Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ԵԴ/0228/01/19
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ/0228/01/19
- Դիմող / մեղադրյալ
- Նազիկ Ամիրյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 26.12.2025
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
20 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 38. Հանցակիցների տեսակները
- Հոդված 46. Հանցակիցների տեսակները
- Հոդված 84. Պատիժը պայմանականորեն չկիրառելը
- Հոդված 179. Յուրացնելը կամ վատնելը
- Հոդված 182. Շորթումը
- Հոդված 205. Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը
- Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
- Հոդված 256. Վստահված գույքը հափշտակելը
- Հոդված 258. Շորթումը
- Հոդված 290. Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը
- Հոդված 335. Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 155. Քաղաքացիական հայցով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման նշանակությունը
- Հոդված 158. Քաղաքացիական հայցի հարուցումը
- Հոդված 162. Գույքային հայցի լուծումը
- Հոդված 358. Դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելը
- Հոդված 362. Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը
- Հոդված 367. Քաղաքացիական հայցը լուծելը դատավճիռ կայացնելիս
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/0228/01/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Մ․Մարտիրոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Ա․Նահապետյան
Կ․Ամիրյան
Ա․Հովհաննիսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
2025 թվականի դեկտեմբերի 26-ին քաղաք Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման դեմ ամբաստանյալ Նազիկ Հովհաննեսի Ամիրյանի, պաշտպան Գ.Գրիգորյանի և ամբաստանյալ Մանվել Սեկտորի Գրիգորյանի իրավահաջորդ Ա․Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1․ 2019 թվականի ապրիլի 16-ին Մանվել Սեկտորի Գրիգորյանի և Նազիկ Հովհաննեսի Ամիրյանի վերաբերյալ թիվ 62202719 քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2020 թվականի նոյեմբերի 19-ին Մ․Գրիգորյանը մահացել է։
Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ թիվ ԵԴ/0228/01/19 քրեական գործի վարույթը շարունակվել է, հիմք ընդունելով ամբաստանյալ Մ․Գրիգորյանի իրավահաջորդ Ա․Գրիգորյանի առարկությունն առ այն, որ գործի քննությունն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար։
1․1․ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ի դատավճռով Մանվել Սեկտորի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել մեկ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեկ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, մեկ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, մեկ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքներում և Մ․Գրիգորյանի նկատմամբ պատիժ չի նշանակվել՝ մահացած լինելու պատճառաբանությամբ:
Նույն դատավճռով ամբաստանյալ Նազիկ Հովհաննեսի Ամիրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքներում և պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 5 (հինգ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով՝ 101․232․917 (հարյուր մեկ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր յոթ) ՀՀ դրամ գումարին համարժեք գույքի կամ դրամական միջոցների՝ որպես հանցավոր ծագում ունեցող եկամտի բռնագրավմամբ:
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի կիրառմամբ ամբաստանյալ Ն․Ամիրյանը ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից։
ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիական հայցը բավարարվել է և Մ․Գրիգորյանի գույքից և դրամական միջոցներից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 1․255․003․300 (մեկ միլիարդ երկու հարյուր հիսունհինգ միլիոն երեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ՝ որպես վատնման եղանակով հափշտակություն կատարելու դրվագով Հայաստանի Հանրապետությանն անմիջականորեն պատճառված վնասի և 562․013․012 (հինգ հարյուր վաթսուներկու միլիոն տասներեք հազար տասներկու) ՀՀ դրամ գումար` որպես հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դրվագներով Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի հատուցում։
Քաղաքացիական հայցվոր «***» հասարակական կազմակերպության քաղաքացիական հայցը՝ Մ.Գրիգորյանից հօգուտ «***» հասարակական կազմակերպության 102․408․095 (հարյուր երկու միլիոն չորս հարյուր ութ հազար իննսունհինգ) ՀՀ դրամ գումար՝ որպես ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա գումարի և դրա չվճարման համար նշանակված տույժերի հանրագումար բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ, ինչպես նաև մերժվել է Մ․Գրիգորյանից հօգուտ «***» հասարակական կազմակերպության 101․232․917 (հարյուր մեկ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ գումար վնասից՝ 82․700․000 (ութսուներկու միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իրեղեն ապացույց ճանաչված «Ուազ» մակնիշի ավտոմեքենաներն որպես սեփականություն հանձնելու պահանջի մասին հայցը այդ ավտոմեքենաներն որպես իրեղեն ապացույց տնօրինման ենթակա լինելու պատճառաբանությամբ:
Տուժողի իրավահաջորդ ******** քաղաքացիական հայցը՝ ***************** քաղաքի *********************** փողոցների խաչմերուկի հյուսիսարևելյան մասում գտնվող բենզալցակայանն իրեն որպես տուժողի իրավահաջորդի վերադարձնելու, իր սեփականության իրավունքը դրա նկատմամբ ճանաչելու, Մ․Գրիգորյանից նաև 2․000․000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումար բռնագանձելու և այդ բենզալցակայանի նկատմամբ «***************» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն և Արմավիրի մարզի ************ քաղաքի *********************** փողոցների խաչմերուկի հյուսիսարևելյան մասում գտնվող, 2007թ․ սեպտեմբերի 12-ին որպես «************» ՍՊ ընկերության սեփականություն գրանցված (սեփականության վկայական թիվ ***********, կադաստրի ծածկագիր **************) բենզալցակայանի նկատմամբ ճանաչվել է տուժող ************** իրավահաջորդ **************** սեփականության իրավունքը՝ դադարեցնելով այդ անշարժ գույքի նկատմամբ «************» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը: Մնացած մասով հայցադիմումը թողնվել է առանց քննության:
Նույն դատավճռով Մ․Գրիգորյանի գույքից, դրամական միջոցներից և Ն․Ամիրյանի գույքից, դրամական միջոցներից համապարտությամբ, հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է թիվ 18-1243 եզրակացությամբ ներկայացված ձայնագրառման փորձաքննության, թիվ 59441801 եզրակացությամբ ներկայացված դատաձեռագրաբանական փորձաքննության, թիվ 61081801 եզրակացությամբ ներկայացված դատաձեռագրաբանական փորձաքննության, թիվ 18-1203 եզրակացությամբ ներկայացված դատաապրանքագիտական, սննդային, մանրէաբանական, նյութագիտական համալիր փորձաքննության, թիվ 18-1326 եզրակացությամբ ներկայացված դատաապրանքագիտական, դատասննդային և մանրէաբանական համալիր փորձաքննության, թիվ 18-1276 եզրակացությամբ ներկայացված դատաապրանքագիտական, դատասննդային, մանրէաբանական համալիր փորձաքննության և թիվ 18-1237 եզրակացությամբ ներկայացված սննդային փորձաքննության արժեք հանդիսացող՝ 5․737․200 (հինգ միլիոն յոթ հարյուր երեսունյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ ընդհանուր գումար` որպես դատական ծախս։
2․ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա.Ժամկոչյանի և ամբաստանյալ Ն․Ամիրյանի և պաշտպան Գ․Գրիգորյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը Ն.Ամիրյանի մասով մասնակիորեն փոփոխվել է և դատավճռի եզրափակիչ մասի 2-րդ կետից հանվել են «101․232․917 (հարյուր մեկ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր յոթ) ՀՀ դրամ գումարին համարժեք գույքի կամ դրամական միջոցների՝ որպես հանցավոր ծագում ունեցող եկամտի բռնագրավմամբ» բառերը, դատավճռի եզրափակիչ մասի 2-րդ կետից հանվել են ««Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի կիրառմամբ ամբաստանյալ Նազիկ Հովհաննեսի Ամիրյանին ազատել ազատազրկման ձևով նշանակված պատժից։» բառերը, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Ն․Ամիրյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ նշանակված՝ 5 (հինգ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով, դատավճռի եզրափակիչ մասի 6-րդ կետը շարադրվել է հետևյալ կերպ․ «Թիվ 18-1243 եզրակացությամբ ներկայացված ձայնագրառման փորձաքննության, թիվ 59441801 եզրակացությամբ ներկայացված դատաձեռագրաբանական փորձաքննության, թիվ 61081801 եզրակացությամբ ներկայացված դատաձեռագրաբանական փորձաքննության, թիվ 18-1203 եզրակացությամբ ներկայացված դատաապրանքագիտական, սննդային, մանրէաբանական, նյութագիտական համալիր փորձաքննության, թիվ 18-1326 եզրակացությամբ ներկայացված դատաապրանքագիտական, դատասննդային և մանրէաբանական համալիր փորձաքննության, թիվ 18-1276 եզրակացությամբ ներկայացված դատաապրանքագիտական, դատասննդային, մանրէաբանական համալիր փորձաքննության և թիվ 18-1237 եզրակացությամբ ներկայացված սննդային փորձաքննության արժեք հանդիսացող՝ 5․737․200 (հինգ միլիոն յոթ հարյուր երեսունյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ ընդհանուր գումարից 2,788,800 ՀՀ դրամը Մանվել Գրիգորյանի, իսկ 2,948,400 ՀՀ դրամը համապարտության կարգով նաև Նազիկ Ամիրյանի գույքից, դրամական միջոցներից բռնագանձել հօգուտ ՀՀ պետական բյուջեի՝ որպես դատական ծախս»։ Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։
3. Վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ն․Ամիրյանը, պաշտպան Գ.Գրիգորյանը և ամբաստանյալ Մ․Գրիգորյանի իրավահաջորդ Ա․Գրիգորյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
3․1․ 2025 թվականի նոյեմբերի 28-ին տուժողի իրավահաջորդ **************** ներկայացուցիչ ************* կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. Բողոքաբերները փաստել են, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել արդարադատության բուն էությունը:
4․1․ Բողոքաբերները գնահատելով և վերլուծելով նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված յուրաքանչյուր ապացույց` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգել են այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները` ամբաստանյալներ Մ․Գրիգորյանին և Ն․Ամիրյանին առաջադրված մեղադրանքներում հանցագործության հատկանիշների առկայության մասին չեն հիմնավորվում քրեական գործով ձեռք բերված և փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար համակցությամբ:
Ըստ բողոքաբերի՝ դատավճռում բացակայում է պատճառաբանական մասը, ստորադաս դատարանը վերացական և ընդհանուր բնույթի դատողություններով հաստատված է համարել ամբաստանյալներ Մ․Գրիգորյանին և Ն․Ամիրյանին առաջադրված մեղադրանքները։
4․2․ Բացի այդ՝ բողոքաբերները գտել են, որ առկա է իրավունքի զարգացման խնդիր կապված այն հարցադրման հետ, թե արդյոք մահացած մեղադրյալի դեմ կարող է ներկայացվել քաղաքացիական հայց։
Մասնավորապես, ըստ բողոքաբերների սույն քրեական վարույթով հանրային մեղադրողի կողմից քաղաքացիական հայցը դատարան է ներկայացվել այն ժանամակ, երբ Մ․Գրիգորյանը արդեն մահացած է եղել, իսկ վերջինիս իրավունակությունը դադարած և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն քաղաքացիական հայցի վարույթը ենթակա է եղել կարճման։
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը, ճանաչել և հռչակել Մանվել Սեկտորի Գրիգորյանի և Նազիկ Հովհաննեսի Ամիրյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքներում, ՀՀ գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդ ************ քաղաքացիական հայցերի կապակցությամբ վարույթը կարճել և վերացնել նախաքննության մարմնի կողմից դրված գույքի կալանքները։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6․ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տուժողի իրավահաջորդ ************ ներկայացուցիչ ************* քաղաքացիական հայց է ներկայացրել Առաջին ատյանի դատարան։
6․1․ Մահվան մասին թիվ ******** վկայականի համաձայն՝ Մանվել Սեկտորի Գրիգորյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 19-ին,
6․2․ 2023 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Մանվել Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի՝ վատնման եղանակով հափշտակություն կատարելու դրվագով մեղսագրված հանցագործության կատարման արդյունքում ՀՀ-ին պատճառված 1․255․003․300 (մեկ միլիարդ երկու հարյուր հիսունհինգ միլիոն երեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ գումար և որպես հարկ վճարելուց չարամտորեն խուսափելու դրվագով մեղսագրված հանցագործության կատարման արդյունքում ՀՀ-ին պատճառված վնաս 562․013․012 (հինգ հարյուր վաթսուներկու միլիոն տասներեք հազար տասներկու) ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով:
7․ Առաջին ատյանի դատարանը, Մ․Գրիգորյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցերի մասով արձանագրել է հետևյալը․ «(…) ՀՀ գլխավոր դատախազությունը Դատարանից խնդրել է ամբաստանյալ և քաղաքացիական պատասխանող Մանվել Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1․255․003․300 /մեկ միլիարդ երկու հարյուր հիսունհինգ միլիոն երեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ գումար և 562․013․012 /հինգ հարյուր միլիոն տասներեք հազար տասներկու/ ՀՀ դրամ գումար` որպես հանցագործություններով պատճառված վնասի հատուցում:
Հաշվի առնելով, որ ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի կողմից կատարված վերոհիշյալ հանցագործությունների հետևանքով ՀՀ պետական բյուջեին նշված գումարների չափով վնաս պատճառելը հաստատվել է դատական քննությամբ՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ և քաղաքացիական պատասխանող Մանվել Գրիգորյանի գույքից և դրամական միջոցներից հօգուտ ՀՀ պետական բյուջեի՝ 1․255․003․300 /մեկ միլիարդ երկու հարյուր հիսունհինգ միլիոն երեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ գումար և 562․013․012 /հինգ հարյուր միլիոն տասներեք հազար տասներկու/ ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասին ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիական հայցը հիմնավորված է և ենթակա է բավարարման, ամբաստանյալ և քաղաքացիական պատասխանող Մանվել Գրիգորյանի գույքից և դրամական միջոցներից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել 1․255․003․300 /մեկ միլիարդ երկու հարյուր հիսունհինգ միլիոն երեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ գումար և 562․013․012 /հինգ հարյուր միլիոն տասներեք հազար տասներկու/ ՀՀ դրամ գումար` որպես հանցագործություններով պատճառված վնասների հատուցում:
Քննելով քաղաքացիական հայցվոր «***» հասարակական կազմակերպության քաղաքացիական հայցը՝ Մանվել Գրիգորյանից հօգուտ «***» հասարակական կազմակերպության 102․408․095 /հարյուր երկու միլիոն չորս հարյուր ութ հազար իննսունհինգ/ ՀՀ դրամ գումար՝ որպես ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա գումար և դրա չվճարման համար նշանակված տույժերի հանրագումար բռնագանձելու պահանջի մասին՝ Դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ, քանի որ հայցադիմումում նշված գումարը ներառված է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցադիմումում՝ որպես պետությանը պատճառված վնաս, «****» հասարակական կազմակերպության՝ հարկերից խուսափելու դրվագով վնաս է պատճառվել ոչ թե «****» հասարակական կազմակերպությանը, այլ ՀՀ պետական բյուջեին։
Քննելով քաղաքացիական հայցվոր «***» հասարակական կազմակերպության քաղաքացիական հայցը՝ Մանվել Գրիգորյանից հօգուտ «***» հասարակական կազմակերպության 101․232․917 /հարյուր մեկ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ գումար վնասից՝ 82․700․000 /ութսուներկու միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իրեղեն ապացույց ճանաչված «Ուազ» մակնիշի ավտոմեքենաներն որպես սեփականություն հանձնելու, իսկ մնացած 18․532․917 /տասնութ միլիոն հինգ հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամը՝ որպես քաղաքացիների և կազմակերպությունների կողմից «***» հասարակական կազմակերպությանը հատկացված և հափշտակված պարենային, տնտեսական և բժշկական ապրանքների արժեք բռնագանձելու պահանջի մասին՝ Դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման, քանի որ նշված ավտոմեքենաներն ենթակա են տնօրինման որպես իրեղեն ապացույց, իսկ մնացած՝ 18․532․917 /տասնութ միլիոն հինգ հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ գումարի վնասը ներառված է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցադիմումում:
Քննելով տուժողի իրավահաջորդ **************** քաղաքացիական հայցը՝ ************ շորթման արդյունքում հափշտակված, ****************** քաղաքի **************** փողոցների խաչմերուկի հյուսիսարևելյան մասում գտնվող բենզալցակայանն իրեն որպես տուժողի իրավահաջորդի վերադարձնելու, իր սեփականության իրավունքը դրա նկատմամբ ճանաչելու, Մանվել Գրիգորյանից նաև 2․000․000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ գումար բռնագանձելու և այդ բենզալցակայանի նկատմամբ «***************» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին՝ Դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման մասնակիորեն՝ հետևյալ պատճառաբանությամբ․
Քրեական գործի դատական քննությամբ հիմնավորվել է, որ ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը 2004-2007թթ․ ժամանակահատվածում, *********** քաղաքում կազմակերպել է տուժող ****************** սեփականության իրավունքով 2004 թվականից պատկանած, ***************** քաղաքի *************************** փողոցների խաչմերուկի հյուսիսարևելյան մասում գտնվող, կիսակառույց բենզալցակայանի հափշտակությունը շորթման եղանակով։
Այդ բենզալցակայանը Մանվել Գրիգորյանի կազմակերպմամբ ներդրվել է «************ ***********» ՍՊ ընկերությունում, որի բաժնետերերը ձևականորեն հանդիսացել են տարբեր անձինք, այդ թվում Մանվել Գրիգորյանի հրահանգները կատարող, իրականում նշված ՍՊ ընկերության հետ որևէ առնչություն չունեցող, «****» մականվամբ ******** ***********։ Վերջինիս ընտանիքի անդամները նույնպես տեղեկացված են եղել այդ մասին։ Այդ պատճառով, ******************* մահից հետո նրա հարազատներն ընդունելով ժառանգությունը՝ «**********************» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող նշված բենզալցակայանը Մանվել Գրիգորյանին հանձնելու նպատակով նշված ՍՊ ընկերության բաժնեմասերը նվիրել են Մանվել Գրիգորյանի կին Նազիկ Ամիրյանին։
Հետևաբար ********* մարզի ****************** քաղաքի *************-*************** փողոցների խաչմերուկի հյուսիսարևելյան մասում գտնվող, 2007թ․ սեպտեմբերի 12-ին որպես «******************» ՍՊ ընկերության սեփականություն գրանցված (սեփականության վկայական թիվ ***********, կադաստրի ծածկագիր *************) բենզալցակայանի նկատմամբ ենթակա է ճանաչման տուժող ******* ********** իրավահաջորդ ******************* սեփականության իրավունքը՝ դադարեցնելով այդ անշարժ գույքի նկատմամբ «***********************» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը:(...)»:
8. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ նշել է հետևյալը. «(…) 5.13. Անդրադառնալով քաղաքացիական հայցի վերաբերյալ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքում բարձրացված փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին փաստարկը վերաբերում է Մանվել Գրիգորյանի մահվան հիմքով քաղաքացիական հայցը կարճելու անհրաժեշտությանը։ Որպես նշված փաստարկի հիմնավորում՝ բողոքաբերները մատնանշում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի այն կարգավորումը, որ գործին մասնակցող հայցվորի կամ պատասխանողի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վկայակոչված իրավակարգավորումը վերաբերում է իրավահաջորդության հարցի լուծմանը և քննության առարկա դեպքի նկատմամբ չի կարող հանդես գալ՝ որպես կիրառման ենթակա իրավական նորմ։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ քաղաքացիական հայցը քրեական դատավարության կարգով լուծվում է դատավճռով, իսկ տվյալ դեպքում Մանվել Գրիգորյանի մահից հետո վերջինիս իրավահաջորդի դիրքորոշումը հաշվի առնելով՝ գործի քննությունը շարունակվել է, ինչն Առաջին ատյանի դատարանին հնարավորություն է տվել դատավճռով լուծել քաղաքացիական հայցի հարցը։
Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ *****-ին որոշ կազմակերպությունների և անհատների կողմից տրամադրվել են որոշակի միջոցներ, նյութական բարիքներ, ինչով պայմանավորված վերջիններս պետք է ճանաչվեն դատավարության մասնակից և հանդես գան տուժող կողմ, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ այդ նյութական բարիքները ****-ին տրամադրելու պահից այդ կազմակերպություններն ու անձինք այլևս չեն հանդիսացել դրանց սեփականատերը, ինչն իրավաչափ է դարձնում վերջիններիս՝ քննության առարկա գործով տուժողի դատավարական կարգավիճակով չօժտելու հանգամանքը։
Ինչ վերաբերում է համապատասխան կատարողական վարույթների առկայության վերաբերյալ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքում բարձրացված փաստարկին, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է առնվազն այն, որ տվյալ դեպքում բողոքաբերների կողմից չի մատնանշվել կոնկրետ օրենսդրական այնպիսի կարգավորում, որը բացառում է կատարողական վարույթի առկայության պայմաններում դատարանի կողմից քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցի քննարկումն ու լուծումը։ Բացի այդ, ներկայացված բողոքն այս մասով անհրաժեշտ չափով պատճառաբանված և փաստարկված չէ։ Ինչ վերաբերում է կրկնակի պատասխանատվությանը, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հանցավոր արարքի կատարման արդյունքում պատճառված վնասը չի կարող կրկնակի հատուցման ենթակա լինել։(…)»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9․ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացրել է, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումները:
9․1․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կառուցակարգով վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է։ Այդ շրջանակներում մահացած մեղադրյալի (ամբաստանյալի) դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու և այն քննելու իրավաչափության կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:
10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք ստորադաս դատարանների կողմից Մ.Գրիգորյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցերի բավարարումը նրա մահվանից հետո։
11․ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: (…)։
ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով:
2. Քաղաքացիական դատավարական օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, և քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով:
3. Քաղաքացիական հայցով որոշումն ընդունվում է քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:
4. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները:»:
ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով»:
ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն` « 1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ:
2. Քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար»։
ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի համաձայն` «Դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով քաղաքացիական հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, կամ մերժում է դրա բավարարումը, կամ այն թողնում է առանց քննության:»։
12․ Վերոգրյալ իրավական ակտերի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական հայցի հարուցման, ապացուցման և լուծման կապակցությամբ կիրառվող նորմեր են հանդիսանում ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթները, որտեղ մահացած մեղադրյալի (ամբաստանյալի) դեմ քաղաքացիական հայց հարուցելու և լուծելու կառուցակարգեր առկա չեն։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է քննարկել քաղաքացիական դատավարության օրենսգրքով այդպիսի հայց հարուցելու իրավական կառուցակարգերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն` «1. Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`
(…)
4) գործին մասնակցող անձը մահացել է, և վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.»։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն`
«1. Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:
2. Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:»։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 434-րդ հոդվածի համաձայն` «1. Պարտավորությունը դադարում է պարտապանի մահով, եթե կատարումը չի կարող տեղի ունենալ առանց պարտապանի անձնական մասնակցության, կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտապանի անձի հետ:»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն` «1. Դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում և այլն) դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ:
2. Դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում»։
13․ Վճռաբեկ դատարանը քաղաքացիական գործի շրջանակներում դիրքորոշում է հայտնել այն մասին, որ գործի վարույթի կասեցումը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը: Միաժամանակ, օրենքով գործի վարույթի կասեցման համար նախատեսված են երկու խումբ հիմքեր: Դրանցից առաջին խումբը վերաբերում է սպառիչ թվարկված այն հիմքերին, որոնց առկայության դեպքում գործի քննության շարունակումը դառնում է անհնարին, և դատարանը պարտավոր է դրանցից որևէ մեկի ի հայտ գալուց հետո կասեցնել գործի վարույթը: Այդպիսի հիմքերից է նաև գործին մասնակցող քաղաքացու մահը, որի դեպքում գործի կողմերից մեկը դուրս է մնում հետագա դատավարությունից, ինչը բացառում է դրա շարունակումը: Իսկ երկրորդ խումբը վերաբերում է այն հիմքերին, որոնց առկայությունը գործի քննության հետագա շարունակումը կարող է դարձնել անհնարին կամ դժվարացնել, և դատարանը, ելնելով գործի փաստական հանգամանքներից, յուրաքանչյուր դեպքում պետք է որոշի գործի հետագա քննության շարունակման նպատակահարմարությունը: Այդ իսկ պատճառով երկրորդ խումբ հիմքերն օրենքով սպառիչ թվարկված չեն, այլ դատարանին իրավունք է տրված օրենքով նախատեսված այլ դեպքերում ևս կասեցնել գործի վարույթը: Այսինքն` գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է: Մասնավորապես` գործին մասնակցող քաղաքացու մահվան դեպքում նրան իրավահաջորդով փոխարինելը հետապնդում է դատավարությունում այդ կողմի ներկայությունն ապահովելու և դրա միջոցով նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակ, որի բացակայության դեպքում գործի վարույթը վկայակոչված հիմքով կասեցվել չի կարող, քանի որ իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել միայն շահագրգիռ անձի կողմից որոշակի դատավարական գործողություններ կատարելու դեպքում, այդ թվում նաև` վերաքննիչ բողոք ներկայացնելու միջոցով:
13.1. Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է նաև, որ որպես ընդհանուր կանոն, հայցը ներկայացվում է դատավարական իրավունակություն և գործունակություն ունեցող հայցվորի կողմից ընդդեմ դատավարական իրավունակություն և գործունակություն ունեցող պատասխանողի: Այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը մահացել է, և վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, ապա դատարանը կրում է դատավարական պարտականություն՝ կասեցնելու հարուցված գործի վարույթը՝ մինչև իրավահաջորդության հարցի լուծումը: Այսինքն՝ այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձի մահվան հիմքով վերջինս դուրս է մնում հետագա դատավարությունից, ապա դատարանը պարտավոր է բացառել գործի ըստ էության հետագա շարունակումը՝ մինչև իրավահաջորդության հարցի լուծումը: Գործող քաղաքացիական դատավարության օրենսգիրքը պատասխանողի մահվան դեպքում նախատեսում է երկու դատավարական հետևանք, մասնավորապես՝ գործի վարույթի կարճում՝ եթե հայցը հարուցվել է մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ) և գործի վարույթի կասեցում՝ եթե հայցը հարուցելիս դատավարական գործունակությամբ օժտված գործին մասնակցող անձը (այդ թվում՝ պատասխանողը) մահացել է, և վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ): Օրենսդիրը սահմանել է այն տարբերակված մոտեցումը, որ եթե պատասխանողը մահացել է մինչև հայցի հարուցումը, ապա վերջնիս դեմ հարուցված հայցը չի կարող լինել կենսունակ և տվյալ դեպքում, բացառելով իրավահաջորդությունը, նախատեսել է միայն գործի վարույթը կարճելու դատարանի պարտականությունը: Մինչդեռ, այն դեպքում, երբ հայցը հարուցելիս գործին մասնակցող անձը (տվյալ դեպքում՝ պատասխանողը) եղել է կենդանի, օժտված է եղել դատավարական գործունակությամբ, ապա հայցը հարուցելուց հետո դատավարության ցանկացած փուլում մահանալու դեպքում, վիճելի իրավահարաբերության բնույթով պայմանավորված, վերջինս պետք է փոխարինվի իրավահաջորդով: Այսինքն՝ երկրորդ դեպքում դատավարական հետևանքը մահացած պատասխանողին իրավահաջորդով փոխարինելն է՝ եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
14․ ՀՀ սահմանադրական դատարանը՝ 2025 թվականի փետրվարի 5-ի թիվ ՍԴՈ-1767 որոշմամբ փաստել է, որ քրեական վարույթում դատարանի կողմից հաստատվող անձի մեղավորությունը և արարք կատարելը հաստատվում են ողջամիտ կասկածից վեր շեմով, մինչդեռ գույքային հայցը լուծվում է քաղաքացիական դատավարության ապացուցողական շեմով: Դրա ապացույցն է այն, որ 2021 թվականի քրեական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Արդարացման դատավճիռ կայացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու դեպքում, ելնելով հայցի ապացուցվածությունից, դատարանն իրավասու է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու»: Նշված կարգավորումների հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անգամ քրեական վարույթում արարքը կատարելու և հայցի ապացուցվածության հետ կապված փաստերը հաստատող որոշումները չեն կայացվում այն շեմից բարձր շեմով, որով նույն հարցերը լուծվում են քաղաքացիական վարույթի ընթացքում կայացվող որոշումներով: Հետևաբար՝ գույքային հարցերի լուծման քրեադատավարական կարգն օրենսդրի հռչակած կամ իրավաչափորեն հնարավոր նպատակների իրագործելիության տեսակետից որևէ կերպ ավելի արդյունավետ համարվել չի կարող՝ դատավարական այլ կարգերի համեմատ:
15․ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն անդրադառնալով քրեական վարույթի ընթացքում քաղաքացիական հայցի ներկայացման ապահովման հնարավորության հարցին նշել է, որ արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության սկզբունքի համատեքստում, որը ենթադրում է, որ յուրաքանչյուր անձ պետք է ունենա արդյունավետ դատական պաշտպանության միջոց՝ իր քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար։ Հետևաբար, յուրաքանչյուր անձ իրավասու է դատարան կամ այլ իրավասու մարմին ներկայացնել իր քաղաքացիական իրավունքներին ու պարտավորություններին վերաբերող ցանկացած պահանջ։ Այսպիսով, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է «դատարան դիմելու իրավունքը», որի բաղադրիչ մաս է հանդիսանում դատարան դիմելու մատչելիության իրավունքը, այսինքն՝ քաղաքացիական բնույթի հարցերով դատական վարույթ նախաձեռնելու հնարավորությունը։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Perez v. France գործով կայացած վճռով ընդգծել է, որ այն դեպքում, երբ քրեական դատավարության շրջանակում ներկայացվում է քաղաքացիական հայց՝ վնասի հատուցման պահանջով, այդ պահանջը ձեռք է բերում քաղաքացիաիրավական բնույթ, որը ներառված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում և քաղաքացիական հայցի քննությունը պետք է ապահովվի արդար դատաքննության երաշխիքներով՝ անկախ քրեական գործի ելքից կամ մեղադրանքի արդյունքից։
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- 2019 թվականի ապրիլի 16-ին թիվ 62202719 քրեական գործն ըստ մեղադրանքի Մանվել Սեկտորի Գրիգորյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, երկու դրվագ՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Նազիկ Հովհաննեսի Ամիրյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հաստատված մեղադրական եզրակացությամբ ստացվել է Առաջին ատյանի դատարան, գործին տրվել է թիվ ԵԴ/0228/01/19 համարը,
- 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տուժողի իրավահաջորդ *********** ներկայացուցիչ ******** քաղաքացիական հայց է ներկայացրել Առաջին ատյանի դատարան,
- 2020 թվականի դեկտեմբերի 1-ին Առաջին ատյանի դատարան է ներկայացվել Մանվել Սեկտորի Գրիգորյանի մահվան մասին թիվ ******** վկայականը, համաձայն որի՝ Մանվել Սեկտորի Գրիգորյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 19-ին,
- Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ թիվ ԵԴ/0228/01/19 քրեական գործի վարույթը շարունակվել է, հիմք ընդունելով ամբաստանյալ Մ․Գրիգորյանի իրավահաջորդ Ա․Գրիգորյանի առարկությունն առ այն, որ գործի քննությունն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար։
- 2023 թվականի ապրիլի 7-ին «****» հասարակական կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Մանվել Գրիգորյանից հօգուտ «****» հասարակական կազմակերպության 102․408․095 (հարյուր երկու միլիոն չորս հարյուր ութ հազար իննսունհինգ) ՀՀ դրամ գումար՝ որպես հարկեր չվճարելու նպատակով, «***» հասարակական կազմակերպության հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու և փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով վճարումից խուսափած, ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա գումարի և դրա չվճարման համար նշանակված տույժերի հանրագումար բռնագանձելու պահանջով:
- 2023 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Մանվել Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի՝ վատնման եղանակով հափշտակություն կատարելու դրվագով մեղսագրված հանցագործության կատարման արդյունքում ՀՀ-ին պատճառված 1․255․003․300 (մեկ միլիարդ երկու հարյուր հիսունհինգ միլիոն երեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ գումար և որպես հարկ վճարելուց չարամտորեն խուսափելու դրվագով մեղսագրված հանցագործության կատարման արդյունքում ՀՀ-ին պատճառված վնաս 562․013․012 (հինգ հարյուր վաթսուներկու միլիոն տասներեք հազար տասներկու) ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով:
- 2023 թվականի հունիսի 23-ին «***» հասարակական կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Մանվել Գրիգորյանի կողմից որպես առանձնապես խոշոր չափերի գույքի յուրացման արդյունքում «****» հասարակական կազմակերպությանը պատճառված 101․232․917 (հարյուր մեկ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ գումար վնասից՝ 82․700․000 (ութսուներկու միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իրեղեն ապացույց ճանաչված «Ուազ» մակնիշի ավտոմեքենաները «****» հասարակական կազմակերպությանը որպես սեփականություն հանձնելու, իսկ մնացած, քաղաքացիների և կազմակերպությունների կողմից հավաքված մեծաքանակ պարենային, տնտեսական և բժշկական ապրանքների արժեք հանդիսացող 18․532․917 (տասնութ միլիոն հինգ հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր տասնյոթ) ՀՀ դրամը բռնագանձելու պահանջով:
- Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի նոյեմբերի 27-ի դատավճռով վճռել է. ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիական հայցը բավարարել՝ Մանվել Սեկտորի Գրիգորյանի գույքից և դրամական միջոցներից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1․255․003․300 (մեկ միլիարդ երկու հարյուր հիսունհինգ միլիոն երեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ՝ որպես վատնման եղանակով հափշտակություն կատարելու դրվագով Հայաստանի Հանրապետությանն անմիջականորեն պատճառված վնասի և 562․013․012 (հինգ հարյուր վաթսուներկու միլիոն տասներեք հազար տասներկու) ՀՀ դրամ գումար` որպես հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դրվագներով Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի հատուցում։
Քաղաքացիական հայցվոր «****» հասարակական կազմակերպության քաղաքացիական հայցը՝ Մանվել Գրիգորյանից հօգուտ «****» հասարակական կազմակերպության 102․408․095 (հարյուր երկու միլիոն չորս հարյուր ութ հազար իննսունհինգ) ՀՀ դրամ գումար՝ որպես ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա գումարի և դրա չվճարման համար նշանակված տույժերի հանրագումար բռնագանձելու պահանջի մասին, մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Քաղաքացիական հայցվոր «****» հասարակական կազմակերպության քաղաքացիական հայցը՝ Մանվել Գրիգորյանից հօգուտ «****» հասարակական կազմակերպության 101․232․917 (հարյուր մեկ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ գումար վնասից՝ 82․700․000 (ութսուներկու միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իրեղեն ապացույց ճանաչված «Ուազ» մակնիշի ավտոմեքենաներն որպես սեփականություն հանձնելու պահանջի մասին, մերժել՝ այդ ավտոմեքենաներն որպես իրեղեն ապացույց տնօրինման ենթակա լինելու պատճառաբանությամբ:
- Վերաքննիչ դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ քաղաքացիական հայցերի մասով Առաջին ատյանի դատավճիռը թողել է անփոփոխ։ Անդրադառնալով քաղաքացիական հայցի վերաբերյալ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքում բարձրացված փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածը քննության առարկա դեպքի նկատմամբ չի կարող հանդես գալ՝ որպես կիրառման ենթակա իրավական նորմ։
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-15-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը մի դեպքում մինչև Մ.Գրիգորյանի մահը ներկայացված տուժողի իրավահաջորդ *********** ներկայացուցիչ ************* քաղաքացիական հայցը մասնակի բավարարելով՝ առանց իրավահաջորդության պարզման, մյուս դեպքում Մ.Գրիգորյանի մահվանից հետո ներկայացված ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիական հայցը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ թողնելով թույլ են տվել դատական սխալ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթում քաղաքացիական հայցը հանցագործության հետևանքով պատճառված վնասի համար հատուցում ստանալու միջոցներից մեկն է։ Քրեական վարույթի շրջանակներում քաղաքացիաիրավական բնույթ ունեցող այս ինստիտուտի կիրառման նպատակը հանցագործությունից տուժած անձի իրավաչափ շահերի արդյունավետ պաշտպանության ապահովումն է։ Օրենսգրքով նախատեսված պայմանների և հիմքերի առկայության դեպքում օրենսդիրը տուժողին հնարավորություն է ընձեռում նույն ընթացակարգի սահմաններում օգտվելու ինչպես քրեաիրավական, այնպես էլ քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցներից։ Միևնույն ժամանակ, պարտադիր է, որ մեղադրյալը հանդիսանա քաղաքացիական իրավունքի սուբյեկտ, որպեսզի հնարավոր լինի պահանջել ու ստանալ պատճառված վնասի հատուցումը։
Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը մի դեպքում (տուժողի իրավահաջորդ *********** ներկայացուցիչ ********** քաղաքացիական հայցը) մասնակիորեն բավարարել է՝ առանց իրավահաջորդության հարցը քննարկելու, իսկ մյուս դեպքում բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիական հայցն այն պայմաններում, երբ քաղաքացիական պատասխանող՝ Մ.Գրիգորյանը մահացած է եղել։
Անդրադառնալով ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքով քաղաքացիական հայցի վարույթի կարճման հնարավորությանը, պետք է արձանագրել, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցով վարույթի կարճման հնարավորություն նախատեսված է միայն քաղաքացիական հայցից հրաժարվելու դեպքում, այլ կերպ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը կարող է բավարարվել, մերժվել կամ թողնվել առանց քննության։ Ինչ վերաբերում է, քաղաքացիական հայցի վարույթը կասեցնելու և վիճելի իրավահարաբերության իրավահաջորդության հարցը պարզելուն, ապա այս կարգավորումը նույնպես դուրս է քրեադատավարական կառուցակարգերից։
17.1. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում լրացուցիչ արձանագրել, որ դեռևս Կարեն Քոսյանի գործով թիվ ՎԲ-43/08 որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ինչպես առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու, այնպես էլ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին հայցային պահանջները քրեական դատավարության ընթացքում ներկայացնելը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից, և քրեական գործի հետ մեկտեղ քննության ենթակա չէ։ Առաջին ատյանի դատարանը տուժողի իրավահաջորդ **************** քաղաքացիական հայցը բավարարելով և (սեփականության վկայական թիվ ********, կադաստրի ծածկագիր ************) բենզալցակայանի նկատմամբ ճանաչելով տուժող *********** իրավահաջորդ ********************* սեփականության իրավունքը դադարեցրել է այդ անշարժ գույքի նկատմամբ «************************» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը, որպիսի գործողություններ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի շրջանակներում իրականացնելը չի բխում ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի դրույթներից։
18. Հաշվի առնելով այն, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը պատասխանողի մահվան դեպքում նախատեսում է տարբեր իրավական հետևանքներ, որոնք քրեադատավարական կառուցակարգով քննարկվելու դեպքում չեն ունենա բավականաչափ ճկունություն հարցի արդարացի լուծման տեսանկյունից, և քաղաքացիական հայցի լուծման մասով քրեադատավարական կարգը որևէ կերպ ավելի արդյունավետ համարվել չի կարող՝ դատավարական այլ կարգերի համեմատ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանները պետք է քաղաքացիական հայցերը թողնեին առանց քննության՝ հետագայում պատշաճ սուբյեկտի դեմ քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցելու իրավունք վերապահելով կողմերին։
19. Անդրադառնալով բողոքաբերների սույն որոշման 4.1.-րդ կետում նշված փաստարկներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել քաղաքացիական հայցերի մասով իրավական դիրքորոշումներ արտահայտելու անհրաժեշտությամբ, ուստի չի անդրադառնում սույն որոշման 4.1.-րդ կետում նշված փաստարկներին՝ հիմնավոր համարելով ստորադաս ատյանների կողմից այդ հարցերի կապակցությամբ արված դատողություններն ու եզրահանգումները։
20. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը դրսևորվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ և ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածների խախտմամբ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը քաղաքացիական հայցերի լուծման մասով փոփոխելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը մասնակի՝ ՀՀ գլխավոր դատախազության 2023 թվականի մայիսի
23-ի և տուժողի իրավահաջորդ ************** ներկայացուցիչ ***********՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ի քաղաքացիական հայցերը բավարարելու մասով փոփոխել և նշված քաղաքացիական հայցերը՝ թողնել առանց քննության։
2. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը մնացած մասերով թողնել անփոփոխ։
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս․ՉԻՉՈՅԱՆ
