Վճռաբեկ դատարան · Քրեական
ՍԴ3/0015/13/24
- Գործի համարը
- ՍԴ3/0015/13/24
- Դիմող / մեղադրյալ
- Առուշ Առուշանյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 08.04.2026
- ՀՀ Սահմանադրություն
- Միջազգային փաստաթղթեր
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
13 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 38. Հանցակիցների տեսակները
- Հոդված 66. Պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ
- Հոդված 69. Պատժի ժամկետները հաշվարկելը և պատիժը հաշվակցելը
- Հոդված 70. Պատիժը պայմանականորեն չկիրառելը
- Հոդված 113. Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը
- Հոդված 154.2. Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը
- Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը
- Հոդված 322. Ինքնիրավչությունը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՍԴ3/0015/13/24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Սյունիքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր` Վ.Մելքոնյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ.Հարությունյան
8 ապրիլի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Առուշ Գագիկի Առուշանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ պաշտպան Ս.Մարաբյանի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 28-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Առուշ Գագիկի Առուշանյանի անմեղությունը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով ու 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներկայացված մեղադրանքում։
Ա.Առուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 (հինգ) տարի ժամկետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթ հարյուրապատիկի (700.000) ՀՀ դրամի չափով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ու 6-րդ կետերով՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված կարգով` նշանակված պատիժները լրիվ գումարելու և կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցելու միջոցով, Ա.Առուշանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթ հարյուրապատիկի (700.000) ՀՀ դրամի չափով ու տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 (հինգ) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ա․Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
1.1. Դատախազի ու Ա.Առուշանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 23-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 28-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին։
1.2. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի՝ 2024 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի և Ա.Առուշանյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է։
2. 2024 թվականի օգոստոսի 26-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու, տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն ազատազրկմամբ փոխարինելու ու Ա.Առուշանյանին պատիժը կրելուն ուղարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետի (այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն) միջնորդությունը, որի կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ հարուցվել է դատական վարույթ։
2.1. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ Պրոբացիայի ծառայության միջնորդությունը մասնակիորեն բավարարվել է, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 28-ի դատավճռով Ա.Առուշանյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ 5 (հինգ) տարի ժամկետով տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը, փոխարինվել է ազատազրկմամբ՝ 1 (մեկ) տարի 8 (ութ) ամիս 3 (երեք) օր ժամկետով։
3. Դատախազի և պաշտպանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հունվարի 15-ին որոշում է կայացրել բողոքները մասնակիորեն բավարարելու և Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը մասնակիորեն փոփոխելու մասին, Պրոբացիայի ծառայության միջնորդությունը բավարարվել է, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 28-ի դատավճռով Ա.Առուշանյանի նկատմամբ նշանակված՝ 6 (վեց) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելը վերացվել է, տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը փոխարինվել է ազատազրկմամբ՝ 1 (մեկ) տարի 8 (ութ) ամիս ժամկետով։ Հանցագործությունների համակցությամբ, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Առուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ս.Մարաբյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի մարտի 17-ի որոշմամբ ընդունվել են վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
Պաշտպան Ս.Մարաբյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որ միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Այսպես, բողոքաբերը նախևառաջ գտել է, որ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, քանի որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 155-րդ հոդվածի ու առարկայական ընդդատությունը կանոնակարգող քրեադատավարական դրույթի համադրված վերլուծությունից բխում է, որ կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթները պետք է քննության առարկա դառնան մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանում, և եթե մասնագիտացված այդ դատարանն է կայացրել եզրափակիչ դատական ակտը, ապա այն ի կատար ածելու հետ կապված հարցերը ևս պետք է լուծի մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանը։ Այս համատեքստում բողոքաբերը փաստարկել է, որ խնդրո հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մոտեցումն իսպառ բացառում է դատական ակտերի կատարման փուլում ծագող հարցերը լուծելու՝ մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանի իրավասությունը, ինչը ոչ միայն իրավաչափ չէ, այլև չի բխում քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրությունների առկա կարգավորումներից։
Անդրադարձ կատարելով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ բողոք ներկայացրած անձը փաստել է, որ թեև Ա.Առուշանյանի վերաբերյալ մեղադրական դատական ակտը կայացրել է ընդհանուր իրավասության դատարանը, սակայն նա մեղավոր է ճանաչվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կոռուպցիոն հանցանքի կատարման համար։ Ուստի, բողոքաբերի պնդմամբ՝ պրոբացիայի ծառայությունը միջնորդությունը պետք է ներկայացներ մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարան, իսկ Առաջին ատյանի դատարանն իր հերթին պարտավոր էր միջնորդությունը փոխանցել ըստ ընդդատության՝ մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարան, այլ ոչ թե ըստ էության քննության առներ։
5.1. Վերոգրյալից զատ, բողոքի հեղինակն անդրադարձ է կատարել Պրոբացիայի ծառայության միջնորդության ըստ էության քննության արդյունքում ստորադաս դատարանների կողմից թույլ տրված՝ նյութական օրենքի խախտմանը՝ ներկայացնելով այն հիմնավորող փաստարկներ։ Բացի այդ, բողոքաբերն արձանագրել է, որ ստորադաս դատարանը դատախազի բողոքը բավարարելու հիմքում դրել է այնպիսի էական փաստարկումներ, որոնք ներկայացված չեն եղել բողոքում, այսինքն, դուրս է եկել բողոքի սահմաններից՝ ի վնաս դատապարտյալի։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 15-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ մերժել Պրոբացիայի ծառայության միջնորդությունը կամ վարույթը փոխանցել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
7. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որ միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Մասնավորապես, բողոքաբերն անդրադարձել է Վերաքննիչ դատարանի կողմից պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Առուշանյանի նկատմամբ պատիժ նշանակելու իրավաչափությանը՝ արձանագրելով, որ այդ կերպ դատարանը պատժի չափի մասով փոփոխել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժ ստացած հիշյալ դատավճիռը, որի իրավասությունը սույն վարույթով չի ունեցել։
8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 15-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ Ա.Առուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 2 (երկու) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով։
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական և իրավական հանգամանքները.
9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը կայացրել է Պրոբացիայի ծառայության միջնորդության հիմնավորվածության ըստ էության քննության արդյունքում։
10. Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտել պաշտպանի այն փաստարկին, որ սույն վարույթը ենթակա էր քննության մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանի կողմից, և արձանագրել. «(...) [Քրեակատարողական օրենսգրքի վերաբերելի] իրավակարգավորումներից բխում է, որ դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում են մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։ Եվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ գլխով նախատեսված առարկայական ընդդատության կանոնները սույն վարույթով կիրառելի չեն։
Հետևաբար, վերանայման բողոքում նշված փաստարկներն առ այն, որ վիճարկվող դատական ակտը պետք է բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան, անհիմն է և չի բխում վերը նշված իրավակարգավորումներից»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի ստեղծված լինելու պայմաններում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրավասու էր արդյո՞ք քննության առնել Ա.Առուշանյանի նկատմամբ նշանակված՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդությունն այն դեպքում, երբ Ա.Առուշանյանը դատապարտվել էր նաև ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կոռուպցիոն հանցանք կատարելու համար:
12. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։
12.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի շրջանակում «դատարան» հասկացությունն ընկալվում է տվյալ եզրույթի բովանդակային իմաստով՝ բնորոշվելով իր դատական, այն է՝ իր իրավասության շրջանակում իրավական նորմերի հիման վրա և սահմանված կարգով իրականացված ընթացակարգերի արդյունքում համապատասխան հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործառույթով:
12.2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) ձևավորել է կայուն նախադեպային իրավունք առ այն, որ դատարանը ցանկացած դեպքում պետք է լինի «օրենքի հիման վրա ստեղծված»: Տվյալ արտահայտությունն արտացոլում է իրավունքի գերակայության սկզբունքը, որը ներհատուկ է Եվրոպական կոնվենցիայով և կից Արձանագրություններով սահմանված պաշտպանության համակարգին: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «օրենքը» ներառում է ոչ միայն դատական մարմինների կազմավորումն ու իրավասությունը նախատեսող օրենսդրությունը, այլ նաև ցանկացած այլ նորմ, որի խախտումը ոչ օրինական կդարձնի մեկ կամ մի քանի դատավորների մասնակցությունը գործի քննությանը։
12.3. «Օրենքի հիման վրա ստեղծված» եզրույթը վերաբերում է ոչ միայն ինքնին դատարանի առկայության իրավական հիմքին, այլ նաև դրա համապատասխանությանն այն կարգավորող նորմերին և յուրաքանչյուր կոնկրետ գործով դատարանի կազմին։ Հետևաբար, եթե ներպետական օրենսդրության կիրառելի նորմերին համապատասխան` ամբաստանյալի գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին, ապա 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով այդ դատարանը չի համարվում «օրենքի հիման վրա ստեղծված»։
12.4. Պարզելու համար, թե արդյո՞ք խախտվել է օրենքի հիման վրա ստեղծված դատարան ունենալու պահանջը, Եվրոպական դատարանը կիրառում է գնահատման եռաստիճան թեստ։ Այսպես, Եվրոպական դատարանը նախ՝ գնահատում է, թե արդյո՞ք կոնկրետ դեպքում դատարանի (դատական կազմի) ձևավորումն ունեցել է իրավական հիմքեր: Այնուհետ, դատարանն անդրադառնում է այն հարցին, թե արդյո՞ք իրացված է «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» սկզբունքով նախատեսված այն երաշխիքը, որ դատարանի կազմավորումը չպետք է կախված լինի գործադիր իշխանությունից, և չի կարող նաև միայն կախված լինել դատական իշխանության հայեցողությունից: Եվ, ի վերջո, Եվրոպական դատարանը քննարկում է, թե արդյո՞ք թույլ է տրվել ներպետական օրենքի էական խախտում։ Եվրոպական դատարանն ընդգծում է, որ, որպես կանոն, դատական մարմինների կազմավորման և իրավասության վերաբերյալ դրույթների անտեսումը խախտում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը։ Ուստի, յուրաքանչյուր դեպքում Եվրոպական դատարանը քննարկում է, թե արդյո՞ք պահպանվել է վերաբերելի ներպետական օրենքը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ընդհանուր այն սկզբունքը, որ առաջին հերթին ազգային դատարանները պետք է մեկնաբանեն ներպետական օրենսդրությունը, Եվրոպական դատարանը կասկածի տակ չի դնում այդ մեկնաբանությունը, քանի դեռ թույլ չի տրվել ներպետական օրենքի էական խախտում։
13. Վերոգրյալից բխում է, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» չի կարող համարվել այն դատարանը, որը որոշում է կայացրել այնպիսի հարցի կապակցությամբ, որը քննելու և լուծելու իրավասությամբ օժտված չէ։ Այսինքն՝ Եվրոպական դատարանը «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի» հայեցակարգի բաղադրիչ է դիտարկել «դատարանի իրավասություն» հասկացությունը՝ դրա վերաբերյալ ներպետական դրույթների մեկնաբանումը թողնելով ազգային դատարաններին, քանի դեռ թույլ չի տրվել ներպետական օրենքի էական խախտում։
14. Ինչպես ցանկացած պետական մարմնի, այնպես էլ դատարանի իրավասությունը ներառում է օրենքով վերջինիս քննությանն ու լուծմանը վերապահված հարցերի շրջանակը, ինչպես նաև կոնկրետ գործի քննության ժամանակ դատարանի լիազորությունները։ Այլ կերպ՝ «իրավասություն» եզրույթը ներառում է դատարանի գործունեության առարկան՝ վերջինիս ենթակա գործերի և դրանց քննության ու լուծման լիազորությունների շրջանակը։
15. Իրավասության այս տարրերից առաջինի առնչությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Դատական օրենսգիրք)՝ «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությունը» վերտառությամբ 20-րդ հոդվածը սահմանում է, որ. «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի»։
Նույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական վարույթները, մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված հարցերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը (…)»։
Դատական օրենսգրքի՝ «Մասնագիտացված դատարանների իրավասությունը» վերտառությամբ 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված վարույթները (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին (այսուհետ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան) ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, ինչպես նաև դատական երաշխիքների բոլոր վարույթները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ, այդ թվում՝ դատական երաշխիքների վարույթների, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին»։
15.1. Վերոնշյալ դրույթների վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը տարանջատել է ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների իրավասությունն առարկայական ընդդատության չափանիշով՝ սահմանելով այս դատարաններից յուրաքանչյուրին ենթակա գործերի շրջանակը։ Այլ կերպ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (քրեական մասնագիտացման դատավորներին), ու մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի տարանջատման ելակետը՝ ենթադրյալ հանցավոր արարքի բնույթն է։ Այս տարանջատման առնչությամբ հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունված ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի հիմնավորման համաձայն՝ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կայացման և շարունակական զարգացման տեսանկյունով, ինչը հատուկ կարևորվել էր Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի՝ «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1332-Ն որոշմամբ։ Նշված հիմնավորման համաձայն՝ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու կարևորագույն փաստարկներից մեկը՝ մասնագիտացվածության ապահովումն է, մասնավորապես՝ կոռուպցիոն գործերով արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով ոլորտային մասնագիտացմամբ դատական կազմ ունեցող դատարանի ստեղծումը՝ հաշվի առնելով ֆինանսական տարբեր գործարքների ու կոռուպցիոն բարդ սխեմաների առանձնահատկությունները։
Վերոշարադրյալի հաշվառմամբ էլ օրենսդիրը կոռուպցիոն գործերով թե´ արդարադատության, և թե´ դատական իշխանության այլ գործառույթների (մասնավորապես՝ դատական երաշխիքների վարույթի) իրականացումը վերապահել է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններին։
16. Կոռուպցիայի դեմ պայքարի քրեական քաղաքականությունը, ի թիվս այլնի, ենթադրում է համապատասխան պատժողական քաղաքականության ձևավորում: Հետևաբար, կոռուպցիայի դեմ մասնագիտացված պայքարի նպատակի համատեքստում կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներից զատ այդ վարույթներով կայացված դատական ակտերն ի կատար ածելու, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ծագող հարցերը ևս պետք է ընդդատյա լինեն մասնագիտացված` հակակոռուպցիոն դատարանին՝ ապահովելով դատական ակտի կատարման փուլում ծագող հարցերի լուծումը մասնագիտացված դատական կազմի կողմից։
Վերոշարադրյալ մոտեցման օգտին է վկայում նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքի՝ «Դատական վարույթը դատական ակտերի կատարման փուլում» վերտառությամբ գլխի 152-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի՝ «Սույն գլխով նախատեսված դատավարական կարգի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 17-19-րդ, 34-36-րդ գլուխների և 11-րդ բաժնի կարգավորումները»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Դատական վարույթների ընդհանուր պայմանները» բաժնում ներառված 34-րդ գլխում օրենսդիրը կանոնակարգում է դատական վարույթի կարգին վերաբերող պայմանները։ Իսկ նույն օրենսգրքի՝ 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ դատական վարույթը դատարանի կողմից իր իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգն է։ Նշված նորմից բխում է, որ օրենսդիրը, դատական վարույթի պարտադիր հատկանիշ է դիտարկել իրավասու դատարանի կողմից համապատասխան ընթակարգի իրականացումը։ Ուստի դատական ակտերի կատարման փուլում դատապարտյալի՝ օրենքի հիման վրա ստեղծված իրավասու դատարանի կողմից իր գործի քննության հիմնարար իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտերի կատարման փուլում ծագող հարցերը քննող ու լուծող իրավասու դատարանը պետք է որոշվի կոնկրետ դեպքում առարկայական ընդդատության կանոնով։ Նույն տրամաբանությունից ելնելով էլ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը»։ Վերոնշյալ օրենսդրական կարգավորման հիմքում ընկած է այն գաղափարը, որ դատական ակտն ի կատար ածելու հարցը պետք է լուծի այն դատարանը, ով իրավասու է կոնկրետ գործով արդարադատություն իրականացնել և դատական ակտ կայացնել։
Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ դատական ակտերի կատարման փուլում դատարանի կողմից քննարկվում են գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ՝ պատժատեսակի և պատժաչափի որոշումը։ Ուստի, այդ տրամաբանությունից ելնելով՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դատական ակտերի կատարման փուլում կայացված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի՝ վերաքննության և վճռաբեկության, այսինքն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման և վերանայման կառուցակարգերը սահմանող գլուխները։
17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի վերաբերելի նորմերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն սույն որոշմամբ վկայակոչված կարգավորումների ու արտահայտված իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության միջոցով, որից բխում է, որ կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ վարույթներով կայացված եզրափակիչ դատական ակտերի կատարման հետ կապված օրենքով նախատեսված հարցերը պետք է լուծի մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանը։
18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ա.Առուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 (հինգ) տարի ժամկետով։ Նույն դատավճռով Ա.Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով ու նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 6 (վեց) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Դատական վերանայման արդյունքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վիճարկվող դատական ակտը թողել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը՝ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել է,
- վերը նշված դատական ակտի կատարման փուլում Առաջին ատյանի դատարան է ստացվել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու, ազատությունից զրկելու հետ չկապված հիշյալ պատիժը ազատազրկմամբ փոխարինելու և Ա.Առուշանյանին պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ,
- Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը կայացրել է ներկայացված միջնորդության ըստ էության քննության արդյունքում,
- Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս ղեկավարվել է այն մոտեցմամբ, որ առարկայական ընդդատությունը կանոնակարգող քրեադատավարական կանոնները սույն վարույթով կիրառելի չեն, ուստի, վարույթը մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարան փոխանցելու հիմքեր չկան։
19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-17-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ վարույթով ստորադաս դատարանների կողմից պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել այն հանգամանքը, որ Ա.Առուշանյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կոռուպցիոն բնույթի հանցանք է, և սույն վարույթով քննարկվում են հենց այդ հանցանքի վերաբերյալ վարույթը եզրափակող դատական ակտով նշանակված պատժին և այն կրելուն առնչվող հարցեր։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոռուպցիոն բնույթի հանցանքի վերաբերյալ եզրափակիչ դատական ակտի կատարման՝ մասնավորապես դրանով նշանակված՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշում կայացնելու իրավասություն ունի հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը։ Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրավասու չէր քննելու ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետի միջնորդությունը, քանի որ սույն վարույթով չէր հանդիսանում օրենքի հիման վրա ստեղծված իրավասու դատարան։
20. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հակակոռուպցիոն դատարանի ստեղծված լինելու պայմաններում, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրավասու չէր քննության առնել Ա.Առուշանյանի նկատմամբ նշանակված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը, քանի որ Ա.Առուշանյանը դատապարտվել էր նաև կոռուպցիոն բնույթ ունեցող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար:
21. Ընդհանրացնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, միջնորդությունն ըստ էության քննության առարկա դարձնելով, իսկ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ վարույթը մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարան փոխանցելու հիմքեր առկա չեն, և ըստ էության քննության առնելով դատական վերանայման բողոքները, խախտել են վարույթի ընդդատության կանոնները՝ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ ու 23-րդ հոդվածներով սահմանված սկզբունքների խախտում, ինչը, նույն օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն, դատական ակտերն անվերապահ բեկանելու և վարույթն ըստ առարկայական ընդդատության Հակակոռուպցիոն դատարան փոխանցելու հիմք է։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն իրավասու չէ անդրադառնալու բողոքաբերների՝ սույն որոշման 5.1-րդ ու 7-րդ կետերում շարադրված հարցերին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-363-րդ, 376-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Դատապարտյալ Առուշ Գագիկի Առուշանյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունվարի 15-ի որոշումը բեկանել ու վարույթը փոխանցել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
