Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ԵԴ/0272/11/21
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ/0272/11/21
- Դիմող / մեղադրյալ
- Հակոբ Պետրոսյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 21.11.2025
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
6 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 63. Կասկածյալի իրավունքները և պարտականությունները
- Հոդված 70. Պաշտպան հրավիրելը, նշանակելը, փոխարինելը և վարույթին` նրա մասնակցելու այլ հիմքերը
- Հոդված 299. Մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակը
- Հոդված 380.1 . Վերաքննիչ բողոք բերելու հիմքերը
- Հոդված 398. Քրեադատավարական օրենքի էական խախտումը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/0272/11/21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր Գ․Պողոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր Լ․Հովհաննիսյան
2025 թվականի նոյեմբերի 21-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մարտի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ․Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ 58152221 քրեական գործով կասկածյալ Հակոբ Պետրոսյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին և ցանկություն հայտնել, որպեսզի իր շահերը պաշտպանի ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Մ․Մելքոնյանը։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 9-ին որոշմամբ կասկածյալ Հ.Պետրոսյանի միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
2021 թվականի մարտի 16-ին Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Հ.Խաչատրյանը որոշում է կայացրել վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Մ.Մելքոնյանի բողոքը մերժելու մասին։
2. 2021 թվականի ապրիլի 9-ին Մ.Մելքոնյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վարույթն իրականացնող մարմնին և դատավարական հսկողություն իրականացնող դատախազին պարտավորեցնել վերացնել Հ.Պետրոսյանի նկատմամբ թույլ տրված իրավունքների խախտումները:
Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 4-ի որոշմամբ դիմող Մ.Մելքոնյանի բողոքը մերժվել է։
3. 2022 թվականի մարտի 2-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանը, քննարկելով Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմող Մ.Մելքոնյանի բողոքը, մասնակիորեն բավարարել է այն, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 4-ի որոշումը բեկանել է և քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ 2023 թվականի հունվարի 9-ին քրեական գործը վերաբաշխվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։
Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։
5.1. Բողոքաբերն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցին՝ արդյոք վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշմամբ խախտվել է կասկածյալ Հ․Պետրոսյանի իրավունքները և օրինական շահերը, թե՝ ոչ: Մինչդեռ, ըստ բողոքաբերի՝ անձի իրավունքների և օրինական շահերի խախտումն արձանագրելուց հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար այն հարցին՝ արդյոք դրանց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:
5.2. Բողոքի հեղինակը փաստել է, որ վարույթն իրականացնող մարմինը մերժել է ոչ թե պաշտպան ներգրավելու միջնորդությունը և այդպիսով խախտել կասկածյալի պաշտպանության իրավունքը, այլ մերժել է կոնկրետ անձին որպես պաշտպան ներգրավելու միջնորդությունը՝ միաժամանակ այլ պաշտպան ներգրավելով, որից կասկածյալ Հ․Պետրոսյանը հրաժարվել է: Նման պայմաններում, բողոքաբերի պնդմամբ, բացակայում է պաշտպանության իրավունքի խախտման հանգամանքը, քանի որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կասկածյալ Հ․Պետրոսյանի պաշտպանության իրավունքն ապահովելու նպատակով, սակայն վերջինս չի ցանկացել այլ պաշտպան ներգրավելու միջոցով իրացնել այն:
Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ չի պատճառաբանվել, թե Մ․Մելքոնյանին որպես կասկածյալ Հ․Պետրոսյանի պաշտպան ներգրավելու մասին հարցի պարզումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, վերջինիս որ իրավունքների անհամարժեք սահմանափակմանը կարող է հանգեցնել այն պարագայում, երբ կասկածյալ Հ․Պետրոսյանն իր կամքով է հրաժարվել վարույթն իրականացնող մարմնի կողմից առաջարկված այլ պաշտպանից։
6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 2-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 4-ի որոշմանը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7․ Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 9-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) Քննարկելով միջնորդությունը գտնում եմ, որ այն անհիմն է, ենթակա է ամբողջությամբ մերժման հետևյալ պատճառաբանությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ՝ միևնույն քրեական գործով մեկից ավելի կասկածյալները կամ մեղադրյալները կարող են ունենալ մեկ պաշտպան, բացառությամբ պաշտպանյալների շահերի միջև հակասության առկայության, ինչպես նաև այն դեպքերի, երբ վտանգ կա, որ նրանց միջև պաշտպանի շփումները կարող են խոչընդոտել արդարադատության իրականացմանը: Սույն քրեական գործով պետք է փաստել, որ կասկածյալներ Հակոբ Պետրոսյանի և Քրիստինե Տերբալյանի միջև առկա է շահերի հակասություն, ուստի վերջիններիս շահերը միևնույն պաշտպանի կողմից պաշտպանելու հանգամանքը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի օրենսդրական պահանջից։ (...)»:
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 4-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(…) Նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննարկելով Դիմողի բողոքը և փաստելով, որ թիվ 58152221 քրեական գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար, դատարանն արձանագրում է, որ սույն գործով քրեական հետապնդման մարմնի բողոքարկված որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշում չէ, նկատի ունենալով, որ դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, անհնար չէ: Միաժամանակ դատարանը գտնում է, որ նշվածը նաև չի հանգեցնի Հ.Պետրոսյանի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման՝ արձանագրելով, որ նախաքննության ընթացքում նա հրաժարվել է նշանակված հանրային պաշտպանից:
Ինչ վերաբերվում է բողոքի պահանջի հստակեցման վերաբերյալ Դիմողի այն պարզաբանմանը, որ դատարանն իրավունք ունի նույն ատյանի մեկ այլ դատարանին պարտավորեցնել վերացնել անձի իրավունքների խախտումը, ապա դատարանը գտնում է, որ այն անհիմն է և չի բխում քրեադատավարական իրավունքի նորմերից:
Այսպիսով, վերը նշված հիմնավորումներով չանդրադառնալով բողոքի պատճառաբանություններին և իրավական հիմնավորումներին, դատարանը գտնում է, Դիմողի հստակեցված խնդրանքը վերը շարադրված օրենսդրական կարգավորումների և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հիմնավորումներով ենթակա է մերժման: (...)»։
9. Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մարտի 2-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, գտնում է, որ այդ հիմնավորումները չեն բխում դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի չեն Վերաքննիչ դատարանի համար:
Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ վերը նշված քրեադատավարական նորմերից և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներից հետևում է, դիմող Մասիս Մելքոնյանի՝ ինչպես Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքում, այնպես էլ սույն վերաքննիչ բողոքում բարձրացրած հարցը, մասնավորապես՝ Մասիս Մելքոնյանին թիվ 58152221 քրեական գործով Հակոբ Պետրոսյանի շահերի պաշտպան ներգրավելու մասին, հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, քանի որ նշված հարցի պարզումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, կարող է հանգեցնել անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրված այն եզրահանգմանը, որ թիվ 58152221 քրեական գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը որոշումների դատական կարգով բողոքարկման որևէ սահմանափակում չի նախատեսում՝ կապված գործի քննության դատավարական փուլի հետ, այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նախաքննության ավարտված լինելն ինքնին չի կարող խոչընդոտ հանդիսանալ այդ որոշումների դատական բողոքարկման համար (…):
Վերոգրյալ եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, բողոքն ըստ էության չքննելով, թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380.1, 398-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հունվարի 4-ի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության ուղարկելու համար:
Ինչ վերաբերում է դիմող Մասիս Մելքոնյանի վերաքննիչ բողոքի ըստ էության քննությանը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վերոգրյալ եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանը զրկված է վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները ըստ էության քննարկելու հնարավորությունից: (...)»։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Հ.Պետրոսյանի կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա։
11. ՀՀ Սահամանադրության 61-րդ հոդվածի 1-ին համաձայն․ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։
ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1119 որոշմամբ նշել է, որ Սահմանադրությունը յուրաքանչյուրին տալիս է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, որին ուղղակիորեն համապատասխանում է պետության պարտականությունն ինչպես օրենսդրական մակարդակում ամրագրել, այնպես էլ իրավակիրառական պրակտիկայում ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների առկայությունը: Այսինքն` օրենսդրական մակարդակում չպետք է սահմանվեն այնպիսի իրավական կառուցակարգեր, որոնք առաջին հայացքից հանդես են գալիս որպես երաշխիքներ տվյալ իրավական կառուցակարգի իրացման համար, սակայն կարգավորումների մանրամասներում փաստացիորեն իմաստազրկում են կամ սահմանափակում այդ իրավական կառուցակարգերը:
11.1. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ «3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
(…)
գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը»։
Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) նշել է, որ քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի՝ փաստաբանի միջոցով արդյունավետորեն պաշտպանվելու իրավունքն արդար դատաքննության հիմնարար հատկանիշներից է։ Իրավաբանական օգնության հասանելիությունը կասկածյալին, որպես կանոն, պետք է երաշխավորել այն պահից, երբ նրան առաջադրվել է «քրեական մեղադրանք»՝ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված ինքնուրույն իմաստով։
Բացի այդ, Եվրոպական դատարանը, հիմնվելով իր նախկին նախադեպային պրակտիկայի վրա, նշել է, որ փաստաբանի հասանելիության իրավունքի միջոցով հետապնդվող նպատակը՝ արդարադատության սխալի կանխարգելումն է և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակների իրագործումը, մասնավորապես՝ «զենքերի հավասարությունը» քննություն իրականացնող կամ քրեական հետապնդման մարմինների և մեղադրյալի միջև, այդ թվում՝ արգելանքի տակ պահվող կասկածյալների խոցելիության հակակշռումը, ոստիկանության կողմից կասկածյալների նկատմամբ հարկադրանքի կիրառման և անթույլատրելի վերաբերմունքի դրսևորման դեմ հիմնարար երաշխիքը, սեփական անձի դեմ ցուցմունք չտալու և լռություն պահպանելու մեղադրյալի իրավունքի նկատմամբ հարգանքի ապահովումը։
12. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 19-րդ հոդվածի համաձայն. «1.Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք:
2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը:
(…)
4. Կասկածյալը և մեղադրյալն իրավունք ունեն մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի և օրինական ներկայացուցչի միջոցով: (…)»։
Նույն օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու պաշտպանության իր իրավունքը:
(...)
4) ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն. (...)»
12.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ կասկածյալի պաշտպանության իրավունքն է։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այն քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է, որը նաև Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք է: Կասկածյալի պաշտպանության իրավունքը՝ նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը հնարավորություն է տալիս հանդես գալու որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքելու իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը: Պաշտպանության իրավունքն անձի համար գործուն «զենք» է` դիմակայելու իշխանական լիազորություններով օժտված պետական մարմինների գործողություններին: Այս առումով պաշտպանության իրավունքը քրեական դատավարության խնդիրների, մասնավորապես՝ հանցավոր արարքի հետ կապված պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից անձի պաշտպանության, ինչպես նաև անօրինական կամ առանց անհրաժեշտության դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման չենթարկվելու իրացման միջոցներից է:
Պաշտպանության իրավունքը, որպես կասկածյալին վերապահված իրավունքների համակցություն, վերջինիս հնարավորություն է տալիս իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնել ինչպես անձամբ, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նշանակված պաշտպանի միջոցով։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով կասկածյալի պաշտպանության իրավունքի իրականացման փաստացի հնարավորության ապահովման պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը:
Եթե կասկածյալը չունի պաշտպան և վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացնում որևէ փաստաբանի, ապա այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը ՀՀ փաստաբանների պալատից պահանջում է որևէ փաստաբանի նշանակել պաշտպան. պաշտպանի ընտրության և նշանակման իրավասություն քննիչը չունի: ՀՀ փաստաբանների պալատի նշանակումից հետո պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է պաշտպան նշանակելու վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի որոշումը: ՀՀ քրեադատավարական օրենքում նման պահանջի և ընթացակարգի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել կասկածյալի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը՝ դրանով իսկ նպաստելով քրեական գործի արդարացի քննությանն ու լուծմանը, ինչպես նաև բացառել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր նախաձեռնությամբ որևէ մեկին որպես պաշտպան երաշխավորելը:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում։
(…)
5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: (…)»։
13․1. Անդրադառնալով դատարանների կողմից իրենց լիազորությունների իրականացմամբ անձի դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է դատական պաշտպանության առանձնահատուկ դերը, որի բաղադրիչն է նաև դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման իրավունքը։ Դատական պաշտպանության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա։
13․2. Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկայի շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանը մշակել է հետևյալ սկզբունքը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:
Հարկ է նշել, որ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրն իրացրել է Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում արտահայտված վերոնշյալ իրավական դիրքորոշումը։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- նախաքննության մարմինը, 2021 թվականի մարտի 9-ի որոշմամբ քննարկելով կասկածյալ Հ.Պետրոսյանի միջնորդությունը՝ փաստաբան Մ․Մելքոնյանին որպես իր պաշտպան ներգրավելու վերաբերյալ, այն ամբողջությամբ մերժել է՝ պատճառաբանելով, որ քրեական գործով կասկածյալներ Հ.Պետրոսյանի և Ք.Տերբալյանի միջև առկա է շահերի հակասություն, ուստի վերջիններիս շահերը միևնույն պաշտպանի կողմից պաշտպանելու հանգամանքը չի բխի քրեադատավարական օրենքի պահանջներից,
- Առաջին ատյանի դատարանը, դիմող Մ․Մելքոնյանի բողոքը մերժել է՝ արձանագրելով, որ թիվ 58152221 քրեական գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար և գտել է, որ բողոքարկված որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշում չէ, նկատի ունենալով, որ դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, անհնար չէ: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ նշվածը նաև չի հանգեցնի Հ.Պետրոսյանի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման՝ արձանագրելով, որ նախաքննության ընթացքում նա հրաժարվել է նշանակված հանրային պաշտպանից,
- Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ փաստաբան Մ․Մելքոնյանի՝ թիվ 58152221 քրեական գործով կասկածյալ Հ․Պետրոսյանի շահերի պաշտպան ներգրավելու հարցը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, բեկանել է Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը՝ գործն ուղարկելով նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Հ.Պետրոսյանի կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, հիմնավոր է։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, ելնելով պաշտպանության իրավունքի հիմնարար նշանակությունից և դրա՝ արդար դատաքննության իրավունքի կարևորագույն երաշխիքը հանդիսանալու հանգամանքից, գտնում է, որ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքի սահմանափակումը ենթակա է դատական բողոքարկման, քանի որ դրա վիճարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատաքննության ընթացքում, ողջամտորեն կարող է հանգեցնել անձի պաշտպանության իրավունքի անհամարժեք սահմանափակման՝ բողոքարկողին զրկելով իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից։ Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի հետևությունն առ այն, որ պաշտպան ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշում չէ և դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, չի հանգեցնի Հ.Պետրոսյանի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, անհիմն է։
Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում նշված այն փաստարկին, որ սույն դեպքում անձի պաշտպանության իրավունքի խախտում տեղի չի ունեցել, ապա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատական բողոքարկման ենթակա է իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքի սահմանափակումը, հետևաբար, անձի պաշտպանության իրավունքի խախտման փաստը կարող էր քննարկման առարկա դառնալ միայն Առաջին ատյանի դատարանի կողմից բողոքի ըստ էության քննության շրջանակներում։
16․ Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ թիվ 58152221 քրեական գործն ըստ էության քննության համար ուղարկվել է դատարան՝ Վճռաբեկ դատարանը վերստին արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը հետաքննության և նախաքննության մարմինների որոշումների և գործողությունների դատական կարգով բողոքարկման որևէ սահմանափակում չի նախատեսել` կապված գործի քննության դատավարական փուլի հետ։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, նախաքննության ավարտված լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` ՀՀ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների դատական բողոքարկման համար։ Ուստի, ըստ էության քննության առնելով բերված բողոքը՝ Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ստուգել բողոքարկված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը և պարզել արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, թե ոչ։
17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 2-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 2-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
