահաս, սակայն հաշմանդամություն ունեցող դուստրը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Մ.Ղիմոյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու և քրեական դատավարության բնականոն ընթացքին խոչընդոտելու հավանականության աստիճանը բարձր գնահատելու Առաջին ատյանի դատարանի դատողությունը չի բխում վարույթի նյութերում առկա փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից և Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերոթվարկված հանգամանքներն իրենց համակցությամբ թույլ են տալիս գալ այն հետևության, որ Միքայել Ղիմոյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել համապատասխան սահմանափակումներով տնային կալանք և գրավ խափանման միջոցների համակցված կիրառմամբ, որոնք, որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող են հաղթահարել նրա կողմից հնարավոր ոչ օրինական վարքագիծ դրսևորելու վերաբերյալ մտավախությունները, նշված խափանման միջոցներն առավել պիտանի են հետապնդվող նպատակին հասնելու համար, ավելին՝ հնարավորություն կտան ապահովելու մեղադրյալի ազատության իրավունքի և նրա մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշոությունը:
Բացի այդ, կալանավորումը պետք է լինի ծայրահեղ միջոց՝ հատկապես պայմանավորված, եթե այլ հարկադրանքի միջոցներով հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, մինչդեռ, սույն դեպքում և վերոշարադրյալ հանգամանքների հաշվառմամբ անձի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հնարավոր է նաև չեզոքացնել կալանավորման հետ կապ չունեցող այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի և գրավի համակցված կիրառմամբ:
Ամփոփելով վերոգրյալը՝ հաշվի առնելով մեղադրյալի անձը բնութագրող, ընտանեկան դրության տվյալները, ինչպես նաև վերը արձանագրված հանգամանքները, և առաջնորդվելով անձի ազատության սահմանափակման նվազագույնի սկզբունքով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքի և գրավի կիրառմամբ հնարավոր է հասնել հետապնդվող նպատակին, այն է՝ ապահովել մեղադրյալի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների կատարումը: Անդրադառնալով գրավի չափի հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 7.000.000 (յոթ միլիոն) ՀՀ դրամն այն ողջամիտ չափն է, որը մեղադրյալին մեղսագրված ենթադրյալ հանցանքների բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի համատեքստում, վերը արձանագրված խափանման միջոց կիրառելու նպատակի պայմաններում, կարող է զսպիչ միջոց հանդիսանալ մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համատեքստում: (…)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի և գրավի համակցված կիրառմամբ մեղադրյալ Մ.Ղիմոյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Անձին կալանավորելը (…) թույլատրվում [է] միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով»:
Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
(…)
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: (…)»։
Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»։
13․1. Վկայակոչված իրավադրույթների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման ու կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ ու պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգության մեջ, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից՝ կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ultima ratio) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը։ Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին՝ այդ համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող ու դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։
13․2․ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանական ձևերի մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով։ Ընդ որում՝ կալանավորման անհրաժեշտության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա:
13.3. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր ու գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին:
13.4. Վճռաբեկ դատարանը, Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ որոշմամբ անդրադառնալով մեղադրյալի՝ քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքի գնահատմանը, արձանագրել է, որ մեղադրյալը՝ Դ․Համբարձումյանը քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը: Ընդ որում, այդ պաշտոնը նա շարունակել է զբաղեցնել նաև քրեական վարույթի ընթացքում օգտվելով նաև դրանից բխող իշխանությունից, ուստի նման պայմաններում, էապես բարձր է եղել հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում, մեղադրյալը կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ և խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով որպես մեղադրյալ և վկա ներգրավված անձինք որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվել մեղադրյալի հետ:
Այս առումով անհրաժեշտ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ, ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս առանձնահատուկ դերակատարում ունի նրա` հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները խոչընդոտելու մինչդատական վարույթի բնականոն ընթացքին։ Այդ պատճառով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունելի է համարում անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս նրա ունեցած ազդեցության, այն հանգամանքի գնահատումը, որ անձը ղեկավարում է հիմնարկ, որտեղ շարունակում են աշխատել գործով ներգրավվման ենթակա հնարավոր վկաները: Այդ համատեքստում անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաշվի է առել օրինակ` անձի ոստիկան հանդիսանալու և դրանով պայմանավորված՝ գործով հարցաքննման ենթակա վկաների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը։ Բացի այդ, սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով, հատուկ ուշադրության է արժանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Amirov v. Russia գործով վճիռը, որտեղ դատարանը դիմումատուի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը ստուգելիս ընդունելի է համարել ներպետական դատարանների կողմից մեղսագրվող արարքների ծանր բնույթի հետ մեկտեղ հաշվի առնված` դիմումատուի` Մախաչկալայի քաղաքապետ հանդիսանալու հանգամանքը, կապեր ունենալը, իր պաշտոնից բխող իշխանությունը, քաղաքական և սոցիալական կարգավիճակը` վկաների վրա ազդեցություն գործադրելով գործի քննությանը խոչընդոտելու տեսանկյունից։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Միքայել Ղիմոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն արարքների համար, որ նա, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների օգտին ապօրինի գործողություն կատարելու համար՝ երկու դեպքով ստացել է խոշոր և մեկ դեպքով մանր չափերով կաշառք,
- Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրյալ Մ.Ղիմոյանի կողմից իրեն վերագրվող հանցանքները կատարելու հիմնավոր կասկածը և անդրադառնալով միջնորդության մեջ նշված՝ կալանավորման նպատակներին՝ գտել է, որ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված քննիչի միջնորդությունը ենթակա է բավարարման։ Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել, որ վարույթը գտնվում է սկզբնական, ակտիվ դատավարական գործողությունների փուլում, ինչով պայմանավորված դեռևս անհրաժեշտ է կատարել քննչական և վարութային այլ գործողություններ, ինչպես նաև անհրաժեշտ է պարզել որոշ անձանց ինքնություններ և հարցաքննել նրանց, իսկ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը, բացի այդ մեղսագրվող արարքների բնույթով, հանրային վտանգավորության աստիճանով, ենթադրյալ կատարման եղանակով, այնպես էլ ընդհանուր քրեական վարույթին հնարավոր մասնակցություն ունեցած անձանց շրջանակով պայմանավորված բարձր է համարել մեղադրյալ Մ.Ղիմոյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարելու հավանականությունը։
Առաջին ատյանի դատարանը գտել է նաև, որ Մ.Ղիմոյանը, օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունը, ինչպես նաև աշխատանքի ընթացքում ձևավորած սոցիալական կապերը, կարող է բացասական ազդեցություն գործադրել վարույթով անցնող անձանց վրա՝ համոզելու, խնդրելու, հարկադրելու կամ այլ եղանակով ապօրինի ներգործություն ունենալ վերջիններիս և նրանց մասնակցությամբ իրականացվելիք քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքների վրա, այդ կերպ՝ խոչընդոտելով վարույթի քննությանը՝ ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին,
- Վերաքննիչ դատարանը գտել է, որ քննության տվյալ փուլում չի բացառվում որոշակի հավանականությունն առ այն, որ մնալով ազատության մեջ մեղադրյալ Մ.Ղիմոյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, սակայն վարույթն իրականացնող մարմնի միջնորդությանը կից չեն ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ և հիմնավորումներ, որոնք կանխորոշում են մեղադրյալ Մ.Ղիմոյանի անձնական ազատությանը միջամտող առավել ինտենսիվ, ամենախիստ խափանման միջոց հանդիսացող կալանքի՝ որպես դատավարական ծայրահեղ միջոցի կիրառման անհրաժեշտությունը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը հագնել է այն հետևության, որ Մ.Ղիմոյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել քրեադատավարական ներգործության այլ միջոցներով, մասնավորապես՝ տնային կալանք և գրավ խափանման միջոցների համակցված կիրառմամբ։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-13.4-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալ Մ.Ղիմոյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ:
Այսպես, տվյալ դեպքում պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկվել այն առանցքային փաստական տվյալը, որ մեղադրյալ Մ.Ղիմոյանն իրեն մեղսագրվող քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը և հանդիսանացել է տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ։ Այս առումով հատկապես ուշագրավ է, որ կոռուպցիոն բնույթի ենթադրյալ բարձր լատենտայնություն ունեցող հանցանքների կատարմանը, համաձայն միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերի, ենթադրաբար ներգրավված են եղել նաև Երևանի քաղաքապետարանում որոշակի պաշտոններ զբաղեցնող այլ անձինք, ինչպես նաև «***************» ՍՊ ընկերության աշխատակիցներ, որոնք որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվել մեղադրյալի հետ։
Նման պայմաններում, նկատի ունենալով, որ Մ.Ղիմոյանը Երևանի քաղաքապետարանում զբաղեցրել է բարձր պաշտոն և օժտված է եղել լայն լիազորություններով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բարձր է հավանականությունը, որ վերջինս ենթադրաբար տեղեկացված լինելով սույն վարույթով պարզման ենթակա մի շարք հանգամանքների, հատկապես, կոռուպցիոն սխեմայի մասնակիցների ինքնությունների մասին, կարող է օգտագործել զբաղեցրած պաշտոններով պայմանավորված անձանց որոշակի շրջանակի հետ իր ունեցած անձնական կապերը և խոչընդոտել գործի քննությանը, այդ թվում՝ հանցագործության կատարմանը ներգրավված անձանց բացահայտմանը, որպիսի հանգամանքը պատշաճ չի գնահատվել Վերաքննիչ դատարանի կողմից։
Վերոգրյալի առնչությամբ հարկ է նկատել, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Այվազյանի և Ռ.Դարբինյանի նկատմամբ իրականացված «Ներքին դիտում», «Արտաքին Դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ «*******************» ՍՊ ընկերության աշխատակիցները ինտենսիվ կերպով քայլեր են ձեռնարկել իրենց օգտին որոշակի գործողություններ կատարելու կամ չկատարելու համար Երևանի քաղաքապետարանում գործող վարչություններում պաշտոնատար անձանց հետ կոռուպցիոն գործարքներ կատարելու շուրջ, որի ակնկալիքով կապ են պահպանել Մ.Ղիմոյանի հետ։ Վերոնշյալից ողջամտորեն բխում է նաև, որ ենթադրյալ հանցանքների կատարմանը ինչ-որ կերպ հնարավոր է առնչվել են նաև անձինք, ովքեր որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվել Մ.Ղիմոյանի հետ, որոնց ինքնությունները, սակայն, դեռևս պարզված չեն և, ի թիվս այլնի, հետագա քննության առարկա են։ Այս առումով հարկ է նկատել, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելու պահին քրեական վարույթը գտնվել է սկզբնական` ապացույցների հավաքման փուլում, հետևաբար ենթադրյալ դեպքի, դրան նախորդող և հաջորդող մի շարք իրադարձություններին վերաբերող բազմաթիվ հանգամանքներ ենթակա են եղել պարզման միայն վարույթի հետագա քննության ընթացքում, որին՝ Մ․Ղիմոյանի կողմից խոչընդոտելու վտանգը, նշվածի համատեքստում, եղել է առավել մեծ։
16․ Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների վերը նշված առանձնահատկությունները, վարույթի նյութերից բխող մյուս տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել, որ քրեական վարույթի քննության տվյալ փուլում առկա է մեղադրյալ Մ.Ղիմոյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու բարձր հավանականության ռիսկ, ինչը չէր կարող չեզոքացվել կալանքին այլընտրանք խափանման միջոցներ տնային կալանքի և գրավի կիրառմամբ։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքի և 7․000․000 յոթ միլիոն ՀՀ դրամ գումարի չափով գրավի կիրառմամբ մեղադրյալ Մ․Ղիմոյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:
Միաժամանակ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ որոշում կայացնելիս հաշվի են առնում նաև մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, ապա դրանք սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Մ․Ղիմոյանի` ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը հակակշռող բավարար գործոններ չեն կարող համարվել և ի զորու չեն երաշխավորելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ տնային կալանքի տակ գտնվելու դեպքում։
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։ Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ սույն որոշումը կայացնելու պահին Մ․Ղիմոյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան և Մ․Ղիմոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՀԿԴ/0024/06/25 դատական վարույթով մեղադրյալ Միքայել Վարազդատի Ղիմոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 10-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
