Վճռաբեկ դատարան · Քրեական
ՍԴ1/0021/01/21
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՍԴ1/0021/01/21
- Դիմող / մեղադրյալ
- Հայկ Դոլունց
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 26.05.2026
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
2 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՍԴ1/0021/01/21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Սյունիքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր` Ռ.Առաքելյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ.Հարությունյան
դատավորներ՝ Ա.Նիկողոսյան
Ա.Դանիելյան
26 մայիսի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Հայկ Հակոբի Դոլունցի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 17-ի որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանի և տուժողի իրավահաջորդ *** ********-ի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի մայիսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90952020 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2020 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ****** *******-ի *******-ը ճանաչվել է տուժող:
2020 թվականի մայիսի 20-ին Հայկ Հակոբի Դոլունցը ձերբակալվել է։
Նախաքննության մարմնի` 2020 թվականի մայիսի 22-ի որոշմամբ Հայկ Դոլունցը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի մայիսի 22-ի որոշմամբ Հ.Դոլունցի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։
Նախաքննության մարմնի` 2020 թվականի հունիսի 5-ի որոշմամբ ***** ******-ի հայրը՝ ***** ******-ը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։
2. 2021 թվականի մայիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
3. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի հուլիսի 4-ի դատավճռով Հայկ Հակոբի Դոլունցը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով:
4. Դատախազ Ս.Խաչատրյանի, տուժողի իրավահաջորդ ** ******-ի և մեղադրյալ Հ.Դոլունցի պաշտպան Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2024 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ պաշտպանի բողոքը մերժել է, իսկ դատախազի և տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքները` բավարարել մասնակի, այն է` Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հուլիսի 4-ի դատավճիռը Հ.Դոլունցի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխվել է և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով: Դատավճիռը մնացած մասերով թողնվել է անփոփոխ։
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանը և տուժողի իրավահաջորդ **** ********-ը վճռաբեկ բողոքներ են բերել, որոնք Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ ընդունվել են վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
I. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանի բողոքի փաստարկները և պահանջը.
6. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանը (այսուհետ՝ նաև առաջին բողոքաբեր) գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա:
6.1. Բողոքաբերի համոզմամբ` Հայկ Դոլունցի արարքում խուլիգանական դրդումներով սպանության հանցակազմի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումները՝ գործի հանգամանքներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելու, դրանք միմյանցից անջատ գնահատելու արդյունք են:
Բողոք բերած անձը նշել է, որ խուլիգանական դրդումներով սպանություն հնարավոր է, թե՛ ուղղակի և, թե՛ անուղղակի դիտավորությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով արարքը որակելու համար օրենսդիրը պարտադիր է համարել սուբյեկտիվ կողմի հատկանիշ համարվող խուլիգանական շարժառիթի բացահայտումը: Խուլիգանական շարժառիթի հիմքում ընկած է մարդու եսամոլությունը, որը բխում է հասարակությունը չհարգելուց, դրա շահերն անտեսելուց, համընդհանուր ճանաչում գտած վարքագծի կանոնները և բարոյական նորմերն արհամարհելուց: Խուլիգանական դրդումներով սպանություն կատարողը մեկ ուրիշին կյանքից զրկում է՝ ոչ այդքան տուժողի հետ որոշակի անձնական փոխհարաբերություններից ելնելով, որքան հասարակական կարգը կոպիտ խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ձգտումով: Նրա վարքագիծը բացահայտ մարտահրավեր է հասարակական կարգին և պայմանավորված է իրեն շրջապատին հակադրելու, շրջապատի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ:
6.2. Բողոքի հեղինակն ընդգծել է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել հանցավորի անձը բնութագրող հանգամանքները, նրա՝ նախքան հանցանքի կատարումը, այդ ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագծը, ինչի արդյունքում հանգել են սխալ եզրակացության:
Մասնավորապես, ըստ բողոքաբերի` վերլուծության չեն ենթարկվել քրեական գործով ձեռք բերված այն փաստական տվյալները, որ Հ.Դոլունցը զորամասում վայելել է հեղինակություն, որևէ խնդիր առաջանալու դեպքում «ջղայնացել է» անձնակազմի վրա, իրեն ամրակցված զենքի մաքրումը հանձնարարել է այլ զինծառայողների, այդ թվում՝ **** *******-ին, վիրավորանքներ է հնչեցնել ծառայակիցների հասցեին: Հայկ Դոլունցը որպես դիրքի ավագ՝ հերթափոխի կազմակերպումը կամ զենքի լիցքաթափման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը պատշաճ իրականացրել է միայն այն դեպքում, երբ վերադաս հրամանատարությունը գտնվել է մարտական դիրքում:
Բողոքաբերը գտել է, որ նշված հանգամանքներով պայմանավորված՝ ակներև է, որ Հ.Դոլունցն ընդգծել է իր անձի առավելությունները վաշտի մյուս զինծառայողների նկատմամբ, որպես այդպիսին իշխել է նրանց, ինչով պայմանավորված՝ որևէ զինծառայող չի ցանկացել հակադրվել նրան: Հ.Դոլունցի հանդեպ ձևավորված վախի զգացողությունը նրանց մոտ այնքան մեծ է եղել, որ ** ********-ի սպանությունից հետո մարտական դիրքի անձնակազմը նախընտրել է կատարել Հ.Դոլունցի ցուցումները և դեպքի հետ կապված իրավապահ մարմիններին տալ սուտ ցուցմունքներ:
Բողոքի հեղինակն ընդգծել է, որ համակողմանի գնահատականի չի արժանացել մեղադրյալի դրսևորած վարքագիծը հանցանքի կատարումից առաջ, այդ ընթացքում և դրանից հետո՝ այն առումով, որ մինչ **** ********-ի սպանությունը՝ տարբեր ժամանակահատվածներում, Հ.Դոլունցը զվարճանալու, ինչպես նաև զինծառայողների մոտ վախի զգացողություն առաջացնելու նպատակով, զենքի փողն ուղղել է զինծառայողների՝ *** *******-ի, **** ********-ի, *** ********-ի վրա, այդ ընթացքում լիցքավորել է զենքը, իջեցրել փակաղակը, այնուհետև՝ փակել այն:
Բողոքաբերը նշել է, որ անուշադրության է մատնվել նաև այն կարևոր հանգամանքը, որ սպանությունից առաջ Հ.Դոլունցի և *** *******-ի միջև սկսված խոսակցության համար չնչին առիթ է հանդիսացել վերջինիս զեկույցը՝ մարտական դիրքի անձնակազմը թաքստոցում գտնվելու մասին, որի վերաբերյալ Հ.Դոլունցը հանդիմանել է ** ******-ին՝ նշելով, որ զեկույցը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ բոլոր զինծառայողներն են գտնվում թաքստոցում: Դրանից անմիջապես հետո Հ.Դոլունցը լիցքավորել է ինքնաձիգը և դիմահար կրակոցով սպանել ** *******-ին:
Բողոքաբերի համոզմամբ` Հ.Դոլունցի խուլիգանական շարժառիթը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ սպանությունից հետո նա պահպանել է սառնասրտությունը և, չկորցնելով ինքնատիրապետումը, սպանությունից անմիջապես հետո կազմակերպել է իրականությունը խեղաթյուրելու և դեպքը որպես ինքնասպանություն ներկայացնելու գործընթացը: Մասնավորապես, Հ.Դոլունցը դիրքի անձնակազմին հրահանգել է, որ բոլորին հայտնեն, թե ուսումնական պարապմունքի ժամանակ լսել են կրակոցի ձայն, որից հետո պարզել են, որ ** *******-ը Հ.Դոլունցի ինքնաձիգով ինքնասպան է եղել: Այնուհետև Հ.Դոլունցը, իր մատնահետքերը վերացնելու նպատակով, *** ********-ին հանձնարարել է մաքրել ինքնաձիգը, իսկ որպես ** *******-ի սպանության հանգամանքների մասին սուտ վկայություններ տալու լրացուցիչ երաշխիք` ***** *********-ի միջոցով հայհոյանք է տվել խոստումը դրժող անձանց հասցեին:
Բողոքաբերն ընդգծել է, որ վերը նշված հանգամանքները ևս վկայում են, որ Հ.Դոլունցն ինչպես դեպքի ընթացքում, այնպես էլ դեպքին նախորդող և հաջորդող ժամանակահատվածներում բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել մարդկային կյանքերի նկատմամբ, ունեցել է խեղաթյուրված պատկերացումներ իր անձնական ազատությունների սահմանների մասին, իր սանձարձակ և հանդուգն վարքագծով ցույց է տվել, որ մյուսների ապրելու կամ մահանալու հարցն ինքն է որոշում:
Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարաններն իրենց եզրահանգումները կառուցել են այն տրամաբանությամբ, որ Հ.Դոլունցի գործողություններն ուղղված են եղել կոնկրետ անձի՝ *** *******-ի դեմ, մինչդեռ վերը վկայակոչված փաստական տվյալները, ինչպես նաև այն հանգամանքը, որ մինչ կրակոցի արձակումը տուժողի և Հ.Դոլունցի միջև որևէ կոնֆլիկտային իրավիճակ չի եղել, վկայում են հակառակի մասին՝ որ մեղադրյալի գործողություններն ուղղված են եղել ընդհանրապես մարտական դիրքում գտնվող անձնակազմի դեմ: Հ.Դոլունցի արարքը բխել է նրա դրսևորած սանձարձակ և հանդուգն վարքագծից և պայմանավորված է եղել համակեցության կանոնների, ինչպես նաև տարբեր իրավական ակտերով սահմանված նորմերի հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Իսկ ստորադաս դատարանները չեն իրականացրել վերը նշված հանգամանքների ամբողջական և համակցված վերլուծություն, որի արդյունքում սխալ հետևություն են արել Հ.Դոլունցի արարքում խուլիգանական շարժառիթի բացակայության մասին:
6.3. Բողոքաբերն անդրադարձ է կատարել նաև մեղադրյալ Հ.Դոլունցի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից նշանակված 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկում պատժաչափին` այն համարելով ոչ իրավաչափ՝ ակնհայտ մեղմ և անարդարացի լինելու պատճառով:
Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել Հ.Դոլունցի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող հետևյալ գործոնները՝ խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, հանցագործության եղանակը և իրադրությունը, հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ։ Մասնավորապես՝ տվյալ դեպքում թեև հանցագործության անմիջական օբյեկտը հանդիսացել է *** ********-ի կյանքը, այնուամենայնիվ՝ այդ արարքով մեղադրյալը խախտել է նաև զինվորական ծառայության սահմանված կարգը։ Հ.Դոլունցն իր արարքը կատարել է՝ գտնվելով մարտական հերթապահության մեջ և օգտվելով այն հանգամանքից, որ հանդիսացել է մարտական դիրքի ավագը, գործել է դիտավորությամբ, տուժողին սպանելուց հետո ցուցաբերել է սառնասրտություն, միջոցներ է ձեռնարկել հնարավոր ապացույցները վերացնելու և իրականությունը խեղաթյուրելու ուղղությամբ:
Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանը, պատշաճ չգնահատելով վերը նշված հանգամանքները, նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ՝ թույլ տալով օրինականության, արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքների խախտում:
6.4. Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ Հայկ Դոլունցը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի փոխարեն, անհիմն կերպով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատժաչափ:
7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
II. Տուժողի իրավահաջորդ *** ******-ի բողոքի փաստարկները և պահանջը.
8. Տուժողի իրավահաջորդ *** *******-ը (այսուհետ՝ նաև երկրորդ բողոքաբեր) գտել է, որ ստորադաս դատարանը սխալ է գնահատել Հ.Դոլունցի գործողությունների շարժառիթները և եկել է անհիմն եզրահանգման նրա արարքում խուլիգանական դրդումների բացակայության մասին, որի արդյունքում Հ.Դոլունցի արարքն անհիմն կերպով վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
Բողոք բերած անձը նշել է, որ մինչ քննարկվող դեպքը Հ.Դոլունցը նմանօրինակ վարքագիծ է դրսևորել նաև այլ զինծառայողների հանդեպ (զենքը պահել է այլ զինծառայողիների գլխի ուղղությամբ): Թեև դրանք չեն ավարտվել սպանությամբ, սակայն վկայում են այն մասին, որ Հ.Դոլունցն ինչպես դեպքին նախորդող ժամանակահատվածում, այնպես է դեպքի պահին բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել մարդկային կյանքերի նկատմամբ։ Ավելին, նա դեպքից հետո փորձել է խեղաթյուրել իրականությունը՝ ծառայակիցներին ստիպել է իրականությունը չպատմել, այլ ասել, որ տեղի է ունեցել ինքնասպանություն։
Բողոքաբերն ընդգծել է, որ Հ.Դոլունցի արարքի գլխավոր շարժառիթը խուլիգանական է։ Այդ կերպ նա փորձել է զորամասում ընդգծել իր առավելությունը, ինքնահաստատվել, ցույց տալ, որ ինքն է որոշում մյուսների ապրելու հարցը։
Բողոքի հեղինակը նշել է, որ գործի քննության ընթացքում հիմնավորվել է, որ Հ.Դոլունցը զորամասում վայելել է հեղինակություն, մյուս զինծառայողների համեմատ գտնվել է արտոնյալ վիճակում, իր վարքագծով և պահվածքով իշխել է նրանց վրա: Զորամասում վեճերը պարզաբանվել և լուծվել են վերջինիս միջոցով։
8.1. Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանը, բացի այն, որ Հ.Դոլունցի արարքը սխալ է որակել, նաև նրա նկատմամբ նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ: Պատժաչափի ընտրությունը դատարանը փորձել է հիմնավորել Հ.Դոլունցի տարիքով՝ հանցանքը կատարելու պահին նրա 21 տարին լրացած չլինելու հանգամանքով։ Մինչդեռ միայն այն հանգամանքը, որ հանցանք կատարելու պահին հանցավորի 21 տարին լրացած չի եղել, չի կարող մեխանիկորեն հանգեցնել նրան, որ վերջինիս նկատմամբ նշանակվի մեղմ պատիժ: Նշված հարցը պետք է քննարկվի հանցագործության` հանրային վտանգավորության աստիճանի, բնույթի և այլ հանգամանքների համատեքստում։
Բողոքաբերն ընդգծել է, որ դեպքը տեղի է ունեցել մարտական դիրքում, պետական սահմանի պաշտպանության ժամանակ, այլ զինծառայողների ներկայությամբ։ Հ.Դոլունցը, օգտագործելով զորամասում ունեցած իր հեղինակությունը, սոցիալական որոշակի դիրքը, կատարել է հանցանք, որն ունի հանրային բարձր վտանգավորություն։ Ուստի նրա նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից նշանակված պատիժը չի կարող գնահատվել արդարացի և համաչափ։
9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը փոփոխել և կայացնել նոր որոշում՝ Հ.Դոլունցին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և նրա նկատմամբ նշանակել նշված հոդվածի նույն մասով նախատեսված պատժի առավելագույն չափը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող իրավական և փաստական հանգամանքները.
10. Հայկ Դոլունցին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) [Ն]ա, հանդիսանալով ՊԲ ******* զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի 2-րդ ջոկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 2020 թվականի մայիսի 8-ից մինչև 22-ը նշանակված լինելով մարտական հերթապահության ՊԲ ******** զորամասի պահպանության տեղամասի թիվ ***** մարտական դիրքում` որպես դիրքի ավագ, 2020 թվականի մայիսի 19-ին, ժամը 20:10-ի սահմաններում, գտնվելով մարտական դիրքի թաքստոց-խրամախորշի մուտքի դիմաց` խրամուղում, խուլիգանական դրդումներով, այն է` ներկա անձնակազմի հանդեպ և համակեցության կանոնների ու բարոյականության տարրական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, մարդկային կյանքի նկատմամբ դրսևորելով արհամարհական վերաբերմունք, իր անձի առավելությունն ընդգծելու շարժառիթով, մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, գիտակցելով զենքի ձգանը սեղմելու հետևանքով արձակված կրակոցով դիրքի դիտորդ, նույն ջոկի գնդացրորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային ****** *******-ի **********-ին սպանելու անխուսափելիությունը, փակաղակը քաշելով` լիցքավորել է իրեն ամրակցված ԱԿ-74Ն տեսակի ********** համարի ինքնաձիգը, դրա փողն ուղղելով իրենից շուրջ մեկ մետր հեռավորության վրա` թաքստոցի մուտքի մոտ, գտնվող շարքային **** *************-ի գլխի ուղղությամբ, սեղմել ձգանը և արձակելով մեկ կրակոց` վերջինիս աջ աչքի շրջանում պատճառել է միջանցիկ հրազենային վնասվածք՝ սպանել ***** ********-ին (…)»:
11. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(...) Անդրադառնալով արարքը խուլիգանական դրդումներով կատարված լինելու հանգամանքին, Դատարանն արձանագրում է, որ նախաքննական մարմինը մեղադրյալին առաջադրված մեղադրանքում խուլիգանական դրդումները հիմնավորել է նրանով, որ արարքը կատարվել է ներկա անձնակազմի հանդեպ և համակեցության կանոնների ու բարոյականության տարրական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, մարդկային կյանքի նկատմամբ դրսևորելով արհամարհական վերաբերմունք, իր անձի առավելությունը ընդգծելու շարժառիթով:
Դատարանը գտնում է, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ հանցավորի գործողություններում գերակայում է հասարակական կարգի նկատմամբ արհամարհանքը։ Գործով ձեռք չի բերվել նաև բավարար ապացույցների համակցություն, որը կհաստատեր, որ Հայկ Դոլունցը հանրորեն վտանգավոր արարքը կատարել է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ձգտումով, իր վարքագծով բացահայտորեն հակադրվել է բոլորին և ամեն ինչին, իր գործողություններն ուղղելով հասարակության, վարքագծի և մարդկանց միջև փոխհարաբերությունների հանրորեն ընդունված և ճանաչված նորմերի դեմ:
(...) Դատարանը գտնում է, որ դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու այն, որ Հայկ Դոլունցի կողմից կատարված սպանությունը եղել է որպես աննշան առիթին տրված պատասխան գործողություն և դրանով հանցավորն արտահայտել է արհամարհական վերաբերմունք հասարակության նկատմամբ: Այս առումով դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների համակցություն առկա չէ գործի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:
Դատարանը նաև փաստում է, որ յուրաքանչյուր հանցագործության հիմքում ընկած է որոշակի դրդումներ, թեկուզ անտեսանելի կամ դժվար բացահայտվող։
Խուլիգանական դրդումներով սպանություններն էլ պատճառաբանված են ոչ պակաս, քան մյուս հանցագործությունները։ Սպանության շարժառիթները չբացահայտելն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ արարքը որպես խուլիգանական դրդումներով սպանություն որակելու համար:
Դատարանն արձանագրում է, որ, ըստ հետազոտված ապացույցների,
- Հ.Դոլունցը զորամասում ենթակա զինծառայողների շրջանում անվերապահ հեղինակություն է վայելել, նա կարողացել է իր կամքը թելադրել ենթակաների շրջանում և վերջիններս նրա ասածները կատարել են առանց քննարկելու:
- Դեպքի օրը՝ 2020 թվականի մայիսի 19-ին`ժամը 20.10-ի սահմաններում, Հայկ Դոլունցը դիրքի անձնակազմին ուսումնական «Տագնապ» է հայտարարել և «Հակառակորդի հարձակում ճակատից» հրահանգ տվել, ինչից հետո դիրքի անձնակազմը գործել է ըստ մարտական հաշվարկի` բոլորը հագել են իրենց հանդերձանքը, վերցրել իրենց ամրակցված զենքերը և զինամթերքը և գնալով առաջնագիծ` զբաղեցրել են իրենց խրամաբջիջները: Առաջնագիծ չեն գնացել միայն շարքայիններ ***** ***********-ը և ***** ********-ը, ովքեր մարտական հաշվարկի համաձայն` գնացել են մարտական դիրքի մուտքի մոտ տեղադրված «ՆՍՎՊ» տեսակի զենքի մոտ և դիրքավորվել այնտեղ: Այնուհետև Հայկ Դոլունցը տվել է «Ջոկ դեպի թաքստոց» հրահանգը, որից հետո ***** ***********-ը, ****** *****************-ը, ինքը, ******* **********-ը և ******* ***********-ը մտել են թաքստոց, իսկ ******* **********-ը գտնվել է թիվ ** խրամաբջջում: Վերջինը թաքստոց է մտել ***** *************-ը, ով գոռացել է` «Ջոկը գտնվում է թաքստոցում», ինչից հետո Հայկ Դոլունցը նրան հարցրել է` «հաստա՞տ թաքստոցում է, բա կորդիստները», ինչին ******** *********-ը պատասխանել է, որ նրանք ՌՈՎ-ում են: Այդ խոսակցությունից քիչ անց լսվել է ինքնաձիգի լիցքավորման ձայն, ինչից հետո ****** *********** ասել է` «Էլի խաղերդ սկսվեց, հորս արև մի արա, էն յան պահի, հորս արև չկրակես»: Այդ պահին լսվել է մեկ մենահատ կրակոց:
- Մինչև կրակոցն արձակելը Հ.Դոլունցի և *** *********-ի որևէ կոնֆլիկտային խոսակցություն չի եղել, նրանց խոսակցության ընթացքում հայհոյանքներ և վիրավորական խոսքեր չեն հնչել: Հ.Դոլունցի կողմից «այ համբալ» արտահայտությունն անելու հետ կապված ցուցմունք է տվել միայն վկա ***** ************-ը: Բացի ******* *********-ից, ներկա գտնվող զինծառայողներից ոչ մեկը չի լսել, որ Հ.Դոլունցի կողմից արվել է «այ համբալ» արտահայտությունը: Դեպքին ականատես վկաները ցուցմունք են տվել, որ դեպքին նախորդած ժամանակահատվածում տուժողի և մեղադրյալի միջև բարձր խոսակցություն, հայհոյանքներ չեն հնչել: Մինչև կրակողի ձայնը լսելը ներկա գտնվող զինծառայողների մոտ որևէ անհանգստություն և լարվածություն չի առաջացել:
Այսպիսով, Հայկ Դոլունցի գործողությունների բազմակողմանի վերլուծությունը ինչպես արարքը կատարելու պահին, այնպես էլ մինչև այդ և դրանից հետո, վկայում են այն մասին, որ նրա գործողություններն ուղղված են եղել կոնկրետ անձի՝ *** *********-ի դեմ:
Դատարանը փաստում է, որ անհարգալից վերաբերմունքը բացահայտ է ոչ թե այն պատճառով, որ կատարվում է հասարակական վայրերում կամ հասարակության անդամների ներկայությամբ, այլ այն պատճառով, որ կատարվում է հենց հասարակության նկատմամբ հանցավորի անհարգալից վերաբերմունքը ցուցադրելու նպատակով:
Հետևաբար, Դատարանը հանգում է այն հետևության, որ մեղադրյալի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական դրդումներով։
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար համակցությունը բացակայում է, որով կհիմնավորվի Հայկ Դոլունցի՝ խուլիգանական դրդումներով սպանության փորձով առաջադրված մեղադրանքը և «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան կհաղթահարվի մեղադրյալի անմեղության կանխավարկածը։
Դատարանը փաստում է, որ անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը, հաղթահարված չէ։ Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության։
Նման պայմաններում Դատարանը, հետազոտելով վերը շարադրված թույլատրելի ապացույցները, գնահատելով դրանք իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից` հիմնված ներքին համոզմամբ, ապացուցված է համարում այն, որ Հանդիսանալով ՊԲ ******* զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի 2-րդ ջոկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 2020 թվականի մայիսի 8-ից մինչև 22-ը նշանակված լինելով մարտական հերթապահության ՊԲ ***** զորամասի պահպանության տեղամասի թիվ **** մարտական դիրքում՝ որպես դիրքի ավագ, 2020 թվականի մայիսի 19-ին, ժամը 20.10-ի սահմաններում, գտնվելով մարտական դիրքի թաքստոց-խրամախորշի մուտքի դիմաց՝ խրամուղում, մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, գիտակցելով զենքի ձգանը սեղմելու հետևանքով արձակված կրակոցով դիրքի դիտորդ, նույն ջոկի գնդացրորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային ***** *******-ի *********-ին սպանելու անխուսափելիությունը, փակաղակը քաշելով՝ լիցքավորել է իրեն ամրակցված ԱԿ-74Ն տեսակի ********* համարի ինքնաձիգը, դրա փողն ուղղելով իրենից շուրջ մեկ մետր հեռավորության վրա՝ թաքստոցի մուտքի մոտ գտնվող շարքային ******* **********-ի գլխի ուղղությամբ, սեղմել ձգանը և արձակելով 1 կրակոց՝ վերջինիս աջ աչքի շրջանում պատճառել է միջանցիկ հրազենային վնասվածք՝ սպանել ******* *************-ին:
Այսինքն մեղադրյալ Հ.Դոլունցի արարքը համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
(...) Անդրադառնալով այն հարցին, թե մեղադրյալն իր կատարած հանցանքի համար ենթակա է արդյոք պատժի, Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով մեղադրյալ Հայկ Դոլունցին քրեական պատասխանատվությունից և/կամ պատժից ազատելու հիմքեր առկա չեն, հետևաբար Հայկ Դոլունցը ենթակա է պատժի՝ իր կողմից կատարված հանցանքների համար։ (…)»:
12. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը սուբյեկտիվ կողմի դրսևորման վերաբերյալ հետևության մասով իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևություններին։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքների շրջանակում բացակայում է նաև արարքը խուլիգանական դրդումներով կատարված լինելը հաստատված համարելու համար։ Այսինքն վերը նկարագրված արարքը համապատասխանում է 18․04․2003թ․-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին և այդ մասով Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևություններին և տրված իրավական գնահատականին։ (...)։
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ հիմնավոր եզրափակիչ դատական ակտ կայացնելու համար բավարարության տեսանկյունից և համակարգային վերլուծության ենթարկելով վերաբերելի իրավակարգավորումները հանգել է իրավաչափ հետևության (...)։
[Վ]երաքննիչ բողոքների հիմքերի և փաստարկների շրջանակներում Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի դատավճռով տրված ինչպես դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատականին, այնպես էլ հետևություններին։ (...)։
Ամփոփելով վերը շարադրվածը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված համապատասխան դատավճռով մեղադրյալ Հայկ Հակոբի Դոլունցին համապատասխան հոդվածով մեղավոր ճանաչելու, կատարած արարքին տրված իրավական գնահատականի վերաբերյալ հետևությունն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված (...):
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Հայկ Հակոբի Դոլունցի նկատմամբ նշանակված համապատասխան պատժաչափի մասով թույլ է տվել նյութական օրենքի էական խախտումներ, ինչն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ նշված մասով, բեկանելու հիմք է: Ուստի (...) դատավճիռը մասնակի՝ մեղադրյալ Հայկ Հակոբի Դոլունցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նշանակված պատժաչափի մասով պետք է փոփոխել, պատիժ նշանակել ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով: Դատավճիռը մնացած մասերով պետք է թողնել անփոփոխ: (...)»:
13. Մեղադրյալ Հայկ Դոլունցը ցուցմունք է տվել այն մասին, որ 2020 թվականի մայիսի 8-ից 22-ը մարտական հերթապահության են նշանակված եղել թիվ **** մարտական դիրքում: Մայիսի 19-ին վաշտի հրամանատարի ցուցումով դիրքին տվել է «տագնապի» հրաման: Տագնապի պարապմունքներ անցկացնելու ժամանակ տվել է մի քանի հրամաններ՝ այդ թվում «ջոկ, դեպի թաքստոց» հրամանը, որի դեպքում ջոկի զինվորները` բացի ******* ************-ից և գնդացրային հաշվարկի տղաներից, պետք է մտնեին թաքստոց: Այդ ժամանակ բոլորը մտել են թաքստոց` բացի նշված անձանցից: ***** **********-ը զեկուցել է, որ ջոկը գտնվում է թաքստոցում, իր լրացուցիչ հարցերին հաստատել է, ասելով, որ հաշվել է, 5 հոգի են: Այդ ընթացքում իր մտքով անցել է այդ «հիմար կատակն» անել՝ մոտեցել է ***********-ին և նրա համար տեսանելի կերպով զենքի ապահովիչն իջեցրել է մինչև վերջ: Զենքը լիցքավորելուց հետո այն պահել է ***********-ի ուղղությամբ: ********** ասել է. «էլի խաղերդ սկսեցի՞ր»: Բոլորը ծիծաղել են, կոնֆլիկտային ոչ մի խոսակցություն չի եղել: Այդ պահին մատը զենքի ձգանի վրա է եղել, մի քանի անգամ ձգանը սեղմել է: Երրորդ անգամ սեղմելուց կրակոց է արձակվել: Այդ պահին չի հասկացել, թե ինչ է կատարվում, զենքի վրայից միանգամից հանել է պահեստատուփը: Այդ ընթացքում տղաները թաքստոցից դուրս են եկել: Ինքը մոտեցել է կիսանստած ***********-ին և նրա ուսերից բարձրացնելով, ասել է. «***** հելի, էս ի՞նչ եղավ»: Հետո խառնված ասել է, որ զանգեն հրամանատարական դիտակետ, զեկուցեն, որ շուտ գան: ******* **************-ը մոտեցել է իրեն և հարցրել, թե ի՞նչ է որոշել՝ ի՞նչ են ասելու: Ինքն ասել է, որ ոնց կա, այդպես է պետք ասել, ինչին ********* ************-ը պատասխանել է. «հո չես գժվել, կդատվես, ուզում ես ասենք, որ ինքնասպանություն է եղել, բայց պետքա բոլորն այդ ձևով ներկայացնեն»: Ինքը համաձայնվել է և դիրքի զինվորներին անձամբ ասել է, որ ներկայացնեն, թե ************* ինքնասպան է եղել: Դրանից հետ ******* *********-ը նորից մոտեցել է իրեն: Ինքն այդ պահին չի հասկացել, թե ինչ է կատարվում, և ******** **********-ին չի ասել «գնա, էդ հայհոյանքը դիր», որ զինվորներն ասեն՝ ********** ինքնասպան է եղել: Բայց ինքն այն ժամանակ այնպիսի վիճակում է եղել, որ դրան կհամաձայներ: Դրանից հետո *******-ը հայհոյանք է դրել նրանց հասցեին, ովքեր իրականությունը կպատմեն, և զինվորները սպաներին ասել են, թե ինքնասպանություն է եղել: Հետո, ռազմական ոստիկանությունում արդեն ճիշտը պարզվել է:
Մեղադրյալը նաև նշել է, որ նմանատիպ կատակներ միշտ էլ արել են, դրան նորմալ են նայել, դա իրենց համար սովորական բան էր դարձել: Ինքը կրակելու նպատակ չի ունեցել, նպատակը դիմացինին վախեցնելն է եղել: Ձգանը սեղմելը պատահական է ստացվել: Ձգանը սեղմել է, բայց չի կարող ասել, թե ինչ ուժով, որովհետև մինչև կրակոցն էլի սեղմել է ու ոչինչ չի եղել, վստահ է եղել, որ նորից սեղմի, ոչինչ չի լինի: Իսկ զենքի ապահովիչը բացելը, լիցքավորելը, ********-ի ուղղությամբ պահելը «չար կատակի» մաս է կազմել: Ճիշտ չէ ******** *********-ի այն ցուցմունքը, թե իբր մինչև կրակելը ******* *********-ին «համբալ» է անվանել: Թաքստոցում 4-5 հոգի կանգնած են եղել և նրանցից ոչ ոք իր ցուցմունքում չի հայտնել, որ ինքն այդպիսի բան է ասել, միայն ********* ************ է նման ցուցմունք տվել: Ինքն այդպիսի արտահայտություն չի արել, եթե ասած լիներ, անպայման այդ մասին կհայտներ:
Մեղադրյալը նաև հայտնել է, որ երբ ուզեցել են դեպքը որպես ինքնասպանություն ներկայացնել, դրանով նախ և առաջ ինքն իրեն է խաբել: Իսկ զենքի վրայից իր մատնահետքերը մաքրելն ընդհանրապես իմաստ չի ունեցել, քանի որ դա իր զենքն է եղել, ամրակցված է եղել իրեն և մարտական դիրքերում 14 օր այդ զենքն իր ձեռքում է եղել: Բնականաբար այդ զենքի վրա պետք է իր մատնահետքերը լինեին: Ուղղակի այդ պահին ինչ մտածել են, առանց հասկանալու արել են:
Մեղադրյալը նշել է նաև, որ որևէ պատճառ չի եղել *** **********-ի վրա կրակելու, վերջինս իր էությամբ շատ լավ մարդ է եղել, դժվարությունից երբեք չի բողոքել, միշտ բոլորին ցանկացել է օգնել, շատ հարցերում իրեն էլ է օգնել: Ափսոսում է, որ նա այլևս չկա:
Նաև նշել է, որ հնարավոր է` երրորդ անգամ ձգանը սեղմելուց ուրիշ ուժ է գործադրել, սակայն դիտավորյալ չի սեղմել, վստահ է եղել, որ ոչինչ չի լինելու:
13.1. Վկա, ՊԲ ***** զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, լեյտենանտ ******* ***********-ը ցուցմունք է տվել այն մասին, որ 2020 թվականի մայիսի 8-ից 22-ն իր հրամանատարության տակ գտնվող դասակը նշանակվել է թիվ ****, **** և **** մարտական դիրքերում: Ինքը մշտապես գտնվել է թիվ **** մարտական դիրքում և ամեն օր, սահմանված կարգի համաձայն` ստուգել է իր ենթակայության տակ գտնվող դիրքերը: Թիվ *** մարտական դիրքում դիրքի ավագ է նշանակվել կրտսեր սերժանտ Հայկ Դոլունցը, իսկ ութ ժամկետային զինծառայողներ նշանակվել են դիտորդներ: 2020 թվականի մայիսի 19-ին` ժամը 20:00-ի սահմաններում վաշտի հրամանատարական կետից հայտնել են, որ թիվ **** մարտական դիրքում վիրավոր զինծառայող կա: Ինքը և վաշտի հրամանատար ******* ********** անմիջապես գնացել են նշված դիրք: Մարտական դիրքի զինծառայողները գտնվել են շփոթված և հուզված վիճակում: Նրանք հայտնել են, որ ******** **********-ը մահացել է, և նրա մարմինը գտնվում է թաքստոցում: Անմիջապես գնալով թաքստոց, տեսել է ********* *********-ին՝ աչքի շրջանում հրազենային վնասվածքով, իսկ գլխի տակ՝ առատ արյուն: Դիրքի ավագ Հայկ Դոլունցը հայտնել է, որ թաքստոցի մոտից լսել են կրակոցի ձայն, գնացել և տեսել են, որ ******* ********** ինքնասպան է եղել:
Հաջորդ օրն առավոտյան վաշտի հրամանատար ******* ************-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացել է, որ ****** ***********-ը ոչ թե ինքնասպան է եղել, այլ Հայկ Դոլունցն է կրակել և սպանել նրան:
Հետագայում տեղեկացել է, որ դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ. Հայկ Դոլունցը մարտական դիրքի անձնակազմին «Հակառակորդն օգտագործում է հրետանի: Ջոկ դեպի թաքստոց» հրահանգ է տվել, ինչից հետո զինծառայողները մտել են թաքստոց: Հայկ Դոլունցը լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգն ու պահել ****** **********-ի վրա: Վերջինս ասել է, որ վախենում է, զենքն իր վրա չպահի, ինչից հետո Հ.Դոլունցը կրակել է, գնդակը դիպել է ***** *********-ի աչքի շրջանին և նա մահացել է: Դեպքից հետո Հ.Դոլունցը դիրքի զինծառայողներին ասել է, որ որևէ մեկին չասեն, որ ինքն է կրակել և սպանել ***** ********-ին, այլ կատարվածը ներկայացնեն որպես ինքնասպանություն, իսկ ******* **********-ը հայհոյանք է հնչեցրել այն զինծառայողի հասցեին, ով կպատմի ճշմարտությունը:
Վկան նշել է նաև, որ մարտական հերթապահության ընթացքում Հայկ Դոլունցի և ****** ***********-ի միջև կոնֆլիկտ կամ լարված փոխհարաբերություններ չեն եղել, չգիտի, թե ինչու է Հ.Դոլունցը նման արարք կատարել: Վերջինը ենթակա զինծառայողների շրջանում անվերապահ հեղինակություն է վայելել, կարողացել է իր կամքը թելադրել ենթականերին և վերջիններս առանց քննարկելու կատարել են նրա ասածները:
13.2. Վկա, վաշտի հրամանատար ******** **************-ը ցուցմունք է տվել այն մասին, որ տեղեկանալով մարտական դիրքում տեղի ունեցած միջադեպի մասին, անմիջապես գնացել է նշված դիրք։ ****** ************ արդեն մահացած է եղել: Դիրքում ներկայացրել են, որ ինքնասպանություն է եղել, սակայն հետո պարզվել է, որ իրականում սպանություն է կատարվել դիրքի ավագ Հայկ Դոլունցի կողմից: Իր կարծիքով՝ դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով: Նշել է նաև, որ ******** **********-ը հոյակապ անձնավորություն և պարտաճանաչ զինվոր էր։
13.3. Վկա ****** *********-ը ցուցմունք է տվել այն մասին, որ 2020 թվականի մայիսի 19-ին` ժամը 20:00-ի սահմաններում Հայկ Դոլունցը «տագնապ» հրաման է տվել: Քիչ անց զինծառայողներից մեկը զեկուցել է. «ջոկը թասքտոցում է»: Ձայնից հասկացել է, որ զեկուցողը ****** ******* է: Այդ պահին Հ.Դոլունցը գոռալով հարցրել է. «հաստատ թաքստոցու՞մ է»: Դրանից հետո զենքի լիցքավորման ձայն է լսել, դուրս է եկել իր խրամատից և տեսել, որ Հ.Դոլունցը կանգնած է թաքստոցի դիմաց՝ զենքը ուղղած դեպի թաքստոցը: Վայրկյաններ անց Հ.Դոլունցը կրակոց է արձակել ու անմիջապես զենքը գցել գետնին, ապա գոռացել է. «****, ******»: Վազելով դեպի թաքստոց, տեսել է, որ համածառայակից ****** ************ ընկած է թաքստոցի ներսում: Հետո դիրքի անձնակազմով հավաքվել են և Հ.Դոլունցն ասել է, որ հարցնողներին պատմեն, որ ********* ինքնասպան է եղել: Այդ ժամանակ համածառայակից ******* *********-ը հայհոյանք է հնչեցրել նրա հասցեին, ով եղելությունը կպատմի: Այդ պահին Հ.Դոլունցն ասել է, որ իր զենքը մեկն ու մեկը թաքստոցի մոտից բերի: *********-ը բերել է, իսկ ինքը Հ.Դոլունցի ասելով շորով արտաքինից մաքրել է այն: Իհարկե գիտակցել է, որ այդ զենքը մաքրելով՝ հանցանքի հետքերն է թաքցրել, բայց մաքրել է երևի խառը իրավիճակից ելնելով, Հ.Դոլունցի նյարդային վիճակը տեսնելով, ինչ-որ տեղ նաև Հ.Դոլունցից վախենալով։
Վկան նշել է, որ իր կարծիքով` դեպքը պատահաբար է եղել` կատակի արդյունքում։ Հ.Դոլունցը նման սովորություն ուներ՝ զենքը պահում էր զինվորների վրա, որ վախեցնի, և դրանից զվարճանում, մի անգամ էլ պահել է իր վրա։
Վկան հայտնել է նաև, որ Հայկ Դոլունցը վաշտում հեղինակավոր դիրք էր վայելում, վաշտի կազմակերպչական գործերով էր զբաղվում, իսկ ******* ************-ը կարգապահ, բարեխիղճ զինծառայող էր: Նրանց փոխհարաբերություններում որևէ լարվածություն չի նկատել:
13.4. Վկա ******** ***********-ը ցուցմունք է տվել այն մասին, որ 2020 թվականի մայիսի 19-ին` ժամը 19:50-ի սահմաններում, դիրքի ավագ Հայկ Դոլունցը դիրքի անձնակազմին ուսումնական «տագնապ» է հայտարարել, ապա տվել է «ջոկ դեպի թաքստոց» հրահանգը, որից հետո ****** *************-ը, ******** **********-ը, ինքը, ******* ***********-ը և ******* *********-ը մտել են թաքստոց, իսկ ******* **********-ը գտնվել է թիվ *** խրամաբջջում: Վերջինը թաքստոց է մտել ******* **********-ը, ով գոռացել է. «ջոկը գտնվում է թաքստոցում», ինչից հետո Հ.Դոլունցը նրան ասել է. «այ համբալ, ու՞ր ա, որ թաքստոցում են, բա էն երեքն ու՞ր են», ինչին **** **********-ը չի պատասխանել: Քիչ անց լսվել է ինքնաձիգի լիցքավորման ձայն: Այնուհետև **** ********** ասել է` «էլի խաղերդ սկսվեց, հորս արև մի արա, էն յան պահի, հորս արև չկրակես»: Այդ պահին լսվել է մեկ մենահատ կրակոց: Ինքն անմիջապես թաքստոցով առաջ է գնացել ու տեսել է, որ **** *********-ը կիսանստած վիճակում է, գլուխն արյունոտ, Հ.Դոլունցի ինքնաձիգն ընկած է գետնին` խրամուղու մեջ: Հայկ Դոլունցը կռացել է դեպի ***** *********-ը, ապա ասել է` «դատվանք, էսի մեռել ա»: Դրանից հետո Հ.Դոլունցը գնացել է գետնատնակ և կապվելով վաշտի հրամանատարական կետ` ասել, որ շուտ գան իրենց մարտական դիրք: Այնուհետև մարտական դիրքի բոլոր զինծառայողներով, բացի ****** ************-ից և ********* *************-ից, հավաքվել են ճաշարանի մոտ։ Իր հարցին, թե ի՞նչ պետք է ասեն, ինչպե՞ս պետք է ներկայացնեն դեպքը, Հայկ Դոլունցը պատասխանել է, որ բոլորը պետք է ասեն, որ **** ********* ինքնասպան է եղել: Ինքը հարցրել է, թե հնարավոր է, որ ինչ-որ մեկն այդպես չասի, պե՞տք է արդյոք «քֆուր դնել»: Հ.Դոլունցն ասել է` «դիր», ինչից հետո ինքը հայհոյանք է հնչեցրել ճիշտը պատմողի հասցեին: Այնուհետև Հ.Դոլունցի հանձնարարությամբ մարտական դիրքի զինվորներից մեկը գնացել և թաքստոցի մոտից բերել է գետնին ընկած ինքնաձիգը: Դրանից հետո տեսել է, որ ******** ************-ը սպիտակ լաթի կտորով արտաքինից մաքրում է Հ.Դոլունցի ինքնաձիգը: Այնուհետև Հ.Դոլունցն ավելի մանրամասն բացատրել է զինծառայողներին, թե ինչպես պետք է դեպքը ներկայացնել. իբր ինքը «ջոկ դեպի թաքստոց» հրամանից հետո մարտական դիրքի զինծառայողներին շարել է գետնատնակի մոտ և հարցրել նրանց պարտականությունները: Այդ պահին թաքստոցի կողմից լսվել է մեկ մենահատ կրակոցի ձայն: Իրենք գնացել են թաքստոցի մոտ և տեսել, որ ******** **********-ը Հայկ Դոլունցի զենքով ինքնասպան է եղել:
Վկան նշել է նաև, որ նախկինում ******* ***********-ի և Հայկ Դոլունցի միջև կոնֆլիկտ կամ լարված փոխհարաբերություններ չեն եղել, չգիտի, թե ինչու է Հ.Դոլունցը նման արարք կատարել:
13.5. Վկա ************ ***************-ը ցուցմունք է տվել այն մասին, որ 2020 թվականի մայիսի 19-ին` ժամը 19:50-ի սահմաններում, դիրքի ավագ Հայկ Դոլունցը դիրքի անձնակազմին ուսումնական «տագնապ» է հայտարարել: Այնուհետև Հ.Դոլունցը տվել է «ջոկ դեպի թաքստոց» հրամանը, որից հետո ինքը և մյուս զինվորները մտել են թաքստոց: Թաքստոց մտնելուց հետո ******** ***********-ը գոռացել է «ջոկը թաքստոցում է», որից հետո դիրքի ավագ Հ.Դոլունցը *********-ին հարցրել է, թե ինչու է գոռում, որ ջոկը թաքստոցում է, այն դեպքում որ «ԴՇԿ-այիստները» չկան, իսկ ********** ի պատասխան ասել է, որ նրանք չպիտի գան թաքստոց, գտնվում են «ռովում»:
Վկան նշել է, որ Հ.Դոլունցը գիտեր, որ ********-ը ճիշտ էր զեկուցում, որ բոլորը թաքստոցում են, քանի որ բոլոր նրանք, ովքեր պետք է լինեին թաքստոցում, այնտեղ էին, իսկ «կորդիստները» չպետք է գային: Դա իմանալով` Հ.Դոլունցն ուղղակի հումոր էր անում ********* վրա: Դրանից հետո Հ.Դոլունցն ինքնաձիգը պահել է **********-ի ուղղությամբ, իսկ վերջինս ասել է. «մի արա էլի»: Այդ պահին Հ.Դոլունցն ինքնաձիգը լիցքավորել և զենքը շարունակել է պահել *********-ի ուղությամբ, իսկ վերջինս էլ մարմնով մեկ կծկվելով Հ.Դոլունցին ասել է. «մի արա, վախում եմ»: Մոտ մեկ վայրկյան հետո կրակոց է արձակվել, որից հետո Հ.Դոլունցը զենքը վայր է գցել ու գոռացել՝ «*******», իսկ ******** այդ պահին վայր է ընկել գետնին և նրա գլխից արյուն է հոսել: Քիչ անց Հայկ Դոլունցն իրենց ասել է. «ով հարցնի, ասում ենք՝ ինքն ա իրեն խփել»: Այդ պահին ******ը դիմելով իրենց՝ ասել է. «այսքանը ով որ մեր մեջից հանի, նրա (...)» և հայհոյանք է հնչեցրել եղելությունը պատմողի հասցեին:
Վկան հայտնել է նաև, որ Հ.Դոլունցը վաշտում հեղինակավոր դիրք է վայելել, վաշտի կազմակերպչական գործերով է զբաղվել և եթե ինչ որ մեկի պատճառով իր վրա խոսեին, ապա նրան կկանչեր և վրան կջղայնանար: Իսկ ******** ***********-ը հանգիստ, կարգապահ և լավ զինծառայող էր: Նրանց միջև կոնֆլիկտ կամ լարվածություն չի նկատել: Այն հարցին, թե մարտական հերթապահության ժամանակ ով էր իրականացնում հերթափոխը, վկան պատասխանել է, որ իրենք առանց դիրքի ավագի գնում էին և միմյանց փոխարինում: Զենքի վահանակի մոտ լիցքաթափում անելուց նույնպես դիրքի ավագը պիտի ներկա լիներ, սակայն նա կրկին ներկա չի գտնվել:
Այն հարցին, թե ինչու չի փորձել կանխել Հ.Դոլունցի գործողությունները, վկան պատասխանել է, որ չի մտածել, որ նա կկրակի, բացի այդ էլ, եթե միջամտեր, հնարավոր է, որ Հ.Դոլունցն իր հետ վիճաբանության բռնվեր՝ իր գործողություններին միջամտելու համար։ Այն հարցին, թե եղել են արդյոք դեպքեր, երբ Հ.Դոլունցը հրազենի փողն ուղղի որևէ զինծառայողի ուղղությամբ, վկան պատասխանել է, որ Հ.Դոլունցը նման բաներ մեկ-մեկ անում էր:
13.6. Վկա ************ **************-ը ցուցմունք է տվել, որ նախկինում ականատես է եղել մի դեպքի, երբ Հ.Դոլունցը, զբաղված լինելով մարտական դիրքի թղթաբանությամբ, հարցրել է, թե ով կարող է իր զենքը մաքրել: ******** *********** ասել է, որ ինքը, որից հետո վերցրել է Հ.Դոլունցի զենքը և մաքրել։
13.7. Վկա ************ **************-ը ցուցմունք է տվել այն մասին, որ զինվորներով զենքով կատակ արել են: Ինքն էլ է զենքով կատակ արել։ Կատակ անելիս եղել է, որ պահեստատուփը դատարկ է եղել, եղել է, որ լիքն է եղել։ Հայկ Դոլունցը բոլորի հետ էլ այդպիսի կատակ արել է, և այդ պատճառով զորամասում ասում էին, որ *******-ի հետ տեղի ունեցածը պատահական է եղել։
13.8. Վկա *********** ***********-ը ցուցմունք է տվել այն մասին, որ 2020 թվականի ապրիլ ամսին, նախորդ հերթափոխի ընթացքում, Հայկ Դոլունցը կատակով զենքը, պահեստատուփն ամրացված վիճակում, պահել է ************* *************-ի վրա, այդ ընթացքում իջեցրել է ապահովիչը, քաշել փակաղակը, այնուհետև փակել այն: Հիշում է, որ նման բան Հայկ Դոլունցն արել է նաև դիպուկահար ******* ************-ի նկատմամբ:
13.9. Վկա ******** ***********-ը ցուցմունք է տվել այն մասին, որ մարտական դիրքում ուսումնական տագնապի ժամանակ կրակոցի ձայն են լսել: Տեսել է, որ ********* ************ն ընկած է։ Սպանություն է եղել՝ Հայկ Դոլունցը սպանել է ******* **********-ն: Նշել է, որ **** **********-ը հանգիստ բնավորություն ուներ, պարտաճանաչ էր, իսկ Հ.Դոլունցն ունի լիդերի բնավորություն, նա վաշտում զբաղվում էր կազմակերպչական հարցերով:
Վկան հայտնել է, որ նախկինում եղել են դեպքեր, որ Հայկ Դոլունցը զենք է պահել մարտական դիրքի զինծառայողների վրա: Մասնավորապես, նախորդ մարտական հերթափոխի ընթացքում Հայկ Դոլունցը պահեստատուփն ինքնաձիգի վրա ամրացված վիճակում բացել է զենքի ապահովիչը, լիցքավորել է զենքը և պահել ******* **********-ի վրա:
13.10. Վկա, գումարտակի շտաբի պետ ******* **********-ը ցուցմունք է տվել այն մասին, որ Հայկ Դոլունցն անձնական հատկանիշներով ունակ է եղել իր կամքը թելադրել դիրքի անձնակազմին, իսկ ******* *********-ը խելոք, համեստ, դաստիարակված, պարտաճանաչ զինվոր էր:
13.11. Վկա ******* **********-ը ցուցմունք է տվել, որ Հայկ Դոլունցը նախկինում իր վրա էլ է զենք պահել. այդպես կատակ է արել։ Իր հետ այդ կատակն անելու ժամանակ զենքը լիցքավորված է եղել և մնում էր միայն ձգանը սեղմել։
14. Դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0825/7 եզրակացության համաձայն՝ «(...) ********* **********-ի մահը վրա է հասել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքից` գլխի աջ ակնակապճային շրջանի հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորում ստանալու արդյունքում, որն էլ գտնվում է ուղղակի պատճառական կապի մեջ մահվան անմիջական պատճառի հետ: (...)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
28. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Հայկ Դոլունցին մեղսագրված արարքում խուլիգանական դրդումներով սպանության հանցակազմի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները:
29. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածը սահմանում է. «1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով: 2. Սպանությունը՝
(...)
10) խուլիգանական դրդումներով,
(...)
պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված` խուլիգանական դրդումներով սպանությունը կատարվում է հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորմամբ, երբ հանցավորի վարքագիծը բացահայտ մարտահրավեր է հասարակական կարգին և պայմանավորված է իրեն շրջապատին հակադրելու, շրջապատի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ:
Վճռաբեկ դատարանը Կարեն Մարկոսյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) [Ա]րարքը որպես խուլիգանական դրդումներով կատարված կամ հասարակ սպանություն որակելու հարցում վճռորոշ նշանակություն ունի հանցագործության շարժառիթների, ինչպես նաև սուբյեկտիվ կողմը բնութագրող այլ հատկանիշների մանրակրկիտ ուսումնասիրությունը: Արարքի ճիշտ որակման համար էական նշանակություն ունի` արդյոք սպանությունը կատարվել է խուլիգանական դրդումներով, թե այդպիսի դրդումների բացակայության պայմաններում:
Հանցավորի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով այն դեպքում, երբ սպանության հիմնական շարժառիթը խուլիգանական է, այսինքն` հանցավորի գործողություններում գերակայում է հասարակական կարգի նկատմամբ արհամարհանքը, այլ կերպ՝ երբ սպանությունը տեղի է ունենում որպես աննշան առիթին տրված պատասխան գործողություն և դրանով արտահայտվում է հանցավորի անհարգալից, արհամարհական վերաբերմունքը հասարակության նկատմամբ:
Հակառակ դրան, սպանությունը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով այն դեպքում, երբ հանցագործության հիմնական շարժառիթը խուլիգանական չէ, և բացակայում են սպանության հանցակազմը ծանրացնող կամ մեղմացնող այլ հանգամանքներ:
Նշված հարցում ճիշտ եզրահանգման կարելի է գալ սպանության պահին հանցավորի գործողությունների բնույթի, մինչև սպանությունը և դրա կատարումից հետո նրա վարքագծի վերլուծության հիման վրա»:
Խուլիգանական դրդումներով կատարված սպանության՝ որպես որակյալ հանցակազմի էությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև Ալիկ Մաթևոսյանի գործով որոշմամբ` ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) Իրենց բովանդակությամբ խուլիգանական դրդումները ներկայացնում են բարդ շարժառիթ, որի մեջ միահյուսվում են անսահման եսամալությունը, խեղաթյուրված պատկերացումներն անձնական ազատությունների սահմանների մասին, բիրտ ուժի պաշտամունքը, իր անձի «առավելությունները» ընդգծելու մոլուցքը, «ինքնահաստատման» պահանջը, սանձարձակությունը, անպարկեշտ վարքագիծը, ցինիզմը, դաժանությունը, հանդգնությունը, ակնհայտ աննշան վիրավորանքի, չնչին առիթով ճիշտ արված դիտողության համար վրեժ լուծելը և այլն: Նշված շարժառիթների ամբողջությունը բնորոշ է յուրաքանչյուր խուլիգանության, սակայն խուլիգանական դրդումներով սպանություն կատարելիս դրանց միանում է նաև մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքն ընհանրապես՝ անկախ տուժողի անձից:
Խուլիգանական դրդումներով սպանություն կատարելիս հանցավորը գործում է ոչ այնքան տուժողի հետ ունեցած անձնական փոխհարաբերություններից ելնելով, որքան հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ձգտումից:
Սպանության այս տեսակին բնորոշ են ոչ թե անձնական, այլ խուլիգանական շարժառիթները, այսինքն՝ դրդումներ, մղումներ, որոնք ցույց են տալիս բացահայտ անհարգալից վերաբերմունք համակեցության կանոնների և բարոյականության տարրական նորմերի նկատմամբ:
Փաստորեն խուլիգանական դրդումներով սպանությանը հատուկ է բազմաթիվ, այդ թվում նաև մրցակցային շարժառիթների առկայությունը, որի պայմաններում կարևոր է այն հիմնական, առաջատար, գլխավոր շարժառիթը, որով ղեկավարվել է հանցավորը սպանություն կատարելիս:
Բոլոր դեպքերում, երբ սպանության հիմնական շարժառիթը խուլիգանական է, հանցավորի արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:
(...) [Շ]արժառիթը բացահայտելու համար կարևոր նշանակություն ունի հանցավորի գործողությունների բազմակողմանի վերլուծությունը ինչպես սպանություն կատարելու պահին, այնպես էլ մինչև սպանությունը և դրանից հետո: Այստեղ ևս մրցակցող շարժառիթների դեպքում անհրաժեշտ է պարզել սպանության հիմնական շարժառիթը, որով էլ պայմանավորված՝ արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով կամ նույն հոդվածի 1-ին մասով:
(...) Արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով որակելու համար սպանության կատարման տեղը (վայրը) նշանակություն չունի: Այդպիսի սպանությունը կարող է կատարվել ոչ միայն հասարակական վայրում, պարտադիր չէ նաև մարդկանց ներկայությունը:
(...) Խուլիգանական դրդումներով սպանությունը հաճախ կատարվում է առանց տեսանելի առիթի կամ աննշան առիթն օգտագործվում է որպես պատրվակ սպանություն կատարելու համար: Որպես հանցագործության արտաքին պատճառ՝ առիթը սերտորեն կապված է հանցավորի ներքին դրդումների հետ: Ուստի հանցագործությունների անմիջական առիթների հետազոտումն ու վերլուծությունը հնարավորություն են տալիս լավ հասկանալու կոնկրետ արարքի պատճառները, բացահայտելու դրա բուն շարժառիթները: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում աննշան առիթի առկայության հարցն անհրաժեշտ է լուծել՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից»:
Վճռաբեկ դատարանը Մհեր Հարությունյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Խ]ուլիգանական դրդումները` որպես հանցագործության կատարման շարժառիթ, հանցավորի մոտ կարող են դրսևորվել ոչ միայն բուն հանցավոր արարքը կատարելիս, այլև մինչ այդ կամ դրանից հետո: Հետևաբար, արարքին քրեաիրավական գնահատական տալիս անհրաժեշտ է համակողմանի վերլուծության ենթարկել հանցանք կատարած անձի՝ թե՛ նախքան հանցանքի կատարումը, թե՛ դրա կատարման բուն ընթացքում և թե՛ հանցանքի կատարումից հետո դրսևորած վարքագիծը, այդ թվում՝ հանցավորի և տուժողի գործողությունների բնույթը, նրանց փոխհարաբերությունները և այլն: Այդ առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործության հանգամանքներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը կարող է հանգեցնել կատարված արարքին սխալ քրեաիրավական որակում տալուն:
(...) [Յ]ուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության, հետազոտված ապացույցների պատշաճ գնահատման արդյունքում պարզել այն հիմնական մղումը, որն ընկած է եղել օրենքով արգելված արարքի կատարման հիմքում:
(...) [Ի]ր բնույթով բարդ շարժառիթ համարվող խուլիգանական դրդումների բացահայտումը և, ըստ այդմ, կատարված հանրորեն վտանգավոր արարքի ճիշտ որակումը հնարավոր է միայն գործի հանգամանքների ամբողջական վերլուծության, այդ թվում՝ հանցագործությանը նախորդող հանգամանքների մանրամասն ուսումնասիրության պարագայում»:
30. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- նախաքննության մարմինը Հայկ Դոլունցին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված՝ խուլիգանական դրդումներով սպանության համար,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ նախաքննական մարմինը մեղադրյալին առաջադրված մեղադրանքում խուլիգանական դրդումները հիմնավորել է նրանով, որ արարքը կատարվել է՝ «ներկա անձնակազմի հանդեպ և համակեցության կանոնների ու բարոյականության տարրական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, մարդկային կյանքի նկատմամբ դրսևորելով արհամարհական վերաբերմունք, իր անձի առավելությունն ընդգծելու շարժառիթով»: Մինչդեռ, ըստ Առաջին ատյանի դատարանի՝ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ Հայկ Դոլունցի գործողություններում գերակայում է հասարակական կարգի նկատմամբ արհամարհանքը, որ նա հանրորեն վտանգավոր արարքը կատարել է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ձգտումով, իր վարքագծով բացահայտորեն հակադրվել է բոլորին և ամեն ինչին, իր գործողություններն ուղղելով հասարակության, վարքագծի և մարդկանց միջև փոխհարաբերությունների հանրորեն ընդունված և ճանաչված նորմերի դեմ: Առաջին ատյանի դատարանը նշել է, որ Հ.Դոլունցի գործողությունների բազմակողմանի վերլուծությունն ինչպես արարքը կատարելու պահին, այնպես էլ մինչև այդ և դրանից հետո, վկայում են այն մասին, որ նրա գործողություններն ուղղված են եղել կոնկրետ անձի՝ ***** *********-ի դեմ: Ըստ Առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալ Հ.Դոլունցի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական դրդումներով, և նրա արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով Հ.Դոլունցի նկատմամբ պետք է որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով, ինչը, դատարանի գնահատմամբ, բավարար է՝ պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու համար,
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ամբողջությամբ իր համաձայնությունն է հայտնել Հ.Դոլունցի արարքի որակման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններին ու տրված իրավական գնահատականին։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ հիմնավոր եզրափակիչ դատական ակտ կայացնելու համար բավարարության տեսանկյունից, և համակարգային վերլուծության ենթարկելով վերաբերելի իրավակարգավորումները՝ հանգել է իրավաչափ հետևության:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժաչափն ակնհայտ մեղմ է և անարդարացի: Արդյունքում, Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մասնակի՝ մեղադրյալ Հ.Դոլունցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժաչափի մասով փոփոխել է և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով՝ դատավճիռը մնացած մասերով թողնելով անփոփոխ։
31. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 29-րդ կետում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել և պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել սույն քրեական գործում առկա հետևյալ փաստական տվյալները.
- Հ.Դոլունցը վաշտում անվերապահ հեղինակություն է վայելել, կարողացել է իր կամքը թելադրել ենթականերին և վերջիններս նրա ասածները կատարել են առանց քննարկելու,
- Հ.Դոլունցն իրեն թույլ է տվել վիրավորանքներ հնչեցնել ծառայակիցների հասցեին, իսկ այդ վիրավորանքներին չեն տրվել պատասխաններ,
- Հ.Դոլունցն իրեն ամրակցված զենքի մաքրումը հանձնարարել է այլ զինծառայողների, այդ թվում՝ ******* *********-ին,
- Հ.Դոլունցը որպես դիրքի ավագ՝ հերթափոխի կազմակերպումը, ինչպես նաև զենքի լիցքաթափման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը պատշաճ իրականացրել է միայն այն դեպքերում, երբ վերադաս հրամանատարությունը գտնվել է մարտական դիրքում,
- Հ.Դոլունցը, վախի զգացողություն առաջացնելու նպատակով, լիցքավորված զենքն ուղղել է ծառայակիցների վրա և դրանով զվարճացել,
- դեպքին նախորդող ժամանակահատվածում Հ.Դոլունցի և **** **********-ի միջև լարված հարաբերություններ, կոնֆլիկտային իրավիճակներ չեն եղել,
- դեպքի օրը, սպանությունից անմիջապես առաջ, Հ.Դոլունցի կողմից ***** ***********-ին կշտամբելու առիթ է հանդիսացել վերջինիս զեկույցը՝ մարտական դիրքի անձնակազմը թաքստոցում գտնվելու մասին, որի վերաբերյալ Հ.Դոլունցը հանդիմանել է **** *********-ին՝ նշելով, որ ոչ բոլոր զինծառայողներն են գտնվում թաքստոցում: Վկա ****** ********** այս առնչությամբ իր ցուցմունքում նշել է, որ Հ.Դոլունցը գիտեր, որ *** ********-ը ճիշտ է զեկուցում, քանի որ բոլոր նրանք, ովքեր պետք է լինեին թաքստոցում՝ այնտեղ էին, և դա իմանալով՝ Հայկ Դոլունցն ուղղակի «հումոր էր անում» ******** **********-ի վրա,
- դրանից անմիջապես հետո Հ.Դոլունցը լիցքավորել է ինքնաձիգը, պահել ***** *********-ի վրա և անտեսելով ու արհամարհելով նրա խնդրանքը՝ «էլի խաղերդ սկսվեց», «հորս արև մի արա», «էն յան պահի», «չկրակես», «մի արա էլի», «վախենում եմ» և այլն, դիմահար կրակոցով սպանել է **** *********-ին,
- կրակոցից անմիջապես հետո Հ.Դոլունցը կռացել է դեպի ******* *********-ը, ասելով` «դատվանք, էսի մեռել ա»,
- ***** *******-ին սպանելուց հետո Հ.Դոլունցը ցուցաբերել է սառնասրտություն կատարվածի հանդեպ, միջոցներ է ձեռնարկել հնարավոր ապացույցներն ու հետքերը վերացնելու և իրականությունը խեղաթյուրելու, մասնավորապես՝ սպանությունը որպես ինքնասպանություն ներկայացնելու ուղղությամբ,
- որևէ զինծառայող չի ցանկացել հակադրվել Հ.Դոլունցին: Վերջինիս հանդեպ ձևավորված վախի զգացողությամբ պայմանավորված, մարտական դիրքի անձնակազմը կատարել է նրա ցուցումը և ասել, որ ****** ********* ինքնասպան է եղել, իսկ ******** *********-ը Հ.Դոլունցի հրահանգով հայհոյանք է տվել նրանց հասցեին, ովքեր այլ անձանց կպատմեն իրականությունը:
32. Վերոնշյալ փաստական հանգամանքներն ըստ պատշաճի վերլուծության և գնահատման չենթարկելու արդյունքում ստորադաս դատարանները հանգել են հետևության, որ Հ.Դոլունցի արարքում բացակայում են խուլիգանական դրդումները, և որ նրա գործողություններն ուղղված են եղել կոնկրետ անձի՝ ******** ************-ի դեմ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների վերոնշյալ դիրքորոշումը վերջիններիս կողմից գործի հանգամանքներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելու, դրանք իրարից անջատ գնահատելու արդյունք է: Ստորադաս դատարանները չեն անդրադարձել հանցավորի` նախքան հանցանքի կատարումը, այն կատարելիս և դրանից հետո դրսևորած վարքագծին, դրան պատշաճ գնահատական չեն տվել, ինչի արդյունքում հանգել են սխալ եզրակացության արարքի որակման հարցում:
Այսպես` ստորադաս դատարանները վերլուծության չեն ենթարկել այն փաստական տվյալները, որ Հ.Դոլունցն ի սկզբանե, մինչ բուն հանցավոր արարքի կատարումը, բացահայտ մարտահրավեր է նետել հասարակության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին, փորձել է իրեն հակադրել շրջապատին և հասարակությանը, դրսևորել է ցինիկ վարքագիծ: Հ.Դոլունցն ինչպես դեպքի ընթացքում, այնպես էլ դեպքին նախորդող և հաջորդող ժամանակահատվածներում բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել մարդու կյանքի նկատմամբ, ունեցել է խեղաթյուրված պատկերացումներ իր անձնական ազատությունների սահմանների մասին, ընդգծել է իր առավելությունը ծառայակիցների նկատմամբ, ինքնահաստատվել է, դրսևորել հանդուգն վարքագիծ, իրեն պահել է սանձարձակ՝ ցույց տալով, որ մյուսների ապրելու կամ չապրելու հարցն ինքն է որոշում:
Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում առաջին բողոքաբերի այն փաստարկը, որ ստորադաս դատարաններն անուշադրության են մատնել այն հանգամանքը, որ սպանությունից առաջ Հ.Դոլունցի և *** ********-ի միջև սկսված խոսակցության համար չնչին առիթ է հանդիսացել վերջինիս պատշաճ զեկույցը՝ մարտական դիրքի անձնակազմը թաքստոցում գտնվելու մասին, որին անմիջապես հաջորդել է ինքնաձիգի լիցքավորումը և դիմահար կրակոցից սպանությունը:
Հիմնավոր է նաև երկրորդ բողոքաբերի այն փաստարկը, որ մինչև քննարկվող դեպքը Հ.Դոլունցը նմանօրինակ վարքագիծ է դրսևորել նաև այլ զինծառայողների հանդեպ՝ զենքը պահել է նրանց ուղղությամբ, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ Հ.Դոլունցն ինչպես դեպքին նախորդող ժամանակահատվածում, այնպես է դեպքի պահին բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել մարդկանց կյանքի նկատմամբ։
Վերը նշված փաստական տվյալները, ինչպես նաև այն, որ մինչև կրակոցի արձակումը *** *********-ի և Հ.Դոլունցի միջև որևէ կոնֆլիկտ չի եղել, վկայում են այն մասին, որ Հ.Դոլունցն իրեն մեղսագրված արարքը կատարել է հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի հողի վրա, երբ հանցավորի վարքագիծը բացահայտ մարտահրավեր է հասարակական կարգին և պայմանավորված է իրեն շրջապատին հակադրելու, նրա նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցադրելու ցանկությամբ: Հ.Դոլունցի արարքը բխել է նրա դրսևորած սանձարձակ և հանդուգն վարքագծից ու պայմանավորված է եղել համակեցության կանոնների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Այլ կերպ ասած՝ Հ.Դոլունցի գործողությունները բխել են նրա կողմից ի սկզբանե դրսևորած հակաօրինական և հակաբարոյական վարքագծից և պայմանավորված չեն եղել իր և *** ********-ի միջանձնային հարաբերություններով: Իսկ ստորադաս դատարանները չեն իրականացրել վերը նշված հանգամանքների հավուր պատշաճի վերլուծություն, որի արդյունքում Հ.Դոլունցի կողմից կատարված սպանության հիմքում ընկած խուլիգանական շարժառիթը պատշաճ գնահատականի չի արժանացել:
33. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայկ Դոլունցին մեղսագրված արարքում խուլիգանական դրդումներով սպանության հանցակազմի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները չեն բխում գործի փաստական տվյալներից և չեն կարող ճանաչվել հիմնավորված ու պատճառաբանված:
34. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Հայկ Դոլունցին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով մեղսագրվող արարքը վերաորակելով նույն հոդվածի 1-ին մասով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ արարքի որակման հարցում համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի հետևություններին, թույլ են տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերն ամբողջությամբ բեկանելու և վարույթն Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության փոխանցելու համար:
35. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները` յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը` հիմնավոր եզրափակիչ դատական ակտ կայացնելու համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգի համապատասխան հետևության:
36. Ինչ վերաբերում է Հ.Դոլունցի նկատմամբ մեղմ պատիժ նշանակված լինելու վերաբերյալ բողոքաբերների փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Դոլունցին վերագրվող արարքին ստորադաս դատարանների կողմից ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական տալու առնչությամբ վերը արտահայտված իրավական դիրքորոշման առկայության պարագայում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նշանակված պատժի համաչափությանն անդրադառնալն առարկայազուրկ է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Հայկ Հակոբի Դոլունցի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի հուլիսի 4-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և վարույթը փոխանցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
