Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0092/01/25

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0092/01/25
Դիմող / մեղադրյալ
Արամ Գյուլզադյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
18.12.2025

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0092/01/25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Գ.Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Մ.Մակյան 2025 թվականի դեկտեմբերի 18-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0092/01/25 քրեական գործով մեղադրյալ Արամ Դրաստամատի Գյուլզադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը․ 1. 2024 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 437-րդ հոդվածի 1-ին մասի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի, 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 435-րդ հոդվածի 1-ին մասի և 436-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62277324 քրեական վարույթը։ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ ************՝ 2025 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Արամ Դրաստամատի Գյուլզադյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, և նույն թվականի փետրվարի 5-ին նրան մեղադրանք է ներկայացվել։ 2. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ********* ******* ************* ***** ****** քննիչ *********** ներկայացրած միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ա.Գյուլզադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը` 2 (երկու) ամիս ժամկետով։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գյուլզադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 (երկու) ամսով։ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ***** ******* *********` 2025 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գյուլզադյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ 2025 թվականի մայիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան։ 3․ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մայիսի 21-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գյուլզադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է, և նրա նկատմամբ համակցված կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ վարչական հսկողություն, գրավ՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով, և պաշտոնավարման կասեցում։ 4. Դատախազ *************** հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2025 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի մայիսի 21-ի որոշումը թողնելով անփոփոխ։ 5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 6. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել մեղադրյալին մեղսագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, հանցանքի կատարման եղանակն ու հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ինչպես նաև սույն գործի մյուս փաստական հանգամանքների համակցությունը: Միաժամանակ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ գործով ձեռք բերված ապացույցները դեռևս դատարանում չեն հետազոտվել, այդ թվում՝ չեն հարցաքննվել մեղադրանքի կողմի ներկայացրած վկաները, որպիսի հանգամանքը վկայում է մեղադրյալի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության մասին, որպեսզի քննության սույն փուլում բացառվի վարույթին ներգրավված անձանց հնարավոր շփումներն ու հաղորդակցությունները: Բացի այդ, ըստ բողոքաբերի Վերաքննիչ դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել այն փաստական տվյալը, որ մեղադրյալ Ա․Գյուլզադյանը քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքը կատարելիս զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնը, ուստի էապես բարձր է հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Ա.Գյուլզադյանը կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ և խոչընդոտել գործի քննությանը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով որպես մեղադրյալ և վկա ներգրավված անձինք որոշակի աշխատանքային փոխհարաբերությունների մեջ են գտնվել Ա.Գյուլզադյանի հետ: 6.1. Ամփոփելով վերը նշվածը՝ բողոքաբերը գտել է, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն չեզոքացնելու Ա.Գյուլզադյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու և իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու ռիսկերը: 7. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հուլիսի 18-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 8. Արամ Գյուլզադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ու նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքների համար, որ նա «(…) Զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնն ու հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, քաղաքացու օգտին գործողություն կատարելը կազմակերպելու նպատակով ստացել է խոշոր չափերով կաշառք։ Այսպես. «**** ******» ՍՊ ընկերության կողմից ******* քաղաքի ******* ****** ******* հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի համար «*********** *********** ********» ՓԲ ընկերության միջոցով էլեկտրականության ապահովման համար Երևանի քաղաքապետարանի կողմից նախկինում մերժված համապատասխան թույլտվության անխոչընդոտ տրամադրումը կազմակերպելու նպատակով, ընկերության բաժնետեր ******** ********** դիմել է «****** ***********» ՍՊ ընկերության աշխատակիցներ Ռոբերտ Դարբինյանին և Արամ Այվազյանին, ովքեր առաջարկել են նշված գործընթացը կազմակերպելու համար համապատասխան պաշտոնատար անձանց տալ կաշառք, ինչին ******** տվել է իր համաձայնությունը։ Հիշյալ գործընթացը կազմակերպելու համար Ռոբերտ Դարբինյանը պարբերաբար կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանի հետ, վերջինիցս տեղեկացել, որ հիշյալ հասցեում կառուցապատում իրականացնող կազմակերպության՝ բազմաբնակարան շենքի էլեկտրականության ապահովման համար ներկայացված դիմումը Երևանի քաղաքապետարանի կողմից նախկինում մեկ անգամ մերժվել է: Այնուհետև, Ռոբերտ Դարբինյանը Արամ Գյուլզադյանի հետ քննարկել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության կողմից նման թույլտվություն տալու հնարավորությունն ու ժամկետները: Արամ Գյուլզադյանն իր հերթին Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի հետ թույլտվություն տրամադրելու հարցը քննարկելուց և վերջինիս կողմից համապատասխան հավաստիացումներ ստանալուց հետո Ռոբերտ Դարբինյանին խոստացել է ողջամիտ ժամկետում լուծել ******* քաղաքի ****** ***** ***** հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի էլեկտրականության ապահովման խնդիրը: Վերոհիշյալ հանդիպումների և քննարկումների մասին Ռոբերտ Դարբինյանը պարբերաբար տեղեկացրել է իր գործընկեր Արամ Այվազյանին և վերջիններս շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը, Արամ Գյուլզադյանի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին հայտնել են ************* և վերջինիս հետ պայմանավորվել են նշված գործընթացը կազմակերպելու համար նախկինում պայմանավորված 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը փոխարինել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամով, ինչին ******** համաձայնել է: Դրանից հետո, 2024 թվականի հուլիսի 23-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ****** քաղաքի ******** ******* փողոցի ******* հասցեում գտնվող նորակառույց շենքի առաջին հարկում տեղակայված «**** ********» ՍՊ ընկերության գրասենյակում, Արամ Այվազյանը, Ռոբերտ Դարբինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն և Արամ Գյուլզադյանի կողմից կաշառք ստանալուն խոչընդոտները վերացնելու, այն է կաշառքի առարկան փոխանցելու եղանակով օժանդակելու դիտավորությամբ, ********* ************ Արամ Գյուլզադյանին փոխանցելու նպատակով ստացել է 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ: Նշված գումարի բաշխման շուրջ քննարկման արդյունքում Ռոբերտ Դարբինյանն ու Արամ Այվազյանը որոշել են Արամ Գյուլզադյանին որպես կաշառք տալ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ Երևանի քաղաքապետարանի ************** և *************** ********** ********** մասնագետ ************* **************** համար գնել 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ արժողության օծանելիքի նվեր-քարտ, իսկ մնացած 1.300.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամն Արամ Այվազյանն ու Ռոբերտ Դարբինյանը հավասարապես բաշխել են միմյանց միջև՝ յուրաքանչյուրին 650.000 (վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: Այնուհետև, 2024 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, Ռոբերտ Դարբինյանը Արամ Գյուլզադյանի կողմից իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվող ******** ********* օգտին գործողություն կատարելու, այն է, նախկինում մերժված լինելու պայմաններում, վերջինիս կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի էլեկտրականության ապահովման թույլտվության գործընթացը կազմակերպելու համար, ******** քաղաքի *********** **** հասցեում գտնվող «****** ******» արագ սննդի կետի հարակից տարածքում ******** ********** կողմից տրված կաշառքի գումարից 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամը որպես կաշառք տվել է Արամ Գյուլզադյանին, որի արդյունքում Արսեն Կարոյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 3-ին համաձայնեցվել է հետագիծ-նախագծային փաստաթղթերը։ (…)»։ 9. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը անդրադառնալով մեղադրյալ Արամ Գյուլզադյանի կողմից իրեն վերագրվող ենթադրյալ հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցին, գտնում է, որ քրեական գործի նյութերով՝ մասնավորապես՝ մեղադրական եզրակացությունում նշված ապացույցներով հիմնավորվել է այն կասկածը, որ մեղադրյալը կարող է կատարած լինել մեղսագրված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքները և առնչություն ունենալ դեպքին, այլ կերպ ասած՝ առկա է հիմնավոր կասկած մեղադրյալի կողմից իրեն մեղսագրված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու վերաբերյալ (...)։ (...) Դատարանն արձանագրում է, որ՝ քրեական վարույթի ներկայիս փուլում չի վերացել և շարունակում է առկա լինել մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը, մասնավորապես՝ խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին (...)։ Դատարանը գտնում է, որ հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռության տեսանկյունից, որը պետք է բխի անձի նկատմամբ կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակների միջև համամասնության ողջամիտ հարաբերակցության անհրաժեշտությունից, ինչպես նաև այն, որ գործող օրենսդրական կարգավորումներով «վարչական հսկողությունը» ավելի մեղմ խափանման միջոց է քան «Կալանքը», չնայած նրան, որ «Վարչական հսկողություն» այլընտրանքային խափանման միջոցը ևս սահմանափակում է անձի տեղաշարժը և գործողությունները, Դատարանին թույլ է տալիս գալ այն հետևության, որ քննության ներկա փուլում խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել և վերացել են դրա իրավաչափության պայմանները, հիմք ընդունելով Արամ Դրաստամատի Գյուլզադյանի անձը բնութագրող տվյալները և դրսևորած վարքագիծը, Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ մեղադրյալ Արամ Գյուլզադյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել վերջինիս նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոցներ «Գրավ», «վարչական հսկողություն» և «պաշտոնավարման կասեցում» ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ, որոնք, որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող են հաղթահարել նրա կողմից հնարավոր ոչ օրինական վարքագիծ դրսևորելու վերաբերյալ մտավախությունները, այն առավել պիտանի է հետապնդվող նպատակին հասնելու համար, ավելին՝ հնարավորություն կտա ապահովելու մեղադրյալի ազատության իրավունքի և նրա մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը: Դատարանն արձանագրում է նաև, որ «Վարչական հսկողություն» այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հիմքում Դատարանը դնում է այն փաստը, որ դատակոչված վկաներից և ոչ ոք չի բնակվում մեղադրյալ Արամ Գյուլզադյանի բնակության վարչական տարածքում: (...) Անդրադառնալով «Պաշտոնավարման կասեցում» այլընտրանքային խափանման միջոցի իրավաչափության հարցին, Դատարանն արձանագրում է, որ «Պաշտոնավարման կասեցում» կիրառվում է, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնավարումը շարունակելով, մեղադրյալը կխոչընդոտի քրեական վարույթին կամ կկատարի հանցանք և հաշվի առնելով նաև այն, որ Արամ Գյուլզադյանը մեղադրվում է իր պաշտոնից բխող ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու մեջ և սույն վարույթով դատարանում դեռևս չեն հարցաքննվել վարույթի մասնավոր և օժանդակ մասնակիցները, որոնցից մի մասի հետ գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ, ուստի Դատարանը գտնում է, որ առկա է մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու հավանականություն, որպիսի պայմաններում Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կասեցնել մեղադրյալի որպես «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնավարումը: (...) Անդրադառնալով այլընտրանքային խափանման միջոց 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ գումարի գրավի չափի հարցին, ապա Դատարանը հաշվի է առնում մեղադրյալ Արամ Գյուլզադյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի ծանրության աստիճանը, արարքների հանրային վտանգավորության աստիճանը, դրանց բնույթը, մեղադրյալի դատվածություն չունենալու հանգամանքը, վերջինիս գույքային դրությունը, ինչպես նաև այն, որ իր խնամքին են նաև ծնողները, պաշտպանության կողմի միջնորդությունը, խափանման միջոց կիրառելու հիմքը, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ նկարագրված և ենթադրյալ հանցավոր արարքների արդյունքում ուղղակի ստացված գումարի չափը, վարույթում առկա փաստական հանգամանքները, Դատարանը գտնում է, որ գրավի չափ 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ սահմանելով այլընտրանքային խափանման միջոցներ «Վարչական հսկողություն»–ի և «պաշտոնավարման կասեցում»-ի հետ համակցված կիրառման պայմաններում հնարավոր է հասնել օրենսդրությամբ սահմանված նպատակներին, ինչպես նաև ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:(…)»։ 10․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է. «(…) Անդրադառնալով հատուկ վերանայման բողոքի փաստարկներին առ այն, որ նախ՝ անհրաժեշտ է հաշվի առնել մեղադրյալին մեղսագրվող հանցանքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրագործման հնարավորությունն ու աստիճանը, ինչպես նաև՝ մեղադրյալին վերագրվող հանցանքի բնույթը և վտանգավորության աստիճանը, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ ոչ թե արձանագրել է ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերի իսպառ բացակայությունը, այլ ընդամենը՝ պատճառաբանված փաստել, որ խափանման միջոցի կիրառման նպատակը, թեև առկա է, սակայն այլևս այն աստիճանի բարձր չէ, որ հիմք կտա ողջամտորեն ենթադրելու, որ մեղադրյալ Արամ Գյուլզադյանը ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին: (…) Վերաքննիչ դատարանը նախ ընդգծում է, որ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն նվազել է, քանի որ նախաքննությունն այլևս չի գտնվում ապացույցների հավաքման ակտիվ՝ սկզբնական փուլում, դեռ ավելին՝ նշված փուլն ավարտվել է, այսինքն՝ հնարավոր բոլոր ապացույցները հավաքված են, իսկ մեղադրական եզրակացության կազմումը և քրեական գործը դատարան ուղարկելը վկայում է, որ դեպքի բոլոր հանգամանքները, ըստ նախաքննական մարմնի՝ պարզված են և ենթադրյալ հանցագործություններին առնչություն ունեցող անձինք՝ բացահայտված, ինչն իր հերթին վկայում է, որ այլևս առկա չէ ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված ապացույցները դրվել են մեղադրանքի հիմքում, իսկ հետագայում արձանագրվել նաև մեղադրական եզրակացության մեջ, հետևաբար, Բողոքաբերի՝ այս առումով բերված փաստարկները Վերաքննիչ դատարանը համարում է ոչ հիմնավոր, քանի որ, ըստ էության, ինչպես գործի նյութերում, այնպես էլ դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում չկա տվյալ այն մասին, թե հատկապես նշված ապացույցների վրա ինչ եղանակով կարող է անօրինական ազդեցություն գործադրել մեղադրյալ Ա.Գյուլզադյանը: (…) Արձանագրելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քննարկվող դեպքում գրավի, վարչական հսկողության և պաշտոնավարման կասեցման համակցված կիրառման պարագայում նվազում է մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը, ելնելով այն հանգամանքից, որ մեղադրյալը գիտակցում է, որ իր վարքագծի իրավաչափության որևէ փոփոխության դեպքում հիշյալ խափանման միջոցները կրկին կարող են փոխվել ամենածանրով՝ կալանքով։ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ խափանման միջոցի հիմքերը ոչ թե ստատիկ, այլ դինամիկ կատեգորիա են և ենթակա է ժամանակի ընթացքում փոփոխման։ Այս դեպքում նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն գտնվում է նախնական դատալսումների փուլում, ուստի, կարելի է արձանագրել, որ քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ ի տարբերություն նախկինում առկա իրավիճակի, նվազել է: Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արամ Գյուլզադյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն այլևս այնքան բարձր չէ, որ գրավի, վարչական հսկողության և պաշտոնավարման կասեցման համակցված կիրառումը չհանդիսանա գործուն երաշխիք՝ հիշյալ հավանականությունը չեզոքացնելու համար։ (…)»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․ 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալ Ա․Գյուլզադյանի պատշաճ վարքագիծը։ 12․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Անձին կալանավորելը (…) թույլատրվում [է] միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով»: Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝ (…) 3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար: 3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: (…)»։ Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»։ 12․1. Վկայակոչված իրավադրույթների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման ու կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ ու պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։ Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգության մեջ, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից՝ կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ultima ratio) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը։ Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին՝ այդ համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող ու դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։ 12․2․ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանական ձևերի մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով։ Ընդ որում՝ կալանավորման անհրաժեշտության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա: 12.3. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և, հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր ու գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին: 13. Վճռաբեկ դատարանը, Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ որոշմամբ անդրադառնալով մեղադրյալի՝ քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքի գնահատմանը, արձանագրել է, որ մեղադրյալը՝ Դ․Համբարձումյանը քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը: Ընդ որում, այդ պաշտոնը նա շարունակել է զբաղեցնել նաև քրեական վարույթի ընթացքում օգտվելով նաև դրանից բխող իշխանությունից, ուստի նման պայմաններում, էապես բարձր է եղել հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում, մեղադրյալը կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ և խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով որպես մեղադրյալ և վկա ներգրավված անձինք որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվել մեղադրյալի հետ: 14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - Արամ Գյուլզադյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն արարքների համար, որ նա, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնն ու հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, քաղաքացու օգտին գործողություն կատարելը կազմակերպելու նպատակով ստացել է խոշոր չափերով կաշառք, - Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրյալ Ա․Գյուլզադյանի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը և անդրադառնալով միջնորդության մեջ նշված՝ կալանավորման նպատակներին՝ գտել է, որ քրեական վարույթի ներկայիս փուլում չի վերացել և շարունակում է առկա լինել մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը, մասնավորապես՝ խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին։ Առաջին ատյանի դատարանը միաժամանակ եկել է այն հետևության, որ քննության ներկա փուլում խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել և վերացել են դրա իրավաչափության պայմանները։ Հիմք ընդունելով Ա․Գյուլզադյանի անձը բնութագրող տվյալները և դրսևորած վարքագիծը՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ մեղադրյալ Ա․Գյուլզադյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել վերջինիս նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոցներ «գրավ», «վարչական հսկողություն» և «պաշտոնավարման կասեցում» այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ, որոնք, որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող են հաղթահարել նրա կողմից հնարավոր ոչ օրինական վարքագիծ դրսևորելու վերաբերյալ մտավախությունները, այն առավել պիտանի է հետապնդվող նպատակին հասնելու համար, ավելին՝ հնարավորություն կտա ապահովելու մեղադրյալի ազատության իրավունքի և նրա մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը, - Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը նվազել է, քանի որ նախաքննությունն այլևս չի գտնվում ապացույցների հավաքման ակտիվ՝ սկզբնական փուլում, դեռ ավելին՝ նշված փուլն ավարտվել է, այսինքն՝ հնարավոր բոլոր ապացույցները հավաքված են, իսկ մեղադրական եզրակացության կազմումը և քրեական գործը դատարան ուղարկելը վկայում է, որ դեպքի բոլոր հանգամանքները, ըստ նախաքննական մարմնի՝ պարզված են և ենթադրյալ հանցագործություններին առնչություն ունեցող անձինք՝ բացահայտված, ինչն իր հերթին վկայում է, որ այլևս առկա չէ ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտություն։ Արձանագրելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանն եզրահանգել է, որ քննարկվող դեպքում գրավի, վարչական հսկողության և պաշտոնավարման կասեցման համակցված կիրառման պարագայում նվազում է մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ մեղադրյալը գիտակցում է, որ իր վարքագծի իրավաչափության որևէ փոփոխության դեպքում հիշյալ խափանման միջոցները կրկին կարող են փոխվել ամենածանրով՝ կալանքով։ 15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ Ա․Գյուլզադյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը լուծելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս, պատշաճ գնահատման չեն ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ: Մասնավորապես․ - պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկվել այն առանցքային փաստական տվյալը, որ մեղադրյալ Ա․Գյուլզադյանն իրեն մեղսագրվող քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնը և հանդիսացել է տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ։ Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ, ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս առանձնահատուկ դերակատարում ունի նրա` հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները՝ խոչընդոտելու վարույթի բնականոն ընթացքին, - ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն, որ մեղադրյալ Ա․Գյուլզադյանին վերագրվում է բարձր լատենտայնություն ունեցող ենթադրյալ ծանր հանցագործություն։ Վերոնշյալի հաշվառմամբ կարևոր է նկատի ունենալ նաև մեղսագրվող ենթադրյալ արարքների կատարման եղանակն ու գործողությունների բնույթը, - անտեսվել է այն հանգամանքը, որ սույն գործով կատարվելիք դատական գործողությունները, ի թիվս այլնի, ենթադրելու են նաև դատական նիստին կանչված անձանց հնարավոր հարցաքննություններ, և բարձր է հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Ա․Գյուլզադյանն իր զբաղեցրած պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործելով, կարող է անիրավաչափ ազդեցություն ունենալ նրանց վրա, խոչընդոտել գործի քննությանը՝ հատկապես հաշվի առնելով, որ գործով դատակոչի ցուցակի համաձայն՝ վկաներ են հանդիսանում Երևանի քաղաքապետարանում տարբեր վարչություններում և բաժիններում ընդգրկված աշխատակիցներ, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Ա․Կարոյանը, ******* ********** մասնագետներ ******************, *****************, Երևանի քաղաքապետարանի ******************** և ****** ********* վարչության *********** *****************, նույն վարչության մասնագետ *************** և այլոք։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործելով գործի քննությանը խոչընդոտելու հավանականության նվազ լինելու մասին Վերաքննիչ դատարանի դատողություններին։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, նման դատողություններ անելիս Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ա․Գյուլզադյանին մեղսագրվել է պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործելով ենթադրյալ հանցավոր արարքի կատարում։ 16․ Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դատական քննության փուլում մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը քննարկելիս, վերաբերելի գործոնների հաշվառմամբ, գնահատման է ենթարկվում մեղադրյալի (ամբաստանյալի) մասնակցությամբ գործի պատշաճ դատական քննության հանրային շահը, ինչը ենթակա է գնահատման քրեական վարույթի տվյալ փուլում մեղադրյալի (ամբաստանյալի) կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության համատեքստում։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի դատական քննության փուլում մեղադրյալի (ամբաստանյալի) կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը գնահատելիս, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնել դատաքննության ընթացքում կատարվելիք դատական գործողությունների ողջամտորեն սպասվելիք ծավալները և բնույթը, ինչպես նաև դրանց օբյեկտիվության վրա մեղադրյալի կողմից ազդեցություն գործելու հնարավորությունը։ Վերոգրյալը հատկապես կարևոր է քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով դատարանում մեղադրյալի (ամբաստանյալի) կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու համար, ինչը, սակայն, հաշվի չի առնվել ստորադաս դատարանների կողմից՝ Ա․Գյուլզադյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառումը թույլատրելի ճանաչելիս։ Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն արժանացրել այն հանգամանքը, որ սույն գործով կատարվելիք դատական գործողությունները, ի թիվս այլնի, ենթադրելու են նաև դատական նիստին կանչված անձանց հնարավոր հարցաքննություններ։ 17. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական հանգամանքները համակողմանի գնահատման չեն ենթարկվել ստորադաս դատարանների կողմից, ինչի արդյունքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Ա․Գյուլզադյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցված կիրառված՝ վարչական հսկողությունը, գրավը և պաշտոնավարման կասեցումը դատական քննության տվյալ փուլում՝ նախնական դատալսումների ընթացքում, ի զորու չեն հակակշռելու վերջինիս ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը` հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Այլ կերպ, ստորադաս դատարանները համակողմանի գնահատման չեն ենթարկել այն, որ սույն գործով անցնող դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն գործադրելու բարձր հավանականության պայմաններում այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, որը կկաշկանդեր նրան դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի հետևանքով այլընտրանքային խափանման միջոցները կալանքով փոխելու վտանգի սպառնալիքով կչեզոքացներ նաև մեղադրյալ Ա․Գյուլզադյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը։ 18․ Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների վերը նշված առանձնահատկությունները, վարույթի նյութերից բխող մյուս տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել, որ քրեական գործի քննության նախնական դատալսումների փուլում առկա է մեղադրյալ Ա․Գյուլզադյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու բարձր հավանականության ռիսկ, ինչը չէր կարող չեզոքացվել կալանքին այլընտրանք խափանման միջոցներ վարչական հսկողության, գրավի և պաշտոնավարման կասեցման կիրառմամբ։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառմամբ մեղադրյալ Ա․Գյուլզադյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն: 19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով ամրագրված վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի մայիսի 21-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հուլիսի 18-ի որոշումն ամբողջությամբ բեկանելու և փոխարինող դատական ակտ կայացնելու համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, հարկ է արձանագրել, որ մեղադրյալ Ա․Գյուլզադյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը համակցված այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մայիսի 21-ի որոշման կայացումից հետո անցել է ավելի քան յոթ ամիս ժամանակ, իսկ խափանման միջոցի իրավաչափության պայմաններն ու մասնավորապես խափանման միջոց կիրառելու հիմքերը, որպես կանոն, ժամանակի ընթացքում փոփոխվում են, այլ կերպ՝ ստատիկ չեն և, ի թիվս այլնի, վարույթի համապատասխան փուլի առանձնահատկություններով պայմանավորված՝ ենթարկվում են փոփոխության։ Տվյալ դեպքում, ինչպես երևում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների ուսումնասիրությունից, 2025 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ քրեական գործով դատաքննությունն արդեն իսկ գտնվել է հիմնական դատալսումների փուլում, և հատուկ վերանայման վարույթի առանձնահատկություններով պայմանավորված, սահմանափակ նյութերի պայմաններում, Վճռաբեկ դատարանը, ի տարբերություն վարույթն իրականացնող Առաջին ատյանի դատարանի, օբյեկտիվորեն զրկված է մեղադրյալ Ա․Գյուլզադյանի նկատմամբ խափանման միջոց(ներ)ի կիրառման հիմք(եր)ի՝ ներկա պահին շարունակականության և կոնկրետ խափանման միջոց(ներ)ի պիտանելիության հարցում փաստարկված դատողություն անելու իրական հնարավորությունից, ինչը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի։ Ուստի հաշվի առնելով նախորդիվ ասվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ստորադաս դատարանների դատական ակտերը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1․ Թիվ ՀԿԴ/0092/01/25 քրեական գործով մեղադրյալ Արամ Դրաստամատի Գյուլզադյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 21-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հուլիսի 18-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Դատավորներ` Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Ս․ՉԻՉՈՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ