Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԳԴ5/0011/01/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԳԴ5/0011/01/23
Դիմող / մեղադրյալ
Սևակ Ջառահյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
26.05.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԳԴ5/0011/01/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Ա.Մարտիրոսյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Ա.Բեկթաշյան դատավորներ՝ Ս.Համբարձումյան Ա.Մաթևոսյան 26 մայիսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Սևակ Դավիթի Ջառահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի մայիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է թիվ 42109023 քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի որոշումներով **** ***********, ******** ***********, ****** *********** և ****** ********* ճանաչվել են տուժողներ։ 2023 թվականի մայիսի 6-ի որոշմամբ, Սևակ Ջառահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։ Նույն վարույթով մեղադրանքներ են ներկայացվել նաև Սամվել Նադարյանին և Վազգեն Ադամյանին։ 2023 թվականի հուլիսի 24-ին, թիվ 42109023 քրեական վարույթից անջատվել է մեղադրյալներ Սևակ Ջառահյանի, Սամվել Նադարյանի և Վազգեն Ադամյանի վերաբերյալ նոր վարույթ, որին շնորհվել է 42113123 համարը։ 2. 2023 թվականի օգոստոսի 1-ին թիվ 42113123 քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։ Առաջին ատյանի դատարանը, արագացված կարգի կիրառմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճռով Սևակ Ջառահյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակել կարճաժամկետ ազատազրկում՝ 2 (երկու) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում՝ 2 (երկու) ամիս ժամկետով։ Հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնների կիրառմամբ Ս․Ջառահյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 2 (երկու) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Ս․Ջառահյանի փաստացի անազատության մեջ գտնվելու 2 (երկու) ամիս ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա Ս․Ջառահյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության ՀՀ տարածքը չլքելու և բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականությունների սահմանմամբ։ Վճռվել է մեղադրյալ Ս.Ջառահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո Ս.Ջառահյանի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու արգելքը վերացնել: Նույն գործով դատապարտվել են նաև Սամվել Նադարյանը և Վազգեն Ադամյանը։ 3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճիռը թողնելով անփոփոխ։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ, Վազգեն Արարատի Ադամյանի մասով վարույթ ընդունելը մերժվել է, իսկ Սևակ Դավթի Ջառահյանի մասով ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 5. Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ ստորադաս դատարանները չեն պահպանել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ, 69-րդ, 84-րդ հոդվածների պահանջները, արդյունքում թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ ստորադաս դատարանների կողմից Ս․Ջառահյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև անձը բնութագրող տվյալները՝ խնամքի տակ հաշմանդամ ծնողների առկայությունը, մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, տուժած ոստիկանության ծառայողների կողմից բողոքների բացակայությունը, սահմանամերձ շրջանում բնակվելու հանգամանքը չեն կարող ողջամտորեն նվազեցնել նրա կատարած արարքների հանրային վտանգավորության աստիճանը և բավարար չեն նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար: 5.1. Բողոք բերած անձը փաստարկել է, որ մեղադրյալին մեղսագրվում են միջին ծանրության երկօբյեկտ հանցագործություններ, ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի համար որպես պատիժ նախատեսվում է բացառապես ազատազրկում, վերջինս ոտնձգել է պետության ներսում կառավարչական հարաբերությունները կարգավորող հասարակական հարաբերությունների և անձանց անորոշ շրջանակին առնչվող հասարակական կարգի և բարոյականության դեմ, ինչի արդյունքում խախտվել են պետության ներսում գործող կառավարչական հարաբերությունների բնականոն գործունեությունն ու հասարակության անդամների անդորրը։ 6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշումը, վերացնել Սևակ Ջառահյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Սևակ Ջառահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով հետևյալ արարքների համար․ «(…) [Ն]ա, 2023 թվականի մայիսի 05-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, իր ընկերներ Վազգեն Ադամյանի, Սամվել Նադարյանի և նախաքննությամբ դեռևս չպարզված մի խումբ այլ անծնաց հետ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի (…) փողոցի (…) հասցեում գտնվող ծաղկի վաճառակետի դիմացի հատվածում՝ երթևեկելի ճանապարհին, կատարել է խուլիգանություն, այն է՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ առաջացած զրույցի ընթացքում, փոխլրացնելով ընկերների և այլ անձանց գործողությունները, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի ծառայողների նկատմամբ և բարոյական, իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ վերջիններիս հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքեր՝ այդպիսով և անպարկեշտ արտահայտություններով խոչընդոտել է նույն ծառայության աշխատակիցների բնականոն աշխատանքը և ծառայությունը։  Բացի այդ, Սևակ Ջառահյանը պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկ, ոստիկանության լեյտենատ **** ********* ***********՝ կատարվող խուլիգանությունը կանխելուն ուղղված օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, նրա նկատմամբ գործադրել է բռնություն, այն է՝ աջ ձեռքի բռունցքով, մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքի աջ հատվածին՝ որի հետևանքով **** ********* զգացել է ֆիզիկական ուժեղ ցավ»։ 8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Գնահատելով [մեղադրյալի] անձը բնութագրող (...) հանգամանքները, հանցագործությունից հետո [նրա] դրսևորած վարքագիծը, մասնավորապես զղջացել [է] կատարած արարքի համար, տուժողները որևէ բողոք կամ պահանջ չեն ներկայացրել, արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը, (...) մասնավորապես որ (...) Սևակ Ջառահյանը նախկինում դատապարտված [չի] եղել, (...) Ս.Ջառահյանի խնամքին՝ հաշմանդամ ծնողները, (...) համայնքի կողմից բնութագրվել [է] միայն դրականորեն, (...) կամավորական հիմունքներով ՀՀ պետական սահմաններին անցկացվող մարտական հերթապահությանը մասնակցելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ դատալսումների ընթացքում [մեղադրյալը] [հայտարարել է], որ բնակվում [է] սահմանամերձ շրջանում և յուրաքանչյուր պահի պատրաստ [է] զենք վերցնել և մասնակցել հայրենիքի սահմանների պաշտպանությանը, ինչպես և արել [է] մինչև այժմ, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Դատարանի մոտ առկա է վստահություն և համոզվածություն առ այն, որ նշանակված պատժատեսակի կիրառման արդյունքում ակնկալվող պատժի նպատակների իրագործումը հնարավոր է նաև առանց այն փաստացի կրելու՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով։ Նշանակված [պատիժը] պայմանականորեն չկիրառելիս՝ դատարանը հաշվի է առնում նաև, որ [մեղադրյալը] բնակվում [է] սահմանամերձ համայնքում և Դատարանը գտնում է, որ [մեղադրյալին] պետք է հնարավորություն տալ գտնվել ազատութան մեջ՝ հաշվի առնելով նաև ՀՀ պետականության առջև ծառացած արտաքին անվտանգային ներկայիս մարտահրավերները ու պետական սահմանին՝ հատկապես Ճամբարակ համայնքի հատվածում տիրող իրավիճակը(...)»։ 9. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ (...) Ս.Ջառահյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման և ազատազրկման ձևով նշանակված [պատիժը] կիրառելու նպատակահարմարության հարցը քննարկելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել [մեղադրյալի] անձը բնութագրող հանգամանքները այդ թվում՝ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հանգել է նշանակված [պատիժը] պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ճիշտ հետևության։ Անդրադառնալով սույն քրեական գործի փաստական հանգամանքներին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, հետևյալ․ -[մեղադրյալը] զղջացել [է] կատարած արարքի համար, -տուժողները որևէ բողոք կամ պահանջ չեն ներկայացրել, -[մեղադրյալի] անձը բնութագրող հանգամանքները, մասնավորապես՝ (...) Սևակ Ջառահյանը նախկինում դատապարտված [չի] եղել, (...) խնամքին՝ հաշմանդամ ծնողները, (...) համայնքի կողմից բնութագրվել [է] միայն դրականորեն, -[մեղադրյալ] Սևակ Ջառահյանի կողմից կամավորական հիմունքներով ՀՀ պետական սահմաններին անցկացվող մարտական հերթապահությանը մասնակցելու հանգամանքը, - Առաջին ատյանի դատարանի դատալսումների ընթացքում [մեղադրյալը] հայտարարել [է], որ բնակվում [է] սահմանամերձ շրջանում և յուրաքանչյուր պահի պատրաստ [է] զենք վերցնել և մասնակցել հայրենիքի սահմանների պաշտպանությանը, ինչպես և արել են մինչև այժմ։ Վերոգրյալը հաշվի առնելով Վերաքննիչ դատարանը փաստում է, որ առկա են [մեղադրյալ] (...) Ս.Ջառահյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման և ազատազրկման ձևով նշանակված [պատիժը] պայմանականորեն չկիրառելու հիմքերը, [վերջինիս] ուղղումը հնարավոր է առանց ազատազրկման ձևով պատիժը կրելու, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ [մեղադրյալ] (...) Ս.Ջառահյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման և ազատազրկման ձևով նշանակվող [պատիժը] պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված [անձի] վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը: Այն բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից (...)։ Վերաքննիչ դատարանը, հիմնավոր չհամարելով դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի փաստարկները, հարկ է համարում արձանագրել, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճառաբանությունները կառուցված են տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, և որպես այդպիսին ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար(...)»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալ Ս.Ջառահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 11․ Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։ 12. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն: 13․ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով՝ (...) 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից, (...) պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով (...)»: ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով սահմանված հանցակազմը դասվում է հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների շարքին։ Խուլիգանության հանցակազմի անմիջական օբյեկտը հասարակական կարգը պաշտպանող հասարակական հարաբերություններն են, որոնք կազմում են հասարակական կարգի բովանդակությունը, մինչդեռ խուլիգանության որակյալ հանցակազմերը երկօբյեկտ են, որոնց դեպքում որպես պարտադիր լրացուցիչ օբյեկտ հանդես են գալիս անձի անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության, առողջության, քաղաքացիների և կազմակերպությունների գույքային շահերի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները: Քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հասարակական նշանակության վայրերում, ինչպես նաև հասարակական նշանակություն չունեցող վայրերում, որտեղ առկա է հանրություն, սահմանված կարգի կոպիտ խախտման մեջ, որն արտահայտվում է հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ Սուբյեկտիվ կողմից խուլիգանություն կատարող անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում հասարակության նկատմամբ, այլև ցանկանում է դա, ինչը ընդգծում է տվյալ հանցակազմի հանրային առավել բարձր վտանգավորություն ունենալու փաստը: ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»: ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով սահմանված հանցակազմը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին և բնութագրվում որպես հանցավոր արարք, որը ոտնձգում է իշխանության ներկայացուցիչների դեմ: Նշված հանցավոր արարքի օբյեկտ են հանդիսանում ոչ միայն իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորների կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը։ Քննարկվող հանցագործություններն առաջին հերթին ուղղված են հանրային մարմինների կառավարման բնականոն գործունեության դեմ, հետևաբար օժտված են հանրային բարձր վտանգավորությամբ, քանի որ ոտնձգում են իշխանության ներկայացուցիչների կողմից կառավարման հետ կապված իրենց՝ օրենքով սահմանված լիազորությունների անխափան իրականացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ։ Ընդ որում, տվյալ հանցակազմի՝ հանրային բարձր վտանգավորությունը, ի թիվս այլնի, պայմանավորվում է նաև հանցագործության սուբյեկտիվ կողմի հատկանիշով, այն է՝ հանցանք կատարող անձը գործում է ուղղակի դիտավորությամբ և գիտակցում է, որ բռնություն է գործադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ։ 14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - Սևակ Ջառահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, մի խումբ այլ անձանց հետ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գտնվող երթևեկելի ճանապարհին կատարել է խուլիգանություն, այն է, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել տեղում ծառայություն իրականացնող պարեկային ծառայողների նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին՝ խանգարելով նրանց բնականոն աշխատանքը: Բացի այդ, պարեկ **** *********** նկատմամբ գործադրել է բռնություն, բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին՝ պատճառելով վերջինիս ֆիզիկական ուժեղ ցավ։ - Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով Սևակ Ջառահյանի նկատմամբ նշանակվող պատիժը կրելու նպատակահարմարության հարցին, հաշվի առնելով վերջինիս կողմից կատարված արարքների հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը, գտել է, որ մեղադրյալի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող (իրեն մեղավոր ճանաչելը, խնամքին հաշմանդամ ծնողների արկայությունը), ինչպես նաև անձը բնութագրող (դրական բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը, կատարած արարքի համար զղջալը, տուժող ոստիկանության ծառայողների կողմից բողոքների բացակայությունը, կամավորական հիմունքներով ՀՀ պետական սահմաններին անցկացվող մարտական հերթապահությանը մասնակցելը, սահմանամերձ տարածքում բնակվելը) տվյալները իրենց համակացության մեջ, բավարար են պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով հասնելու պատժի նպատակների իրագործմանը։ Բացի այդ, դատարանը նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելիս, հաշվի է առել, որ մեղադրյալը բնակվում է սահմանամերձ համայնքում, հիմք ընդունելով պետական սահմանին՝ Ճամբարակ համայնքի հատվածում տիրող իրավիճակը։ - Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը Սևակ Ջառահյանի նկատմամբ նշանակված պատիժը կիրառելու նպատակահարմարության հարցը քննարկելիս ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել մեղադրյալի անձը բնութագրող հանգամաքները, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև կատարված հանցագործությունների հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, որպիսի պայմաններում արդարության և պատասխանատվության անհատականացմահն սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հանգել է նշանակած պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ճիշտ հետևության։ 15․ Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ս․Ջառահյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքների բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես․ - խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալը կատարել է երկու դիտավորյալ հանցագործություն, ուղղված հասարակական կարգի և բարոյականության, ինչպես նաև կառավարման կարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ, - հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ և գիտակցել է, որ իր գործողություններով, մասնավորապես՝ հասարակության և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ տեղում ծառայություն իրականացնող իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, խոչընդոտում է վերջիններիս ծառայողական լիազորությունների պատշաճ և անխափան իրականացմանը։ - հանցագործության եղանակը, իրադրությունը և դրա հետևանքները․ այն, որ Ս․Ջառահյանը շարունակելով իշխանության ներկայացուցիչների և հասարակության նկատմամբ բարոյական և իրավական նորմերի բացահայտ արհամարհական և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը, իշխանության ներկայացուցչի կողմից խուլիգանությունը կանխելուն ուղղված օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռունցքով մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքի աջ հատվածին, ինչի հետևանքով իշխանության ներկայացուցչին պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նախատեսելով իր կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելով կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության աստիճանի և դրանից առաջացող հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը։ 16․ Ընդհանրացնելով, սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Ս․Ջառահյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։ 17․ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված՝ մեղադրյալ Ս․Ջառահյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված արարքների հանրային բարձր վտանգավորության մասին վկայող վերը շարադրված փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ս․Ջառահյանի կատարած արարքների և նրա անձի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանան: Ամփոփելով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի տեսանկյունից ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով Ս․Ջառահյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։ 18․ Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Ս․Ջառահյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար անհրաժեշտ է Ս․Ջառահյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով վերջնական պատիժ նշանակված՝ 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Սևակ Դավիթի Ջառահյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի փետրվարի 14-ի որոշումը փոփոխել։ 2․ Սևակ Դավիթի Ջառահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով հանցանքների համակցությամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճռով նշանակված՝ 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը։ Պատժի կրման սկիզբը հաշվել Սևակ Դավիթի Ջառահյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։ 3․ Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս․ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ