Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ1/0815/06/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ1/0815/06/24
Դիմող / մեղադրյալ
Յարութ Խարմանտարեան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
10.04.2026
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
12 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ1/0815/06/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Վ.Գրիգորյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Ա.Ղուկասյան 10 ապրիլի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 16-ի որոշման դեմ մեղադրյալ Յարութ Կարապետի Խարմանտարեանի պաշտպան Ն․Ռշտունու հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի նոյեմբերի 16-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 69135023 քրեական վարույթը: 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 69140323 քրեական վարույթը: Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ թիվ 69140323 քրեական վարույթը միացվել է թիվ 69135023 քրեական վարույթին։ 2024 թվականի հունվարի 10-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 319-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 69101224 քրեական վարույթը: Նախաքննության մարմնի՝ 2024 թվականի հունվարի 11-ի որոշմամբ թիվ 69101224 քրեական վարույթը միացվել է թիվ 69135023 քրեական վարույթին։ 2024 թվականի հունվարի 11-ին, Յարութ Կարապետի Խարմանտարեանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 319-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ 2024 թվականի հունվարի 11-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Յ.Խարմանտարեանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով նրան դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, որը նույն օրը տրվել է կատարման, սակայն հնարավոր չի եղել հայտնաբերել մեղադրյալին։ 2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2024 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ Յ.Խարմանտարեանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ նույն ժամկետով սահմանափակվել է մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը: 3. Մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն․Ռշտունու հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարանը) 2024 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ վերադարձրել է, սահմանելով եռօրյա ժամկետ՝ բողոքում թույլ տրված թերությունները վերացնելու և սահմանված կարգով կրկին ներկայացնելու համար։ 2024 թվականի օգոստոսի 12-ին մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն․Ռշտունու կողմից կրկին հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը Վերաքննիչ դատարանի՝ 2024 օգոստոսի 16-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն․Ռշտունին ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ, առկա են Վերաքննիչ դատարանի որոշումը ոչ իրավաչափ դարձնող փաստական և իրավական հանգամանքներ, ինչպես նաև բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ 5.1. Բողոքի հեղինակը նշել է, որ 2024 թվականի հուլիսի 2-ին ներգրավվել է որպես մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան և նույն օրը բանավոր տեղեկացել, որ 2024 թվականի ապրիլի 11-ին Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել մեղադրյալ Յ.Խարմանտարեանի նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու մասին։ 2024 թվականի հուլիսի 2-ին Յ.Խարմանտարեանը տեղափոխվել է ձերբակալված անձանց պահելու վայր և հաջորդ օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 2024 թվականի հուլիսի 3-ին, պաշտպանության կողմի բանավոր խնդրանքով քննիչը տրամադրել է Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի ապրիլի 11-ի որոշման պատճենը, միևնույն ժամանակ որոշման բնօրինակը մեղադրյալին չի հանձնվել, արձանագրություն չի կազմվել։ Դատարանից ստացված նյութերի մեջ նույնպես չկա և չի կարող լինել որևէ արձանագրություն՝ որոշման օրինակը մեղադրյալին հանձնելու վերաբերյալ։ Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29-ի որոշումը փոստի միջոցով ստացել է 2024 թվականի օգոստոսի 8-ին։ 2024 թվականի օգոստոսի 9-ը եղել է ուրբաթ, այդ օրը չի հասցրել կապ հաստատել քննիչ Ն.Աբգարյանի հետ։ Հաջորդ օրը՝ 2024 թվականի օգոստոսի 10-ը եղել է ոչ աշխատանքային։ Փորձել է քննիչի հետ կապ հաստատել հեռախոսով, չի կարողացել։ Քանի որ 2024 թվականի հուլիսի 12-ին քննիչն իր ************ էլեկտրոնային փոստից իր՝ ************ էլեկտրոնային փոստին ուղարկել է 2024 թվականի հուլիսի 2-ին կազմված արձանագրության պատճենը, որով հաստատվել է նաև, որ Յ.Խարմանտարեանը ցանկանում է, որպեսզի իր պաշտպանությունն իրականացնի փաստաբան Ն.Ռշտունին, նույն ************ էլեկտրոնային հասցեին ուղարկել է դիմում, որով խնդրել է հաստատել, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշման պատճենն իրեն հանձնվել է 2024 թվականի հուլիսի 3-ին։ Դրան ի պատասխան՝ քննիչ Ն.Աբգարյանը նույն օրը՝ 2024 թվականի օգոստոսի 10-ին, հեռախոսով իրեն հայտնել է, որ ************ էլեկտրոնային հասցեն իր անձնական հասցեն է և ինքը պարտավոր չէ ընդունել պաշտպանի դիմումը։ 2024 թվականի օգոստոսի 12-ի առավոտյան զանգահարել է քննիչ Ն.Աբգարյանին, որը պատասխանել է, որ դիմումը պետք է ուղարկի ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային հասցեներին, կամ ներկայացնի գրասենյակ, և նշել, որ այսօր ժամանակ չունի դիմումին պատասխանելու համար։ Բողոք բերած անձը փաստել է, որ դիմումի օրինակներն իր կողմից ուղարկվել են [email protected] և [email protected] էլեկտրոնային փոստերին, բացի այդ դիմում է ներկայացրել նաև թղթային ձևով և մինչև աշխատանքային օրվա ավարտը սպասել պատասխանի, սակայն այն չի տրամադրվել։ Բողոքի հեղինակը փաստել է, որ քննիչ Ն.Աբգարյանը միտումնավոր խոչընդոտում է փաստաբանի աշխատանքին, խախտում է մեղադրյալի իրավունքները։ 5.2. Բողոքի հեղինակը նշել է, որ վերոգրյալով պայմանավորված, հատուկ վերանայման բողոքը կրկին ներկայացրել է առանց Առաջին ատյանի դատարանի որոշման պատճենը 2024 թվականին հուլիսի 3-ին ստանալու ապացույցի, որը հնարավոր չի եղել ներկայացնել իրենից անկախ պատճառով։ Բողոքաբերը փաստել է, որ քննիչ Ն.Աբգարյանը մինչ օրս պաշտպանի դիմումին չի պատասխանել, չի ընդունել կամ չի հերքել Առաջին ատյանի դատարանի որոշման պատճենը 2024 թվականի հուլիսի 3-ին տրամադրելու փաստը։ Բողոքի հեղինակը նշել է, որ հատուկ վերանայման բողոքը կրկին ներկայացնելուց միջնորդել է քննիչ Ն.Աբգարյանից պահանջել ապացույց, որ բողոքարկվող որոշումն իրեն տրամադրվել է 2024 թվականի հուլիսի 3-ին և բողոքը օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու հարցը քննարկել բողոքի քննության հետ միաժամանակ։ 6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի օգոստոսի 16-ի որոշումը։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի դատական նիստի համառոտագրումից երևում է, որ նիստին մասնակցել է միայն քննիչ Ն.Աբգարյանը։ 8. Մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունին Վերաքննիչ դատարան ներկայացված հատուկ վերանայման բողոքում նշել է, որ 2024 թվականի հուլիսի 3-ին իր խնդրանքով քննիչի կողմից տրամադրվել է Առաջին ատյանի դատարանի որոշման լուսապատճենը։ Բողոքին կից ներկայացրել է քննիչ Ն.Աբգարյանի կողմից 2024 թվականի հուլիսի 2-ին կազմված՝ մեղադրյալի ինքնության մեջ հավաստիանալու, քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը հանձնելու, մեղադրանքի փաստական հիմքերը և իրավական գնահատականը, մեղադրյալի իրավունքները և պարտականությունները պարզաբանելու, ինչպես նաև իրավունքների ու պարտականությունների ցանկը հանձնելու մասին, մեղադրյալ Յ.Խարմանտարեանի և փաստաբան Ն.Ռշտունու ստորագրություններով վավերացված արձանագրության պատճենը, որտեղ առկա է նաև նշում այն մասին, որ մեղադրյալը ցանկանում է, որ իր շահերը պաշտպանի ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նարինե Ռշտունին։ 9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հուլիսի 29-ի՝ հատուկ վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով Բողոքաբերի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը և դրան կից փաստաթղթերը, արձանագրում է, որ պաշտպան Նարինե Ռշտունին իր կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքում նշել է, որ վիճարկվող դատական ակտը իրեն հասու է դարձել 2024 թվականի հուլիսի 3-ին, սակայն այդ փաստը հաստատող որևէ փաստաթուղթ նրա կողմից չի ներկայացվել (Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ գտնվող նյութերում նշված փաստը հավաստող որևէ փաստաթուղթ ևս առկա չէ), հետևաբար ներկայացված նյութերից հնարավոր չէ հանգել հետևության, թե երբ է Բողոքաբերը ստացել բողոքարկվող դատական ակտը։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պայմաններում հնարավոր չէ եզրահանգել պահպանված է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բողոքարկման ժամկետը։ Ուստի հիմք ընդունելով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է մեղադրյալ Յարութ Խարմանտարեանի պաշտպան Նարինե Ռշտունու հատուկ վերանայման բողոքը վերադարձնել՝ հնարավորություն տալով Բողոքաբերին շտկելու սույն որոշմամբ արձանագրված թերությունը՝ սահմանելով եռօրյա ժամկետ (…)»։ 10. Մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունին 2024 թվականի օգոստոսի 12-ին կրկին ներկայացված բողոքին կից միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ խնդրելով քննիչ Ն.Աբգարյանից պահանջել ապացույց, որ բողոքարկվող որոշումն իրեն տրամադրվել է 2024 թվականի հուլիսի 3-ին և բողոքն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու հարցը քննարկել բողոքի քննության հետ միաժամանակ։ Պաշտպանը փաստել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը փոստի միջոցով ստացել է 2024 թվականի օգոստոսի 8-ին։ 2024 թվականի օգոստոսի 9-ը եղել է ուրբաթ և այդ օրը չի հասցրել կապ հաստատել քննիչ Ն.Աբգարյանի հետ։ Հաջորդ օրը՝ 2024 թվականի օգոստոսի 10-ը եղել է ոչ աշխատանքային, փորձել է քննիչի հետ կապ հաստատել հեռախոսով, չի կարողացել։ Քննիչի էլեկտրոնային հասցեին (************) ուղարկել է դիմում, որով խնդրել է հաստատել, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշման պատճենն իրեն հանձնվել է 2024 թվականի հուլիսի 3-ին, որի կապակցությամբ արձանագրություն չի կազմվել։ Դրան ի պատասխան՝ քննիչ Ն.Աբգարյանը նույն օրը՝ 2024 թվականի օգոստոսի 10-ին, հեռախոսով իրեն հայտնել է, որ այդ էլեկտրոնային հասցեն իր անձնական հասցեն է և ինքը պարտավոր չէ ընդունել պաշտպանի դիմումը։ Բողոքի հեղինակը նշել է, որ քանի որ 2024 թվականի օգոստոսի 12-ին լրանում էր հատուկ վերանայման բողոքը կրկին ներկայացնելու ժամկետը, առավոտյան զանգահարել է քննիչ Ն․Աբգարյանին, ով պատասխանել է, որ դիմումը պետք է ուղարկի ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային հասցեներին, կամ ներկայացնի գրասենյակ, և նշել, որ այսօր ժամանակ չունի դիմումին պատասխանելու համար։ Բողոք բերած անձը փաստել է, որ դիմումի օրինակներն իր կողմից ուղարկվել են [email protected] և [email protected] էլեկտրոնային փոստերին, բացի այդ դիմում է ներկայացրել նաև թղթային ձևով և մինչև աշխատանքային օրվա ավարտը սպասել պատասխանի, սակայն այն չի տրամադրվել։ 10.1. Բողոքին կից պաշտպան Ն.Ռշտունին, ի թիվս այլի, ներկայացրել է քննիչ Ն.Աբգարյանին ուղղված դիմումը, որով խնդրել է հաստատել, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշումն իրեն է հանձնվել 2024 թվականի հուլիսի 3-ին, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտե մուտքագրված գրության ստացագիրը, որտեղ նշված է, որ 2024 թվականի օգոստոսի 12-ին, ժամը՝ 11։34-ին, Նարինե Ռշտունուց ընդունվել է դիմում՝ մեկ թերթ։ 10.2. Բողոքին կից ներկայացված փաստաթղթերի բովանդակությունից երևում է, որ Ն.Ռշտունին 2024 թվականի օգոստոսի 10-ին քննիչ Ն.Աբգարյանի էլեկտրոնային փոստի հասցեին (այն հասցեին, որից նախկինում ստացել է փաստաթուղթ) ուղարկել է դիմում՝ նշելով, որ հեռախոսով չի կարողացել կապ հաստատել, ուստի խնդրում է դիմումին պատասխանել, ինչպես նաև 2024 թվականի օգոստոսի 12-ին [email protected] և [email protected] էլեկտրոնային փոստերին ուղարկել է դիմում՝ խնդրելով այն շտապ փոխանցել քննիչ Ն.Աբգարյանին։ 11. Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Ուսումնասիրելով կրկին ներկայացված հատուկ վերանայման բողոքը և դրան կից առկա նյութերը Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերի կողմից այս անգամ ևս չի ներկայացվել որևէ տվյալ այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի ապրիլի 11-ի որոշման դեմ հատուկ վերանայման բողոքը ներկայացվել է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում։ Ինչ վերաբերում է՝ Վերաքննիչ դատարանի կողմից հատուկ վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացնելու արդյունքում Բողոքաբերի կողմից դատարանին ներկայացված միջնորդության մեջ բերված այն փաստարկին, որ բողոք ներկայացնելու ժամկետը պահպանված լինելու վերաբերյալ համապատասխան ապացույցը վարույթն իրականացնող քննիչից պահանջել է, սակայն դրա մասին պատասխան չի ստացել, և հետևապես, նա չի կարող ապացույց ներկայացնել վիճարկվող որոշումը իր կողմից նշված օրը ստանալու վերաբերյալ, ապա, Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ Բողոքաբերի կողմից ներկայացված պատճառաբանությունները չեն կարող ընդունվել որպես հիմնավորում ու համարվել հատուկ վերանայման բողոք բերելու ժամկետը իր կողմից պահպանված լինելու վերաբերյալ փաստարկ։ Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Բողոքաբերը նաև միջնորդել է Վերաքննիչ դատարանին Քննիչից պահանջել ապացույց վիճարկվող ակտը 2024 թվականի հուլիսի 3-ին իրեն տրամադրելու վերաբերյալ, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ ընդունվող որոշումների շրջանակներում նման պարտականություն չի սահմանել, ինչպես նաև չի տրամադրել որևէ հայեցողական լիազորություն նման գործառույթ իրականացնելու համար։ ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 390-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բողոքարկման ժամկետը պահպանված լինելու հանգամանքը պետք է հիմնավորվի Բողոքաբերի կողմից։ Բացի այդ, պետք է փաստել, որ ինչպես երևում է վերը նշված միջնորդությանը կից ներկայացված նյութերում առկա քննիչ Նարեկ Աբգարյանին հասցեագրված դիմումի բովանդակությունից՝ Բողոքաբերի բանավոր խնդրանքով է իրեն տրամադրվել վիճարկվող որոշման պատճենը, որի վերաբերյալ որևիցե արձանագրություն չի կազմվել և ամսաթիվ չի նշվել։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ Բողոքաբերի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, փաստ կամ տվյալ դատական ակտը իր կողմից 2024 թվականի հուլիսի 3-ին ստանալու վերաբերյալ։ Ուստի, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29-ի որոշումը ստանալուց հետո սահմանված 3-օրյա ժամկետում Բողոքաբերի կողմից չի վերացվել թույլ տրված թերությունը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության՝ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (...)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունու հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը։ 13. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։ ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։ 13.1. ՀՀ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ արձանագրել է հետևյալը. - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, - ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, - դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը, - դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով, - իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման: 14. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»։ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։ 14.1. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. - դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով, - պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը, - դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն, - ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա։ Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի։ 15. Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները: 15.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից։ Դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է և միաժամանակ այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց է ու երաշխիք։ Սակայն խնդրո առարկա հիմնարար իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով։ Մասնավորապես, դատական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովելու քրեական դատավարության պատշաճ իրականացումը։ Նշված ժամկետները, սակայն, չեն կարող լինել կամայական, դրանք պետք է լինեն ողջամիտ, ինչը ենթադրում է գործի մասնակից բոլոր անձանց շահերի հավասարակշռված հաշվառում, որպեսզի բացառվեն մի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու անհիմն ուշացումները, մյուս կողմից` այդ ակտի դեմ բողոք բերելու անհամաչափ բարդությունները։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի ողջամտությունն ապահովված կհամարվի նախևառաջ այն դեպքում, եթե շահագրգիռ անձին բավարար ժամանակ տրամադրվի բողոքն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ նախապատրաստելու և համապատասխան դատարան ներկայացնելու համար։ Իրավունքների ենթադրյալ խախտումներից դատարանի առջև իրավական պաշտպանություն հայցող անձի կողմից հիմնավոր բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ և բավարար ժամանակահատվածի տևողությունը պայմանավորված է նաև այդ ժամկետի հաշվարկման ողջամիտ սկզբի սահմանմամբ: 15.2. Զարգացնելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի բողոքարկման իրավունքն իրացնելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունի բողոքարկման՝ օրենսգրքով սահմանված ժամկետների պահպանումը, որի հաշվարկը սկսվում է անձի կողմից բողոքարկման ենթակա դատական ակտը ստանալու օրվանից։ Այն դեպքում, երբ բողոքարկման ենթակա դատական ակտը կայացնելու օրվանից անցել է երկարատև ժամանակահատված, անձը կրում է պարտականություն՝ ապացուցելու, որ դատական ակտը բողոքարկել է օրենսգրքով սահմանված ժամկետների պահպանմամբ։ Այլ կերպ՝ տվյալ դեպքում անձը բողոքին կից պետք է ներկայացնի դատական ակտն իր կողմից ստանալու օրը հավաստող փաստաթուղթ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա հանգելու համապատասխան հետևության՝ բողոքարկման ժամկետները պահպանված լինելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, այն դեպքում, երբ անձը բարեխղճորեն ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ դատական ակտը, ինչպես նաև այդ ակտը ստանալու օրը հավաստող փաստաթուղթ ձեռք բերելու ուղղությամբ, սակայն դա վերջինիս չի հաջողվել՝ իրենից անկախ պատճառներով, ապա անձը չպետք է կրի դրա բացասական հետևանքները։ 16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - Յ.Խարմանտարեանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 319-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ - Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ Յ.Խարմանտարեանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ նույն ժամկետով սահմանափակվել է նրա՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը: Դատական նիստի համառոտագրումից երևում է, որ նիստին մասնակցել է միայն քննիչ Ն.Աբգարյանը։ - Փաստաբան Ն.Ռշտունին որպես Յ.Խարմանտարեանի պաշտպան ներգրավվել է 2024 թվականի հուլիսի 2-ին։ - Պաշտպան Ն.Ռշտունին Վերաքննիչ դատարան ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում նշել է, որ 2024 թվականի հուլիսի 3-ին իր խնդրանքով քննիչի կողմից տրամադրվել է Առաջին ատյանի դատարանի որոշման լուսապատճենը։ Բողոքին կից ներկայացրել է քննիչ Ն.Աբգարյանի կողմից 2024 թվականի հուլիսի 2-ին կազմված՝ մեղադրյալի ինքնության մեջ հավաստիանալու, քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը հանձնելու, մեղադրանքի փաստական հիմքերը և իրավական գնահատականը, մեղադրյալի իրավունքները և պարտականությունները պարզաբանելու, ինչպես նաև իրավունքների ու պարտականությունների ցանկը հանձնելու մասին արձանագրության պատճենը։ - Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունու հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ նշելով, որ վիճարկվող դատական ակտը 2024 թվականի հուլիսի 3-ին ստանալու փաստը հաստատող որևէ փաստաթուղթ պաշտպան Ն.Ռշտունու կողմից չի ներկայացվել և Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ գտնվող նյութերում նշված փաստը հավաստող որևէ փաստաթուղթ ևս առկա չէ, հետևաբար ներկայացված նյութերից հնարավոր չէ հանգել հետևության, թե երբ է բողոքաբերը ստացել բողոքարկվող դատական ակտը։ - Մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունին 2024 թվականի օգոստոսի 12-ին կրկին ներկայացված բողոքին կից միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ խնդրելով քննիչ Ն.Աբգարյանից պահանջել ապացույց, որ բողոքարկվող որոշումն իրեն տրամադրվել է 2024 թվականի հուլիսի 3-ին և բողոքն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու հարցը քննարկել բողոքի քննության հետ միաժամանակ։ Բողոքին կից պաշտպան Ն.Ռշտունին, ի թիվս այլի, ներկայացրել է քննիչ Ն.Աբգարյանին ուղղված դիմումը, որով խնդրել է հաստատել, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշումն իրեն է հանձնվել 2024 թվականի հուլիսի 3-ին, ինչպես նաև մուտքագրված գրության ստացագիրը, որտեղ նշված է, որ 2024 թվականի օգոստոսի 12-ին, ժամը՝ 11։34-ին, Նարինե Ռշտունուց ընդունվել է դիմում։ Բողոքին կից ներկայացված փաստաթղթերի բովանդակությունից երևում է, որ Ն.Ռշտունին 2024 թվականի օգոստոսի 10-ին քննիչ Ն.Աբգարյանի էլեկտրոնային փոստի հասցեին (այն հասցեին, որից նախկինում ստացել է փաստաթուղթ) ուղարկել է դիմում՝ նշելով, որ հեռախոսով չի կարողացել կապնվել, ուստի խնդրում է դիմումին պատասխանել, ինչպես նաև 2024 թվականի օգոստոսի 12-ին [email protected] և [email protected] էլեկտրոնային փոստերին ուղարկել է դիմում՝ խնդրելով այն շտապ փոխանցել քննիչ Ն.Աբգարյանին։ - Վերաքննիչ դատարանը պաշտպան Ն.Ռշտունու հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ՝ արձանագրելով, որ բողոքաբերի կողմից ներկայացված պատճառաբանությունները չեն կարող ընդունվել որպես հիմնավորում ու համարվել հատուկ վերանայման բողոք բերելու ժամկետն իր կողմից պահպանված լինելու վերաբերյալ փաստարկ։ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի միջնորդությանը՝ քննիչից վիճարկվող ակտը 2024 թվականի հուլիսի 3-ին իրեն տրամադրելու վերաբերյալ ապացույց պահանջելու մասին, փաստել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ ընդունվող որոշումների շրջանակներում նման պարտականություն չի սահմանել, ինչպես նաև չի տրամադրել որևէ հայեցողական լիազորություն նման գործառույթ իրականացնելու համար, և բողոքարկման ժամկետը պահպանված լինելու հանգամանքը պետք է հիմնավորվի բողոքաբերի կողմից։ Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերում առկա՝ քննիչ Ն.Աբգարյանին հասցեագրված դիմումի բովանդակությունից բխում է, որ բողոքաբերի բանավոր խնդրանքով է իրեն տրամադրվել վիճարկվող որոշման պատճենը, որի վերաբերյալ որևիցե արձանագրություն չի կազմվել և ամսաթիվ չի նշվել։ 17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15.2-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի, ՀՀ Սահմանադրական, ինչպես նաև Եվրոպական և Վճռաբեկ դատարանների արտահայտած դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ փաստաբան Ն.Ռշտունին որպես պաշտպան է ներգրավվել 2024 թվականի հուլիսի 2-ին, հետևաբար, դրանից առաջ չէր կարող ստանալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշումը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել վիճարկվող ակտը 2024 թվականի հուլիսի 3-ին տրամադրելու վերաբերյալ ապացույց ձեռք բերելու ուղղությամբ բողոքաբերի կողմից ձեռնարկված անհրաժեշտ գործողությունները, այն է՝ քննիչին զանգահարելը, քննիչի անձնական էլեկտրոնային հասցեին, իսկ հետագայում՝ քննչական կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեներին, ինչպես նաև թղթային եղանակով դիմում ուղարկելը, որով խնդրել է հաստատել, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշումն իրեն է հանձնվել 2024 թվականի հուլիսի 3-ին, որի պատասխանը, սակայն, իրենից անկախ պատճառներով չի ստացել։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում բողոքաբերը գործել է բարեխղճորեն, հետևաբար չպետք է կրի վարույթն իրականացնող մարմնի անգործության բացասական հետևանքները, ուստի մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունու կողմից բողոքարկման ժամկետները պահպանված լինելու հարցը Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ՝ հաշվի առնելով պաշտպան Ն.Ռշտունու միջնորդությունը։ 18. Հետևաբար, մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունու հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ։ 19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածում ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման, ինչպես նաև 15-րդ հոդվածով ամրագրված՝ վարույթի հանրայնության սկզբունքների խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում են և հիմք՝ դատական ակտը բեկանելու և վարույթը նոր քննության փոխանցելու համար։ Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունու հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը և հանգի համապատասխան հետևության: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Մեղադրյալ Յարութ Կարապետի Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունու հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 օգոստոսի 16-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ