Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0138/06/24
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0138/06/24
- Դիմող / մեղադրյալ
- Սեյրան Արիստակեսյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 23.10.2025
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
10 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0138/06/24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Ստեփանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Մակյան
2025 թվականի հոկտեմբերի 23-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ`
մասնակցությամբ դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0138/06/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)` 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2024 թվականի հունիսի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62248124 քրեական վարույթը։
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ.Մանասյանի՝ 2024 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ Սեյրան Հովհաննեսի Արիստակեսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
2024 թվականի հուլիսի 30-ին Ս.Արիստակեսյանը ձերբակալվել է, և նույն օրը վերջինիս մեղադրանք է ներկայացվել։
1.1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ թիվ 62248124 քրեական վարույթով մեղադրյալ Ս.Արիստակեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ նույն ժամանակահատվածում սահմանափակվելով նրա՝ այլ անձանց (բացառությամբ մերձավոր ազգականների) հետ հաղորդակցվելու և տեսակցություններ ունենալու իրավունքը։ Կալանքի սկիզբը հաշվվել է 2024 թվականի հուլիսի 30-ից:
2․ Մեղադրյալ Ս.Արիստակեսյանի պաշտպան Ա.Ստեփանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր՝ 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 31-ի որոշումը մասնակի բեկանել է և մեղադրյալ Ս.Արիստակեսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցված կիրառել է տնային կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, և գրավը՝ 15.000.000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամի չափով։
3․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Դատավարության մասնակիցների կողմից հատուկ վերանայման բողոքի պատասխան չի ներկայացվել։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը․
4. Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
4.1. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ս.Արիստակեսյանի կողմից իր վրա քրեադատավարական օրենքով դրված պարտականությունները չկատարելու, մասնավորապես՝ քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը գնահատելիս և այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու հնարավորության հարցը քննարկելիս պատշաճ գնահատման չի արժանացրել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի, անտեսվել է այն հանգամանքը, որ Ս.Արիստակեսյանը ենթադրաբար կատարված հանրորեն վտանգավոր արարքով ոտնձգել է պետական ապարատի բնականոն գործունեության դեմ:
4.2. Բողոքաբերը փաստարկել է, որ Ս.Արիստակեսյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը գնահատելու համատեքստում կարևոր նշանակություն ունի ենթադրյալ հանցանքի կատարմանը վերջինիս առանցքային դերակատարությունը։
Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ քրեական վարույթը գտնվել է նախաքննության փուլում, կատարվել են ակտիվ քննչական և այլ վարութային գործողություններ, իսկ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներից պարզ է դարձել, որ խնդրո առարկա ապօրինի գործողություններին մասնակցություն են ունեցել նաև այլ անձինք, որոնց ինքնությունները դեռևս պարզված չեն: Նման պայմաններում, ըստ բողոքաբերի, մեծ է հավանականությունն առ այն, որ Ս.Արիստակեսյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է, խոչընդոտել վարույթի քննությանը, ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին, մասնավորապես՝ ազդեցություն ունենալ գործով անցնող, դեռևս ինքնությունները չպարզված և չհարցաքննված այլ անձանց վրա:
4.3. Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել նաև Ս․Արիստակեսյանի կողմից ազատության մեջ մնալու դեպքում նոր հանցանք կատարելու բարձր հավանականությունը՝ փաստարկելով, որ մեկ այլ՝ թիվ ՀԿԴ/0051/01/22 քրեական գործի շրջանակներում Ս.Արիստակեսյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որպիսի հանգամանքը բավարար հիմք է տալիս անձի կողմից հետագայում դրսևորվելիք ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ ողջամիտ ենթադրության հանգելու համար։
4.4. Բողոք բերած անձը նշել է, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալը կարող է խոչընդոտել քրեական վարույթին՝ վարույթի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու կամ կեղծելու միջոցով՝ հաշվի առնելով, որ վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթերն ամբողջական չեն ստացվել, և կատարվում են համապատասխան քննչական ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
4.5. Միաժամանակ բողոքաբերը փաստել է, որ Ս.Արիստակեսյանի՝ առողջական խնդիրներ ունենալու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները, որոնք, ի թիվս այլնի, հիմք են հանդիսացել խափանման միջոցը փոխելու համար, զուրկ են համապատասխան հիմնավորումներից։
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Ս.Արիստկեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ. «(...) [Նա] խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Հայկ Էդվարդի Կարապետյանին և Վահե Սուրենի Անդրիասյանին խմբի կազմում կաշառք տվողի մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։
Այսպես․
Հայկ Ավետիսյանը, Տիգրան Արամյանը և Կարապետ Հովհաննիսյանը 2023-2024 թվականներին փաստացի ղեկավարել են «Հուսալի շինարար» և «Ավետիս-Խեցի» ՍՊ ընկերությունները և Նարեկ Հովհաննիսյանի հետ հանդիսացել են նշված ընկերությունների շահառու։
Պաշտոնատար անձ հանդիսացող` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության միջին հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 2 բաժնի տեսուչներ՝ Հայկ Էդվարդի Կարապետյանը և Վահե Սուրենի Անդրիասյանը 2024 թվականի մարտի 20-ին «Հուսալի շինարար» և «Ավետիս-Խեցի» ՍՊ ընկերությունների կողմից ՀՀ Արմավիրի մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում իրենց լիազորությունների շրջանակներում իրականացրել են հարկային ստուգում, որի ընթացքում հայտնաբերել են հարկային ընթացակարգով չհաշվառված 9 (ինը) աշխատակիցների, ինչպես նաև նշված ընկերությունների կողմից իրականացված տարբեր գործարքների ընթացքում տարբեր չափերի հարկերից խուսափելու իրավախախտումներ:
Այնուհետև, պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության միջին հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 2 բաժնի տեսուչներ՝ Հայկ Կարապետյանը և Վահե Անդրիասյանը իրենց ընդհանուր ծանոթ Սեյրան Հովհաննեսի Արիստակեսյանի օժանդակությամբ «Ավետիս-Խեցի» ՍՊ ընկերության փոխտնօրեն Հայկ Աշոտի Ավետիսյանի և «Հուսալի շինարար» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Աշոտի Արամյանի հետ հաստատել են հեռախոսակապ և 2024 թվականի մարտի 22-ին հանդիպել են նշված ընկերությունների՝ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոց 8-րդ շենքի 5-րդ բնակարան հասցեում գտնվող գրասենյակում: Հանդիպման ընթացքում հարկային տեսուչներ Հայկ Էդվարդի Կարապետյանը և Վահե Սուրենի Անդրիասյանը կաշառք տվող՝ Հայկ Աշոտի Ավետիսյանից և Տիգրան Աշոտի Արամյանից նրանց օգտին անգործություն կատարելու՝ այն է, «Հուսալի շինարար» ՍՊ ընկերությունում և «Ավետիս-Խեցի» ՍՊ ընկերությունում իրականացված հարկային ստուգումների ընթացքում հայտնաբերված համապատասխան հարկային ընթացակարգով չհաշվառված աշխատակիցների և իրականացված տարբեր գործարքների ընթացքում տարբեր չափերի հարկերից խուսափելու հանգամանքները չարձանագրելու համար պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 7.000.000 ՀՀ դրամ կաշառք` միևնույն ժամանակ խոստանալով հետագայում վերը նշված ընկերությունների համար խնդիրներ չստեղծել և հովանավորչության եղանակով պայմաններ ստեղծել անխոչընդոտ աշխատելու համար, ինչին վերջիններս տվել են իրենց համաձայնությունը:
Դրանից հետո, Հայկ Ավետիսյանը և Տիգրան Արամյանը 2024 թվականի ապրիլի 15-ին «Հուսալի շինարար» և «Ավետիս-Խեցի» ՍՊ ընկերությունների՝ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոց 8-րդ շենքի 5-րդ բնակարան հասցեում գտնվող գրասենյակում հանդիպել են իրենց հանցակից Կարապետ Նարեկի Հովհաննիսյանին, ում տեղեկացրել են հարկային տեսուչներին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու խոստման մասին։ Իր հերթին Կարապետ Հովհաննիսյանը ևս տվել է քննարկվող կաշառքը տալու համաձայնությունը։
Հետագայում հարկային տեսուչներ՝ Հայկ Էդվարդի Կարապետյանը և Վահե Սուրենի Անդրիասյանը 2024 թվականի ապրիլի 4-ին «Ֆլագման» սրճարանում, 2024 թվականի ապրիլի 15-ին և 25-ին «Ավետիս-Խեցի» և «Հուսալի շինարար» ՍՊ ընկերությունների գրասենյակում, 2024 թվականի մայիսի 2-ին «Արարատ պանդոկ» ռեստորանում հանդիպել են Հայկ Աշոտի Ավետիսյանին և Տիգրան Աշոտի Արամյանին և քննարկել իրենց կողմից հայտնաբերված խախտումները չարձանագրելու մանրամասները։
Այդ ընթացքում պաշտոնատար վերոնշյալ անձանց ուղղորդմամբ Հայկ Ավետիսյանը և Տիգրան Արամյանը «Ավետիս-Խեցի» և «Հուսալի շինարար» ՍՊ ընկերությունների հաշվապահ Լիլիթ Սարդարյանին հրահանգել են հետին ամսաթվով ձևակերպել չգրանցված աշխատակիցներին, բացի այդ` ընկերությունների գործունեության վերաբերյալ կազմել և հարկային մարմնին ներկայացնել ձևական ճշգրտված հաշվարկ։
Իր վերոնշյալ գործողություններով, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց և կաշառք տվողներին իրար հետ կապի դուրս բերելով, կաշառք ստացողի և կաշառք տվողի միջև հանդիպման ու համաձայնություն ձեռք բերելու նպատակով հնարավոր բացահայտման հանգամանքը չեզոքացնելու նկատառումով իր անձնական հեղինակությունն օգտագործելով, այդպիսով խոչընդոտները վերացնելով` Սեյրան Հովհաննեսի Արիստակեսյանն օժանդակել է պաշտոնատար Հայկ Էդվարդի Կարապետյանին և Վահե Սուրենի Անդրիասյանին խմբի կազմում կաշառք տվողի մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործության համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։ (...)»։
7. Մեղադրյալ Ս․Արիստակեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 (երկու) ամիս ժամկետով կալանք կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 31-ի որոշման համաձայն` «(...) Դատարանը գտնում է, որ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերում առկա չէ և դատական նիստի ժամանակ չի ներկայացվել փաստական տվյալների այնպիսի համակցություն, որի հիման վրա Դատարանը կարող էր հանգել հիմնավոր և պատճառաբանված հետևության առ այն, որ մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանը, գտնվելով ազատության մեջ, քրեական վարույթով իր համար դրական ելք ապահովելու նպատակով վարույթի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու կամ կեղծելու եղանակով կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալին վերագրվում է կաշառք ստացող պաշտոնատար անձանց օժանդակելու ենթադրյալ հանցանքի կատարում, և Դատարանի գնահատմամբ, վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն ներկայացվել հիմնավոր փաստարկներ առ այն, որ Սեյրան Արիստակեսյանի տրամադրության տակ ողջամտորեն կարող են առկա լինել քրեական վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր։ Ինչ վերաբերում է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կամ «Հուսալի շինարար» և «Ավետիս-Խեցի» ՍՊ ընկերությունների ղեկավարության տրամադրության տակ առկա փաստաթղթերը ոչնչացնելու կամ կեղծելու հավանականության մասին վարույթն իրականացնող մարմնի դիրքորոշմանը, Դատարանը փաստում է, որ գործի նյութերում առկա չէ մեղադրյալ Ս.Արիստակեսյանի՝ նշված անձանց ծառայողական կամ աշխատանքային գործունեությանը որևէ եղանակով ներգրավվածության մասին վկայող փաստական տվյալներ, ինչով կարող էր ողջամտորեն հավաստվել վերջինիս տրամադրության տակ նման փաստաթղթերի առկայության կամ դրանց հասանելիություն ունենալու հանգամանքը։
Անդրադառնալով մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանի կողմից հանցանք կատարելու հավանականության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի դիրքորոշման իրավաչափությանը՝ Դատարանը փաստում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող թիվ ՀԿԴ/0051/01/22 քրեական գործի շրջանակներում Սեյրան Արիստակեսյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, ինչպիսի պայմաններում թիվ 62248124 քրեական վարույթով իրականացվող նախաքննությամբ հսկող դատախազի՝ 2024 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրյալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Դատարանը գտնում է, որ նախկինում ենթադրաբար հանցանք կատարած լինելը և դրա վերաբերյալ քրեական գործի առկայությունը բավարար հիմք է տալիս անձի կողմից հետագայում դրսևորվելիք ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ ողջամիտ ենթադրության հանգելու համար՝ անշեղորեն առաջնորդվելով այն հանգամանքով, որ յուրաքանչյուր դեպքում մեղադրյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության պարագայում։
Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում թեև մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանի վերաբերյալ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, սակայն մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը քննության սույն փուլում ենթակա է գնահատման հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկի տիրույթում, քանի որ այդ ռիսկն ածանցվում է անձի անձնական հատկանիշներից և նրա հանրային որոշակի վտանգավորությունից: Այսինքն՝ այս փուլում, երբ որոշակի հանգամանքները հաստատելու կամ հերքելու համար բավարար են ոչ միայն ապացույցները, այլև տեղեկություններն ու տվյալները, ապա «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալները չեն կարող հաշվի չառնվել հնարավոր նոր առերևույթ հանցանքի կատարման ռիսկը գնահատելու ժամանակ՝ դիտարկելով այն ոչ թե որպես իրավական, այլ փաստական հանգամանք։
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Դատարանը գտնում է, որ իրատեսական է վարույթն իրականացնող մարմնի մտավախությունն առ այն, որ մնալով ազատության մեջ՝ մեղադրյալը կարող է կատարել հանցանք։
Դատարանն իրատեսական է համարում նաև վարույթն իրականացնող մարմնի մտավախությունն առ այն, որ Սեյրան Արիստակեսյանը, մնալով ազատության մեջ, կարող է ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով խոչընդոտել գործի քննությանը։ Դատարանի նման եզրահանգման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները՝
- քրեական վարույթով նախաքննությունը գտնվում է սկզբնական փուլում, պարզված չեն դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործությանն առնչություն ունեցող անձանց ամբողջական շրջանակը,
- քրեական վարույթով պետք է կատարվեն մի շարք ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ անհատականացվեն և հարցաքննվեն սույն վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկատվության տիրապետող կամ ենթադրյալ հանցանքի կատարմանը մասնակցություն ունեցած անձինք,
- քրեական վարույթով տարբեր դատավարական կարգավիճակ ունեն մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանի հետ ընտանեկան, ընկերական կամ այլ բնույթի փոխհարաբերությունների մեջ գտնվող անձինք, և նա կարող է համոզելու, խնդրելու կամ այլ եղանակով ապօրինի ազդեցություն ունենալ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող տվյալների տիրապետող անձանց վրա։ Մասնավորապես, Դատարան ներկայացված նյութերի, ինչպես նաև դատական նիստին վարույթի մասնակիցների հայտարարությունների համաձայն՝ Սեյրան Արիստակեսյանն ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում Հայկ Ավետիսյանի հոր հետ, վստահելի հարաբերություններ ունի ՀՀ ՊԵԿ աշխատակիցներ Վահե Անդրիասյանի և Հայկ Կարապետյանի հետ, իսկ ենթադրյալ հանդիպումը տեղի է ունեցել մեղադրյալի մորաքրոջ որդու կողմից ղեկավարվող ռեստորանում, ով, ըստ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալների, ևս ջերմ հարաբերությունների մեջ է գտնվում քրեական վարույթով մյուս մեղադրյալներ Տիգրան Արամյանի և Հայկ Ավետիսյանի հետ,
- մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի բնույթը, վտանգավորության աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը (վերագրվում է առանձնապես ծանր ենթադրյալ հանցանքի կատարմանն օժանդակություն, որի համար որպես պատիժ սահմանված է բացառապես ազատազրկումը՝ յոթից տասներկու տարի ժամկետով)։
Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի պատճառաբանությանն առ այն, որ քրեական վարույթով վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ արդեն իսկ առկա են որոշակի բովանդակությամբ օբյեկտիվ ապացույց հանդիսացող օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքները, և բացակայում է Սեյրան Արիստակեսյանի կողմից որևէ մեկի վրա ապօրինի ազդեցություն գործադրելու անհրաժեշտությունը, Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածով ապացուցողական գործողությունների արձանագրությունները և վարույթին ներգրավված անձանց ցուցմունքները նախատեսված են որպես առանձին խումբ ապացույցներ, և դրանցից մեկի առկայությամբ պայմանավորված իրավաչափորեն չի կարող նվազ կարևորություն տրվել մեկ այլ խումբ ապացույցներին։ Այս առումով Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվության տիրապետող անձանց նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու հավանականությունը շարունակում է լինել արդիական, քանի որ վերջիններիս հայտնած փաստական տվյալները ողջամտորեն կարող են դրվել Սեյրան Արիստակեսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքներում մեղավորությունը հերքելու կամ հաստատելու հիմքում։
Դատարանի գնահատմամբ քննության սույն փուլում վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանի ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը, միաժամանակ համակցության մեջ թույլ են տալիս ողջամիտ դատողություն անելու այն մասին, որ վարույթի տվյալ փուլում նրա ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է միայն վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջոցով։
Վերոնշյալի հաշվառմամբ Դատարանը գտնում է նաև, որ քրեական վարույթի սույն փուլում այլընտրանքային խափանման միջոցի կամ դրանց համակցված կիրառմամբ, այդ թվում՝ պաշտպանության կողմի միջնորդած տնային կալանքի, վարչական հսկողության, բացակայելու արգելքի և մինչև 10.000.000 ՀՀ դրամի չափով գրավի կիրառմամբ, հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Այս առումով Դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ գործի նյութերում բացակայում են և դատական նիստի ընթացքում չեն ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ, այդ թվում՝ մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքներ, որոնց գնահատման արդյունքում Դատարանը կարող էր հանգել հիմնավոր և պատճառաբանված հետևության՝ Սեյրան Արիստակեսյանի նկատմամբ կալանքի ոչ պիտանի խափանման միջոց լինելու կամ քննության սույն փուլում վերջինիս պատշաճ վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ ապահովելու հնարավորության վերաբերյալ։
Անդրադառնալով մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանի անձը բնութագրող տվյալներին՝ ամուսնացած է, ունի բարձրագույն կրթություն, մշտական աշխատանք և բնակության վայր՝ Դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքները քննության սույն փուլում չեն կարող հակակշռել մեղադրյալին անազատության մեջ պահելով հետապնդվող հանրային շահին։
Ինչ վերաբերում է մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպան Ս.Մինասյանի կողմից Դատարանին ներկայացված բժշկական փաստաթղթերին, Դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության՝ 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» թիվ 825-Ն որոշմամբ հաստատված «Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ)» վերտառությամբ կողմնորոշիչ ցանկում Սեյրան Արիստակեսյանի մոտ ախտորոշված որևէ հիվանդություն առերևույթ ներառված չէ։ Այսինքն՝ Սեյրան Արիստակեսյանի մոտ առկա հիվանդություններն առերևույթ չեն համապատասխանում ՀՀ կառավարության՝ վերը վկայակոչված որոշմամբ կալանքի կիրառմանը խոչընդոտող հիվանդությանը, նման հետևություն առկա չէ նաև Դատարանին ներկայացված բժշկական փաստաթղթերում։ Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ անձի առողջական վիճակի՝ որպես խափանման միջոց կալանքի հետ անհամատեղելիությունը կարող է որոշվել բացառապես համապատասխան փորձաքննության եզրակացությամբ, և Դատարանը քննության սույն փուլում զրկված է այդ հանգամանքը գնահատելու հնարավորությունից։ Այս առումով Դատարանն արձանագրում է նաև, որ պաշտպանության կողմը զրկված չէ համապատասխան փորձաքննություն նշանակելու միջնորդություն վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու հնարավարությունից։
Դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանին բժշկական օգնություն և սպասարկում կարող է ցուցաբերվել ինչպես քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության կողմից, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, մեղադրյալը «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է տեղափոխվել քաղաքացիական բժշկական հաստատություններ։ Ընդ որում, կալանավորված անձանց առողջական վիճակից բխող բժշկական օգնություն և սպասարկում ապահովելը պետության պոզիտիվ պարտականությունն է, և վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր իրավասության սահմաններում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ կալանավորված անձի առողջական վիճակին համապատասխանող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունքի իրացումն ապահովելու համար։
Դատարանը գտնում է, որ Սեյրան Արիստակեսյանի՝ այլ անձանց հետ (բացառությամբ մերձավոր ազգականների) հաղորդակցության և տեսակցության իրավունքը խափանման միջոցի կրման ժամանակահատվածում ենթակա է սահմանափակման՝ հաշվի առնելով սույն որոշման 3.5-րդ կետում նշված հանգամանքները, մասնավորապես՝ նրա ու քննության համար նշանակություն ունեցող տեղեկատվություն տիրապետող անձանց միջև առկա որոշակի բնույթի սերտ կապերը։ (...)»։
8. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշման համաձայն՝ «(…) Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավանորմերի, ՄԻԵԴ և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վերաքննիչ դատարանը՝ որոշակի վերապահումներով իր համաձայնությունն է հայտնում դրանց հետ և գտնում, որ այդ հիմնավորումները՝ ստորև ներկայացված որոշակի տարբերություններով ու պատճառաբանությամբ ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար:
Այսպես․
Վերաքննիչ դատարանն, ի թիվս այլնի, հաշվի է առնում այն, որ սույն քրեական վարույթով իրականացվում են ապացույցների հավաքում և գնահատում, որի համատեքստում դեռևս անհրաժեշտ է կատարել մի շարք քննչական վարութային և ապացուցողական գործողություններ։ Միևնույն ժամանակ, սակայն, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարան միջնորդություն ներկայացնելու պահին՝ ինչպես Օպերատիվ-հետախուզական, այնպես էլ՝ վարույթն իրականացնող նախաքննական մարմնի կողմից իրականացված են եղել բազմաթիվ և տարաբնույթ ՕՀ միջոցառումներ, ինչպես նաև՝ վարութային ու մի շարք ապացուցողական գործողություններ, որի պայմաններում Սեյրան Արիստակեսյանի կողմից ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը խիստ նվազել է։
(...)
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, ըստ էության, պատշաճ գնահատման է ենթարկել մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, ինչի հիման վրա էլ իրավացիորեն եզրահանգել է, որ առկա է վերջինիս կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու՝ մասնավորապես գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանականություն:
Անդրադառնալով Սեյրան Արիստակեսյանին կալանավորելու անհրաժեշտության վերաբերյալ արձանագրված մյուս հիմքին՝ նոր հանցագործության կատարման հավանականությանը (…), Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ Առաջին ատյանի դատարանի (…) հետևությունն ընդունելի չէ, քանի որ համաձայն հատուկ վերանայման բողոքի և գործում առկա փաստական տվյալների՝ թեև մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանը թիվ ՀԿԴ/0051/01/22 քրեական գործով մեղադրվում է նույնանման ենթադրյալ հանցավոր արարք կատարելու մեջ, այդուամենայնիվ, դրա ենթադրյալ կատարման վաղեմության ժամկետը լրացած լինելու պայմաններում առարկել է իր նկատմամբ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացման դեմ` նպատակ ունենալով արդարացվել իրեն մեղսագրված հանցանքի կատարման մեջ։ Հետևաբար՝ նշված հանգամանքը չի կարող գնահատվել որպես Սեյրան Արիստակեսյանի կողմից նախկինում կատարված հանցանքի վերաբերյալ ապացույց, առավել ևս՝ նոր հանցանքի կատարման հավանականության մասին վկայող փաստ:
(…)
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Սեյրան Արիստակեսյանը թիվ ՀԿԴ/0051/01/22 քրեական գործով դեռևս մեղադրվում է ենթադրյալ հանցավոր արարք կատարելու մեջ, որով առարկել է քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ՝ ակնկալելով արդարացման վերջնական դատական ակտ։ Այլ խոսքով, չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հնարավոր կլիներ փաստել, որ Սեյրան Արիստակեսյանը դատապարտվել է կամ դատվածություն ունի նույնաբնույթն հանցանք կատարելու համար, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը փաստարկված չի համարում այս առումով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման մեջ առկա այն հետևությունը, համաձայն որի՝ մնալով ազատության մեջ Սեյրան Արիստակեսյանը հնարավոր է կատարի նոր հանցանք, քանի որ արդեն իսկ մեղադրվում է նախկինում ենթադրաբար կատարած նմանատիպ հանրորեն վտանգավոր արարքի համար։
Քննարկման առարկա դարձնելով Սեյրան Արիստակեսյանի կողմից ապացուցման գործընթացին միջամտելու վտանգը բացառապես նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջոցով կանխելու անհրաժեշտության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կողմից արված հետևությունները, վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը․
(…) Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն հետևություններին, որ մեղադրյալ Արիստակեսյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը չի կարող չեզոքացվել օրենքով սահմանված որևէ այլընտրանքային խափանման միջոցի կամ դրանց համակցության կիրառմամբ և գտնում, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը բավարարելու մասին որոշում կայացնելիս խախտել է նվազագույնի սկզբունքը։
Թեև Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի (…) դատողությունների հետ (…), այդուամենայնիվ արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել և հստակեցրել, թե հատկապես քննության այս փուլում որ հանգամանքների ամբողջությունն է իր մոտ առաջացրել ողջամիտ մտավախություն առ այն, որ բացառապես ամենախիստ խափանման միջոցի՝ կալանքի պայմաններում է հնարավոր հասնել դրա նպատակներին։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործով կատարվել են մի շարք ակտիվ ապացուցողական գործողություններ, հարցաքննվել են այդ պահին վարույթով հայտնի վկաները։ Հարկ է արձանագրել, որ ինչպես Առաջին ատյանի դատարան, այնպես էլ Վերաքննիչ դատարանին ներկայացված փաստական տվյալներն ու ապացույցները վկայում են այն մասին, որ Սեյրան Արիստակեսյանը Հայկ Ավետիսյանի և ՀՀ ՊԵԿ աշխատակիցներ Վահե Անդրիասյանի ու Հայկ Կարապետյանի հանդիպումներին ներկա չի գտնվել, նրանց որևէ համատեղ խոսակցության՝ այդ թվում նաև ենթադրյալ կաշառքի վերաբերյալ, մասնակից չի դարձել։ Սեյրան Արիստակեսյանի դերակատարությունն, ըստ մեղադրանքի, կայացել է հիշյալ անձանց միջև հանդիպումը նախաձեռնելուն օժանդակելու մեջ, որի պայմաններում խիստ նվազ է հավանականությունը, որ չգտնվելով ամենախիստ խափանման միջոցի՝ կալանքի իրավազորության ներքո՝ Սեյրան Արիստակեսյանը կփորձի կամ ունի հնարավորություն ներազդելու ինչպես հիշյալ, այնպես էլ այլ անձանց վրա՝ դրանով իսկ խոչընդոտելով ապացուցման գործընթացին։
Այս առումով Վերաքննիչ դատարանը համակարծիք է Բողոքաբերի այն պնդման հետ, ըստ որի՝
«(…) Սեյրան Արիստակեսյանի` ազատության մեջ մնալու դեպքում ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ Դատարանի կողմից գնահատված հանգամանքները իրատեսական չեն հետևյալ հիմնավորմամբ. նախ` դատարանի այն պնդումը, որ պարզված չեն դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործությանն առնչություն ունեցող անձանց ամբողջական շրջանակը հիմնավոր չէ, քանի որ ենթադրյալ դեպքն արտացոլող բոլոր իրադարձությունները ամրագրված են արժանահավատության բարձր աստիճան ունեցող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներն արտացոլող ձայնագրություններում և տեսագրություններում, բացի այդ` վարույթն իրականացնող մարմնի կողմից, ըստ էության, հարցաքննվել են դեպքին ենթադրյալ առնչություն ունեցող բոլոր անձինք` դերակատարները, ենթադրյալ կաշառք տվող և ստացող անձինք գտնվում են անազատության մեջ, որպիսի պայմաններում վարույթի մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու հավանականությունը իրատեսական չէ (…)»։
Ասվածից հետևում է, որ առավել մեղմ՝ այլընտրանքային խափանման միջոցները ևս կարող են երաշխավորել մեղադրյալ Արիստակեսյանի պատշաճ վարքագիծը և, որ տվյալ դեպքում վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս Առաջին ատյանի դատարանը չի գործել նվազագույնի սկզբունքով։
Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց՝ հատկապես պայմանավորված նրանով, որ այլ հարկադրանքի միջոցներով հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, մինչդեռ սույն դեպքում և վերոշարադրյալ հանգամանքի հաշվառմամբ անձի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հնարավոր է նաև չեզոքացնել կալանքի հետ կապ չունեցող այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի հետ համակցված գրավ խափանման միջոցների կիրառմամբ, որոնց միաժամանակյա ընտրությունը գործուն երաշխիք կարող է հանդիսանալ մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանի հետագա պատշաճ դատավարական վարքագիծն ապահովելու հարցում:
Քննիչի միջնորդությունն ամբողջությամբ բավարարելով և մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելով՝ Առաջին ատյանի դատարանը գործել է նվազագույնի սկզբունքին տրամագծորեն հակառակ տրամաբանությամբ, Ս.Արիստակեսյանի նկատմամբ ընտրել է ամենախիստ խափանման միջոցը, թեև, Վերաքննիչ դատարանի համոզմամբ, նույն նպատակով կիրառելի էին նաև այլընտրանքային այլ խափանման միջոցները: Ընդ որում, մեղադրյալ Ս.Արիստակեսյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, մասնավորապես՝ արդարադատությանը խոչընդոտելու ռիսկը (հանգամանքները) Առաջին ատյանի դատարանը եթե, այնուամենայնիվ, դիտարկել է որպես իրական, ապա առկա է եղել քրեական վարույթի ընթացքում նրա օրինական վարքագիծն առավել պիտանի և համաչափ խափանման միջոցով կամ դրանց համակցությամբ ապահովելու գործիքակազմ, որից, սակայն Առաջին ատյանի դատարանը չի օգտվել։
Անդրադառնալով այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի առանձնահատկություններին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դրա կիրառման նպատակն է մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովումը՝ նրան թողնելով մեկուսացման, սակայն, համեմատաբար մեղմ պայմաններում: Այսինքն, ի տարբերություն կալանքի, որի պարագայում անձն, ըստ էության, կտրվում է իր «սովորական» միջավայրից և հայտնվում քրեակատարողական հիմնարկում, տնային կալանքն անձի մեկուսացվածությունն ապահովում է հենց վերջինիս բնակության վայրում՝ միևնույն ժամանակ դատարանին հնարավորություն ընձեռելով անձի նկատմամբ կիրառել այնպիսի սահմանափակումներ, որոնք ապահովում են գրեթե կալանքի պայմաններին համարժեք մեկուսացվածության աստիճան: Նշված փաստն, ինքին, ևս երաշխիք է ապահովելու քրեադատավարական օրենքի նպատակներից մեկը՝ գործով անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելը բացառելը, իսկ դրանով հանդերձ՝ մեղադրյալի կողմից իր վրա օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելը:
Այսպիսով, հաշվի առնելով վերը նշված, ինչպես նաև՝ մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները, այն, որ նա ունի մշտական բնակության վայր, ամուսնացած է, ունի բարձրագույն կրթություն, վատառողջ է և առաջնորդվելով անձի ազատության սահմանափակման նվազագույնի սկզբունքով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տնային կալանք խափանման միջոցի հետ համակցված գրավ խափանման միջոցի կիրառմամբ (սակայն պաշտպանի կողմից ներկայացված գրավի չափից ավելի մեծ գումար գրավադրմամբ), հնարավոր է հասնել հետապնդվող նպատակին, այն է՝ ապահովել մեղադրյալի վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների կատարումը:
Վերոգրյալի հաշվառմամբ և քրեական վարույթով ձեռք բերված նյութերի ուսումնասիրությամբ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանի վարքագծի կամ նրա անձի վերաբերյալ այնպիսի փաստական տվյալ չի ներկայացվել, որը հնարավորություն կտար ողջամտորեն ենթադրելու, որ կալանքից զատ խափանման մյուս միջոցները քրեական վարույթի ընթացքում չեն կարող ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը։
Այս առումով Վերաքննիչ դատարանը համակարծիք չէ Առաջին ատյանի դատարանի այն հետևության հետ, համաձայն որի՝ Սեյրան Արիստակեսյանին մեղսագրվում է առանձնապես ծանր արարքի կատարում, որն աներկբա հիմք է նրա նկատմամբ ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը, կիրառելու համար։ Վերաքննիչ դատարան ընդգծում է, որ անթույլատրելի է անձի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի ընտրությունը միայն այն հիմնավորմամբ, որ նրան մեղսագրված է առանձնապես ծանր հանցագործություն։ Նշված հանգամանքը կարող է ունենալ էական նշանակություն, սակայն պետք է միանշանակ զուգորդված լինի վարույթն իրականացնող մարմնի կողմից կոնկրետ փաստերի վրա հիմնված այլ դատավարական մտավախությունների հետ՝ ինչպիսիք, թեև այս դեպքում առկա են, սակայն փարատվեցին Վերաքննիչ դատարանի կողմից վերը շարադրված հիմնավորումներով և աներկբա չեն վկայում մեղադրյալի նկատմամբ բացառապես կալանքը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության և իրավաչափության մասին։ (…)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի և գրավի համակցված կիրառմամբ մեղադրյալ Ս.Արիստակեսյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
10. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝
(…)
3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(…)
բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Անձին կալանավորելը (…) թույլատրվում [է] միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով»:
Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ
2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: (…)»։
Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»։
11. Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս արձանագրել է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման և կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ և պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգությունում, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից, կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ultima ratio) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը։ Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին՝ այդ համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։
12. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանական ձևերի մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով։ Ընդ որում՝ կալանավորման անհրաժեշտության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա:
13. Վճռաբեկ դատարանը միաժամանակ կրկնում է, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր ու գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Սեյրան Արիստակեսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նա խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Կարապետյանին և Վ.Անդրիասյանին խմբի կազմում կաշառք տվողի մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն,
- Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրյալ Ս.Արիստակեսյանի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը և անդրադառնալով միջնորդության մեջ նշված՝ կալանավորման նպատակներին՝ գտել է, որ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է միայն վերջինիս նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու միջոցով:
Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել, որ քրեական վարույթով նախաքննությունը գտնվում է սկզբնական փուլում, պարզված չեն դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործությանն առնչություն ունեցող անձանց ամբողջական շրջանակը, պետք է կատարվեն մի շարք ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ անհատականացվեն և հարցաքննվեն սույն վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկատվության տիրապետող կամ ենթադրյալ հանցանքի կատարմանը մասնակցություն ունեցած անձինք, իսկ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը: Վերոգրյալի առնչությամբ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ Ս.Արիստակեսյանը կարող է իր հետ ընտանեկան, ընկերական կամ այլ բնույթի փոխհարաբերությունների մեջ գտնվող և քրեական վարույթի համար նշանակություն ունեցող տվյալների տիրապետող անձանց նկատմամբ ապօրինի ազդեցություն ունենալ՝ այդ կերպ խոչընդոտելով վարույթի քննությանը։
Վերոգրյալի հետ մեկտեղ Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել Ս.Արիստակեսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի բնույթը, վտանգավորության աստիճանը, հնարավոր պատժի խստությունը,
- Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարան միջնորդություն ներկայացնելու պահին՝ ինչպես օպերատիվ-հետախուզական, այնպես էլ վարույթն իրականացնող նախաքննական մարմնի կողմից իրականացված են եղել բազմաթիվ ապացուցողական գործողություններ, որի պայմաններում Ս.Արիստակեսյանի կողմից ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը խիստ նվազել է։
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ մեղադրյալ Ս.Արիստակեսյանի վարքագծի կամ նրա անձի վերաբերյալ այնպիսի փաստական տվյալ չի ներկայացվել, որը հնարավորություն կտար ողջամտորեն ենթադրելու, որ կալանքից զատ խափանման մյուս միջոցները քրեական վարույթի ընթացքում չեն կարող ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը հագնել է այն հետևության, որ Ս.Արիստակեսյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել քրեադատավարական ներգործության այլ միջոցներով, մասնավորապես՝ տնային կալանք և գրավ խափանման միջոցների համակցված կիրառմամբ։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալ Ս.Արիստակեսյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ:
15.1. Այսպես՝ տվյալ դեպքում պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկվել, որ մեղադրյալ Ս.Արիստակեսյանին մեղսագրվում է բարձր լատենտայնություն ունեցող առանձնապես ծանր կոռուպցիոն բնույթի հանցագործություն՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու օժանդակություն, որպիսի ենթադրյալ հանցանքը ոտնձգում է այնպիսի կարևոր արժեքի դեմ, ինչպիսին է հանրային ծառայության բնականոն գործունեությունը։ Բացի այդ, հաշվի չի առնվել ենթադրյալ հանցանքի կատարմանը մեղադրյալ Ս.Արիստակեսյանի ունեցած դերը: Մասնավորապես, այս առումով հատկապես ուշագրավ է, որ սույն վարույթով իրականացված «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ նշված ենթադրյալ արարքի կատարմանը ներգրավված են եղել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեում որոշակի պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաև «Հուսալի շինարար» և «Ավետիս-Խեցի» ՍՊ ընկերությունների աշխատակիցները, որոնք որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվել մեղադրյալի հետ և հենց վերջինիս միջոցով են կապ հաստատել միմյանց հետ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իրատեսական է համարում բողոքաբերի մտահոգությունն առ այն, որ Ս.Արիստակեսյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է օգտագործել անձանց որոշակի շրջանակի հետ իր ունեցած ընտանեկան, ընկերական կամ այլ բնույթի կապերը և խոչընդոտել վարույթի քննությանը, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին, մասնավորապես՝ ազդեցություն ունենալ ինչպես վարույթին ներգրավված, այնպես էլ դեռևս ինքնությունը չպարզված և չհարցաքննված այլ անձանց վրա, որպիսի հանգամանքը պատշաճ չի գնահատվել Վերաքննիչ դատարանի կողմից։ Այս առումով հարկ է նկատել, որ սույն քրեական վարույթը գտնվել է սկզբնական` ապացույցների հավաքման փուլում, հետևաբար ենթադրյալ դեպքի, դրան նախորդող և հաջորդող մի շարք իրադարձություններին վերաբերող բազմաթիվ հանգամանքներ ենթակա են եղել պարզման միայն վարույթի հետագա քննության ընթացքում, որին Ս.Արիստակեսյանի կողմից խոչընդոտելու վտանգը, նշվածի համատեքստում, ավելի մեծ է եղել։
15.2. Անդրադառնալով բողոքաբերի փաստարկին առ այն, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալը կարող է խոչընդոտել քրեական վարույթին՝ վարույթի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու կամ կեղծելու միջոցով՝ Վճռաբեկ դատարանն այս կապակցությամբ իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ սույն վարույթի նյութերում առկա չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնցով կհաստատվեր մեղադրյալ Ս.Արիստակեսյանի՝ նշված անձանց ծառայողական կամ աշխատանքային գործունեությանը որևէ եղանակով ներգրավվածության և նման փաստաթղթերին հասանելիություն ունենալու հանգամանքը։
15.3. Քննարկելով բողոքաբերի փաստարկն առ այն, որ Վերաքննիչ դատարանի հետևությունները՝ մեղադրյալ Ս.Արիստակեսյանի առողջական խնդիրներ ունենալու մասին, որոնք, ի թիվս այլնի, հիմք են հանդիսացել խափանման միջոցը փոխելու համար, զուրկ են համապատասխան հիմնավորումներից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման ուսումնասիրության արդյունքում ակներև է դառնում, որ մեղադրյալի վատառողջ լինելու հանգամանքը, ի թիվս այլնի, թվարկված է վերջինիս անձը բնութագրող հանգամանքների շարքում։ Ընդ որում, մեղադրյալի առողջական վիճակի և կալանք խափանման միջոցը կրելու հետ դրա անհամատեղելիության վերաբերյալ փաստարկ առկա չէ անգամ պաշտպանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքում։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը, քննություն անցկացնելով բողոքում նշված հիմքերի և այն հաստատող փաստերի սահմաններում, իրավասություն չի ունեցել մանրամասն բովանդակային վերլուծության ենթարկելու մեղադրյալի մոտ առկա առողջական խնդիրների տեսակը, ծանրության աստիճանը և հիմնավորելու դրանց համատեղելիությունը կամ անհամատեղելիությունը կալանք խափանման միջոցը կրելու հետ։
Չնայած վերոգրյալ հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի դիրքորոշմանը և հարկ է համարում կրկին շեշտել, որ Ս.Արիստակեսյանի մոտ ախտորոշված հիվանդություններով պայմանավորված՝ անհրաժեշտության դեպքում վերջինիս բժշկական օգնություն և սպասարկում կարող է ցուցաբերվել ինչպես քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության կողմից, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, մեղադրյալը «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է տեղափոխվել քաղաքացիական բժշկական հաստատություններ։
15.4. Անդրադառնալով բողոքաբերի փաստարկին առ այն, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել նաև Ս.Արիստակեսյանի կողմից ազատության մեջ մնալու դեպքում նոր հանցանք կատարելու բարձր հավանականությունը՝ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանն առ այն, որ Ս.Արիստակեսյանի՝ թիվ ՀԿԴ/0051/01/22 քրեական գործով նույնանման ենթադրյալ հանցավոր արարք կատարելու մեջ մեղադրվելու հանգամանքը բավարար չէ վերջինիս կողմից հանցանք կատարելու հավանականությունը գնահատելու համար։
Ընդ որում, Վերաքննիչ դատարանն իր դիրքորոշումը պայմանավորել է այն հանգամանքով, որ մեղադրյալ Ս.Արիստակեսյանն առարկել է քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։
Նշվածի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում դիրքորոշում է արձանագրել առ այն, որ անձին ազատությունից զրկելու համար նոր արարք կատարելու ռիսկի վրա հիմնվելիս պետք է գնահատման արժանանա նաև այն հանգամանքը, թե արդյոք նախորդ և այժմ քննվող փաստերն ու մեղադրանքներն իրենց բնույթով կամ լրջության աստիճանով համարժեք են միմյանց։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վերը վկայակոչված դիրքորոշումը համադրելով սույն վարույթի փաստական տվյալների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Արիստակեսյանին մեղսագրվող ենթադրյալ հանցանքները նույնասեռ են՝ ոտնձգում են պետական իշխանությանը, որպիսի հանգամանքը պետք է պատշաճ գնահատման արժանանա անձի կողմից հանցանք կատարելու հավանականության վերաբերյալ հետևությունների հանգելիս։
16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների վերը նշված առանձնահատկությունները, վարույթի նյութերից բխող մյուս տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել, որ քրեական վարույթի քննության տվյալ փուլում առկա է եղել մեղադրյալ Ս.Արիստակեսյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու բարձր հավանականության ռիսկ, ինչը ողջամտորեն չէր կարող չեզոքացվել այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքի և գրավի կիրառմամբ։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքի և 15.000.000 տասնհինգ միլիոն ՀՀ դրամի չափով գրավի կիրառմամբ մեղադրյալ Ս.Արիստակեսյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:
Միաժամանակ, անդրադառնալով մեղադրյալի անձը բնութագրող տվյալներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, Ս.Արիստակեսյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը հակակշռող բավարար գործոններ չեն և ի զորու չեն այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։ Սակայն, հաշվի առնելով, որ սույն որոշումը կայացնելու պահին Ս.Արիստակեսյանի և մյուսների վերաբերյալ քրեական վարույթն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան և Ս.Արիստակեսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Թիվ ՀԿԴ/0138/06/24 դատական վարույթով մեղադրյալ Սեյրան Հովհաննեսի Արիստակեսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի` 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
