Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ/0374/01/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ/0374/01/22
Դիմող / մեղադրյալ
Եղիշ Գևորգյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
05.05.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/0374/01/22 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Էդ.Մկրտչյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Ա.Մաթևոսյան 5 մայիսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Եղիշ Օնիկի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման դեմ պաշտպան Գ.Գևորգյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում, հարուցվել է թիվ ********* քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 1-ին մասով։ 1․1․ 2021 թվականի հոկտեմբերի 13-ին, Եղիշ Օնիկի Գևորգյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել։ 2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ, ամբաստանյալ Եղիշ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, որը հետագայում երկարաձգվել է։ 3. 2022 թվականի մարտի 22-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ստացվել է Եղիշ Գևորգյանի վերաբերյալ թիվ ********** քրեական վարույթը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ 3․1․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ, ամբաստանյալ Եղիշ Գևորգյանի պաշտպան Գ․Գևորգյանի միջնորդությունը՝ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ, մերժվել է։ 4. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ, ամբաստանյալ Ե․Գևորգյանի պաշտպան Գ․Գևորգյանի միջնորդությունը բավարարվել է, Ե․Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ փոփոխվել, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով։ 5. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ Վ․Սամսոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ ներկայացված բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը՝ բեկանել, պաշտպան Գ․Գևորգյանի միջնորդությունը՝ ամբաստանյալ Ե․Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ՝ մերժել, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է թողնվել՝ կալանավորումը։ 6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ե.Գևորգյանի պաշտպան Գ.Գևորգյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2026 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 7. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և քրեադատավարական իրավունքի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը։ Բողոքաբերը նշել է, որ քրեական վարույթում առկա չէ փաստական տվյալ առ այն, որ ամբաստանյալ Եղիշ Գևորգյանը կարող է խոչընդոտել քննությանը, այն պարագայում, երբ վերջինս շուրջ չորս տարի տևող քննության ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, այդ ժամանակահատվածում քրեական գործի նյութերը դատարանի կողմից երկու անգամ հետազոտվել են, մեղադրական բովանդակությամբ ցուցմունքներ տված բոլոր անձինք հարցաքննվել են, ավելին, Ե․Գևորգյանն աջակցել է քննությանը և քննիչին հայտնել է դեպքի վայրը տեսաձայնագրող սարքի առկայության մասին, ինչի արդյունքում նպաստել է քրեական գործով նախաքննության ընթացքում օբյեկտիվ իրականության բացահայտմանը, որպիսի իրողությունները, վարույթի տևականության պայմաններում, Ե․Գևորգյանի կողմից քննությանը խոչընդոտելու մասին հետևությունները դարձնում են հիմնազուրկ, իսկ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման շարունակական բնույթը վեր է ածվում պատժի։ Բողոքաբերի պնդմամբ՝ ամբաստանյալ Ե․Գևորգյանը շուրջ երկու ամիս է գտնվում է ազատության մեջ և այդ ժամանակահատվածում որևէ անձի վրա ազդեցություն չի գործադրել, նախորդ դատական նիստի ժամանակ հրաժարվել է իր դեմ ցուցմունքներ տված անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքից և դատարանին միջնորդել է հրապարակել բոլոր չհարցաքննված վկաների նախաքննական ցուցմունքները, որպիսի պայմաններում վերջինս, նույնիսկ ազատության մեջ գտնվելու պայմաններում, աջակցել է քննությանը։ Բողոքաբերը փաստել է նաև, որ Ե․Գևորգյանը բնութագրվում է բացառապես դրական, ունի մշտական բնակության վայր, կայուն սոցիալական կապեր, մասնակցել է քառօրյա պատերազմին, աջակցություն է ցուցաբերել քառասունչորսօրյա պատերազմում զոհված անձանց ընտանիքներին, շուրջ չորս տարի կալանքի տակ գտնվելու ընթացքում նրա առողջական վիճակը վատթարացել է, վերջինիս մոտ ախտորոշվել են բազմաթիվ հիվանդություններ։ Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանը չի դրսևորել պատշաճ ջանասիրություն, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում՝ յուրաքանչյուր տարում մեկ անգամ է տեղի ունեցել դատական նիստ, որպիսի պայմաններում առկա է ամբաստանյալ Եղիշ Գևորգյանի հիմնարար իրավունքի խախտում, բացի այդ, դատաքննության նման ձգձգումների պայմաններում, մեղադրական դատավճիռ կայացնելու պարագայում, ավարտին է մոտենում Ե․Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող նվազագույն պատժաչափը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ժամկետը։ 8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ Եղիշ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխել և վերջինիս նկատմամբ կիրառել գրավը՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 9. Ե.Գևորգյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Ն]ա, 2021 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ******** քաղաքի ********** թաղամասի *********** փողոցի *-ին տարածքի **-րդ հասցեի՝ իր տան դիմաց, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, ավտոմեքենան կայանելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում, Ն․Կ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դեռևս քննությամբ չհայտնաբերված դանակով մեկից ավելի հարվածներ է հասցրել Ն․Կ․-ի մարմնի տարբեր շրջաններին՝ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վնասվածք՝ կողաճառների, սրտապարկի, սրտի վնասումով և ծակած կտրած վերք՝ աջ բազկի շրջանում, որի հետևանքով վերջինս մահացել է»: 10. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման համաձայն՝ «(...) Անդրադառնալով ամբաստանյալ Եղիշ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու հիմքին, այն է` մեղադրյալի կողմից դատարանում գործի քննությանը խոչընդոտելու՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, հավանականությանը, Դատարանը գտնում է, որ այն էականորեն նվազել է, ինչը մեծապես պայմանավորված է նրանով, որ ցանկացած կալանավորման հիմք, ժամանակի ընթացքում նվազում է, եթե սկզբնական կամ նախորդող ժամանակաշրջանում դրա հավանականությունը բարձր է եղել, ապա ժամանակի ընթացքում կամ միշտ այն ակտուալ համարվել չի կարող, ուստի այլ խափանման միջոցի՝ գրավի կիրառումը ևս կարող է հիմք հանդիսանալ ամբաստանյալ Եղիշ Գևորգյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար և որպես այլընտրանք՝ համարժեքորեն փոխարինել կալանավորմանը: Դատարանի համար հատկապես հատկանշական է այն, որ ամբաստանյալ Եղիշ Գևորգյանը սույն քրեական գործով 2021 թվականի հոկտեմբերի 12-ից գտնվում է արգելանքի տակ և դեռևս պարզ չէ, թե նրա մասով երբ կկայացվի վերջնական դատական ակտ: Դատարանը գտնում է, որ դատարանները յուրաքանչյուր դեպքում անձին անազատության մեջ պահելու հարցը քննարկելիս պետք է ուշադրություն դարձնեն նաև այս հանգամանքին: (…) Հատկանշական է նաև այն, որ քրեական գործի նյութերը և դատական նիստի ժամանակ դատավարության կողմերից բերված պարզաբանումները վկայում են այն մասին, որ ամբաստանյալ Եղիշ Գևորգյանի երկարատև կալանավորումը պայմանավորված.չէ.վերջինի.վարքագծով: Ընդ որում՝ հատկանշական է նաև այն, որ սույն քրեական գործով մի շարք դատական նիստեր հետաձգվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ հերթապահ ծառայության վարչության Երևան քաղաքի ուղեկցող գումարտակի աշխատակիցների կողմից ամբաստանյալին Դատարան չներկայացնելու պատճառաբանությամբ, ինչպես նաև՝ 2024 թվականի մարտի 6-ին քրեական գործի նյութերն ուղարկվել են «Ուղեկից հոգեբանական կենտրոն»՝ դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնելու նպատակով, ինչի վերաբերյալ որոշում էր կայացվել վարույթն իրականացնող մարմնի կողմից դեռևս նախաքննության ընթացքում, շուրջ 5 ամիս գտնվելով փորձաքննություն իրականացնող մարմնի տրամադրության տակ՝ Դատարանին զրկելով դատական նիստ նշանակելու իրական հնարավորությունից, որպիսի պայմաններում սույն քրեական գործով դատական քննություն չի իրականացվել տևական ժամանակ և դա միայն սույն քրեական գործը նախագահող դատավոր Էդ.Մկրտչյանի վարույթում գտնվելու ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ամբաստանյալ Եղիշ Գևորգյանին մեղսագրվում է ենթադրյալ առանձնապես ծանր հանցանքի կատարում, ապա Դատարանը գտնում է, որ վերագրվող արարքի համար միայն ազատազրկման ձևով պատիժ նախատեսված լինելու հանգամանքը և ակնկալվող պատժի խստությամբ պայմանավորված՝ անձին շարունակական կալանքի տակ պահելու ծանրակշիռ փաստարկ չի հանդիսանում: Ավելին՝ թեև մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը գնահատելու կարևոր տարր, սակայն այն գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին միայն կարող է հնարավորություն տալ հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին: Դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ եզրահանգումները, գտնում է, որ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել ամբաստանյալ Եղիշ Գևորգյանի նկատմամբ այլ խափանման միջոցի` գրավի կիրառմամբ և տվյալ դեպքում 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով գրավն ի զորու է չեզոքացնել կալանավորման վերը նշված հիմքի առկայությունը (...)»: 11. Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման համաձայն՝ «(...) Առաջին ատյանի դատարանը պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա, քննարկելով ամբաստանյալ Եղիշ Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հարցը, փաստելով, որ դեռևս առկա է ամբաստանյալի գործի քննությանը խոչընդոտելու՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը, արձանագրել է, որ նշված հիմքի առկայությունն էականորեն նվազել է, ինչի արդյունքում հանգել է ոչ իրավաչափ հետևության առ այն, որ ամբաստանյալ Ե.Գևորգյանի պատշաճ վարքագիծը հնարավոր կլինի ապահովել նրա նկատմամբ գրավի կիրառմամբ:Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ ամբաստանյալ Ե.Գևորգյանի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանականության էականորեն նվազման հանգամանքը պայմանավորել է բացառապես ժամանակի հոսքի հետ: Վերաքննիչ դատարանի համար հասկանալի չէ, թե ինչ հանգամանքների հաշվառմամբ է Առաջին ատյանի դատարանը հանգել քրեական վարույթին խոչընդոտելու հավանականության էականորեն նվազելու մասին հետևության այն պայմաններում, երբ սույն քրեական գործով դատաքննությունը դեռևս ավարտված չէ, դատակոչված վկաների մի մասը դեռևս հարցաքննված չեն, հատկապես հաշվի առնելով, որ նրանք հանդիսանում են ամբաստանյալի հարևանները: Այլ խոսքով՝ Առաջին ատյանի դատարանը կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելիս չի հիմնավորել, թե կալանավորման նշված նպատակի առկայության պայմաններում ինչ ծանրակշիռ հանգամանքներ են ի հայտ եկել, որոնց հիման վրա հանգել է եզրակացության, որ տվյալ փուլում կալանքի նշված նպատակն այնքան է նվազել, որ կարող է չեզոքացվել ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոցի կիրառմամբ։ Վերոգրյալին զուգահեռ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում առանձնացնել ամբաստանյալ Ե.Գևորգյանին վերագրված ենթադրյալ․հանցագործության․հետևյալ․հանգամանքները՝ - հանրային վտանգավորության բնույթը, մասնավորապես այն, որ ամբաստանյալին մեղսագրվել է անձի կյանքի դեմ ուղղված հանցագործություն, - ծանրության աստիճանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է առանձնապես ծանր հանցանքների շարքին, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով՝․ութից․տասնհինգ․տարի․ժամկետով, - կատարման դրդապատճառը և եղանակը, մասնավորապես այն, որ ըստ մեղադրանքի՝ Ե.Գևորգյանն ավտոմեքենան կայանելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում, Ն․Կ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ դանակով մեկից ավելի հարվածներ է հասցրել Ն․Կ․-ի մարմնի տարբեր շրջաններին՝ պատճառելով մահ, - ամբաստանյալ Ե.Գևորգյանը գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ: Սույն գործի փաստական հանգամանքները համադրված գնահատելով ամբաստանյալ Ե.Գևորգյանին մեղսագրված արարքի ծանրության, հանցագործությունից պաշտպանվող հասարակական հարաբերությունների կարևորության, ակնկալվող պատժի խստության և ենթադրյալ հանցագործության կատարման եղանակի հետ՝ Վերաքննիչ դատարանը հանգում է ամբաստանյալ Ե.Գևորգյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականության և դրա ռիսկը կանխելու անհրաժեշտության մասին հետևության: Նշվածի համատեքստում անդրադառնալով ամբաստանյալ Ե.Գևորգյանի տևական ժամանակահատված կալանքի տակ գտնվելու և ժամանակի հոսքի ընթացքում իրականացված քննության վերաբերյալ փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ժամանակի հոսքի վերաբերյալ մեկնաբանությունը չպետք է մեխանիկական բնույթ կրի, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այն ենթակա է գնահատման գործի բնույթի, բարդության և առկա օբյեկտիվ հանգամանքների համակցության մեջ։ Այս կապակցությամբ փաստելով նաև, որ խափանման միջոցի կիրառման տևողությունն ինքնին դրա համաչափության գնահատման գործոն չէ, Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ այն պայմաններում, երբ սույն քրեական գործով դատակոչված են շուրջ տասնվեց վկա, տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն, գործի քննության ընթացքում նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, ամբաստանյալ Ե.Գևորգյանի նկատմամբ կալանքի կիրառման անհրաժեշտությունն իրապես առկա լինելու պայմաններում, միայն ժամանակի հոսքը և կալանքի տակ գտնվելու տևողությունը չեն կարող բավարար համարվել՝ այդպիսի անհրաժեշտությունը վերանալու մասին հետևության հանգելու համար։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ քրեական վարույթում առկա տվյալներն ու սույն որոշմամբ արձանագրված հանգամանքներն առավել քան բավարար և ծանրակշիռ են, որպեսզի Վերաքննիչ դատարանը, չհանդիսանալով վարույթն իրականացնող մարմին, այլ ամբաստանյալ Ե.Գևորգյանի խափանման միջոցի իրավաչափության նկատմամբ դատական ստուգում իրականացնող ատյան, արձանագրի դատական սխալի առկայությունը, որը բացասաբար չի անդրադառնա Առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի.վրա։ Միևնույն ժամանակ, կարևորելով մեղադրյալի առողջական խնդիրներ ունենալու հանգամանքը, Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նախ փաստել, որ Առաջին ատյանի դատարանի որոշման և Վերաքննիչ դատարան ուղարկված հավելվածում բացակայում են ամբաստանյալի առողջական վիճակին վերաբերող որևէ փաստաթուղթ, բացի այդ պաշտպանն էլ, հատուկ վերանայման բողոքի պատասխանում փաստելով ամբաստանյալի առողջական խնդիրները, չի ներկայացրել այդ հանգամանքը հաստատող որևէ փաստաթուղթ: Բոլոր դեպքերում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթի շրջանակներում անազատության մեջ պահվող անձանց առողջության ապահովումը պետության պոզիտիվ պարտականությունն է և ամբաստանյալ Եղիշ Գևորգյանն էլ անազատության պայմաններում զրկված չէ իր ֆիզիկական առողջությունը պատշաճ պահպանելու հնարավորությունից. ներպետական օրենսդրությամբ երաշխավորված է կալանավորման եղանակով ազատությունից զրկված անձանց ֆիզիկական առողջության պահպանությունը՝ պահանջվող բժշկական օգնություն տրամադրելու միջոցով։ Ընդ որում, մեղադրյալը զրկված չէ նաև իր կողմից ընտրված բժշկի կողմից զննվելու, ինչպես նաև հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն տեղափոխվելու հնարավորությունից։Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Ե.Գևորգյանի անձը բնութագրող տվյալներին, գտնում է, որ հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները, մեղսագրվող արարքի բնույթը, վտանգավորության աստիճանը, կատարման եղանակը, դրդապատճառը, օգտագործված միջոցները, պաշտպանի վկայակոչած հանգամանքները չեն կարող հանդիսանալ բավարար գործոն հանգելու հետևության, որ կալանքի կիրառման հիմքն այն աստիճան է չեզոքացել, որ արդարացի լինի գրավ խափանման միջոցի կիրառումը։ Ամփոփելով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ե.Գևորգյանի նկատմամբ 2.000.000 ՀՀ դրամի չափով գրավի կիրառման թույլատրելիության մասին անհիմն հետևության հանգելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի իմաստով՝ հիմք է բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոխարինող դատական ակտ կայացնելու համար: (...)»: 12․ Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ, ամբաստանյալ Ե․Գևորգյանի պաշտպան Գ․Գևորգյանի միջնորդությունը՝ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ բավարարվել է, ամբաստանյալ Ե․Գևորգյանի նկատմամբ ընտրված փախանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 2․000․000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով։ 13․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի մարտի 19-ի որոշմամբ, դատախազի հատուկ վերանայման բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել անփոփոխ։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ե.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխելու և վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները: 15. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.  (…) գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,  (…) 3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով: 4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը (…)»: ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը (…)»։ 16. Մինչև դատաքննությունն ազատ արձակվելու կոնվենցիոնալ իրավունքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը դատական իշխանության մարմիններին հնարավորություն չի տալիս ընտրություն կատարելու անձին ողջամիտ ժամկետում դատարան տանելու կամ մինչև դատարանի առջև կանգնելը ժամանակավորապես ազատ արձակելու միջև: Մինչև դատապարտումն անձը համարվում է անմեղ, և այս դրույթի նպատակն առավելապես անձին ժամանակավորապես ազատ արձակելն է այն դեպքում, երբ շարունակական կալանքն այլևս ողջամիտ չէ: Այն հարցը, թե արդյո՞ք կալանքի տակ պահելու ժամկետը ողջամիտ է եղել, չի կարող գնահատվել վերացական եղանակով: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ողջամտության հարցը պետք է գնահատվի՝ յուրաքանչյուր կոնկրետ գործի փաստերից և առանձնահատկություններից ելնելով: Շարունակական կալանքը կարող է արդարացված լինել միայն, եթե կոնկրետ գործով առկա են հանրային շահի իրական պահանջի մասին վկայող հատուկ ցուցիչներ, որոնք, չնայած անմեղության կանխավարկածի սկզբունքին, գերակայում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի նկատմամբ: 16.1. Եվրոպական դատարանի գնահատմամբ՝ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը շարունակական կալանքի անհրաժեշտ պայման է, սակայն որոշակի ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար, և իրավասու մարմինները պետք է ներկայացնեն կալանքը հիմնավորող անհրաժեշտ և բավարար հիմքեր: Անձին ազատ արձակելուն կողմ կամ դեմ փաստարկները չպետք է լինեն ընդհանրական և վերացական բնույթի, այլ պետք է պարունակեն հղումներ կոնկրետ փաստերին և անձի անձնային առանձնահատկություններին, որոնք հիմնավորում են վերջինիս կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Կալանքի տակ պահելու փաստացի մեխանիկական երկարաձգումն անհամատեղելի է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի երաշխիքների հետ: 16.2. Շարունակական կալանքի հնարավոր հիմքերից՝ վարույթի պատշաճ ընթացքը խոչընդոտելու առնչությամբ, Եվրոպական դատարանը նշել է, որ այն չպետք է լինի վերացական և պետք է հաստատվի փաստական տվյալներով: Վկաների վրա ճնշում գործադրելու վտանգը կարող է ընդունելի լինել վարույթի սկզբնական փուլերում, սակայն այն չի կարող հիմնավորվել միայն ակնկալվող պատժի խստությամբ: Ընդ որում, երկարատև ժամանակահատվածում քննություն իրականացնելու անհրաժեշտությունը բավարար չէ կալանքն արդարացնելու համար. վարույթի բնականոն ընթացքի պարագայում ենթադրյալ վտանգները նվազում են, քանի որ հարցաքննությունները կատարվում են, ցուցմունքները վերցվում են և ստուգվում: 16.3. Դատական քննության փուլում գտնվող գործով դատարանի կողմից մեղադրյալի (ամբաստանյալի) ազատության իրավունքը սահմանափակող խափանման միջոցի կիրառման իրավաչափության ստուգման շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ գործի դատական քննության ընթացքում մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ հարցը լուծելիս, առաջին ատյանի դատարանը հանդես է գալիս որպես վարույթն իրականացնող մարմին։ Վճռաբեկ դատարանը վերստին կրկնում է, որ նման պայմաններում, որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս, վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը։ 17. Վերոշարադրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի պատշաճ վարքագիծն ապահովող երաշխիքների կիրառմամբ ազատ արձակվելու իրավունքը կարող է իրավաչափորեն սահմանափակվել միայն անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորող բավարար հիմքերի առկայության դեպքում: Իսկ այդ հիմքերի առկայության մասին վկայող փաստարկները պետք է բխեն կոնկրետ գործի փաստական հանգամանքներից և հիմնավորվեն կոնկրետ փաստական տվյալներով: Շարունակական կալանքի պարագայում, վարույթի բնականոն ընթացքին զուգահեռ, աստիճանաբար բարձրանում է մեղադրյալին (ամբաստանյալին) կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը: Ընդ որում, առավել բարձր պետք է լինի վարույթն իրականացնող առաջին ատյանի դատարանի՝ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին որոշումը վերադաս դատական ատյանի կողմից բեկանելիս կալանքի անհրաժեշտության հիմնավորվածության շեմը: 18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - Առաջին ատյանի դատարանը բավարարել է Ե.Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը՝ նկատի ունենալով, որ էականորեն նվազել է նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու հիմքը: Անդրադառնալով Ե.Գևորգյանին մեղսագրվող ենթադրյալ առանձնապես ծանր հանցանքի կատարմանը՝ դատարանն արձանագրել է, որ վերագրվող արարքի համար միայն ազատազրկման ձևով պատիժ նախատեսված լինելու հանգամանքը և ակնկալվող պատժի խստությամբ պայմանավորված՝ անձին շարունակական կալանքի տակ պահելը ծանրակշիռ փաստարկ չի հանդիսանում: Ավելին՝ թեև մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր, սակայն այն գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին միայն կարող է հնարավորություն տալ հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ գործի քննության սույն փուլում, երբ էականորեն նվազել է ամբաստանյալ Եղիշ Գևորգյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հիմքը, գրավի կիրառմամբ հնարավոր է ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը, - Վերաքննիչ դատարանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, փաստելով խափանման միջոց գրավի կիրառմամբ Ե.Գևորգյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը, չի պատճառաբանել, թե ինչպիսի՞ ծանրակշիռ փաստեր, հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք չեզոքացրել են ամբաստանյալին կալանքի տակ պահելու արձանագրված հիմքը, այն դեպքում, երբ սույն քրեական գործով դատաքննությունը դեռևս ավարտված չէ, դեռևս հարցաքննված չեն դատակոչված վկաների մի մասը, որոնք հանդիսանում են ամբաստանյալի հարևանները, տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն, գործի քննության ընթացքում նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով Ե.Գևորգյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման դրդապատճառը և եղանակը, ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվելը, փաստել է, որ բացառապես կալանավորումն է այն խափանման միջոցը, որը կարող է ապահովել Ե.Գևորգյանի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում, և որ այդ պայմաններում միայն կալանքի տակ գտնվելու երկար ժամանակահատվածը չի կարող բավարար համարվել՝ այդպիսի անհրաժեշտությունը վերանալու մասին հետևության հանգելու համար։ 19. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ որպես գործով վարույթն իրականացնող մարմին, ամբաստանյալ Ե.Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը լուծելիս, համակողմանի գնահատման է ենթարկել անձին շարունակաբար կալանքի տակ պահելու հիմքերի, մասնավորապես՝ դրա բնականոն ընթացքին խոչընդոտելու հիմքի չեզոքացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ դատավարության փուլը, հետազոտված ապացույցների շրջանակը, անձին կալանքի տակ պահելու տևողությունը, մի շարք դատական նիստերի հետաձգումն ուղեկցող գումարտակի աշխատակիցների կողմից ամբաստանյալ Ե․Գևորգյանին դատարան չներկայացնելու պատճառով, դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնելու հանգամանքով պայմանավորված՝ վարույթի հնարավոր ձգձգումը՝ արդյունքում իրավաչափորեն եզրահանգելով, որ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի կիրառումն ի զորու է չեզոքացնելու ամբաստանյալի կողմից գործի քննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկը։ Ընդ որում, անդրադառնալով շարունակական կալանքի համատեքստում ամբաստանյալ Ե.Գևորգյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածին և վարույթի հնարավոր երկարատև ընթացքն Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրելու հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև նշված հանգամանքներն ինքնին չեն բացառում անձի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի վտանգները, սակայն բարձրացնում են նրան շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը: Սույն դեպքում Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում արդեն իսկ ձեռնարկված դատավարական գործողությունների և հետազոտված ապացույցների ծավալի պայմաններում Ե.Գևորգյանի տևական կալանքի տակ գտնվելու փաստն Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրելու հանգամանքը: Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև Առաջին ատյանի դատարանի փաստարկներն առ այն, որ վարույթի ընթացքում մի շարք դատական նիստերին ուղեկցող գումարտակի աշխատակիցների կողմից ամբաստանյալին դատարան չներկայացնելու, ինչպես նաև դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնելու համար հնարավոր պահանջվող տևական ժամանակահատվածի պայմաններում, վերոհիշյալ հանգամանքների բացասական հետևանքները չի կարող կրել ամբաստանյալ Ե.Գևորգյանը, քանի որ տվյալ հանգամանքները որևէ կերպ կախված չեն նրա վարքագծից։ 19.1. Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի կիրառմամբ, Ե․Գևորգյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը պայմանավորել է բացառապես ժամանակի հոսքով, փաստել է, որ դատակոչված վկաների մի մասի հարցաքննված չլինելու պայմաններում, ինչպես նաև դատարանի կազմի փոփոխության, նշանակված դատահոգեբուժական փորձաքննության և ամբաստանյալ Ե․Գևորգյանի նկատմամբ կալանքի կիրառման անհրաժեշտությունն իրապես առկա լինելու պայմաններում, պահպանվում են և չեն վերացել ամբաստանյալ Ե.Գևորգյանին կալանքի տակ պահելու հիմքերն առ այն, որ ազատության մեջ գտնվելով, նա կարող է խոչընդոտել դատարանում քրեական գործի քննությանը, իր դիրքորոշումը հիմնավորելով՝ ոչ թե գործի նյութերից բխող ծանրակշիռ փաստարկներով, այլ վերացական դատողություններով։ Վերաքննիչ դատարանի նման մոտեցման պարագայում, անձին շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորող հիմքերի բացակայության պայմաններում, վարույթի բնականոն ընթացքին խոչընդոտելու հավանականության առկայության արձանագրումը ոչ այլ ինչ է, քան կալանքի տակ պահելու ժամկետի մեխանիկական երկարաձգում, ինչն անհամատեղելի է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված երաշխիքների հետ: 20. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը չի պատճառաբանել, թե ինչպիսի՞ ծանրակշիռ հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք չեզոքացրել են ամբաստանյալին կալանքի տակ պահելու արձանագրված հիմքերը, ապա այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ ծանրակշիռ փաստարկներով հիմնավորման ենթակա է անձին շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտ ու բավարար հիմքերի առկայությունը, այլ ոչ թե համապատասխան երաշխիքների կիրառմամբ անձին ազատ արձակելը: 21. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի` ամբաստանյալ Ե․Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ որոշումը, չի մատնանշել ծանրակշիռ փաստական հանգամանքներ, որոնք կարող էին վկայել քրեական վարույթն իրականացնող՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման ոչ իրավաչափ լինելու մասին։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Ե․Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխելու և վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եղիշ Գևորգյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցը քննելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման և վերլուծության է ենթարկել գործի փաստական հանգամանքների ամբողջությունը, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։ 22. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտ կայացնելիս, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված՝ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սկզբունքի խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Եղիշ Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում, այն է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ, Ե․Գևորգյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխարինվել է գրավով՝ 2․000․000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի մարտի 19-ի որոշմամբ թողնվել է անփոփոխ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է սույն վարույթով ճանաչել ամբաստանյալ Եղիշ Գևորգյանի անձնական ազատության իրավունքի խախտման փաստը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1․ Ճանաչել ամբաստանյալ Եղիշ Օնիկի Գևորգյանի անձնական ազատության իրավունքի խախտման փաստը։ 2․ Եղիշ Օնիկի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ