Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ1/1386/06/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ1/1386/06/24
Դիմող / մեղադրյալ
Վահագն Պետրոսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
08.05.2026
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
13 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ1/1386/06/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Մ.Մելքոնյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Մ.Մելքոնյան 8 մայիսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Վահագն Հենրիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ պաշտպան Ա.Հովհաննիսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2024 թվականի օգոստոսի 24-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է Վահագն Պետրոսյանը։ 2024 թվականի օգոստոսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 17120324 քրեական վարույթը։ 1.1. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Հ.Ժամկոչյանի` 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Վ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել։ 2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ, Վ.Պետրոսյանի նկատմամբ բժշկական հսկողությունը` որպես անվտանգության միջոց, 2 (երկու) ամիս ժամկետով կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է։ 2.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 (երկու) ամիս ժամկետով կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է։ 3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ պաշտպան Ա.Հովհաննիսյանի բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը թողնելով անփոփոխ: 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա.Հովհաննիսյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 78-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 136-րդ հոդվածները։ Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմինը, թեև քրեական վարույթը չի փոխակերպել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթի, սակայն հստակ ձևով արձանագրել է, որ առկա է հիմնավոր ենթադրություն առ այն, որ մեղադրյալ Հ.Պետրոսյանն ունի հոգեկան առողջության խնդիր, որպիսի հանգամանքը պահանջում է առաջնահերթ պարզել վերջինիս մեղսունակության հարցը։ Բողոքաբերը նշել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածը բացառում է հոգեկան հիվանդություն ունեցող անձի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը։ 5.1. Անդրադառնալով կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությանը` բողոքաբերը նշել է, որ մեղադրյալ Հ.Պետրոսյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ, մասնավորապես, դատական նիստերի դահլիճից ազատ արձակվելուց հետո որևէ կերպ չի խուսափել իր պարտականությունների պատշաճ կատարումից, պաշտպանի միջոցով գրավոր դիմել է վարույթն իրականացնող մարմին, տրամադրել է կոնտակտային տվյալներ և ներկայացել է առաջին իսկ կանչով։ Բողոքաբերն ընդգծել է, որ մեղադրյալի՝ փախուստի դիմելու ռիսկի վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի ներկայացվել։ Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությանը, ապա բողոքաբերի պնդմամբ՝ այդ մասով Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնված են մեղադրյալ Հ.Պետրոսյանի հիվանդության վրա, ինչը խախտում է խտրականության արգելքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 29-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածներով ամրագրված պահանջները։ 6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը և Վ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացնել։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Մեղադրյալ Վ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և մեղադրանք է ներկայացվել այն արարքի կատարման համար, որ. «(…) [Նա] 2024 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 20։15-ի սահամաններում, ********************** բնակարանում, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում վեճի է բռնվել Մ․Պ․-ի հետ, ինչի ընթացքում Մ․Պ․-ին ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է վերջինիս կենսական կարևոր նշանակության օրգանի՝ պարանոցի ուղղությամբ՝ պատճառելով «պարանոցի կտրած-ծակած» վերք վնասվածք, սակայն Վահագն Պետրոսյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը տեղի ունեցած բժշկական միջամտության պատճառով իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել (…)»: 8. ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից նախաքննության մարմնին հասցեագրված՝ 2024 թվականի օգոստոսի 28-ի թիվ 048-2889 գրության համաձայն՝ «Վահագն Հենրիկի Պետրոսյանը (…) 27.09-21.10.2013թթ-ին գտնվել է հիվանդանոցային բուժօգնության մեջ՝ «************************» ախտորոշմամբ։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Վ․Պետրոսյանն իր գրավոր դիմումի համաձայն՝ 05.04.2024թ. դիմել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲ ընկերությանը՝ խորհրդատվական բուժօգնություն ստանալու նպատակով, զննվել տեղամասային հոգեբույժի կողմից, նախնական ախտորոշվել է «**************» և պահպանողական բուժման նպատակով նշանակվել է **************, **********, ********** տեսակի դեղահաբեր»։ 9. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, 2024 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ մերժելով Վ.Պետրոսյանի նկատմամբ բժշկական հսկողությունը՝ որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, արձանագրել է. «(…) Վարույթն իրականացնող մարմինը դատարան է ներկայացրել մեղադրյալի նկատմամբ բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն այն պարագայում, երբ մեղադրյալի նկատմամբ հարուցված չէ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ: Օրենսգրքի հրամայական պահանջն է, որ եթե նախաքննության ընթացքում ի հայտ են գալիս բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքեր, ապա քննիչը կայացնում է քրեական վարույթը բժշկական բնույթի հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում, մինչդեռ սույն միջնորդությունը ներկայացվել է քրեական վարույթի շրջանակներում, իսկ միջնորդության պահանջը՝ մեղադրյալի նկատմամբ որպես անվտանգության միջոց բժշկական հսկողության կիրառումը կարող է իրականացվել բացառապես բժշկական բնույթի հարկադրանքի վարույթի շրջանակներում»։ 10. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք առաջ են բերում անձի ազատության իրավունքի սահմանափակում, հիմնված են վարույթի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, ուստի կալանքը, որպես խափանման միջոց, կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ առկա են բավարար փաստարկներ, այսինքն` միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման՝ այն հիմնավորումներով, որ վարույթն իրականացնող մարմինը, ներկայացված միջնորդությամբ, հիմնավորել է մեղադրյալի նկատմամբ առկա օրենքով ամրագրված հիմնավոր կասկածի շեմը, վարույթի նյութերին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը, ինչպես նաև դատական նիստի ընթացքում կողմերի դիրքորոշումը դատարանին հնարավորություն են տալիս քննության այս փուլում հիմնավորված ենթադրություններ անելու այն մասին, որ մեղադրյալ Վահագն Հենրիկի Պետրոսյանը կարող է խոչընդոտել վարույթի պատշաճ քննությանը, քանի որ վարույթը նոր է նախաձեռնվել, դեռևս գտնվում է ապացույցների հավաքման սկզբնական և ակտիվ փուլում, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ դեռևս չի հայտնաբերվել հանցագործության գործիքը և բարձր է հավանականությունը, որ վերջինս մնալով ազատության մեջ կարող է անօրինական ազդեցություն գործադրել տուժողի և վարույթով դեռևս չհարցաքննված վկաների վրա, որի պարագայում դատարանն իրատեսական չի համարում մեղադրյալի ազատության մեջ գտնվելու հանգամանքը: (...) Մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու ռիսկը նույնպես այս փուլում Դատարանը համարում է իրատեսական՝ իր համաձայնությունը հայտնելով վարույթն իրականացնող մարմնի մտավախությանը, ինչպես նաև այն փաստական տվյալի առկայությանը, որ մինչ տուժողին հանդիպելը, մեղադրյալն արդեն իսկ իր հետ վերցրել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկա, որով էլ ծանր մարմնական վնասվածք է հասցրել տուժողին, ինչը վկայում է նրա կողմից առերևույթ ծանր հանցանքի կատարման մտադրության մասին: Դատարանի գնահատմամբ՝ էական նշանակություն ունի այն այն հանգամանքը, որ ինչպես ներկայացվել է միջնորդությանը կից, նախաքննության ընթացքում «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲ ընկերությունից ստացվել է պատասխան գրություն, համաձայն որի՝ 27.09-21.10.2013թթ. գտնվել է հիվանդանոցային բուժօգնության մեջ՝ «************************» ախտորոշմամբ։ Բացի այդ, Վահագն Պետրոսյանն իր գրավոր դիմումի համաձայն՝ 05.04.2024թ. դիմել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲ ընկերությանը՝ խորհրդատվական բուժօգնություն ստանալու նպատակով, զննվել տեղամասային հոգեբույժի կողմից, նախնական ախտորոշվել է «************» և պահպանողական բուժման նպատակով նշանակվել է **************, **********, ********** տեսակի դեղահաբեր։ Այս փաստական տվյալների համակցությունը սույն միջնորդության համար ունի էական նշանակություն այնքանով, որ թեև նշանակված է համապատասխան փորձաքննություն, սակայն դեռևս առկա չէ համապատասխան փորձագետի կողմից տրված եզրակացություն, այնումաենայնիվ մեղադրյալը որոշակի ժամանակ գտնվել է հիվանդանոցային բուժօգնության մեջ, վերջինիս մոտ ախտորոշվել է «************************», որի արդյունքում Դատարանը գտնում է, որ առավել մեծ է հավանականությունը վերջինիս կողմից ազատության մեջ գտնվելու պայմաններում նոր հանցանք կատարելու: (...) Դատարանը գտնում է, որ քննության սկզբնական փուլում առկա է նաև մեղադրյալի փախուստի դիմելու ռիսկը՝ այն հիմնավորմամբ, որ մեղադրյալը մինչ այս դեպքը բնակվել է սույն վարույթով որպես տուժող ներգրավված Մ․Պ․-ի հետ, իսկ դատարանին բացի ներկայացված հասցեից մեղադրյալի այլ բնակության վայրի հասցե հայտնի չէ, չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ տնային կալանքի կիրառման հիմքեր դատարանը վարույթի քննության այս փուլում չի տեսնում, համարում է այն ոչ իրատեսական և ռիսկային՝ հիմքում դնելով այն, որ տնային կալանքի կիրառման հսկողությունը թեև իրականացվում է համապատասխան մարմնի կողմից, այնուամենայնիվ, մեղադրյալի անձը, վերջինիս մեղսագրվող ենթադրյալ հանցանքի ծանրությունը, կատարման եղանակը, պայմանները, վայրը, այն անձը, ում նկատմամբ կատարվել է հանցանքը, հիմք են տալիս եզրակացնելու, որ ազատության սահմանափակման հետ չկապված և նույնիսկ կապված այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի կողմից փախուստի դիմելու, նոր հանցանք կատարելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու ռիսկերը (...)»: 11. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ նշել է հետևյալը. «(...) [Ա]նդրադառնալով մեղադրյալ Վահագն Պետրոսյանի կալանավորման հիմքերի՝ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու, այն է՝ քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու, փախուստը և նոր հանցանք կատարելը կանխելու առկայության կամ բացակայության հարցին՝ Վերաքննիչ դատարանը վերոգրյալ իրավանորմերի և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությամբ փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է մեղադրյալի հնարավոր վարքագծին վերաբերող տվյալներից բխող իրավաչափ հետևության, որոնք ըստ էության ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար։ (...) Ինչ վերաբերում է մեղադրյալի հոգեկան հիվանդությամբ տառապելու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքում բերված փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ քրեական վարույթի շրջանակներում գործում է անձի մեղսունակության կանխավարկածը, համաձայն որի՝ անձը համարվում է մեղսունակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը, նման դիրքորոշում է հայտնել Վճռաբեկ դատարանը իր 30.08.2024 թվականի թիվ ԵԴ/0253/11/20 որոշմամբ (...)»։ 12. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025 թվականի մարտի 26-ի որոշմամբ ստանձնել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու թիվ ԵԴ1/0901/01/25՝ Վահագն Հենրիկի Պետրոսյանի վերաբերյալ վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինիս նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիրառվել բժշկական հսկողությունը: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 13. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Վահագն Պետրոսյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի համաձայն՝ «1.Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցներն են՝ 1) փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելը. 2) անվտանգության միջոցները»։ Նույն օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հոգեկան առողջության խնդիր ունենալու հիմնավոր ենթադրության առկայության դեպքում մեղադրյալը դատարանի որոշմամբ մինչև մեկ ամիս ժամկետով կարող է տեղավորվել բժշկական հաստատությունում՝ դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար, եթե նա խուսափում է փորձաքննության ենթարկվելուց կամ վտանգ է ներկայացնում հանրության կամ իր համար: 2. Փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է հարկադրանքի այդ միջոցի կիրառման անհրաժեշտությունը: Դատական վարույթում բավարար է դատարանի կողմից հարկադրանքի այս միջոցի կիրառման անհրաժեշտության պատճառաբանված հաստատումը։ 3. Փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելու հարկադրանքի միջոցի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման համար սույն օրենսգրքով սահմանված կանոնները»։ Նույն օրենսգրքի 138-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անվտանգության միջոցներն են՝ 1) ընտանեկան հսկողությունը. 2) բժշկական հսկողությունը: 2. Անվտանգության միջոցը կարող է կիրառվել մեղադրյալի, ինչպես նաև այն անձի նկատմամբ, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ»։ 15. Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կարող են կիրառվել բացառապես հարկադրանքի հատուկ միջոցներ, այն է՝ փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելը և անվտանգության միջոցները: Վերոնշյալ օրենսդրական կարգավորումն առաջանում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կարգավիճակի խոցելիությունից՝ բացառելով վերջիններիս նկատմամբ խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունը: Քանի որ խափանման միջոցները կիրառվում են հոգեպես առողջ, իսկ անվտանգության միջոցները` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ, ի տարբերություն խափանման միջոցների, անվտանգության միջոցների կիրառումը պարունակում է պարտադիր բժշկական բաղադրիչ։ Անվտանգության միջոցների կիրառումը, անձի հոգեկան հիվանդությամբ պայմանավորված, նրա նկատմամբ բժշկական հսկողություն սահմանելու նպատակ է հետապնդում անմիջականորեն բժշկական հաստատությունում կամ հեռակա կարգով` առողջապահության համապատասխան մարմինների միջոցով։ 15․1․ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ոչ թե խափանման, այլ անվտանգության միջոցներ կիրառելու օրենսդրական կարգավորումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքում ձևավորված այն մոտեցումից, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 1-ին հոդվածով նախատեսված՝ իր իրավազորության ներքո գտնվող անձանց իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու պարտականությունը Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հետ համակցված՝ պահանջում է պետությունից իր պոզիտիվ պարտականությունների շրջանակում միջոցներ ձեռնարկելիս հաշվի առնել հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց առանձնահատուկ խոցելիությունը։ Այսպես, Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող՝ պետության պոզիտիվ պարտականությունների համատեքստում Եվրոպական դատարանը նշել է, որ հաշվի առնելով, որ պետությունը պոզիտիվ պարտականություն ունի՝ կանխարգելիչ հրատապ միջոցներ ձեռնարկել այն անձին պաշտպանելու համար, ում կյանքը վտանգված է, կարելի է ակնկալել, որ իշխանությունները միջոցներ ձեռնարկած կլինեն՝ ապահովելու համար ազատությունից զրկված այն անձի վիճակի համատեղելիությունը շարունակական կալանքին, ով, հայտնի է, որ տառապում է հոգեկան ծանր խանգարմամբ կամ ում առնչությամբ առկա է ինքնասպանության վտանգ, և որ առնվազն կազմակերպած կլինեն անձի՝ իր վիճակի ծանրությանը համարժեք բուժումը: 15․2․ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` բանտում առողջության նկատմամբ հսկողության էթիկական և կազմակերպական հարցերին նվիրված` 1998 թվականի ապրիլի 8-ի թիվ R(98)7 հանձնարարականի 55-րդ կետի, ինչպես նաև Եվրոպական բանտային կանոնների վերաբերյալ 2006 թվականի հունվարի 11-ի թիվ Rec(2006)2 հանձնարարականի 12.1-րդ կետի համաձայն` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք պետք է պահվեն և խնամվեն պատշաճ հագեցվածությամբ և համապատասխան պատրաստված անձնակազմով հատուկ այդ նպատակին ծառայող բժշկական հաստատությունում։ 15.3. Եվրոպական դատարանը ևս ընդգծել է, որ կալանքի պայմանների՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված պահանջների հետ համատեղելիությունը գնահատելիս հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պարագայում պետք է հաշվի առնել այդ անձանց խոցելիությունը և անկարողությունը որոշ դեպքերում բողոքելու իրենց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքից: Այդ պատճառով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի համատեքստում Եվրոպական դատարանը գտել է, որ հոգեկան հիվանդ անձի կալանավորումը նույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի իմաստով կլինի օրինական, եթե կազմակերպվի հիվանդանոցում, կլինիկայում կամ այս նպատակին ծառայող այլ համապատասխան հաստատությունում։undefined 16․ Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բացառապես իրենց խոցելի կարգավիճակին համապատասխան հարկադրանքի միջոցներ կիրառելու հնարավորություն։ Ընդ որում, օրենսդրական կարգավորումները թույլ են տալիս անվտանգության միջոցներ կիրառել ոչ միայն այն անձի նկատմամբ, ում նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ, այլ նաև մեղադրյալի: Բնականաբար, վերջին դեպքում խոսքն այն մեղադրյալի մասին է, ում վերաբերյալ առկա են իր արարքի հակաիրավականությունը գիտակցելու կամ իր արարքը ղեկավարելու ունակությունը բացառող հոգեկան առողջության խնդիրներ ունենալու ողջամիտ կասկածներ: Օրենսդիրն ելնում է իրավաչափ այն գաղափարից, որ նախքան դատահոգեբուժական փորձագետի եզրակացություն ստանալը և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ հարուցելը, մեղադրյալի՝ հոգեկան հիվանդությամբ տառապելու ողջամիտ կասկած ունենալու պահից ծագում է համապատասխան պայմաններում բժշկական պատշաճ հսկողություն սահմանելու պետության պոզիտիվ պարտականությունը: 17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - Վ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և մեղադրանք է ներկայացվել այն ենթադրյալ արարքի համար, որ նա 2024 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 20։15-ի սահամաններում, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում վեճի է բռնվել Մ.Պ․-ի հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով պարանոցին պատճառել է պարանոցի կտրած-ծակած վերք, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել՝ տեղի ունեցած բժշկական միջամտության պատճառով, - Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2024 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ մերժել է Վ.Պետրոսյանի նկատմամբ բժշկական հսկողությունը՝ որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ այն պետք է ներկայացվեր քրեական վարույթը բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթի փոխակերպելուց հետո, - դեռևս 2013 թվականին Վ.Պետրոսյանը գտնվել է հիվանդանոցային բուժօգնության մեջ՝ «*************************» ախտորոշմամբ, իսկ 2024 թվականին վերջինիս մոտ նախնական ախտորոշվել է «******************», - Առաջին ատյանի դատարանը, 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ արձանագրելով հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի շեմի ու վարույթի բնականոն ընթացքին խոչընդոտելու, նոր հանցանք կատարելու ու փախուստի դիմելու ռիսկերի առկայությունը, Վ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը: Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով 2013 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 21-ը «*************************» ախտորոշմամբ հիվանդանոցային բուժօգնության մեջ գտնվելու, ինչպես նաև 2024 թվականին վերջինիս «*****************» նախնական ախտորոշում տրված լինելու վերաբերյալ փաստական տվյալները, այդպիսիք խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության շրջանակում էական է համարել այնքանով, որ թեև դեռևս առկա չէ նշանակված համապատասխան փորձաքննության եզրակացությունը, այնուամենայնիվ, մեծ է ազատության մեջ գտնվելու պայմաններում մեղադրայլի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը, - Վերաքննիչ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ, իսկ մեղադրյալի՝ հոգեկան հիվանդությամբ տառապելու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքում բերված փաստարկների առնչությամբ արձանագրել է, որ քրեական վարույթի շրջանակում գործում է անձի մեղսունակության կանխավարկածը, համաձայն որի՝ անձը համարվում է մեղսունակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը՝ հղում կատարելով թիվ ԵԴ/0253/11/20 գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին։ 18. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ Վ.Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելիս, և Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելիս, հաշվի չեն առել այն հանգամանքը, որ վարույթի նյութերում առկա տվյալների համաձայն՝ Վ.Պետրոսյանն ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ, որոնց առկայությունը հաստատելու համար նշանակված է եղել համապատասխան փորձաքննություն։ Չնայած այն հանգամանքին, որ քրեական վարույթը բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթի փոխակերպելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ էր ստանալ համապատասխան փորձաքննության եզրակացությունը, սակայն Վ.Պետրոսյանի՝ իր արարքի հակաիրավականությունը գիտակցելու կամ իր արարքը ղեկավարելու ունակությունը բացառող հոգեկան առողջության խնդիրներ ունենալու ողջամիտ կասկածների առկայության պայմաններում ոչ իրավաչափ է վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը թեև նախաքննության մարմնի միջնորդությանը կից ներկայացված նյութերով արձանագրել է Վ.Պետրոսյանի մոտ հոգեկան առողջության խնդրի առկայության հանգամանքը, սակայն ոչ միայն չի քննարկել վերջինիս նկատմամբ առհասարակ խափանման միջոց կիրառելու իրավաչափությունը, այլ ընդհակառակը, հոգեկան առողջության խնդիրը հիմք է ընդունել մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը հաստատելու համար: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ թեև հոգեբուժությունը թե՛ բժշկական, թե՛ սոցիալական տեսանկյունից զարգացող ոլորտ է և «հոգեկան հիվանդ» եզրույթը չունի հստակ սահմանում, սակայն չի կարելի համարել, որ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետը թույլ է տալիս անձին կալանքի տակ պահել պարզապես այն պատճառով, որ տվյալ անձի գաղափարները կամ վարքագիծը շեղվում են գերակշռող նորմերից: 18․1․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0253/11/20 գործով որոշման վկայակոչմամբ արված այն դատողությանը, որ անձի մեղսունակությունը կանխավարկած է և վերջինս համարվում է մեղսունակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել նրա անմեղսունակությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները սույն վարույթով կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերում են անձի մեղավորությունը որոշելիս հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հետևանքով դեպքի պահին իր գործողությունների (անգործության) բնույթը, նշանակությունը, դրանց վնասակարությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու` անձի ունակ չլինելու (անմեղսունակության) հանգամանքը գնահատելուն, իսկ սույն վարույթը վերաբերում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեղադրյալի նկատմամբ մինչդատական վարույթում խափանման միջոց կիրառելու իրավաչափության հարցին: 19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վահագն Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները՝ իրավաչափ չեն։ 20. Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև 8-րդ հոդվածով սահմանված` անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը բեկանելու համար, սակայն հաշվի առնելով, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025 թվականի մարտի 26-ի որոշմամբ ստանձնել է թիվ ԵԴ1/0901/01/25 բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու Վահագն Հենրիկի Պետրոսյանի վերաբերյալ վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, և վերջինիս նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառված է բժշկական հսկողությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտերի բեկանումը չի վերականգնի մինչև խախտումն առկա իրավիճակը։ Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է ճանաչել Վ.Պետրոսյանի՝ անձնական ազատության իրավունքի խախտման փաստը, իսկ ստորադաս դատարանի դատական ակտը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 362-րդ, 363-րդ, և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Ճանաչել Վահագն Հենրիկի Պետրոսյանի անձնական ազատության իրավունքի խախտման փաստը: 2. Վահագն Հենրիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ՝ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ