Վճռաբեկ դատարան · Քրեական
ԵԴ1/0581/11/24
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ1/0581/11/24
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 17.04.2026
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
10 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 23. Դատական պաշտպանության ապահովումը
- Հոդված 29. Ոչ իրավաչափ վարքագծի արգելքը
- Հոդված 153. Ծանուցման պատշաճությունը
- Հոդված 362. Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը
- Հոդված 390. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոք բերելու և բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետները
- Հոդված 391. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ դատարանի կողմից ընդունվող որոշումները
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ1/0581/11/24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Գզոգյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ն.Հովակիմյան
17 ապրիլի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 24-ի որոշման դեմ տուժողներ «******* (**) ********» և «***** ****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի դեկտեմբերի 20-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ ******** քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունվարի 5-ի որոշմամբ «******* (**) ********» և «***** ****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները ճանաչվել են տուժող։
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մայիսի 16-ի որոշմամբ ******* ****** ******** ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա․Օվսյանի՝ 2024 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ ******* ******** նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։
Վերոհիշյալ որոշման դեմ «******* (**) ********» և «***** ****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա․Գրիգորյանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ մերժվել է։
2024 թվականի հոկտեմբերի 16-ին տուժողների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ խնդրելով վերացնել *.******** նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2024 թվականի օգոստոսի 10-ի և դրա դեմ ներկայացված բողոքը մերժելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումները։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի բողոքը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 3-ի որոշմամբ վերոհիշյալ դատական ակտը բեկանվել է, և վարույթը փոխանցվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի և ******* ******** հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է։
3․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2025 թվականի հունիսի 13-ի որոշմամբ «******* (**) ********» և «***** ****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի բողոքը մերժվել է:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերքաննիչ դատարան)՝ 2025 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ «******* (**) ********» և «***** ****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի հատուկ վերանայման բողոքը թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու հիմքով։
5․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ տուժողներ «******* (**) ********» և «***** ****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6․ Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում՝ հիվանդության առկայությունը օրենքին հակառակ հարգելի չհամարելով, խախտել է անձի դատաքննության, դատարանի մատչելիության, բողոքարկման իրավունքները, որով կարող է խաթարվել արդարադատության բուն էությունը։
Բողոքաբերը փաստել է, որ «Արմենիա» ՀԿԲ պոլիկլինիկայի կողմից 2025 թվականի հուլիսի 9-ին տրամադրված բժշկական փաստաթղթի հիման վրա հաստատվում է 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև հուլիսի 9-ն իր հիվանդության փաստը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հիվանդությունը հանդիսանում է հարգելիության դիտարկման հիմք՝ դատավարական իրավունքների և պարտականությունների ընթացքում սահմանված շեղումների դեպքում։
Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը մի կողմից արձանագրել է, որ ներկայացվել է տեղեկանք, որի համաձայն Տ.Եգորյանի մոտ արձանագրվել է հիվանդություն, մյուս կողմից, որոշել, որ մինչև վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված տասնօրյա ժամկետի լրանալը, բողոքաբերն օբյեկտիվորեն հնարավորություն և բավարար ժամանակ է ունեցել բողոք կազմելու համար, որպիսի դատողությունը հիմնազուրկ է, քանի որ դատարանը լիազորություն չունի օրենքով սահմանված ժամանակից քիչ ժամանակը գնահատել բավարար՝ բողոք բերելու դատավարական գործողության համար։
Բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ նշված փաստաթուղթը բովանդակային առումով թույլ չի տալիս արձանագրելու, որ Տ.Եգորյանն օբյեկտիվորեն հիվանդության հիմքով զրկված է եղել օրենքով սահմանված ժամկետում բողոք բերելու հնարավորությունից, նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հիվանդության փաստն արձանագրելուց բացի դատարանը լիազորված չէ գնահատելու հիվանդության ծանրության աստիճանը և արձանագրելու, որ չնայած հիվանդության առկայությանը, կարելի էր ինչ-որ աշխատանք կատարել։
Բողոք բերած անձը նշել է, որ եթե Վերաքննիչ դատարանի գնահատմամբ առկա էր հիվանդության պատմության և տարաբնույթ դրսևորումների առավել մանրամասն նկարագրության անհրաժեշտություն, ապա հնարավոր էր վերադարձնել բողոքը՝ արձանագրելով դրանց անհրաժեշտությունը։
7. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 24-ի՝ հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը։
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
8. *.********, ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում, նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 59-րդ կետով սահմանված հարգելի պատճառ կարող է դիտարկվել ոչ թե անձի մոտ ախտորոշված ցանկացած, այլև այնպիսի հիվանդությունը, որը համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը և ենթադրում է անձի մոտ այնպիսի անաշխատունակություն, որը խոչընդոտում է նրա մասնակցությունը վարութային գործողությանը կամ դատական նիստին։
Բողոքի պատասխանի հեղինակը նշել է, որ բողոքաբերի մոտ արձանագրվել է *** ********** ***********, որն ընդգրկված չէ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի 237-Ն հրամանում ներառված հիվանդությունների ցանկում, ավելին՝ ներառված չէ նաև նախարարի հրամանում վկայակոչված՝ Կառավարության որոշմամբ։ Բացի այդ, չի սահմանվել, որ բողոքաբերի մոտ առկա է անաշխատունակություն կամ նրա նկատմամբ կիրառվել է բուժման անկողնային ռեժիմ։
9. Վերոգրյալի հիման վրա, *.******** խնդրել է մերժել տուժողների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հունիսի 13-ի որոշումը բողոքաբերին է ուղարկվել 2025 թվականի հունիսի 23-ին, որը նա ստացել է հունիսի
26-ին։
11․ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ Տ.Եգորյանը 2025 թվականի հուլիսի 9-ին էլեկտրոնային եղանակով հատուկ վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ միջնորդելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը։
Այսպես, Տ.Եգորյանը նշել է, որ 2025 թվականի հուլիսի 6-ից մինչև 2025 թվականի հուլիսի 9-ը վատ առողջության և ինքնազգացողության բերումով անաշխատունակ է եղել՝ ունեցել է ջերմություն և հարբուխային ծանր վիճակ՝ պայմանավորված ****** ***********, որի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության և սահմանվել է ախտանշային (սիմպտոմատիկ) բուժում, և երեք օրվա ինտենսիվ բուժական միջոցառումների արդյունքում ջանք է ներդրել, որպեսզի կարողանա ավարտին հասցնել և ներկայացնել բողոքը։ Նաև նշել է, որ ժամանակի սղության և իր առողջական խնդրի անկանխատեսելիության բերումով, բողոքաբերները հնարավորություն չեն ունեցել որևէ այլ ներկայացուցիչ ներգրավել:
12. Տ.Եգորյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է «Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայի տնօրենի կողմից 2025 թվականի հուլիսի 9-ին տրված՝ իր ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը, որի համաձայն՝ նա 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև հուլիսի 9-ը ունեցել է «*.*.*.» ախտորոշումը, որի կապակցությամբ նշանակվել է սիմպտոմային բուժում։
13. Վերաքննիչ դատարանը բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Բողոքաբերների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը ժամկետանց է, քանի որ նա բաց է թողել Դատարանի 13.06.2025թ. որոշումը բողոքարկելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 10-օրյա ժամկետը:
Այսպես՝ ըստ գործի նյութերի՝ բողոքաբերների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանին Դատարանի 13.06.2025թ. որոշումը փաստացի հասու է դարձել 26.06.2025թ: Հետևաբար բողոքաբերների և նրանց ներկայացուցչի համար վերը նշված որոշման բողոքարկման ժամկետն ավարտվել է 2025թ. հուլիսի 7-ին, ժամը 24.00-ին (թեպետ բողոքարկման 10-րդ օրը լրացել է 2025թ. հուլիսի 06-ին, ժամը 24.00-ին, սակայն 2025թ. հուլիսի 6-ը եղել է կիրակի՝ ոչ աշխատանքային օր, հետևաբար բողոքարկման ժամկետի ավարտ պետք է դիտարկել դրա հաջորդող օրը, այն է՝ 2025թ. հուլիսի 7-ը , ժամը 24.00-ն):
Անդրադառնալով բողոքաբերների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի միջնորդությանը՝ վիճարկող որոշման բաց թողած ժամկետը հարգելի համարելու մասին, այն պատճառաբանությամբ, թե 06.07.2025թ-ից մինչև 09․07․2025թ․ եղել է վատառողջ, վատ ինքնազգացողության պատճառով անաշխատունակ է եղել (ունեցել է ջերմություն և հարբուխային ծանր վիճակ՝ պայմանավորված ******* **********), հիշյալի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության, արդյունքում սահմանվել է ախտանիշային (սիմպտոմատիկ) բուժում, մինչ այժմ էլ լիարժեք չի ապաքինվել, սակայն 3-օրյա ինտենսիվ բուժում ստանալով ջանք է ներդրել և ավարտին հասցրել բողոքը, խնդրում է իր առողջական խնդիրների պատճառով չպատժել բողոքաբերներին, քանի որ անկանխատեսելի հանգամանքով պայմանավորված վերջիններս, ժամանակի սղության պատճառով չեն կարողացել այլ ներկայացուցիչ ներգրավել, խնդրում է բողոք ներկայացնելու ժամկետի բացթողումը համարել հարգելի և բողոքն ընդունել վարույթ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է․
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 59-րդ կետի համաձայն՝ հարգելի պատճառ են՝ հիվանդություն, մերձավոր ազգականի մահ կամ անձի կամքից անկախ այլ հատուկ և օբյեկտիվ հանգամանքը:
Ըստ գործի նյութերի բողոքաբերների լիազոր ներկայացուցիչ՝ Տ.Եգորյանը Դատարանի 13.06.2025թ. որոշումը ստացել է դեռևս 26.06.2025 թվականին։ Այսինքն վերջինս օբյեկտիվորեն հնարավորություն և բավարար ժամանակ է ունեցել (10 օր) հատուկ վերանայման բողոք կազմելու և Վերաքննիչ քրեական դատարան ներկայացնելու համար:
Բողոքաբերի այն պնդումը, որ 06.07.2025թ. ինքնազգացողությունը վատացել է, որի կապակցությամբ հաջորդիվ դիմել է պոլիկլինիկա (ըստ բողոքաբերի՝ վատ ինքնազգացողությունը դրսևորվել է հարբուխի և բարձր ջերմության ձևով), և , ըստ այդմ, նշանակվել է սիմպտոմատիկ բուժում, բավարար չէ արձանագրելու, որ բողոքաբերների ներկայացուցիչը օբյեկտիվորեն զրկված է եղել օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում բողոք բերելու հնարավորությունից։
Բողոքին կից ներկայացված՝ «Արմենիա» ՀԿԲ պոլիկլինիկայի տնօրենի կողմից 09.07.2025թ. տրամադրած բժշկական փաստաթղթի (քաղվածք մեծահասակների ամբուլատոր բժշկական քարտից) համաձայն՝ հիվանդության ախտորոշումները, բարդությունները տողում գրված է՝ 07.07.2025թ.-09․07․2025թ․ *․*․*, նշանակված բուժումը տողում գրված է՝ սիմպտոմատիկ բուժում։
Վերը նշված փաստաթուղթը բովանդակային առումով թույլ չի տալիս արձանագրելու, որ Տիգրան Եգորյանը օբյեկտիվորեն՝ հիվանդության հիմքով զրկված է եղել օրենքով սահմանված ժամկետում բողոք բերելու հնարավորությունից, ինչը կարող էր հիմք հանդիսանալ բողոքարկման բաց թողած ժամկետը հարգելի համարելու և բողոքը վարույթ ընդունելու համար։
Ամփոփելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 13.06.2025թ. թիվ ԵԴ1/0581/11/24 որոշման դեմ բերված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության՝ ժամկետանց լինելու հիմքով (…)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք տուժողների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը։
15. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1.Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վարույթի մասնավոր մասնակիցները և վարույթին օժանդակող անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն և իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն։
2. Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադատության շահերին: (…)»։
16. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով,
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը,
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն,
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի։
16.1. ՀՀ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ արձանագրել է հետևյալը.
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման:
16.2. Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը․
(...)
59) հարգելի պատճառ՝ հիվանդություն, մերձավոր ազգականի մահ կամ անձի կամքից անկախ այլ հատուկ և օբյեկտիվ հանգամանք. (...)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը վերականգնվում է վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ շահագրգիռ անձի միջնորդությամբ (...)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝
(...)
3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը. (...)»։
17.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քրեադատավարական ժամկետները քրեական վարույթի պատշաճ ընթացքն ապահովող կարևոր նախադրյալներից են: Դրանք իրենցից ներկայացնում են օրենքով սահմանված որոշակի ժամանակահատված, որի ընթացքում դատավարությանը ներգրավված անձինք իրավունք ունեն կամ պարտավոր են կատարել որոշակի քրեադատավարական գործողություն: Սակայն դատավարական կանոնների, այդ թվում՝ բողոքարկման ժամկետների հաշվարկի վերաբերյալ նորմերի մեկնաբանությունը չպետք է հանգեցնի ձևական մոտեցման՝ անհամաչափորեն սահմանափակելով անձի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը։ Անձին պետք է ընձեռվի իր իրավունքներին և ազատություններին առնչվող դատական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն։
Դատական պաշտպանության իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով։ Մասնավորապես, դատական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովելու քրեական դատավարության պատշաճ իրականացումը: Նշված ժամկետները, սակայն, չեն կարող լինել կամայական, դրանք պետք է լինեն ողջամիտ, ինչը ենթադրում է գործի մասնակից բոլոր անձանց շահերի հավասարակշռված հաշվառում, որպեսզի բացառվեն մի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու անհիմն ուշացումները, մյուս կողմից` այդ ակտի դեմ բողոք բերելու անհամաչափ բարդությունները։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հիվանդությունը՝ ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ համարելը, գնահատողական բնույթ ունի. ցանկացած հիվանդություն չէ, որ կարող է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմք համարվել, և դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատի հիվանդության ազդեցությունն օրենքով սահմանված ժամկետում համապատասխան գործողությունը կատարելու հնարավորության վրա։ Ըստ էության, հիվանդությունը պետք է լինի այնպիսին, որ անհնարին դարձնի օրենքով սահմանված ժամկետում համապատասխան դատավարական գործողության կատարումը։ Միևնույն ժամանակ, էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե հիվանդությունից ապաքինվելուց հետո անձը երբ է ձեռնամուխ եղել համապատասխան դատավարական գործողության կատարմանը և արդյոք գործել է բարեխղճորեն։
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիվանդությունն օբյեկտիվորեն կարող է խոչընդոտ հանդիսանալ անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի, մասնավորապես՝ իր շահերին առնչվող դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու իրավունքի լիարժեք իրացման համար։
18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հունիսի 13-ի որոշումը Տ.Եգորյանը ստացել է 2025 թվականի հունիսի 26-ին։
- Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ Տ.Եգորյանը 2025 թվականի հուլիսի 9-ին էլեկտրոնային եղանակով հատուկ վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ միջնորդելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը՝ բողոքին կից ներկայացնելով «Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայի տնօրենի կողմից 2025 թվականի հուլիսի 9-ին տրված՝ իր ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը, որի համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև հուլիսի 9-ն ունեցել է «*.*.*.» ախտորոշումը, որի կապակցությամբ նշանակվել է սիմպտոմատիկ բուժում։
Մասնավորապես, Տ.Եգորյանը նշել է, որ 2025 թվականի հուլիսի 6-ից մինչև 2025 թվականի հուլիսի 9-ը վատ առողջության և ինքնազգացողության բերումով անաշխատունակ է եղել՝ ունեցել է ջերմություն և հարբուխային ծանր վիճակ՝ պայմանավորված ****** ***********, որի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության և սահմանվել է ախտանշային (սիմպտոմատիկ) բուժում, և երեք օրվա ինտենսիվ բուժական միջոցառումների արդյունքում ջանք է ներդրել, որպեսզի կարողանա ավարտին հասցնել և ներկայացնել բողոքը։ Նաև նշել է, որ ժամանակի սղության և իր առողջական խնդրի անկանխատեսելիության բերումով բողոքաբերները հնարավորություն չեն ունեցել որևէ այլ ներկայացուցիչ ներգրավել։
- Վերաքննիչ դատարանը Տ.Եգորյանի հատուկ վերանայման բողոքն առանց քննության է թողել՝ ժամկետանց լինելու հիքմով և արձանագրել, որ վերջինս օբյեկտիվորեն հնարավորություն և բավարար ժամանակ է ունեցել (10 օր) հատուկ վերանայման բողոք կազմելու և Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Տ.Եգորյանի կողմից ներկայացված փաստաթուղթը բովանդակային առումով թույլ չի տալիս արձանագրել, որ վերջինս օբյեկտիվորեն՝ հիվանդության հիմքով, զրկված է եղել օրենքով սահմանված ժամկետում բողոք բերելու հնարավորությունից, ինչը կարող էր հիմք հանդիսանալ բողոքարկման բաց թողած ժամկետը հարգելի համարելու և բողոքը վարույթ ընդունելու համար։
17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-17.1-րդ կետերում ներկայացված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով տուժողներ «******* (**) ********» և «***** ****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, անհամաչափորեն սահմանափակել է վերջիններիս դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը։
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայի տնօրենի կողմից 2025 թվականի հուլիսի 9-ին տրված ամբուլատոր բժշկական քարտից կատարված քաղվածքի համաձայն՝ Տ. Եգորյանը 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև հուլիսի 9-ը ունեցել է «*.*.*.» ախտորոշումը, որի համար նշանակվել է սիմպտոմատիկ բուժում, ինչն օբյեկտիվորեն կարող էր զրկել վերջինիս, օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ, բողոք նախապատրաստելու և ներկայացնելու հնարավորությունից, որպիսի հանգամանքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 59-րդ կետի համաձայն, համարվում է հարգելի պատճառ։
Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ բողոքաբերն օբյեկտիվորեն հնարավորություն և բավարար ժամանակ է ունեցել (10 օր) հատուկ վերանայման բողոք կազմելու և Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար, քանի որ բողոքարկման ժամկետը փաստացի ավարտվում էր 2025 թվականի հուլիսի 7-ին, իսկ վերջինս իր հիվանդության պատճառով զրկված է եղել վերաքննիչ բողոքը եզրափակելու հնարավորությունից։
18. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ապաքինվելուց անմիջապես հետո, բողոքաբերը վերաքննիչ բողոքը ներկայացրել է Վերաքննիչ դատարան՝ միաժամանակ միջնորդելով բաց թողնված ժամկետը համարել հարգելի, որի պայմաններում բավարար հիմքեր չկան փաստելու, որ տվյալ դեպքում վերջինս անբարեխճորեն է գործել և հետևաբար նրա բողոքարկման իրավունքը ենթակա է սահմանափակման։
19. Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի կապակցությամբ ներկայացված պատասխանի՝ սույն որոշման 8-րդ կետում վկայակոչված դիրքորոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի 237-Ն հրամանը վերաբերում է վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությանը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի տրամադրման կարգին և ձևին, և կիրառելի չէ անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում բողոքարկման ժամկետը բաց թողնելու հարգելիության չափանիշների գնահատման նկատմամբ։
20. Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ։
21. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 24-ի որոշումը բեկանելու և վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար։
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի «******* (**) ********» և «***** ****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը և հանգի համապատասխան հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 362-րդ, 363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 24-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
