Վճռաբեկ դատարան · Քրեական
ԵԴ1/0855/01/24
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ1/0855/01/24
- Դիմող / մեղադրյալ
- Միխայիլ Գլադկիխ
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 22.04.2026
- Միջազգային փաստաթղթեր
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
5 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ1/0855/01/24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր` Վ.Մելիքյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ա.Բեկթաշյան
22 ապրիլի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հուլիսի 22-ի որոշման դեմ մեղադրյալ Միխայիլ Սերգեյի Գլադկիխի պաշտպաններ Է.Խաչատրյանի և Ս.Մինասյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի նոյեմբերի 15-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է թիվ 13724423 քրեական վարույթը։
2023 թվականի նոյեմբերի 15-ին Միխայիլ Սերգեյի Գլադկիխը ձերբակալվել է։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ռ.Արսենյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ Մ.Գլադկիխի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և հաջորդ օրը նրան մեղադրանք է ներկայացվել։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ մեղադրյալ Մ.Գլադկիխի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, որը 2024 թվականի հունվարի 11-ի, փետրվարի 13-ի և ապրիլի 12-ի որոշումներով երկարաձգվել է՝ յուրաքանչյուր անգամ 2 (երկու) ամիս ժամկետով։
2024 թվականի ապրիլի 29-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունիսի 10-ին՝ նախնական դատալսումների ընթացքում, մեղադրյալ Մ.Գլադկիխի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգել է 3 (երեք) ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 15-ը։
3. Մեղադրյալ Մ.Գլադկիխի պաշտպաններ Է.Խաչատրյանի և Ս.Մինասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ մերժել է բողոքը՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Մ.Գլադկիխի պաշտպաններ Է.Խաչատրյանը և Ս.Մինասյանը ներկայացրել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերները նշել են, որ ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք դատական ակտի բեկանման հիմք են։
Մասնավորապես, բողոքի հեղինակները փաստարկել են, որ Առաջին ատյանի դատարանը դատական նիստն անցկացրել է առանց թարգմանչի մասնակցության, այն դեպքում, երբ մեղադրյալն ազգությամբ ռուս է և չի տիրապետում դատավարության լեզվին։ Բացի այդ, դատարանը մի քանի անգամ ռուսերենով հարցեր է ուղղել մեղադրյալ Մ.Գլադկիխին, իսկ պաշտպանության կողմի այն հայտարարությանը, որ առանց թարգմանչի դատական նիստը ենթակա է հետաձգման՝ որևէ կերպ չի արձագանքել։
5.1. Բողոք բերած անձինք, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ պաշտպանները չեն առարկել առանց թարգմանչի դատական նիստը շարունակելու դեմ, նշել են, որ պաշտպանական կողմը հայտարարել է, որ առանց թարգմանչի դատական նիստն անցկացնելը խնդրահարույց է։ Բացի այդ, բողոք բերած անձինք նշել են նաև, որ մեղադրյալ Մ.Գլադկիխին ամբողջական կերպով չեն տրամադրվել քրեական գործի թարգմանությունները։
5.2. Բողոքաբերների պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն անհիմն է դիտարկել պաշտպանության կողմի միջնորդությունը վարույթը բանավոր ընթացակարգով անցկացնելու վերաբերյալ, մինչդեռ բանավոր ընթացակարգով քննություն անցկացնելու նպատակներից մեկն էլ այն էր, որ Վերաքննիչ դատարանում հրավիրվի թարգման և Մ.Գլադկիխին հնարավորություն տրվի իր դիրքորոշումն անձամբ ներկայացնելու դատարանին։
5.3. Բողոքի հեղինակների պնդմամբ, Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ չի հիմնավորել հիմնավոր կասկածի առկայությունը։
5.4. Բողոքաբերները նշել են նաև, որ դատարանն արձանագրելով, որ նվազել է Մ.Գլադկիխի կողմից ազատության մեջ հայտնվելու դեպքում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ այդուհանդերձ բացառել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը։
Բողոք բերած անձինք գտել են, որ ներկա փուլում Մ.Գլադկիխի կողմից ազատության մեջ գտնվելու դեպքում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն այլևս այն աստիճան բարձր չէ, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չլինեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակները խնդրել են բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարել պաշտպանության կողմի միջնորդությունը՝ մեղադրյալ Մ.Գլադկիխի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխել և համակցված կերպով կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք և գրավ՝ 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի կամ այն ողջամիտ գումարի չափով, որը դատարանը կհամարի բավարար՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծը կանխորոշելու համար։
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները:
7. Միխայիլ Սերգեյի Գլադկիխի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ «(...) [Ն]ա, նախնական համաձայնության գալով Միխայիլ Վլադիմիրի Միրոշկինի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել խմբի կազմում զբաղվել թմրանյութերի իրացմամբ:
Այսպես.
Միխայիլ Սերգեյի Գլադկիխը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու, այսինքն՝ թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու թույլտվություն, նախնական համաձայնության գալով Միխաիլ Վլադիմիրի Միրոշկինի հետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել խմբի կազմում զբաղվել թմրանյութերի իրացմամբ:
Պայմանավորվածություն ձեռք բերելուց և իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով վարձակալել են Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցի 18-րդ բնակարանը, որտեղ ստեղծել են թմրանյութեր պատրաստելու և աճեցնելու համար հատուկ հարմարություններ, որոնք կահավորել են լուսային և օդափոխության համակարգերով, ինչպես նաև ձեռք են բերել թմրանյութերի աճեցման համար հատուկ պարարտանյութեր, որից հետո պատրաստի «Մարիխուանա» տեսակի թմրանյութը քննությամբ դեռևս չպարզված անձանց իրացնելու նպատակով կշռել են, բաժանել են հավասարաչափ մասերի և փաթեթավորել են հատուկ փաթեթներում, իսկ մի մասից էլ ստացել են «Մարիխուանայի յուղ» տեսակի թմրանյութ:
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի՝ 66.62 գրամ հաստատուն քաշով (1.32, 9.43, 9.31, 9.03, 9.48, 9.51, 9.33, 9.21) «Մարիխուանա» տեսակի թմրանյութը, 7.51 գրամ քաշով «Մարիխուանայի յուղ» տեսակի թմրանյութը, ինչպես նաև «Կանեփ» բույսի մերկ ցողունների մնացորդները, մեկ հատ պլաստմասե տարայի մեջ աճեցված թվով երկու հատ «Կանեփ» տեսակի բույսերը, թմրանյութեր աճեցնելու և իրացնելու համար նախատեսված պարագաները՝ էլեկտրոնային կշեռքը, թվով երկու աղացը, բույսեր աճեցնելու համար նախատեսված օդափոխության սարքերը հայտնաբերվել են 2023թ. նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցի 18-րդ բնակարանում կատարված դեպքի վայրի զննությամբ, իսկ հիշյալ հասցեում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է բույսերի աճեցման պարագաներ, գազի լիցքավորման տարաներ, զիպ փաթեթներ, կպչուն ժապավեն, 5 հատ սրվակ, տարա, 1 հատ խողովակ, լամպ, տաքացուցիչ և հովացման սարքեր, ջերմաչափ, վրան, օդափոխման համակարգ, օդափոխման և չորեցման նպատակով հատուկ հարմարեցված պահան (...)»:
8. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի մայիսի 3-ի՝ թարգմանիչ հրավիրելու մասին որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալներ Միխայիլ Միրոշկինը և Միխայիլ Գլադկիխը չեն տիրապետում հայերեն գրավոր և բանավոր լեզվին, հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, որը կխոչընդոտի նրանց՝ օրենքով սահմանված դատավարական իրավունքներն իրականացնելուն, և գտել, որ պետք է հրավիրել թարգմանիչ՝ քրեական գործի քննության ողջ ընթացքում հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն գրավոր, բանավոր թարգմանություն իրականացնելու համար։
9. 2024 թվականի մայիսի 20-ին «Արթ քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Ա.Խաչատրյանին ուղարկված ծանուցագրում նշվել է, որ 2024 թվականի մայիսի 14-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի հունիսի 10-ին, ժամը 17։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ խնդրելով նշված օրը և ժամին ապահովել թարգմանչի ներկայությունը՝ հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն գրավոր-բանավոր թարգմանություն իրականացնելու համար։
10. 2024 թվականի հունիսի 10-ի դատական նիստին թարգմանիչը չի ներկայացել։
11. 2024 թվականի հունիսի 10-ի դատական նիստի արձանագրության համաձայն՝ դատավորը դիմել է կողմերին՝ նշելով, որ առկա պայմաններում հնարավոր չէ շարունակել գործի քննությունը, քանի որ մեղադրյալներն օտարազգի են և թարգմանչի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է։ Միաժամանակ դատարանը նշել է, որ կքննարկվի միայն անհապաղ քննարկման ենթակա՝ Մ.Գլադկիխի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։ Որից հետո դատարանը դիմել է մեղադրողին՝ ելույթ ունենալու համար։
Մեղադրողի ելույթից հետո դատարանը ռուսերենով հարցեր է ուղղել մեղադրյալ Մ.Գլադկիխին, որոնց վերջինս պատասխանել է։ Այնուհետև դատարանը խոսքը փոխանցել է պաշտպաններին՝ խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար։ Պաշտպան Ս.Մինասյանն իր ելույթի ընթացքում, ի թիվս այլնի, նշել է, որ խնդիր է տեսնում առանց թարգմանչի դատական նիստն անցկացնելու հետ կապված, հաշվի առնելով, որ մարդու ազատության իրավունքի սահմանափակումն ու լեզվին չտիրապետելը հակադարձ համեմատական են։ Պաշտպանը նշել է, որ քննարկել խափանման միջոցի հարցը, այնուհետև թարգմանիչ ներգրավելն ինքնին խախտում է, և այդ հարցին հետագայում անդրադարձ կարվի։
Վերոնշյալից հետո դատարանն արձանագրելով, որ վարույթի լեզուն հայերենն է, սակայն ինքն անձամբ տիրապետում է ռուսաց լեզվին՝ նշել է, որ ցանկանում է խափանման միջոցի վերաբերյալ լսել մեղադրյալի կարծիքը։ Որից հետո ռուսերենով դիմել է մեղադրյալին և լսել վերջինիս դիրքորոշումը։
11.1. Խափանման միջոցի հարցը քննարկելուց և լուծելուց հետո, դատավորն արձանագրել է, որ առկա պայմաններում հնարավոր չէ շարունակել գործի քննությունը և դատական նիստը հետաձգել է։
12. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունիսի 10-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Մեղադրանքի հիմնավոր կամ անհիմն լինելու, մեղադրյալի մեղավորության կամ անմեղության, արարքի ճիշտ կամ սխալ որակման հարցերին դատարանը չի անդրադառնում և չի էլ կարող անդրադառնալ, քանի որ դրանք բացառապես քրեական գործի դատաքննությամբ լուծվող հարցեր են և չեն կարող քննարկվել մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանքի հարցի քննության ժամանակ։
Դատարանն արձանագրում է միայն, որ առկա են բավարար փաստեր և տեղեկություններ առ այն, որ մեղադրյալ Միխայիլ Գլադկիխն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքների կատարմանը։ (...)
Դատարանն արձանագրում է, որ քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը քննության առնելով մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը և անդրադառնալով կալանավորման հիմքերին, արձանագրել է, որ առկա է մեղադրյալի կողմից ազատության մեջ հայտնվելու դեպքում իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու՝ մասնավորապես քրեական գործին խոչընդոտելու հավանականությունը։
Դատարանն արձանագրելով, որ Միխայիլ Գլադկիխը մեղադրվում է բնակչության առողջության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ, որի համար պատիժ նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով, դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով մեղադրյալին վերագրվող կոնկրետ արարքի առանձնահատկությունները, բնույթը, հանրային վտանգավորության աստիճանը, ենթադրաբար կատարման եղանակը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, ըստ էության վերահաստատում է քրեական գործով մինչդատական վարույթում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ Միխայիլ Գլադկիխի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշմամբ արձանագրվածն այն մասով, որ դեռևս շարունակվում է պահպանվել այն մտավախությունը, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Մ.Գլադկիխը կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները՝ մասնավորապես խոչընդոտել գործի քննությանը:
Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ թեև քրեական գործի՝ արդեն իսկ դատարանում գտնվելու հանգամանքը որոշ չափով նվազեցնում է մեղադրյալի կողմից ազատության մեջ հայտնվելու դեպքում իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները՝ մասնավորապես գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, այդուհանդերձ նշված հանգամանքը քրեական գործի քննության սույն փուլում (այն դեռևս նոր է վարույթ ստանձնվել և գտնվում է նախնական դատալսումների փուլում) չի կարող լիովին վերացնել նշված մտավախության առկայությունը, ուստի Դատարանը գտնում է, որ դեռևս պահպանվում է այն մտավախությունը, որ մեղադրյալն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները՝ մասնավորապես խոչընդոտել գործի քննությանը:
Վերը նշված՝ մեղադրյալի կողմից հանցանք կատարելու, իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու մտավախության առկայության պայմաններում, հաշվի առնելով նաև պաշտպանական կողմի դիրքորոշումները, Դատարանն այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը բացառում է։ Այլ կերպ՝ Դատարանի դիտարկմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող երաշխիք հանդիսանալ ազատության մեջ հայտնվելու դեպքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար (...)»։
13. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշման համաձայն՝ «(…) [Ն]կատի ունենալով, որ Միխայիլ Գլադկիխի վերաբերյալ քրեական գործն, ըստ էության, քննելու համար գտնվում է Առաջին ատյանի դատարանում՝ Վերաքննիչ դատարանն այլևս առարկայազուրկ է համարում անդրադառնալ հիմնավոր կասկածի առնչությամբ բողոքաբերի փաստարկին:
(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն գործով մեղադրյալ Միխայիլ Գլադկիխին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության հիմքում ընկած են, ի թիվս այլնի, փաստական հանգամանքներ՝ մասնավորապես.
- Միխայիլ Գլադկիխին մեղսագրվող ենթադրյալ հանցանքի բնույթը (…), դրա վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ Միխայիլ Գլադկիխին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առանձնապես ծանր հանցանքի կատարում, որի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկման ձևով՝ 6-12 տարի ժամկետով, ինչը էական նշանակություն ունի մեղադրյալի հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում,
- մեղադրյալ Միխայիլ Գլադկիխը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ազգությամբ ռուս, չի աշխատում, ամուսնացած չէ, հաշվառված է ՌԴ Մոսկվա քաղաքի Շերբավովսկայա փողոցի 16-րդ շենքի 175-րդ բնակարանում, ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր,
- վարույթը գտնվում է նախնական դատալսումների փուլում, նոր է վարույթը ստանձնվել դատարանում, չեն կատարվել դատավարական մի շարք գործողություններ, ուստի մեղադրյալն ազատության մեջ մնալու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը։
Հաշվի առնելով մեղադրյալ Միխայիլ Գլադկիխի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու բարձր հավանականության մասին վկայող վերոգրյալ հանգամանքները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այլընտրանքային խափանման միջոցի կամ միջոցների կիրառումն անբավարար է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ խափանման միջոցի գործողության ընթացքում չեն փոխվել կամ վերացել դրա իրավաչափության պայմանները, այսինքն՝ դեռևս առկա է մեղադրյալ Միխայիլ Գլադկիխին կալանքի տակ պահելու հիմքերը, մեղադրյալ Միխայիլ Գլադկիխի հավանական գործողությունների մասին հետևությունները հիմնված են գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, հետևաբար՝ վերջինիս նկատմամբ կիրառված կալանքը դատաքննության տվյալ փուլում ենթակա չէ վերացման կամ փոփոխման։
Անդրադառնալով պաշտպանների հատուկ վերանայման բողոքի այն փաստարկին, որ դատաքննությանը չի ներկայացել թարգմանիչ, և մեղադրյալը չէր տիրապետում հայերեն լեզվին, ինչով պայմանավորված խախտվել է մայրենի լեզվից և թարգմանչի ծառայություններից օգտվելու մեղադրյալի իրավունքը՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատական նիստի արձանագրության մանրամասն ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատական նիստի սկզբից նախագահող դատավորը հայտնել է, որ չի ներկայացել գործով ներգրավված համապատասխան լեզուներին տիրապետող թարգմանիչը, սակայն առկա պայմաններում անհրաժեշտ է շարունակել դատական նիստը՝ նշելով, որ քննարկվելու են վարույթի սույն փուլում առավել սուղ հարցերը՝ մասնավորապես կալանքի իրավաչափության պայմանները և մեղադրյալին շարունակական կալանքի տակ պահելու հիմքերը։ Նախագահող դատավորի նման հայտարարությունից հետո պաշտպաններ Էմին Խաչատրյանը և Սմբատ Մինասյանը չեն առարկել նման պայմաններում դատական նիստը շարունակելու դեմ, ուստի հատուկ վերանայման բողոքի նշված փաստարկին անդրադառնալը առարկայազուրկ է, քանի որ վարույթի մասնակիցները կարող էին առարկել նման պայմաններում նիստի անցկացման դեմ, սակայն չեն առարկել։
Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ վիճարկվող որոշումը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը հանդես է եկել որպես վարույթն իրականացնող մարմին։
Վերոգրյալի կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար անհրաժեշտ է ծանրակշիռ փաստական հանգամանքների առկայություն։ Հակառակ մոտեցումը, Վերաքննիչ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել Առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով Առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը։ Մինչդեռ, տվյալ դեպքում ներկայացված հատուկ վերանայման բողոքում այդպիսի ծանրակշիռ փաստական հանգամանքներ չեն մատնանշվել։
Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, կայացրել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, ուստի մեղադրյալ Միխայիլ Սերգեյի Գլադկիխի պաշտպաններ Էմին Խաչատրյանի և Սմբատ Մինասյանի հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնել անփոփոխ (...)»։
14. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մարտի 14-ի որոշմամբ Մ.Գլադկիխի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը փոփոխվել է և որպես խափանման միջոցների համակցություն է ընտրվել տնային կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով, որը հետագայում երկարաձգվել է, գրավը՝ 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելքը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարանների կողմից պահպանվել է արդյո՞ք մայրենի լեզվով հանդես գալու և թարգմանչի ծառայություններից օգտվելու՝ մեղադրյալ Միխայիլ Գլադկիխի իրավունքը։
16. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։
ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»:
17. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիայի) 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
(…)
ե. օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով»:
17.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) արձանագրել է, որ 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետի պահանջները պետք է դիտարկել որպես նույն հոդվածի 1-ին կետով երաշխավորվող արդար դատաքննության իրավունքի առանձնակի ասպեկտներ։ Ուստի, արդյունավետ թարգմանության վերաբերյալ բողոքները Դատարանը քննում է նշված երկու կետերի հիման վրա՝ միասին վերցված։
Իրեն հասկանալի լեզվով հանդես գալու իրավունքի վերաբերյալ Եվրոպական դատարանը նշել է, որ մեղադրյալը, ով չի կարողանում հասկանալ կամ խոսել դատավարության լեզվով, իրավունք ունի ստանալու թարգմանչի անվճար ծառայություն կամ վարույթի փաստաթղթերի կամ արձանագրությունների թարգմանություններ, ինչը նրան անհրաժեշտ է՝ օգտվելու համար արդար դատաքննության իրավունքից:
17.2. Kamasinski v. Austria գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, ե կետը չի ենթադրում քրեական դատավարությունում առկա բոլոր նյութերի, ապացույցների կամ պաշտոնական փաստաթղթերի գրավոր թարգմանություն: Թարգմանչի օգնությունը պետք է ապահովվի այնքանով, որ մեղադրյալը տեղեկացվի իր դեմ առկա գործի մասին և կարողանա կազմակերպել իր պաշտպանությունը:
17.3. Cuscani v. the United Kingdom գործով վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուի թարգմանչական ծառայություններից օգտվելու անհրաժեշտության ստուգման համար դատավորը պետք է խորհրդակցի դիմումատուի հետ. դատավորը պետք է համոզված լինի, որ գործի լսումների ժամանակ թարգմանչի բացակայությունը չի վնասի դիմումատուի լիարժեք ներգրավվածությանը նրա համար վճռորոշ գործում։
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ինչպես փաստաբանի աջակցությունը, թարգմանիչ ունենալու իրավունքը նույնպես պետք է ապահովել նախաքննության փուլից սկսած, բացառությամբ երբ հիմնավորվում է, որ այդ իրավունքի սահմանափակման համար գոյություն ունեն ծանրակշիռ պատճառներ։ Թարգմանչի բացակայության դեպքում կասկածի տակ կարող է հայտնվել այն հանգամանքը, թե արդյո՞ք մեղադրյալի կողմից կայացված որոշումները եղել են լիովին գիտակցված։ Ուստի, սկզբնական փուլերում թարգմանության հետ կապված թերացումները կարող են հետևանքներ առաջացնել այլ իրավունքների համար՝ խաթարելով ամբողջական վարույթի արդարությունը։
17.4. Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն փաստը, որ մեղադրյալի փաստաբանը տիրապետում է դատարանում գործածվող լեզվին, իսկ մեղադրյալը՝ ոչ, սովորաբար բավարար չէ: Դատավարության թարգմանությունն անհրաժեշտ է՝ ապահովելու համար արդար դատաքննության իրավունքը, այդ թվում՝ դատական նիստին մասնակցելու իրավունքը, որի համար պահանջվում է, որ մեղադրյալը կարողանա հասկանալ դատավարությունը և տեղեկացնել իր փաստաբանին իր պաշտպանության հետ կապված ցանկացած հարցի մասին, որը պետք է բարձրացնել։ Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ թարգմանչի ծառայություններից օգտվելու իրավունքից կարելի է հրաժարվել, սակայն դա պետք է լինի մեղադրյալի որոշումը, այլ ոչ թե նրա պաշտպանի։
17.5. Եվրոպական դատարանը Vizgirda v. Slovenia գործով վճռում արձանագրել է, որ վարույթին մասնակցող իրավասու մարմինները, հատկապես՝ ներպետական դատարաններն են պարտավոր պարզել, թե արդյո՞ք դատաքննության արդարության
համար անհրաժեշտ է կամ անհրաժեշտ էր նշանակել թարգմանիչ, ով կօգներ մեղադրյալին։ Այդ պարտականությունը չի սահմանափակվում այն իրավիճակներով,
որոնցում օտարերկրացի մեղադրյալն ուղղակիորեն պահանջում է թարգմանություն։ Դատարանը վճռել է, որ հաշվի առնելով արդար դատաքննության նշանակությունը ժողովրդավարական հասարակությունում, այդ պարտավորությունը ծագում է յուրաքանչյուր անգամ, երբ գոյություն ունեն հիմքեր՝ կասկածելու, որ անձը բավարար չափով չի տիրապետում վարույթի լեզվին, օրինակ՝ եթե նա վարույթի անցկացման վայրի պետության քաղաքացի կամ մշտական բնակիչ չէ։
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ «1.Վարույթի լեզուն գրական հայերենն է: Բացառությամբ դատարանի և վարույթի հանրային մասնակիցների, յուրաքանչյուր ոք իրավունք ունի վարույթի ընթացքում հանդես գալու այն լեզվով, որին տիրապետում է:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալին անհատույց հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու սույն օրենսգրքով սահմանված իր բոլոր իրավունքներն այն լեզվով, որին նա տիրապետում է»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Թարգմանիչը վարույթի առարկայով չշահագրգռված այն անձն է, որին վարույթն իրականացնող մարմինը հրավիրում է թարգմանություն կատարելու համար: (…)
2. Թարգմանիչը պետք է պատշաճ տիրապետի վարույթի լեզվին և այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը:
3. Վարույթի այլ մասնակիցներն իրավունք չունեն թարգմանիչ լինելու (...)։
5. Թարգմանիչը պարտավոր է՝
7) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին, եթե դրանք չեն վերաբերում թարգմանության բովանդակությանը (...)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում թարգմանչի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է: Թարգմանչի չներկայանալու դեպքում դատալսումները հետաձգվում են»։
19. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն առ այն, որ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավունքը սուբյեկտիվ իրավունք է, որին ուղիղ համեմատական է այդ իրավունքները և ազատությունները ճանաչելուն և պաշտպանելուն, ինչպես նաև դրանց իրացումն ապահովելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելուն ուղղված՝ պետության պոզիտիվ պարտականությունը: Քրեադատավարական հարաբերություններում, ելնելով քրեական դատավարության հանրային բնույթից, դատավարության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի իմանալու իր կարգավիճակից բխող իրավունքները և պարտականությունները: Նշված իրավունքին համապատասխանում է քրեական վարույթն իրականացնող մարմինների պարտականությունը՝ դատավարության յուրաքանչյուր մասնակցին պարզաբանելու նրա իրավունքներն ու պարտականությունները։
Վճռաբեկ դատարանը Նաիրա Գելաշվիլու գործով արձանագրել է, որ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց՝ իրենց համար նախընտրելի լեզվով հանդես գալու իրավունքը պետք է ապահովվի դատավարության բոլոր փուլերում: Քրեական դատավարության լեզվի սկզբունքը քրեական վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնում է քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց ոչ միայն պարզաբանել իրենց համար նախընտրելի լեզվով հանդես գալու իրավունքը, այլև դրա իրականացումն ապահովել այնպես, որ չսահմանափակվեն և գործնականում իրագործվեն ինչպես գործի քննության ցանկացած փուլում իրենց նախընտրած լեզվով հանդես գալու, այնպես էլ՝ մյուս բոլոր այն իրավունքները, որոնք փոխկապակցված են այդ իրավունքի հետ և երաշխավորված են օրենքով։
19.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, դատական պաշտպանության իրավունքի համատեքստում, որպես անձի իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի երաշխիք, քրեական վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալին իրավունք է վերապահել վարույթի ընթացքում հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է՝ միաժամանակ սահմանելով վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալին անհատույց թարգմանչի ծառայություններով ապահովելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը։ Միաժամանակ, հարկ է նկատել, որ վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալի իրավունքների իրացման տեսանկյունից կարևոր է ոչ միայն թարգմանչի մասնակցությունը գործի քննությանը, այլև այն պահանջների պահպանումը, որոնք օրենսդիրն առաջադրել է վարույթն իրականացնող մարմնին՝ անձին որպես թարգմանիչ ներգրավելու հարցում։
Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թարգմանիչը վարույթի առարկայով չշահագրգռված այն անձն է, ով պետք է պատշաճ տիրապետի վարույթի լեզվին և այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը։ Վերոգրյալի հետ մեկտեղ, օրենսդիրը հստակ արձանագրել է, որ վարույթի այլ մասնակիցներն իրավունք չունեն թարգմանիչ լինելու: Հետևաբար, վարույթին մասնակցող մյուս սուբյեկտներից որևէ մեկի կողմից թարգմանչի պարտականությունների կատարումն անթույլատրելի է, ինչը նպատակ ունի երաշխավորելու թարգմանչի մասնագիտական անկախությունն ու անաչառությունը։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը, բարձր դեր տալով թարգմանչի մասնագիտական անկախությանն ու անաչառությանը, արգելել է վերջինին մասնակցել վարույթին անգամ այն դեպքերում, երբ դատավորի, վարույթի հանրային կամ մասնավոր մասնակցի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կամ այլ կախվածության հարաբերությունների մեջ։ Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում առկա կարգավորման համաձայն՝ թարգմանիչն անգամ պարտավոր չէ ենթարկվել թարգմանության բովանդակությանը վերաբերող վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին, որով սահմանվել է նաև թարգմանչի մասնագիտական գործունեությանը վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ կերպ միջամտելու անթույլատրելիությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում, վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալի՝ իրեն հասանելի լեզվով հանդես գալու իրավունքի արդյունավետ իրացման նախադրյալ է վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձին որպես թարգմանիչ ներգրավելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը։
20. Ամփոփելով, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախընտրելի լեզվով հանդես գալու և թարգմանիչ ունենալու անձի իրավունքը դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման նախադրյալներից մեկն է, որն ապահովում է վերջինի՝ գործնականում իրատեսական և իրագործելի լինելը։ Վերոգրյալով պայմանավորված՝ օրենսդիրը, բոլոր այն դեպքերում, երբ մեղադրյալը չի տիրապետում վարույթի լեզվին, թարգմանչի մասնակցությունը դատական նիստին համարել է պարտադիր, միաժամանակ, սահմանելով, որ թարգմանչի չներկայանալն ինքնին հիմք է դատալսումները հետաձգելու համար։
21. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի մայիսի 3-ին՝ նախնական դատալսումների փուլում, որոշում է կայացրել թարգմանիչ հրավիրելու մասին՝ արձանագրելով, որ մեղադրյալներ Մ.Միրոշկինը և Մ.Գլադկիխը չեն տիրապետում հայերեն գրավոր և բանավոր լեզվին, հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ինչը կխոչընդոտի նրանց՝ օրենքով սահմանված դատավարական իրավունքներն իրականացնելուն, և գտել, որ պետք է հրավիրել թարգմանիչ՝ քրեական գործի քննության ողջ ընթացքում հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն գրավոր, բանավոր թարգմանություն իրականացնելու համար։
Այնուհետև, «Արթ քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Ա.Խաչատրյանին ուղարկված ծանուցագրով նշվել է 2024 թվականի հունիսի 10-ին, ժամը 17։00-ին ապահովել թարգմանչի ներկայությունը՝ հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն գրավոր-բանավոր թարգմանություն իրականացնելու համար։
- 2024 թվականի հունիսի 10-ին նշանակված դատական նիստին թարգմանիչը չի ներկայացել, և Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ մեղադրյալներն օտարազգի են և թարգմանչի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է, այնուամենայնիվ, որոշել է քննարկել անհապաղ քննարկման ենթակա՝ Մ.Գլադկիխի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը։ Այնուհետև դատավորը ռուսերենով հարցեր է ուղղել մեղադրյալ Մ.Գլադկիխին, և արդյունքում վերջինին կալանքի տակ պահելու ժամկետը 3 (երեք) ամսով երկարաձգելու մասին որոշում է կայացրել, ապա արձանագրելով, որ առկա պայմաններում հնարավոր չէ շարունակել գործի քննությունը, դատական նիստը հետաձգել է։
- Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի դատական նիստի ընթացքում պաշտպաններ Է.Խաչատրյանը և Ս.Մինասյանը չեն առարկել թարգմանչի բացակայության պայմաններում դատական նիստը շարունակելու դեմ, ուստի գտել է, որ հատուկ վերանայման բողոքի նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է, քանի որ վարույթի մասնակիցները կարող էին առարկել նման պայմաններում նիստի անցկացման դեմ, սակայն չեն առարկել։
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, կայացրել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ։
22. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առանց թարգմանչի մասնակցության Մ.Գլադկիխի ազատության իրավունքի շարունակական սահմանափակման անհրաժեշտության հարցը քննարկելու արդյունքում նա զրկվել է իր պաշտպանության իրավունքը լիարժեք իրացնելու հնարավորությունից և խախտվել է թարգմանչի ծառայություններից օգտվելու և իրեն հասանելի լեզվով հանդես գալու նրա իրավունքը:
Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում Առաջին ատյանի դատարանի նման մոտեցումը, հատկապես այն պայմաններում, երբ Առաջին ատյանի դատարանն ինքն է արձանագրել դատական նիստն առանց թարգմանչի մասնակցության շարունակելու անհնարինությունը, որից հետո, սակայն, քննարկման առարկա է դարձրել Մ.Գլադկիխի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու շարունակականության հարցը՝ արդյունքում առանց թարգմանչի մասնակցության որոշում կայացնելով երկարաձգել նրա նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը։
Վերոգրյալի առնչությամբ հարկ է նշել, որ դատական նիստին թարգմանչի մասնակցությունն ապահովելու օրենսդրական պահանջը, ի թիվս այլնի, կոչված է երաշխավորելու անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումը։ Ուստի, խափանման միջոցի երկարաձգման հարցի՝ օրենքով սահմանված ժամկետում քննության առնելու պահանջը չպետք է հանգեցնի այլ դատավարական երաշխիքների, մասնավորապես՝ վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալի՝ թարգմանչի օգնությամբ օրենքով սահմանված իր իրավունքներն իրացնելու և իրեն հասանելի լեզվով հանդես գալու իրավունքի խախտման:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, թարգմանչի չներկայանալու պայմաններում դատական նիստը շարունակելով և առանց թարգմանչի մասնակցության քննարկելով անձի հիմնարար՝ ազատության իրավունքի շարունակական սահմանափակման հարցը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում։
23. Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության լեզուն հայերենը սահմանելով, օրենսդիրն իմպերատիվ պահանջ է նախատեսել դատարանի համար դատավարությունն իրականացնել բացառապես հայերենով։ Հետևաբար, դատարանը չի կարող կողմերի հետ հաղորդակցվել այլ լեզվով կամ հանդես գալ որպես թարգմանիչ։ Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, դատական նիստի ընթացքում ռուսերեն լեզվով հարցեր է ուղղել մեղադրյալ Մ․Գլադկիխին և լսել վերջինիս դիրքորոշումը՝ այդ կերպ խախտելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ և 61-րդ հոդվածների պահանջները։
Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, կարևորելով թարգմանչի մասնագիտական ձեռնհասությունն ու անկախությունը, հստակ պահանջներ է սահմանել անձին որպես թարգմանիչ ներգրավելու համար, միաժամանակ, բացառելով վարույթին մասնակցող այլ անձանց, առավել ևս քրեական վարույթի ընթացքում արդարադատություն և որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի՝ դատավորի կողմից թարգմանչի դերի ստանձնումը՝ անկախ համապատասխան լեզվին տիրապետելու հանգամանքից։
24. Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում նաև Վերաքննիչ դատարանի կողմից թարգմանչի բացակայության վերաբերյալ բողոքաբերի փաստարկին անդրադարձ կատարելն առարկայազուրկ համարելն այն հիմնավորմամբ, որ վարույթի մասնակիցները չեն առարկել առանց թարգմանչի դատական նիստի անցկացման դեմ և արձանագրում, որ Առաջին ատյանի դատարանը Մ․Գլադկիխի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի երկարաձգման հարցը քննարկման առարկա է դարձրել առանց՝ թարգմանչի բացակայության պայմաններում այդ հարցը քննարկելու հնարավորության վերաբերյալ կողմերի, հատկապես մեղադրյալի դիրքորոշումը ճշտելու։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պաշտպան Ս․Մինասյանն իր պաշտպանյալի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելիս նշել է, որ առանց թարգմանչի մասնակցության անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցի քննարկումը՝ հետագայում թարգմանիչ ներգրավելու պայմանով՝ խախտում է։
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ պաշտպանների կողմից վերոնշյալ հանգամանքը չբարձրաձայնելու դեպքում անգամ, դատարանը պարտավոր էր ապահովել օտարերկրացի մեղադրյալի՝ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքի իրացումը, հաշվի անելով, որ սույն դեպքում մեղադրյալը հստակ կամահայտնությամբ, գիտակցաբար չէր հրաժարվել իր իրավունքի իրացումից։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպանների դիրքորոշումը սույն դեպքում վճռորոշ նշանակություն ունենալ չէր կարող։
25. Ամփոփելով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից խախտվել է մեղադրյալ Մ.Գլադկիխի` մայրենի լեզվով հանդես գալու և թարգմանչի ծառայությունից օգտվելու իրավունքը:
26. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ վերոգրյալի պայմաններում բողոքաբերների՝ սույն որոշման 5.3-րդ և 5.4-րդ կետերում մատնանշված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է։
27. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:
Սակայն, հաշվի առնելով, որ բողոքաբերները ներկայացված բողոքով խնդրել են մեղադրյալ Մ.Գլադկիխի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը, որն արդեն իսկ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ կիրառվել է, ինչպես նաև այն, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը եղել է ժամանակավոր և կորցրել է իրավական նշանակությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է ճանաչել Մ․Գլադկիխի իրավունքների խախտման փաստը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ճանաչել Միխայիլ Սերգեյի Գլադկիխի՝ անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքների խախտման փաստը:
2. Մեղադրյալ Միխայիլ Սերգեյի Գլադկիխի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
