Վճռաբեկ դատարան · Քրեական
ԱՐԱԴ/0038/01/19
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԱՐԱԴ/0038/01/19
- Դիմող / մեղադրյալ
- Անուշավան ՀակոբյանՎոլոդյա ՄանուկյանԱրտակ Այվազյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 03.04.2026
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
23 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 7. Արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը
- Հոդված 10. Արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը
- Հոդված 19. Հանցագործության տեսակները
- Հոդված 38. Հանցակիցների տեսակները
- Հոդված 46. Հանցակիցների տեսակները
- Հոդված 48. Պատժի հասկացությունը և նպատակները
- Հոդված 55. «Պատիժ» հասկացությունը և դրա նպատակները
- Հոդված 66. Պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ
- Հոդված 69. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները
- Հոդված 70. Պատիժը պայմանականորեն չկիրառելը
- Հոդված 78. Պատժի ժամկետները որոշելը դրանք գումարելիս
- Հոդված 177. Գողությունը
- Հոդված 254. Գողությունը
- Հոդված 255. Խարդախությունը
- Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը
- Հոդված 309.1. Խոշտանգումը
- Հոդված 333. Սուտ մատնությունը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԱՐԱԴ/0038/01/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր` Ս․Մնոյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Լ․Աբգարյան
Գ․Հովհաննիսյան
Կ․Հովհաննիսյան
3 ապրիլի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս․ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Անուշավան Գևորգի Հակոբյանի պաշտպան Ա․Հակոբյանի, մեղադրյալ Վոլոդյա Ռոբերտի Մանուկյանի պաշտպան Ա․Ներսիսյանի և մեղադրյալ Արտակ Ռոբերտի Այվազյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2019 թվականի մարտի 3-ին, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, հարուցվել է թիվ 25150819 քրեական գործը։
2019 թվականի մարտի 29-ին, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, հարուցվել է թիվ 25151219 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ թիվ 25151219 քրեական գործը միացվել է թիվ 25150819 քրեական գործին:
1․2․ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 3-ի որոշմամբ Անուշավան Գևորգի Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 7-ի որոշմամբ Արտակ Ռոբերտի Այվազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ու 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 13-ի որոշմամբ Վոլոդյա Ռոբերտի Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
2019 թվականի հուլիսի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան):
2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճռով Անուշավան Հակոբյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, Ա․Հակոբյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով: Ա․Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ։
Արտակ Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա․Այվազյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Ա․Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ։
Վոլոդյա Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով, Վ․Մանուկյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 15 (տասնհինգ) օր ժամկետով և տուգանք՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Վ․Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ։ «******» բաց բաժնետիրական ընկերության քաղաքացիական հայցը բավարարվել է և վճռվել է Ա․Հակոբյանից, Ա․Այվազյանից ու Վ․Մանուկյանից համապարտության կարգով հօգուտ ընկերության բռնագանձել 462․500 (չորս հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, Ա․Այվազյանից նաև 207.000 (երկու հարյուր յոթ հազար) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։
3․ Դատախազի և մեղադրյալների պաշտպանների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 11-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա․Հակոբյանի պաշտպան Ա․Հակոբյանը, մեղադրյալ Վ․Մանուկյանի պաշտպան Ա․Ներսիսյանը և մեղադրյալ Ա․Այվազյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հունիսի 18-ի որոշմամբ ընդունվել են վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
Պաշտպան Ա․Հակոբյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն առերևույթ թույլ է տվել լուրջ դատական սխալ, և լուրջ փաստական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:
Բողոքի հեղինակը նախ փաստարկել է, որ մեղադրական դատական ակտը հիմնված է ապացույցների կամայական գնահատմամբ ձևավորված ենթադրության վրա, քանի որ առաջադրված մեղադրանքում Ա․Հակոբյանի մեղավորությունը չի հաստատվում փոխկապակցված վերաբերելի, թույլատրելի, հավաստի և բավարար ապացույցների ամբողջությամբ: Մասնավորապես՝ ըստ բողոքաբերի՝ մեղադրական դատավճիռը կայացվել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված մեղադրյալ Ա․Հակոբյանի նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքի հիման վրա, ավելին, այդ ցուցմունքը ստացվել է բռնության և դրա սպառնալիքի միջոցով։ Միևնույն ժամանակ բողոք բերած անձը փաստարկել է, որ մեղադրանքի հիմքում դրվել են Ա․Հակոբյանի՝ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննությամբ՝ դրանից բխող իրավունքների և պարտականությունների իրացմամբ ստացված տվյալները, այսինքն, Ա․Հակոբյանը չի հարցաքննվել կասկածի շուրջ, ուստի, նման եղանակով ստացված տեղեկությունների օգտագործումն անթույլատրելի է։ Ըստ բողոքաբերի՝ Ա․Հակոբյանի՝ վկայի դատավարական կարգավիճակով տված ցուցմունքը որպես ապացույց չի կարող օգտագործվել, նաև այն փաստարկմամբ, որ քրեական գործը քննության առնելիս դատարանների կողմից հիմք ընդունված քրեադատավարական օրենսդրության համապատասխան դրույթի իմաստով դատաքննության ընթացքում կարող է հրապարակվել միայն ամբաստանյալի՝ նախաքննության ընթացքում մեղադրյալի դատավարական կարգավիճակով տված ցուցմունքը։
5․1․ Բողոքի հեղինակն անդրադարձել է նաև մեղադրյալ Ա․Հակոբյանի նկատմամբ նշանակված պատժին՝ գտնելով, որ այն համաչափ չէ վերագրված արարքին՝ խիստ լինելու պատճառով։
5․2․ Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ Ա․Հակոբյանին մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված չէ և այն լրանալու օրվա՝ 2024 թվականի փետրվարի 21-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, ուստի նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի որոշումը և ճանաչել ու հռչակել Ա․Հակոբյանի անմեղությունը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքում կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով մեղադրյալ Ա․Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։
Պաշտպան Ա․Ներսիսյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
7. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն առերևույթ թույլ է տվել լուրջ դատական սխալ, և լուրջ փաստական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:
Բողոքի հեղինակը նախ փաստարկել է, որ մեղադրական դատական ակտը հիմնված է ապացույցների կամայական գնահատմամբ ձևավորված ենթադրության վրա՝ ներկայացնելով սույն որոշման 5-րդ կետում շարադրված փաստարկները՝ հավելելով նաև, որ կասկածյալի դատավարական կարգավիճակով Ա․Հակոբյանի տված խոստովանական ցուցմունքը հերքվում է այլ ապացույցներով, այսինքն, արժանահավատ չէ։ Իսկ մնացյալ ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր եզրափակիչ դատավարական ակտ կայացնելու համար։
7․1․ Բողոքի հեղինակն անդրադարձել է նաև մեղադրյալ Վ․Մանուկյանի նկատմամբ նշանակված պատժին և այն կրելու նպատակահարմարությանը՝ գտնելով, որ նշանակված պատիժը համաչափ չէ վերագրված արարքին՝ խիստ լինելու պատճառով, իսկ այն կրելու մասով դատական ակտերը պատճառաբանված չեն։ Այս համատեքստում բողոքաբերն ընդգծել է մեղադրյալի խնամքի տակ հինգ անչափահաս երեխաների առկայությունը։
7․2․ Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ Վ․Մանուկյանին մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված չէ և այն լրանալու օրվա՝ 2024 թվականի փետրվարի 21-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, ուստի նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։
8. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի որոշումը և ճանաչել ու հռչակել Վ․Մանուկյանի անմեղությունը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքում կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։
Մեղադրյալ Ա․Այվազյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
9. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն առերևույթ թույլ է տվել լուրջ դատական սխալ, և լուրջ փաստական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:
Բողոքի հեղինակը նախ փաստարկել է, որ մեղադրական դատական ակտը հիմնված է ապացույցների կամայական գնահատմամբ ձևավորված ենթադրության վրա՝ ներկայացնելով սույն որոշման 5-րդ կետում շարադրված փաստարկները։
9․1․ Բողոքի հեղինակն անդրադարձել է նաև իր նկատմամբ նշանակված պատժին և այն կրելու նպատակահարմարությանը՝ գտնելով, որ նշանակված պատիժը համաչափ չէ վերագրված արարքին՝ խիստ լինելու պատճառով, իսկ այն կրելու մասով դատական ակտերը պատճառաբանված չեն։
9․2․ Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ իրեն մեղսագրված արարքների՝ որպես միջին ծանրության հանցանքների համար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված չէ և այն լրանալու օրվա՝ 2024 թվականի մարտի 21-ի դրությամբ, առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, ուստի իր նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։
10. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձ Ա․Այվազյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի որոշումը և ճանաչել ու հռչակել իր անմեղությունը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ու 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
11․ Անուշավան Հակոբյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա․ «(․․․) Ա․Այվազյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահեստարան հանդիսացող շինություն մուտք գործելով, կատարել է զգալի չափերով գույքի գաղտնի հափշտակություն:
Այսպես.
Ա․Հակոբյանն իր փեսայի՝ Վ․Մանուկյանի եղբոր՝ Ա․Այվազյանի հետ, նախնական համաձայնությամբ, դերաբաշխում կատարելով, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում գտնվող «******» ՍՊԸ-ի սպասարկման գրասենյակից գողության եղանակով գույք հափշտակելու դիտավորությամբ 2019 թվականի փետրվարի 21-ի գիշերը՝ ժ. 03։30-ի սահմաններում, *****՝ Վ․Մանուկյանի վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով, վերջինիս օժանդակությամբ, Ապարան քաղաքից գնացել են Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկ, այնուհետև հանցավոր նպատակն իրագործելու նպատակով ճանապարհը դեպի բնակավայր շարունակել ոտքով, իսկ Վ․Մանուկյանը, վերջիններիս դեպքի վայր տանելու և հանցագործության ավարտից հետո դեպքի վայրից տեղափոխելու միջոցով օժանդակելով, սպասել է ավտոմեքենայում՝ մինչ հանցակիցների վերադառնալը: Հասնելով Ծաղկահովիտ գյուղում գտնվող «******» ՍՊԸ-ի սպասարկման գրասենյակի մոտ՝ Ա․Այվազյանը ձեռքին եղած մետաղի կտորի գործադրմամբ բացել է սպասարկման գրասենյակի մուտքի դուռը և Ա․Հակոբյանի հետ միասին ապօրինի մուտք գործել ներս՝ «******» ՍՊԸ-ի սպասարկման գրասենյակ, որտեղից գողացել են զգալի չափի 462.500 ՀՀ դրամ ընդհանուր արժեքի Սամսունգ Գալաքսի ապրանքանիշի թվով 5 բջջային հեռախոսներ, այնուհետև դեպքի վայրից հեռանալով՝ ոտքով հասել են գյուղի խաչմերուկում կայանված, Վ․Մանուկյանի վարած ավտոմեքենայի մոտ և հեռացել նրա հետ (․․․)»։
11․1․ Վոլոդյա Մանուկյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա․ «(․․․) [Դ]եպքի վայր տանելու և գողությունից հետո դեպքի վայրից տեղափոխելու միջոցով օժանդակել է հանցակիցներ Ա․Այվազյանին և Ա․Հակոբյանին, որոնք նախնական համաձայնությամբ ապօրինի պահեստարան հանդիսացող շինություն մուտք գործելով, կատարել են զգալի չափերով գույքի գաղտնի հափշտակություն:
Այսպես.
Վ․Մանուկյանն, *********՝ Ա․Հակոբյանի և ***** Ա․Այվազյանի հետ, նախնական համաձայնությամբ, դերաբաշխում կատարելով, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում գտնվող, պահեստարան հանդիսացող «******» ՍՊԸ-ի սպասարկման գրասենյակից գողության եղանակով գույք հափշտակելու դիտավորությամբ 2019 թվականի փետրվարի 21-ի գիշերը՝ ժ․ 03:30-ի սահմաններում, իր վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով, Ապարան քաղաքից գնացել են Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկ, որից հետո Ա․Հակոբյանը և Ա․Այվազյանը հանցավոր նպատակն իրագործելու նպատակով ճանապարհը դեպի բնակավայր շարունակել ոտքով, իսկ Վ․Մանուկյանը, վերջիններիս դեպքի վայր տանելու և հանցագործության ավարտից հետո դեպքի վայրից տեղափոխելու միջոցով օժանդակելով, սպասել է ավտոմեքենայում՝ մինչ հանցակիցների վերադառնալը: Հասնելով Ծաղկահովիտ գյուղում գտնվող պահեստարան հանդիսացող «******» ՍՊԸ-ի սպասարկման գրասենյակի մոտ՝ Ա․Այվազյանը ձեռքին եղած մետաղի կտորի գործադրմամբ բացել է սպասարկման գրասենյակի մուտքի դուռը և Ա․Հակոբյանի հետ միասին մուտք գործել ներս՝ «******» ՍՊԸ-ի սպասարկման գրասենյակ, որտեղից գողացել են 462.500 ՀՀ դրամ ընդհանուր արժեքի Սամսունգ Գալաքսի ապրանքանիշի թվով 5 բջջային հեռախոսներ, այնուհետև դեպքի վայրից հեռանալով՝ ոտքով հասել են գյուղի խաչմերուկում կայանված, Վ․Մանուկյանի վարած ավտոմեքենայի մոտ և հեռացել նրա հետ (․․․)»։
11․2․ Արտակ Այվազյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ նա․ «(․․․) Ա․Հակոբյանի հետ, ինչպես նախնական համաձայնությամբ, այնպես էլ միայնակ, ապօրինի պահեստարան հանդիսացող շինություն մուտք գործելով, կատարել է 2 դրվագ զգալի չափերով գույքի գաղտնի հափշտակություն:
Այսպես.
Ա․Այվազյանն իր *****՝ Վ․Մանուկյանի, ***** ********* Ա․Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, դերաբաշխում կատարելով, Արագածոտնի մարգի Ծաղկահովիտ գյուղում գտնվող «******» ՍՊԸ֊ի սպասարկման գրասենյակից գողության եղանակով գույք հափշտակելու դիտավորությամբ 2019 թվականի փետրվարի 21-ի գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում, *****՝ Վ․Մանուկյանի վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս օժանդակությամբ, Ապարան քաղաքից գնացել են Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկ, այնուհետև հանցավոր նպատակն իրագործելու նպատակով ճանապարհը դեպի բնակավայր շարունակել ոտքով, իսկ Վ․Մանուկյանը, վերջիններիս դեպքի վայր տանելու և հանցագործության ավարտից հետո դեպքի վայրից տեղափոխելու միջոցով օժանդակելով, սպասել է ավտոմեքենայում՝ մինչ հանցակիցների վերադառնալը: Հասնելով Ծաղկահովիտ գյուղում գտնվող «******» ՍՊԸ-ի սպասարկման գրասենյակի մոտ՝ Ա․Այվազյանը ձեռքին եղած մետաղի կտորի գործադրմամբ բացել է սպասարկման գրասենյակի մուտքի դուռը և Ա․Հակոբյանի հետ միասին մուտք գործել ներս՝ «******» ՍՊԸ-ի սպասարկման գրասենյակ, որտեղից գողացել են 462.500 ՀՀ դրամ ընդհանուր արժեքի Սամսունգ Գալաքսի ապրանքանիշի թվով 5 բջջային հեռախոսներ, այնուհետև դեպքի վայրից հեռանալով՝ ոտքով հասել են գյուղի խաչմերուկում կայանված, Վ․Մանուկյանի վարած ավտոմեքենայի մոտ և հեռացել նրա հետ:
Դրանից հետո, Ա․Այվազյանն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում գտնվող «******» ՍՊԸ-ի սպասարկման գրասենյակից գողության եղանակով գույք հափշտակելու դիտավորությամբ, 2019 թվականի մարտի 21-ին՝ ժամը 03:05-ի սահմաններում, հանցագործության գործիք հանդիսացող խառտոցի գործադրմամբ դուռը բացելու միջոցով, դարձյալ ապօրինի մուտք է գործել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում գտնվող պահեստարան հանդիսացող «******» ՍՊԸ-ի սպասարկման գրասենյակ և այնտեղից գողացել զգալի չափի՝ 207.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքի Ալկատել և Ֆլայ ապրանքանիշերի 1-ական և 2 հատ Մեյզու ապրանքանիշի բջջային հեռախոսներ (․․․)»։
12․ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) [Գ]նահատելով սույն քրեական գործով հետազոտված ապացույցները, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների և դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալների մեղավորության մասին չփարատված բոլոր կասկածները նրանց օգտին մեկնաբանելով, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ, 365-րդ հոդվածների պահանջները, [Առաջին ատյանի] դատարանն ապացուցված է համարում Ա․Հակոբյանին (․․․) Վ․Մանուկյանին (․․․) Արտակ Այվազյանին (․․․) առաջադրված մեղադրանքները:
[Առաջին ատյանի դ]ատարանն անդրադառնալով Ա․Հակոբյանի, Վ․Մանուկյանի, Ա․Այվազյանի պատճառաբանություններին այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 21-ի գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում գտնվող «******» ՍՊԸ-ի սպասարկման գրասենյակից 462.500 ՀՀ դրամ ընդհանուր արժեքի Սամսունգ Գալաքսի ապրանքանիշի թվով 5 բջջային հեռախոսներ չեն գողացել, իսկ գողությունն իրենց կողմից կատարած լինելու մասին Ա․Հակոբյանը գործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել ոստիկանության աշխատակիցների կողմից նրա նկատմամբ գործադրված բռնության արդյունքում և նրանց ուղղորդմամբ, Ա․Այվազյանի պատճառաբանությանը, այն մասին, որ 2019 թվականի մարտի 21-ին՝ ժամը 03:05-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում գտնվող «******» ՍՊԸ-ի սպասարկման գրասենյակից 207.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքի Ալկատել և Ֆլայ ապրանքանիշերի 1-ական և 2 հատ Մեյզու ապրանքանիշի բջջային հեռախոսներ չի գողացել, արձանագրում է, որ նրանց պատճառաբանություններն արժանահավատ չեն, հետապնդում են քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ և հերքվում են գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ:
Այսպես՝ հետազոտված ապացույցներով, մասնավորապես հեռախոսների վերծանումների՝ ալեհավաքների սպասարկման վայրերի տվյալներով հերքվում են ամբաստանյալների պատճառաբանություններն այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 21-ի գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում Ծաղկահովիտ գյուղի ուղղությամբ չեն գնացել և գտնվել են՝ Ապարան քաղաքում՝ տանը, կամ էլ՝ Գյումրի քաղաքից վերադառնալիս են եղել:
[Առաջին ատյանի դ]ատարանն արժանահավատ է համարում Ա․Հակոբյանի կողմից նախաքննության ընթացքում 26.04.2019թ., 03.05.2019թ., 01.06.2019թ., այդ թվում՝ 06.05.2019թ. կասկածյալ Վ․Մանուկյանի հետ առերես հարցաքննության ժամանակ տված ցուցմունքներն այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 21-ի գիշերը ժամը 00։30-ի սահմաններում Ա․Այվազյանի և Վ․Մանուկյանի հետ Ծաղկահովիտ գյուղի «******» ՍՊԸ-ի գրասենյակից գողություն կատարելու նպատակով դուրս են եկել Ապարան քաղաքից, շարժվել Ծաղկահովիտ գյուղի կողմ և մինչև գողություն կատարելը որոշակի ժամանակահատված շրջել տարածքում: Ըստ վերծանումների՝ Ա․Հակոբյանի կողմից օգտագործված ***-****-** հեռախոսահամարը փետրվարի 20-ին ժ. 15:53-ին սպասարկվել է Երևան քաղաքում, ժամը 19.55-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 00:36-ը՝ Ապարան քաղաքում, ժամը 01:35-ին՝ Ծաղկահովիտ գյուղի հարևանությամբ գտնվող Գեղադիր գյուղի ալեհավաքի կողմից, ժամը 09.04-ից սպասարկվել է Երևան քաղաքում և նշված տվյալները համապատասխանում են Ա․Հակոբյանի կողմից ցուցմունքներում նկարագրված գործողություններին:
Ա․Հակոբյանի կողմից նույն ցուցմունքներում ներկայացված պատճառաբանությունն այն մասին, որ նշված դեպքից հետո մի քանի օր անց, Ա․Այվազյանի հետ միասին գնացել են Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակ՝ գողացված հեռախոսներից 2-ը վաճառելու համար, որոնցից մեկը եղել է «Սամսունգ Գալաքսի Ջ» մոդելի, Արտակը մտել է գետնանցում, շուրջ 5-10 րոպե անց վերադարձել և հայտնել է, որ հեռախոսները վաճառել է, համապատասխանում է վկա Վ․Մ-ի ցուցմունքին այն մասին, որ իր կողմից օգտագործվող «Սամսունգ Գալաքսի Ջ 6» մոդելի հեռախոսը գնել է 2019 թվականի փետրվարի վերջերին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի գետնանցումում՝ հեռախոս վաճառող անծանոթ մի տղայից, 60.000 ՀՀ դրամով և հեռախոսը եղել է բաց տուփով, հեռախոսի մեջ տեղադրել է իր ***-**-**-** հեռախոսահամարը: «******» ՍՊ ընկերությունից ստացված վերծանումների համաձայն Վ․Մեսրոպյանի անվամբ հաշվառված ************ բջջային հեռախոսահամարն օգտագործվել է «Սամսունգ Գալաքսի Ջեյ6» ապրանքանիշի **************** գործարանային համարի բջջային հեռախոսում, որը ըստ գործի տվյալների գողացված է եղել 21.02.2019թ. Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի «******» ՍՊԸ-ի սպասարկման և վաճառքի սրահից:
Ա․Այվազյանի պատճառաբանությունն այն մասին, որ 2019 թվականի մարտի 21-ին՝ ժամը 03:05-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում գտնվող «******» ՍՊԸ-ի սպասարկման գրասենյակից բջջային հեռախոսներ չի գողացել հերքվում է՝ դեպքի վայրի՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ******** *. *** հասցեի շինությունում գործող «******» ՍՊԸ-ի սպասարկման և վաճառքի սրահի զննության արձանագրությամբ, համաձայն որի դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է խարտոցանման առարկա, այն ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությամբ՝ համաձայն որի Ռ․Ս-ն իրեն ճանաչման ներկայացված 4 խառտոցներից ճանաչել է ձախից 2-րդ տեղում դրված /21.03.2019թ դեպքի վայրի՝ Ծաղկահովիտ գյուղի «******» ՍՊԸ-ի սպասարկման և վաճառքի սրահի զննության ընթացքում հայտնաբերված/ խառտոցը և հայտարարել է, որ նշված խառտոցը եղել է իր որդու ավտոմեքենայի բեռնախցիկում, որը ժամանակավոր օգտագործման համար հանձնել է Ա․Այվազյանին, Ռ․Ս-ի նույնաբովանդակ ցուցմունքով, «***** *******» գրավատնից «Ալկատել» մոդելի հեռախոսը և գրավադրման փաստաթղթերն առգրավելու և զննելու մասին արձանագրություններով, համաձայն որոնց 23.03.2019թ. պայմանագրով «***** *******» ՍՊԸ-ն վարկառու Ա․Այվազյանին տրամադրել է 20.000 ՀՀ դրամ, որի դիմաց գրավատուն գրավառուին է հանձնել սև գույնի, օգտագործված բջջային հեռախոս՝ մակնիշը՝ «Ալկատել 3ց», համարը՝ *******************, «******» ՍՊԸ-ի անվտանգության ծառայության ղեկավարի գրությամբ այն մասին, որ «Ալկատել 3ց» ապրանքանիշի ******************* գործարանային համարի հեռախոսը գողացված է եղել 21.03.2019թ-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի «******» ՍՊԸ-ի սպասարկման և վաճառքի սրահից: Պարզվել է նաև, որ 2019թ մարտի 21-ին՝ Ժամը 02:19-ին Ա․Այվազյանի կողմից օգտագործվող ***-***-*** հեոախոսահամարը սպասարկվել է Ծաղկահովիտ բնակավայրի ալեհավաքի միջոցով, իսկ ժամը 03.13-ին՝ Ալագյազ բնակավայրի ալեհավաքի միջոցով:
Ամբաստանյալների պատճառաբանությունները հերքվում են նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ժ.Թովմասյանի որոշմամբ այն մասին, որ Ա․Հակոբյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից գողությունը խոստովանելու համար Ա.Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված թիվ 62219619 քրեական գործով ՀՀ ոստիկանության Արագածոտի մարզային վարչության Արագածի բաժնի աշխատակիցներ Ա․Ս-ի և Ա․Պ-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով և 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իսկ Ա․Հակոբյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետապնդում չի իրականացվել՝ վերջինիս գործողությունում հանցակազմի բացակայության հիմքով և քրեական գործով վարույթը նույն հիմքերով կարճվել է:
(․․․) [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ [ՀՀ գործող քրեական] օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն Ա․Հակոբյանը, Վ․Մանուկյանը և Ա․Այվազյանը պետք է մեղավոր ճանաչվեն 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածներով, մասնավորապես Ա․Հակոբյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Վ․Մանուկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Ա․Այվազյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
(․․․)
[Առաջին ատյանի դ]ատարանը որպես Վ․Մանուկյանի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում այն, որ նա ** տարեկան է, ամուսնացած է, խնամքին են գտնվում հինգ անչափահաս երեխաներ, ծնված՝ **.**.***թ.-ին, **.**.****թ., **.**.****թ., **.**.****թ. և **.**.****թ-ին:
Ամբաստանյալ Վ․Մանուկյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չէ, արարքը կատարելու պահին դատվածություն չի ունեցել:
(․․․)
[Առաջին ատյանի դ]ատարանը, հաշվի առնելով (․․․) Վ․Մանուկյանի (․․․) կողմից կատարված արարք[ի]` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության եղանակը, շարժառիթը և նպատակը, (․․․) անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, (․․․), ինչպես նաև նշանակվող պատժի` հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությունը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկություններն ու նրանց վրա այլ անձանց ազդեցությունը, գտնում է, որ (․․․) Վոլոդյա Մանուկյանը (․․․) կատարած հանցագործությ[ան] համար ենթակա [է] պատժի ազատազրկման ձևով:
Վերոգրյալ հանգամանքների հաշվառմամբ՝ [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյա[լ] (․․․) Վոլոդյա Մանուկյանի (․․․) նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 69-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության և պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից և բավարար է ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացման տեսանկյունից:
(․․․)
[Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վ․Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով պետք է նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով:
(․․․) ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով սույն դատավճռով նշանակված պատժին պետք է լրիվ գումարել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 27.06.2023թ. դատավճռով նշանակված 15 օր ժամկետով կարճաժամկետ ազատազրկում պատիժը և 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը և Վ․Մանուկյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել՝ տուգանք 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով և ազատազրկում՝ 2 տարի 15 օր ժամկետով, որը վերջինս պետք է կրի: (․․․)»։
13․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը․ «(․․․) Ա.Հակոբյանի, Վ.Մանուկյանի և Ա.Այվազյանի մեղավորությունն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել դատաքննությամբ հետազոտված թույլատրելի, հավաստի և քրեական գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների այնպիսի համակցությամբ, որը բավարար է հաղթահարելու ամբաստանյալներ Ա.Հակոբյանի, Վ.Մանուկյանի և Ա.Այվազյանի անմեղության կանխավարկածը և բացառելու վերջիններիս կողմից իրենց մեղսագրված հանցանքները չկատարելու ողջամիտ հավանականությունը։
Անդրադառնալով ամբաստանյալ Ա․Հակոբյանի նախաքննական ցուցմունքների արժանահավատ չլինելու վերաբերյալ պաշտպանների փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Ա․Հակոբյանի նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքներն Առաջին ատյանի դատարանը պատշաճ կերպով գնահատել և վերլուծել է քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների համակցության մեջ ու ըստ այդմ՝ եկել է իրավաչափ եզրահանգման վերջինիս կողմից նախաքննության ընթացքում հայտնած տվյալների արժանահավատության վերաբերյալ։ Այսպես, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նախաքննությամբ Ա․Հակոբյանի՝ հանցագործության կատարման վերաբերյալ հայտնած տվյալները, ի թիվս այլնի, հաստատվել են ամբաստանյալների հեռախոսազանգերի վերծանումների զննության արձանագրություններով, վկաներ Հ.Հ-ի, Վ.Մ-ի և Ռ.Ս-ի ցուցմունքներում նկարագրված հանգամանքներով։ Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի այն պնդումներին, որ Ա.Հակոբյանի նախաքննության ընթացքում հայտնած տվյալները ստացվել են կորզման արդյունքում, ինչի վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշված հաղորդման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի որոշմամբ ոստիկանության համապատասխան աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցագործության դեպքի բացակայության հիքմով, ընդ որում՝ նախաքննական մարմնի հիշյալ որոշումը բողոքարկելու վերաբերյալ տեղեկատվություն քրեական գործում առկա չէ։ Նման պայմաններում, երբ առկա է համապատասխան անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշում, այլ կերպ՝ Ա․Հակոբյանի նկատմամբ բռնություն կամ դրա սպառնալիք գործադրելու հանցադեպի բացակայությունը հաստատվել է նախաքննությունն իրականացնող մարմնի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ այս կապակցությամբ պաշտպանական կողմի փաստարկները ևս հիմնավոր չեն, ուստի դրանց հետ համաձայնելու իրավաչափ հիմքեր առկա չեն։
(․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալների կատարած հանցանքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրանցից յուրաքանչյուրի անձնային առանձնահատկությունների վերաբերյալ արձանագրված հանգամանքները թույլ են տալիս գալու եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալներ Ա.Հակոբյանի, Վ.Մանուկյանի և Ա.Այվազյանի նկատմամբ նշանակել է համաչափ ու արդարացի պատիժ, որը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից: Նշանակված ազատազրկման ձևով պատիժը համապատասխանում է ամբաստանյալներից յուրաքանչյուրի անձին, նրանց կատարած հանցագործության բնույթին, վտանգավորության աստիճանին, և անհրաժեշտ ու բավարար է ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի ապրիլի 18-ի) 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացվելիությանը հասնելու համար: (․․․)»։
14․ Օրինական ուժ ստացած Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի դատավճռով Վ․Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ այն արարքի համար, որ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին, խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով գույք։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալներ Ա․Հակոբյանի, Վ․Մանուկյանի և Ա․Այվազյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
16․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներ Ա․Հակոբյանի, Վ․Մանուկյանի և Ա․Այվազյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
16․1․ Բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ու քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության ու գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարաններն առաջադրված մեղադրանքներում Ա․Հակոբյանի, Վ․Մանուկյանի և Ա․Այվազյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջադրված մեղադրանքներում Ա․Հակոբյանի, Վ․Մանուկյանի և Ա․Այվազյանի մեղքը հաստատվում է, իսկ բողոքաբերների փաստարկները հերքվում են գործով ձեռք բերված և ստորադաս դատարանների դատական ակտերում պատշաճ վերլուծված ապացույցների բավարար համակցությամբ, այն է՝ Ա․Հ-ի նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքով, վկաներ Վ․Մ-ի, Ռ․Ս-ի, Հ․Հ-ի ցուցմունքներով, դեպքի վայրի և առարկայի զննության, առգրավում կատարելու և առգրավված առարկաները զննելու, առարկան ճանաչման ներկայացնելու, հեռախոսահամարների մուտքային ու ելքային հեռախոսազանգերի վերծանումները զննելու մասին արձանագրություններով, «******» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրություններով և իրեղեն ու որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված փաստաթղթերով։
Անդրադառնալով սույն որոշման 5-րդ կետում շարադրված վճռաբեկ բողոքների համընկնող փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ ցուցմունքներում էական հակասության առկայությամբ պայմանավորված դատաքննության ընթացքում հրապարակվել են մինչդատական վարույթում Ա․Հակոբյանի՝ տարբեր դատավարական կարգավիճակներում տված ցուցմունքները, համաձայն որոնց՝ Ա․Հակոբյանի՝ որպես վկայի լրացուցիչ հարցաքննությունը դադարեցվել է և այն շարունակվել է վերջինի կասկածյալի դատավարական կարգավիճակով, որի ընթացքում, հետագայում նաև մեղադրյալի դատավարական կարգավիճակում, այդ թվում՝ Վ․Մանուկյանի հետ առերեսվելիս, Ա․Հակոբյանը պնդել է նախորդ ցուցմունքով հաղորդած տվյալները՝ տալով նաև խոստովանական ցուցմունք։ Ա․Հակոբյանի հաղորդած տվյալները հիմնավորվում են դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում՝ հեռախոսահամարների մուտքային ու ելքային հեռախոսազանգերի վերծանումների արդյունքում ստացված, վկաներ Վ․Մ-ի, Ռ․Ս-ի և Հ․Հ-ի ցուցմունքներով հաղորդած տվյալներով։ Ինչ վերաբերում է Ա․Հակոբյանից ցուցմունքը բռնությամբ և դրա սպառնալիքով ստացված լինելու պնդմանը, ապա այդ առումով ընդունելի է Վերաքննիչ դատարանի փաստարկն առ այն, որ այդ կապակցությամբ նախաձեռնած վարույթի ընթացքում համապատասխան անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, և միաժամանակ այդ որոշումը բողոքարկված լինելու վերաբերյալ տվյալներ վարույթի նյութերում առկա չեն, այսինքն, բռնություն կամ դրա սպառնալիք գործադրելու հանցադեպի բացակայությունը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավարական ակտով։
Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում բողոքաբերների համապատասխան փաստարկներին և արձանագրում է, որ առաջադրված մեղադրանքներում Ա․Հակոբյանի, Վ․Մանուկյանի և Ա․Այվազյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են։
17․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք մեղադրյալներ Ա․Հակոբյանի, Վ․Մանուկյանի և Ա․Այվազյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(...)
12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից. (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, (․․․)»:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն ` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)։
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից։ (․․․)»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Գողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
(․․․)
3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`
(․․․)
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: (․․․)»:
18․ Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։
19․ Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Հակոբյանին և Ա․Այվազյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Վ․Մանուկյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքները կատարվել են 2019 թվականի փետրվարի 21-ին, իսկ Ա․Այվազյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքը՝ 2019 թվականի մարտի 21-ին։ Ա․Հակոբյանի, Վ․Մանուկյանի ու Ա․Այվազյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի սեպտեմբերի 11-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքների քննության արդյունքում որոշում է կայացրել 2024 թվականի հունվարի 11-ին: Նշված որոշման դեմ մեղադրյալ Ա․Հակոբյանի պաշտպան Ա․Հակոբյանը, մեղադրյալ Վ․Մանուկյանի պաշտպան Ա․Ներսիսյանը և մեղադրյալ Ա․Այվազյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հունիսի 18-ի որոշմամբ ընդունվել են վարույթ։
20. Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից հետևում է, որ Ա.Հակոբյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2024 թվականի փետրվարի 21-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, ուստի նրա նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Հակոբյանի պաշտպանի՝ սույն որոշման 5․1-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։
Ա․Այվազյանին մեղսագրված վերջին արարքը կատարվել է 2019 թվականի մարտի 21-ին, հետևաբար վերջինիս ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրված արարքների՝ որպես միջին ծանրության հանցանքների համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2024 թվականի մարտի 21-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, ուստի նրա նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը ևս պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Այվազյանի՝ սույն որոշման 9․1-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Հակոբյանի ու Ա․Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում, ելնելով գույքային հայցի ապացուցվածությունից, դատարանն իրավասու է հայցը լրիվ կամ մասնակի բավարարել: Տվյալ դեպքում, թեև Ա․Հակոբյանի ու Ա․Այվազյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, սակայն նկատի ունենալով, որ «******» բաց բաժնետիրական ընկերության քաղաքացիական հայցի ապացուցվածությունը դատական վերանայման բողոքներում չի վիճարկվել, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Հակոբյանից ու Ա․Այվազյանից հօգուտ «******» բաց բաժնետիրական ընկերության համապատասխան գումարները բռնագանձելու մասով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պետք է թողնել անփոփոխ։
20․1․ Սույն որոշման 14-րդ և 19-րդ կետերում մեջբերված փաստական տվյալների համադրված վերլուծությունից հետևում է, որ մինչև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղսագրված արարքի համար հաշվարկվող վաղեմության ժամկետներն անցնելը Վ․Մանուկյանը, 2022 թվականի դեկտեմբերի 30-ին, կատարել է վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատող՝ միջին ծանրության դիտավորյալ նոր հանցանք, որպիսի պայմաններում, Վ․Մանուկյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման 2022 թվականի դեկտեմբերի 30-ից։ Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ․Մանուկյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը, սույն որոշումը կայացնելու օրվա դրությամբ լրացած չէ, ուստի, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Վ․Մանուկյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քրեական հետապնդումը ենթակա չէ դադարեցման։
Անդրադարձ կատարելով Վ․Մանուկյանի պաշտպանի՝ սույն որոշման 7.1-րդ կետում նշված փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով մեղադրյալ Վ․Մանուկյանի պատժի անհատականացման գործընթացում հաշվի առնված հանգամանքները, գտնում է, որ նրա նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նշանակվել է համաչափ պատիժ։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված և պատճառաբանված են նաև Վ․Մանուկյանի կողմից նրա նկատմամբ նշանակված պատիժը ռեալ կրելու անհրաժեշտության մասին ստորադաս դատարանների հետևությունները։ Ուստի, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ բողոքաբերի՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը Վ․Մանուկյանի կողմից կրելու անհրաժեշտության մասին ստորադաս դատարանների հետևությունը պատճառաբանված չլինելու պնդումը։ Այս համատեքստում, գնահատելով պատժի անհատականացման գործընթացում սույն վարույթով արձանագրված հանգամանքները, Վճռաբեկ դատարանը ևս գտնում է, որ այդպիսիք չեն կարող ողջամտորեն նվազեցնել Վ․Մանուկյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ։ Հետևաբար, Վ․Մանուկյանի մասով դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ։
21․ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճիռն և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի որոշումը մասնակիորեն փոփոխել։
2․ Անուշավան Գևորգի Հակոբյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Անուշավան Գևորգի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը` վերացնել:
3․ Արտակ Ռոբերտի Այվազյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Արտակ Ռոբերտի Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը` վերացնել:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
