Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0167/01/24
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0167/01/24
- Դիմող / մեղադրյալ
- Սեյրան Արիստակեսյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 11.03.2026
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
8 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0167/01/24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Տ.Դավթյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Կ.Ամիրյան
2026 թվականի մարտի 11-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ`
մասնակցությամբ դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0167/01/24 քրեական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)` 2024 թվականի հոկտեմբերի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2024 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ստացվել է թիվ 62274124 քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Վահե Սուրենի Անդրիասյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Հայկ Էդվարդի Կարապետյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Սեյրան Հովհաննեսի Արիստակեսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և Կարապետ Նարեկի Հովհաննիսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
2. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Արիստակեսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 (երեք) ամսով։
3. Մեղադրյալ Ս.Արիստակեսյանի պաշտպան Ա.Ստեփանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը բեկանել է և կայացրել է դրան փոխարինող դատական ակտ, մասնավորապես՝ մեղադրյալ Ս.Արիստակեսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխել է և որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցված կիրառել է վարչական հսկողությունը՝ պահպանելով Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ կիրառված խափանման միջոց գրավը՝ գրավի չափն ավելացնելով 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամով։
4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Դատավարության մասնակիցների կողմից հատուկ վերանայման բողոքի պատասխան չի ներկայացվել։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը․
5. Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5.1. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ս.Արիստակեսյանի կողմից իր վրա քրեադատավարական օրենքով դրված պարտականությունները չկատարելու, մասնավորապես՝ քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը գնահատելիս և այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու հնարավորության հարցը քննարկելիս պատշաճ գնահատման չի արժանացրել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի, անտեսվել է այն հանգամանքը, որ Ս.Արիստակեսյանը ենթադրաբար կատարված հանրորեն վտանգավոր արարքով ոտնձգել է պետական ապարատի բնականոն գործունեության դեմ:
5.2. Բողոքաբերը փաստարկել է, որ Ս.Արիստակեսյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը գնահատելու համատեքստում կարևոր նշանակություն ունի ենթադրյալ հանցանքի կատարմանը վերջինիս առանցքային դերակատարությունը։
Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ քրեական գործը գտնվել է նախնական դատալսումների փուլում, հետազոտված չեն քրեական գործում առկա գրավոր ապացույցները, չեն հարցաքննվել դատակոչված անձինք: Նման պայմաններում, ըստ բողոքաբերի, մեծ է հավանականությունն առ այն, որ Ս.Արիստակեսյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը, ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին:
5.3. Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը նշել է, որ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս, վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ, ինչը սույն դեպքում բացակայել է։
5.4. Բացի այդ, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել նաև Ս.Արիստակեսյանի կողմից ազատության մեջ մնալու դեպքում նոր հանցանք կատարելու բարձր հավանականությունը՝ փաստարկելով, որ մեկ այլ՝ թիվ ՀԿԴ/0051/01/22 քրեական գործի շրջանակներում Ս.Արիստակեսյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որպիսի հանգամանքը բավարար հիմք է տալիս անձի կողմից հետագայում դրսևորվելիք ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ ողջամիտ ենթադրության հանգելու համար։
6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ս.Արիստակեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ. «(...) [Նա] խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Հայկ Էդվարդի Կարապետյանին և Վահե Սուրենի Անդրիասյանին խմբի կազմում կաշառք տվողի մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։
Այսպես.
Կարապետ Հովհաննիսյանը, Հ***** Ա*************-ը և Տ***** Ա******-ը, 2023-2024 թվականների ընթացքում փաստացի ղեկավարելով «********* **********» և «****** ****» ՍՊ ընկերությունները՝ Ն********* Հ*******************-ի հետ միասին հանդիսացել են նշված ընկերությունների շահառու։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ************************************* *********************************************************** Ա******** Ս**********-ի՝ 2024 թվականի փետրվարի 27-ի թիվ ************* հանձնարարագրով՝ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության միջին հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 2 բաժնի տեսուչներ՝ Հայկ Էդվարդի Կարապետյանը և Վահե Սուրենի Անդրիասյանը, «********** *********» ՍՊ ընկերությունում իրականացրել են թեմատիկ հարկային ստուգում՝ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրության սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության վերաբերյալ։
Դրանից հետո, ստուգման շրջանակներում՝ 2024 թվականի մարտի 20-ին, Հայկ Կարապետյանը և Վահե Անդրիասյանն այցելել են վերը նշված ընկերության կողմից ՀՀ ********** մարզի *********** համայնքում գտնվող մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների իրականացման վայր, որի ընթացքում իրենց լիազորությունների շրջանակներում հայտնաբերել են հարկային ընթացակարգով չհաշվառված առնվազն 9 (ինը) աշխատակիցների, ինչպես նաև «********* ***********» և «******* ********» ՍՊ ընկերությունների կողմից իրականացված տարբեր գործարքների ընթացքում դեռևս չպարզված հարկային տարբեր իրավախախտումներ:
Այնուհետև, պաշտոնատար անձ հանդիսացող Հայկ Կարապետյանը և Վահե Անդրիասյանը իրենց ընդհանուր ծանոթ Սեյրան Հովհաննեսի Արիստակեսյանի միջոցով «******** *******» ՍՊ ընկերության փոխտնօրեն Հ******** Ա************-ի և «*********** *********» ՍՊ ընկերության տնօրեն Տ********* Ա**********-ի հետ հաստատել են հեռախոսակապ և 2024 թվականի մարտի 22-ին հանդիպել են նշված ընկերությունների՝ ********** քաղաքի ******* փողոց ***-րդ շենքի ***-րդ բնակարան հասցեում գտնվող գրասենյակում: Հանդիպման ընթացքում հարկային տեսուչներ Հայկ Էդվարդի Կարապետյանը և Վահե Սուրենի Անդրիասյանը կաշառք տվող՝ Հ***** Ա************-ից և Տ********* Ա**************-ից նրանց օգտին անգործություն կատարելու՝ այն է, «********** ********» ՍՊ ընկերությունում իրականացված հարկային ստուգումների ընթացքում հայտնաբերված համապատասխան հարկային ընթացակարգով չհաշվառված աշխատակիցների, ինչպես նաև նույն և «******** *******» ՍՊ ընկերությունների կողմից իրականացված տարբեր գործարքների ընթացքում չպարզված հարկային իրավախախտումները չարձանագրելու համար պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 8.000.000 ՀՀ դրամ կաշառք` միևնույն ժամանակ խոստանալով հետագայում վերը նշված ընկերությունների համար խնդիրներ չստեղծել և հովանավորչության եղանակով պայմաններ ստեղծել անխոչընդոտ աշխատելու համար, ինչին Հ***** Ա*********-ը, Տ******* Ա*******-ը, իսկ հետագայում նաև՝ Կարապետ Հովհաննիսյանը տվել են 8.000.000 ՀՀ դրամ կաշառք տալու իրենց համաձայնությունը:
Դրանից հետո, Հ***** Ա*********-ը և Տ***** Ա*********-ը 2024 թվականի ապրիլի 15-ին «********* *********» և «********** *******» ՍՊ ընկերությունների՝ ******** քաղաքի ********* փողոց ***-րդ շենքի ***-րդ բնակարան հասցեում գտնվող գրասենյակում հանդիպել են իրենց հանցակից Կարապետ Նարեկի Հովհաննիսյանին, ում տեղեկացրել են հարկային տեսուչներին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու խոստման մասին։ Իր հերթին Կարապետ Հովհաննիսյանը ևս տվել է քննարկվող կաշառքը տալու համաձայնությունը։
Հետագայում հարկային տեսուչներ՝ Հայկ Էդվարդի Կարապետյանը և Վահե Սուրենի Անդրիասյանը 2024 թվականի ապրիլի 4-ին «*********» սրճարանում, 2024 թվականի ապրիլի 15-ին և 25-ին «******** *******» և «********** ********» ՍՊ ընկերությունների գրասենյակում, 2024 թվականի մայիսի 2-ին «*****************» ռեստորանում հանդիպել են Հ******** Ա*************-ին և Տ******* Ա**************-ին և քննարկել իրենց կողմից հայտնաբերված խախտումները չարձանագրելու մանրամասները։
Այդ ընթացքում պաշտոնատար վերոնշյալ անձանց ուղղորդմամբ Հ***** Ա*********-ը և Տ****** Ա*********-ը «******** *********» և «*********** *********» ՍՊ ընկերությունների հաշվապահ Լ******** Ս***********-ին հրահանգել են ձևակերպել չգրանցված աշխատակիցներին, բացի այդ` ընկերությունների գործունեության վերաբերյալ կազմել և հարկային մարմնին ներկայացնել ձևական ճշգրտված հաշվարկ։
Բացի այդ, բացված թեմատիկ հարկային ստուգումը բարեհաջող ավարտին հասցնելու պատրանք ստեղծելու նպատակով՝ պաշտոնատար անձ հանդիսացող Հայկ Կարապետյանը և Վահե Անդրիասյանը՝ Հ******* Ա********-ից և Տ****** Ա********-ից պահանջել և ստացել են իբրև «********* *********» ՍՊ ընկերությունում 8 չգրանցված աշխատակիցների անձնագրային տվյալներ, իրենց կողմից կազմված բացատրություն-արձանագրություն՝ հարկ վճարողի մոտ աշխատանք կատարող անձանց վերաբերյալ ցանկում նշելու նպատակով, որը վերջիններիս կողմից կազմվել և հաստատվել է իրենց ստորագրություններով։
Սեյրան Արիստակեսյանը, իր վերոնշյալ գործողություններով, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց և կաշառք տվողներին իրար հետ կապի դուրս բերելով, կաշառք ստացողի և կաշառք տվողի միջև հանդիպման ու համաձայնություն ձեռք բերելու նպատակով հնարավոր բացահայտման հանգամանքը չեզոքացնելու նկատառումով իր անձնական հեղինակությունն օգտագործելով, այդպիսով խոչընդոտները վերացնելով` Սեյրան Հովհաննեսի Արիստակեսյանն օժանդակել է պաշտոնատար Հայկ Էդվարդի Կարապետյանին և Վահե Սուրենի Անդրիասյանին խմբի կազմում կաշառք տվողի մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործության համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։ (...)»։
8. Մեղադրյալ Ս.Արիստակեսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը 3 (երեք) ամսով երկարաձգելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման համաձայն` «(...) Դատարանը, քրեական գործի նյութերով մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանին մեղսագրվող հանցագործության մեջ հիմնավոր կասկածի առկայությունը հավաստելուց հետո, գալիս է այն եզրահանգման, որ խափանման միջոցի կիրառման նպատակներն առկա են, իսկ մեղադրյալի կողմից իր վրա օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների չկատարման վտանգն այն աստիճան բարձր է, որպիսի պայմաններում այլընտրանքային այլ խափանման միջոցների կիրառումը սույն փուլում ի զորու չէ ապահովելու վերջինի պատշաճ վարքագիծը:
(…)
Դատարանը գտնում է, որ սույն փուլում ևս խոչընդոտելու՝ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու, վտանգն առկա է։
Այսպես՝ գործի քննությունը գտնվում է նախնական դատալսումների փուլում, նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատարան հետազոտման համար ներկայացված ապացույցների հետազոտումը դեռևս չի սկսվել, ավելին՝ հետազոտման ենթակա ապացույցների ծավալը նույնիսկ որոշված չէ։
(…)
Դատարանը գտնում է, որ սույն՝ նախնական դատալսումների փուլում, երբ նույնիսկ սահմանված չէ հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, ողջամտորեն առկա է դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու մտավախություն, որը հնարավոր է ապահովել արդեն իսկ կիրառված խափանման միջոցների պահպանմամբ՝ հաշվի առնելով նաև դատաքննության ընթացքում կատարվելիք դատական գործողությունների ենթադրյալ ծավալները և բնույթը։
(…)
Ինչ վերաբերում է խափանման միջոցների մյուս նպատակներին՝ նոր հանցանք կատարելուն և փախուստի դիմելուն, ապա Դատարանը գտնում է, որ փախուստի դիմելու հավանականությունը, ինչպես նախաքննության փուլում, այնպես էլ ներկայում, բացակայում է։
Այսպես՝ 2024 թվականի օգոստոսի 29-ից ի վեր քրեական գործի նյութերում առկա չէ որևէ փաստական հանգամանք, որը կարող է վկայել մեղադրյալի կողմից փախուստի դիմելու հավանականության մասին, հատկապես այն պայմաններում, երբ վերջինն ունի մշտական բնակության վայր, բարձրագույն կրթություն, ամուսնացած է, ՀՀ քաղաքացի։
Դատարանը, անդրադառնալով խափանման միջոցի հաջորդ նպատակի՝ նոր հանցանք կատարելու ռիսկի գնահատմանը, գտնում է, որ այն առկա չէ, քանի որ գործի նյութերում բացակայում են այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն կտան հանգելու ողջամիտ եզրակացության նշված հիմքի առկայության մասին, իսկ հանրային մեղադրողի պատճառաբանությունները գնահատման են ենթարկվել և հերքվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից։
(…)
Դատարանն արձանագրում է, որ ներկայում առկա է խափանման միջոցի կիրառման մեկ հիմք, այն է՝ իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և դատարանի որոշմամբ դրված պարտականությունների չկատարման վտանգը, և այն հնարավոր է չեզոքացնել բացառապես արդեն իսկ կիրառված տնային կալանք և գրավ խափանման միջոցների համակցված պահպանմամբ։
Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալին մեղսագրվող հանցագործության բնույթը, վտանգավորության աստիճանը (վերագրվում է հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործության կատարում, որն ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների թվին), հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, ի թիվս այլնի՝ նույնպես էական նշանակություն ունեն Սեյրան Արիստակեսյանի հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում։
(…)
Դատարանը որպես մեղադրյալի անձը բնութագրող և հաշվառման ենթակա հանգամանքներ է գնահատում մեղադրյալի նախկինում արատավորված՝ դատապարտված չլինելը, մշտական բնակության վայր, ընտանիք, բարձրագույն կրթություն, որոշակի հիվանդություններ ունենալը, սակայն գտնում է, որ վերը կատարած վերլուծության համատեքստում դրանք բավարար գործոն չեն կարող հանդիսանալ ավելի մեղմ խափանման միջոցների կիրառման հարցում։
Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ Սեյրան Արիստակեսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետն անհրաժեշտ է երկարաձգել՝ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար, քանի որ Դատարանի մոտ չկա համոզվածություն առ այն, որ Սեյրան Արիստակեսյանն ազատության մեջ գտնվելու պարագայում կկատարի իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և դատարանի որոշմամբ դրված պարտականությունները՝ հաշվի առնելով նաև մեղսագրվող հանցագործության բնույթը, վտանգավորության աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը և այլն։
Այսպիսով՝ մեղադրյալի ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը գնահատելով ավելի բարձր նշանակության բարիքի, այն է` հանրային շահի պաշտպանության տեսանկյունից, ապահովելով հանրային և մասնավոր շահի ողջամիտ հավասարակշռությունը՝ Դատարանը գտնում է, որ Սեյրան Արիստակեսյանի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և դատարանի որոշմամբ դրված պարտականությունների չկատարելու հավանականությունը բարձր է և դեռևս առկա են նշաններ, որոնք արտացոլում են իրական հանրային շահի գոյությունը, որը, անկախ անմեղության կանխավարկածից, գերակայում է մեղադրյալի ազատության իրավունքի նկատմամբ (…)։
(…)
Դատարանը, անդրադառնալով մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքն այլընտրանքային այլ խափանման միջոցներով փոխարինելու հարցին, հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները (մասնավորապես՝ վերը կատարված վերլուծությունները), խափանման միջոցը երկարաձգելիս առաջնորդվելով նվազագույնի սկզբունքով, եզրահանգում է, որ գործում առկա են փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու համար Սեյրան Արիստակեսյանին տվյալ փուլում անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը և առկա չէ այնպիսի նոր հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի առավել անհրաժեշտ և պիտանի խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը։
Հետևաբար՝ կոնկրետ դեպքում այլ այլընտրանքային խափանման միջոցները, այդ թվում՝ դրանց համակցությունը, պիտանի չեն հետապնդող նպատակին հասնելու համար և ի զորու չեն հակակշռելու Սեյրան Արիստակեսյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը՝ հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինի մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Այլ խոսքով՝ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով այլընտրանքային խափանման միջոցները, այդ թվում՝ միայն գրավը, չեն կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, որոնք զերծ կպահեն նրան ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելուց և որոնք կչեզոքացնեն նաև նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը։ (...)»։
9. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Սեյրան Արիստակեսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում կայացնելով՝ Դատարանը վերջինիս վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հանգամանքները չի ենթարկել մանրակրկիտ ստուգման ու վերլուծության, հետևաբար նաև պատշաճ գնահատման:
Անձի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքներից բխող ծանրակշիռ փաստարկներով հիմնավորել, որ բացառապես խափանման միջոց տնային կալանքն է ի զորու կանխել քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը։ Այսինքն՝ կիրառված միջոցի՝ տնային կալանքի, և հետապնդվող նպատակի միջև պետք է լինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն, ինչն այս պարագայում առկա չէ: Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ Դատարանը, Ս.Արիստակեսյանի խափանման միջոցի՝ տնային կալանքի ժամկետը երկարացնելիս, չի վերլուծել և պարզաբանել, թե նշանակություն ունեցող որ փաստերից և տվյալներից ելնելով է, որ մեղադրյալն աներկբա պետք է շարունակի մնալ տնային կալանքի տակ։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն գործի քննության առաջնային փուլերի, մեղադրյալ Ս.Արիստակեսյանի՝ իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու հավանականությունն այլևս այնքան բարձր չի կարող գնահատվել, որ հիմք հանդիսանա և համոզիչ կերպով հիմնավորի նրա՝ տնային կալանքի մեջ գտնվելու շարունակական անհրաժեշտությունը։
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունն այն աստիճանի բարձր չէ, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի ամենախիստ այլընտրանքային խափանման միջոցը՝ տնային կալանքը, իսկ այլընտրանքային՝ համեմատաբար նվազ խիստ խափանման միջոցներն ի զորու չլինեն ապահովելու վերջինիս օրինական վարքագիծը: Այլ խոսքով՝ էականորեն նվազել է այդ անհրաժեշտությունը, որի պայմաններում հնարավոր չէ արձանագրել, որ այլևս առկա է նույն դատավարական անհրաժեշտությունը մեղադրյալին մեկուսացնելու առումով։
(...)
Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ այլընտրանքային ավելի մեղմ խափանման միջոցի կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված մյուս պարտականությունների կատարումը, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալը, վարույթն իրականացնող մարմնի օրինական պահանջներին և դատական նիստի կարգին ենթարկվելը։
(...)
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալին վերագրվող հանցագործության բնույթը, վտանգավորության աստիճանը (վերագրվում է հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործության կատարում, որը, ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին), հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, ի թիվս այլնի՝ նույնպես էական նշանակություն ունեն Սեյրան Արիստակեսյանի հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում:
Ավելին՝ Վերաքննիչ դատարանը թեև գտնում է, որ Ս.Արիստակեսյանի կողմից ենթադրյալ առանձնապես ծանր հանցանք կատարելու հանգամանքը չի կարող անտեսվել և պետք է էական նշանակություն ունենա խափանման միջոցի հարցը քննարկելիս, սակայն դա չի կարող դատավարական ցանկացած փուլում դիտարկվել որպես անբեկանելի հիմք՝ անձին անազատության ներքո պահելու կամ առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցի չկիրառման համար: Այլ խոսքով՝ գործի քննության սույն փուլում միայն վերագրվող արարքի հանրային վտանգավորությունը և ծանրության աստիճանը չեն կարող համարվել բավարար պատճառներ՝ անձին շարունակաբար տնային կալանքի տակ պահելու համար։
Հետևաբար, հաշվի առնելով մեղսագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերը կատարված վերլուծությունների արդյունքում դրանք չեն կարող անձի ազատության սահմանափակման պատճառ հանդիսանալ, առավել ևս այն պայմաններում, երբ խափանման միջոցի նպատակն անձի պատշաճ վարքագծի ապահովումն է, այլ ոչ թե նրան պատժելը։
Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չէ հասարակական շահ, համապատասխան և բավարար պատճառ, որը, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, արդարացնում է նահանջն անձի ազատության իրավունքի հարգանքից։
Նշվածի համադրությամբ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Ս.Արիստակեսյանի՝ առանց տնային կալանքի տակ գտնվելու, քրեական դատավարության օրենսգրքով վերջինիս վրա դրված պարտականությունները չկատարելու ռիսկը կարող է չեզոքացվել նաև այլընտրանքային խափանման միջոցի ավելի մեղմ տեսակի՝ վարչական հսկողության և արդեն իսկ կիրառված գրավ խափանման միջոցի չափն ավելացնելու համակցված կիրառմամբ, որպիսի դիրքորոշումը պայմանավորված է, մասնավորապես, նրանով, որ հակառակի վերաբերյալ Դատարանի կողմից որևէ ընդունելի և փաստարկված հիմնավորում չի ներկայացվել։ Ավելին, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ խափանման միջոցի հիմքերն ու պայմանները ոչ թե ստատիկ, այլ դինամիկ կատեգորիաներ են և ենթակա են ժամանակի ընթացքում փոփոխման, ուստի, սույն դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում այն, որ մեղադրյալ Ս.Արիստակեսյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար օրենքով նախատեսված երաշխիք կարող է հանդիսանալ նաև ավելի մեղմ խափանման միջոցի կիրառումը, ինչպիսին վարչական հսկողությունն է:
Ընդ որում, համապատասխան պարտականությունների սահմանմամբ և նախկինում կիրառված գրավի չափի ավելացմամբ հնարավոր է չեզոքացնել Դատարանի մտավախությունները, որոնք կապված են նրա հետ, որ դեռևս նախնական դատալսումների փուլն է և նույնիսկ սահմանված չէ հետազոտման ենթակա ապացույցների ծավալը։ Այս առումով Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշյալ մտավախությունը հնարավոր է չեզոքացնել այնքանով, որ վարչական հսկողության պայմաններում արգելվի հաղորդակցվել դատավարությանը մասնակցող անձանց, մասնավորապես, գործով անցնող վկաների և մեղադրյալների, հետ։
(…) Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը, ի թիվս այլնի, պայմանավորված է նաև մեղադրյալի անձը բնութագրող և հաշվառման ենթակա հանգամանքներով, մասնավորապես, նախկինում դատապարտված չլինելը, մշտական բնակության վայր, աշխատանք, ընտանիք, բարձրագույն կրթություն, որոշակի հիվանդություններ ունենալը, տարիքը (58 տարեկան է)։
(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում է կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն, ապա այն պետք է պարունակի հստակ և աներկբա փաստարկներ առ այն, որ այլընտրանքային առավել մեղմ խափանման միջոցների կիրառումն անբավարար է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար։ Հետևաբար, քննության առարկա դեպքում Դատարանը պետք է փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ հիմնավորեր առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցների՝ ինչպես առանձին, այնպես էլ՝ համակցված կիրառման ոչ իրավաչափությունը, անարդյունավետությունը, մինչդեռ Դատարանի կողմից ներկայացված փաստարկներն այնպիսին չեն, որ հաղթահարեն այլընտրանքային ամենախիստ խափանման միջոցի իրավաչափության համար սահմանված բարձր չափանիշը և բավարար լինեն անձին շարունակական տնային կալանքի տակ պահելու համար։
Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով խափանման միջոցի կիրառման ժամանակ նվազագույնի սկզբունքով առաջնորդվելու օրենսդրական պահանջը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու վտանգը որոշակի չափով առկա է, սակայն վարչական հսկողություն և գրավ այլընտրանքային խափանման միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթն ու դրանց կիրառման հետևանքով առաջացող սահմանափակումների էությունը, համակցված ձևով ի զորու են փարատելու վարույթն իրականացնող մարմնի՝ Դատարանի, բարձրացրած մտավախությունները և ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Այս առումով Վերաքննիչ դատարանը կարևոր է համարում ոչ միայն վարչական հսկողության կիրառումը, այլև վարչական հսկողության շրջանակներում օրենսդրի կողմից դատարաններին տրված հայեցողական լիազորությունից օգտվելը, որոնք իրենց համակցությամբ կարող են առավել արդյունավետ դարձնել վարչական հսկողությունը։ Նշվածը, ի թիվս այլնի, վերաբերում է նաև նրան, որ վարչական հսկողությամբ մեղադրյալին արգելվում է հաղորդակցվել գործով անցնող մեղադրյալների և վկաների հետ։
Միևնույն ժամանակ, որպես գործուն և լրացուցիչ երաշխիք, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է նաև ավելացնել գրավի չափը, որը կիրառվել էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ, մասնավորապես, ի թիվս այլնի, տվյալ որոշմամբ որոշվել էր մեղադրյալ Սեյրան Արիստակեսյանի նկատմամբ կիրառել նաև խափանման միջոց գրավը՝ 15.000.000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամի չափով։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված 15.000.000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամի չափը պետք է ավելացնել ևս 5.000.000 ՀՀ դրամով։ (…)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք մեղադրյալ Ս.Արիստակեսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը (…)»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը»:
Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ
2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: (…)»։
12. Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս արձանագրել է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման և կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ և պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։
12.1. Վճռաբեկ դատարանը միաժամանակ կրկնում է, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես անձին ազատությունից զրկելու հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր ու գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին:
13. Դատական քննության փուլում գտնվող գործով դատարանի կողմից մեղադրյալի (ամբաստանյալի) ազատության իրավունքը սահմանափակող խափանման միջոցի կիրառման իրավաչափության ստուգման շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ գործի դատական քննության ընթացքում մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ հարցը լուծելիս, առաջին ատյանի դատարանը հանդես է գալիս որպես վարույթն իրականացնող մարմին։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նման պայմաններում, որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս, վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Ս.Արիստակեսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նա խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Կարապետյանին և Վ.Անդրիասյանին խմբի կազմում կաշառք տվողի մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն,
- Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով խափանման միջոցի կիրառման նպատակներին՝ գտել է, որ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է միայն վերջինիս նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքը և գրավը պահպանելու միջոցով:
Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել, որ քրեական գործի քննությունը գտնվում է նախնական դատալսումների փուլում, նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատարան ներկայացված ապացույցների հետազոտումը դեռևս չի սկսվել, ավելին՝ նույնիսկ սահմանված չէ հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, իսկ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը: Վերոգրյալի առնչությամբ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ Ս.Արիստակեսյանը կարող է դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել՝ այդ կերպ խոչընդոտելով գործի քննությանը։
Վերոգրյալի հետ մեկտեղ Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել Ս.Արիստակեսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի բնույթը, վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հնարավոր պատժի խստությունը,
- Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալ Ս.Արիստակեսյանի՝ իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու հավանականությունն այլևս այնքան բարձր չէ, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի ամենախիստ այլընտրանքային խափանման միջոցը, իսկ միայն վերագրվող արարքի հանրային վտանգավորությունը և ծանրության աստիճանը չեն կարող համարվել բավարար պատճառներ՝ անձին շարունակաբար տնային կալանքի տակ պահելու համար։
Արդյունքում Վերաքննիչ դատարանը հագնել է այն հետևության, որ Ս.Արիստակեսյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել նաև այլընտրանքային խափանման միջոցի ավելի մեղմ տեսակի՝ վարչական հսկողության կիրառմամբ և արդեն իսկ կիրառված գրավ խափանման միջոցի չափն ավելացնելով։
15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ հանդես գալով որպես գործով վարույթն իրականացնող մարմին, Ս.Արիստակեսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի երկարաձգման հարցը լուծելիս համակողմանի գնահատման է ենթարկել սույն վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Մասնավորապես, հաշվի է առել, որ սույն գործի քննությունը գտնվել է նախնական դատալսումների փուլում, դեռևս սահմանված չի եղել հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, հետազոտված չեն եղել քրեական գործում առկա ապացույցները, հարցաքննված չեն եղել դատակոչված անձինք, ուստի, նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը իրավաչափորեն եզրահանգել է, որ այլընտրանքային ավելի մեղմ խափանման միջոցների կիրառումն ի զորու չէ չեզոքացնելու մեղադրյալ Ս.Արիստակեսյանի կողմից ապացուցման գործընթացին խոչընդոտելու ռիսկերը։ Ընդ որում, վերոգրյալի հետ մեկտեղ Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել նաև Ս.Արիստակեսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի բնույթը, վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ինչպես նաև հնարավոր պատժի խստությունը։
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, առանց ծանրակշիռ փաստական հանգամանքների վկայակոչման, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ գործով որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող դատարանի դատական ակտը և գտել, որ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի փոխարեն վարչական հսկողության կիրառումը և կիրառված գրավի չափի ավելացումը կարող է լինել բավարար երաշխիք՝ ապահովելու Ս.Արիստակեսյանի պատշաճ վարքագիծը։ Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից չեն մատնանշվել ծանրակշիռ փաստական հանգամանքներ, որոնք կարող էին վկայել վարույթն իրականացնող՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման ոչ իրավաչափության մասին։
16․ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, Ս.Արիստակեսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:
17. Անդրադառնալով բողոքաբերի փաստարկին առ այն, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել նաև Ս.Արիստակեսյանի կողմից ազատության մեջ մնալու դեպքում նոր հանցանք կատարելու բարձր հավանականությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն փաստարկը քննության առարկա է դարձել միայն Առաջին ատյանի դատարանում, հերքվել է, և նշվածի կապակցությամբ վերաքննիչ բողոք չի ներկայացվել հանրային մեղադրողի կողմից։ Ուստի, Վերաքննիչ դատարանում հիշյալ հանգամանքը բողոքարկված, քննարկված և լուծված չլինելու պարագայում Վճռաբեկ դատարանը զրկված է նշվածի կապակցությամբ վերլուծություն իրականացնելու և եզրահանգում կատարելու իրավաչափ հնարավորությունից։
18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սեյրան Արիստակեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու հարցը քննարկելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման և վերլուծության է ենթարկել գործի փաստական հանգամանքների ամբողջությունը, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։ Սակայն, հաշվի առնելով, որ սույն որոշումը կայացնելու պահին Ս.Արիստակեսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Սեյրան Հովհաննեսի Արիստակեսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
