Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0027/06/25

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0027/06/25
Դիմող / մեղադրյալ
Արամ Գյուլզադյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
19.02.2026
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0027/06/25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան նախագահող դատավոր՝ Ա․Գրիգորյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան նախագահող դատավոր՝ Կ․Ամիրյան 2026 թվականի փետրվարի 19-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0027/06/25 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի մարտի 14-ի որոշման դեմ մեղադրյալ Արամ Դրաստամատի Գյուլզադյանի պաշտպան Ա․Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը․ 1․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում 2024 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է թիվ 62277324 քրեական վարույթը։ 2․ 2025 թվականի փետրվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ***** ******* ************ կողմից որոշում է կայացվել Ա․Գյուլզադյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, և նույն թվականի փետրվարի 5-ին մեղադրանք է ներկայացվել։ 3․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2025 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը` թիվ 62277324 քրեական վարույթով մեղադրյալ Ա․Գյուլզադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին բավարարվել է, և մեղադրյալ Ա․Գյուլզադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ 2 երկու ամիս ժամկետով։ 4․ Մեղադրյալ Ա․Գյուլզադյանի պաշտպաններ Ա․Հովհաննիսյանի և Գ․Միքայելյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2025 թվականի մարտի 14-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ։ 5․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը և մեղադրյալ Ա․Գյուլզադյանի պաշտպան Ա․Հովհաննիսյանը։ 5․1․ Վճռաբեկ դատարանի 2025 թվականի մայիսի 6-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Գյուլզադյանի պաշտպան Ա․Հովհաննիսյանի հատուկ վերանայման բողոքն ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունվելը մերժվել է։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 6. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի և քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։ 6․1․ Բողոքաբերը նշել է, որ համաձայնելով Վերաքննիչ դատարանի առաջին դիրքորոշման հետ առ այն, որ հիմնավոր կասկածի համատեքստում Ա․Գյուլզադյանին մեղսագրվող արարքը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքին, գտել է, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող իրավական գնահատական տալ նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթով մեղադրյալի արարքին, այն է՝ ճշտությամբ նշելով ոչ միայն հավանական հոդվածի առկայությունը, այլ նաև արարքը որակյալ դարձնող մասերը և կետերը: Բողոքաբերը գտել է նաև, որ տվյալ փուլում Վերաքննիչ դատարանը պետք է ստուգեր մեղադրանքի առկայությունը և արձանագրեր, թե վերագրվող արարքը համապատասխանում է ներկայացված մեղադրանքում նշված հոդվածին, թե ոչ, մինչդեռ Վերաքննիչ դատարանն հաստատված է համարել, որ Ա․Գյուլզադյանին վերագրվող արարքում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նկարագիրը։ 6․2․ Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել հատուկ վերանայման բողոքի սահմաններից, քանի որ մինչդատական վարույթում գտնվող քրեական վարույթով իրավական այլ գնահատականի է արժանացրել մեղադրյալի արարքը։ 7․ Բողոքի հեղինակն, անդրադառնալով Ա․Գյուլզադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությանը, նշել է, որ Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չեն հիմնավորել և չեն պատճառաբանել, թե ինչու Ա․Գյուլզադյանի նկատմամբ հատկապես պետք է ընտրվի ամենախիստ խափանման միջոցը, և ինչու այլընտրանքային խափանման միջոցները կամ դրանց համակցությունը չեն կարող երաշխավորել նրա պատշաճ վարքագիծը: 8. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2025 թվականի մարտի 14-ի որոշումը և Ա․Գյուլզադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը կամ դրա հետ համակցված նաև այլ խափանման միջոցներ: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը․ 9․ Արամ Գյուլզադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ և 3–րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքների համար, որ նա «Զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնն ու հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու նպատակով ստացել է խոշոր չափերով կաշառք։ Այսպես. «**** ******» ՍՊ ընկերության կողմից Երևան քաղաքի ****** ***** ******* հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի համար «****** ******* *************» ՓԲ ընկերության միջոցով էլեկտրականության ապահովման համար Երևանի քաղաքապետարանի կողմից նախկինում մերժված համապատասխան թույլտվության անխոչընդոտ տրամադրումը կազմակերպելու նպատակով, ընկերության բաժնետեր ********* ************ դիմել է «****** *******» ՍՊ ընկերության աշխատակիցներ Ռոբերտ Դարբինյանին և Արամ Այվազյանին, ովքեր առաջարկել են նրան գործընթացը կազմակերպելու համար համապատասխան պաշտոնատար անձանց տալ կաշառք, ինչին ******* տվել է իր համաձայնությունը։ Հիշյալ գործընթացը կազմակերպելու համար Ռոբերտ Դարբինյանը պարբերաբար կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանի հետ, վերջինիցս տեղեկացել, որ հիշյալ հասցեում կառուցապատում իրականացնող կազմակերպության՝ բազմաբնակարան շենքի էլեկտրականության ապահովման համար ներկայացված դիմումը Երևանի քաղաքապետարանի կողմից նախկինում մեկ անգամ մերժվել է: Այնուհետև, Ռոբերտ Դարբինյանը Արամ Գյուլզադյանի հետ քննարկել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության կողմից նման թույլտվություն տալու հնարավորությունն ու ժամկետները: Ա.Գյուլզադյանն իր հերթին Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ ****** ******* ********** հետ թույլտվություն տրամադրելու հարցը քննարկելուց և վերջինիս կողմից համապատասխան հավաստիացումներ ստանալուց հետո Ռոբերտ Դարբինյանին խոստացել է կաշառքի դիմաց ողջամիտ ժամկետում լուծել Երևան քաղաքի ******* ******* ****** հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի էլեկտրականության ապահովման խնդիրը: Վերոհիշյալ հանդիպումների և քննարկումների մասին Ռոբերտ Դարբինյանը պարբերաբար տեղեկացրել է իր գործընկեր Արամ Այվազյանին և վերջիններս շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը, Արամ Գյուլզադյանի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին հայտնել են *********** և վերջինիս հետ պայմանավորվել են նշված գործընթացը կազմակերպելու համար նախկինում պայմանավորված 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը փոխարինել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամով, ինչին ******* համաձայնել է: Դրանից հետո, 2024 թվականի հուլիսի 23-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Երևան քաղաքի ***** ****** փողոցի *********** հասցեում գտնվող նորակառույց շենքի առաջին հարկում տեղակայված «****** ******» ՍՊ ընկերության գրասենյակում, Արամ Այվազյանը, Ռոբերտ Դարբինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն և Արամ Գյուլզադյանի կողմից կաշառք ստանալուն խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելու դիտավորությամբ, ********* **************** Արամ Գյուլզադյանին փոխանցելու նպատակով ստացել է 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ: Նշված գումարի բաշխման շուրջ քննարկման արդյունքում Ռոբերտ Դարբինյանն ու Արամ Այվազյանը որոշել են Արամ Գյուլզադյանին որպես կաշառք տալ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Քաղցրիկյանի համար գնել 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ արժողության օծանելիքի նվեր-քարտ: Մնացած 1.300.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամն Արամ Այվազյանն ու Ռոբերտ Դարբինյանը հավասարապես բաշխել են միմյանց միջև՝ յուրաքանչյուրին 650.000 (վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: 2024 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, Ռոբերտ Դարբինյանը Արամ Գյուլզադյանի կողմից իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվող ******* ********** օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է, նախկինում մերժված լինելու պայմաններում, վերջինիս կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի էլեկտրականության ապահովման թույլտվության գործընթացը կազմակերպելու համար, Երևան քաղաքի ******** ******* հասցեում գտնվող «******* ******» արագ սննդի կետի հարակից տարածքում ******* ****** կողմից որպես կաշառք տրված գումարից 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամը որպես կաշառք տրամադրել է Արամ Գյուլզադյանին»։ 10․ Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի փետրվարի 6-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը փաստում է, որ միջնորդությանը կից դատարան ներկայացված նյութերով, մասնավորապես՝ զննում կատարելու մասին 18.09.2024թ. արձանագրությամբ, տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 02.08.2024թ. արձանագրությամբ, վկա ******* ******* ******* ցուցմունքով և մեղադրյալ ******** ******* ********** ցուցմունքով, հիմնավորվում է, որ տեղի են ունեցել ենթադրյալ հանրորեն վտանգավոր դեպք և այն կասկածը, որ մեղադրյալը կարող էր կատարած լինել իրեն մեղսագրված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքը։ Այսինքն տվյալ դեպքում առկա է կալանքի կիրառման ապացուցողական շեմին համապատասխանող հիմնավոր կասկած: (…) Վերջինս օգտագործելով զբաղեցրած պաշտոններով պայմանավորված անձանց որոշակի շրջանակի հետ իր ունեցած անձնական կապերը, դիրքն ու ազդեցությունը պաշտոնավարման ընթացքում ձևավորած կայուն սոցիալական կապերը, կարող է անօրինական ազդեցություն ունենալ քրեական դատավարությանը մասնակցող, այդ թվում` քննությանը ներգրավման ենթակա անձանց վրա, խոչընդոտել հանցագործության կատարմանը ներգրավված այլ անձանց բացահայտմանը, ազդեցություն ունենալ վերջիններիս վրա ապացույցների հավաքման և ստուգման փուլում, փորձել՝ համոզելու, հարկադրելու կամ այլ անօրինական եղանակով ներգործելու, ինչպես իր դեմ վկայած, այնպես էլ հետագայում քննությանը ներգրավման ենթակա անձանց վրա, ովքեր կարող են հայտնել գործով պարզման ենթակա հանգամանքների մասին կարևոր տեղեկություններ: (…) Վերոգրյալ հանգամանքներն իրենց համակցության մեջ թույլ են տալիս գալ այն եզրահանգման, որ մեղադրյալի նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոցներ կիրառելիս վերջինս կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները, մասնավորապես` քրեական դատավարությանը մասնակցող, այդ թվում` քննությանը ներգրավման ենթակա անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, նրանց հետ քննության առումով միասնական դիրքորոշում գրավելու, իր ունեցած կայուն սոցիալական կապերի օգտագործմամբ դեպքի բոլոր հանգամանքների, այդ թվում` ենթադրյալ այլ մասնակիցների բացահայտումը, վերջիններիցս ակնկալվող ցուցմունքները չեզոքացնելու կամ նման փորձ կատարելու կամ արդեն հարցաքննված անձանց վրա՝ նրանց ցուցմունքները փոխելու, այդ ցուցմունքներից հրաժարվելու առումով ազդեցություն գործադրելու կամ այլ ճանապարհով` դրսևորելով ոչ իրավաչափ վարքագիծ:(…)»։ 11․ Մեղադրյալ Ա.Գյուլզադյանի պաշտպան Ա․Հովհաննիսյանի՝ Վերաքննիչ դատարանին ներկայացված հատուկ վերանայման բողոքի համաձայն՝ «(…) Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ գտել է, որ դատարան ներկայացված նյութերով փաստվում է, որ Արամ Գյուլզադյանն առնչություն է ունեցել իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքի կատարմանը։ (…) Պաշտպանական կողմն այս առումով իր անհամաձայնություն է հայտնում, քանի որ Արամ Գյուլզադյանը հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի ապահովման ծառայության պետ և ի պաշտոնե՝ որևէ լիազորություն չի ունեցել՝ էլեկտրականության ապահովման համար տնտեսվարող սուբյեկտին թույլտվություն տալու համար։ Հետևաբար, Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով նման հանգամանք չի փաստվել։ Ավելին, Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով չի փաստվում, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը կատարել է ապօրինի գործողություն, որի արդյունքում տնտեսվարող սուբյեկտը ստացել է համապատասխան թույլտվություն։ Վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած՝ զննում կատարելու մասին կազմված արձանագրության համաձայն, Արամ Գյուլզադյանը նույնիսկ տեղյակ չի եղել, որ գործով անցնող մեղադրյալները՝ գումարներ են վերցրել տնտեսվարող սուբյեկտից (եթե իհարկե վերցրել են), տեղյակ չի եղել, որ իր համար նախատեսվել է որոշակի գումար (եթե իհարկե նախատեսված եղել է), և ի վերջո՝ որևէ կերպ փաստարկված չէ, որ Արամ Գյուլզադյանը գումար է ստացել, հետևաբար նման փաստական տվյալներով չի կարելի խոսել կաշառքի հանցակազմի մասին։(…)»։ 12․ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին որոշմամբ արձանագրել է․ «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասում պաշտոնատար անձի կողմից ազդեցությունն օգտագործելը կապակցվում է վերջինիս իշխանական կամ ծառայողական լիազորությունների հետ։ Այսինքն, պաշտոնատար անձին իր իշխանական կամ ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք ստանալու մեղադրանք առաջադրելիս անհրաժեշտ է, որ առկա լինի օբյեկտիվ կապ պաշտոնատար անձի այդ լիազորությունների և գործադրված ազդեցության միջև։ Այլ կերպ ասած, պաշտոնատար անձը պետք է ոչ միայն օգտագործի իր ազդեցությունը, այլև այդ ազդեցության հիմքում պետք է ընկած լինի վերջինիս իշխանական կամ ծառայողական լիազորությունը։ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի դիսպոզիցիան քննարկվող հարցի համատեքստում այնպիսին է, որ պաշտոնատար անձի կողմից հետապնդվող նպատակին հասնելու միջոցն իր իշխանական կամ ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելն է, իսկ որպեսզի պաշտոնատար անձը կարողանա ազդեցություն ունենա որևէ այլ անձի կողմից որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու վրա՝ պայմանավորված այդ լիազորություններից բխող ազդեցությամբ՝ պետք է այդ երկու անձինք գտնվեն վերադաս-ստորադաս կամ վերահսկողական, հսկողական հարաբերությունների մեջ: (…) Սույն դեպքում ըստ Ա.Գյուլզադյանին ներկայացված մեղադրանքի. - Նա, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնն ու հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու նպատակով ստացել է խոշոր չափերով կաշառք։ - Ա. Գյուլզադյանն իր հերթին Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ **** ********** հետ թույլտվություն տրամադրելու հարցը քննարկելուց և վերջինիս կողմից համապատասխան հավաստիացումներ ստանալուց հետո Ռոբերտ Դարբինյանին խոստացել է կաշառքի դիմաց ողջամիտ ժամկետում լուծել Երևան քաղաքի ****** ***** ***** հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի էլեկտրականության ապահովման խնդիրը: (…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ առաջադրված մեղադրանքից ակնհայտ է, որ Ա. Գյուլզադյանը և ******* չեն գտնվել վերադաս-ստորադաս հարաբերությունների մեջ, ինչպես նաև Ա. Գյուլզադյանը չի ունեցել որևէ հսկողական, վերահսկողական լիազորություն Ա.Կարոյանի նկատմամբ, որպիսի պայմաններում նույնիսկ առանց որևէ փաստական հանգամանքի խորը գնահատման կարելի է գալ այն եզրահանգման, որ մեղադրանքի փաստական նկարագիրը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի դիսպոզիցիային։ Մեղադրանքում չկա փաստական նկարագիր առ այն, թե մեղադրյալը՝ որպես Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ, այդ պաշտոնով պայմանավորված լիազորություններից բխող ինչ ազդեցություն է ունեցել Երևանի քաղաքապետարանի մեկ այլ ստորաբաժանման, այն է՝ կոմունալ տնտեսության վարչության պետ ********* ******** վրա։ Ավելին, այդ մասին որևէ ողջամիտ փաստարկ՝ համապատասխան հիմնավորումներով, չներկայացվեց նաև Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալին առաջադրված մեղադրանքի փաստական նկարագիրն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածին՝ այն հիմնավորմամբ, որ առերևույթ առկա է մեղադրյալի կողմից ********* նկատմամբ գործադրված ազդեցություն, որը պայմանավորված չէ մեղադրյալի պաշտոնից բխող լիազորություններով։ Ողջ վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ առկա է դեպք, առերևույթ առկա է մեղադրյալի առնչությունն այդ դեպքին, իսկ ներկայացված մեղադրանքը հիմնավոր կասկածի մակարդակում առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 435-րդ, այլ՝ 438-րդ հոդվածի դիսպոզիցիային: (…) Ինչ վերաբերում է հանցակազմը որակյալ դարձնող հանգամանքներին, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն փուլում առերևույթ առկա են մեղադրանքում առկա հանցակազմը որակյալ դարձնող հանգամանքները, դրանք են. «2) խոշոր չափերով, 3) ապօրինի վարձատրություն տված կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար» Այսինքն, Ա.Գյուլզադյանին վերագրվող արարքում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նկարագրվածը: (…) Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի փաստարկներին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ (438-րդ) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի բացակայության մասին, ապա այդ մասով բարձրացվածները դուրս են սույն փուլում քննարկման առարկա հարցերի շրջանակից: (…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մինչդատական վարույթի դատական երաշխիքները չեն հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ։ (…) Անդրադառնալով այն դատողություններին, որոնք վերաբերում են վարույթի ոչ սկզբնական փուլում գտնվելուն, պայմանավորված այն հանգամանքով, որ վարույթը նախաձեռնվել է 2024 թվականի սեպտեմբերի 12-ին, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալի վարքագծի իրավաչափությունը որպես կանոն պետք է գնահատման ենթարկվի վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելուց, այլ ոչ թե քրեական վարույթի հարուցումից հետո, իսկ քննարկման առարկա դեպքում Արամ Գյուլզադյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել է 2025 թվականի փետրվարի 4-ին: Հետևաբար՝ քրեական վարույթի դեռևս 5 ամիս առաջ նախաձեռնված լինելու հանգամանքը, ինքնին, չի կարող վկայել մեղադրյալ Արամ Գյուլզադյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանական ռիսկի նվազման մասին: (…) Ինչ վերաբերում է քննչական խմբի առկայության մասին ներկայացված դատողություններին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քննչական խումբ ստեղծված լինելու փաստն ինքնին առանցքային նշանակություն ունեցող հանգամանք չէ, քանի որ, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնվի նաև վարույթին ներգրավված անձանց քանակը, ապացուցողական գործողությունների և գործի ծավալը, բարդությունը և վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։ (…) Անդրադառնալով միայն վերագրվող արարքի ծանրությամբ և մեղադրյալի զբաղեցրած պաշտոնով պայմանվորված վիճարկվող խափանման միջոցը կիրառելու վերաբերյալ ներկայացված դատողություններին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն չի բխում դատական ակտի պատճառաբանություններից, քանի որ նշված հանգամանքները Դատարանի կողմից հաշվի են առնվել ի թիվս գործում առկա մի շարք այլ հանգամանքների։ (…) Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դեպքում հիմնավոր կասկածի առկայության մասով որոշակի առումով Դատարանը հանգել էր սխալ եզրահանգման, հաստատելով վերագրված արարքում ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցակազմի առկայությունը, այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցակազմի առկայությունը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի վիճարկվող որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով սույն որոշմամբ հիմնավոր կասկածի վերաբերյալ շարադրված հիմնավորումները։ (…)»: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․ 13․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը, Ա.Գյուլզադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 435–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ և 3–րդ կետով մեղսագրվող առերևույթ հանցանքի փոխարեն նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքի առկայությունը փաստելով, պահպանե՞լ է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված` բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում հատուկ վերանայում իրականացնելու իրավական պահանջը: 14․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի համաձայն՝ (…) 3. Հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում: 4. Հատուկ վերանայման կարգով դատական ակտ կայացնելիս վերադաս դատարանը հիմնվում է միայն ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա: 15. Վերաքննության գործառութային առանձնահատկությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ վերաքննիչ դատարանը որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է ստորադաս ատյանի դատական ակտի հիմնավորվածությունն ու իրավաչափությունը։ Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում, այլև նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները։ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում: Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված, 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ինստիտուտին, նշել է, որ վերաքննության գործառութային առանձնահատկությունների վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները վերաբերելի մասով (mutatis mutandis) շարունակում են կիրառելի լինել նաև 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված վերոնշյալ կարգավորման նկատմամբ։ 16․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - Արամ Գյուլզադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ և 3–րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ նա, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնն ու հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու նպատակով ստացել է խոշոր չափերով կաշառք, - Առաջին ատյանի դատարանը միջնորդությանը կից նյութերով հաստատված է համարել, որ տեղի է ունեցել ենթադրյալ հանրորեն վտանգավոր դեպք և այն կասկածը, որ մեղադրյալը կարող էր կատարած լինել իրեն մեղսագրված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքը, այսինքն՝ տվյալ դեպքում առկա է կալանքի կիրառման ապացուցողական շեմին համապատասխանող հիմնավոր կասկած, - Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ մեղադրյալ Ա.Գյուլզադյանի պաշտպան Ա․Հովհաննիսյանը ներկայացված հատուկ վերանայման բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով չի փաստվում, որ Ա.Գյուլզադյանն առնչություն է ունեցել իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքի կատարմանը, - Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալին առաջադրված մեղադրանքի փաստական նկարագիրն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածին՝ այն հիմնավորմամբ, որ առերևույթ առկա է մեղադրյալի կողմից Ա․Կարոյանի նկատմամբ գործադրված ազդեցություն, որը պայմանավորված չէ մեղադրյալի պաշտոնից բխող լիազորություններով։ Միևնույն ժամանակ, գտնելով, որ հիմնավոր կասկածի առկայության մասով Առաջին ատյանի դատարանը որոշակի առումով հանգել է սխալ եզրահանգման, և հաստատված համարելով Ա․Գյուլզադյանի կողմից ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, այլ նույն օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայությունը, Վերաքննիչ դատարանն, այդուհանդերձ, հագել է այն հետևությանը, որ վիճարկվող որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ փաստարկելով, որ Ա․Գյուլզադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումներն իրավաչափ են։ 17. Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից Ա.Գյուլզադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությամբ ներկայացվել է մեղադրյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում, որով ենթադրյալ կատարված արարքին քրեաիրավական գնահատական է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել Ա.Գյուլզադյանի կողմից իրեն վերագրվող ենթադրյալ հանցանքը կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայությունը՝ բավարարելով ներկայացված միջնորդությունը։ Վերաքննիչ դատարանն, արձանագրելով հանդերձ, որ հատուկ վերանայման բողոքում ներկայացված փաստարկները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ տվյալ փուլում քննության առարկա չեն կարող հանդիսանալ, այդուհանդերձ, սեփական նախաձեռնությամբ, դուրս գալով ինչպես հատուկ վերանայման բողոքի հիմքի և այն հաստատող փաստերի, այնպես էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս հիմնավոր կասկածի հարցը մինչդատական վերահսկողության շրջանակներում քննության սահմաններից, սեփական նախաձեռնությամբ անդրադարձել է մեղադրյալին վերագրվող արարքին ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության հարցին՝ արձանագրելով, որ ներկայացված մեղադրանքի փաստական նկարագիրը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի դիսպոզիցիային, և Ա․Գյուլզադյանին վերագրվող արարքում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցակազմի առկայությունը, դրանով իսկ պայմանավորելով մեղադրյալի նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու իրավաչափության պայմանների առկայության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավորված լինելու մասին իր եզրահանգումը։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալ Ա․Գյուլզադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշման հիմնավորվածությունը և օրինականությունը ստուգելիս, արձանագրելով, որ առկա է դեպք, առերևույթ առկա է մեղադրյալի առնչությունն այդ դեպքին, իսկ ներկայացված մեղադրանքը հիմնավոր կասկածի մակարդակում առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 435-րդ, այլ՝ 438-րդ հոդվածի դիսպոզիցիային՝ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից` թույլ տալով վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքի քննության սահմաններն ամրագրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդված 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին խախտման: 18․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն, հաշվի առնելով սույն որոշումը կայացնելու պահին սույն վարույթով մինչդատական վարույթն ավարտվել է, և Ա․Գյուլզադյանի ու մյուսների վերաբերյալ քրեական վարույթն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, նախնական դատալսումների ընթացքում խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է որոշում, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 34-րդ, 361-363-րդ, 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Թիվ ՀԿԴ/0027/06/25 դատական վարույթով մեղադրյալ Արամ Դրաստամատի Գյուլզադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 14-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Ս․ՉԻՉՈՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ