Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ԵԴ/1191/01/19
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ/1191/01/19
- Դիմող / մեղադրյալ
- Ալեքսան Պետրոսյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 10.10.2025
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
7 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/1191/01/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Կ․Ամիրյան
Ա․Հովհաննիսյան
Ս․Մարաբյան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
2025 թվականի հոկտեմբերի 10-ին քաղաք Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով Ալեքսան Մակարի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշման դեմ պաշտպան Մ․Պողոսյանի վճռաբեկ բողոքը
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1․ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ էդ.Հակոբյանը որոշում է կայացրել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով թիվ 62224715 քրեական գործը հարուցելու և վարույթ ընդունելու մասին։
2017 թվականի փետրվարի 6-ին ավագ քննիչ Դ.Կոստանդյանը որոշում է կայացրել թիվ 62224715 քրեական գործով վարույթը կարճելու մասին։
2017 թվականի նոյեմբերի 28֊ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Հ.Պետրոսյանը որոշում է կայացրել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և մի խումբ անձանց կողմից նշված կաշառքը ստանալուն առերևույթ օժանդակության մասին նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու և որոշումը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին։
2018 թվականի մարտի 14-ին ավագ դատախազ Հ.Պետրոսյանը որոշում է կայացրել պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և մի խումբ անձանց կողմից նշված կաշառքը ստանալուն առերևույթ օժանդակության մասին նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթը կարճելու մասին։
2018 թվականի մայիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վ.Մուրադյանը որոշում է կայացրել «Վարույթը կարճելու մասին» 2018 թվականի մարտի 14-ի որոշումը վերացնելու մասին։
2018 թվականի հունիսի 4-ին ավագ դատախազ Հ.Պետրոսյանը կազմել է եզրակացություն նոր երևան եկած հանգամանքների քննության վարույթով։
2018 թվականի հունիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքների քննության վարույթով թիվ 62224715 քրեական գործով վարույթը կարճելու մասին 2017 թվականի փետրվարի 6-ի որոշումը վերացնելու վերաբերյալ։
2018 թվականի հունիսի 11-ին ավագ քննիչ Դ.Կոստանդյանը որոշում է կայացրել թիվ 62224715 քրեական գործը վարույթ ընդունելու մասին։
2018 թվականի նոյեմբերի 19-ին ավագ քննիչ Դ.Կոստանդյանը որոշում է կայացրել Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմիններից ստացված բանկային փոխանցումների, հաշվեհամարների վերաբերյալ փաստաթղթերը և դրանց հայերեն թարգմանությունները որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչելու մասին։
2019 թվականի հունվարի 17-ին ավագ քննիչ Դ.Կոստանդյանը որոշում է կայացրել թիվ 62224715 քրեական գործով Ա․Հ․-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
2019 թվականի նոյեմբերի 14-ին ավագ քննիչ Դ.Կոստանդյանը որոշում է կայացրել թիվ 62224715 քրեական գործով Ա․Պետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի հունիսի 27-ի դատավճռով Ալեքսան Պետրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացվել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
3. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Կ.Սերոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հունիսի 27-ի դատավճիռը բեկանել է և գործն ուղարկել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
4. Վերոնշյալ որոշման դեմ Ա․Պետրոսյանի պաշտպան Մ․Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը փաստել է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել արդարադատության բուն էությունը:
5․1․ Ըստ բողոքաբերի՝ քրեական գործով դեռևս նախաքննության ընթացքում, ինչպես նաև դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը բազմիցս միջնորդություն է ներկայացրել հավաքված փաստական տվյալների՝ որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը հաստատելու մասին, սակայն նախաքննության ընթացքում միջնորդությունները մերժվել են, իսկ դատաքննության ընթացքում այդ միջնորդության քննարկումն Առաջին ատյանի դատարանի կողմից հետաձգվել է և լուծում չի ստացել, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը տվյալ միջնորդությունը քննարկման առարկա չի դարձրել:
5․2․ Բողոքաբերը գտել է, որ օրենքի և նախադեպային որոշումների վերլուծությունից պարզ է դառնում, որ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերը վերանայելու, վարույթ հարուցելու և ուսումնասիրություններ կատարելու համար պարտադիր է գրավոր բողոքի, հայտարարության կամ հաղորդումների առկայությունը: Այսինքն՝ նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու համար անհրաժեշտ է առնվազն բողոքի առկայություն, որը, ըստ բողոքաբերի, սույն դեպքում վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ չի եղել և նախաքննության մարմինը չի ունեցել նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու բավարար առիթ ու հիմք:
5․3․ Բացի այդ՝ բողոքաբերը գտել է, որ քրեական գործով 2017 թվականի նոյեմբերին իրավական փոխօգնության արդյունքում Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններից ստացված, թարգմանված և գործին կցված փաստաթղթերով չեն պարզվել ու արձանագրվել այնպիսի բացառիկ հանգամանքներ, որոնք կարող էին ազդել նախկինում կայացված դատավարական ակտերի արդյունքների վրա, քանի որ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից բավարար չեն ու չեն գերակայում անձի՝ կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի նկատմամբ։
5․4․ Բողոքաբերը նշել է նաև, որ քրեադատավարական իրավանորմերից ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացնել այդպիսի որոշում կայացնելուց հետո վեց ամսյա ժամկետում և այդ ժամկետը լրանալուց հետո ՀՀ գլխավոր դատախազն այլևս իրավասու չէ վերացնել վերոնշյալ որոշումը, մինչդեռ սույն գործով ՀՀ գլխավոր դատախազը քննիչի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2017 թվականի փետրվարի 6-ի որոշումը վերացրել է դրա կայացումից շուրջ 1 տարի 4 ամիս անց՝ 2018 թվականի հունիսի 7-ին:
5․5․ Բողոքաբերը նշել է նաև, որ քրեական գործով դատական նիստի նախապատրաստական մասում պաշտպանական կողմը բացարկ է հայտնել մեղադրող կողմին՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սույն քրեական գործի նախաքննությունը ենթակա չէր կատարման ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, իսկ ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազն իրավասու չէր հսկողություն իրականացնել տվյալ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ, իսկ հետագայում նաև պաշտպանել մեղադրանքը դատարանում, սակայն բացարկի միջնորդությունն Առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է:
6․ Ըստ բողոքաբերի՝ քանի դեռ քննություն չի կատարվել Ա․Հ․-ի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ, և չի ապացուցվել Ա․Հ․-ի կողմից կաշառք ստանալը, Ա․Պետրոսյանը չի կարող դատապարտվել փողերի լվացման օժանդակելու համար, քանի որ դեռևս հաստատված չէ այդ փողերի՝ հանցավոր ճանապարհով ստացված լինելը, ինչի բացակայության պայմաններում Ա․Պետրոսյանի արարքում բացակայում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:
6․1․ Բողոքաբերի համոզմամբ՝ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հաստատվել Ա․Պետրոսյանին առաջադրված մեղադրանքում տեղ գտած, պարտադիր ապացուցման ենթակա հանգամանքները, մասնավորապես՝ Ա․Պետրոսյանի կողմից Ա․Հ․-ի վերցրած կաշառքի մասին տեղյակ լինելը, այդ գումարը լվանալու առաջարկ ստանալը, այդ առաջարկն ընդունելը, որևէ կերպ, նույնիսկ հիմնավոր կասկածի մակարդակում չեն հաստատվել:
6.2. Ըստ բողոքաբերի՝ պաշտպանական կողմը չի վիճարկում Ա․Պետրոսյանին առաջադրված մեղադրանքում նկարագրված գումարային փոխանցումները, որոնք առնչվում են նաև վերջինիս, սակայն գտնում է, որ չեն ապացուցվել առաջադրված մեղադրանքում առկա այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են Ա․Հ․-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու նպատակը, Ա․Հ․-ի կողմից վերը նշված գործողությունը կատարելուն օժանդակելու վերաբերյալ Ա․Պետրոսյանին ներկայացրած առաջարկությունը, ինչպես նաև այն, որ Ա․Պետրոսյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելու դիտավորությամբ, առաջարկն ընդունել է և պատրաստակամություն է հայտնել կազմակերպել գումարները Հայաստանի Հանրապետություն փոխանցելու, դրանք կանխիկացնելու և պաշտոնատար անձին տրամադրելու գործընթացը:
6․3. Այսինքն, բողոքաբերի պնդմամբ՝ սույն գործով հետազոտված ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ ոչ միայն չեն հաստատում, այլև հերքում են կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող, Ա․Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակության մեջ տեղ գտած հանգամանքները։
7. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 27-ի դատավճռին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8․ Ա․Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն։ Այսպես․ «(․․․) նա, հանդիսանալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող **************** ընկերության սեփականատեր, իսկ 2003-2007թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Ա․Հ-ի հետ:
2007թ. հունիսի 08-ին Ա․Հ-ը նշանակվել է ************************************* և ՀՀ կառավարության 30.11.2006թ-ին թիվ 1679-Ն որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսացել նաև ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ:
2007թ. ընթացքում Ա․Պ․-ի որդին՝ ************************գլխավոր տնօրեն Մ․Պ․-ն, հանքարդյունաբերությամբ զբաղվելու մտադրություն է ունեցել և, հանդիսանալով նաև ******************** սեփականատեր և տնօրեն, լիազորված անձի միջոցով 2007թ. հոկտեմբերի 05-ին մասնակցել է Ա․Հ․-ի ղեկավարած ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից կազմակերպված ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման առաջնահերթություն ստանալու աճուրդին, որտեղ հաղթող է ճանաչվել ************ ՍՊԸ, որին տրվել է ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության թիվ ** հատուկ լիցենզիան՝ ******************************* պղնձի երևակումում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու համար:
2007թ. աշնանը Ա․Հ․-ն **************************************************** ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, իր մտերիմ Ս․Ա․-ից տեղեկացել է, որ գործարար Ս․Հ․-ն ունի ՀՀ հանքարդյունաբերությամբ զբաղվելու մտադրություն և հետաքրքրություն է դրսևորել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության լիցենզիաներ ձեռք բերելու հարցում:
Ա․Հ․-ն, քննարկումների ժամանակ Ս․Հ․-ից տեղեկանալով, որ նա հետաքրքրություն է դրսևորել ՀՀ տարբեր բնակավայրերում գտնվող երեք հանքերևակումների, այդ թվում՝ **************************************************************************************** պղնձի հանքերևակման նկատմամբ, նրան հայտնել է, որ ************************* ուսումնասիրության հատուկ լիցենզիան արդեն իսկ ձեռք է բերվել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, ********************************** սեփականատեր Ա․Պ-ն, սակայն նա ունի հնարավորություն գումարի դիմաց կազմակերպել նշված, ինչպես նաև մյուս երկու լիցենզիաները Ս․Հ-ին տրամադրելու գործընթացը: Ս․Հ-ն համաձայնել է, որից հետո Ա․Հ-ն, նյութական շահագրգռվածությունից ելնելով, Ս․Հ․-ի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ կազմակերպել է ********************* ՍՊԸ լիցենզիայով հանդերձ Ս․Հ․-ին փոխանցելու գործընթացը:
Այնուհետև՝ հերթական հանդիպումների ժամանակ, Ա․Հ-ն, Ս․Հ․-ից հավաստիանալով, որ նա պատրաստակամ է առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ թվով 10 ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ ձեռք բերելու համար, տվել է իր համաձայնությունը նրա օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու հարցում և առաջարկել է ուսումնասիրել երկրաբանական ֆոնդի տվյալներն ու ներկայացնել առաջարկություն հետաքրքրող կոնկրետ հանքերևակումների վերաբերյալ:
Արդյունքում, 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ****************************** մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող վերոհիշյալ հանքերևակումների ուսումնասիրության թվով ************************************************************** հատուկ լիցենզիաներն անցել են Ս․Հ․-ին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2008թ. հունվար ամսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրության հատուկ լիցենզիաները Ս․Հ․-ին փոխանցելու գործընթացին զուգահեռ՝ վերջինս ********************************************************************************** բանկի գլխամասի իր տնօրինության տակ գտնվող հաշվեհամարներից կանխիկացրել և Ս․Ա․-ի միջոցով Ա.Հ.-ին է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:
Պահանջված կաշառքի գումարի մասը՝ 8 մլն ԱՄՆ դոլարը Ա․Հ․-ն Ս․Հ.-ն Ս.Հ.-ից 2008-2011թթ. ընթացքում ստացել է բանկային փոխանցումների եղանակով ու այդ հարցում պաշտոնատար անձին օժանդակել են նրա մտերիմներ Ա.Խ.-ն, Գ.Կ.-ն, Վ.Մ.-ն և վերջին երկուսի ու Ա.Հ.-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, 1990-ական թվականներից ԱՄԷ մշտական բնակություն հաստատած, անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող, ՀՀ քաղաքացի Ա.Դ.-ն:
2011թ. սկզբներին Ալեքսան Պետրոսյանը ****************************************************************************** պաշտոնը զբաղեցնող Ա.Հ.-ից տեղեկացել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում թույլ տված վերոհիշյալ հանցավոր գործունեության արդյունքում ստացված գումարից ավելի քանի 5 մլն ԱՄՆ դոլարը մուտքագրվել է ԱՄԷ գտնվող, նրա կողմից տնօրինվող բանկային հաշվեհամարներին և նպատակադրվել է հանցավոր ճանապարհով ստացված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու, դրանց անօրինական տեսք տալու նպատակով գումարները փոխանցել ՀՀ տարածք, այդ կերպ՝ դրանք տնօրինելու հնարավորություն ստանալ, որպիսի գործողությունները կատարելուն օժանդակելու առաջարկություն է ներկայացրել Ալեքսան Պետրոսյանը:
Ալեքսան Պետրոսյանը, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելու դիտավորությամբ, առաջարկն ընդունել է և պատրաստակամություն հայտնել կազմակերպել իրեն պատկանող, ****************************************************** գրանցված՝ «******************************************» ՍՊԸ և Հայաստանում գործունեություն իրականացնող «****************************» ՓԲԸ միջոցով գումարները ՀՀ փոխանցելու, դրանք կանխիկացնելու և պաշտոնատար անձին տրամադրելու գործընթացը: Այնուհետև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ալեքսան Պետրոսյանը Ա.Հ.-ին է տրամադրել «************************» ՍՊԸ՝ ***************************** քաղաքում գտնվող ************************ բանկի ********************************* հաշվեհամարը, որից հետո Ա.Հ.-ն կազմակերպել է Ս.Հ.-ից ստացած առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարի՝ 5.049.005 ԱՄՆ դոլար մասի փոխանցումը նշված հաշվեհամարին: Այսպես՝
Ա.Հ.-ի պահանջով նրա մտերիմ Վ.Մ.-ն 2011թ. մարտի 24-ին ****************** բանկի իր ********** հաշվեհամարից 2.001.005 ԱՄՆ դոլար, իսկ 2011թ. մարտի 29-ին Ա.Հ.-ն անձամբ ***************** նույն բանկի իր *********** հաշվեհամարից 3.047.975 ԱՄՆ դոլար գումարները փոխանցել են «************» ՍՊԸ վերը նշված հաշվեհամարին: Այնուհետև՝ Ալեքսան Պետրոսյանն իրեն պատկանող կազմակերպության հաշվեհամարին ստացված գումարներից 1.901.000 ԱՄՆ դոլարը՝ 2011թ. մարտի 28-ին, իսկ 3.048.000 ԱՄՆ դոլարը՝ մարտի 29-ին փոխանցել է *********** գտնվող բանկի իր անձնական հաշվեհամարին, ապա տարբեր ժամանակ դրանք կրկին մուտքագրել «********************» ՍՊԸ ինչպես վերոհիշյալ, այնպես էլ այլ բանկերում եղած տարբեր հաշվեհամարների: Դրանից հետո «****************» ՍՊԸ և «****** ՓԲԸ միջև 2009թ. հունվարի 05-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրի ուժով 2011թ. մարտի 29-ից մինչև 2014թ. օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում Ալեքսան Պետրոսյանը նշված գումարից 2.792.730 ԱՄՆ դոլարը փոխանցել է «******************************************» ՓԲԸ Հայաստանյան բանկերում եղած հաշվեհամարներին, իսկ մնացած մասը տնօրինել «*************************************» ՍՊԸ միջոցով, օգտագործել բիզնես գործունեության նպատակով:
«*********************************» ՍՊԸ բանկային հաշվեհամարներից «************************» ՓԲԸ հաշվին գումարներ փոխանցելուն զուգահեռ Ալեքսան Պետրոսյանն ինչպես հիշյալ գումարներից, այնպես էլ իր անձնական միջոցներից, 2011թ. ապրիլ ամսից մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ա.Հ.-ին մաս-մաս տվել է նրա կողմից «**********************************************» ՍՊԸ հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 1.861.586.143 ՀՀ դրամին համարժեք 5.049.005 ԱՄՆ դոլար գումարը:
Ալեքսան Պետրոսյանն իր վերոհիշյալ գործողություններով օժանդակել է պաշտոնատար անձ Ա․Հ.-ի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերած՝ առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառքի մաս կազմող՝ 5.049.005 ԱՄՆ դոլար գումարն օրինականացնելուն (…)»:
9․ 2021 թվականի մարտի 26-ին մեղադրյալ Ա․Պետրոսյանի պաշտպան Մ․Պողոյանը և Գ․Միքայելյանը Առաջին ատյանի դատարան են ներկայացրել քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն այն պատճառաբանությամբ, որ ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացնել այդպիսի որոշում կայացնելուց հետո վեց ամսյա ժամկետում և այդ ժամկետը լրանալուց հետո ՀՀ գլխավոր դատախազն այլևս իրավասու չէ վերացնել վերոնշված որոշումը, մինչդեռ սույն գործով ՀՀ գլխավոր դատախազը քննիչի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2017 թվականի փետրվարի 6-ի որոշումը վերացրել է դրա կայացումից շուրջ 1 տարի 4 ամիս անց՝ 2018 թվականի հունիսի 7-ին: Բացի այդ՝ ներկայացված միջնորդության մեջ բողոքաբերը նշել է, որ նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու համար անհրաժեշտ է առնվազն բողոքի առկայություն, որը, ըստ բողոքաբերի, սույն դեպքում վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ չի եղել և նախաքննության մարմինը չի ունեցել նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու բավարար առիթ ու հիմք:
10․ Առաջին ատյանի դատարանը, Ա․Պետրոսյանին արդարացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքում, արձանագրել է հետևյալը․ «(…) Նախ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով ձեռք բերված ապացույցներից երևում է, որ Ալեքսան Պետրոսյանը Ա*********Հ********-ից, միջնորդավորված եղանակով, ստացել է ավելի քան 5 մլն. ԱՄՆ դոլար, ինչպիսի հանգամանքը դատավարության կողմերը չեն վիճարկում:
Վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, հաշվի առնելով դրանց վերաբերյալ արտահայտված իրավական մեկնաբանությունները, Դատարանն արձանագրում է, որ սույն գործով անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել հետևյալ հարցերը.
- արդյոք Ա. Պետրոսյանի կողմից Ա.Հ.-ից ձեռքբերված գումարն առերևույթ եղել է հանցավոր ճանապարհով ստացված,
- արդյոք Ա.Հ.-ն առերևույթ նպատակադրվել է թաքցնել դրանց իրական ծագումը,
- արդյոք այդ գումարների հանցավոր ծագման մասին Ա.Պետրոսյանը տեղյակ է եղել,
- արդյոք Ա. Պետրոսյանը դիտավորություն է ունեցել օժանդակել Ա****Հ***** ին:
Ընդ որում վերը նշված յուրաքանչյուր հարցին անդրադառնալու անհրաժեշտությունը կարող է առաջանալ բացառապես նախորդող հարցին հաստատական պատասխան տալու դեպքում:
Անդրադառնալով վերը նշված առաջին և երկրորդ հարցերին, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0090/01/09, ԵԿԴ/0189/01/17, ԵԿԴ/0161/01/15 և ԵԷԴ/0054/01/15 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, Դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ գումարներն Ա***********Հ********-ին են փոխանցվել Ս*******Հ*********-ի կողմից՝ որպես կաշառքի գումար: Այսինքն գործով ձեռքբերված ապացույցներն առերևույթ տեղեկություններ են պարունակում այն մասին, որ Ա.Հ.-ն հանդիսացել է պաշտոնատար անձ, Ս*********Հ***********ի օգտին գործողություն կատարելու համար ստացել է այդ դրամական միջոցները, ցանկացել է դրանք տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործով հավաքված ապացույցները հակառակի մասին վկայող տեղեկություններ չեն պարունակում:
Անդրադառնալով այդ գումարների հանցավոր ծագման մասին Ա.Պետրոսյանի տեղյակ լինելու հարցին՝ Դատարանն արձանագրում է, որ գործով բացակայում են ուղղակի ապացույցներ, որոնք կվկայեն այդ գումարների ծագման վերաբերյալ Ա.Պետրոսյանի տեղեկացվածության մասին: Այս տեսանկյունից հարկ է նկատել, որ գործով հավաքված ապացույցները տեղեկություններ չեն պարունակում այն մասին, որ որևէ մեկը տեղեկացված է եղել գումարներ տալու մասին Ս.Հ.-ի և Ա.Հ.-ի պայմանավորվածության մասին, այդ մասին Ս.Հ.-ն որևէ մեկին չի հայտնել և առաջին անգամ դրա մասին բարձրաձայնել է 2015թ-ի սեպտեմբերին՝ հաղորդում ներկայացնելով:
Անդրադառնալով այն հարցին, թե Ա.Պետրոսյանը կարող էր գիտակցել Ա.Հ.-ից ստացված դրամական միջոցների հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելը, այն հիմնավորմամբ, որ Ա.Հ.-ն, հանդիսանալով պետական պաշտոնյա, չէր կարող այդքան գումարներ ունենալ, ապա Դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ս.Հ.-ի կողմից տրված ցուցմունքների համաձայն՝ Ա.Հ.-ին է պատկանել ***************************** գտնվող շենքը, որտեղ վարձակալությամբ տարածքներ են հանձնվել, ******************* վարչական շրջանում՝ հյուրանոց, ******************* քաղաքում՝ ալրաղաց, ըստ Ֆ.Ղ.-ի կողմից տրված ցուցմունքների՝ Ա.Հ.-ի է պատկանել «*************************************» ԲԲԸ-ի 89% բաժնետոմսերը, ըստ Ա.Խ.-ի կողմից տրված ցուցմունքների՝ Ա.Հ.-ն հանդիսացել է «*************************************» և «**************************************» ընկերությունների բաժնետեր, նաև զբաղվել է վառելիքի ներկրմամբ, ըստ Յ.Խ.-ի կողմից տրված ցուցմունքի՝ Ա.Հ.-ն հանդիսացել է «***********************************» ԲԲԸ-ի 99% բաժնետեր, ըստ Ա.Պետրոսյանի կողմից տրված ցուցմունքների՝ Ա.Հ.-ն եղել է նաև գործարար: Այսինքն գործով ձեռք բերված նշված տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Ա.Հ.-ն, ծավալելով նաև բիզնես գործունեություն, կարող էր ունենալ այլ կարողություններ, այդ թվում՝ դրամական միջոցներ և միանշանակ հնարավոր չէ պնդել, որ Ա.Պետրոսյանը պարտավոր էր կամ կարող էր գիտակցել, որ պետական պաշտոնյա Ա.Հ.-ի կողմից այդ գումարները ստացվել են հանցավոր ճանապարհով:
Հարկ է նկատել նաև, որ պետական պաշտոնյայի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենսդրական արգելքի անտեսմամբ նման գործունեությունից ստացված եկամուտները, թեպետ ինքնին օրինական չեն կարող դիտարկվել, սակայն միևնույն ժամանակ էլ չեն կարող դիտարկվել որպես ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի առարկա: Այս տեսանկյունից, քննարկման առարկա դարձնելով մեղադրողի կողմից ներկայացված հայտարարագրերի հարցը, հարկ է նկատել, որ «Ապօրինի հարստանալը» վերտառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածը լրացվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ-230-Ն ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 01.07.2017թ-ին:
Դատարանը նաև հարկ է համարում անդրադառնալ «*********************» ՍՊ և «******************» ՓԲ ընկերությունների միջև կնքված պայմանագրի գումարի չափի ու Ս.Հ.-ի և Ա.Հ.-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության գումարի չափի համընկնումներին, ինչպես նաև «**********************» ՍՊ և «******************» ՓԲ ընկերությունների միջև իրականացված գումարային շարժին:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ «***********************» ՍՊ և «****************************» ՓԲ ընկերությունների միջև կնքված պայմանագրի գումարի չափը կազմել է 14 մլն ԱՄՆ դոլար, ինչպիսի չափ է կազմել նաև ըստ Ս.Հ.-ի ցուցմունքների՝ իր և Ա.Հ.-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության գումարը, ինչպիսի հանգամանքն առաջին հայացքից կարող է հանգեցնել ողջամիտ ենթադրության, որ դա պայմանավորվածության արդյունք է: Այս առումով գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ս.Հ.-ի և Ա.Հ.-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տրվելիք գումարից 6 մլն. ԱՄՆ դոլարը 2008 թվականի ընթացքում տրվել է Հայաստանի Հանրապետության տարածքում և այդ գումարներն արտերկրից փոխանցելու անհրաժեշտությունը բացակայել է, իսկ «********************» ՍՊ և «**************************************************************» ՓԲ ընկերությունների միջև պայմանագիրը կնքվել է 2009 թվականին, այսինքն այն ժամանակ, երբ արտերկրից 14 մլն. ԱՄՆ դոլար բերելու անհրաժեշտությունը բացակայել է, հետևաբար էլ Դատարանը գտնում է, որ այդ գումարների չափի համընկնումը հնարավոր չէ կապել փոխադարձ պայմանավորվածության հետ: Հատկանշական է նաև այն, որ ըստ գործում առկա տեղեկությունների՝ «****************» ՍՊԸ-ի հաշվեհամարին Վ.Մ.-ն և Ա.Հ.-ն շուրջ 5 մլն. ԱՄՆ դոլարը փոխանցել են 2011թ. մարտի 24-ին և 29-ին, սակայն մինչ այդ «******************» ՍՊ և «*********» ՓԲ ընկերությունների միջև կնքված պայմանագրի շրջանակներում «************************» ՍՊԸ-ն «**********************» ՓԲԸ-ին 2009թ-ի հունվարից մինչև 2011թ. մարտ ամիսը փոխանցել է մոտ 2,1 մլն ԱՄՆ դոլար, իսկ այդ ընթացքում, ինչպես նաև դրանից հետո «*************» ՓԲԸ-ն «*****************» ՍՊԸ-ին հետ է վերադարձրել ավելի քան 790.000 ԱՄՆ դոլար: Հետևաբար «******************» ՍՊ և «**************» ՓԲ ընկերությունների միջև կնքված պայմանագիրը, այն կնքելու նպատակը որևէ կերպ հնարավոր չէ կապել Ս.Հ.-ի ցուցմունքներում նշված՝ իր և Ա.Հ.-ի պայմանավորվածությունների և դրանք իրականացնելու հետ: (...)
Սույն գործով հավաքված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների վերլուծության և գնահատման արդյունքում, մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի՝ Դատարանը հանգում է հետևության, որ սույն քրեական գործում առկա չէ արժանահավատ, փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ Ալեքսան Պետրոսյանը տեղեկություն է ունեցել Ա.Հ.-ից, միջնորդավորված եղանակով, ստացած ավելի քան 5 մլն. ԱՄՆ դոլարի հանցավոր ծագում ունենալու մասին, ինչպես նաև դրանց հանցավոր ծագում ունենալու մասին ողջամտորեն չէր կարող գիտակցել, իսկ «******************************» ՍՊԸ-ի հաշվեհամարին Վ.Մ.-ի և Ա.Հ.-ի կողմից 2011թ. մարտի 24-ին և 29-ին փոխանցված շուրջ 5 մլն. ԱՄՆ դոլարով Ա.Պետրոսյանի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ այդ ընկերությունների աշխատակիցների միջոցով կատարված գործողություններն իրականացվել են «**********************************» ՍՊ և «*********************» ՓԲ ընկերությունների բիզնես գործունեության նպատակների համար, այլ ոչ թե Ա.Պետրոսյանը նպատակ է ունեցել օժանդակել որևէ մեկի եկամուտներն օրինականացնելուն, դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը թաքցնելուն և խեղաթյուրելուն:
Հետևաբար սույն քրեական գործով ձեռք բերված և դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները չեն հիմնավորում նրա մեղավորությունը, բավարար չեն ամբաստանյալի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու նրան մեղսագրվող՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն օժանդակելը։ (...)
Հիմք ընդունելով վերը շարադրված պատճառաբանությունները` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ալեքսան Մակարի Պետրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել` ճանաչելով և հռչակելով վերջինիս անմեղությունը` արարքում հանցակազմի բացակայության հիմքով (...)»:
11. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ նշել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ալեքսան Պետրոսյանին վերագրվող արարքում հանցակազմի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումը կատարվել է գործում առկա թույլատրելի և վերաբերելի ապացույցների հատվածական, մեկը մյուսից անջատ գնահատելու պատճառով։
Այսինքն, ուսումնասիրելով ներկայացված վերաքննիչ բողոքը, ստացված գործը և վիճակվող դատավճիռը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման և վերլուծության չեն ենթարկվել գործով ձեռք բերված ապացույցները, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները չեն գնահատվել համակցության մեջ։
Առաջին ատյանի դատարանը պատշաճ ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, թե ով է հիմնադրել և ում է պատկանում «*********************» ՍՊԸ-ն։
Մասնավորապես, պատշաճ չի գնահատվել Մ.Պ.-ի ցուցմունքներն առ այն, որ իրեն հայտնի չի եղել, որ «***************************»-ը պատկանում է ******************** Ալեքսան Պետրոսյանին, ինքը պայմանագիրը կնքել է Մ.-ի հետ։
Առաջին ատյանի դատարանում հրապարակված` Ալեքսան Պետրոսյանի 2019 թվականի նոյեմբերի 7-ի` վկայի դատավարական կարգավիճակում տրված ցուցմունքով (տե՛ս հատոր 10, գ.թ. 23) վերջինս հայտնել է, որ «********» ընկերության հետ գործարքներ վարած ընկերությունների` այդ թվում «*******************» ընկերության հետ որևէ առնչություն չունի, ************* ընկերության տնօրենին կամ սեփականատիրոջը չի ճանաչում: Գիտի, որ այդ ընկերությունը «*********» ընկերության հետ կնքել է փոխառության պայմանագիր, սակայն այլ որևէ տեղեկություններ չունի, այդ հարցերով զբաղվում է ************` Մ.Պ.-ն:
Այսինքն, Ալեքսան Պետրոսյանը թաքցրել է «**************************» ընկերությունն իրեն պատկանելու հանգամանքը, քանի որ ըստ սույն քրեական գործի նյութերի՝ Ալեքսան Պետրոսյանի կողմից հիմնադրվել է ******************************** «*******************» ՍՊԸ-ն և վերջինս հանդիսացել է նաև դրա փաստացի սեփականատեր, իսկ «*******************» ՍՊԸ-ի կողմից 2011 թվականի ընթացքում «**************» ՓԲԸ-ին գումարներ են փոխանցվել։
Առաջին ատյանի դատարանը համակողմանի ուշադրության չի արժանացրել հանցավոր ծագում ունեցող գումարի շրջանառման հիմքում ընկած գործողությունների շղթային, քաղաքացիական շրջանառությանը` իր շրջափուլերով հանդերձ: Այսպես․
Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ վերլուծության չեն ենթարկվել այլ փաստաթուղթ ճանաչված` 2009թ. հունվարի 5-ին «*************» ՓԲԸ-ի և «*******************» ՍՊԸ-ի միջև կնքված փոխառության պայմանագիրը և փոխանցումների հանգամանքը հավաստող քաղվածքները, որոնց համաձայն՝ «******************» ՍՊԸ-ն պարտավորվել է անտոկոս 14 մլն ԱՄՆ դոլար տրամադրել «***************» ՓԲԸ-ին, իսկ վերջինս պարտավորվել է վերադարձնել այդ գումարը մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը: 2009-2014թթ ընթացքում «**********************» ՍՊ ընկերությունը «****************» ՓԲ ընկերության հաշվեհամարին փոխանցել է 4.369.404 ԱՄՆ դոլար գումար:
Սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատվել է, որ Ս****** Հ**********-ից ստացված 8 մլն. դոլար կաշառքը փոխանցվել է ոչ թե անմիջականորեն Ա***** և Հ******** Հ*************-ների հաշվեհամարին, այլ Վ.*******Մ*************-ի, Ա*******Խ***********-ի, Գ******** Կ***********-ի հաշվեհամարներին, որից հետո, ի թիվս այլ գործարքների, Գ***** Կ********-ի և Ա******* Խ************-ի կողմից գումարային փոխանցումներ են կատարվել Ա. և Հ.Հ.-ների հաշվեհամարին, սակայն վերջիններս գումարը Հայաստանի Հանրապետություն չեն փոխանցել: Այնուհետև, Վ.Մ.-ի, Ա. և Հ.Հ.-ների հաշվեհամարից հիշյալ գումարները փոխանցվել են Ալեքսան Պետրոսյանին պատկանող՝ «*******************» ընկերության հաշվեհամարին: «***********************» ընկերության հաշվեհամարից գումարներն անմիջապես փոխանցվել են Ալեքսան Պետրոսյանի հաշվեհամարին, ապա կրկին` «**************************» ընկերության հաշվեհամարին։ Այդ ընթացքում 2011 թվականի փետրվար ամսին Ալեքսան Պետրոսյանը մեկնել է ****************************, որտեղ բանկի աշխատակիցներին տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ պատրաստվում է կատարել մեծ ներդրում՝ 12-ից 20 մլն դոլարի չափով: Արդեն մեկ ամիս անց «**************************» ընկերության հաշվեհամարին փոխանցվել են ձեռք բերված գումարները, որոնք հետագայում մաս-մաս փոխանցվել են Հայաստանի Հանրապետությունում գործող «*************» ընկերության հաշվեհամարներին։
Վերոհիշյալ փաստական հանգամանքների պայմաններում Առաջին ատյանի դատարանի կողմից բովանդակային գնահատականի չեն արժանացել հետևյալ հանգամանքները․
1․ Ալեքսան Պետրոսյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ հանդիպել է Ա.Հ.-ին և նա իրեն ասել է, որ ցանկանում է դրսում ունեցած իր անձնական գումարները փոխանցել Հայաստանի Հանրապետություն, որպեսզի ինքը դրանք կանխիկացնի և փոխանցի նրան (տե՛ս հատոր 11, գ.թ. 116-122)։
Այս ցուցմունքից ուշադրության էր արժանի Ա.Հ.-ի կողմից իր անձնական գումարները ոչ թե անձամբ իր բանկային հաշվեհամարների, այլ Ալեքսան Պետրոսյանի միջոցով դրանք ՀՀ փոխանցելու ողջամիտ տրամաբանությունն ու նպատակը և Ալեքսան Պետրոսյանի կողմից այդ տրամաբանության ու նպատակի գիտակցած լինելը կամ գիտակցելու անհրաժեշտությունը։ Ընդ որում, Ա****** Հ*************-ն այդ ժամանակ զբաղեցրել է ****************************************** պաշտոնը, իսկ Ալեքսան Պետրոսյանը եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
Այսինքն, Առաջին ատյանի դատարանը պետք է պատշաճ ուշադրության արժանացներ այն հանգամանքը, որ Ա.Հ.-ն անձամբ չի կարողացել գումարը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն և դրա իրականացման համար դիմել է օգնության Ալեքսան Պետրոսյանին։
Այլ կերպ ասած՝ Առաջին ատյանի դատարանն առավել խորքային գնահատականի պետք է արժանացներ Ալեքսան Պետրոսյանի որպես կասկածյալ տված ցուցմունքն այն մասին, որ Ա.Հ.-ն խնդրել է իրեն օգնել՝ արտերկրում ունեցած գումարները Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար, սակայն Առաջին ատյանի դատարանն Ալեքսան Պետրոսյանի հիշյալ ցուցմունքների կապակցությամբ խորքային վերլուծություն չի կատարել:
2․ Երկու միլիոն ԱՄՆ դոլարը «*********************************» ՍՊԸ-ի հաշվեհամարին փոխանցել է Ա*****Հ****-ի ընկերը՝ Վ***Մ*****-ն, այլ ոչ թե անձամբ Ա****Հ*******-ն:
3․ Կասկածյալի դատավարական կարգավիճակում Ալեքսան Պետրոսյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ կարող է փոխանցումներն իրականացնել, սակայն խոշոր գումարներ միանգամից Ա.Հ.-ին տալու հնարավորություն չունի: Ա.-ն հայտնել է, որ գումարը միանվագ կփոխանցի, իսկ ինքը ժամանակի ընթացքում մաս-մաս դրանք կվերադարձնի: Ըստ Ալեքսան Պետրոսյանի ցուցմունքի՝ Ա********* Հ*************-ին գումարները վերադարձրել է 2011թ. ապրիլ ամսից մինչև 2016թ. վերջն ընկած ժամանակահատվածում: Գումարները եղել են մաս-մաս, նրան տվել է առձեռն, փոքր չափերով, առավելագույնը եղել է 90.000 ԱՄՆ դոլարի չափով: Գումարները Ա.-ին տալուց որևէ մեկը ներկա չի գտնվել (տե՛ս հատոր 11, գ.թ. 116-122)։
Ընդ որում, այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Ալեքսան Պետրոսյանի և Ա******** Հ********-ի միջև կնքված գրավոր փոխառության պայմանագիր առկա չէ, որը կվկայեր հենց այդ իրավահարաբերության առկայության մասին և հնարավորություն կտար նաև պատկերացում կազմել այդ իրավահարաբերության պայմանների, ժամկետների, վճարման և վերադարձի կարգի, գումարի չափի և այլ էական հանգամանքների վերաբերյալ։
4․ Առաջին ատյանի դատարանի հետևությունն առ այն, որ գործով հավաքված ապացույցները տեղեկություններ չեն պարունակում այն մասին, որ որևէ մեկը տեղեկացված է եղել գումարներ տալու հետ կապված Ս.Հ.-ի և Ա.Հ.-ի պայմանավորվածության մասին, այդ մասին Ս.Հ.-ն որևէ մեկին չի հայտնել և առաջին անգամ դրա մասին բարձրաձայնել է 2015թ. սեպտեմբերին՝ հաղորդում ներկայացնելով, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հիմնված չէ գործում առկա մի շարք ապացույցների փոխկապակցված վերլուծության վրա։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է այս մասով Ս.Հ.-ի և վկա Վ.Ա.-ի ցուցմունքներին։
5․ Ա․ Պետրոսյանի պնդմամբ իր և Ա․Հ.-ի միջև փոխառության իրավահարաբերություններ առկա լինելու վերաբերյալ անհրաժեշտ էր պարզել այն, թե արդյոք այդ փոխառության պայմանագիրը չի օգտագործվել որպես հանցավոր ծագում ունեցող գումարների օրինականացման քողարկված միջոց։
Առաջին ատյանի դատարանի կողմից անհրաժեշտ էր պատշաճ գնահատականի ենթարկել նաև հետևյալը․
Տավուշի մարզի Սառնաղբյուրի պղնձի հանքերևակման ուսումնասիրության հատուկ լիցենզիան 2007թ. ձեռք է բերել Մ.Պ.-ն պատկանող «*****************» ՍՊԸ-ն։
Ս.Հ.-ն այս մասով հայտնել է, որ «************»-ը ********** Ալիկինն է: Հիմնարկներն իր անունով դարձնելու համար բոլոր փաստաթղթերը բերել տվել է իրեն Ս.-ն, ինքը կադաստր չի գնացել, իսկ ********************-ի ձեռք բերման համար գնացել է կադաստր որտեղ տեսել է, Մ.Պ.-ին և զարմացել, քանի որ Ա*****Հ******-ն ասել է, որ բոլոր հանքերն իրենն են և կկազմակերպի դրանց փոխանցումը»:
Ս********* Հ*****************-ն ցուցմունք է տվել նաև այն մասին, որ Ա***** Հ*************-ն է կազմակերպել ընկերության և լիցենզիայի փոխանցումն իրեն, ինքը Մ****** Պ********-ին որևէ գումար դրա համար չի տվել, այլ մինչ այդ Ա***** Հ************-ին տվել է կաշառք, իսկ արդեն ըստ Մ******Պ***********-ի ցուցմունքի՝ «*************» ընկերությունը (լիցենզիան) ձեռք է բերել սեփական գործունեության համար և վաճառել է 30.000 (երեսուն հազար) ԱՄՆ դոլարով, մինչդեռ իրականում Մ***** Պ**********-ն այդ ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող բաժնեմասը (100 տոկոս) Ս.Հ.-ին է վաճառել 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամով (ըստ գործի նյութերում առկա պայմանագրի)։
Վերոնշյալը վկայում է Ալեքսան Պետրոսյանի և Ա.Հ.-ի միջև եղած հարաբերությունների այնպիսի մակարդակի ու բնույթի մասին, որ իրականում Ա.Հ.-նին պատկանող ընկերությունն իրավական առումով պատկանել է Ալեքսան Պետրոսյանի **********՝ Մ.Պ.-ին։ Այս հանգամանքի լիարժեք պարզաբանումը նույնպես կարևոր նշանակություն ունի Ալեքսան Պետրոսյանի՝ հանցավոր ծագում ունեցող գումարների հանցավոր լինելու մասին տեղյակ լինելու կամ ողջամտորեն ենթադրելու, ինչպես նաև Ա.Հ.-ին օժանդակելու դիտավորության բացահայտման տեսանկյունից։
Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի հետևություններին առ այն, որ «Հարկ է նկատել նաև, որ պետական պաշտոնյայի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենսդրական արգելքի անտեսմամբ նման գործունեությունից ստացված եկամուտները, թեպետ ինքնին օրինական չեն կարող դիտարկվել, սակայն միևնույն ժամանակ էլ չեն կարող դիտարկվել որպես ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի առարկա: Այս տեսանկյունից, քննարկման առարկա դարձնելով մեղադրողի կողմից ներկայացված հայտարարագրերի հարցը, հարկ է նկատել, որ «Ապօրինի հարստանալը» վերտառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածը լրացվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ-230-Ն ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 01.07.2017թ-ին:»՝ Վերաքննիչ դատարանն այս մասով ողջամիտ է համարում Բողոքաբերի փաստարկն առ այն, որ «Վերոգրյալի կապակցությամբ հարկ է փաստել, որ վերոհիշյալ հայտարարագրերը Դատարան են ներկայացվել ոչ թե ապօրինի հարստանալու փաստ հաստատելու համար, այլ դրանցով հաստատվել և հերքվել գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, որոնք դատարանի կողմից ճիշտ չեն գնահատվել» և այս համատեքստում Առաջին ատյանի դատարանը պետք է քննարկման ու գնահատման առարկա դարձնի Բողոքաբերի փաստարկն առ այն, որ «Հերքվել է այն, թե, իբր Ալեքսան Պետրոսյանը չի իմացել, որ փոխառությունը պետք է հայտարարագրել, քանի որ հենց Ալեքսան Պետրոսյանը 2011 թվականին հայտարարագրել է, որ «********» ընկերությանն իր կողմից տրամադրվել է փոխառություն 1,107,694,381.00 ՀՀ դրամի չափով, նույն տարում «********» ընկերությունից առանձին-առանձին վերադարձվել է 344,418,478.00 ՀՀ դրամը և 660,000,000.00 ՀՀ դրամը: Այսինքն, Ալեքսան Պետրոսյանը տեղեկացված է եղել, որ փոխառությունը պետք է հայտարարագրել, իսկ այդ մասով նրա ցուցմունքներն անարժանահավատ են:
Հերքվել է այն հանգամանքը, թե, իբր Ալեքսան Պետրոսյանին 2011 թվականին անհրաժեշտ է եղել գումար, նկատի ունենալով, որ վերջինս ինքն է անձամբ իր միջոցներից տրամադրել մեծ քանակությամբ գումար «********» ընկերությանը: Նույն տարվա սկզբում հայտարարագրել է 865,465,131.00 դրամ գումար: 2012 թվականին միայն <*********> ընկերությունում հայտարարագրել է 163.500.000.00 ՀՀ դրամի արժեթղթեր:
Ներկայացված ապացույցներով հաստատվել է, որ հիշյալ ժամանակահատվածում Ա**** Հ*********-ն Ալեքսան Պետրոսյանին փոխառություն չի տվել, բացի այդ Ա****** Հ***********-ն և նրա ընտանիքի անդամները 2011 թվականին և դրանից հետո չեն ունեցել հայտարարագրած՝ օրինական 5 մլն դոլար գումար, իսկ տվյալ անձի եկամուտների կամ այլ նյութական միջոցների ու ակտիվների հարաբերակցությամբ քննության առարկա հանդիսացող՝ Ալեքսան Պետրոսյանին փոխանցված գույքը ունեցել է անհամաչափ բարձր արժեքը: Հետևաբար՝ Ալեքսան Պետրոսյանը ողջամտորեն գիտակցել է, որ գումարը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, ինչն էլ հանդիսացել է իրական պատճառ` հորինված փոխառությունը չհայտարարագրելու, իսկ Ա***** Հ********-ի գումարը Հայաստանի Հանրապետությունում ոչ թե բանկային փոխանցումով, այլ առձեռն տալու համար»։
Ընդհանրացնելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը չի կատարել գործի նշյալ հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, պատշաճ կերպով չի համադրել գործում առկա այլ ապացույցները, մասնավորապես, մեղադրյալների, վկաների ցուցմունքները, այլ այդ ապացույցներն առավելապես գնահատել է մեկուսի ու հատվածական։ Առաջին ատյանի դատարանը չի կատարել փոխկապակցված վերաբերելի ու թույլատրելի ապացույցների ազատ և բարեխիղճ գնահատում։ Այլ կերպ ասած՝ գործի պատշաճ քննության և լուծման համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ Առաջին ատյանի դատարանի կողմից չեն բացահայտվել, համադրվել ու գնահատվել։
Հետևաբար, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է՝ գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին։
(...)
Վերոնշյալ պայմաններում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ անհրաժեշտ է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հունիսի 27-ի թիվ ԵԴ/1191/01/19 դատավճիռը բեկանել և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան` սույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության, քանի որ Վերաքննիչ դատարանն իրականացնում է դատական վերանայում և չի կարող ստանձնել Առաջին ատյանի դատարանի լիազորությունները։ Այսինքն, Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված դատական սխալն իր բնույթով այնպիսին է, որ Վերաքննիչ դատարանին օրենսդրությամբ վերապահված լիազորությունները և հնարավորությունները բավարար չեն դատական ակտը բեկանելով՝ գործը Հակակոռուպցիոն դատարան փոխանցելու փոխարեն նոր դատական ակտ կայացնելու համար։
Ինչ վերաբերում է նոր քննության ծավալին, ապա Հակակոռուպցիոն դատարանը պետք է նոր քննության արդյունքում, հաշվի առնելով սույն որոշման 6․2 կետում ներկայացված վերլուծությունն ու շարադրված դիրքորոշումները, ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը Ալեքսան Պետրոսյանի կողմից կատարած լինելու կամ կատարած չլինելու վերաբերյալ հանգի իրավաչափ և հիմնավոր հետևության (…)»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք իրավաչափ է ստորադաս դատարանների կողմից Ա․Պետրոսյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկներին չանդրադառնալը:
13․ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։
(…)
3. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 17-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: (…)
4. (…) Քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը»:
14․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում է դատական ակտերի չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը։
Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ թեպետ դատարանները պարտավոր չեն մանրամասն պատասխան ներկայացնել առաջադրված յուրաքանչյուր փաստարկի վերաբերյալ, այնուամենայնիվ կայացված որոշումից պետք է պարզ լինի, որ դատարանն անդրադարձել է գործի շրջանակներում առկա կարևոր և առանցքային հարցերին, և որ ուղղակի և որոշակի պատասխան է տրվել այն փաստարկներին, որոնք վճռորոշ են գործի ելքի համար։ Այսինքն, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի լույսի ներքո, որպես կանոն, ծագում է դատական որոշումերի ոչ բավարար պատճառաբանվածության հետ կապված խնդիր այն դեպքում, երբ ներպետական դատարաններն արհամարհել են գանգատաբերի առաջ քաշած կոնկրետ, վերաբերելի և առանցքային հարցերը։
15․ Անդրադառնալով դատական ակտերի պատճառաբանվածության հարցին Վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Ալեքսան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
- մեղադրյալ Ա․Պետրոսյանի պաշտպան Մ․Պողոյանը և Գ․Միքայելյանը Առաջին ատյանի դատարան են ներկայացրել քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն, ինչին Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել,
- Առաջին ատյանի դատարանը Ա․Պետրոսյանին արդարացրել է հանցակազմի բացակայության հիմքով
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, վարույթն ուղարկել է նոր քննության՝ նույնպես չանդրադառնալով գործում առկա ապացույցների անթույլատրելիության հարցի վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկներին:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ ստորադաս դատարանները, չանդրադառնալով նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների՝ ապացույցների, անթույատրելիության վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդություններին և պնդումներին, չեն ապահովել արդար դատաքննության իրավունքի պատշաճ իրացումը։
Մասնավորապես, պաշտպանական կողմը ստորադաս դատարաններում (Առաջին ատյանի դատարանում միջնորդության տեսքով, իսկ Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ընթացքում) ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ նախաքննական մարմնի՝ 2017 թվականի փետրվարի 7-ի թիվ 62224715 քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում սահմանված կարգավորումների խախտմամբ։
Վճռաբեկ դատարանը, գնահատելով քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման իրավական նշանակությունը, արձանագրում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի նշված դատավարական ակտը, ըստ էության, վերացնում է առաջադրված մեղադրանքը և միայն բացառիկ դեպքերում է հնարավոր համարում գործով վարույթը կրկին սկսելը կամ շարունակելը։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, պետք է անդրադառնային նոր ի հայտ եկած հանգամանքերի հիման վրա քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու օրինականությանը։
Այսինքն, Վճռաբեկ դատարանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված և վերը հիշատակված իրավական դիրքորոշումների լույսի ներքո արձանագրում է, որ սույն գործում առկա փաստական հանգամանքների պայմաններում նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված և Ա․Պետրոսյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած առանցքային և գործի ելքի համար վճռորոշ փաստարկներին ստորադաս դատարանների կողմից անդրադարձ չկատարելը հանգեցրել է ոչ պատճառաբանված դատական ակտեր կայացնելուն, ինչը Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտում է։
18․ Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 6-րդ կետում շարադրված փաստարկին, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված՝ փողերի լվացման հանցակազմն ունի ինքնավար բնույթ, և դրա համար պատասխանատվությունը չի կարող պայմանավորված լինել նախորդող հանցագործության համար դատապարտմամբ, ինչպես նաև նախորդող հանցագործության դեպքն ապացուցված, դրա քրեաիրավական հատկանիշներն ամբողջությամբ բացահայտված լինելու հանգամանքով։ Այլ կերպ` անհրաժեշտ է ոչ թե քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ հանցակազմի բոլոր հատկանիշների, այլ միայն նախորդող հանցագործության օբյեկտիվ կողմի դրսևորման մասին վկայող հատկանիշների առկայության հավաստում: Միևնույն ժամանակ պարտադիր չէ, որ հանցավորը գիտակցի նախորդող հանցագործության բոլոր հատկանիշները: Մասնավորապես, չի պահանջվում, որ անձը գիտակցի` կոնկրետ որ հանցանքի կատարմամբ է ձեռք բերվել գույքը, այլ բավարար է միայն գիտակցել, որ գույքն ունի հանցավոր ծագում։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի հանցավոր ծագումը հաստատելու համար անհրաժեշտ չէ ոչ միայն նախորդող հանցագործության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայություն, այլև տվյալ գույքի հանցավոր ծագման փաստը կարող է հաստատվել՝ անկախ նախորդող հանցագործության՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված լինելու պայմանից։ Տվյալ դեպքում բավարար է գործի փաստերից բխող որոշակի տվյալների, այդ թվում՝ անուղղակի ապացույցների համադրման արդյունքում գալու ողջամիտ եզրահանգման առ այն, որ խնդրո առարկա գույքն ունի հանցավոր ծագում։ Այլ կերպ` պահանջվում է միայն այնպիսի փաստական տվյալների ներկայացում, որոնք ողջամտորեն կվկայեն փողերի լվացմանը նախորդող արարքի հանցավոր լինելու մասին:
Անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, համաձայն որի՝ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հաստատվել Ա․Հ․-ի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ Ա․Պետրոսյանի տեղյակ լինելու փաստը, Վճռաբեկ դատարանը իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Առաջին ատյանի դատարանը համակողմանի ուշադրության չի արժանացրել հանցավոր ծագում ունեցող գումարի շրջանառման հիմքում ընկած գործողությունների շրջանակը, այդ թվում՝ առավել խորքային գնահատականի չի արժանացրել Ա․Պետրոսյանի տված ցուցմունքը, ըստ որի՝ Ա․Հ․-ն խնդրել է օգնել իրեն արտերկրում ունեցած գումարները Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը համակարծիք լինելով Վերաքննիչ դատարանի հիմնավորումների հետ, արձանագրում է, որ ուշադրության է արժանի Ա․Հ․-ի կողմից իր անձնական գումարները ոչ թե անձամբ իր բանկային հաշվեհամարների, այլ Ա․Պետրոսյանի միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցելու ողջամիտ տրամաբանությունն ու նպատակը։
19. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, ինչը դրսևորվել է պաշտպանական կողմի՝ փաստական տվյալների որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը հաստատելու վերաբերյալ փաստարկներին անդրադարձ չկատարելով։ Սակայն, հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանը, գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտությունը արձանագրելով, հանգել է ըստ էության ճիշտ հետևության, ուստի պետք է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, Վերաքննիչ դատարանի սահմանած քննության ծավալի հետ մեկտեղ պետք է քննության առնի պաշտպանական կողմի միջնորդությունը և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ հանգի համապատասխան հետևության:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա․Պետրոսյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց գրավը պետք է թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 388-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Ալեքսան Մակարի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները:
2․ Ալեքսան Մակարի Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը թողնել անփոփոխ։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
