Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0196/01/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0196/01/24
Դիմող / մեղադրյալ
Արգիշտի Հովհաննիսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
16.12.2025

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0196/01/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր` Վ․Ստեփանյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր` Ժ․Մելիքսեթյան 2025 թվականի դեկտեմբերի 16-ին քաղաք Երևանում ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), Նախագահությամբ՝ Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0196/01/24 քրեական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հունվարի 30-ի որոշման դեմ մեղադրյալ Արգիշտի Արամի Հովհաննիսյանի պաշտպան Հ․Ալումյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) նախնական դատալսումների ընթացքում 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 (երեք) ամսով՝ նույն ժամկետով սահմանափակվելով նրա՝ այլ անձանց հետ (բացառությամբ մերձավոր ազգականների) հաղորդակցության իրավունքը։ 2. Վերոհիշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա․Հովհաննիսյանի պաշտպան Հ․Ալումյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հունվարի 30-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ։ 3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա․Հովհաննիսյանի պաշտպան Հ․Ալումյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի մարտի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 5-րդ մասը, 119-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը։ 4․1․ Բողոքաբերը մասնավորապես նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ա․Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 28-ը, ինչը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի տրամաբանությանը՝ փաստարկելով, որ նշված տրամաբանությամբ առաջնորդվելու պայմաններում Առաջին ատյանի դատարանը կարող էր հիշյալ որոշումը կայացնելուց հետո նույն նիստում քննարկել նաև 2025 թվականի ապրիլի 28-ից մինչև 2025 թվականի հուլիսի 28-ը, 2025 թվականի հուլիսի 28-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 25-ը մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու հարցը, որպեսզի հետագայում այլևս այդ հարցին անդրադառնալու կարիք չլինի։ 4․2․ Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը բացառապես հիմնված է Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման վրա, մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից նախկինում քննության առարկա է հանդիսացել այն հանգամանքը, թե 2024 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ արդյոք առկա են եղել խափանման միջոց կիրառելու հիմքերը և արդյոք տնային կալանքի ու գրավի համակցված կիրառումը տվյալ դեպքում բավարար է եղել այդ հավանականությունը զսպելու համար։ 4․3․ Միաժամանակ բողոքաբերը փաստել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 14-ից՝ քրեական գործի վարույթը ստանձնելուց մինչև դեկտեմբերի 19-ը, երբ կայացվել է Առաջին ատյանի դատարանի որոշումը, քրեական գործով տեղի է ունեցել նախնական դատալսումների 2 (երկու) նիստ, որոնց ընդհանուր տևողությունը կազմել է մոտ 5 ժամ։ Ավելին, հաջորդ դատական նիստն Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակվել է 2025 թվականի հունվարի 30-ին այն պատճառաբանությամբ, որ դատավորը գտնվելու է հերթական արձակուրդում։ Բողոքաբերի պնդմամբ՝ անհրաժեշտ ջանասիրության ինստիտուտը Վերաքննիչ դատարանի կողմից նույնացվել է ողջամիտ ժամկետում գործի քննության ինստիտուտի հետ՝ միաժամանակ լիովին անտեսելով սույն գործի քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանի կողմից դրսևորած՝ անհրաժեշտ ջանասիրության բացակայությունը հիմնավորող փաստերը և այդ փաստերի իրավական գնահատականը։ 5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հունվարի 30-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 6․ Մեղադրյալ Ա․Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու հարցը Առաջին ատյանի դատարանը քննարկել է 2024 թվականի դեկտեմբերի 19-ի դատական նիստի ընթացքում՝ պատճառաբանելով, որ հունվար ամսին նախագահող դատավորը գտնվելու է ամենամյա արձակուրդում, խափանման միջոցի ժամկետը լրանում է 2025 թվականի հունվարի 28-ին, իսկ մինչև այդ դատարանը ծանրաբեռնված է այլ դատական նիստերով։ 7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն․ «(...) 3.4 Անդրադառնալով խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության իրավաչափութ[յ]ան հարցին և գնահատման ենթարկելով սույն դատական գործի նյութերը՝ Դատարանն արձանագրում է, որ խափանման միջոցի կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ և չեն կարող նույնացվել արդեն իսկ կատարված արարքի հետ, սակայն միևնույն ժամանակ պայ[մ]անավորված անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթով և կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքներն ապահովելու անհրաժեշտությամբ՝ մեղադրյալի կողմից կանխատեսվող գործողությունների կատարման հավանականության հիմքում պետք է դրվեն գործի նյութերից բխող այնպիսի որոշակի հանգամանքներ, որոնք կարող են օբյեկտիվ դիտորդի մոտ առաջացնել դրանց ռեալ կատարման հավանականության մասին ողջամիտ ենթադրություններ և որոնք չեն կարող չեզոքացվել մեղադրյալի նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված այլ խափանման միջոցի կիրառմամբ։ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 02-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը՝ «(...)Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ընդունելի չի կարող համարվել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառելիության՝ տվյալ դեպքում թույլատրելի լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումը։ Մասնավորապես, այդ առումով Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում նկատել, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ քննության սույն փուլում դեռևս առկա է և չի վերացել մեղադրյալ Արգիշտի Հովհաննիսյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ որպես հիմնավորում նշելով, ի թիվս այլնի, հետևյալը․ «(․․․) Դատարանն արձանագրում է, որ Արգիշտի Հովհաննիսյանը ենթադրյալ հանցանքները կատարելիս զբաղեցրել է «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը, և իրեն վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքները ենթադրաբար կատարել է իր պաշտոնեական լիազորությունները և դրանցից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով: Դատարանը փաստում է, որ ըստ մեղադրական եզրակացության՝ քրեական գործով դատավարական տարբեր կարգավիճակներ ունեն մեղադրյալ Արգիշտի Հովհաննիսյանի ենթակայության ներքո գտնվող կամ վերջինիս հետ տարբեր բնույթի փոխհարաբերություններ ունեցող անձինք, ինչը, Դատարանի գնահատմամբ, բարձրացնում է հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալը, օգտագործելով նշված անձանց հետ իր անձնական և գործընկերային կապերը, կարող է համոզելու, խնդրելու կամ այլ եղանակով իր օգտին ցուցմունքներ կորզելու միջոցով ապօրինի միջամտել դատաքննության փուլում ապացուցման գործընթացին (․․․)»: Սակայն դրան զուգահեռ հիմք ընդունելով ենթադրյալ հանցանքների կատարմանը մեղադրյալի դերակատարությունը և մասնակցության աստիճանը, մասնավորապես՝ այն, որ մեղադրյալ Արգիշտի Հովհաննիսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների դրվագներից երկուսով վերջինս ենթադրաբար օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Ռազմիկ Թադևոսյանի կողմից կաշառք ստանալու ենթադրյալ դեպքերին, բացի այդ, հաշվի առնելով գործով նախաքննությունը ավարտված լինելու և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված լինելու հանգամանքը, ինչպես նաև մեղադրյալի անձը բնութագրող տվյալները՝ արդյունքում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ դատավարության սույն փուլում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման ռիսկը հնարավոր է չեզոքացնել այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի և գրավի համակցված կիրառմամբ (տե՛ս սույն որոշման 3․2․-րդ կետը, նաև նյութերը)։ Քրեական վարույթին մեղադրյալի խոչընդոտելու հավանականության հենքում Առաջին ատյանի դատարանի կողմից դրված պատճառաբանությունները գնահատման ենթարկելով նույն դատարանի մատնանշած այն հանգամանքների համատեքստում, որոնք ըստ վերջինի՝ տվյալ դեպքում թույլատրելի են դարձնում այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ անհիմն է այն դիտարկումը, որ այդպիսի հանգամանքները կարող են գնահատվել՝ որպես մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման բարձր ռիսկը հակակշռող այնպիսի գործոններ, որոնք վարույթի սույն՝ նախնական դատալսումների փուլում կարող են թույլ տալ՝ եզրահանգում անելու առ այն, որ տնային կալանքի և գրավի համակցված կիրառմամբ տվյալ դեպքում հնարավոր է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանի մատնանշած համապատասխան հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ քրեական վարույթին մեղադրյալի խոչընդոտելու հավանականության հենքում դրված համապատասխան գործոնների պայմաններում չեն կարող առնվազն վարույթի սույն փուլում բավարար համարվել՝ վարույթի պատշաճ քննության ապահովման տեսանկյունից հանրային շահի և մեղադրյալի անձնական ազատության միջև արդարացի հավասարակշռությունը հաստատելու համար: Վերոգրյալ եզրահանգումն անելիս Վերաքննիչ դատարանը Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համատեքստում հաշվի է առնում ինչպես մեղադրյալին մեղսագրվող կոռուպցիոն հանցանքների բնույթն (իրենցից բարձր լատենտայնություն են ներկայացնում) ու հանրային վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ մեղադրյալին մեղսագրված համապատասխան արարքների փաստական նկարագիրը, մասնավորապես՝ դրանց պարբերական բնույթ կրելը, դրսևորման եղանակը և հանգամանքները (այդ առումով տե՛ս Սամվել Մարգարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 գործով որոշումը), մեղադրյալին մեղսագրվող ծանր հանցանքների առերևույթ կատարման համար սպառնացող հնարավոր պատժի խստությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի և 272-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիաները նախատեսում են բացառապես ազատազրկման ձևով պատիժ՝ համապատասխանաբար՝ 4-ից 10 և 3-ից 6 տարի ժամկետով, այդ առումով տե՛ս նաև Վահագն Պողոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/01/12 գործով որոշումը), այնպես էլ հենց նաև Առաջին ատյանի դատարանի մատնանշած՝ մեղադրյալի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնը, մասնավորապես՝ այն, որ վերջինս զբաղեցրել է Աշտարակ բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը, իսկ քրեական գործով դատաքննության ընթացքում դեռևս պետք է հարցաքննվեն մեղադրյալ Ա․ Հովհաննիսյանի հետ որոշակի փոխհարաբերությունների մեջ գտնվող, այդ թվում՝ վերջինիս ենթակայության ներքո նախկինում աշխատած, տարբեր դատավարական կարգավիճակներ ունեցող անձինք։ Բացի այդ, տվյալ դեպքում այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը ոչ թույլատրելի լինելու վերաբերյալ գնահատական տալիս Վերաքննիչ դատարանը չի կարող հաշվի չառնել մեղադրյալի՝ նախկինում արդեն իսկ դրսևորած վարքագծի վերաբերյալ առկա որոշակի տվյալները, մասնավորապես՝ նրա և Մանուկ Քեշիշյանի միջև առերևույթ որոշակի պայմանավորվածությունների մասին տեղի ունեցած համապատասխան խոսակցությունները, որոնք արձանագրվել են ՕՀՄ-ի արդյունքներով և մատնանշվել դատախազի կողմից։ Ինչպես հետևում է նաև մեղադրական եզրակացությունից, մեղադրյալի և Մանուկ Քեշիշյանի միջև ծավալվել են, ի թիվս այլնի, հետևյալ խոսակցությունները․ «Մանուկ Քեշիշյան-Ես իրան տղավարի սիտուացիան բացատրի, ասի լսի ես տղավարի ոչ մի հատ տենց բան չեմ անի, հանկարծ իմ մեղավորությամբ մեկը տուժի, զուտ մարդկային, որ խոսկի դավերյոննի, երկու միլիոն մարդա գալի ոչ մեկ դժգոհ չեն, ամեն ինչ խոսկի տոշնի եմ անում, ասմա գրել են, ասմ եմ ախպեր ջան ովա գեր?, թո բերեն ասեն, ինձ թո տանեն հակակոռուպցիոն, եթե տենց մոմենտ կա, ես հասկանում եմ դրանք օդում, ես հո անգրագետ չեմ, այ դոկտր ջան, օդում ինչ որ դրվագներ են ասում, ինչ որ պատճառներ չկա էտ պատճառները, ես հեսա մարդ կա կտենամ, ավելի վատ իրանց կլնի, կլնի որ իրանք կարողա ազատվեն, ես մնամ աշխատեմ, իրանց նագլիության համար, որտև չի ըլնի որ ես... Արգիշտի Հովհաննիսյան-Արա հանգստացի, մի հատ ես հասկանամ ինչա Մանուկ Քեշիշյան-Չեն կարա ինձ հասարակության մեջ մի մարդ կայնին ասի բ...ություն ես արե, այ իրանց արածնա, որ վեկալել են ու ինձ հմի վռնդում են Արգիշտի Հովհաննիսյան-Հլը համբերի, իրա վերջի խոսկն ինչ էր? Մանուկ Քեշիշյան-Բա լավ գնա հլը հասկանամ, տենամ ինչա, ասի եթե բան պտի արվի ուրեմն պահակությանը... Արգիշտի Հովհաննիսյան-Տենց ասիր? Մանուկ Քեշիշյան-Հա, բա հլը լավ տենանք բան կա բան ցույց տալու Արգիշտի Հովհաննիսյան-Իմ թեմայով խոսակցություն գնաց? Մանուկ Քեշիշյան-Բա դու Հովհաննիսյանի բան տվել ես? Ասի ոչ, երբևիցե, դաժե մարդիկ իրանց ծանոթների համար չեն զանգում Արգիշտի Հովհաննիսյան-Տո ես քո երեսը երբ եմ տենում? Մանուկ Քեշիշյան-Ես վապշե սկի իմ երեխեքի երեսը չեմ տենում, ուր մնաց մեկի երեսը տենամ, Արգիշտի Հովհաննիսյան-Հանգիստ գնա, կքցեմ տեղը, ես արդեն իրավաբան եմ ասե Մանուկ Քեշիշյան-Կթողես ես իրա հետ ինչ որ բան պայմանավորվեմ, մի բան տարվա գլխին շպռտեմ դեմքին ձենները կտրեն, եթե էտա կռիվը, Հա? Արգիշտի Հովհաննիսյան-Հա, բայց էտի որ պայմանավորվում ես ասա Հովհաննիսյանը չիմանա, Մանուկ Քեշիշյան-Դոկտր ես 10 պարանի չեմ ուզում խաղամ Արգիշտի Հովհաննիսյան-Մանուկ, առանց իմ իրազեկման բան չես անում»: Այսպիսով, տվյալ դեպքում վարույթի սույն փուլում քրեական գործի քննությանը մեղադրյալի խոչընդոտելու հավանականության աստիճանի, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները ոչ իրավաչափ լինելու մասին դատողություն անելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև ինչպես այդ առումով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները (տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը, կետ 16 և Ալեքսեյ Գոմցյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ ՀԿԴ/0015/01/22 որոշումը, կետեր 14 և 15), ի թիվս այլնի, այն մասին, որ մինչդատական վարույթի ավարտված լինելը, ինչպես նաև մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի կալանքի տակ գտնվելու տևողությունն ինքնին չեն կարող առանցքային նշանակություն ունենալ գործի դատական քննության փուլում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը գնահատելու հարցում, գործի դատական քննության փուլում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը գնահատելիս, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնել դատաքննության ընթացքում կատարվելիք դատական գործողությունների ողջամտորեն սպասվելիք ծավալները և բնույթը, ինչպես նաև դրանց օբյեկտիվության վրա մեղադրյալի կողմից ազդեցություն գործելու հնարավորությունը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն այն մասին, որ անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս առանձնահատուկ դերակատարում ունի, ի թիվս այլնի, նրա` հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները խոչընդոտելու վարույթի բնականոն ընթացքին (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Khodorkovskiy v. Russia գործով 2011 թվականի մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 5829/04, կետեր 188-189, Amirov v. Russia գործով 2014 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 51857/13, կետեր 103-107: Հաշվի առնելով վերոնշյալը, նկատի ունենալով նաև այն, որ մեղադրյալի անձը բնութագրող համապատասխան տվյալներն իրենց բնույթով այնպիսին են, որ տվյալ դեպքում չեն կարող դիտարկվել որպես նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը հակակշռող բավարար գործոններ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործին մեղադրյալի խոչընդոտելու հավանականության աստիճանը Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չի ենթարկվել, իսկ արդյունքում արվել է սխալ եզրահանգում՝ մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառելիության վերաբերյալ։ Հիմք ընդունելով վերը շարադրված հիմնավորումները՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերոգրյալ պատճառաբանությունները հիմնված են ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա, հետևաբար, բավարար հիմք են՝ արձանագրելու առ այն, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որը ազդել է վարույթի ելքի վրա։ Հիշյալի պայմաններում Վերաքննիչ դատարանն արդեն առարկայազուրկ է համարում բողոքաբերի մյուս փաստարկներին անդրադառնալը։ 5.4. Ելնելով վերոգրյալից՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Արգիշտի Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը փոփոխելու և դրա փոխարեն որպես այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանք և գրավ կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունն իրավաչափ չէ։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը պետք է երկարաձգել 3 (երեք) ամիս ժամկետով։ Միևնույն ժամանակ, թեև քրեական գործին մեղադրյալի խոչընդոտելու վտանգի վերաբերյալ վերը մատնանշված դատողությունների համատեքստում հիմնավորվում է մեղադրյալի հաղորդակցման իրավունքի՝ կալանավորման երկարաձգման ժամկետով սահմանափակման անհրաժեշտությունը, սակայն այն պայմաններում, երբ դատախազի կողմից չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ մեղադրյալի՝ նաև իր մերձավոր ազգականների հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակման անհրաժեշտության վերաբերյալ, վարույթի նյութերում առկա չեն որոշակի տվյալներ մեղադրյալի մերձավոր ազգականների՝ նրան մեղսագրվող արարքներին առնչություն ունենալու կամ նրանց կողմից վարույթին միջամտելու մասին՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ մեղադրյալի՝ նաև իր մերձավոր ազգականների հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը։ 5․5․ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազ Կ․Սուքիասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը պետք է մասնակիորեն բավարարել, իսկ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը պետք է ամբողջությամբ բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ (...)»։ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, քննելով թիվ ՀԿԴ/0196/01/24 քրեական գործով մեղադրյալ Արգիշտի Հովհաննիսյանի նկատմամբ դատաքննության փուլում կիրառման ենթակա պիտանի խափանման միջոցը, գտել է, որ վերջինիս պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել բացառապես կալանքի կիրառման պայմաններում։ Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գտել է, որ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքների տիրապետող անձանց, այդ թվում՝ մեղադրյալ Արգիշտի Հովհաննիսյանի անմիջական ենթակայության ներքո գտնվող՝ դատավարական տարբեր կարգավիճակ ունեցող անձանց, հարցաքննված չլինելու պայմաններում բարձր է հավանականությունը, որ Արգիշտի Հովհաննիսյանը կարող է վերջիններիս վրա ապօրինի ազդեցություն գործադրել։ Վերաքննիչ դատարանը հատկապես շեշտադրել է հանրային մեղադրողի հատուկ վերանայման բողոքում վկայակոչված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ստացված փաստական տվյալները։ Վերոգրյալի համատեքստում Դատարանը փաստում է, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ Արգիշտի Հովհաննիսյանի նկատմամբ կիրառման ենթակա պիտանի խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց ի վեր խափանման միջոցի իրավաչափության պայմանների փոփոխություն տեղի չի ունեցել։ Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ որպես քննության սույն փուլում մեղադրյալ Արգիշտի Հովհաննիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքում դրված հանգամանքներից որևէ մեկը չի վերացել կամ նվազել։ Միևնույն ժամանակ դատական նիստի ընթացքում չեն վկայակոչվել այլ այնպիսի հանգամանքներ, որոնց համակցությամբ Դատարանը կարող էր իրավաչափորեն հանգել այլ հետևության։ Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի հայտարարությանն առ այն, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ մեղադրյալ Արգիշտի Հովհաննիսյանի նկատմամբ գրավի այլ՝ առավել մեծ, չափ սահմանելու արգելք նախատեսված չէ, Դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ հակակառուպցիոն դատարանը, ըստ էության, ուղակիորեն արձանագրել է, որ քննության սույն փուլում մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կի[ր]առմամբ նրա պատշաճ վարքագիծն ապահովել հնարավոր չէ։ Բացի այդ, Դատարանը փաստում է, որ մեղադրյալի նկատմամբ արդեն իսկ կիրառված էր մեծ չափի գրավ՝ 30.000.000 ՀՀ դրամի չափով։ Ընդ որում, ի կատարումն Դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման՝ որպես գրավի առարկա է ներկայացվել ****** **************** սեփականության իրավունքով պատկանող՝ ******* մարզ ******* քաղաք ******* փողոց **** և **** հասեցեներում գտնվող անշարժ գույքերը։ Այսինքն՝ Դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ մեղադրյալ Արգիշտի Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված գրավի գումարը վերջինս սեփական միջոցներով ի վիճակի չի եղել վճարել, ինչպիսի պայմաններում, Դատարանի գնահատմամբ, վերջինիս նկատմամբ գրավի առավել մեծ չափ սահմանելն իրավաչափ չէ։ Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 02-ի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արգիշտի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը ենթակա է երկարաձգման երեք ամիս ժամկետով՝ նույն պայմաններով, ինչ իր որոշմամբ սահմանել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (...)»։ 8․ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն․ «(...) [Ա]նդրադառնալով Բողոքաբերի կողմից բարձրացված այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի երկարաձգման հարցի քննարկումն իրականացրել է խափանման միջոցի ժամկետի լրանալուց շուրջ մեկ ամիս ինն օր առաջ, այսինքն՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ լուծվել է Արգիշտի Հովհաննիսյանին 2025 թվականի հունվարի 28-ից մինչև 2025 թվականի ապրիլի 28-ը կալանքի տակ պահելու հարցը, ինչը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի իմաստին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը. Ինչպես երևում է վկայակոչված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի իրավադրույթից՝ դատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երեք ամսից ոչ ավելի ժամկետով, սակայն միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն ուշադրության է հրավիրում այն հանգամանքի վրա, որ որևէ օրենսդրական կարգավորում չկա, թե դատական վարույթի ժամանակ Առաջին ատյանի դատարանը երբ պետք է քննարկի մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի երկարաձգման հարցը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Դատարանի կողմից դատալսումները հետաձգվում են ողջամիտ ժամկետով՝ հաշվի առնելով վարույթը շարունակելուն խոչընդոտող հանգամանքների առանձնահատկությունը և դրանց վերացման համար ձեռնարկվող միջոցների բնույթը: Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 19-ի դատական նիստում պատճառաբանել է, թե ինչու մեկ ամսից ավել ժամանակում չի կարող գումարել նիստ և մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ քննարկման առարկա դարձնել այդ հարցը: Մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով նախագահող դատավորի՝ հունվար ամսին ամենամյա արձակուրդում գտնվելու, մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետի՝ 2025 թվականի հունվարի 28-ին լրանալու, ինչպես նաև Դատարանի՝ այլ կալանավորական նիստերով ծանրաբեռնված լինելու հանգամանքները, մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի երկարաձգման հարցը քննարկել է 2024 թվականի դեկտեմբերի 19-ի դատական նիստի ընթացքում՝ հաջորդ դատական նիստը հետաձգելով 2025 թվականի հունվարի 30-ին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերի որևէ խախտում, ինչը կարող էր հանգեցնել դատական սխալի: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոշարադրյալ իրողությունը պաշտպանության կողմին որևէ կերպ չի զրկում և վերջինիս չի սահմանափակում հետագայում փաստական հանգամանքների փոփոխության կամ նոր ի հայտ եկած փաստարկների պարագայում մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության կամ վերացման վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալուց: Ինչ վերաբերում է քրեական գործի՝ ողջամիտ ժամկետում քննության սկզբունքի հնարավոր խախտման, այդ թվում՝ դատական նիստերի, ըստ Բողոքաբերի, անհարկի ձգձգումների վերաբերյալ փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ հատուկ վերանայման կարգով բողոքի քննության ժամանակ Վերաքննիչ դատարանը իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու և գնահատական տալու այդպիսի հարցերին։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ողջամիտ ժամկետում քննության սկզբունքի հնարավոր խախտման վերաբերյալ հարցերը դուրս են գտնվում Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման սահմաններից։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքը, հարկ է համարում ընդգծել, որ ողջամիտ ժամկետների պահպանման տեսանկյունից հատուկ ջանասիրության պետք է արժանանան այն գործերը, որոնցով անձինք գտնվում են կալանքի տակ (հատուկ ուշադրության են արժանի ավելի երկար ժամանակահատված կալանքի տակ գտնվող անձանց վերաբերյալ գործերը) (տե՛ս Լ․Վարդանյանի և Զ․Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 գործով որոշման 20-րդ կետը): Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելիս Առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը սահմանափակելուց և Առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա բացասական ազդեցություն գործադրելուց զերծ մնալու համար Վերաքննիչ դատարանը պետք է ունենա Բողոքաբերի կողմից մատնանշված այնպիսի ծանրակշիռ փաստական հանգամանքներ, որոնք թույլ կտան գալ հիմնավոր հետևության, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել էական սխալ, մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ընտրությունն ակնհայտորեն չի համապատասխանել այդ հարցը լուծելիս գնահատման ենթակա հանգամանքներից բխող ողջամիտ ենթադրություններին, կամ այլ կերպ խախտվել են մեղադրյալի օրինական շահերն ու իրավունքները։ Մինչդեռ, Բողոքաբերի կողմից չի ներկայացվել այնպիսի ծանրակշիռ փաստական հիմնավորում, որը թույլ կտար բավարարելու նրա կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը: Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ ինչպես ներկայացված հատուկ վերանայման բողոքում, այնպես էլ ստացված նյութերում բացակայում են Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար անհրաժեշտ փաստական հանգամանքներ, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել այնպիսի դատական սխալ, որը կարող է հանգեցնել բողոքարկված դատական ակտի բեկանման, ուստի, մեղադրյալ Արգիշտի Հովհաննիսյանի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից ներկայացրած հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնել անփոփոխ։ (...)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 9. Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, բողոքարկված դատական ակտը հատուկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է։ Այդ շրջանակներում մեղադրյալի կիրառված խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցը դրա ժամկետը լրանալուց տևական ժամանակ առաջ քննարկելու իրավաչափության կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար: 10․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևություններն այն պայմաններում, երբ մեղադրյալ Ա․Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը Առաջին ատյանի դատարանը քննության է առել դրա ժամկետը լրանալուց 1 (մեկ) ամիս 9 (ինը) օր առաջ։ 11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ «1.Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով` (...) 3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով. (...) 5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. (…) բ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կա-տարումն ապահովելու նպատակով, գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար(…) »: 11․1․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) արձանագրել է, որ դատական իշխանություններին վերապահված է պարտականություն ձեռնարկելու անհրաժեշտ վարչական միջոցառումներ՝ անգամ արձակուրդային ժամանակահատվածում, ապահովելու համար, որ հրատապ հարցերը լուծվեն արագ, և սա հատկապես անհրաժեշտ է այն դեպքում, երբ առկա է անհատի անձնական ազատության սահմանափակման հարց, ուստի ո՛չ գերծանրաբեռնվածությունը, ո՛չ արձակուրդների շրջանը չեն կարող հիմնավորել դատական մարմինների անգործության որոշակի ժամանակահատվածը։ Եվրոպական դատարանը գտել է նաև, որ երբ անձին կալանքի տակ պահելու հիմքերը շարունակում են հիմնավորել ազատությունից զրկելը, պետք է պարզել, թե արդյոք ներպետական իրավասու մարմինները վարույթն իրականացրել են «հատուկ ջանասիրությամբ», և որ իշխանությունները պետք է համոզիչ կերպով ներկայացնեն կալանավորման ցանկացած ժամկետի երկարաձգման հիմնավորումները։ 12․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վարույթի իրականացումը հանրային գործունեություն է, որի ընթացքում և արդյունքում ապահովվում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը: (...) 4. Վարույթի հանրայնությունն ապահովելիս անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին (...)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով (...) 3. Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրենց իրավասության սահմաններում պարտավոր են անհապաղ ազատ արձակել ազատությունից ապօրինի կամ անհիմն զրկված յուրաքանչյուր անձի: 4. Անձին կալանավորելը, կալանքի ժամկետը երկարաձգելը, բժշկական հաստատությունում հարկադրաբար տեղավորելը թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով(...)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ազատությունից զրկելն է` օրենքով և դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով: (․ ․ ․) 5. Կալանքի ժամկետը երկարաձգելիս դատարանի առջև անհրաժեշտ է հիմնավորել նաև վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրությունը (due diligence), ինչպես նաև տվյալ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու անհրաժեշտությունը (...)»։ 12.1․ ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ նաև՝ Սահմանադրական դատարան) 2025 թվականի հուլիսի 30-ի թիվ ՍԴՈ-1792 որոշմամբ, վերահաստատելով 2024 թվականի մարտի 5-ի թիվ ՍԴԱՈ-40 աշխատակարգային որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, արձանագրել է, որ դատարանների կողմից՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի երկարաձգման հարցը դատական վարույթում քննության առնելը և լուծելը մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 1 կամ 2 ամիս առաջ՝ քրեադատավարական օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրությունից չբխող մեկնաբանում է, քանի որ, ըստ էության, կալանքի երկարաձգման հարցի նման «վաղաժամկետ» քննությունը չի հետապնդում որևէ այլ նպատակ, քան կալանքի ժամկետը նոր կետից սկսած երկարաձգելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե դատարանը գտներ, որ անձը ենթակա է կալանքից ազատման, ապա դա կարող էր անել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված այն կարգավորման ուժով, որի համաձայն՝ «Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրենց իրավասության սահմաններում պարտավոր են անհապաղ ազատ արձակել ազատությունից ապօրինի կամ անհիմն զրկված յուրաքանչյուր անձի»: Հիշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ անձի հիմնական իրավունքների իրացման այն երաշխիքները, որոնք գործում են մինչդատական վարույթում, առնվազն mutatis mutandis գործում են նաև դատական վարույթում, և դրանց արդյունավետությունը չի կարող նվազել գործը դատարան (այսինքն՝ հրապարակային և բազմաթիվ այլ երաշխիքներով ապահովված ըստ էության քննության ենթարկելու համար) ուղարկված լինելու պատճառով կամ դրա արդյունքում: Սահմանադրական դատարանը նշել է, որ կալանքի հիմքերի առկայության հիմնավորումը, նախևառաջ, անձի անմեղության կանխավարկածի հետ սերտորեն կապված՝ նրա ազատության կանխավարկածը հաղթահարելուն ուղղված գործընթաց է, ինչից էլ հենց բխում է, որ անձի՝ մեղադրյալի կարգավիճակը պահպանելու ամբողջ ժամանակահատվածում, մասնավորապես՝ անկախ քրեական վարույթի փուլերից՝ ազատության մեջ մնալը կանոն է, իսկ նրան ազատությունից զրկելը՝ բացառություն, որը գործադրելու համար անհրաժեշտ է տրամադրել իրավունքի սահմանափակումն իրավունքի խախտման վերաճելը կանխող միասնական երաշխիքներ, այդ թվում՝ ապահովել կալանքի հիմքերի առկայության առթիվ պետության ունեցած կանխատեսական մտահոգությունների օբյեկտիվ փաստական հիմքերի վերացման ուղղությամբ պատշաճ ջանասիրության պարտադիրությունը։ 13․ Սույն որոշման 11-12․1․-րդ կետերում մեջբերված իրավական կարգավորումների, Սահմանադրական դատարանի որոշմամբ, ինչպես նաև Եվրոպական դատարանի վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր անգամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելիս, դատարանը գնահատում է նախորդող ժամկետում մեղադրյալի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերի որակական փոփոխությունները, ուստի խափանման միջոցի կիրառման ժամկետի երկարաձգման հարցի քննարկումը՝ դրա ժամկետը լրանալուց տևական ժամանակ առաջ, ինքնին զրկում է դատարանին գնահատելու այդ ռիսկերի դինամիկան ամբողջ ծավալով և իրենից ենթադրում է խափանման միջոցի ժամկետի հաշվարկ նոր կետից։ Բացի այդ, խափանման միջոցի կիրառման ժամկետը երկարաձգելու հարցը՝ ժամկետի ավարտից տևական ժամանակ առաջ քննարկելն ինքնին կանխորոշում է քննարկման արդյունքում խափանման միջոցի կիրառման ժամկետի անվերապահ երկարաձգման հանգամանքը, մինչդեռ դատարանը՝ անազատության մեջ պահելու համապատասխան հիմքերի փոփոխության պայմաններում կարող է առաջնորդվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորման ուժով և մեղադրյալին ազատ արձակել։ 13․1․ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանի ներքին կազմակերպչական խնդիրները (օրինակ՝ դատավորի արձակուրդը կամ ծանրաբեռնվածությունը) չեն կարող ծառայել որպես իրավաչափ հիմք (justa causa)՝ անձին ազատությունից շարունակական զրկելու համար։ Այլ կերպ՝ դատարանի ներքին կազմակերպչական խնդիրների լուծման բացասական հետևանքները չպետք է կրի քրեական հետապնդման ենթարկվող անձը։ 14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - Մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի երկարաձգման հարցը հունվար ամսին ամենամյա արձակուրդում գտնվելու, խափանման միջոցի ժամկետի՝ 2025 թվականի հունվարի 28-ին լրանալու, ինչպես նաև դատարանի՝ այլ կալանավորական նիստերով ծանրաբեռնված լինելու հանգամանքներով պայմանավորված, Առաջին ատյանի դատարանը քննարկել է 2024 թվականի դեկտեմբերի 19-ի դատական նիստի ընթացքում , - Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի՝ Ա․Հովհաննիսյանի նկատմամբ կիրառման ենթակա պիտանի խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց ի վեր խափանման միջոցի իրավաչափության պայմանների փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ դատական նիստի ընթացքում չեն վկայակոչվել այլ այնպիսի հանգամանքներ, որոնց համակցությամբ դատարանը կարող էր իրավաչափորեն հանգել այլ հետևության։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանը երկարաձգել է մեղադրյալ Ա․Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը 3 (երեք) ամսով, - Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ որևէ օրենսդրական կարգավորում չկա, թե դատական վարույթի ժամանակ Առաջին ատյանի դատարանը երբ պետք է քննարկի մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի երկարաձգման հարցը, իսկ Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 19-ի դատական նիստում պատճառաբանել է, թե ինչու մեկ ամսից ավել ժամանակում չի կարող գումարել նիստ և մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ քննարկման առարկա դարձնել այդ հարցը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերի որևէ խախտում, ինչը կարող էր հանգեցնել դատական սխալի: 15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13․1․-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանը՝ նախագահող դատավորի արձակուրդում գտնվելու, մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետի՝ 2025 թվականի հունվարի 28-ին լրանալու, ինչպես նաև այլ նիստերով ծանրաբեռնված լինելու հանգամանքներով պայմանավորված 2024 թվականի դեկտեմբերի 19-ի դատական նիստի ընթացքում քննարկելով մեղադրյալ Ա․Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու հարցը, փաստացի դատարանի ներքին կազմակերպական խնդիրների լուծման բացասական հետևանքների կրման բեռը դրել է Ա․Հովհաննիսյանի վրա, ինչը ոչ իրավաչափորեն հանգեցրել է վերջինիս՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված՝ ազատության իրավունքի խախտման։ 15․1․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանն առ այն, որ որևէ օրենսդրական կարգավորում առկա չէ այն մասին, թե դատական վարույթի ժամանակ առաջին ատյանի դատարանը երբ պետք է քննարկի մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի երկարաձգման հարցը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված մեկնաբանությունը չի բխում քրեադատավարական օրենքի վերաբերելի կարգավորումների սահմանադրաիրավական մեկնաբանությունից, քանի որ սույն դեպքում խափանման միջոցի կիրառման ժամկետի երկարաձգման հարցի քննարկումը՝ դրա ժամկետը լրանալուց տևական ժամանակ՝ 1 (մեկ) ամիս 9 (ինը) օր առաջ, ինքնին զրկել է դատարանին գնահատելու նախորդող եռամսյա ժամկետում մեղադրյալի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերի որակական փոփոխություններն ամբողջ ծավալով, և իրենից ենթադրել է խափանման միջոցի ժամկետի հաշվարկ նոր կետից։ 16. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։ 17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ 18. Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոցներ համակցված կիրառել է տնային կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով և 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավը, ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ (դրանք, ունենալով ժամանակավոր բնույթ, կորցրել են իրենց իրավական նշանակությունը), ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է ճանաչել մեղադրյալ Ա․Հովհաննիսյանի ազատության իրավունքի խախտման փաստը, իսկ ստորադաս դատարանների դատական ակտերը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1․ Ճանաչել Արգիշտի Արամի Հովհաննիսյանի ազատության իրավունքի խախտման փաստը: 2. Թիվ ՀԿԴ/0196/01/24 քրեական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 19–ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունվարի 30-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Դատավորներ` Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Ս․ՉԻՉՈՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ