Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0132/06/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0132/06/24
Դիմող / մեղադրյալ
Հայկ Ավետիսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
29.04.2026
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
14 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0132/06/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Վ.Ստեփանյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Ա.Մարտիրոսյան 2026 թվականի ապրիլի 29-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0132/06/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)` 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 2024 թվականի հուլիսի 27-ին Հայկ Աշոտի Ավետիսյանը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: 2024 թվականի հուլիսի 27-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ******** քրեական վարույթը: ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Գևորգյանի՝ 2024 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ Հ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 2024 թվականի հուլիսի 28-ին Հ.Ավետիսյանին մեղադրանք է ներկայացվել։ 1.1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության քննիչ Հ.Սարգսյանի միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալ Հ.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ նույն ժամանակահատվածում սահմանափակվելով նրա՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու և տեսակցություններ ունենալու իրավունքը։ Կալանքի սկիզբը հաշվվել է մեղադրյալ Հ.Ավետիսյանին արգելանքի վերցնելու օրվանից՝ 2024 թվականի հուլիսի 27-ից: 2․ Վերաքննիչ դատարանն իր՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Ավետիսյանի պաշտպան Գ.Գևորգյանի հատուկ վերանայման բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29-ի որոշումը բեկանել է, Հ.Ավետիսյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ և մերժել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության քննիչ Հ.Սարգսյանի միջնորդությունը։ 3․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը․ Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում. 4. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, մասնավորապես՝ սխալ են կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ և 288-րդ հոդվածները, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքը։ 4.1. Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, բողոքի քննության ընթացքում վերլուծելով վերաբերելի քրեադատավարական նորմերը, ինչպես նաև ուսումնասիրելով Հ.Ավետիսյանի ձերբակալման արձանագրությունը և որոշումը, եկել է սխալ եզրահանգման առ այն, որ Հ.Ավետիսյանին ձերբակալելու մասին արձանագրության մեջ բացակայում են նրա ամբողջական անձնական տվյալները (ծննդյան ամիս, ամսաթիվ, տարեթիվը և հաշվառման ու բնակության հասցեն), ինչպես նաև նրան ազատությունից փաստացի զրկելու վայրը, պայմանները, պատճառները և հիմքերը՝ փաստարկելով, որ Հ.Ավետիսյանին ձերբակալելու մասին արձանագրությունը բովանդակել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված տվյալները։ 4.2. Բողոքաբերը, անդրադառնալով ձերբակալման արձանագրությամբ թույլ տրված թերությունները ձերբակալման որոշմամբ չվերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևություններին և վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված ձերբակալման որոշմանը ներկայացվող պահանջները, նշել է, որ ձերբակալման որոշման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները նույնպես իրավաչափ չեն։ Միաժամանակ անդրադառնալով ձերբակալման հիմքերի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններին՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, հետևություններ կատարելով այն մասին, որ ձերբակալման արձանագրությունը պարունակում է միայն ձերբակալման հիմքերի ձևական վկայակոչում, որևէ կերպ չի վերլուծել փաստական տվյալներն առ այն, որ Հ.Ավետիսյանին ձերբակալելու իրավասություն ունեցող անձը, դեռևս քրեական վարույթ նախաձեռնված չլինելու պայմաններում, իր տրամադրության տակ ունեցել է տեղեկություններ այն մասին, որ վերջինս հիմնավոր կերպով կասկածվում է հանցանք կատարելու մեջ, այդ կասկածն առաջացել է անմիջականորեն, բացի այդ, առկա են եղել նաև հանցանքի կատարմանն անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր, և միաժամանակ նա քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել։ Ի հիմնավորումն վերջին հիմքի առկայության՝ բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ առկա է եղել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետի պարտականությունները կատարող Ա.Մարտիրոսյանի կողմից քննիչի վերադասին ուղղված գրություն, ըստ որի՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տեղեկություններ, որոնք հավաստում են Հ.Ավետիսյանի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ կատարելը։ Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ ձերբակալման արձանագրությունը չի պարունակում քրեադատավարական օրենսդրությամբ պահանջվող պարտադիր նշումներ, այլևս չի քննարկել այն հանգամանքը, թե արդյոք ներկայացված նյութերում առկա է տվյալ այն մասին, թե ձերբակալելիս հիմնավոր կասկածը եղել է անմիջականորեն ծագած, թե՝ ոչ, այլ ձևական խախտում արձանագրելով՝ անհիմն հետևություններ է կատարել այն մասին, որ անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած և այդ հիմքով այլևս չի քննարկել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանի բողոքը և բավարարել է այն։ Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ձերբակալման արձանագրության կազմման պարտադիր ձևը կարգավորող նորմը չի սահմանում պայման այն մասին, որ ձերբակալման՝ օրենքով նախատեսված հիմքը վկայակոչելուց զատ՝ անհրաժեշտ է նաև դրանք վերլուծել այդ պահին ստացած փաստական տվյալների համատեքստում։ Այս առումով, բողոքաբերը վկայակոչել է նույն քրեական վարույթով մեկ այլ՝ թիվ ՀԿԴ/0135/06/24 որոշմամբ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից նույնանման դիրքորոշում արտահայտելու հանգամանքը։ 5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշումը՝ հաստատելով Հ.Ավետիսյանի ձերբակալման իրավաչափությունը, և վարույթը փոխանցել նույն դատարան՝ Հ.Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի դեմ պաշտպան Գ.Գևորգյանի կողմից բերված բողոքը քննության առնելու նպատակով։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 6. Հ.Ավետիսյանին ձերբակալելու մասին 2024 թվականի հուլիսի 27-ի արձանագրության համաձայն՝ «(…) ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության չորրորդ բաժնի ավագ օպերլիազոր, երկրորդ դասի խորհրդական Խ.Գրիգորյանս, մասնակցությամբ նույն բաժնի ավագ օպերլիազոր, առաջին դասի խորհրդական Ռ.Պողոսյանի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ, 42-րդ, 108-րդ, 109-րդ, 110-րդ և 148-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ 2024 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 01 անց 10 րոպեին, ********************************** հասցեից ձերբակալեցինք ներքոհիշյալ անձին 1. Ազգանուն, անուն, հայրանուն-Հայկ Աշոտի Ավետիսյան 2. Ծննդյան տարեթիվը-12-ը հունվարի 1990թ. 3. Ծննդավայրը-************* 4. Ազգությունն ու քաղաքացիությունը-Ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի 5. Կրթությունը-միջնակարգ 6. Ընտանեկան դրությունը-չամուսնացած 7. Աշխատանքի վայրը-չի աշխատում 8. Զբաղմունքի տեսակը կամ պաշտոնը-չունի 9. Դատվածությունը-չդատված 10. Հաշվառման հասցեն-************************************************ 10. Բնակության հասցեն-************************************************ 11. Տեղեկություններ անձնագրի մասին-Անձը պարզված է Ձերբակալված Հայկ Ավետիսյանը ազատությունից փաստացի զրկվել է 2024 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 01 անց 10 րոպեին՝ քաղաք *************************** հասցեից, որից հետո 2024 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 01 անց 15 րոպեին բերվել է ՀՀ ՀԿ ՕՀՎ վարչական շենք Մոսկովյան 1 հասցե: Ձերբակալման պատճառները: Ձերբակալված Հայկ Ավետիսյանը հիմնավոր կերպով կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքը կատարած լինելու մեջ, այն է՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ***************************************************** ******************************, ****************************************************** և ************************************************************************* *************** ****************, ինքնությունները դեռևս չպարզված այլ պաշտոնատար անձանց հետ, խմբի կազմում, օգտագործելով իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը, ապօրինի գործողության, այն է՝ պարտադիր զինվորական ծառայության ենթակա ************* *************************, հիվանդության վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար, Հայկ Աշոտի Ավետիսյանի ********************************** օժանդակությամբ *************************************** հորից՝ ***************** *************, պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 6.948.000 ՀՀ դրամին համարժեք 18.000 ԱՄՆ դոլար կաշառք: Ձերբակալման հիմքը: Հայկ Ավետիսյանը ձերբակալվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, այն է՝ նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո և առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր, և միաժամանակ նա քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով: (…)»: 7. Սույն դատական վարույթի նյութերում առկա է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետի պարտականությունները կատարող Ա.Մարտիրոսյանի կողմից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության պետ Ա.Մինասյանին հասցեագրված գրություն, որի համաձայն՝ «(…) 2024 թվականի հուլիսի [26]-ին՝ ժամը 22:05-ի սահմաններում, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցները Հ.Ավետիսյանին ձերբակալելու նպատակով այցելել են վերջինիս փաստացի բնակության հասցե` ******************************************************************** ******************************************************, սակայն Հ.Ավետիսյանի եղբայրը հայտնել է, որ վերջինս տանը չի գտնվում: Այնուհետև, Հ.Ավետիսյանի եղբայրը հեռախոսազրույց է ունեցել Հ.Ավետիսյանի հետ, ով տեղեկացրել է, թե իբրև գտնվում է ***********************: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Հ.Ավետիսյանն իրականում գտնվում է իր բնակության վայրում, սակայն բջջային հեռախոսն անջատել է և խուսափել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ներկայանալուց: Հ.Ավետիսյանին հայտնաբերելու նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս 2024 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ****************************************** հասցեից, ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: (…)»: 8. Հ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ. «(...) [Նա] և ******************************************** ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ********* տարածքային ստորաբաժանման՝ 2024 թվականի ամառային զորակոչի ենթակա զորակոչիկ՝ իրենց ծանոթ ******************************** որդու՝ ****************** ************** օգտին ապօրինի գործողություններ կատարելու և վերջինիս պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու նպատակով, 2024 թվականի հուլիսի 26-ին ************************** առձեռն ստացել և ************************ օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, ************************************************ ***************************************************************************************** ****************************************, ************************************************ ********************** և ************************************************************** ***************************************************************************************** փոխանցելու նպատակով **************************** ստացել են 6.948.000 ՀՀ դրամին համարժեք 18.000 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ օժանդակելով ******************** կողմից որդու՝ *************************** օգտին ապօրինի գործողություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն: Այսպես. Հայկ Աշոտի Ավետիսյանը և *************************************, իրենց ծանոթի՝ ************************************* տեղեկանալով, որ որդուն՝ ******************** ************** պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար պատրաստվում է տալ կաշառք նշված խնդիրը լուծելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, նախաձեռնողականություն են հայտնել նրան օժանդակելու իրենց պատրաստակամության մասին: Հայկ Աշոտի Ավետիսյանը և ******************* ****************, [իրենց] հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, 2024 թվականի հուլիսի 26-ին ************************************* առձեռն ստացել են առանձնապես խոշոր չափերով 6.948.000 ՀՀ դրամին համարժեք 18.000 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև, խոչընդոտները վերացնելու եղանակով, այն է՝ մի կողմից ******** ******************************, մյուս կողմից՝ ******************************************* ***************************************************************************************** ****************************************, *********************************************** *************************** և *********************************************************** *******************************************************************************՝ միմյանց չճանաչելու և դրանով պայմանավորված անձամբ կաշառքի առարկան փոխանցելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը շրջանցելու եղանակով օժանդակել են *********************** կողմից կաշառքի առարկա 6.948.000 ՀՀ դրամին համարժեք 18.000 ԱՄՆ դոլարից՝ 3.860.000 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլարը 2024 թվականի հուլիսի 26-ին *************************** փոխանցելու հարցում: Մասնավորապես, Հայկ և ******** Ավետիսյանները կաշառքի առարկա 6.948.000 ՀՀ դրամին համարժեք 18.000 ԱՄՆ դոլար գումարը 2024 թվականի հուլիսի 26-ին *************************** ստանալուց հետո՝ նույն օրը, ***************************** բնակության հասցեի հարևանությամբ՝ ************************************ հասցեում գտնվող շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում՝ ժամը 21:50-ի սահմաններում ******************************* կողմից կաշառքի առարկա հանդիսացող 6.948.000 ՀՀ դրամին համարժեք 18.000 ԱՄՆ դոլարից փաստացի 3.860.000 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլարը փոխանցելու պահին բռնվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից: Վերոգրյալի արդյունքում ******************************* ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: (...)»։ 9. Մեղադրյալ Հ.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 (երկու) ամիս ժամկետով կալանք կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29-ի որոշման համաձայն` «(...) Քննարկման առարկա դարձնելով մեղադրյալի ձերբակալման իրավաչափության հարցը՝ Դատարանն արձանագրում է, որ, ըստ Դատարան ներկայացված նյութերի, Հայկ Ավետիսյանի ձերբակալումը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով, այն է՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ Ձերբակալման մասին 2024 թվականի հուլիսի 27-ի արձանագրության և նույն օրվա որոշման համադրված ուսումնասիրության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ Հայկ Ավետիսյանի ձերբակալումը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի դրույթներով սահմանված էական պայմանների պահպանմամբ։ Այսինքն՝ Հայկ Ավետիսյանի ձերբակալումն իրավաչափ է և համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի պահանջներին՝ ձերբակալման հիմք է հանդիսացել վերջինիս կողմից ենթադրաբար հանցանք կատարած լինելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը, և մեղադրյալի ձերբակալման իրավաչափությունը կասկածի տակ առնելու օբյեկտիվ հիմքեր Դատարանին չեն ներկայացվել։ Դատարանը փաստում է, որ ձերբակալման արձանագրությունը պարունակում է նաև ձերբակալման հիմքերի ու պատճառների, ձերբակալվածի մարմնի և հագուստի վրա տեսանելի վնասվածքների, ֆիզիկական և հոգեկան վիճակի, վերջինիս հայտարարությունների, անձնական ազատությունից փաստացի զրկելու, ինչպես նաև արձանագրությունը կազմելու ժամի մասին նշումներ։ Արձանագրությամբ նշված է նաև անձնական խուզարկության վերաբերյալ առանձին արձանագրություն կազմելու մասին, և միջնորդությանը կից ներկայացված է «Անձնական խուզարկություն կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 27-ի արձանագրությունը, որի համաձայն՝ Հայկ Ավետիսյանը 2024 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 01։52-ից մինչև 02։02-ն ընկած ժամանակահատվածում, տեսաձայնագրմամբ ենթարկվել է անձնական խուզարկության։ Այսինքն՝ մեղադրյալի անձնական խուզարկության կատարման ժամանակահատվածը համընկնում է վերջինիս ձերբակալման ժամանակահատվածի հետ, ինչը մեղադրյալը հաստատել է իր ստորագրությամբ։ (...) Վերոգրյալի համատեքստում Դատարանը վերստին արձանագրում է, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերում առկա չէ և դատական նիստի ժամանակ չի վկայակոչվել որևէ փաստական տվյալ, որը ողջամտորեն կարող էր դրվել մեղադրյալ Հայկ Ավետիսյանին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտորեն անմիջականորեն ծագած չլինելու կամ ձերբակալման ընթացքում կամ դրա արդյունքում մեղադրյալի որևէ իրավունք խախտված լինելու հետևության հիմքում։ (...) Դատարանը, մեղադրյալ Հայկ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ վերջինիս վերագրվող ենթադրյալ հանցանքի փաստական նկարագրությունը գնահատելով միջնորդությանը կից Դատարան ներկայացված՝ քրեական վարույթի շրջանակներում ստացված ապացույցները, գտնում է, որ առկա են վարույթի տվյալ փուլին բնորոշ բավարար տեղեկություններ, փաստեր և ապացույցներ, որոնք վկայում են, որ Հայկ Ավետիսյանը, հնարավոր է, առնչություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքին, այն է՝ պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք տալուն օժանդակության կատարմանը։ Մասնավորապես, ըստ Հայկ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին 2024 թվականի հուլիսի 27-ի որոշման փաստական հիմքի՝ մեղադրյալին վերագրվում է ****************** որդուն՝ ************ *****************, ապօրինի եղանակով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար պաշտոնատար անձին կաշառք տալուն օժանդակելու ենթադրյալ հանցանքի կատարում, և արարքն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքին։ (...)»։ 10. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշման համաձայն՝ «(…) [Ձ]երբակալման իրավաչափությունը գնահատելիս էական նշանակություն ունի ձերբակալման արձանագրության պատշաճությունը և իրավաչափությունը, իսկ ձերբակալման արձանագրության համար սահմանված օրենսդրական պահանջներից բխում է, որ ձերբակալման արձանագրության իրավաչափության առանցքային պահանջ է ձերբակալման հիմքի և նպատակի մատնանշումը: Այս կարգավորումն ինքնանպատակ չէ և ունի առանցքային նշանակություն, քանի որ ձերբակալման հիմքի, պատճառների և պայմանների սահմանումը թույլ է տալիս պատշաճ գնահատել՝ արդյոք անձի ձերբակալման ընթացքում իրավասու անձի կողմից պահպանվել են ձերբակալվող անձի՝ օրենքով նախատեսված իրավունքները, մասնավորապես, արդյոք առկա է եղել ձերբակալման իրականացման իրավաչափության համար օրենքով սահմանված և թույլատրելի հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև՝ արդյոք ձերբակալում իրականացնելով քրեական հետապնդման մարմինը հետապնդել է իրավաչափ նպատակ: Թեև առաջին հայացքից սույն պահանջը կրում է ձևական բնույթ, սակայն այդ պահանջները չպահպանելը հանգեցնում է ձերբակալման ինստիտուտի քրեադատավարական էության խեղաթյուրմանը, քանի որ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ անձը ձերբակալվի առանց հատուկ հիմքի և պատճառի՝ բացառապես օրենքի համապատասխան հոդվածի դիսպոզիցիայի մեխանիկական վերարտադրմամբ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով հստակ սահմանվում են անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալման հիմքերը, որոնք իրենցից ներկայացնում են օբյեկտիվ իրողություն, որոնց պայմաններում առաջանում է անհետաձգելի անհրաժեշտություն՝ իրականացնելու որոշակի վարութային գործողություններ, մասնավորապես` անձի ձերբակալում` հետագա իրավաչափ գործընթացն ապահովելու նպատակով: Սույն հիմքերի մատնանշումը ձերբակալման արձանագրությունում հնարավորություն է ստեղծում դատարանի համար գնահատելու վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը: Այստեղից արձանագրելի է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածում թվարկված ձերբակալման արձանագրության վերաբերյալ օրենսդրական պահանջներն օրենսդրի կողմից նախատեսվելն ինքնանպատակ չէ և չի կրում պարզապես ձևական բնույթ։ Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանն առաջնահերթ արձանագրում է, որ սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2024 թվականի հուլիսի 27-ի՝ Հայկ Ավետիսյանին ձերբակալելու մասին արձանագրության մեջ, բացակայում են. - Հայկ Ավետիսյանի ամբողջական անձնական տվյալները (ծննդյան ամիս, ամսաթիվ, տարեթիվը և հաշվառման ու բնակության հասցեն), - անձին ազատությունից փաստացի զրկելու վայրը, պայմանները, պատճառները և հիմքերը։ Սույն համատեքստում հարկ է փաստել, որ Վերաքննիչ դատարանի համար տեսանելի չէ, թե Հայկ Ավետիսյանը որտեղից և ինչ հիմքերի առկայության պայմաններում է ձերբակալվել։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ անգամ անձին ձերբակալելու մասին որոշմամբ չեն լրացվել այն թերությունները, որոնք ձերբակալման արձանագրության մեջ թույլ են տրվել: Նշվածը կարևորվում է Վերաքննիչ դատարանի համար այնքանով, որ ձերբակալման արձանագրությունը կցվում է ձերբակալման որոշմանը և ըստ էության դիտարկվում է դրա բաղկացուցիչ մաս: Այս հանգամանքն առավելապես կարևորվում է անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման ժամանակ, երբ ձերբակալման արձանագրությունը կազմելու համար օրենսդիրը նախատեսել է որոշակի ժամեր, իսկ դրան հաջորդում է ձերբակալման որոշման կայացումը, որտեղ արդեն վարույթն իրականացնող քննիչը մանրամասն արձանագրում է ձերբակալման վերաբերելի պայմանները: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի համար գնահատելի կլիներ թեկուզ և ձերբակալման որոշման մեջ օրենսդրական պայմանների պահպանումը, ձերբակալման արձանագրության մեջ թույլ տրված խախտումների շտկումը կամ ձերբակալման հիմքերի ու պայմանների փաստական իրավիճակների նկարագրումը, ինչը սույն դեպքում չի ապահովվել: Մասնավորապես՝ ինչպես ձերբակալման արձանագրության, այնպես էլ՝ որոշման մեջ, որպես Հայկ Ավետիսյանին ձերբակալելու հիմք նշվել է հետևյալը. «Նկատի ունենալով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է՝ Հայկ Ավետիսյանը բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո, առկա են հանցանքի կատարումը Հայկ Ավետիսյանի առնչությունը հաստատող այլ հիմքեր, և միաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել»։ Ստացվում է, որ Հայկ Ավետիսյանին ձերբակալելու համար քրեական հետապնդման մարմինը դիտարկել է քրեական դատավարության համապատասխան հոդվածով սահմանված առանձին մի քանի հիմք, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են և բացառում՝ մեկը մյուսին։ Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքի հեղինակի այն պնդմանը, որ սույն դեպքում հասկանալի չէ՝ Հայկ Ավետիսյանը բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելու պահին, հանցանքը կատարելուց անմիջապես հետո, արդյոք առկա են եղել հանցանքի կատարմանը Հայկ Ավետիսյանի առնչությունը հաստատող այլ հիմքեր, թե, ի վերջո, Հայկ Ավետիսյանը միաժամանակ դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել, թեև, օրենսդրի կողմից թվարկված իրավիճակներն իրենց բնույթով հստակ են։ (…) Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ ձերբակալման արձանագրությունում ձերբակալման հիմքի և նպատակի մատնանշումը, հանդիսանալով ձևական պահանջ, ապահովում է ձերբակալման իրավաչափության գնահատման նաև բովանդակային կողմը, իսկ վերջինների բացակայությունը վերադաս դատարանին զրկում է հնարավորությունից՝ գնահատելու արդյոք պետական իրավասու մարմինները գործել են իրավաչափ, և արդյոք ստորադաս դատարանը ճիշտ է գնահատել ներկայացված փաստաթղթերը: Սույն դեպքում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերադաս ատյանի համար առնվազն տեսանելի չէ՝ ինչ պայմանների հաշվառմամբ է ստորադաս դատարանը ներկայացված փաստաթղթերը համարել բավարար, վարույթ իրականացնող մարմնի հիմնավորումները՝ պատշաճ, Հայկ Ավետիսյանի ձերբակալումը՝ իրավաչափ, իսկ վերջինին ձերբակալելիս՝ հիմնավոր կասկածն ակնհայտ անմիջականորեն ծագած։ Այսինքն, առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի պատճառաբանական մասում բացակայում են պաշտպանության կողմից /բողոքի հեղինակի/ բարձրաձայնված՝ ընթացակարգային և քրեադատավարական նորմերի էական խախտումներով կատարված ձերբակալման իրավաչափության վերաբերյալ հիմնավորումները չեզոքացնող իրավական դատողությունները։ Ավելին, առաջին ատյանի դատարանում կայացած դատական նիստի ընթացքում պաշտպանի կողմից ի թիվս այլնի նշվել է նաև, որ Հայկ Ավետիսյանը ձերբակալման օրը զանգահարել է իրեն և խնդրել իրականացնել վերջինի հոր շահերի պաշտպանությունը։ Վերջինները հանդիպել են՝ այս հարցի շրջանակներում պայմանավորվածություն ձեռք բերելու առիթով, իսկ Հայկ Ավետիսյանի ձերբակալումը տեղի է ունեցել հենց այդ ժամանակ՝ պաշտպանի ներկայությամբ: Պաշտպանը փաստել է, որ Հայկ Ավետիսյանի կողմից փախուստի դիմելու փորձ չի եղել, իսկ քննիչը որևէ կերպ դատական նիստի ընթացքում չի հերքել այս հայտարարությունը: Նիստի ընթացքում նշված հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կողմից հարցադրումներ չեն հնչեցվել, ինչի արդյունքում ստացվում է, որ նույնիսկ դատական նիստի շրջանակներում ձերբակալման հիմքը որևէ կերպ չի լուսաբանվել դատական երաշխիք տրամադրող դատարանի առաջ և ի վերջո պարզ չի դարձել, թե արձանագրության մեջ թվարկված հիմքերից որն է համապատասխանում Հայկ Ավետիսյանի ցուցաբերած վարքագծին /արդյոք վերջինը փախուստի դիմելու փորձ ի վերջո կատարել է, թե՝ ոչ/։ Ստացվում է, որ սույն դեպքում քրեական հետապնդման մարմինների կողմից ձերբակալման հիմքերի և պատճառների դաշտում իրականացվել է համապատասխան հոդվածի դիսպոզիցիայի մեխանիկական վերարտադրում, ինչի հետևանքով որևէ կերպ հստակ չի մատնանշվել Հայկ Ավետիսյանի ձերբակալման հիմքը, պայմանները, առիթը կամ պատճառը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի վկայակոչման վերաբերյալ հիմնավորումները քրեական վարույթով ներկայացված նյութերով առհասարակ բացակայում են, ինչը հակասում է Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման տրամաբանությանը և որևէ կերպ չի հիմնավորում, որ Հայկ Ավետիսյանի ձերբակալումը եղել է ակնհայտ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ Վերոնշյալ իրավադրույթների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշման համադրման արդյունքում արձանագրելի է, որ ձերբակալման արձանագրությունում ձերբակալման հիմքի սահմանումն անհրաժեշտություն և առաջնային պայման է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի պնդման համար: Ինչպես արդեն նշվել է՝ ձերբակալման հիմքերն իրենցից չեն ներկայացնում պարզապես օրենսդրական ձևակերպումների արտացոլում, դրանց մեխանիկական վերարտադրում, այլ որոշակի փաստական իրավիճակներ են, որոնց մատնանշմամբ տեսանելի է դառնում ձերբակալման իրավաչափությունը, քանի որ օրենսդրական ձևակերպման տրամաբանությունը հանգում է նրան, որ ձերբակալման հիմքերի մատնանշումը պետք է բացահայտի կասկածի էությունը, առկայությունը, ինչպես նաև վերջինի հիմնավոր և անմիջական ծագած լինելու հանգամանքը: Վերաքննիչ դատարանը վերստին ընդգծում է, որ ձերբակալման արձանագրության և որոշման մեջ օրենսդրական դրույթների ուղղակի մեջբերումը` առանց դրանց իրավիճակային մեկնաբանման և բացահայտման, չի կարող հանդիսանալ ձերբակալման հիմքի պատշաճ մատնանշում և չի կարող դատական ստուգման արդյունքում հաստատվել նման ընթացակարգով իրականացված անձի ազատության սահմանափակման գործընթացի իրավաչափությունը: Ամփոփելով վերը նշվածը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում իրավասու պետական մարմինների (քրեական հետապնդում իրականացնող) կողմից կազմված ձերբակալման արձանագրության և որոշման մեջ առկա թերությունները չի կարող դիտարկել որպես վրիպակ, ավելին՝ հիշյալ փաստաթղթերը չեն կարող դիտարկվել որպես պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանմամբ կազմված վարութային փաստաթղթեր՝ հավակնելով անձի ազատության կանխավարկածի հաղթահարմանը։ Հետևաբար, ողջ վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պահանջների խախտմամբ անձի ձերբակալումը չի կարող գնահատվել իրավաչափ, չի կարող հիմք հանդիսանալ գնահատելու այն, որ անձի նկատմամբ իրականացված ձերբակալումն եղել է անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ուստի, Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Հայկ Ավետիսյանի ձերբակալումը ճանաչում է ոչ իրավաչափ, քանի որ ներկայացված փաստաթղթերով չի հիմնավորվում, որ կասկածը եղել է ակնհայտորեն անմիջականորեն ծագած: Հաստատելով ձերբակալման անիրավաչափությունը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այլևս առարկայազուրկ է խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության և իրավաչափությանն անդրադառնալը: (…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Հ.Ավետիսյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։ 12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝ (…) 3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով. 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. (…) բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով, գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար. (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ձերբակալումը կարող է կիրառվել՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում. (…)»։ Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթե՝ 1) նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո. (…) 4) առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր, և միաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չէ: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալվածին հետաքննության մարմին կամ վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող մարմին բերելուց անմիջապես հետո ձերբակալում իրականացրած անձը կազմում է անձի ձերբակալման արձանագրություն: 3. Արձանագրության մեջ նշվում են` 1) ձերբակալվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը, հաշվառման կամ փաստացի բնակության հասցեն. 2) անձին ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները, պատճառները և հիմքերը. 3) ձերբակալում իրականացրած պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը. 4) անձին ազատությունից փաստացի զրկելու պահին կամ իրավասու մարմին բերելուց հետո կատարված անձնական խուզարկությամբ անձից վերցված առարկաների կամ փաստաթղթերի անվանումը և նկարագրությունը` առկայության դեպքում. 5) ձերբակալվածի մարմնի կամ հագուստի վրա տեսանելի վնասվածքները` առկայության դեպքում, ինչպես նաև առերևույթ նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը. 6) ձերբակալվածի հայտարարությունները. 7) ձերբակալվածին իրավասու մարմին բերելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն: 4. Արձանագրությունն ստորագրում են ձերբակալում իրականացրած անձը և ձերբակալվածը: Ձերբակալվածի կողմից ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ ամրագրվում են ինչպես այդ փաստը, այնպես էլ հրաժարվելու պատճառները: Արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվում է ձերբակալվածին: 5. Սույն հոդվածով սահմանված կարգով ձերբակալվածին ազատությունից փաստացի զրկելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում պետք է հանձնվի նրան ձերբակալելու կամ ազատ արձակելու վերաբերյալ որոշում, ինչպես նաև մեղադրյալի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների և պարտականությունների ցանկը: Ձերբակալման որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն և վայրը, ձերբակալվածի տվյալները, նրան վերագրվող արարքի փաստական հանգամանքները, ձերբակալման հիմքը: (…) 9. (…) Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաև ձերբակալման իրավաչափությունը: (…)»։ Նույն օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն ՝«1. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ երեք որոշումներից մեկը․ 1) միջնորդությունը մերժելու մասին. (…) 2. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված որոշումը, եթե՝ (…) 5) հանգում է հետևության, որ սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած։ (…)»: 13. Վճռաբեկ դատարանը, Ալբերտ Հովհաննիսյանի գործով կայացված որոշմամբ արձանագրել է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ քննարկվող ձերբակալման ինստիտուտի հիմքում դրված է հանցագործության կանխման և խափանման in flangranti delicto (անձին ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին (տաք հետքերով) բռնելու) սկզբունքը: Վճռաբեկ դատարանը գտել է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալումը կիրառվում է այն դեպքում, երբ ենթադրյալ հանցանքի փաստական հանգամանքները (օբյեկտիվ կողմի հատկանիշները) և այն կատարող անձն իրավասու մարմնին հայտնի են դառնում հենց այդ հոդվածում թվարկված իրավիճակներից որևէ մեկի ակնհայտ առկայության դեպքում, այսինքն՝ ակնհայտ անմիջականորեն: Վճռաբեկ դատարանի այս հետևությունը բխում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետից, որի համաձայն՝ դատարանը մերժում է կալանքի միջնորդությունն այն դեպքում, երբ անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է երկու փոխկապակցված գործոն ձերբակալման քննարկվող տեսակի հիմքում ընկած «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» ծագման անմիջականության ակնհայտությունը որոշելու համար, մասնավորապես՝ ժամանակային գործոնը, այսինքն՝ երբ հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը հաստատող փաստական իրավիճակի ի հայտ գալու և անձին ազատությունից զրկելու միջև ժամանակային խզում չկա կամ աննշան է, և հանցանքի արտաքին դրսևորման գործոնը, երբ ձերբակալումն իրականացվում է ենթադրյալ հանցանքի արտաքին հանցանշանների (բացահայտ հետքերի) հիման վրա (indices apparents): Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկվող երկու գործոնների միաժամանակյա առկայության դեպքում է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով իրականացված ձերբակալումը կարող է համարվել իրավաչափ, դրանցից մեկի բացակայությունը ձերբակալումը դարձնում է ոչ իրավաչափ դրանից բխող հետևանքներով։ 14. Վերահաստատելով և զարգացնելով Ալբերտ Հովհաննիսյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը մեկ այլ՝ Արամ Սուքիասյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ «հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի» առկայության դեպքում ձերբակալման հիմքերը հանդիսանում են այն փաստական իրավիճակները, որոնք հիմնավորում են հենց այդ կասկածանքը և դրա հիմնավոր լինելը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ի տարբերություն կալանավորման, որի կիրառման համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի առկայությունը և դրա բավարար լինելը որոշվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած իրավական դիրքորոշումներով սահմանված չափանիշներով, ձերբակալման դեպքում ենթադրյալ հանցանքը կատարած լինելու կասկածի հիմնավոր լինելը և դրա ապացուցվածության աստիճանը (ապացուցման շեմը) որոշված է օրենքով: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում օրենսդիրը որպես ձերբակալման հիմք սահմանել է հենց հիմնավոր կասկած առաջացնող փաստացի իրավիճակները, որոնցից որևէ մեկի առկայությունն ինքնին բավարար է անձին ձերբակալելու համար: Այս սկզբունքից միակ բացառությունը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, որի դեպքում հիմնավոր կասկածից զատ օրենսդիրը սահմանել է նաև, որ պետք է միաժամանակ անձը դեպքի վայրից կամ քրեական վարույթն (ձերբակալումն իրականացնելու իրավասություն ունեցող) իրականացնող մարմնից թաքնվելու փորձ կատարի կամ չունենա բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չլինի: 15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - 2024 թվականի հուլիսի 27-ին Հ.Ավետիսյանը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է, - նույն օրը Հ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, - 2024 թվականի հուլիսի 29-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության քննիչ Հ.Սարգսյանի կողմից միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան՝ Հ.Ավետիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, - Առաջին ատյանի դատարանը, ստուգելով Հ.Ավետիսյանի ձերբակալման իրավաչափությունը, ըստ էության արձանագրել է, որ Հ.Ավետիսյանը ձերբակալումն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ և, որ վարույթն իրականացնող մարմինը Հ.Ավետիսյանին ձերբակալելու պահի դրությամբ բավարար տվյալներ է ձեռք բերել հիմնավոր կերպով կասկածելու, որ նա կարող է առնչություն ունենալ իրեն մեղսագրվող արարքի կատարմանը, - Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, գտել է, որ Հ.Ավետիսյանին ձերբակալելու մասին արձանագրության մեջ բացակայում են Հ.Ավետիսյանի անձնական տվյալները, ինչպես նաև դրանում չեն մատնանշվել ձերբակալման վայրը, հիմքը, պայմանները, առիթը կամ պատճառը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի վկայակոչման վերաբերյալ հիմնավորումները քրեական վարույթով ներկայացված նյութերով առհասարակ բացակայում են, որպիսի պայմաններում որևէ կերպ չի հիմնավորում, որ Հ.Ավետիսյանի ձերբակալումը եղել է ակնհայտ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը Հ.Ավետիսյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ։ 16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Ավետիսյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության։ 16.1. Այսպես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսել է անձի ձերբակալման արձանագրությանն ու ձերբակալելու մասին որոշմանն առնչվող պահանջները՝ թվարկելով այն տվյալները, որոնք պետք է պարտադիր ներառված լինեն նշված վարութային ակտերից յուրաքանչյուրում։ Ընդ որում, թվարկվածների շարքում նախատեսված է նաև անձին ազատությունից փաստացի զրկելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-4 կետերով նախատեսված հիմքերից մեկը կամ մի քանիսը նշելու պահանջ, սակայն դրանց առկայությունը հավաստելու համար վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայակոչելու և վերլուծելու պահանջ օրենսդրությամբ նախատեսված չէ։ 16.2. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ Հ.Ավետիսյանին ձերբակալելու մասին արձանագրության մեջ բացակայում են վերջինիս ամբողջական անձնական տվյալները, ինչպես նաև ազատությունից փաստացի զրկելու վայրը, պայմանները, պատճառները, հիմքերը, և որ այդ թերությունները չեն շտկվել նաև Հ.Ավետիսյանին ձերբակալելու մասին որոշմամբ, հիմնավոր չեն, քանի որ սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից ակներև է, որ վերը նշված վարութային ակտերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկությունները։ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությանն առ այն, որ անձին ձերբակալելու մասին արձանագրության մեջ օրենսդրական դրույթների ուղղակի մեջբերումը` առանց դրանց իրավիճակային մեկնաբանման և բացահայտման, չի կարող հանդիսանալ ձերբակալման հիմքի պատշաճ մատնանշում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ գտնվող նյութերում առկա են եղել համապատասխան և բավարար տեղեկություններ՝ վերստուգելու ձերբակալման հիմքերի առկայությունը և Առաջին ատյանի դատարանի կողմից ձերբակալման իրավաչափությունը հաստատելու օրինականությունը։ Այլ կերպ՝ ձերբակալելու իրավասություն ունեցող անձն արդեն իսկ ձեռք էր բերել բավարար տեղեկություններ առ այն, որ հնարավոր է՝ Հ.Ավետիսյանը կատարել է հանցանք և/կամ առնչություն է ունեցել ենթադրյալ հանցանքի կատարմանը՝ միաժամանակ թաքնվելու փորձ կատարելով վարույթն իրականացնող մարմնից, թեև ստացված տեղեկությունների համառոտ և ամփոփ վերլուծությունը չի ներառել Հ.Ավետիսյանին ձերբակալելու արձանագրության մեջ և սահմանափակվել է միայն օրենսդրությամբ սահմանված հիմքերի մեջբերմամբ։ Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի (անձը բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո) առկայությունը հաստատվում է, ի թիվս այլնի, «Թվային՝ այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում», տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում ստացված տվյալներով։ Ինչ վերաբերում է նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքի (առկա են հանցանքի կատարմանն անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր, և միաժամանակ անձը դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել) առկայությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի նյութերում առկա է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետի պարտականությունները կատարող Ա.Մարտիրոսյանի կողմից քննիչի վերադասին ուղղված գրություն այն մասին, որ 2024 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 22:05-ի սահմաններում, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցները Հ.Ավետիսյանին ձերբակալելու նպատակով այցելել են վերջինիս փաստացի բնակության հասցե` ****** ***************************************************************************************** ***********, սակայն Հ.Ավետիսյանի եղբայրը հայտնել է, որ վերջինս տանը չի գտնվում: Այնուհետև, Հ.Ավետիսյանի եղբայրը հեռախոսազրույց է ունեցել Հ.Ավետիսյանի հետ, ով տեղեկացրել է, թե իբրև գտնվում է ********************************: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Հ.Ավետիսյանն իրականում գտնվում է իր բնակության վայրում, սակայն բջջային հեռախոսն անջատել է և խուսափել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ներկայանալուց: Հ.Ավետիսյանին հայտնաբերելու նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս 2024 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ********* *****************************************************, ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Վերը շարադրվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Ավետիսյանի կողմից իր իրական գտնվելու վայրի մասին հայտնված տեղեկատվության և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների անհամապատասխանությունը, ինչպես նաև վերջինիս հետ կապ հաստատելու հնարավոր միջոցների չեզոքացումը ողջամտորեն կարող են մեկնաբանվել որպես քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ։ 16.3. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի հետևությանն առ այն, որ Հ.Ավետիսյանի ձերբակալման արձանագրության մեջ քննիչի կողմից նշված հիմքերը միմյանցից էականորեն տարբերվում են, բացառում են մեկը մյուսին, և անհասկանալի է՝ Հ.Ավետիսյանը բռնվել է հանցանքը կատարելու պահին, դրանից անմիջապես հետո, թե, ի վերջո, առկա են հանցանքի կատարմանը վերջինիս առնչությունը հաստատող այլ հիմքեր և նա թաքնվելու փորձ է կատարել։ Այսպես՝ ինչպես արդեն նշվեց, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի ծագման անմիջականությունը հաստատող գործոններից ժամանակայինը ենթադրում է, որ հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը հաստատող փաստական իրավիճակի ի հայտ գալու և անձին ազատությունից զրկելու միջև ժամանակային խզում չպետք է լինի կամ պետք է լինի աննշան։ Ինչ վերաբերում է վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ կատարելուն, այդ հանգամանքի առկայության համար որևէ ժամկետային չափանիշ սահմանված չէ, այսինքն՝ որևէ նշանակություն չունի՝ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձը որքան ժամանակ է կարողացել խուսափել վարույթն իրականացնող մարմնից։ Նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հ.Ավետիսյանի ենթադրյալ հանցակից ******************* 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը՝ 21:50-ի սահմաններում ********************************************* հասցեում գտնվող շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում ***************** է փոխանցել կաշառքի առարկա հանդիսացող գումարի մի մասը, և նույն պահին բռնվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից։ Դրանից անմիջապես հետո՝ նույն օրը՝ ժամը՝ 22:05-ի սահմաններում, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցները Հ.Ավետիսյանին ձերբակալելու նպատակով այցելել են վերջինիս փաստացի բնակության հասցե, սակայն նա հայտնաբերվել և ձերբակալվել է 2024 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը՝ 01։00-ի սահմաններում, իսկ այդ ժամանակամիջոցում, ինչպես արդեն նշվեց, Հ.Ավետիսյանն առերևույթ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել։ Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը հաստատող փաստական իրավիճակի ի հայտ գալու և անձին ազատությունից զրկելու միջև ժամանակային խզումն աննշան է, ինչը սույն վարույթի նյութերից բխող փաստական տվյալների համակցության մեջ ողջամտորեն հանգեցնում է հիմնավոր կասկածի ծագման անմիջականության ակնհայտության մասին հետևության։ Իսկ այդ ընթացքում Հ.Ավետիսյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձը նույնպես հիմք է անձին ձերբակալելու համար։ Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերի միաժամանակյա առկայության անհնարինության վերաբերյալ, հիմնավոր չէ։ 16.4. Ընդհանրացնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Հ.Ավետիսյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելը՝ սահմանափակվելով միայն ձերբակալման արձանագրության և ձերբակալելու մասին որոշման ուսումնասիրությամբ, անտեսելով ձերբակալման հիմքերի առկայության մասին վկայող՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված և դատարանին տրամադրված տեղեկությունները։ 17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, Հ.Ավետիսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և դրանով պայմանավորված մերժելով նախաքննության մարմնի՝ Հ.Ավետիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ և 288-րդ հոդվածների խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, որը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է դատական ակտը բեկանելու համար։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Ավետիսյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասով Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ սույն որոշումը կայացնելու պահին Հ.Ավետիսյանի և մյուսների վերաբերյալ քրեական վարույթն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ մնացած մասով, պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Թիվ ՀԿԴ/0132/06/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի` 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշումը մասնակի՝ մեղադրյալ Հայկ Աշոտի Ավետիսյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասով բեկանել՝ մեղադրյալ Հայկ Աշոտի Ավետիսյանի ձերբակալումը ճանաչելով իրավաչափ։ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ մնացած մասով, թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ Ս.ՉԻՉՈՅԱՆ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ