Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՕՀՄ-09/20․12․2023

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՕՀՄ-09/20․12․2023
Դիմող / մեղադրյալ
Արմեն Կանդևոսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
25.12.2025

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՕՀՄ-09/20․12․2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր Ջ.Հայրապետյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Ժ․Մելիքսեթյան 2025 թվականի դեկտեմբերի 25-ին քաղաք Երևանում ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ 62226224 քրեական վարույթով մեղադրյալ Արմեն Արշավիրի Կանդևոսյանի վերաբերյալ թիվ ՕՀՄ-09/20․12․2023 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը 2023 թվականի դեկտեմբերի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ներկայացրել Արմեն Կանդևոսյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասին միջնորդություն: 2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը բավարարվել է: 3․ Վերաքննիչ դատարանը 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ թիվ 62226224 քրեական վարույթով մեղադրյալ Ա․Կանդևոսյանի պաշտպան Կ․Մարդանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը որոշակի մասով բեկանել է և բեկանված մասով կայացրել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով Ա․Կանդևոսյանի նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքաբերը գտել է, որ վիճարկվող դատական ակտն օրինական և հիմնավոր չէ, այն կայացնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, այն է՝ սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը, 17-րդ հոդվածը և 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նաև Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչն ազդել է վարույթի ելքի վրա։ Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ 5․1․ Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերը փաստարկել է, որ Վճռաբեկ դատարանի թիվ ՀԿԴ/0054/01/22 որոշումը, որով արձանագրվել է կաշառք տալու չափերի կապակցությամբ առկա օրենսդրական բացի մասին, կայացվել է 2024 թվականի հուլիսի 26-ին, մինչդեռ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը կայացվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 20-ին։ Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո այդ օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացությունների վերաբերյալ իրավակիրառ մարմինների կողմից ձևավորվել է ոչ միասնական պրակտիկա, ուստի միասնական պրակտիկայի և Վճռաբեկ դատարանի վերը նշված որոշման բացակայության պայմաններում Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ անձը, ում սահմանադրական իրավունքները սահմանափակվել են, կասկածվել է ծանր հանցանք կատարելու մեջ, եղել են իրավաչափ։ 5․2․ Բողոքաբերը, վկայակոչելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումները, նշել է նաև, որ եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթի առկայություն, ապա Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի իմաստով դատարանի որոշմամբ կատարվող օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու համար ընդամենն անհրաժեշտ են առերևույթ հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դա անցկացվի, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն, որպիսի պայմաններում ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու կասկածի հիմնավորվածության շեմն ավելի ցածր է, քան քրեական վարույթի առկայության դեպքում։ 5․3․ Արդյունքում, ըստ բողոքաբերի՝ Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի իմաստով դատարանի որոշմամբ կատարվող օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վարույթով օրենսդրական բացի առկայության կամ բացակայության հարցին անդրադառնալն այն պայմաններում, երբ առկա չէ միասնական պրակտիկա, ինքնին բավարար չէ փաստելու, որ դատարանի կողմից կայացվել է անօրինական դատական ակտ՝ նկատի ունենալով, որ այդ փուլում բավարար է հիմնավորել, որ անձն առերևույթ առնչություն ունի ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի կատարմանը: 6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշումը մասնակի բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի միջնորդության համաձայն՝ «(...) 2023թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության երրորդ բաժնի օպերլիազոր Գ**** Բ******** ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետ Հ***** Գ********* ներկայացրած միջնորդությամբ հայտնել է, որ ստացվել են օպերատիվ տեղեկություններ հետևյալի մասին. Արմեն Արշավիրի Կանդևոսյանը (ծնված՝ ********թ., հաշվառված՝ ք.*******, ******** *******, *** տուն) պատրաստվում է անձամբ կամ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ ՀՀ պաշտպանության նախարարության դեռևս չպարզված պաշտոնատար անձանց, որդուն՝ Ա**** Ա***** Կ********, բժշկական կեղծ ախտորոշման միջոցով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար։ Ըստ երրորդ բաժնի օպերլիազորի ներկայացրած միջնորդության՝ ստացված օպերատիվ տեղեկությունները փաստում են, որ Արմեն Կանդևոսյանի գործողություններում հնարավոր է առկա են 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ, որը ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ դասվում է ծանր հանցանքների տեսակին: Ըստ ներկայացված նյութերի՝ կատարվել են «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց արդյունքում հնարավոր չի եղել ստանալ ենթադրյալ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։ (...) Նկատի ունենալով, որ (...) ներկայացված նյութերը պարունակում են տեղեկություններ Արմեն Կանդևոսյանի կողմից առերևույթ ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման և այդ հանցավոր գործունեությունը վերջինիս կողմից շարունակելու հավանականության մասին, միևնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ստանալ ենթադրյալ հանցագործության բացահայտման և հանցավոր գործունեության շարունակումը կանխելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ այլ եղանակով ողջամտորեն հնարավոր չէ այդ տեղեկատվության ձեռքբերումը, և գտնելով, որ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու, ինչպես նաև նրա կողմից հանցավոր գործունեության շարունակումը հայտնաբերելու և կանխելու նպատակով անհրաժեշտ է Արմեն Կանդևոսյանի նկատմամբ [միջնորդվող] օպերատիվ-հետախուզական միջոցառումները երկու ամիս ժամկետով իրականացնել, ուստի (…)»։ 8․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության երրորդ բաժնի օպերլիազորի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 20-ին կազմված և նախորդ կետում նշված միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված արձանագրության համաձայն՝ «(...) ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արմեն Արշավիրի Կանդևոսյանը (…) պատրաստվում է անձամբ կամ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ ՀՀ պաշտպանության նախարարության դեռևս չպարզված պաշտոնատար անձանց, որդուն՝ Ա**** Ա***** Կ********, բժշկական կեղծ ախտորոշման միջոցով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար։ (…)»։ 9․ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ «(…) [Մ]իջնորդությունը և ներկայացված նյութերն իրենց համակցությամբ բավարար հիմք են տալիս հանգելու հետևության, որ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում կարող են ստացվել միջնորդության մեջ նշված տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ, ինչը կնպաստի ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ենթադրյալ ծանր հանցագործության բացահայտմանը, օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող մարմնի կողմից «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն այլ եղանակով ողջամտորեն ահնարին է։ Բացի այդ, Արմեն Կանդևոսյանի վերաբերյալ վերը նշված նյութերում առկա են ենթադրյալ ծանր հանցանք կատարելու մասին վկայող ենթադրյալ փաստեր, ուստի անձի իրավունքներին ու ազատություններին միջամտությունն իրավաչափ է: Այսպիսով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանի՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու մասին վերոհիշյալ միջնորդությունը հիմնավոր է, ուստի այն պետք է բավարարել և թույլատրել երկու ամիս ժամանակով՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ից 2024 թվականի փետրվարի 20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, Արմեն Կանդևոսյանի նկատմամբ իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։ (…)»։ 10․ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշման համաձայն՝ «(…) 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված կաշառք տալու հանցակազմի պարագայում օրենսդիրը, որպես այդ հանցանքը որակյալ դարձնող հանգամանքներ դիտարկելով «խոշոր չափը» և «առանձնապես խոշոր չափը», միևնույն ժամանակ, օրենսգրքի հատուկ մասում չի նախատեսել, թե խնդրո առարկա հանցակազմի առարկայի ո՞ր չափն է համարվում խոշոր, ո՞րը՝ առանձնապես խոշոր։ Դրա հետ մեկտեղ հարկ է փաստել, որ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում օրենսդիրը սահմանել է հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը, ինչից, սակայն, հետևում է, որ սահմանված այդ չափերը վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին, քանի որ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույք կամ օգուտ չափ» եզրույթը որևէ կերպ չի կարող նույնացվել կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի հետ։ Այլ կերպ ասած` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննարկվող նորմը չի սահմանել կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափը։ Ընդ որում՝ վերոնշյալ դատողությունը համահունչ է Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հուլիսի 26-ի ՀԿԴ/0054/01/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը (…)։ Բացի այդ, հարկ է փաստել, որ Վերաքննիչ դատարանը մշտապես կայուն դատական պրակտիկա է ունեցել և արտահայտել է այն դիրքորոշումը, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը չի սահմանում, թե որն է կաշառք տալու խոշոր և առանձնապես խոշոր չափը: (…) Այսպիսով, հաշվի առնելով այն, որ «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ, և դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել դրանցից վերացարկված, նկատի ունենալով նաև, որ քրեական օրենքի տարածական մեկնաբանումը և ընդհանուր մասի նորմերի` անձի վիճակի վատթարացման դեպքում անալոգիայով կիրառելն անթույլատրելի է` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելն օրենսդրական բաց է, որի հետևանքով նշյալ օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին (բավարար չափով կանխատեսելի չեն), հետևաբար նաև դրանք անձին մեղադրելու հիմք չեն: Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը չի սահմանում, թե որն է կաշառք տալու խոշոր և առանձնապես խոշոր չափը, այսինքն` քննարկման առարկա դեպքում տեղի է ունեցել արարքի մասնակի ապաքրեականացում։ (…) Վերոշարադրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված միջնորդությունը բավարար տվյալներ չի պարունակել այն մասին, որ միջնորդությամբ նկարագրված ենթադրյալ արարքն առերևույթ հանդիսանում է ծանր հանցանք: Ավելին, ներկայացված միջնորդությունը պարունակել է բավարար տվյալներ այն մասին, որ նկարագրված ենթադրյալ արարքն առերևույթ հանդիսանում է միջին ծանրության հանցանք, իսկ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» և «Ներքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումները թույլատրվում է իրականացնել միայն այն դեպքում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն, իսկ այն դեպքում, երբ ենթադրյալ հանցագործությունը միջին ծանրության է՝ վերջինս արդեն իսկ բավարար հիմք է ներկայացված միջնորդությունը որոշակի մասով մերժելու համար։ (…) Ինչ վերաբերում է հնարավոր այն փաստարկին, որ մինչև Վճռաբեկ դատարանի կողմից ՀԿԴ/0054/01/22 որոշմամբ դիրքորոշում արտահայտելն է նշյալ միջնորդությունը ներկայացվել՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեև միջնորդությունը ներկայացնելիս Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշումը դեռևս կայացրած չի եղել, այնուամենայնիվ, ինչպես միջնորդություն ներկայացնողի, այնպես էլ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից սխալ է ընկալվել և մեկնաբանվել կաշառք տալու չափերի՝ ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված լինել-չլինելու վերաբերյալ հարցը, ինչի արդյունքում ներկայացված միջնորդությունը չի բավարարում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված այն պայմանը, որ ներքին դիտում և թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարող են իրականացվել, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Այլ կերպ ասած՝ ներկայացված միջնորդությամբ նշվում է, որ Արմեն Կանդևոսյանի գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերևույթ ծանր հանցագործության հատկանիշներ, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքում կաշառք տալու չափերի բացակայության հանգամանքով պայմանավորված՝ Արմեն Կանդևոսյանի արարքը չէր կարող որակվել 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ընդ որում, ներկայացված միջնորդությամբ բացակայում է վկայակոչումը ենթադրյալ հանցանքը հանցավոր կազմակերպության կողմից ենթադրաբար կատարելու մասին), ինչի արդյունքում ստացվում է, որ անգամ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով կամ 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով որակվելու դեպքում՝ այդ արարքը միջին ծանրության է, ինչը չի բավարարում ներքին դիտում և հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավաչափության պայմաններից հանցանքի տեսակին (ծանրության աստիճանին) վերաբերող պայմանին։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը սխալ է մեկնաբանել վերոնշյալ իրավական հարցը, ինչի արդյունքում ոչ իրավաչափ կերպով ամբողջությամբ բավարարել է ներկայացված միջնորդությունը։ (…) Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման համար ենթադրյալ հանցանքի տեսակով (ծանրության աստիճանով) պայմանավորված օրենսդրական նախապայման առկա չէ, հետևաբար Արմեն Կանդևոսյանի նկատմամբ տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման մասով բավարարելով միջնորդությունը՝ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել դատական սխալ և հանգել է իրավաչափ հետևության, այդ թվում՝ թույլատրված ժամկետի մասով, ուստի այդ մասով դատական ակտը ենթակա չէ բեկանման։ (…)։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Ա․Կանդևոսյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը որոշակի մասով բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։ 12. ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք: 2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ 2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական և հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից գաղտնի և բացահայտ մեթոդների ու միջոցների կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստումը, իրականացումը և արդյունքների ամրագրումն ու իրացումն է։ 2․ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ամբողջ ծավալով իրականացվում են ինչպես օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից իրենց վերապահված հիմնական խնդիրների իրականացման շրջանակներում, որպես ինքնուրույն գործունեություն, այնպես էլ նախաձեռնված քրեական վարույթի իրականացվող հետաքննության շրջանակներում որպես օժանդակող գործունեություն»։ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են՝ 1) հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը. 2) հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը. (…)»։ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «[Ներքին դիտում, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում, ֆինանսական գործարքների վերահսկում] օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն և այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է»։ Նույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` «1․ [Ներքին դիտում, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում, ֆինանսական գործարքների վերահսկում, կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում] օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ինչպես նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր չէ, և անձը (անձինք), որի (որոնց) նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն չէր (չէին) կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին, ապա կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ: 2. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման կամ դրանց ժամկետի երկարաձգման համար դատարանի թույլտվությունը ստանալու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարին ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը և միջնորդությունը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ: Միջնորդությունը և դրան կցվող նյութերը դատարան է ներկայացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները։ (…) 4․ Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու կամ դրա ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը դատարանը քննում է գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդության քննության համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները»: 13․ Վճռաբեկ դատարանը, Գոռ Սարգսյանի գործով կայացրած որոշմամբ բացահայտելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետախուզական-որոնողական բնույթը, արձանագրել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկումը նպատակաուղղված է ենթադրյալ հանցանքների, դրանք ենթադրաբար նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերմանն ու պարզմանը, այդ կապակցությամբ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրմանը։ Այսինքն` օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց հետախուզական-որոնողական բնույթով միտված են նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործության դեպքերի և դրանք կատարող անձանց հնարավորինս արագ բացահայտմանը, որին անմիջապես հաջորդում է ստացված տվյալների ամրագրումը քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված գործողությունների կատարմամբ։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում այն օժանդակում է քննիչի դատավարական գործունեությանը, երբ քրեադատավարական գործիքակազմը բավարար չէ քրեական հետապնդման խնդիրների արդյունավետ իրացման համար, և հանցավորության դեմ պայքարի հանրային շահը պահանջում է նաև գործի համար նշանակություն ունեցող առանձին հանգամանքների բացահայտման համար օպերատիվ-հետախուզական գործունեության մեթոդների և միջոցների կիրառում: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օպերատիվ-հետախուզական որոշ միջոցառումների իրականացմամբ լուրջ միջամտություն է տեղի ունենում անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին՝ դրանք կարող են իրականացվել բացառապես երբ` ա) անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և բ) եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերջին չափանիշի ամրագրմամբ օրենսդիրն inter alia սահմանել է, որ նշված միջոցառումները կարող են իրականացվել միայն որպես ծայրահեղ (վերջին) միջոց (last resort), երբ այլընտրանքային եղանակով անհնարին է առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը։ Այսինքն՝ նշված միջոցառումները ոչ միայն պետք է իրականացվեն դրանց բնույթին և նպատակային նշանակությանը համապատասխան, այլ նաև այն դեպքում, երբ բացակայում են անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցներ, այդ թվում՝ քրեական գործով վարույթի շրջանակում քրեական դատավարության օրենսգրքով կոնկրետ տեղեկությունների ձեռքբերման համար նախատեսված միջոցները: 13․1․ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելիս պահանջվող՝ անձի կողմից ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու կասկածի առկայության չափանիշի դատական ստուգմանը, արձանագրել է, որ նշված չափանիշը գնահատելիս դատարանը ստուգման է ենթարկում ենթադրյալ արարքի նախնական իրավական գնահատականի համապատասխանությունը ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասերին, հետևաբար, եթե ներկայացված տեղեկատվությունն առերևույթ վկայում է անձի կողմից ենթադրյալ այնպիսի հանցագործության կատարման մասին, որը համարվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանք, ապա պետք է հաստատված համարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված առաջին չափանիշի առկայությունը՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակները, մասնավորապես՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը և կանխումը, հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը։ 14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ - 2023 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել Ա․Կանդևոսյանի նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասին միջնորդություն, - ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության երրորդ բաժնի օպերլիազորի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 20-ին կազմված և վերը նշված միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված արձանագրության համաձայն՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Ա․Կանդևոսյանը որդուն բժշկական կեղծ ախտորոշման միջոցով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար պատրաստվում է անձամբ կամ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ ՀՀ պաշտպանության նախարարության դեռևս չպարզված պաշտոնատար անձանց, - Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը և թույլատրվել է երկու ամիս ժամկետով Ա․Կանդևոսյանի նկատմամբ իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, - Վերաքննիչ դատարանը, Ա․Կանդևոսյանի նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասով բեկանելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատական ակտը, իր հետևությունը պայմանավորել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում կաշառք տալու խոշոր և առանձնապես խոշոր չափերի մասով օրենսդրական բացի առկայության մասին դատողությամբ՝ դրանով պայմանավորված եզրահանգում կատարելով այն մասին, որ ներկայացված միջնորդությունը բավարար տվյալներ չի պարունակել առ այն, որ դրանում նկարագրված ենթադրյալ արարքն առերևույթ հանդիսանում է ծանր հանցանք։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ ներկայացված միջնորդությունը չի բավարարել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավաչափության՝ հանցանքի տեսակին վերաբերող պայմանին, և այդ մասով Առաջին ատյանի դատական ակտը բեկանել է: 15. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13․1-ին կետերում մեջբերված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով, հանգել է ոչ իրավաչափ հետևության։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, իր հետևությունը կառուցելով քրեական օրենքի՝ անձի դատապարտման չափանիշների համատեքստում գնահատվող իրավական որոշակիության սկզբունքի լույսի ներքո օրենսդրական բացի առկայության կամ բացակայության հարցի քննարկման արդյունքում արված դատողության վրա և դրանով իսկ պայմանավորելով Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդության մեջ նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքն առերևույթ ծանր հանցագործություն չհանդիսանալու մասին իր եզրահանգումը, դուրս է եկել օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման դատական երաշխիքների շրջանակից՝ քննության առարկա դարձնելով այնպիսի իրավական հարց, որը տվյալ վարույթով քննարկման առարկա հանդիսանալ չէր կարող։ Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման դատական երաշխիքների վարույթը չի հետապնդում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի միջնորդության մեջ կասկածի մակարդակում վկայակոչվող առերևույթ հանցավոր արարքի հավանական քրեաիրավական գնահատականն ուրվագծող հանգամանքների՝ ոչ միայն անձի դատապարտման, այլ նույնիսկ քրեական հետապնդում հարուցելու և հարկադրանքի միջոց կիրառելու համար պահանջվող չափանիշներով հետազոտելու և գնահատական տալու կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի կողմից տրված նախնական գնահատականը ստուգելու և համապատասխան որոշում կայացնելու նպատակ։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական երաշխիքների շրջանակներում ներկայացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մասնավորապես «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» և «Ներքին դիտում» իրականացնելու թույլտվության մասին միջնորդությունները լուծելիս վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ միջնորդության մեջ նկարագրված ենթադրյալ արարքն ակնհայտորեն չհամապատասխանի քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված համապատասխան ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության հանցակազմի հատկանիշներին կամ ներկայացված նյութերով չհավաստվի անձի կողմից այդ ենթադրյալ արարքն առերևույթ կատարելու կասկածը։ 15․1․ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդության և դրան կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով հավաստվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Ա.Կանդևոսյանը պատրաստվում է անձամբ կամ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ ՀՀ պաշտպանության նախարարության դեռևս չպարզված պաշտոնատար անձանց՝ որդուն բժշկական կեղծ ախտորոշման միջոցով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար։ Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը պատժվում է երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկմամբ՝ նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի դրույթների կարգավորմամբ դասվելով ծանր հանցագործությունների շարքին։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման դատական երաշխիքների շրջանակից, դատողություն է արել առ այն, որ ներկայացված միջնորդությունը բավարար տվյալներ չի պարունակել դրանում նկարագրված ենթադրյալ արարքի առերևույթ ծանր հանցանք հանդիսանալու մասին՝ հանգելով ստորադաս դատարանի դատական ակտն այդ հիմքով բեկանելու վերաբերյալ ոչ իրավաչափ հետևության: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված՝ Վճռաբեկ դատարանի՝ Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշման համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, բավարար չափով կանխատեսելի չեն, ուստի չեն կարող անձին դատապարտելու հիմք հանդիսանալ, հետևաբար Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածում օրենսդրական բացի առկայության հարցն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվության մասին միջնորդության քննության շրջանակում դատարանի քննարկման առարկա հանդիսանալ չէր կարող: 16․ Արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Կանդևոսյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը որոշակի մասով բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։ 17․ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է բողոքարկված դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ՝ թույլ չտալով վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի դատական ակտը պետք է բեկանել և կայացնել փոխարինող դատական ակտ՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմանը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1․ Թիվ ՕՀՄ-09/20․12․2023 դատական վարույթով Արմեն Արշավիրի Կանդևոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմանը: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ս․ՉԻՉՈՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ